Հովնաթանը «Աստծով գործեց»
ԻՍՐԱՅԵԼԻ առաջին թագավորի որդին այցելում է մի փախստականի։ «Մի վախենար,— ասում է նա նրան,— որովհետեւ իմ հօր Սաւուղի ձեռքը քեզ պիտի չ’գտնէ, եւ դու Իսրայէլի վերայ թագաւոր պիտի լինես, եւ ես քո երկրորդը կ’լինեմ» (Ա Թագաւորաց 23։17)։
Այցելուն Հովնաթանն է, իսկ փախստականը՝ Դավիթը։ Եթե Հովնաթանը դրանից կարճ ժամանակ անց չմահանար, հավանաբար նա կդառնար Դավթի աջ ձեռքը։
Հովնաթանի ու Դավթի ընկերությունը առանձնահատուկ էր։ Իրականում Հովնաթանը բացառիկ անձնավորություն էր։ Նրա ժամանակակիցներն էլ էին այդպես մտածում, քանի որ ասում էին, որ նա «Աստուծով գործեց» (Ա Թագաւորաց 14։45)։ Ինչո՞ւ էին նրանք այդպես ասում։ Ի՞նչ հատկությունների տեր մարդ էր Հովնաթանը։ Եվ ի՞նչ կարևորություն ունի քեզ համար նրա կյանքի պատմությունը։
Իսրայելացիները «նեղութեան մէջ էին»
Երբ Աստվածաշնչում առաջին անգամ խոսվում է Հովնաթանի մասին, նշվում է նաև, որ իսրայելացիները «նեղութեան մէջ էին»։ Փղշտացիները կողոպտել էին նրանց երկիրը և թույլ չէին տալիս, որ նրանք պաշտպանեն իրենց (Ա Թագաւորաց 13։5, 6, 17–19)։
Եհովան, սակայն, հայտարարել էր, որ չէր լքելու իր ժողովրդին, և Հովնաթանը վստահ էր դրանում։ Նրա հոր՝ Սավուղի մասին էր, որ Աստված ասել էր. «[Նա պետք է] իմ ժողովրդին Փղշտացիների ձեռքիցն ազատէ»։ Հովնաթանը վստահում էր այդ խոսքերին։ Նրա առաջնորդությամբ 1 000 իսրայելացիներ, որոնք թեպետև վատ էին զինված, կարողացել էին հաղթանակ տանել փղշտացիների դեմ։ Իսկ հիմա նա ցանկանում էր ամբողջությամբ վերացնել փղշտացիների սպառնալիքը (Ա Թագաւորաց 9։16; 12։22; 13։2, 3, 22)։
Խիզախ արշավանք
Հովնաթանի թիրախը դարձավ փղշտացիների առաջապահ ուղեկալը, որ գտնվում էր Մաքմասի կիրճի մոտակայքում (Ա Թագաւորաց 13։23)։ Այնտեղ հասնելու համար նա պետք է իր «ձեռքերովը եւ ոտքերովը վեր ելներ» (Ա Թագաւորաց 14։6, 13)։ Բայց դա նրան չկանգնեցրեց։ Հովնաթանը որոշեց հարձակվել՝ իր հետ վերցնելով միայն իր զինակրին։ Ուստի նա ասաց վերջինիս. «[Հավանաբար] Տէրը մեզ համար մի բան անէ. որովհետեւ Տիրոջ համար արգելք չ’կայ որ շատով կամ քիչով ազատէ» (Ա Թագաւորաց 14։6, 13)։
Այս երկու իսրայելացիները ուզում էին նշան ստանալ Եհովայից։ Նրանք պետք է այնպես անեին, որ ուղեկալի մոտ գտնվող փղշտացիները նկատեին իրենց։ Եթե նրանք ասեին՝ «կանգնեցէք՝ մինչեւ որ մենք ձեզ մօտ գանք», Հովնաթանն ու իր զինակիրը չէին բարձրանա նրանց մոտ։ Բայց եթե թշնամիներն ասեին՝ «վեր եկէք մեզ մօտ», դա նշանակելու էր, որ Եհովան Հովնաթանին ու նրա զինակրին հաղթանակ էր շնորհելու։ Քանի որ Հովնաթանը մտադիր էր բարձրանալ ուղեկալի մոտ, նշանակում է նա պատրաստ էր կռվելու (Ա Թագաւորաց 14։8–10)։
Ի՞նչ կարող էին անել այդ երկու հոգին մի ամբողջ ջոկատի զինվորների դեմ։ Մի՞թե Եհովան չօգնեց Ավովդ դատավորին, երբ նա իսրայելացիներին Մովաբի դեմ էր առաջնորդում։ Մի՞թե Եհովան Սամեգարի հետ չէր, երբ հնարավորություն տվեց նրան եզների խթանով 600 փղշտացի սպանել։ Եվ վերջապես, մի՞թե Եհովան չզորացրեց Սամսոնին, երբ նա առանց որևէ մեկի օգնության իր սխրագործությունները կատարեց փղշտացիների դեմ։ Հովնաթանը վստահ էր, որ Եհովան իրե՛ն էլ կօգնի (Դատաւորաց 3։12–31; 15։6–8, 15; 16։29, 30)։
Տեսնելով երկու իսրայելացիներին՝ փղշտացիները բղավեցին. «Վեր եկէք մեզ մօտ, եւ մենք ձեզ մի բան իմացնենք»։ Հովնաթանն ու նրա զինակիրը վեր ելան։ Նրանք խիզախորեն հարձակման անցան ու թշնամու զինվորներից մոտ 20 հոգու սպանեցին՝ խուճապ գցելով ուղեկալում։ Հավանաբար, փղշտացիներին թվաց, թե այդ երկուսի հետևից շատ իսրայելացի ռազմիկներ էին գալիս։ Ինչպես կարդում ենք արձանագրության մեջ, դրանից հետո «բոլոր ժողովրդի մէջ խռովութիւն եղաւ.... եւ երկիրը դողաց եւ վախը Աստուածանից էր»։ Աստծու կողմից ուղարկված երկրաշարժի պատճառով փղշտացիների մեջ մեծ իրարանցում սկսվեց, այնպես որ «ամեն մարդի սուրը իր ընկերի դէմ էր»։ Տեսնելով այդ ամենը՝ իսրայելացի զինվորները քաջությամբ լցվեցին։ Նրանց միացան նաև այն իսրայելացիները, ովքեր թաքնվել էին, և ովքեր անցել էին փղշտացիների կողմը, ու այդպիսով նրանք «փղշտացիներին զարկեցին Մաքմասից մինչեւ Այեղոն» (Ա Թագաւորաց 14։11–23, 31)։
Ազատվում է ժողովրդի կողմից
Սավուղը անխոհեմ քայլ կատարեց. նա անեծք դրեց յուրաքանչյուր զինվորի վրա, որը նախքան կռվում հաղթանակ տանելը որևէ բան կուտեր։ Ինչ–ինչ պատճառներով Հովնաթանը չէր իմացել այդ մասին։ Ուստի նա իր գավազանի ծայրը թաթախեց մեղրախորիսխի մեջ ու մի քիչ մեղր կերավ։ Ամենայն հավանականությամբ, դա նրան ուժ տվեց, որ կարողանար ավարտել կռիվը (Ա Թագաւորաց 14։24–27)։
Երբ Սավուղը լսեց, որ Հովնաթանը կերել է, որոշեց, որ իր որդին պիտի մահանա։ Հովնաթանը մահից չէր վախենում։ «Ահա ես պէտք է մեռնեմ»,— ասաց նա։ «Բայց ժողովուրդը Սաւուղին ասեց. Յովնաթա՞նը մեռնէ, որ այսօր Իսրայէլի մէջ արաւ այս մեծ փրկութիւնը. քաւ լիցի. կենդանի է Տէրը որ նորա գլխի մէկ մազը գետինը պիտի չ’ընկնէ, որովհետեւ այսօր Աստուծով գործեց։ Այսպէս ժողովուրդը Յովնաթանին ազատեց, եւ նա չ’մեռաւ» (Ա Թագաւորաց 14։38–45)։
Ճիշտ է, Աստծու ներկայիս ծառաները բառացի կռիվ չեն մղում, սակայն քո կյանքում կարող են լինել պահեր, երբ դու նույնպես հավատի ու քաջության կարիք ունենաս։ Գուցե դժվար լինի անել այն, ինչ ճիշտ է, երբ քո շրջապատի մարդիկ սխալն են անում։ Այնուհանդերձ, Եհովան կզորացնի քեզ ու կօրհնի իր արդար սկզբունքներին կառչած մնալու քո ցանկությունը։ Գուցե քաջության կարիք ունես, որպեսզի Եհովայի կազմակերպության մեջ ծառայության հետ կապված որոշ նշանակումներ ստանձնես։ Դրանք կարող են կապված լինել ծառայությունդ ընդլայնելու, նոր հանձնարարություններ կատարելու կամ այնպիսի վայրեր տեղափոխվելու հետ, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Թերևս մտածես, թե արդյոք դու ի վիճակի ես կամ ընդունակ ես հաջողությամբ ստանձնելու այդ նշանակումները։ Սակայն համոզված եղիր, որ գովասանքի ես արժանի, եթե թույլ ես տալիս, որ Եհովան օգտագործի քեզ այնպես, ինչպես որ ինքն է հարմար գտնում։ Հիշի՛ր Հովնաթանին։ Նա «Աստուծով գործեց»։
Հովնաթանը և Դավիթը
Հովնաթանի հետ պատահած դեպքից մոտ 20 տարի անց փղշտացիների հերոս Գողիաթը սկսեց ծաղրել իսրայելացիների բանակին, բայց Դավիթը սպանեց նրան։ Չնայած Հովնաթանը հավանաբար 30 տարով մեծ էր Դավթից, սակայն նրանք երկուսն էլ շատ ընդհանուր բաներ ունեին։a Օրինակ՝ այն քաջությունը, որ Հովնաթանը ցույց տվեց Մաքմասում, ակնհայտ էր նաև Դավթի մեջ։ Իսկ նրանց ամենամեծ նմանությունն այն էր, որ երկուսն էլ հավատում էին Եհովայի փրկարար զորությանը։ Դրա շնորհիվ Դավիթը անվախորեն դուրս եկավ Գողիաթի դեմ, մինչդեռ մնացած իսրայելացիները խույս տվեցին նրա հետ մենամարտի մեջ մտնելուց։ Ուստի դա էր պատճառը, որ «Յովնաթանի սիրտը կապուեցաւ Դաւիթի սրտի հետ. եւ Յովնաթանը նորան իր անձի պէս սիրեց» (Ա Թագաւորաց 17։1–18։4)։
Տեսնելով Դավթի քաջագործությունները՝ Սավուղ թագավորը նրան իր մրցակիցը համարեց, մինչդեռ նրա որդի Հովնաթանի մեջ նախանձի նշույլ անգամ չկար Դավթի հանդեպ։ Նրանք մտերիմ ընկերներ դարձան, և, հավանաբար, իրենց մտերմիկ զրույցներից Հովնաթանը իմացել էր, որ Դավիթն է նշանակվել որպես Իսրայելի հաջորդ թագավոր։ Հովնաթանը հարգեց Աստծու որոշումը։
Երբ Սավուղը խոսեց իր որդու և ծառաների հետ Դավթին սպանելու իր մտադրության մասին, Հովնաթանը զգուշացրեց վերջինիս։ Հովնաթանը նաև վստահեցրեց Սավուղին, որ նա Դավթից վախենալու ոչ մի պատճառ չունի։ Իրականում Դավիթը ոչ մի մեղք չէր գործել թագավորի առաջ։ Մի՞թե նա իր կյանքը վտանգի չենթարկեց՝ դուրս գալով Գողիաթի դեմ։ Հովնաթանի թախանձագին աղերսանքը իր ընկերոջ համար, որի հանդեպ անարդարացիորեն էին վարվել, մեղմացրեց Սավուղին։ Սակայն, շատ չանցած, թագավորը վերադարձավ իր մտադրությանը և կրկին փորձեց սպանել Դավթին։ Վերջինս ստիպված էր փախուստի դիմել (Ա Թագաւորաց 19։1–18)։
Հովնաթանը նեցուկ կանգնեց Դավթին։ Երկու ընկերները հանդիպեցին, որպեսզի որոշեն, թե ինչ անեն։ Հավատարիմ մնալով իր ընկերոջը և միևնույն ժամանակ ջանալով հավատարիմ մնալ իր հորը՝ Հովնաթանն ասաց Դավթին. «Քաւ լիցի, դու պիտի չ’մեռնես»։ Բայց Դավիթը նրան պատասխանեց. «Իմ ու մահուան մէջտեղը միայն մէկ քայլ կայ» (Ա Թագաւորաց 20։1–3)։
Հովնաթանն ու Դավիթը մի ծրագիր մշակեցին, որպեսզի ստուգեն Սավուղի մտադրությունները։ Երբ թագավորը նկատեր, որ Դավիթը բացակայում է իր սեղանից, Հովնաթանը պետք է ասեր հորը, թե Դավիթը թույլտվություն է խնդրել, որպեսզի ընտանիքի հետ մասնակցի զոհաբերությանը։ Եթե Սավուղը բարկանար, դա կնշանակեր, որ նա թշնամաբար է տրամադրված Դավթի հանդեպ։ Հովնաթանն օրհնեց նրան և անուղղակի կերպով ընդունեց, որ նա է ապագա թագավորը՝ ասելով. «Տէրը քեզ հետ լինի, ինչպէս որ իմ հօր հետ էր»։ Նրանք հավատարմության երդում տվեցին իրար և որոշեցին, թե ինչպես էր Հովնաթանը Դավթին տեղյակ պահելու այդ ծրագրի արդյունքների մասին (Ա Թագաւորաց 20։5–24)։
Տեսնելով, որ Սավուղը նկատեց Դավթի բացակայությունը՝ Հովնաթանն ասաց նրան, որ Դավիթը իրեն հետևյալն է խնդրել. «Եթէ հիմա քո աչքերի առաջին շնորհք եմ գտել, աղաչում եմ՝ ինձ թող տուր գնամ եւ եղբայրներիս տեսնեմ»։ Հովնաթանը չվախեցավ խոստովանել, որ հավանում է Դավթին։ Թագավորը սաստիկ զայրացավ։ Նա վիրավորական խոսքեր ասաց Հովնաթանին և վերամբարձ բառեր օգտագործելով՝ հիշեցրեց, որ Դավիթը սպառնալիք է հանդիսանում իր որդու թագավոր լինելուն։ Սավուղը պահանջեց, որ Հովնաթանը իր մոտ բերի Դավթին, քանի որ վերջինս մահապարտ էր։ Բայց Հովնաթանը առարկեց. «Ի՞նչու համար պիտի մեռցնուի, ի՞նչ է արել»։ Բարկության մեջ՝ Սավուղը նիզակը շպրտեց որդու վրա, սակայն վերջինս խույս տվեց այդ հարվածից։ Հովնաթանի սիրտը խորապես ցավում էր Դավթի համար (Ա Թագաւորաց 20։25–34)։
Ինչպիսի՜ հավատարմություն ցույց տվեց Հովնաթանը։ Եթե մարդկային տեսանկյունից նայենք, ապա Դավթի հետ ընկերությունը քիչ բան կարող էր տալ նրան, սակայն նա շատ բան կարող էր կորցնել։ Բայց Եհովան վճռել էր, որ Սավուղից հետո Դավիթը պետք է լիներ թագավոր, և ինչ որ Աստված նպատակադրել էր, Հովնաթանի և ուրիշների բարօրության համար էր։
Հուզիչ բաժանում
Հովնաթանը գաղտնի հանդիպեց Դավթին, որպեսզի լուրը հայտնի նրան։ Պարզ էր, որ Դավիթը այլևս չէր կարող ոտք դնել արքունիք։ Երկուսն էլ լաց եղան և գրկախառնվեցին։ Այնուհետև Դավիթը փախուստի դիմեց (Ա Թագաւորաց 20։35–42)։
Հովնաթանը մեկ անգամ էլ տեսավ փախստական Դավթին, երբ վերջինս թաքնվում էր Սավուղից «Զիփի անապատումը մի անտառի մէջ»։ Այդ ժամանակ էր, որ Հովնաթանը քաջալերեց նրան հետևյալ խոսքերով. «Մի վախենար, որովհետեւ իմ հօր Սաւուղի ձեռքը քեզ պիտի չ’գտնէ, եւ դու Իսրայէլի վերայ թագաւոր պիտի լինես, եւ ես քո երկրորդը կ’լինեմ, եւ այս բանը իմ հայր Սաւուղն էլ գիտէ» (Ա Թագաւորաց 23։15–18)։ Դրանից շատ չանցած՝ Հովնաթանն ու Սավուղը մահացան փղշտացիների դեմ պատերազմում (Ա Թագաւորաց 31։1–4)։
Բոլոր նրանք, ովքեր սիրում են Աստծուն, պետք է խորհրդածեն Հովնաթանի օրինակի շուրջ։ Քո հավատարմությունը փորձությա՞ն է ենթարկվում։ Եթե այո, ապա հիշիր, որ թեև Սավուղը դրդում էր Հովնաթանին իր սեփական շահերը փնտրելու, սակայն Հովնաթանը պատվեց Եհովային՝ ի սրտե հնազանդություն ու ակնածանք ցուցաբերելով, և ուրախացավ, որ Իսրայելի հաջորդ թագավորը լինելու էր Աստծու ընտրած մարդը։ Այո՛, Հովնաթանը աջակցեց Դավթին և հավատարիմ մնաց Եհովային։
Հովնաթանը սքանչելի հատկություններ ուներ։ Ընդօրինակի՛ր նրան։ Եթե այդպես անես, ապա քո մասին էլ կասեն նույն խոսքերը, ինչ որ ասացին Հովնաթանի մասին. «Աստուծով գործեց» (Ա Թագաւորաց 14։45)։
[ծանոթագրություն]
a Հովնաթանը առնվազն 20 տարեկան էր, երբ Սավուղի թագավորության 40–րդ տարում առաջին անգամ նրա մասին հիշատակվում է որպես զորավարի (Թուոց 1։3; Ա Թագաւորաց 13։2)։ Ուստի նա պետք է որ մոտ 60 տարեկան լիներ, երբ մոտավորապես մ.թ.ա. 1078 թ.–ին մահացավ։ Այդ ժամանակ Դավիթը 30 տարեկան էր, իսկ Հովնաթանը մոտ 30 տարով մեծ էր նրանից (Ա Թագաւորաց 31։2; Բ Թագաւորաց 5։4)։
[նկար 19–րդ էջի վրա]
Հովնաթանը չէր նախանձում Դավթին