Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Ա Թագաւորաց» գրքից
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ 1117 թվականն է։ Մոտ երեք հարյուր տարի է անցել այն ժամանակից, ինչ Հեսուն ավարտել է Ավետյաց երկրի նվաճումը։ Իսրայելի ծերերը գալիս են Եհովայի մարգարեի մոտ մի անսովոր խնդրանքով։ Մարգարեն այդ մասին աղոթում է, ու Եհովան թույլ է տալիս նրանց թագավոր ունենալ։ Այդպես նշանավորվում է դատավորների դարաշրջանի ավարտը և մարդկանցից նշանակված թագավորների դարաշրջանի սկիզբը։ Աստվածաշնչի «Ա Թագաւորաց» գիրքը պատմում է Իսրայել ազգի պատմության այդ շրջադարձային կետի հետ կապված անչափ հետաքրքիր իրադարձությունների մասին։
«Ա Թագաւորաց» գիրքը գրվել է Սամուելի, Նաթանի ու Գադի կողմից և ընդգրկում է 102 տարվա պատմություն՝ մ.թ.ա. 1180 թ.–ից մինչև 1078 թվականը (Ա Մնացորդաց 29։29)։ Այն պատմում է Իսրայելի չորս առաջնորդների մասին։ Նրանցից երկուսը ծառայում են որպես դատավորներ, մյուս երկուսը՝ թագավորներ. երկուսը հնազանդ են Եհովային, երկուսը՝ ոչ։ Գիրքը նաև մեզ ծանոթացնում է երկու օրինակելի կանանց և մի քաջարի, բայց մեղմ ռազմիկի հետ։ Այս մարդկանց օրինակներից անգնահատելի դասեր կարելի է քաղել այն մասին, թե ինչպիսի մտածելակերպը և գործելակերպը պետք է ընդօրինակել և ինչպիսին՝ մերժել։ Ուստի «Ա Թագաւորաց» գրքի բովանդակությունը կարող է զորավոր ազդեցություն թողնել մեր մտածելակերպի ու վարքի վրա (Եբրայեցիս 4։12)։
ԴԱՏԱՎՈՐ ՀԵՂԻԻՆ ՀԱՋՈՐԴՈՒՄ Է ՍԱՄՈՒԵԼԸ
Ժողովելու տոնի ժամանակներն են։ Ռամայում ապրող Աննայի ուրախությանը չափ ու սահման չկա։a Եհովան պատասխանել է նրա աղոթքներին, և Աննան որդի է ծնել։ Աննան իր երդումը կատարելու համար իր որդի Սամուելին բերում է, որ ‘Տիրոջ տանը’ ծառայի։ Այնտեղ «մանուկը Հեղի քահանայի առաջին Տիրոջը ծառայութիւն [է] անում» (Ա Թագաւորաց 1։24; 2։11)։ Երբ Սամուելը դեռ երեխա է լինում, Եհովան խոսում է նրա հետ՝ ազդարարելով իր դատաստանը Հեղիի տան դեմ։ Սամուելի մեծանալուն զուգընթաց Իսրայելի ողջ ժողովուրդը սկսում է նրան ճանաչել որպես Եհովայի մարգարեի։
Ժամանակի ընթացքում փղշտացիները գալիս են Իսրայելի դեմ պատերազմելու։ Նրանք տիրում են տապանակին և սպանում են Հեղիի երկու որդիներին։ Այդ մասին լսելով՝ ծեր Հեղին մահանում է՝ «Իսրայէլի մէջ քառասուն տարի դատաւորութիւն» անելուց հետո (Ա Թագաւորաց 4։18)։ Տապանակին տիրանալը աղետներ է բերում փղշտացիներին, ուստի նրանք այն վերադարձնում են իսրայելացիներին։ Այժմ Սամուելն է դատավորություն անում Իսրայելում, և երկրում խաղաղություն է։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ.
2։10 — Ինչո՞ւ Աննան աղոթեց, որ Եհովան ‘ուժ տա իր թագավորին’, այն դեպքում երբ Իսրայելում նշանակված թագավոր չկար։ Այն, որ իսրայելացիները թագավոր էին ունենալու, կանխագուշակվել էր Մովսիսական օրենքում (Բ Օրինաց 17։14–18)։ Մահվան անկողնում Հակոբը մարգարեացել էր. «Չ’պակասէ իշխողութիւնը Յուդայից» (Ծննդոց 49։10)։ Բացի այդ, իսրայելացիների նախամայր Սարրայի մասին Եհովան ասել էր. «Ժողովուրդների թագաւորներ կ’լինին նորանից» (Ծննդ. 17։16)։ Ուստի կարող ենք ասել, որ Աննան աղոթում էր ապագա ինչ–որ թագավորի մասին։
3։3 — Սամուելն իրո՞ք քնում էր Սրբությունների Սրբությունում։ Ոչ, նա չէր քնում այնտեղ։ Սամուելը Կահաթյանների ոչ քահանայական ընտանիքից սերող ղևտացի էր (Ա Մնացորդաց 6։33–38)։ Ուստի նա իրավունք չուներ ‘սուրբ բաները տեսնելու համար ներս մտնել’ (Թուոց 4։17–20)։ Սրբարանի միակ մասը, որտեղ Սամուելը մուտք ուներ, խորանի գավիթն էր։ Ըստ ամենայնի, նա հենց այնտեղ էր քնում։ Հեղին նույնպես, ակներևաբար, գավիթի որևէ մասում էր քնում։ «Ուր որ Աստուծոյ տապանակն էր» արտահայտությունը ամենայն հավանականությամբ վերաբերում է խորանի տարածքին։
7։7–9, 17 — Ինչո՞ւ Սամուելը ողջակեզ մատուցեց Մասփայում և զոհասեղան շինեց Ռամայում, այն դեպքում երբ զոհաբերությունները որպես կանոն պետք է արվեին միայն Եհովայի ընտրած վայրում (Բ Օրինաց 12։4–7, 13, 14; Յեսու 22։19)։ Այն բանից հետո, երբ սուրբ տապանակը Սելովի խորանից տարվեց, Եհովայի ներկայությունն այնտեղից վերացավ։ Ուստի, որպես Աստծու ներկայացուցիչ՝ Սամուելը ողջակեզ մատուցեց Մասփայում և զոհասեղան շինեց Ռամայում։ Նրա գործողությունները ակներևաբար արժանացան Եհովայի հավանությանը։
Դասեր մեզ համար
1։11, 12, 21–23; 2։19. Աննան բոլոր աստվածավախ կանանց համար օրինակ է ամեն ժամանակ աղոթելու, Եհովայի բարությունը գնահատելու և անսպառ մայրական սեր ցուցաբերելու հարցում։
1։8. Ի՜նչ օրինակ է Եղկանան «բերանովը», այսինքն՝ խոսքերով, քաջալերելու մեջ (Յոբ 16։5)։ Նախևառաջ՝ նա Աննային, որ ճնշված էր իրեն զգում, դատապարտություն չպարունակող մի հարց տվեց. «Ի՞նչու համար սիրտդ այդպէս տրտում է»։ Դա քաջալերեց նրան արտահայտել իր զգացումները։ Հետո՝ Եղկանան հավաստիացրեց կնոջը իր սիրո մեջ՝ ասելով. «Մի՞թէ ես քեզ համար տասը որդիից լաւ չեմ»։
2։26; 3։5–8, 15, 19. Փութաջանորեն կատարելով Աստծուց տրված մեր հանձնարարությունը, օգուտներ քաղելով հոգևոր կրթությունից, լինելով քաղաքավարի ու հարգալից՝ մենք «հաճելի» ենք դառնում թե՛ Եհովային, թե՛ մարդկանց։
4։3, 4, 10. Նույնիսկ այնպիսի սուրբ առարկան, ինչպիսին որ ‘Տիրոջ ուխտի տապանակն’ էր, պաշտպանիչ զորություն ունեցող թալիսման չէր։ Մենք պետք է ‘պահենք մեր անձերը կուռքերից’ (Ա Յովհաննէս 5։21)։
ԻՍՐԱՅԵԼԻ ԱՌԱՋԻՆ ԹԱԳԱՎՈՐԸ. ՀԱՋՈ՞Ղ, ԹԵ՞ ԱՆՀԱՋՈՂ
Սամուելը հավատարիմ է Եհովային իր ամբողջ կյանքի ընթացքում, բայց նրա որդիները չեն գնում աստվածահաճո ճանապարհներով։ Երբ Իսրայելի ծերերը խնդրում են, որ իսրայելացիների վրա մարդկանցից նշանակված թագավոր իշխի, Եհովան նրանց թույլ է տալիս թագավոր ունենալ։ Սամուելը, հետևելով Եհովայի առաջնորդությանը, Սավուղին՝ մի գեղեցիկ բենիամինցու, օծում է որպես թագավորի։ Սավուղը թագավորի իր դիրքն ամրացնում է՝ ամմոնացիներին հաղթելով։
Սավուղի խիզախ որդին՝ Հովնաթանը, ‘զարկում’ է փղշտացիների «պահապան զորքերին»։ Փղշտացիները մեծ զորք են հավաքում ու գալիս Իսրայելի վրա։ Սավուղը խուճապի է մատնվում ու անհնազանդություն դրսևորելով՝ ինքնուրույն ողջակեզ մատուցում։ Անվեհեր Հովնաթանը, իր հետ վերցնելով միայն իր զինակրին, հարձակվում է փղշտացիների առաջապահ ուղեկալի վրա։ Սակայն Սավուղի հապճեպ երդման պատճառով հաղթանակը լիակատար չի լինում։ Սավուղը «բոլոր շրջակայ թշնամիների հետ.... պատերազմ» է անում (Ա Թագաւորաց 14։47)։ Ամաղեկացիներին հաղթելիս, սակայն, նա Եհովայի հանդեպ անհնազանդություն է դրսևորում՝ խնայելով այն, ինչ նվիրված է ոչնչացման (Ղեւտացոց 27։28, 29, ՆԱ)։ Ուստի՝ Եհովան մերժում է Սավուղին որպես թագավորի։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ.
9։9 — Ի՞նչ է նշանակում «այսօրուայ մարգարէն առաջուց տեսանող էր ասվում» արտահայտությունը։ Այս խոսքերը գուցե նշանակում են այն, որ քանի որ Սամուելի օրերում, իսկ այնուհետև թագավորների օրերում մարգարեները սկսեցին ավելի ու ավելի հայտնի լինել, «տեսանող» բառը աստիճանաբար փոխարինվեց «մարգարե» բառով։ Սամուելը մարգարեների շարքում առաջինն է համարվում (Գործք 3։24)։
14։24–32, 44, 45 — Հովնաթանը կորցրե՞ց արդյոք Աստծու բարեհաճությունն այն պատճառով, որ մեղր կերավ՝ խախտելով Սավուղի երդումը։ Մեղր ուտելով Հովնաթանը, երևում է, չհարուցեց Աստծու տհաճությունը։ Նախևառաջ նա չգիտեր իր հոր երդման մասին։ Դրանից բացի, այդ երդումը, որ արվեց կա՛մ կեղծ նախանձախնդրությունից, կա՛մ թագավորական իշխանության վերաբերյալ սխալ պատկերացումից մղված, խնդիրներ ստեղծեց ժողովրդի համար։ Ինչպե՞ս կարող էր նման երդումն արժանանալ Աստծու հավանությանը։ Թեև Հովնաթանը պատրաստ էր կրել երդումը խախտելու հետևանքները, նրա կյանքը փրկվեց։
15։6 — Ինչո՞ւ կենեցիները հատուկ ուշադրության արժանացան Սավուղի կողմից։ Կենեցիները Մովսեսի աներոջ որդիներն էին։ Նրանք աջակցեցին իսրայելացիներին, երբ վերջիններս հեռացան Սինա լեռան մոտից (Թուոց 10։29–32)։ Բացի այդ, Քանանում կենեցիները «գնացին բնակուեցան» Հուդայի որդիների հետ մի որոշ ժամանակ (Դատաւորաց 1։16)։ Չնայած որ հետագայում կենեցիները բնակություն հաստատեցին ամաղեկացիների ու այլ ժողովուրդների մեջ, նրանք իսրայելացիների հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ մնացին։ Ուստի Սավուղը հիմքեր ուներ կենեցիներին ողջ թողնելու։
Դասեր մեզ համար
9։21; 10։22, 27. Համեստությունն ու խոնարհությունը, որ Սավուղն ուներ թագավոր դառնալու ժամանակ, պահպանեցին նրան անխոհեմ քայլերից, երբ «չար մարդիկ» չընդունեցին նրա թագավորական իշխանությունը։ Ինչպիսի՜ պաշտպանություն է նման մտայնությունը անմիտ քայլեր անելու դեմ։
12։20, 21. Երբեք թույլ մի տուր, որ ‘ոչինչ բաները’, ինչպիսիք են՝ մարդկանց վրա հույս դնելը, կռապաշտությանը կամ ազգերի ռազմական հզորությանը ապավինելը ‘խոտորեն’ քեզ Եհովայի ծառայությունից։
12։24. Եհովայի հանդեպ ակնածալից վախ ունենալու և նրան մեր ամբողջ սրտով ծառայելու բանալին ‘տեսնելն է, թե ինչ մեծ բաներ է նա արել’ իր ժողովրդի համար ինչպես հնում, այնպես էլ մեր օրերում։
13։10–14; 15։22–25, 30. Զգուշացի՛ր ինքնավստահությունից՝ անկախ այն բանից՝ դա արտահայտվում է անհնազանդ գործերով թե հպարտ տրամադրվածությամբ (Առակաց 11։2, ՆԱ)։
ՊԱՏԱՆԻ ՀՈՎԻՎԸ ԹԱԳԱՎՈՐ Է ԸՆՏՐՎՈՒՄ
Հուդայի ցեղից սերող Դավիթը Սամուելի կողմից օծվում է որպես ապագա թագավոր։ Կարճ ժամանակ անց նա ընդամենը պարսով ու քարով սպանում է փղշտացի հսկա Գողիաթին։ Դավիթի ու Հովնաթանի միջև մտերմության ամուր կապեր են ստեղծվում։ Սավուղը Դավիթին «պատերազմական մարդկանց վերայ» է դնում։ Քանի որ Դավիթը բազմաթիվ հաղթանակներ է տանում, իսրայելացի կանայք երգում են. «Սաւուղն իր հազարաւորներին զարկեց, եւ Դաւիթն իր բիւրաւորներին» (Ա Թագաւորաց 18։7)։ Նախանձով լի՝ Սավուղը Դավիթին սպանելու հնարավորություններ է որոնում։ Նրա կողմից երեք անգամ հարձակման ենթարկվելուց հետո Դավիթը փախչում է և սկսում փախստականի կյանք վարել։
Փախուստի տարիներին Դավիթը Սավուղի կյանքը երկու անգամ խնայում է։ Այդ տարիներին նա հանդիպում է գեղեցիկ Աբիգեային և ի վերջո ամուսնանում նրա հետ։ Երբ փղշտացիները գալիս են Իսրայելի վրա, Սավուղը դիմում է Եհովային։ Բայց Եհովան թողել է նրան։ Սամուելը մահացել է։ Հուսահատված՝ Սավուղը դիմում է ոգեհարցի օգնությանը, և վերջինս հայտնում է նրան, որ նա սպանվելու է փղշտացիների դեմ մղած մարտում։ Այդ ճակատամարտի ժամանակ Սավուղը ծանր վիրավորվում է, իսկ նրա որդիները սպանվում են։ Պատմությունն ավարտվում է Սավուղի՝ անհաջող թագավորի մահով։ Դավիթը դեռևս թաքնվում է։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ.
16։14 — Ի՞նչ «չար ոգի» էր նեղում Սավուղին։ Այդ չար ոգին, որը խլել էր Սավուղի մտքի խաղաղությունը, նրա իսկ մտքի և սրտի չար հակումն էր, այսինքն՝ սխալն անելու ներքին մղումը։ Երբ Եհովան հեռացրեց իր սուրբ ոգին, Սավուղը զրկվեց այդ ոգու պաշտպանությունից և ընկավ իր չար ոգու ազդեցության տակ։ Քանի որ Աստված թույլ տվեց, որ այդ ոգին փոխարինի իր սուրբ ոգուն, ուստի այդ ոգին նկարագրվում է որպես ‘մի չար ոգի Տիրոջ կողմից’։
17։55–58 — Ինչո՞ւ Սավուղը հարցրեց, թե ում տղան է Դավիթը, եթե հաշվի առնենք Ա Թագաւորաց 16։17–23-ը։ Սավուղը պարզապես չհարցրեց, թե ինչ է Դավիթի հոր անունը։ Շատ հավանական է, նա ուզում էր իմանալ, թե ինչպիսի մարդ է այն տղայի հայրը, որը հենց նոր զարմանալի կերպով սպանեց հսկայի։
Դասեր մեզ համար
16։6, 7. Ուրիշների տեսքով տպավորվելու կամ նրանց մասին հապճեպ գնահատական տալու փոխարեն ավելի լավ կլինի, եթե փորձենք նրանց նայել Եհովայի տեսանկյունից։
17։47–50. Մենք կարող ենք քաջաբար դիմագրավել ժամանակակից գողիաթների հարուցած հակառակությանը կամ հալածանքին, քանի որ «պատերազմը [Եհովայինն] է»։
18։1, 3; 20։41, 42. Ճշմարիտ ընկերներ կարելի է գտնել նրանց մեջ, ովքեր սիրում են Եհովային։
21։12, 13. Եհովան մեզանից ակնկալում է, որ մենք գործի դնենք մեր մտային կարողություններն ու հմտությունները կյանքի ծանր իրավիճակները հաղթահարելու համար։ Նա մեզ շնորհել է իր ներշնչյալ Խոսքը, որը մեզ տալիս է խորագիտություն, գիտելիքներ և «մտածելու ունակություն» (ՆԱ) (Առակաց 1։4)։ Նաև, մենք կարող ենք օգնություն ստանալ նշանակված քրիստոնյա երեցներից։
24։7; 26։11. Ի՜նչ հրաշալի օրինակ է Դավիթը այն հարցում, թե ինչ է նշանակում իսկապես հարգել Եհովայի օծյալին։
25։23–33. Աբիգեայի խոհեմությունն օրինակելի է։
28։8–19. Ձգտելով մոլորեցնել կամ վնասել մարդկանց՝ չար ոգեղեն էակները կարող են ներկայանալ մահացած անձնավորությունների տեսքով։ Մենք պետք է հեռու մնանք ոգեհարցության բոլոր ձևերից (Բ Օրինաց 18։10–12)։
30։23, 24. Այդ որոշումը՝ հիմնված Թուոց 31։27–ի վրա, ցույց է տալիս, որ Եհովան գնահատում է այն անձանց ծառայությունը, ովքեր ժողովում կատարում են օգնող դեր։ Եկեք ինչ էլ որ անենք, «սրտանց ա[նենք], ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց» (Կողոսացիս 3։23)։
Ի՞նչն է «զոհից լավ»
Ի՞նչ հիմնական ճշմարտություն է ընդգծվում Հեղիի, Սամուելի, Սավուղի և Դավիթի հետ կապված դեպքերում։ Այդ ճշմարտությունը հետևյալն է. «Հնազանդութիւնը՝ զոհից լավ է, եւ ականջ դնելը՝ խոյերի ճարպիցը։ Որովհետեւ ապստամբութիւնը կախարդութեան մեղքի պէս, եւ անհնազանդութիւնը կռապաշտութեան պէս է» (Ա Թագաւորաց 15։22, 23)։
Ի՜նչ մեծ առանձնաշնորհում ունենք՝ բաժին ունենալ Թագավորության քարոզչության ու աշակերտներ պատրաստելու գործում։ «Մեր շրթունքների զուարակները» Եհովային մատուցելիս մենք պետք է ամեն ինչ անենք հնազանդվելու նրա առաջնորդությանը, որը նա տալիս է իր գրավոր Խոսքի ու իր կազմակերպության երկրային մասի միջոցով (Ովսէէ 14։2; Եբրայեցիս 13։15)։
[ծանոթագրություն]
a «Ա Թագաւորաց» գրքում հիշատակված տեղանունները գտնելու համար տե՛ս «Տեսեք «բարի երկիրը»» գրքույկը (էջ 18, 19)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 23–րդ էջի վրա]
Իսրայելի առաջին թագավորը խոնարհ ու համեստ կառավարչից դարձավ հպարտ ու ինքնավստահ միապետ
[նկար 24–րդ էջի վրա]
Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել, երբ դիմագրավում ենք ժամանակակից գողիաթների հակառակությանը