«Եթե դուք այս բաները գիտեք, երջանիկ եք, եթե անեք դրանք»
«Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործն ավարտեմ» (ՀՈՎՀ. 4։34)։
1. Աշխարհի եսասիրական ոգին ինչպե՞ս կարող է ազդել մեզ վրա։
ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ համաձայն ապրելը հեշտ չէ։ Դրա պատճառներից մեկն այն է, որ ճիշտն անելու համար խոնարհություն է հարկավոր։ Իսկ խոնարհ մնալու համար այսօր մեծ ջանքեր են անհրաժեշտ, քանի որ այս «վերջին օրերում» մարդիկ «անձնասեր [են], փողասեր, մեծամիտ, գոռոզ», «ինքնատիրապետում չունեցող» (2 Տիմոթ. 3։1–3)։ Երբ աշխարհում եսասիրական վարքը դրական լույսի ներքո է ներկայացվում և նույնիսկ գովերգվում է, դա կարող է բացասաբար անդրադառնալ Աստծու ծառաների վրա։ Նրանք գուցե զզվեն նման վարքից, բայց սկսեն նախանձել այն մարդկանց, ովքեր, այդպես վարվելով, ինչ-որ բանի են հասել (Սաղ. 37։1; 73։3)։ Հնարավոր է՝ ոմանք նույնիսկ մտածեն. «Ինչո՞ւ ուրիշների շահը իմից բարձր դասեմ։ Մի՞թե մարդիկ կհարգեն ինձ, եթե «փոքրի պես» վարվեմ» (Ղուկ. 9։48)։ Հիշենք, որ տրվելով աշխարհի եսասիրական ոգու ազդեցությանը՝ կվնասենք հավատակիցների հետ ունեցած լավ փոխհարաբերությունները և կկորցնենք մեր քրիստոնեական ինքնությունը։ Սակայն եթե քննենք Աստվածաշնչում նշված խոնարհ մարդկանց օրինակները և նմանվենք նրանց, կօրհնվենք։
2. Ի՞նչ կարող ենք սովորել՝ քննելով անցյալում ապրած հավատարիմ մարդկանց օրինակները։
2 Որպեսզի կարողանանք ընդօրինակել անցյալում ապրած հավատարիմ մարդկանց, պետք է խորությամբ ուսումնասիրենք նրանց կյանքը և տեսնենք, թե ինչ լավ արդյունքներ է բերել նրանց վարքը։ Պետք է քննենք, թե նրանք ինչպես դարձան Աստծու ընկերները, արժանացան նրա հավանությանը և ուժ գտան կատարելու նրա կամքը։ Այսպիսի ուսումնասիրություններ անելը անհրաժեշտ է հոգևորապես սնվելու համար։
ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ՍՆՎԵԼԸ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՍՏԱՆԱԼ ՉԷ
3, 4. ա) Ինչպե՞ս ենք հոգևորապես կրթվում։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ հոգևորապես սնվելը միայն գիտելիքներ ստանալ չէ։
3 Երբ կարդում ենք Աստվածաշունչն ու մեր հրատարակությունները, օգտվում ենք մեր կայքերից, դիտում ենք «JW Broadcasting» հեռուստաալիքը, գնում ենք մեր հանդիպումներին ու համաժողովներին, բազմաթիվ օգտակար խորհուրդներ ենք ստանում և կրթվում ենք։ Սակայն Հիսուսի խոսքերի համաձայն, որոնք գրված են Հովհաննես 4։34-ում՝ հոգևորապես սնվելը միայն գիտելիքներ ստանալ չէ։ Հիսուսն ասաց. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործն ավարտեմ»։
4 Աստծու կամքի համաձայն գործելը Հիսուսի համար ասես կերակուր լիներ։ Ի՞նչ իմաստով։ Ինչպես մեր մարմիններն են ամրանում, երբ լավ սնվում ենք, այնպես էլ մեր սրտերն են ամրապնդվում, և մեր հավատն է զորանում, երբ կատարում ենք Աստծու կամքը։ Եղե՞լ է այնպես, որ վատ զգալով՝ գնացել ես քարոզչական ծառայության հանդիպման, բայց հետո ծառայությունից վերադարձել ես թարմացած ու զորացած։
5. Իմաստությունը ի՞նչ օգուտ է բերում։
5 Աստծուց ստացած գիտելիքները կիրառելով՝ մենք ցույց ենք տալիս, որ իմաստուն ենք (Սաղ. 107։43)։ Իմաստությունը շատ արժեքավոր է, եթե հաշվի առնենք, թե ինչ մեծ օգուտ է բերում։ «Այն բոլոր բաները, որ թանկ են քեզ համար, չեն կարող հավասարվել [իմաստությանը].... Այն կյանքի ծառ է նրանց համար, ովքեր բռնում են նրան, և նրան ամուր բռնողները երջանիկ կկոչվեն» (Առակ. 3։13–18)։ Հիսուսն ասել է. «Եթե դուք այս բաները գիտեք, երջանիկ եք, եթե անեք դրանք» (Հովհ. 13։17)։ Հիսուսի աշակերտները միշտ երջանիկ կլինեին, եթե չդադարեին կատարել այն ամենը, ինչ նա սովորեցրել էր իրենց։ Տիրոջ ուսմունքներին և օրինակին հետևելը պետք է լիներ ոչ թե պահի թելադրանք, այլ ապրելակերպ։
6. Ինչո՞ւ պետք է շարունակենք կիրառել մեր սովորածը։
6 Մենք նույնպես պետք է շարունակաբար կիրառենք մեր սովորածը։ Բերենք մի օրինակ։ Ցանկացած արհեստավոր ունի գործիքներ, նյութեր և գիտելիքներ, սակայն դրանցից ոչ մի օգուտ չի լինի, եթե չօգտագործի այդ ամենը։ Նույնիսկ եթե նա իր գործում մեծ փորձ ունի, միևնույն է, պետք է շարունակի կիրառել իր իմացածը, որպեսզի չկորցնի իր հմտությունները։ Նույն ձևով էլ մենք, երբ իմացանք աստվածաշնչյան ճշմարտությունը, սկսեցինք կիրառել մեր սովորածը և տեսանք դրա բերած հրաշալի արդյունքները, երջանկությամբ լցվեցինք։ Սակայն որպեսզի չկորցնենք այդ երջանկությունը, պետք է ամեն օր խոնարհաբար կիրառենք Եհովայից սովորածը։
7. Իմաստուն դառնալու համար ի՞նչ պետք է անենք։
7 Եկեք քննենք մի քանի իրավիճակ, որոնցում կարող է փորձվել մեր խոնարհությունը։ Տեսնենք, թե նման իրավիճակներում Աստծու վաղեմի ծառաները ինչպես են կարողացել խոնարհ մնալ։ Ոչ միայն ծանոթացիր նրանց պատմությանը, այլև մտածիր, թե ինչ ես սովորում նրանցից և ինչպես կարող ես այդ ամենը կիրառել։ Ապա առանց հապաղելու գործիր սովորածիդ համաձայն։ Դա անելով՝ հոգևորապես կամրանաս և իմաստուն կդառնաս։
ՔԵԶ ԲԱՐՁՐ ՄԻ՛ ԴԱՍԻՐ
8, 9. Գործեր 14։8–15 համարներից ի՞նչ ենք իմանում Պողոս առաքյալի խոնարհության մասին (տես հոդվածի սկզբի նկարը)։
8 Աստված կամենում է, որ «ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։4)։ Ինչպե՞ս ես վերաբերվում տարբեր ծագում ունեցող մարդկանց, ովքեր դեռ չեն լսել ճշմարտությունը։ Պողոս առաքյալը ժողովարաններում քարոզում էր նրանց, ովքեր արդեն իսկ որոշ գիտելիքներ ունեին Աստծու մասին։ Սակայն նա միայն հրեաներով չէր սահմանափակվում։ Առաքյալը քարոզում էր նաև կեղծ աստվածների պաշտող մարդկանց, որոնց արձագանքը կարող էր փորձության ենթարկել իր խոնարհությունը։
9 Օրինակ՝ Պողոսի առաջին միսիոներական շրջագայության ժամանակ լիկաոնացիները, տեսնելով նրա գործած հրաշքը, կարծեցին, թե նա և Բառնաբասը մարմնավորված Զևս և Հերմես աստվածներն են։ Արդյո՞ք այսպիսի փառքը դուր եկավ Պողոսին ու Բառնաբասին։ Արդյո՞ք նրանք սա հաճելի փոփոխություն համարեցին վերջին երկու քաղաքներում տեսած հալածանքներից հետո։ Մտածեցի՞ն, թե իրենց ձեռք բերած հռչակը կօգնի տարածել բարի լուրը։ Ո՛չ։ Նրանք պատռեցին իրենց հանդերձները և ամբոխի մեջ վազելով՝ բղավեցին. «Ինչո՞ւ եք անում այս բաները։ Մենք էլ մարդիկ ենք և նույն թուլություններն ունենք, որոնք դուք ունեք» (Գործ. 14։8–15)։
10. Պողոսն ու Բառնաբասը ինչո՞ւ իրենց բարձր չէին համարում լիկաոնացիներից։
10 Նշելով, որ իրենք նույն թուլություններն ունեն՝ Պողոսն ու Բառնաբասը նկատի չունեին, թե իրենց պաշտամունքը նման է այդ մարդկանց հեթանոսական պաշտամունքին, այլ ուզում էին ասել, որ իրենք էլ նրանց պես անկատար մարդիկ են։ Թեև այդ տղամարդիկ հատուկ նշանակում ստացած միսիոներներ էին, օծված էին սուրբ ոգով և փառահեղ հույս ունեին, սակայն իրենց բարձր չէին համարում լիկաոնացիներից, քանի որ քաջ գիտակցում էին, որ այդ մարդիկ էլ կարող են նույն օրհնությունները ստանալ, եթե ընդունեն բարի լուրը (Գործ. 13։2)։
11. Քարոզելիս ինչպե՞ս կարող ենք Պողոսի պես խոնարհություն դրսևորել։
11 Ինչպե՞ս կարող ենք Պողոսի պես խոնարհություն դրսևորել։ Նախ՝ չպետք է ձգտենք մեծարանքի արժանանալ այն ամենի համար, ինչը Եհովայի զորությամբ ենք անում։ Լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Ինչպե՞ս եմ վերաբերվում նրանց, ում քարոզում եմ։ Տարածված նախապաշարմունքները իմ սրտում բույն չե՞ն դրել»։ Ողջ աշխարհի Եհովայի վկաները իրենց բնակավայրերում փնտրում են նրանց, ովքեր գուցե դրականորեն արձագանքեն բարի լուրին։ Գովելի է, որ Աստծու ծառաները չեն անտեսում այն անհատներին, ում հասարակությունը վերևից է նայում։ Դրա համար երբեմն հարկավոր է լինում սովորել նրանց լեզուն և ծանոթանալ նրանց սովորույթներին։ Այդ մարդկանց օգնող Վկաները երբեք չպետք է կարծեն, թե նրանցից բարձր են, այլ պետք է փորձեն հասկանալ յուրաքանչյուր անհատի և Թագավորության լուրը նրա սրտին հասցնել։
ԱՂՈԹԻՐ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ
12. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եպաֆրասը մտահոգվում էր իր հավատակիցների մասին։
12 Ուրիշ ինչպե՞ս կարող ենք խոնարհաբար կատարել Աստծու կամքը։ Աղոթելով նրանց համար, ովքեր «մեզ նման նույն հավատն ունենալու պատվին արժանացան» (2 Պետ. 1։1)։ Եպաֆրասն այդպես էր անում։ Աստվածաշնչում նրա մասին ընդամենը երեք անգամ է հիշատակվում՝ Պողոսի նամակներում։ Երբ առաքյալը Հռոմում տնային կալանքի տակ էր, կողոսացի քրիստոնյաներին գրեց. «Եպաֆրասը.... միշտ եռանդագին աղոթում է ձեզ համար» (Կող. 4։12)։ Վերջինս լավ ճանաչում էր իր եղբայրներին և խորապես մտահոգվում էր նրանց մասին։ Չնայած որ Եպաֆրասը «Քրիստոս Հիսուսի համար բանտարկված» էր Պողոսի հետ, չէր մոռանում ուրիշների կարիքները (Փիլիմ. 23)։ Նա ուզում էր ինչ-որ ձևով օգնած լինել նրանց։ Սա խոսում է այն մասին, որ նա անեսասեր էր ու հոգատար։ Հավատակիցների համար արված աղոթքները մեծ ուժ ունեն, հատկապես երբ նրանց հիշատակում ենք անուն առ անուն (2 Կորնթ. 1։11; Հակ. 5։16)։
13. Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եպաֆրասին։
13 Մտածիր, թե ում մասին կարող ես աղոթել անուն առ անուն։ Եպաֆրասի պես՝ մեր եղբայրներից ու քույրերից շատերը աղոթում են ժողովի այն անդամների կամ ընտանիքների համար, որոնք դժվարությունների միջով են անցնում, լուրջ որոշումներ պետք է կայացնեն կամ գայթակղությունների առաջ են կանգնած։ Ոմանք էլ աղոթում են նրանց համար, ում անունները թվարկված են jw.org կայքում տեղադրված «Եհովայի վկաները ազատազրկված՝ հավատի համար» հոդվածում (ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ > ԻՐԱՎԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ)։ Բացի այդ, լավ կլինի մեր աղոթքներում հիշատակել նրանց, ովքեր հարազատ են կորցրել, տուժել են աղետների ու պատերազմների հետևանքով կամ էլ տնտեսական ճգնաժամի պատճառով նեղություններ են կրում։ Ինչ խոսք, շատ են այն եղբայրներն ու քույրերը, ովքեր ունեն մեր աղոթքների կարիքը, և ում կարող ենք դրանց միջոցով օգնել։ Երբ աղոթում ենք նրանց համար, ցույց ենք տալիս, որ ոչ միայն մեր շահն ենք փնտրում, այլև ուրիշներինը (Փիլիպ. 2։4)։ Եհովան անպատասխան չի թողնում այդպիսի աղոթքները։
«ԱՐԱԳ ԵՂԻՐ ԼՍԵԼՈՒ ՄԵՋ»
14. Ուրիշներին լսելու հարցում Եհովան ի՞նչ օրինակ է թողել։
14 Այն, թե որքանով ենք խոնարհ, երևում է նաև մարդկանց լսելու պատրաստակամությունից։ Հակոբոս 1։19-ում ասվում է, որ պետք է «արագ լինենք լսելու մեջ»։ Եհովան կատարյալ օրինակ է այդ հարցում (Ծննդ. 18։32; Հեսու 10։14)։ Մտածիր, թե ինչ կարող ենք սովորել Ելք 32։11–14 համարներում գրված զրույցից (կարդա)։ Թեև Եհովան չուներ Մովսեսի փաստարկների կարիքը, սակայն թույլ տվեց, որ նա արտահայտի իր կարծիքը։ Ո՞ր մարդը մինչև վերջ կլսեր այն անհատին, ով սխալ մտածելակերպ է դրսևորել, և հետո կաներ նրա ասածը։ Այո՛, Եհովան համբերությամբ լսում է նրանց, ովքեր հավատով դիմում են իրեն։
15. Ուրիշներին պատվելու հարցում ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եհովային։
15 Ինքդ քեզ հարցրու. «Եթե Եհովան խոնարհվում է, որ լսի և օգնի մարդկանց, ինչպես որ լսեց Աբրահամին, Ռաքելին, Մովսեսին, Հեսուին, Մանուեին, Եղիային և Եզեկիային, ապա չպե՞տք է ես էլ պատվեմ իմ բոլոր եղբայրներին, լսեմ նրանց կարծիքը և լավ առաջարկների դեպքում անեմ նրանց ասածը։ Իմ ժողովում կամ ընտանիքում կա՞ մեկը, ով այս պահին իմ ուշադրության կարիքն ունի։ Ինչպե՞ս եմ պատրաստվում օգնել նրան» (Ծննդ. 30։6; Դատ. 13։9; 1 Թագ. 17։22; 2 Տար. 30։20)։
«ԳՈՒՑԵ ԵՀՈՎԱՆ ՏԵՍՆԻ ԻՐ ԱՉՔԵՐՈՎ»
16. Դավիթն ինչպե՞ս վարվեց, երբ Սեմեին վատ վերաբերվեց իրեն։
16 Խոնարհությունը օգնում է նաև ինքնատիրապետում դրսևորել, երբ մեզ փորձում են հունից հանել (Եփես. 4։2)։ Ահա մի ակնառու օրինակ (կարդա 2 Սամուել 16։5–13)։ Դավիթն ու իր ծառաները վատ վերաբերմունքի արժանացան Սավուղ թագավորի ազգականներից մեկի՝ Սեմեիի կողմից, ով անիծում ու քարեր էր շպրտում նրանց վրա։ Դավիթն իշխանություն ուներ վերջ դնելու դրան, բայց համբերեց։ Նա ինչպե՞ս ինքն իրեն տիրապետելու ուժ գտավ։ Պատասխանը գտնում ենք երրորդ սաղմոսում։
17. Ի՞նչն օգնեց Դավթին ինքնատիրապետում դրսևորել, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
17 Երրորդ սաղմոսի ենթախորագրից իմանում ենք, որ Դավիթն այն գրել է, երբ իր որդի Աբիսողոմի պատճառով փախուստի մեջ էր։ Առաջին և երկրորդ համարներից պարզ է դառնում, որ խոսքը «2 Սամուել» գրքի 16-րդ գլխում նկարագրված դեպքերի մասին է։ Սաղմոս 3։4-ից երևում է, որ Դավիթը վստահում էր Աստծուն. «Բարձր ձայնով կկանչեմ Եհովային, և նա ինձ պատասխան կտա իր սուրբ լեռան վրայից»։ Մենք նույնպես կարող ենք աղոթել, երբ մեզ վատ են վերաբերվում։ Ի պատասխան՝ Եհովան կտա իր սուրբ ոգին, որը կօգնի մեզ տոկալ։ Մտածիր, թե որ իրավիճակներում գուցե կարիք ունենաս ինքնատիրապետում դրսևորելու կամ մեծահոգաբար ներելու քո հանդեպ թշնամաբար տրամադրված մարդուն։ Վստա՞հ ես, որ Եհովան տեսնում է քո ցավը և պատրաստ է օգնել ու օրհնել քեզ։
«ԳԼԽԱՎՈՐԸ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է»
18. Ի՞նչ օրհնություններ կստանանք, եթե շարունակենք կիրառել այն, ինչ սովորում ենք Աստծուց։
18 Ճիշտն անելով՝ առատ օրհնություններ ենք ստանում։ Զարմանալի չէ, որ Առակներ 4։7-ում գրված է. «Գլխավորը իմաստությունն է»։ Թեև իմաստության հիմքում գիտելիքներն են, իմաստուն լինել նշանակում է ոչ թե պարզապես հասկանալ ինչ-որ բան, այլ ճիշտ որոշումներ կայացնել։ Աստվածաշնչում ասվում է, որ նույնիսկ մրջյուններն են իմաստությամբ գործում. բնազդային իմաստությամբ օժտված այդ արարածները ամռանը իրենց համար ուտելիք են ամբարում (Առակ. 30։24, 25)։ Քրիստոսը, ով «Աստծու իմաստությունն» է, միշտ անում է այն, ինչ հաճելի է իր Հորը (1 Կորնթ. 1։24; Հովհ. 8։29)։ Ճիշտ որոշում կայացնելը և դրա համաձայն գործելը տարբեր բաներ են։ Աստված վարձատրում է նրանց, ովքեր շարունակում են խոնարհաբար անել այն, ինչն իր աչքում ճիշտ է (կարդա Մատթեոս 7։21–23)։ Ուստի ջանա ժողովում պահպանել այն հոգևոր մթնոլորտը, որում բոլորը կարող են իրական խոնարհություն դրսևորել։ Ճիշտն անելը ժամանակ և համբերություն է պահանջում, սակայն այդպես վարվելով՝ ցույց կտանք, որ խոնարհ ենք։ Իսկ խոնարհությունը մեզ երջանիկ կդարձնի ինչպես հիմա, այնպես էլ ողջ հավիտենության ընթացքում։