«Փորձիր ինձ, Տեր»
«ՍՐՏԵՐԸ քննողը Տերն է» (Առակաց 17։3)։ Այս խոսքերը պետք է որ քաջալերական լինեն բոլորիս համար։ Ինչո՞ւ։ Քանի որ ի տարբերություն մարդկանց, որոնք դատում են արտաքինից՝ մեր երկնային Հայրը «սրտին է նայում» (Ա Թագաւորաց 16։7)։
Իրականում նույնիսկ մենք ինքներս չենք կարող ճշգրտորեն ասել, թե ինչպիսին են մեր ամենախոր մղումները, մտքերն ու հույզերը։ Ինչո՞ւ։ Որովհետև «խորամանկ [«խաբեբայ», ԱԱ] է սիրտն ամենից աւելի եւ ապականուած. նորան ո՞վ կարող է հասկանալ»։ Սակայն Եհովան գիտի, թե ինչ կա մարդու սրտում։ Նա ասում է. «Ես Տէրս քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը» (Երեմիա 17։9, 10)։ Այո, Եհովան հասկանում է «սիրտը», կամ՝ մեր ներքին մղումները, ինչպես նաև «երիկամունքը», այսինքն՝ մեր ամենախոր մտքերն ու հույզերը։
Ինչո՞ւ են քրիստոնյաները փորձվում
Հին ժամանակներում ապրող Դավիթ թագավորը Եհովա Աստծուն ասաց. «Փորձիր ինձ, Տէր, եւ քննիր ինձ. փորձիր իմ երիկամունքները եւ իմ սիրտը» (Սաղմոս 26։2)։ Արդյո՞ք Դավիթն անթերի էր իր բոլոր գործերում և խոսքերում, որ չէր վախենում Եհովային խնդրել փորձել իրեն։ Իհա՛րկե ոչ։ Բոլորիս նման՝ նա անկատար էր և չէր կարող լիովին համապատասխանել Աստծու չափանիշներին։ Իր թերությունների պատճառով Դավիթը մի քանի լուրջ սխալներ գործեց, բայց, այնուամենայնիվ, նա «կատարեալ սրտով» քայլեց (Գ Թագաւորաց 9։4)։ Ինչպե՞ս։ Նա ընդունեց հանդիմանությունը և ուղղեց իր ընթացքը։ Վարվելով այդպես՝ Դավիթը ցույց տվեց, որ անկեղծորեն սիրում է Եհովային։ Նա ամբողջովին նվիրված էր Աստծուն։
Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Եհովան գիտի, որ մենք անկատար ենք և գուցե խոսքով կամ գործով մեղք գործենք։ Սակայն նա մեր կյանքի ընթացքը չի որոշում՝ գործի դնելով ապագան նախապես իմանալու իր կարողությունը։ Նա մեզ ստեղծել է ազատ կամքով և հարգում է մեր ազատությունը, մի պարգև, որը նա մեծահոգաբար շնորհել է մեզ։
Այնուհանդերձ, երբեմն Եհովան որոշակի առումով փորձում է մեր ներքին անձնավորությունը, ներառյալ մղումները։ Նա կարող է թույլ տալ այնպիսի իրավիճակներ, որոնք կբացահայտեն մեր սրտի վիճակը։ Եհովան գուցե թույլ տա նաև տարբեր հանգամանքներ կամ խնդիրներ, որպեսզի բացահայտվեն մեր ամենախոր մտքերն ու հույզերը։ Դա մեզ հնարավորություն կտա ցույց տալու Եհովային, թե որքանով ենք իրեն նվիրված ու հավատարիմ։ Եհովայի կողմից թույլատրված այդ փորձությունները կարող են փաստել, թե ինչպիսին է մեր հավատը, և թե արդյոք «կատարյալ և ամբողջական ենք բոլոր առումներով և ոչ մի բանի պակասություն չունենք» (Հակոբոս 1։2–4)։
Հավատի փորձություն հին ժամանակներում
Եհովայի ծառաների հավատն ու մղումները փորձվել են դեռ հին ժամանակներում։ Քննենք Աբրահամ նահապետի օրինակը։ Ծննդոց 22։1–ում ասվում է, որ «Աստուած փորձեց Աբրահամին»։ Սակայն նախքան այս փորձությունը Աբրահամի հավատն արդեն փորձվել էր։ Դրանից տասնամյակներ առաջ Եհովան Աբրահամին ասել էր, որ իր ընտանիքի հետ հեռանա բարգավաճ Ուր քաղաքից ու գնա անծանոթ մի երկիր (Ծննդոց 11։31; Գործեր 7։2–4)։ Աբրահամը, որը թերևս տուն ուներ Ուր քաղաքում, մոտ հարյուր տարի բնակվելով Քանանում՝ չունեցավ մշտական բնակատեղի (Եբրայեցիներ 11։9)։ Ապրելով այդպիսի կյանքով՝ նա և նրա ընտանիքը ապահովագրված չէին սովից ու զինված հարձակումներից։ Բացի այդ, շրջակայքում բնակվող հեթանոս կառավարիչները կարող էին վտանգի ենթարկել նրանց կյանքը։ Այդ ամբողջ ընթացքում ակնհայտ դարձավ, որ Աբրահամն ամուր հավատ ուներ։
Այնուհետև Եհովան ավելի մեծ փորձության ենթարկեց Աբրահամին։ «Առ քո սիրած մէկ հատիկ որդիդ Իսահակը եւ.... նորան ողջակէզ արա» (Ծննդոց 22։2)։ Աբրահամի համար Իսահակը սովորական որդի չէր։ Նա Աբրահամի ու Սառայի մինուճար որդին էր։ Իսահակը խոստման որդի էր, Աբրահամի միակ հույսը։ Ըստ Աստծու խոստման՝ նրա միջոցով էր Աբրահամի «սերունդը» ժառանգելու Քանանի երկիրը և շատերի համար օրհնություն լինելու։ Ի վերջո, Իսահակն այն որդին էր, որին Աբրահամը սպասել էր, և որը ծնվել էր Աստծու հրաշքի շնորհիվ (Ծննդոց 15։2–4, 7)։
Փորձիր պատկերացնել, թե որքան դժվար էր Աբրահամի համար հասկանալ այդ պատվերը։ Մի՞թե Եհովա Աստված մարդկային զոհեր էր պահանջում։ Ինչո՞ւ նա պետք է թույլ տար, որ Աբրահամը կյանքի մայրամուտում զգա որդի ունենալու քաղցրությունը, իսկ հետո պատվիրեր, որ նա զոհաբերի այդ նույն որդուն։a
Թեև Աբրահամը չուներ այս հարցերի հստակ պատասխանը, սակայն անմիջապես հնազանդվեց։ Նա իր որդու հետ երեք օր գնաց, մինչև որ հասավ այն լեռը, որտեղ պետք է նրան զոհաբերեր։ Այնտեղ զոհասեղան շինեց, հետո շարեց փայտերը։ Այժմ եկավ ամենադժվար պահը։ Աբրահամը վերցրեց դանակը, սակայն երբ պատրաստվում էր սպանել իր որդուն, Եհովան հրեշտակի միջոցով կանգնեցրեց նրան և ասաց. «Հիմա իմացայ, որ դու Աստուածանից վախում ես. եւ քո մէկ հատիկ որդին ինձանից չ’խնայեցիր» (Ծննդոց 22։3, 11, 12)։ Պատկերացրու, թե որքան երջանիկ էր Աբրահամը՝ լսելով այս խոսքերը։ Փաստորեն, մինչ այդ Եհովան ճիշտ էր գնահատել նրա հավատը (Ծննդոց 15։5, 6)։ Աբրահամը Իսահակի փոխարեն մի խոյ զոհաբերեց։ Այնուհետև Եհովան հաստատեց ուխտի խոստումները նրա սերնդի վերաբերյալ։ Եվ զարմանալի չէ, որ Աբրահամը կոչվեց Եհովայի ընկերը (Ծննդոց 22։13–18; Հակոբոս 2։21–23)։
Մեր հավատը նույնպես փորձվում է
Բոլորս էլ հասկանում ենք, որ Աստծու ծառաներն այսօր չեն կարող խուսափել փորձություններից։ Սակայն հիմնականում փորձությունները լինում են ոչ թե այն պատճառով, որ Եհովան որևէ բան է պատվիրում մեզ, այլ որովհետև նա թույլ է տալիս այդ փորձությունը։
Պողոս առաքյալը գրեց. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Աստծու հանդեպ նվիրվածությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, նույնպես պիտի հալածվեն» (2 Տիմոթեոս 3։12)։ Հալածանքը կարող է լինել համադասարանցիներից, ընկերներից, բարեկամներից, հարևաններից կամ մեր մասին աղավաղված տեղեկություններ ունեցող պաշտոնյաներից։ Այն կարող է լինել վիրավորանք կամ ֆիզիկական բռնություն։ Ոմանք էլ գուցե խոչընդոտներ ստեղծեն քրիստոնյայի առջև, որ նա չկարողանա ապրուստի միջոցներ վաստակել։ Նաև ճշմարիտ քրիստոնյաները բախվում են այն խնդիրներին, որոնց բախվում են բոլոր մարդիկ՝ հիվանդություն, հիասթափություն և անարդարություն։ Այս բոլոր դժվարությունները փորձում են նրանց հավատը։
Պետրոս առաքյալը մեր ուշադրությունը հրավիրում է այն դրական կողմերի վրա, որ լինում են հավատի փորձության ժամանակ։ Նա ասում է. «Տրտմում եք զանազան փորձություններից, որպեսզի ձեր հավատի փորձված որակը, որ ավելի մեծ արժեք ունի, քան ոսկին, որ կործանվում է՝ չնայած կրակով ստուգված լինելուն, գովաբանության, փառքի ու պատվի պատճառ դառնա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ» (1 Պետրոս 1։6, 7)։ Այո, փորձությունները նման են ոսկին կրակով զտելուն։ Այդ պրոցեսի ընթացքում մաքուր ոսկին առանձնանում է անպիտան նյութերից։ Նույն բանը տեղի է ունենում մեր հավատի հետ, երբ փորձությունների ենք բախվում։
Օրինակ՝ դժբախտ պատահարի կամ բնական աղետի հետևանքով գուցե դժվարություններ ունենանք։ Սակայն այն անհատները, ովքեր իսկական հավատ ունեն, չեն տրվում ավելորդ անհանգստությունների։ Նրանք մխիթարություն են գտնում Եհովայի հետևյալ վստահեցնող խոսքերում. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի» (Եբրայեցիներ 13։5)։ Այդ անհատները շարունակում են առաջնահերթությունը տալ հոգևոր բաներին՝ վստահ լինելով, որ Եհովա Աստված կօրհնի իրենց ջանքերը և կտա այն, ինչի կարիքը իրենք իսկապես ունեն։ Հավատը նրանց ուժ է տալիս ծանր ժամանակներում և չի թողնում, որ անիմաստ անհանգստությունները բարդացնեն իրավիճակը։
Փորձությունները կարող են ի հայտ բերել հավատի թույլ լինելը, բայց դա մեր օգտին կծառայի, եթե պատրաստ ենք որոշ շտկումներ կատարել։ Լավ կլինի ինքներս մեզ հարցնենք. «Ինչպե՞ս կարող եմ զորացնել հավատս։ Գուցե պետք է ավելի՞ շատ ժամանակ հատկացնեմ աղոթքով Աստծու Խոսքի շուրջ խորհրդածելուն։ Մասնակցո՞ւմ եմ ժողովի բոլոր հանդիպումներին։ Իմ ուժերի՞ն եմ ապավինում՝ փոխանակ մտահոգություններիս մասին աղոթքով Եհովա Աստծուն հայտնելու»։ Այսպիսի ինքնաքննությունը, սակայն, դեռ միայն սկիզբն է։
Որպեսզի զորացնենք մեր հավատը, գուցե անհրաժեշտ լինի, որ հոգևոր ախորժակ զարգացնենք՝ փափագենք «անխարդախ կաթը, որ խոսքից է բխում» (1 Պետրոս 2։2; Եբրայեցիներ 5։12–14)։ Մենք պետք է ձգտենք նմանվել այն մարդուն, որի մասին սաղմոսերգուն ասաց. «Նորա կամքը [«հաճութիւնը», ԱԱ] Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում» (Սաղմոս 1։2)։
Ինչպես երևում է այս համարից, ոչ միայն պետք է կարդանք Աստվածաշունչը, այլև «մտածենք» նրա շուրջ։ Այսինքն՝ պետք է խորհրդածենք այն մասին, թե ինչ է Աստծու Խոսքն ասում մեզ, և կիրառենք նրա տված հորդորները (Հակոբոս 1։22–25)։ Արդյունքում՝ Աստծու հանդեպ մեր սերը կաճի, մեր աղոթքները ավելի կոնկրետ ու մտերմիկ կդառնան, և մեր հավատը ավելի կզորանա։
Փորձված հավատի արժեքը
Այն բանի գիտակցումը, որ Աստծու հավանությանն արժանանալու համար խիստ կարևոր է ամուր հավատ ունենալ, կարող է խթանել մեզ, որ զորացնենք մեր հավատը։ Աստվածաշունչը հիշեցնում է. «Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել նրան, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և որ վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբրայեցիներ 11։6)։ Ուստի մենք պետք է ունենանք այնպիսի տրամադրվածություն, ինչպիսին որ ուներ այն մարդը, որը Հիսուսին հետևյալ խոսքերն ասաց. «Օգնի՛ր ինձ, եթե ինչ–որ տեղ հավատի պակաս ունեմ» (Մարկոս 9։24)։
Մեր հավատի փորձությունները կարող են օգնել նաև ուրիշներին։ Օրինակ՝ երբ մահանում է քրիստոնյայի հարազատներից մեկը, հարության հանդեպ նրա զորեղ հավատը ուժ է տալիս իրեն։ Նա վշտի մեջ է, սակայն ոչ այնպես, «ինչպես մյուսները, որ հույս չունեն» (1 Թեսաղոնիկեցիներ 4։13, 14)։ Իսկ ուրիշները, տեսնելով, թե ինչպես է նրա հավատը զորացնում իրեն, գուցե հասկանան, որ այդպիսի հավատն իսկապես մեծ արժեք ունի։ Դա կարող է նրանց սրտերում նման հավատ զարգացնելու ցանկություն առաջացնել՝ մղելով ուսումնասիրելու Աստծու Խոսքը և դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտը։
Եհովան գիտի, որ փորձված հավատը մեծ արժեք ունի։ Հավատի փորձությունները հնարավորություն են տալիս տեսնելու, թե արդյոք մեր հավատն իսկապես զորեղ է, ինչպես նաև գտնելու մեր թույլ կողմերը և շտկելու դրանք։ Ի վերջո, փորձությունների ժամանակ հավատարիմ մնալով՝ գուցե օգնենք ուրիշներին դառնալու Հիսուսի աշակերտները։ Ուստի եկեք ամեն ջանք թափենք, որ պահպանենք մեր ամուր հավատը, որը, փորձվելով, «գովաբանության, փառքի ու պատվի պատճառ կդառնա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ» (1 Պետրոս 1։7)։
[ծանոթագրություն]
a Իսահակի «զոհաբերության» խորհրդանշական իմաստի մասին տե՛ս «Դիտարանի» 1989 թ. դեկտեմբերի 1–ի համարում, էջ 14, ռուս. (հուլիսի 1, էջ 22, անգլ.)։
[նկար 13–րդ էջի վրա]
Հավատի գործերի շնորհիվ Աբրահամը դարձավ Եհովայի ընկերը
[նկար 15–րդ էջի վրա]
Փորձությունները կարող են ցույց տալ, որ իսկապես զորեղ հավատ ունենք
[նկար 12–րդ էջի վրա. թույլտվությամբ]
From the Illustrated Edition of the Holy Scriptures by Cassell, Petter, & Galpin