Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Գ Թագաւորաց» գրքից
«ԱՐԴԱՐՆԵՐԸ շատանալիս ժողովուրդը կ’ուրախանայ, բայց երբոր ամբարիշտը իշխէ, ժողովուրդը կ’հեծէ» (Առակաց 29։2)։ Աստվածաշնչի «Գ Թագաւորաց» գիրքը վառ կերպով փաստում է այս առակի ճշմարտացիությունը։ Գիրքը պատմում է Սողոմոնի կյանքի մասին։ Նրա թագավորության տարիներին հին Իսրայելը ապահովություն է վայելում և բարգավաճում է։ «Գ Թագաւորացը» նաև պատմում է Սողոմոնի մահից հետո Իսրայել ազգի պառակտման, ինչպես նաև Սողոմոնին հաջորդած 14 թագավորների մասին, որոնց մի մասը իշխում է Իսրայելում, իսկ մյուս մասը՝ Հուդայում։ Նրանցից միայն երկուսն են ամեն ժամանակ հավատարիմ մնում Եհովային։ Գիրքը նաև պատմում է վեց մարգարեների, այդ թվում Եղիայի գործունեության մասին։
«Գ Թագաւորաց» գիրքը գրել է Երեմիա մարգարեն Երուսաղեմում և Հուդայում։ Այն ընդգրկում է մոտ 129 տարվա պատմություն՝ սկսած մ.թ.ա. 1040 թ.–ից մինչև մ.թ.ա. 911 թվականը։ Գիրքը կազմելիս Երեմիան ակներևաբար օգտվել է հին արձանագրություններից, որոնցից է «Սողոմոնի գործքերի գիրքը»։ Այդ արձանագրություններն այլևս գոյություն չունեն (Գ Թագաւորաց 11։41; 14։19; 15։7)։
ԻՄԱՍՏՈՒՆ ԹԱԳԱՎՈՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ Է ԲԵՐՈՒՄ ԱԶԳԻՆ
«Գ Թագաւորաց» գիրքը սկսվում է մի ուշագրավ պատմությամբ, թե ինչպես է Դավիթ թագավորի որդի Ադոնիան փորձում զավթել իր հոր գահը։ Նաթան մարգարեի ակտիվ գործողությունների շնորհիվ նրա պլանները խափանվում են, և Դավթի որդի Սողոմոնն է թագավոր դառնում։ Եհովային դուր է գալիս նոր թագավորի խնդրանքը, և նա նրան տալիս է «իմաստուն եւ հանճարեղ սիրտ», ինչպես նաև «հարստութիւն [և] փառք» (Գ Թագաւորաց 3։12, 13)։ Ոչ ոք թագավորի պես իմաստուն չէ ու ոչ ոք նրա չափ հարստություն չունի։ Իսրայելը խաղաղություն է վայելում ու բարգավաճում է։
Սողոմոնի շինարարական իրագործումներից են Եհովայի տաճարն ու տարբեր կառավարական շենքեր։ Եհովան Սողոմոնին խոստանում է, որ ‘կհաստատի նրա թագավորության աթոռը Իսրայելի վրա հավիտյան’, եթե, իհարկե, թագավորը հնազանդ մնա (Գ Թագաւորաց 9։4, 5)։ Ճշմարիտ Աստվածը նաև զգուշացնում է նրան անհնազանդության հետևանքների մասին։ Սակայն Սողոմոնն ի վերջո բազմաթիվ օտարազգի կանայք է առնում։ Նրանց ազդեցությամբ նա ծեր հասակում սկսում է կեղծ երկրպագությամբ զբաղվել։ Եհովան մարգարեանում է, որ նրա թագավորությունը պառակտվելու է։ Մ.թ.ա. 997–ին Սողոմոնը մահանում է, ինչով և ավարտվում է նրա 40–ամյա իշխանությունը։ Գահ է բարձրանում նրա որդի Ռոբովամը։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։5 — Ինչո՞ւ Ադոնիան փորձեց զավթել գահը, այն դեպքում երբ Դավիթը դեռ կենդանի էր։ Աստվածաշունչը չի պատասխանում այս հարցին։ Սակայն, քանի որ Ադոնիայի ավագ եղբայրները՝ Ամնոնն ու Աբիսողոմը, ինչպես նաև հավանաբար Քիլաբը՝ Դավթի մյուս որդին, արդեն մահացել էին, տրամաբանական է եզրակացնել, որ Ադոնիան խորհեց, թե գահ բարձրանալու իրավունք ունի, քանի որ ինքն է Դավթի մնացած որդիներից ավագը (Բ Թագաւորաց 3։2–4; 13։28, 29; 18։14–17)։ Ձեռք բերելով հզոր զորապետ Հովաբի և ազդեցիկ քահանայապետ Աբիաթարի աջակցությունը՝ Ադոնիան, ըստ երևույթին, լցվեց վստահությամբ, որ իր փորձը կհաջողվի։ Աստվածաշունչը չի ասում, թե արդյոք նա գիտեր այն մասին, որ Դավիթը մտադիր էր Սողոմոնին գահ բարձրացնել։ Համենայն դեպս, Ադոնիան Սողոմոնին ու Դավթին նվիրված մյուս մարդկանց չհրավիրեց զոհաբերության արարողությանը (Գ Թագաւորաց 1։9, 10)։ Այստեղից կարելի է ենթադրել, որ նա Սողոմոնին ախոյան էր համարում։
1։49–53; 2։13–25 — Ինչո՞ւ Սողոմոնը Ադոնիային մահվան դատապարտեց, այն դեպքում երբ մինչ այդ նրան ներում էր շնորհել։ Ի տարբերություն Բերսաբեի, որը գլխի չընկավ, թե Ադոնիան իրականում ինչ նպատակ էր հետապնդում՝ ցանկանալով, որ թագավորը Աբիսակին իրեն կնության տա՝ Սողոմոնը հասկացավ նրա իսկական շարժառիթները։ Թեև Դավիթը հարաբերություններ չէր ունեցել գեղեցիկ Աբիսակի հետ, վերջինս համարվում էր նրա հարճը։ Այն ժամանակների սովորության համաձայն՝ Աբիսակը պետք է միայն Դավթի օրինական ժառանգորդի սեփականությունը դառնար։ Ադոնիան գուցե մտածում էր, թե Աբիսակին կնության առնելով՝ կարող է մեկ անգամ ևս փորձել տիրանալ գահին։ Ադոնիայի խնդրանքը դիտելով որպես ձգտում դառնալու թագավոր՝ Սողոմոնը փոխեց ներելու մասին իր որոշումը։
6։37–8։2 — Ե՞րբ տեղի ունեցավ տաճարի հանդիսավոր բացումը։ Տաճարի շինարարությունն ավարտվեց մ.թ.ա. 1027 թ. ութերորդ ամսին՝ Սողոմոնի թագավորության 11–րդ տարում։ Ըստ ամենայնի, 11 ամիս էլ տրամադրվեց կահավորման և բացման հետ կապված նախապատրաստական աշխատանքներին։ Հանդիսավոր բացումը պետք է որ տեղի ունեցած լիներ մ.թ.ա. 1026 թ. յոթերորդ ամսին։ Տաճարի կառուցման մասին հաղորդագրությունից հետո և հանդիսավոր բացման մասին հաղորդագրությունից առաջ այլ շինարարությունների մասին արված հիշատակումների նպատակը, ակներևաբար, կատարված շինարարությունների մասին հաղորդագրությունները մեկտեղ բերելն է (Բ Մնացորդաց 5։1–3)։
9։10–13 — Արդյո՞ք այն, որ Սողոմոնը Գալիլեայի երկրի քաղաքներից քսանը նվիրեց Տյուրոսի Քիրամ թագավորին, ներդաշնակ էր Մովսիսական օրենքին։ Համաձայն Ղեւտացոց 25։23, 24–ի՝ Օրենքը կարող էր կիրառելի համարվել միայն իսրայելացիների զբաղեցրած տարածքում։ Հավանական է, որ Քիրամին տրված քաղաքներում բնակվում էին ոչ իսրայելացիներ, թեև այդ քաղաքները Ավետյաց երկրի սահմաններում էին գտնվում (Ելից 23։31)։ Սողոմոնի այս արարքը, հնարավոր է, մատնանշում էր նաև, որ նա լիովին չենթարկվեց Օրենքին, ինչպես որ չենթարկվեց Օրենքին՝ ‘շատ ձիեր ունենալով’ և ‘իր կանանց շատացնելով’ (Բ Օրինաց 17։16, 17)։ Ինչևէ, Քիրամը դժգոհ էր ստացած նվերից։ Պատճառը թերևս այն էր, որ հեթանոս բնակիչները բարվոք վիճակում չէին պահում իրենց բնակավայրը, կամ քաղաքները լավ աշխարհագրական դիրք չունեին։
11։4 — Արդյոք զառամյալ լինե՞լը պատճառ եղավ, որ Սողոմոնը տարեց հասակում անհավատարիմ գտնվեց։ Ըստ ամենայնի, ո՛չ։ Սողոմոնը բավական երիտասարդ էր, երբ սկսեց իշխել, ու դեռևս խոր ծերության չէր հասել, երբ ավարտեց իր 40–ամյա կառավարումը։ Բացի այդ, նա լիովին չէր հեռացել Եհովայից։ Նա ակներևաբար փորձեց համատեղել Եհովայի երկրպագությունն ու կեղծ աստվածների պաշտամունքը։
Դասեր մեզ համար
2։26, 27, 35. Եհովայի ասածը միշտ կատարվում է։ Աբիաթարի՝ Հեղիի հետնորդի պաշտոնանկությամբ կատարվեց Եհովայի «խօսքը, որ ասել էր Հեղիի տան վերայ»։ Իսկ այն, որ Աբիաթարին փոխարինեց Սադովկը՝ Փենեհեսի շառավղից, Թուոց 25։10–13 համարների կատարումն էր նշանակում (Ելից 6։25; Ա Թագաւորաց 2։31; 3։12; Ա Մնացորդաց 24։3)։
2։37, 41–46. Որքա՜ն վտանգավոր է խորհելը, թե կարելի է խախտել դրված արգելքը ու անպատիժ մնալ։ Ովքեր գիտակցաբար որոշում են դուրս գալ ‘նեղ ճանապարհից, որը տանում է դեպի կյանք’, կքաղեն այդ անխոհեմ քայլի դառը պտուղները (Մատթէոս 7։14)։
3։9, 12–14. Եթե Աստծու ծառաներն անկեղծ սրտով աղոթում են՝ խնդրելով իմաստություն, հասկացողություն և առաջնորդություն նրա կամքը կատարելու համար, Եհովան պատասխանում է այդ աղոթքներին (Յակոբոս 1։5)։
8։22–53. Սրտանց երախտագիտության ինչպիսի՜ խոսքեր է ասում Սողոմոնը Եհովային՝ սիրառատ բարության Աստծուն, խոստումներ Կատարողին և աղոթք Լսողին։ Խորհրդածելով տաճարի հանդիսավոր բացման ժամանակ Սողոմոնի ասած աղոթքի շուրջ՝ մենք կավելացնենք մեր գնահատանքը Աստծու անձնավորության այս և ուրիշ առանձնահատկությունների համար։
11։9–14, 23, 26. Երբ Սողոմոնն իր կյանքի վերջին տարիներին անհնազանդ գտնվեց, Եհովան նրա դեմ հակառակորդներ հանեց։ «Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս»,— ասում է Պետրոս առաքյալը (Ա Պետրոս 5։5)։
11։30–40. Իմանալով, թե ինչ է Աքիան մարգարեացել Հերոբովամի մասին՝ Սողոմոնը փորձեց սպանել Հերոբովամին։ Այնինչ մոտ 40 տարի առաջ թագավորը բոլորովին այլ կերպ էր վարվել՝ չցանկանալով վրեժ առնել Ադոնիայից և մյուս դավադիրներից (Գ Թագաւորաց 1։50–53)։ Նրա մտայնության փոփոխության պատճառը Եհովայից հեռանալն էր։
ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՎՈՒՄ Է
Հերոբովամն ու ժողովուրդը գալիս են Ռոբովամ թագավորի մոտ և խնդրում նրան, որ թեթևացնի իր հոր՝ Սողոմոնի դրած բեռը։ Խնդրանքը բավարարելու փոխարեն՝ Ռոբովամը սպառնում է նույնիսկ ավելի ծանր բեռ դնել նրանց վրա։ Տասը ցեղեր ապստամբություն են բարձրացնում և Հերոբովամին թագավոր նշանակում իրենց վրա։ Թագավորությունը պառակտվում է։ Ռոբովամն իշխում է հարավային թագավորության վրա, որի մեջ մտնում են Հուդայի և Բենիամինի ցեղերը, իսկ Հերոբովամը կառավարում է Իսրայելի տասցեղ հյուսիսային թագավորությունը։
Որպեսզի ժողովուրդը երկրպագության նպատակով չգնա Երուսաղեմ, Հերոբովամը երկու ոսկե հորթ է շինում՝ մեկը տեղադրելով Դանում, մյուսը՝ Բեթելում։ Իսրայելում Հերոբովամից հետո իշխած թագավորներից են՝ Նադաբը, Բաասան, Էլան, Զամրին, Թաբնին, Ամրին, Աքաաբը և Ոքոզիան։ Աբիամը, Ասան, Հովսափատը և Հովրամը հաջորդեցին Ռոբովամին Հուդայում։ Այն օրերի մարգարեներից էին՝ Աքիան, Սեմայիան, մի Աստծու մարդ, որի անունն անհայտ է, ինչպես նաև Հեուն, Եղիան և Միքիան։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
18։21 — Ինչո՞ւ մարդիկ լուռ մնացին, երբ Եղիան նրանց ասաց, որ կա՛մ Եհովային հետևեն, կա՛մ Բահաղին։ Հնարավոր է, նրանք հասկացան, որ թերացել են բացարձակ նվիրվածություն ցուցաբերել Եհովայի հանդեպ, ուստիև մեղավոր զգացին իրենց։ Կամ՝ գուցե նրանց խիղճն այնքան էր անզգայացել, որ նրանք ոչ մի սխալ բան չէին տեսնում միաժամանակ Բահաղին ու Եհովային երկրպագելու մեջ։ Այն բանից հետո միայն, երբ Եհովան դրսևորեց իր զորությունը, նրանք ասացին. «Եհովան է Աստուած, Եհովան է Աստուած» (Գ Թագաւորաց 18։39)։
20։34 — Ինչո՞ւ Աքաաբը խնայեց ասորիների Բենադադ թագավորին այն բանից հետո, երբ Եհովան իրեն հաղթանակ տվեց նրանց նկատմամբ։ Փոխանակ Բենադադին սպանելու՝ Աքաաբը դաշինք կնքեց նրա հետ, համաձայն որի՝ Աքաաբը Դամասկոսում՝ Ասորիքի մայրաքաղաքում, հրապարակներ էր ունենալու, ըստ երևույթին, շուկաներ բացելու համար։ Ավելի վաղ Բենադադի հայրը նույն ձևով Սամարիայում հրապարակներ էր ստացել առևտրական նպատակներով։ Փաստորեն, Աքաաբը Բենադադին ազատ արձակեց, որպեսզի կարողանար Դամասկոսում իր առևտրական շահերն առաջ տանել։
Դասեր մեզ համար
12։13, 14. Երբ կենսական կարևորություն ունեցող որոշումներ կայացնելու առջև ենք կանգնած, պետք է խորհուրդ հարցնենք իմաստուն և հասուն անձնավորություններից, որոնք Գրությունները լավ են հասկանում և բարձր են գնահատում Աստծու չափանիշները։
13։11–24. Այն խորհուրդը կամ առաջարկությունը, որը կասկածելի է թվում մեզ, պետք է ստուգել Աստծու Խոսքի լույսի ներքո, նույնիսկ եթե այն տրվում է բարի մտադրություններ ունեցող հավատակցի կողմից (Ա Յովհաննէս 4։1)։
14։13. Եհովան քննում է մեզ ամբողջությամբ, որպեսզի մեր մեջ բարի բան գտնի։ Որքան էլ աննշան դա լինի, նա կարող է այդ բարի բանը նշանակալից դարձնել, եթե մենք մեր լավագույնը ներդնենք նրա ծառայության մեջ։
15։10–13. Մենք պետք է խիզախորեն մերժենք հավատուրացությունը և ամեն կերպ աջակցենք ճշմարիտ երկրպագությանը։
17։10–16. Սարեփթացի այրին հասկացավ, որ Եղիան մարգարե է և նրան ընդունեց որպես այդպիսին։ Նա իր հավատի գործերի համար Եհովայի կողմից օրհնվեց։ Այսօր Եհովան նույնպես նկատում է իր ծառաների հավատի գործերը և նրանց պարգևատրում է Թագավորության գործին տարբեր կերպերով աջակցելու համար (Մատթէոս 6։33; 10։41, 42; Եբրայեցիս 6։10)։
19։1–8. Ուժգին հակառակության ժամանակ կարող ենք վստահ լինել Եհովայի աջակցության մեջ (Բ Կորնթացիս 4։7–9)։
19։10, 14, 18. Ճշմարիտ երկրպագուները երբեք միայնակ չեն։ Նրանք իրենց կողքին ունեն Եհովային ու համաշխարհային եղբայրությանը։
19։11–13. Եհովան բնության ուժերի անձնավորում չէ։
20։11. Երբ Բենադադը պարծեցավ, որ կավերի Սամարիան, Իսրայելի թագավորն ասաց. «Թող չ’պարծենայ գօտին [իր զենքերը ճակատամարտին պատրաստվելու համար] կապողը իբրեւ [մեկը, որը հանում է իր զենքերը մարտից հաղթանակով վերադարձածի պես]»։ Եթե մեզ նոր առաջադրանք է տրվում, ապա պետք է խուսափենք ավելորդ ինքնավստահությունից, ինչը հատուկ է պարծենկոտներին (Առակաց 27։1; Յակոբոս 4։13–16)։
Մեծ արժեք ունի մեզ համար
Սինա լեռան մոտ Օրենքի դրույթները ներկայացնելիս Մովսեսը Իսրայելի որդիներին ասաց. «Ահա ես այսօր ձեր առաջին դնում եմ օրհնութիւն եւ անէծք. օրհնութիւնը՝ եթէ լսէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին, որոնք ես այսօր ձեզ պատուիրում եմ. եւ անէծքը՝ եթէ չ’լսէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին եւ խոտորուէք այն ճանապարհից որ ես այսօր ձեզ պատուիրում եմ» (Բ Օրինաց 11։26–28)։
Ի՜նչ հստակորեն է այս կարևոր ճշմարտությունը ներկայացվում մեր ուշադրությանը «Գ Թագաւորաց» գրքում։ Ինչպես տեսանք, այս գիրքը նաև ուրիշ կարևոր բաներ է մեզ սովորեցնում։ Այո՛, նրա պատգամն իսկապես կենդանի է և զորավոր (Եբրայեցիս 4։12)։
[նկար 29–րդ էջի վրա]
Սողոմոնի կառուցած տաճարը և մյուս շենքերը
[նկար 30–րդ և 31–րդ էջերի վրա]
Այն բանից հետո, երբ Եհովան դրսևորեց իր զորությունը, ժողովուրդը բացականչեց. «Եհովան է Աստուած»