Ելք
23 «Սուտ լուրեր չտարածես:+ Անօրեն մարդու հետ չհամագործակցես՝ դառնալով չարակամ վկա:+ 2 Բազմությանը հետևելով՝ չար գործեր չանես: Մեծամասնությանը հաճեցնելու համար արդարությունը խեղաթյուրող վկայություն չտաս: 3 Աղքատ մարդու գործը քննելիս նրա կողմը չբռնես, ինչ է թե նա աղքատ է:+
4 Եթե տեսնես թշնամուդ մոլորված ցուլը կամ էշը, այն պետք է նրան վերադարձնես:+ 5 Եթե տեսնես, որ քեզ ատողի էշը բեռի ծանրությունից գետնին է ընկել, ապա անտարբեր չանցնես: Օգնիր նրան, որ կենդանուն բեռից ազատի:+
6 Աղքատի դատական գործը քննելիս նրա հանդեպ անարդար չվարվես:+
7 Կեղծ մեղադրանքի մեջ բաժին չունենաս: Անմեղ ու արդար մարդու մահվան պատճառ չլինես. այդպիսի չարիք անողին ես արդար չեմ հայտարարի:*+
8 Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է արդար դատողին և կարող է աղավաղել արդար մարդկանց խոսքերը:+
9 Պանդուխտին չճնշես, քանի որ գիտես՝ ինչ է նշանակում պանդուխտ լինել: Չէ՞ որ դուք էլ եք պանդուխտ եղել Եգիպտոսում:+
10 Վեց տարի հողդ ցանիր և հավաքիր դրա բերքը,+ 11 իսկ յոթերորդ տարում մի՛ մշակիր այն. թող հանգստանա: Ինչ որ աճի, թող քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ ինչ որ նրանք թողնեն, վայրի կենդանիները կուտեն: Այդպես պետք է վարվես նաև քո խաղողի և ձիթենու այգու հետ:
12 Վեց օր քո գործն արա, իսկ յոթերորդ օրը պետք է դադար տաս, որ քո ցուլն* ու էշը հանգստանան, և ծառադ* ու պանդուխտը վերականգնեն իրենց ուժերը:+
13 Տես, որ կատարես իմ ասած բոլոր բաները.+ ուրիշ աստվածների անունները չհիշատակես:* Դրանք չպետք է հնչեն քո շուրթերից:+
14 Տարին երեք անգամ իմ պատվին տոն նշիր:+ 15 Նշիր Անթթխմոր հացերի տոնը.+ յոթ օր անթթխմոր հաց կուտես, ինչպես որ պատվիրել եմ: Դա կանես աբիբ ամսվա մեջ՝+ նշանակված ժամանակին, քանի որ այդ ամսում դուրս եկար Եգիպտոսից: Ոչ ոք թող դատարկաձեռն չներկայանա իմ առաջ:+ 16 Նաև նշիր Հնձի տոնը,* երբ կքաղես քո արտում ցանածի առաջին պտուղները՝ աշխատանքիդ արդյունքը:+ Իսկ տարվա վերջում նշիր Բերքահավաքի տոնը,* երբ արտից կհավաքես քո աշխատանքի վերջին պտուղները:+ 17 Տարին երեք անգամ ձեր բոլոր տղամարդիկ պետք է ներկայանան ճշմարիտ Տիրոջ՝ Եհովայի առաջ:+
18 Ինձ համար բերված զոհի արյունը չմատուցես թթխմորով պատրաստված որևէ բանի հետ: Իմ տոների ժամանակ ինձ մատուցվող ճարպը չպետք է մնա մինչև առավոտ:
19 Հողիդ առաջին բերքի լավագույն պտուղները պետք է բերես քո Աստված Եհովայի տուն:+
Ուլն իր մոր կաթի մեջ չեփես:+
20 Ես հրեշտակ եմ ուղարկում, որ ձեր առջևից գնալով՝+ ճանապարհին պահպանի ձեզ ու բերի այն վայրը, որը պատրաստել եմ ձեզ համար:+ 21 Լսե՛ք և հնազանդվե՛ք նրան: Նրա դեմ մի՛ ապստամբեք, որովհետև նա չի ների ձեր հանցանքները.+ չէ՞ որ նա իմ անունից է գործում:* 22 Սակայն եթե անվերապահորեն հնազանդվեք նրա ձայնին ու անեք այն ամենը, ինչ ասում եմ, ապա ես թշնամություն կանեմ ձեր թշնամիների հետ և դուրս կգամ նրանց դեմ, ովքեր դուրս կգան ձեր դեմ: 23 Իմ հրեշտակը կգնա ձեր առջևից ու կտանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ու ես բնաջինջ կանեմ նրանց:+ 24 Չխոնարհվեք նրանց աստվածների առաջ, չծառայեք դրանց* և չորդեգրեք այդ ազգերի սովորույթները:+ Նրանց կուռքերը կոչնչացնեք և նրանց սուրբ սյուները ջարդուփշուր կանեք:+ 25 Դուք պետք է Եհովային՝ ձեր Աստծուն ծառայեք,+ և ես կօրհնեմ ձեր հացն ու ջուրը:+ Ձեր միջից կվերացնեմ հիվանդությունը:+ 26 Ձեր երկրում կանայք չեն վիժի, ոչ էլ անպտուղ կլինեն:+ Ես երկար կյանք կտամ ձեզ:
27 Այնպես կանեմ, որ ձեր գնալուց առաջ իմ ահը տարածվի բոլոր այն ժողովուրդների մեջ,+ որոնց հանդիպելու եք: Ես շփոթության մեջ կգցեմ նրանց: Ձեր բոլոր թշնամիները, պարտության մատնված, կփախչեն ձեզանից:+ 28 Նախքան ձեր գնալը վհատության* մեջ կգցեմ ձեր թշնամիներին+ և ձեր առջևից կքշեմ խևացիներին, քանանացիներին ու քետացիներին:+ 29 Նրանց ձեր առջևից կքշեմ, բայց ոչ մեկ տարում, որպեսզի երկիրը չամայանա, և վայրի կենդանիները չշատանան ու չվնասեն ձեզ:+ 30 Ես աստիճանաբար կքշեմ նրանց, մինչև որ բազմանաք ու տիրանաք այդ երկրին:+
31 Ձեր սահմանը կտարածեմ Կարմիր ծովից մինչև փղշտացիների ծովը և անապատից մինչև Եփրատ գետը,*+ իսկ այդ տարածքի բնակիչներին ձեր ձեռքը կտամ, և դուք կվռնդեք նրանց:+ 32 Ուխտ չկապեք նրանց հետ ու նրանց աստվածների հետ:+ 33 Նրանք չպետք է բնակվեն ձեր երկրում, որ չդրդեն ձեզ մեղք գործել իմ դեմ: Եթե ծառայեք նրանց աստվածներին, դա, անշուշտ, ծուղակ կդառնա ձեզ համար»:+