«Վարձատրություն կա ձեր գործերի համար»
ԱՍԱ թագավորը, զորքի գլուխ անցած, շտապում է Հուդայի լեռներից հովիտ իջնել՝ դեպի հարթավայր։ Ասայի առաջ մի տեսարան է բացվում։ Նա կանգ է առնում ու շնչակտուր ցած նայում։ Ներքևում՝ լայնատարած հարթավայրում, սփռված է եթովպացիների հսկայական բանակը։ Թշնամու զորքը մեկ միլիոնի է հասնում։ Իսկ Ասայի զորքը ընդամենը 580000 հոգուց է բաղկացած։
Մարտն անխուսափելի է։ Ինչի՞ մասին է մտածում Ասան։ Թե ինչ հրահանգներ տա իր հրամանատարների՞ն։ Ինչպես քաջալերի իր զինվորների՞ն։ Ինչ նամակ գրի իր ընտանիքի՞ն։ Ո՛չ։ Այս դժվար պահին Ասան աղոթում է։
Նախքան կիմանանք, թե նա ինչ աղոթեց և թե ինչ եղավ հետո, տեսնենք՝ ինչպիսի մարդ էր Ասան։ Ի՞նչը մղեց նրան այդպես վարվելու։ Արդյոք ճի՞շտ արեց՝ օգնություն խնդրելով Աստծուց։ Ասայի պատմությունից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե Եհովան ինչպես է օրհնում իր ծառաներին։
ՈՎ ԷՐ ԱՍԱՆ
Իսրայելը երկու թագավորությունների բաժանվելուց հետո 20 տարվա ընթացքում Հուդան ամբողջությամբ ապականվել էր հեթանոսական սովորություններով։ Մ.թ.ա. 977-ին, երբ Ասան գահակալվեց, նույնիսկ արքունիքն էր պղծված քանանացիների պտղաբերության աստվածների երկրպագությամբ։ Սակայն Ասայի թագավորության մասին ներշնչված տարեգրության մեջ կարդում ենք, որ նա «արեց այն, ինչը բարի ու ճիշտ էր իր Աստծու՝ Եհովայի աչքում»։ Ասան «կործանեց օտար զոհասեղաններն ու բարձունքները, ջարդուփշուր արեց սուրբ սյուներն ու կոտրեց սուրբ ձողերը» (2 Տար. 14։2, 3)։ Նաև երկրից վռնդեց «տաճարային պոռնիկներին», որոնք կրոնի անունից սոդոմական մեղքեր էին գործում։ Ասան չբավարարվեց դրանով։ Նա ժողովրդին հորդորեց «փնտրել իրենց հայրերի Աստված Եհովային և պահել օրենքն ու պատվիրանները» (1 Թագ. 15։12, 13; 2 Տար. 14։4)։
Եհովային հաճելի էր Ասայի նախանձախնդրությունը ճշմարիտ երկրպագության հանդեպ, և նա վարձատրեց նրան՝ խաղաղ ժամանակներ տալով։ Ուստի թագավորը կարող էր ասել. «Մենք փնտրեցինք մեր Աստված Եհովային։ Մենք փնտրեցինք նրան, և նա մեզ ամեն կողմից հանգստություն տվեց»։ Օգտվելով իրավիճակից՝ ժողովուրդը ամրացրեց Հուդայի քաղաքները։ «Նրանք սկսեցին կառուցել և հաջողություն ունեցան»,— ասում է Աստվածաշունչը (2 Տար. 14։1, 6, 7)։
ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ
Իմանալով, թե ով էր Ասան, չպետք է զարմանանք, որ, բախվելով Սուրբ Գրքում նշված ամենամեծ մարդկային բանակին, նա աղոթեց։ Ասան գիտեր, որ Աստված օրհնում է հավատով արված գործերը։ Իր աղոթքում թագավորը աղերսեց, որ Եհովան օգնի իրենց։ Նա հասկանում էր, որ եթե ապավինի Աստծուն ու նրա տված աջակցությանը, թշնամու մեծաքանակ ու զորեղ լինելը ոչ մի նշանակություն չի ունենա։ Այս պայքարում Եհովայի անունն էր ներգրավված, այդ պատճառով Ասան աղոթքում խնդրեց. «Օգնի՛ր մեզ, Եհո՛վա, մեր Աստվա՛ծ, չէ՞ որ մենք քեզ ենք ապավինում ու քո անունով ենք դուրս եկել այս բազմության դեմ։ Եհո՛վա, դո՛ւ ես մեր Աստվածը։ Թույլ մի՛ տուր, որ մահկանացու մարդը քեզանից զորավոր լինի» (2 Տար. 14։11)։ Նա կարծես ասում էր. «Եհո՛վա, եթովպացիները հարձակվել են քեզ վրա։ Թույլ մի՛ տուր, որ նրանք, որ ընդամենը մարդ են, քո անունը կրող ժողովրդին կործանելով՝ անարգեն քո անունը»։ Ի պատասխան աղոթքին՝ «Եհովան պարտության մատնեց եթովպացիներին Ասայի ու Հուդայի առաջ, և եթովպացիները փախուստի դիմեցին» (2 Տար. 14։12)։
Այսօր Եհովայի ժողովուրդը զորեղ շատ հակառակորդներ ունի։ Մենք բառացի զենք ու զրահով մարտի դաշտ դուրս չենք գալիս նրանց դեմ։ Սակայն կարող ենք վստահ լինել, որ Եհովան հաղթանակով կվարձատրի իր բոլոր հավատարիմ ծառաներին, որոնք իր անվան համար հոգևոր պատերազմ են մղում։ Այդ պատերազմում պետք է ջանք թափենք, որ հանդուրժողական չլինենք անբարոյության հանդեպ, պայքարենք մեր իսկ թերությունների դեմ և պաշտպանենք մեր ընտանիքը ապականիչ ազդեցություններից։ Ինչպիսի մարտահրավերի առաջ էլ որ կանգնած լինենք, կարող ենք քաջալերվել Ասայի աղոթքից։ Նրա հաղթանակը Եհովայի հաղթանակն էր։ Ասայի դեպքը ցույց է տալիս, թե ինչ կարող են ակնկալել բոլոր նրանք, ովքեր Աստծուն են ապավինում։ Մարդկային ոչ մի ուժ չի կարող դեմ կանգնել Եհովային։
ՔԱՋԱԼԵՐԱՆՔ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Երբ Ասան վերադառնում էր մարտի դաշտից, Ազարիա մարգարեն նրան ընդառաջ դուրս եկավ։ Նա և՛ քաջալերեց, և՛ նախազգուշացում տվեց՝ ասելով. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ Ասա և Հուդայի ու Բենիամինի բոլոր բնակիչներ։ Եհովան ձեզ հետ է, քանի դեռ դուք նրա հետ եք։ Եթե փնտրեք նրան, նա թույլ կտա, որ գտնեք իրեն, բայց եթե թողնեք նրան, նա էլ ձեզ կթողնի.... Դուք քաջ եղեք, և ձեր ձեռքերը թող չթուլանան, որովհետև վարձատրություն կա ձեր գործերի համար» (2 Տար. 15։1, 2, 7)։
Այս խոսքերը կարող են զորացնել մեր հավատը։ Դրանք ցույց են տալիս, որ քանի դեռ հավատարմորեն ծառայում ենք Եհովային, նա մեզ հետ կլինի։ Երբ օգնություն աղերսենք նրանից, կարող ենք վստահ լինել, որ կլսի մեզ։ «Քաջ եղեք»,— ասաց Ազարիան։ Հաճախ ճիշտն անելու համար մեծ քաջություն է պահանջվում, բայց գիտենք, որ Եհովայի օգնությամբ կկարողանանք անել։
Ասան դժվար առաջադրանք ուներ կատարելու՝ զրկել իր տատ Մաաքային արքունիքում ունեցած դիրքից՝ «տիկնությունից», քանի որ վերջինս «զզվելի կուռք էր շինել սուրբ ձողին երկրպագելու համար»։ Նա զրկեց իր տատին «տիկնությունից» և այրեց նրա պատրաստած կուռքը (1 Թագ. 15։13)։ Ասան օրհնվեց իր վճռականության և քաջության համար։ Մենք նույնպես պետք է ամուր կառչենք Եհովային և նրա արդար չափանիշներին, անկախ նրանից՝ մեր հարազատները նվիրված են Աստծուն, թե ոչ։ Եթե այդպես վարվենք, Եհովան կվարձատրի մեզ հավատարմության համար։
Ասան վարձատրվեց նաև նրանով, որ հավատուրաց հյուսիսային թագավորությունից շատ մարդիկ, տեսնելով, որ Եհովան նրա հետ է, եկան Հուդա։ Նրանց համար այնքան թանկ էր մաքուր երկրպագությունը, որ որոշեցին թողնել իրենց տները և ապրել Եհովային ծառայող մարդկանց հետ։ Ասան և ողջ Հուդան ուրախությամբ «ուխտ արեցին, որ.... Եհովային կփնտրեն իրենց ամբողջ սրտով ու ամբողջ հոգով»։ Արդյունքում՝ Աստված «թույլ տվեց, որ նրանք գտնեն իրեն»։ Եվ «Եհովան շրջապատի բոլոր թշնամիներից հանգստություն էր տալիս նրանց» (2 Տար. 15։9–15)։ Որքա՜ն ենք ուրախանում, երբ արդարություն սիրողները մաքուր երկրպագության կողմն են բռնում։
Սակայն Ազարիա մարգարեն նաև նախազգուշացրեց. «Եթե թողնեք [Եհովային], նա էլ ձեզ կթողնի»։ Թող որ երբեք նման բան չպատահի մեզ, քանի որ դրա հետևանքները կարող են ողբերգական լինել (2 Պետ. 2։20–22)։ Աստվածաշունչը չի հայտնում, թե ինչու Եհովան այս նախազգուշացումը տվեց Ասային, սակայն տեղեկացնում է, որ թագավորը չհետևեց դրան։
«ԴՈՒ ՀԻՄԱՐԱԲԱՐ ԳՈՐԾԵՑԻՐ»
Ասայի թագավորության 36-րդ տարում Իսրայելի Բաասա թագավորը հարձակվեց Հուդայի վրա։ Հավանաբար որպեսզի կանխի իր հպատակների՝ Ասայի կողմն անցնելն ու մաքուր երկրպագությանը թիկունք կանգնելը, Բաասան սկսեց ամրացնել սահմանամերձ Ռամա քաղաքը, որը Երուսաղեմից 8 կիլոմետր դեպի հյուսիս էր գտնվում։ Այս անգամ Ասան, Աստծուց օգնություն խնդրելու փոխարեն, դիմեց մարդու օգնությանը։ Նա նվերներ ուղարկեց Ասորիքի թագավորին՝ խնդրելով, որ հարձակվի Իսրայելի հյուսիսային թագավորության վրա։ Ասորիքը ընդառաջեց այդ խնդրանքին, և նրա մի քանի հարձակումից հետո Բաասան հեռացավ Ռամայից (2 Տար. 16։1–5)։
Եհովային դուր չեկավ Ասայի արածը, և Հանանի մարգարեին ուղարկեց նրա մոտ՝ այդ մասին ասելու։ Քաջատեղյակ լինելով, թե Աստված ինչպես էր վարվել եթովպացիների հետ, Ասան պետք է հասկացած լիներ, որ Եհովայի «աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է»։ Գուցե Ասային ինչ-որ մեկը սխալ խորհուրդ էր տվել, կամ թերևս նա մտածել էր, թե Բաասան ու նրա զորքը այնքան էլ մեծ սպառնալիք չեն և այս անգամ կարող է ինքնուրույն հաղթել թշնամուն։ Որն էլ լիներ իրականությունը, Ասան, Եհովային ապավինելու փոխարեն, իր հասկացողությամբ վարվեց։ «Դու հիմարաբար գործեցիր,— ասաց Հանանին,— դրա համար էլ սրանից հետո քո դեմ պատերազմներ են մղվելու» (2 Տար. 16։7–9)։
Այդ խոսքերին Ասան բացասաբար արձագանքեց։ Զայրացած՝ նա Հանանի մարգարեին կոճղի մեջ դրեց (2 Տար. 16։10)։ Հնարավոր է՝ նա մտածեց. «Երկար տարիներ է՝ հավատարիմ եմ Եհովային։ Մի՞թե արժանի էի հանդիմանության»։ Արդյոք տարեց հասակում Ասան կորցրե՞լ էր սթափ մտածելու կարողությունը։ Աստվածաշունչն այդ մասին լռում է։
Իր թագավորության 39-րդ տարում Ասայի ոտքերը սկսեցին ցավել, և նա ծանր հիվանդացավ։ «Նույնիսկ իր հիվանդության մեջ օգնության համար նա չփնտրեց Եհովային, այլ դիմեց բժիշկներին»,— ասում է Աստվածաշունչը։ Այդ ժամանակ Ասան թերևս ուշադրություն չէր դարձնում իր հոգևոր առողջությանը։ Ակներևաբար, հենց այդ վիճակում և հենց այդ մտածելակերպն ունենալով էլ նա մահացավ իր թագավորության 41-րդ տարում (2 Տար. 16։12–14)։
Այդուհանդերձ, Ասայի լավ հատկություններն ու մաքուր երկրպագության հանդեպ նախանձախնդրությունը ավելի մեծ կշիռ ունեին, քան նրա սխալները։ Նա երբեք չդադարեց Եհովային ծառայելուց (1 Թագ. 15։14)։ Ի՞նչ կարող ենք սովորել Ասայի կենսագրությունից։ Մենք պետք է խորհրդածենք այն բանի շուրջ, թե ինչպես է Եհովան անցյալում օգնել մեզ, քանի որ, երբ նոր փորձությունների բախվենք, այս թանկ հիշողությունները կմղեն մեզ աղոթելու նրան օգնության համար։ Սակայն չպետք է մտածենք, որ, եթե տարիներով հավատարմորեն ծառայել ենք Աստծուն, Աստվածաշնչի վրա հիմնված խորհրդի կարիք չունենք։ Անկախ նրանից՝ ինչպիսի համբավ ունենք, Եհովան կհանդիմանի մեզ, եթե սխալ գործենք։ Խորհրդից օգուտ ստանալու համար հարկավոր է հեզությամբ ընդունել այն։ Սովորում ենք նաև, որ մեր երկնային Հայրը մեզ հետ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք նրա հետ ենք։ Եհովան դիտում է ողջ երկիրը, որպեսզի գտնի նրանց, ովքեր հավատարիմ են իրեն։ Նա վարձատրում է այդ անհատներին՝ իր զորությունը գործադրելով հօգուտ նրանց։ Եհովան այդպես վարվեց Ասայի պարագայում։ Նա կարող է այդպես վարվել նաև մեր պարագայում։
[մեջբերում 9-րդ էջի վրա]
Եհովան վարձատրում է բոլոր հավատարիմներին, ովքեր հոգևոր պատերազմ են մղում
[մեջբերում 10-րդ էջի վրա]
Քաջություն է պահանջվում անելու համար այն, ինչը ճիշտ է Եհովայի աչքին