«Սիրտդ ուղի՞ղ է»
«Եկ ինձ հետ եւ տես իմ նախանձաւորութիւնը Տիրոջ համար» (Դ Թագաւորաց 10։16)։
1, 2. ա) Ինչպե՞ս վատթարացավ Իսրայելի կրոնական վիճակը։ բ) Ի՞նչ տպավորիչ դեպքեր սկսեցին տեղի ունենալ Իսրայելում մ.թ.ա. 905 թ.–ին։
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ մ.թ.ա. 905 թվականը մեծ փոփոխությունների տարի էր։ Գրեթե մեկ դար առաջ Եհովան Սողոմոնի ուխտադրժության պատճառով մասնատել էր Իսրայելի միացյալ թագավորությունը (Գ Թագաւորաց 11։9—13)։ Հարավային թագավորությունը՝ Հուդան, անցել էր Սողոմոնի որդի Ռոբովամին, իսկ հյուսիսայինը՝ Իսրայելը, եփրաթացի Հերոբովամին։ Դժբախտաբար, հյուսիսային թագավորությունն աղետալի սկիզբ ունեցավ. Հերոբովամը չուզեց, որ իր հպատակները ճանապարհորդեն հարավային թագավորություն տաճարում երկրպագելու՝ վախենալով, որ նրանց գլխում միտք կծագի Դավթի տուն վերադառնալ։ Այս մտքերով տարված՝ նա Իսրայելում հորթի պաշտամունքը հիմնադրեց և դրանով իսկ կռապաշտության օրինակ թողեց, որը հյուսիսային թագավորության պատմության մեջ տևեց որոշ ժամանակ (Գ Թագաւորաց 12։26—33)։
2 Հանգամանքները վատթարացան, երբ Ամրիի որդի Աքաաբը դարձավ թագավոր։ Նրա այլազգի կին Հեզաբելը նպաստեց Բահաղի պաշտամունքին և սպանեց Եհովայի մարգարեներին։ Չնայած Եղիա մարգարեի անկեղծ զգուշացումներին, Աքաաբը ոչինչ չարեց կնոջը կանխելու համար։ Ապա մ.թ.ա. 905–ին Աքաաբը մահացավ, և թագավորությունը ստանձնեց նրա որդի Հովրամը։ Երկիրը մաքրելու ժամանակը եկել էր։ Եղիայի հետնորդ Եղիսեն տեղեկացնում է զորավար Հեուին, որ Եհովան նրան օծում է որպես Իսրայելի հաջորդ թագավոր։ Նրա առաջադրանքն էր՝ հարված հասցնել Աքաաբի մեղսագործ տանը և Հեզաբելի թափած մարգարեների արյան վրեժն առնել (Դ Թագաւորաց 9։1—10)։
3, 4. Հովնադաբն ինչպե՞ս ցույց տվեց, որ իր ‘սիրտն ուղիղ է Հեուի սրտի հետ’։
3 Աստծո պատվիրանին հնազանդ՝ Հեուն սպանում է չար Հեզաբելին և անցնում Իսրայելը սրբելու գործին՝ տապալելով Աքաաբի տունը (Դ Թագաւորաց 9։15—10։14, 17)։ Այնուհետև հանդիպում է կողմնակցի։ «Գտաւ Ռեքաբի որդի Յովնադաբին իր դիմացը եւ նորան բարեւ տուաւ ու ասեց նորան. Սիրտդ ուղի՞ղ է, ինչպէս որ իմ սիրտը քո սրտի հետ. եւ Յովնադաբն ասեց Այո։ Թէ որ այո, ուրեմն ձեռքդ տուր. եւ նա ձեռքը տուաւ. եւ նա նորան վեր հանեց կառքը իր մօտ։ Եւ ասեց. Եկ ինձ հետ եւ տես իմ նախանձաւորութիւնը Տիրոջ համար. եւ նորան հեծացրին նորա կառքը» (Դ Թագաւորաց 10։15, 16)։
4 Հովնադաբն իսրայելացի չէր։ Այնուհանդերձ, նա Եհովայի երկրպագուն էր, ինչը ներդաշնակ էր նրա անվան իմաստի հետ (որը նշանակում է «Եհովան պատրաստ է», «Եհովան մեծահոգի է», «Եհովան առատաձեռն է») (Երեմիա 35։6)։ Իհարկե, ‘Տիրոջ համար Հեուի նախանձավորությունը’ տեսնելու նրա հետաքրքրությունը սովորական չէր։ Ինչպե՞ս գիտենք։ Իսրայելի օծված թագավորի հետ նրա հանդիպումը պատահական չէր։ Հովնադաբը «իր դիմացն» էր գալիս («իրեն ընդառաջ էր գալիս, ՆԱ»), և դա այն ժամանակ, երբ Հեուն արդեն վերացրել էր Հեզաբելին և Աքաաբի տան մնացած անդամներին։ Հովնադաբը տեղյակ էր, թե ինչ է տեղի ունենում, երբ ընդունեց կառք բարձրանալու Հեուի հրավերը։ Սուտ և ճշմարիտ երկրպագությունների միջև տեղի ունեցող ընդհարման մեջ նա, առանց երկմտելու, Հեուի և Եհովայի կողմն էր կանգնած։
Ժամանակակից Հեուն և Հովնադաբը
5. ա) Մարդկության համար շուտով ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան։ բ) Ո՞վ է Մեծն Հեուն, և ովքե՞ր են նրա ներկայացուցիչները երկրի վրա։
5 Հանգամանքները մարդկության համար հիմա էլ արմատապես կփոխվեն այնպես, ինչպես 905–ին՝ Իսրայելի համար։ Մոտ է ժամանակը, երբ Եհովան կսրբի երկիրը Սատանայի ազդեցության հետևանքներից՝ ներառյալ նաև կեղծ կրոնից։ Ո՞վ է ժամանակակից Հեուն։ Ոչ այլ ոք, եթե ոչ Հիսուս Քրիստոսը, որին էլ ուղղված են հետևյալ մարգարեական խոսքերը. «Սուրդ մէջքդ կապիր ով Հզօր. նա է քո պատիւը եւ քո փառքը։ Եւ քո փառքովը յաջողուիր, եւ ձի հեծիր ճշմարտութեան, եւ հեզութեան, եւ արդարութեան համար» (Սաղմոս 45։3, 4)։ Հիսուսին երկրի վրա ներկայացնում է «Աստծու Իսրայէլը»՝ օծյալ քրիստոնյաները, որոնք «Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի [Քրիստոսի] վկայութիւնն ունին» (Գաղատացիս 6։16; Յայտնութիւն 12։17, ԱԹ)։ 1922 թ–ից ի վեր Հիսուսի այս օծյալ եղբայրները անվախորեն նախազգուշացնում են Եհովայի գալիք դատաստանի մասին (Յայտնութիւն 8։7—9։21; 16։2—21)։
6. Ովքե՞ր են եկել տարբեր ժողովուրդներից՝ թիկունք կանգնելու օծյալ քրիստոնյաներին, և ինչպե՞ս են նրանք, այսպես ասած, մտել Մեծն Հեուի կառքը։
6 Օծյալ քրիստոնյաները մենակ չեն եղել։ Ինչպես Հովնադաբն ընդառաջ եկավ Հեուին դիմավորելու, այնպես էլ աշխարհի ժողովուրդներից բազում անհատներ դուրս են եկել թիկունք կանգնելու Հիսուսին՝ Մեծն Հեուին և ճշմարիտ երկրպագության մեջ նրա երկրային ներկայացուցիչներին (Զաքարիա 8։23)։ Հիսուսի կողմից նրա «այլ ոչխարներ» կոչված այս անհատները 1932 թ.–ին ճանաչվեցին որպես հին Հովնադաբի ժամանակակից համազորը և հրավիրվեցին ժամանակակից Հեուի ‘կառքը բարձրանալ’ (Յովհաննէս 10։16)։ Ինչպե՞ս։ ‘Աստուծոյ պատուիրանքները պահելով’ և մասնակցելով ‘Հիսուսի մասին վկայութիւն’ տալու գործին։ Ներկայումս դրա մեջ է մտնում Հիսուսի իշխանության տակ Աստծո հաստատված Թագավորության մասին բարի լուրը քարոզելը (Մարկոս 13։10)։ 1935–ին այս «հովնադաբները» ճանաչվեցին որպես Յայտնութիւն 7։9—17–ում նկարագրված «մեծ բազմութիւնը»։
7. Ներկայիս քրիստոնյաներն ինչպե՞ս են ցույց տվել, որ իրենց ‘սիրտն այժմ էլ ուղիղ է’ Հիսուսի սրտի հետ։
7 Սկսած 1930–ականներից մեծ բազմությունը և նրա օծյալ եղբայրները քաջաբար փաստել են ճշմարիտ պաշտամունքին իրենց կողմ լինելը։ Որոշ երկրներում՝ Արևելյան և Արևմտյան Եվրոպայում, Հեռավոր Արևելքում և Աֆրիկայում նրանցից շատերը զոհվել են իրենց հավատի համար (Ղուկաս 9։23, 24)։ Ուրիշ երկրներում բանտարկվել են, հարձակումների ենթարկվել կամ այլ կերպերով հետապնդվել (Բ Տիմոթէոս 3։12)։ Հավատի ինչպիսի՜ գերազանց ցուցաբերում։ Ըստ 1997 թ–ի ծառայողական տարվա հաշվետվության տեսնում ենք, որ նրանք հիմա էլ, ինչ էլ որ պատահի, վճռականորեն պատրաստ են ծառայելու Աստծուն։ Նրանց ‘սիրտն այժմ էլ ուղիղ է’ Հիսուսի սրտի հետ։ Դա ի հայտ եկավ 1997–ին, երբ թագավորության 5 599 931 քարոզիչներ, որոնք բոլորն էլ «հովնադաբներ» են, Հիսուսի մասին վկայություն տալու գործին նվիրեցին 1 179 735 841 ժամ։
Այժմ էլ քարոզում են եռանդով
8. Եհովայի վկաներն ինչպե՞ս են ցույց տվել իրենց եռանդը ճշմարիտ երկրպագության հանդեպ։
8 Հեուն կառքը մոլեգնաբար վարելու համբավ ուներ, ինչը որ իր առաջադրանքն ի կատար ածելու եռանդի առկայության մասին էր վկայում (Դ Թագաւորաց 9։20)։ Հիսուսի՝ Մեծն Հեուի մասին ասվում է, որ «նախանձը կերաւ» նրան (Սաղմոս 69։9)։ Ուստի զարմանալի չէ, որ ճշմարիտ քրիստոնյաներն այսօր աչքի են ընկնում իրենց եռանդով։ Թե՛ ժողովի ներսում, թե՛ հասարակության առջև նրանք ‘քարոզում են Աստծու խօսքը.... ժամանակին լինի թէ տարաժամ’ (Բ Տիմոթէոս 4։2)։ Նրանց եռանդը հատկապես ակնհայտ դարձավ 1997 թ.–ի սկզբին, երբ «Մեր թագավորության ծառայության» թերթիկում հրատարակված մի հոդվածի կոչից բազում անհատներ քաջալերվեցին մասնակցելու օժանդակ ռահվիրայական ծառայությանը։ Յուրաքանչյուր երկրում ռահվիրաների որոշակի քանակի նպատակակետ դրվեց։ Արձագա՞նքը... ուշագրավ էր։ Շատ մասնաճյուղեր գերազանցեցին նպատակակետը։ Էկվադորը 4 000 ռահվիրա ունենալու նպատակ էր դրել, սակայն մարտ ամսվա հաշվետվության մեջ գրանցվեց 6 936 օժանդակ ռահվիրա։ Ճապոնիան այդ երեք ամիսների հաշվետվությունում գրանցեց ընդհանուր թիվը՝ 104 215։ Զամբիան, որի նպատակակետը 6 000 էր, մարտ ամսին հաշվետվության մեջ գրանցեց 6 414, ապրիլին՝ 6 532, մայիսին՝ 7 695 օժանդակ ռահվիրա։ Ամբողջ աշխարհում օժանդակ և լիաժամ ռահվիրաների ընդհանուր քանակը եղել է 1 110 251 հոգի՝ 1996 թ.–ի համեմատությամբ աճը կազմել է 34,2 տոկոս։
9. Տնետուն քարոզից բացի ուրիշ ի՞նչ կերպերով են Եհովայի վկաները մարդկանց պատմում բարի լուրը։
9 Պողոս առաքյալը գրեց եփեսացի երեցներին. «Բնաւ չվարանեցի ձեզ պատմելու օգտակար բաներից եւ ուսուցանելու ձեզ հրապարակաւ եւ տանը» (Գործք 20։20)։ Եհովայի վկաներն այսօր հետևում են Պողոսի օրինակին և, տնետուն գնալով, եռանդորեն քարոզում բարի լուրը։ Սակայն մարդկանց իրենց տներում գտնելն այնքան էլ հեշտ չէ։ Այդ պատճառով էլ «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» հորդորում է Թագավորության քարոզիչներին այցելել մարդկանց նրանց աշխատավայրերում, մոտենալ փողոցում, լողափում, այգում՝ այնտեղ, որտեղ որ նրանց կհանդիպեն (Մատթէոս 24։45—47)։ Արդյունքները գերազանց են եղել։
10, 11. Երկու երկրներում քարոզիչներն ինչպե՞ս են հիանալի նախաձեռնություն ցուցաբերել հետաքրքրվող մարդկանց գտնելու համար, որոնց հետ չէին կարող տներում հանդիպել
10 Կոպենհագենում (Դանիա) քարոզիչների մի փոքր խումբ վկայություն էր տալիս երկաթուղային կայարանի մոտակա փողոցներում։ Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում նրանք տարածել են 4 733 ամսագիր, զրուցել են բազում մարդկանց հետ և բավականին շատ վերայցելություններ կատարել։ Այստեղի որոշ քարոզիչներ ամսագրեր բաժանելու երթուղիներ են հաստատել խանութներում։ Քաղաքներից մեկում ամեն ուրբաթ մեծ շուկա է լինում՝ հազարավոր այցելուներով։ Այնպես որ ժողովը կանոնավոր քարոզչություն էր կազմակերպել շուկայում։ Մի տարածքում նրանք այցելեցին դպրոցները՝ իրենց մոտ պատրաստի ունենալով հրատարակություններ, որոնք հարմար են հատկապես ուսուցիչներին։
11 Հավայիում նույնպես ջանքեր թափվեցին հասնելու նրանց, որոնց հնարավոր չէ տանը գտնել։ Հատուկ տարածքների մեջ են մտնում հասարակական տեղանքները (փողոցներ, այգիներ, ավտոկայաններ և ավտոբուսի կանգառներ), քաղաքի գործարար մասերը, հանրախանութները և օդանավակայանները, վկայությունները հեռախոսով, հասարակական փոխադրամիջոցները (քարոզ ավտոբուսներում), դպրոցների կամ համալսարանների տերիտորիաները։ Հոգ է տարվում, որպեսզի միևնույն տարածքում նշանակվեն ճիշտ թվով Վկաներ, և որպեսզի նշանակվածները պատշաճորեն պատրաստված լինեն։ Համանման ձևով լավ կազմակերպված ջանքերի մասին են հաղորդում նաև շատ երկրներ։ Որպես արդյունք՝ հանդիպում են հետաքրքրվող անհատներ, որոնց, թերևս, երբեք հնարավոր չլիներ գտնել տնետուն ծառայության ժամանակ։
Հաստատուն մնալ
12, 13. ա) Ինչպիսի՞ գործելակերպ է Սատանան բանեցրել Եհովայի վկաների դեմ 1997–ին։ բ) Ի՞նչ հակառակ արձագանք է գտել զրպարտությունը երկրներից մեկում։
12 Եհովայի վկաները 1997 թ.–ին մի շարք երկրներում դաժան, սուտ պրոպագանդայի զոհեր դարձան, որը հրահրվել էր նրանց դեմ հնարավոր օրինական գործողություններ հարուցելու նպատակով։ Սակայն Վկաները չնահանջեցին (Սաղմոս 112։7, 8)։ Այդ մարդիկ հիշում էին սաղմոսերգուի աղոթքը. «Ամբարտաւանները սուտ են հնարում ինձ վերայ. ես բոլոր սրտով կը պահեմ քո պատուիրանքները» (Սաղմոս 119։69)։ Այսպիսի սուտ հրապարակայնությունն ուղղակի փաստն է այն բանի, որ, ինչպես և մարգարեացել էր Հիսուսը, ճշմարիտ քրիստոնյաները պետք է ատված լինեն (Մատթէոս 24։9)։ Սակայն հաճախ այն հակառակ արձագանքն է ունենում։ Մի բելգիացի հանրահայտ օրաթերթերից մեկում Եհովայի վկաներին զրպարտող ստոր հոդվածի է հանդիպում։ Բամբասանքներից ցնցված՝ հաջորդ կիրակի այցելում է Թագավորության սրահում անցկացվող ժողովի հանդիպմանը։ Այնուհետև որոշում է ուսումնասիրել Աստվածաշունչը Վկաների հետ և սկսում արագորեն առաջադիմել։ Մինչ այդ այս մարդը հանցագործ խմբի անդամ էր։ Աստվածաշնչի ուսուցումն օգնում է կարգավորել իր կյանքը՝ մի բան, որը չվրիպեց նրան շրջապատող մարդկանց աչքից։ Իհարկե, այդ զրպարտիչ հոդվածի հեղինակն այդպիսի հետևանքների միտում չէր ունեցել...
13 Բելգիայում որոշ ազնիվ մարդիկ դուրս են եկել այսպիսի մոլորեցուցիչ լուրերի դեմ։ Նրանց մեջ էր երբեմնի մի փոխնախարար, որը հիացմունքով արտահայտվեց Եհովայի վկաների գործունեության մասին։ Իսկ մի պատգամավոր գրեց. «Պտտվող զրպարտություններին հակառակ, անձամբ գտնում եմ, որ [Եհովայի վկաները] պետության համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում։ Նրանք խաղաղասեր, բարեխիղճ և իշխանությունների հանդեպ հարգալից քաղաքացիներ են»։ Իսկապես իմաստուն են Պողոս առաքյալի խոսքերը. «Ցոյց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մէջ, որպէսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրեւ չարագործների, դրա մէջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառաւորեն Աստծուն նրա այցելութեան օրը» (Ա Պետրոս 2։12)։
Հիշատակի օրվա մեծ տոնակատարությունը
14. Հիշատակի երեկոյին ներկա գտնվողների քանակի մասին ինչպիսի՞ տպավորիչ հաշվետվություն ունենք։
14 Տրամաբանական է, որ Հիսուսի մասին վկայություն տվողները մեծ նշանակություն պիտի տան տարվա մեջ նրա մահվան Հիշատակի օրվան։ 1997 թ.–ի մարտի 23–ին այդ իրադարձությունը նշելու համար ներկա են գտնվել 14 322 226 հոգի։ Այս թիվը 1 400 000–ով գերազանցում է 1996 թ.–ի ներկաների թվին (Ղուկաս 22։14—20)։ Բազմաթիվ երկրներում Հիշատակի երեկոյին այցելած մարդկանց թիվը մեծապես գերազանցել է Թագավորության քարոզիչների թվին, ինչը և խոսում է ապագա աճի հիանալի հեռանկարի մասին։ Օրինակ՝ Հաիթիում 1997–ին քարոզիչների բարձրագույն թիվը 10 621 հոգի է կազմել, մինչդեռ Հիշատակի երեկոյին ներկա էին 67 259 հոգի։ 28 — 31 էջերի վրա գտնվող տարեկան հաշվետվության մեջ կարող ես նկատել, թե ուրիշ շատ երկրներ ներկաների համանման ինչպիսի քանակ են ներկայացրել՝ քարոզիչների թվի հետ համեմատած։
15. Որոշ երկրներում ինչպե՞ս են մեր եղբայրները լուրջ խոչընդոտներ հաղթահարել Հիշատակի երեկոն նշելու համար։
15 Ոմանց համար դյուրին չէր Հիշատակատոնին այցելելը։ Ալբանիայում քաղաքացիական խռովության պատճառով երեկոյան ժամը 7։00–ից պարետային ժամ էր սահմանված։ Հիշատակի երեկոն հանրապետությունում սկսվեց 17։45–ին հարյուր տասնհինգ փոքր խմբերում։ 18։08–ին՝ մայրամուտը սկիզբ տվեց նիսան 14–ին։ Խորհրդանիշները սկսեցին փոխանցվել մոտավորապես 18։15–ին։ Եզրափակիչ աղոթքն ասվեց ամենաուշը 18։30–ին, և ներկաները, մինչև պարետային ժամի սկսվելը շտապեցին տուն։ Այստեղ էլ այցելուների թիվը 3 154 էր՝ քարոզիչների բարձրագույն թվի՝ 1 090–ի հետ բաղդատած։ Աֆրիկյան երկրներից մեկում դարձյալ քաղաքացիական անհանգստությունների պատճառով անհնարին էր օգտվել Թագավորության սրահից, ուստի երկու երեց որոշեցին հանդիպել երրորդ երեցի տանը՝ պայմանավորվելու, որպեսզի տոնակատարությունն անցկացվի փոքր խմբերով։ Նրա տուն հասնելու համար ստիպված էին կտրել–անցնել կոյուղու տարածքը։ Այնուամենայնիվ, այդ մասը թեժ գոտի էր, և հրաձիգները կրակում էին յուրաքանչյուրի վրա, ով փորձում էր անցնել կոյուղին։ Երեցներից մեկն անփորձանք, վազքով անցավ։ Մյուսը դեռ անցնում էր, երբ կրակոց լսվեց։ Նա ընկավ գետնին և սողալով առաջ շարժվեց. իսկ գլխավերևում սուլում էին փամփուշտները։ Երեցների հանդիպումը բարեհաջող կերպով տեղի ունեցավ, և ժողովի կարիքների մասին լիովին հոգ տարվեց։
«Բոլոր հեթանոսներից և բոլոր ազգերից, բոլոր լեզուներից»
16. Ինչպե՞ս է հավատարիմ և իմաստուն ծառայի դասակարգը քայլեր ձեռնարկել բարի լուրը փոքր լեզվախմբերի մեջ տարածելու համար։
16 Հովհաննես առաքյալը գրեց, որ մեծ բազմությունը գալու էր «բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից» (Յայտնութիւն 7։9)։ Հենց այդ է պատճառը, որ Կառավարիչ մարմինը հոգ է տանում, որպեսզի գրականությունը ավելի ու ավելի շատ լեզուներով մատչելի դառնա նաև հեռավոր ցեղերին և փոքր ժողովուրդներին։ Մոզամբիկում, օրինակ, «Կյանքը խաղաղ, նոր աշխարհում» թերթիկը հրատարակվել է հինգ լրացուցիչ լեզուներով։ Նիկարագուայում «Հավիտյան ուրախացիր կյանքով երկրի վրա» գրքույկը մատչելի է դարձել միսկիտո լեզվով, որը «Դիտարան» ընկերության առաջին հրատարակությունն է այդ լեզվով։ Միսկիտո հնդկացիները ուրախությամբ են ընդունել գրքույկը՝ իրենց մայրենի լեզվով տեսնելով այդ գրականությունը։ 1997–ին կազմակերպությունը հավանություն է տվել հավելյալ 25 լեզուներով ևս գրականության տպագրմանը և թողարկել ավելի քան մեկ միլիոն ամսագիր։
17. Ո՞ր լեզվախմբին օգնություն ցույց տրվեց Կորեայում, և բնակչության այդ մասին ինչպիսի՞ օժանդակություն են ցուցաբերել տեսաժապավենները։
17 Կորեայում օգնություն ցույց տրվեց մեկ այլ լեզվախմբի։ 1997–ին առաջին անգամ համաժողով անցկացվեց կորեերեն ժեստերի լեզվով։ Կորեայում ժեստերի լեզվով տասնհինգ ժողով կա՝ 543 քարոզիչներով, իսկ համաժողովին ներկա էին 1 174 հոգի, և 21–ը մկրտվեցին։ Խուլերի համար, որոնք դժվարանում են ըմբռնել բանավոր և գրավոր խոսքը, տեսաժապավենների վրա ժեստերի լեզվով լույս են տեսնում 13 տարբեր հրատարակություններ։ Այսպիսով, խուլերին օգնություն է ցույց տրվում, որպեսզի «կարդան» և նույնիսկ ստանան բարի լուրի գիտությունը՝ հիանալի արդյունքներով։ Կար ժամանակ, երբ Միացյալ Նահանգներում հինգ տարի էր տևում, մինչև խուլուհամրն առաջադիմում էր դեպի մկրտություն։ Այժմ մի շարք տեսաֆիլմերի օգնությամբ, որոնք մատչելի են ամերիկյան ժեստերի լեզվով, որոշ խուլերի համար այն մեկ տարի է տևում։
‘Մնալ կառքի մեջ’
18. Ի՞նչ գործ սկսեց Հեուն Հովնադաբին հանդիպելուց հետո։
18 Մ.թ.ա. 905 թ.–ին, Հովնադաբին միանալուց հետո, Հեուն անցավ սուտ պաշտամունքը ոչնչացնելուն։ Նա հրավեր ուղարկեց Բահաղի բոլոր երկրպագուներին. «Սուրբ տօնախմբութիւն որոշեցէք Բահաղի համար»։ Ապա երկրով մեկ մարդիկ ուղարկեց՝ համոզվելու, որ Բահաղի ոչ մի երկրպագու աչքից չի վրիպել։ Երբ բազմությունը լցվեց սուտ աստծո հսկայական տաճարը, հոգ տարվեց, որպեսզի Եհովայի երկրպագուներից տաճարում չմնան։ Ի վերջո Հեուն և նրա զորքը բնաջինջ արեցին Բահաղի երկրպագուներին։ «Եւ Յէուն Բահաղին բնաջինջ արաւ Իսրայէլիցը» (Դ Թագաւորաց 10։20—28)։
19. Նկատի առնելով մարդկությանը սպասվող իրադարձությունները՝ ինչպիսի՞ ոգի պիտի ցուցաբերենք և ի՞նչ առաջադրանքով պիտի ժրաջանորեն զբաղվենք։
19 Այսօր կեղծ կրոնի վերջնական դատաստանը շատ մոտ է։ Հրեշտակների առաջնորդությամբ քրիստոնյաները հռչակում են բարի լուրը ողջ մարդկությանը՝ հորդորելով նրանց ակնածել Աստծուց և զատվել կեղծ կրոնից (Յայտնութիւն 14։6—8; 18։2, 4)։ Խոնարհները խրախուսվում են հպատակվել Եհովայի կողմից գահ բարձրացված Հիսուս Քրիստոսի կառավարության ներքո գտնվող Աստծո թագավորությանը (Յայտնութիւն 12։10)։ Հուզումնալից այս ժամանակներում չպետք է թույլ տանք, որ մեր եռանդը պակասի, երբ ինքներս վճռական դիրք ենք բռնել ճշմարիտ պաշտամունքի համար։
20. Ի՞նչ ես պատրաստվում անել 1998 ծառայողական տարվա ընթացքում։
20 Մի անգամ, երբ Դավիթ թագավորը խիստ ճնշված էր, աղոթեց. «Սիրտս պատրաստ է, ով Աստուած, սիրտս պատրաստ է. երգով կ’օրհնեմ եւ սաղմոս կ’ասեմ։ Կ’գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ» (Սաղմոս 57։7, 9)։ Թող մենք ևս պատրաստ լինենք։ 1997 ծառայողական տարվա ընթացքում, չնայած բազում դժվարություններին, մեծարանքի բարձրաձայն գովք է հղվել Եհովա Աստծո անվանը։ Թող նման, նույնիսկ ավելի մեծ փառաբանություն լսվի գալիք ծառայողական տարում։ Եվ թող շարունակենք այդ շնչով, ինչ էլ որ Սատանան փորձի անել մեզ հուսահատեցնելու կամ էլ արգելքներ ստեղծելու նպատակով։ Այսպիսով ցույց կտանք, որ մեր սիրտն ուղիղ է Մեծն Հեուի՝ Հիսուս Քրիստոսի սրտի հետ և ամբողջ սրտով կարձագանքենք ներշնչված կոչին. «Ուրախացէք Տէրովը եւ ցնծացէք, ով արդարներ, եւ ցնծութեամբ աղաղակեցէք ամենքդ՝ որ ուղիղ էք սրտով» (Սաղմոս 32։11)։
Կարո՞ղ ես բացատրել
◻ Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Իսրայելում մ.թ.ա. 905–ին
◻ Ո՞վ է ժամանակակից Հեուն, և ինչպե՞ս է «մեծ բազմութիւնը» ցույց տվել, որ իր ‘սիրտն ուղիղ է’ վերջինիս սրտի հետ
◻ Տարեկան վիճակագրական հաշվետվության ո՞ր տվյալներն են ցույց տալիս 1997 թ.–ի ընթացքում Եհովայի վկաների ցուցաբերած եռանդը
◻ Ինչ էլ որ Սատանան ծրագրի մեր դեմ, ինչպիսի՞ ոգի ենք պատրաստ ցուցաբերելու 1998 ծառայողական տարվա ընթացքում
[աղյուսակ 28–րդ էջի վրա]
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ 1997 ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(Տե՛ս միահյուսված հատորը)
[նկար 26–րդ էջի վրա]
Ինչպես Հովնադաբը թիկունք կանգնեց Հեուին, այնպես էլ «մեծ բազմութիւնն» է օժանդակում Հիսուս Քրիստոսին՝ Մեծն Հեուին և նրա օծյալ եղբայրներին։