Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Եզրաս» գրքից
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ «Եզրաս» գիրքը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է «Բ Մնացորդաց» գիրքը։ Այն գրել է Եզրաս քահանան։ Նա սկզբում հիշատակում է պարսից Կյուրոս թագավորի այն հրովարտակի մասին, համաձայն որի՝ Բաբելոն աքսորված հրեաների մնացորդին թույլատրվում է վերադառնալ հայրենիք։ Իսկ գրքի վերջում Եզրասը խոսում է այն մասին, թե ինչպես է միջոցներ ձեռնարկում մաքրելու նրանց, ովքեր պղծվել են՝ շփվելով օտարազգիների հետ։ Գրքում նշված դեպքերը տեղի են ունենում 70 տարվա ընթացքում՝ մ.թ.ա. 537–ից մինչև մ.թ.ա. 467–ը։
Այս գիրքը գրելով՝ Եզրասը միանգամայն հստակ նպատակ ուներ. ցույց տալ, թե ինչպես է Եհովան կատարել իր խոստումը, այն է՝ ազատել իր ժողովրդին բաբելոնյան գերությունից և վերականգնել ճշմարիտ երկրպագությունը Երուսաղեմում։ Ուստի Եզրասը կենտրոնանում է միայն այն իրադարձությունների վրա, որոնք կապ ունեն այդ խոստման հետ։ «Եզրաս» գիրքը պատմում է այն մասին, թե, չնայած հակառակությանն ու Աստծու ժողովրդի անկատարությանը, ինչպես է տաճարը վերականգնվել, և թե ինչպես է Եհովայի երկրպագությունը վերահաստատվել։ Գրքում ներկայացված դեպքերը անչափ հետաքրքրում են մեզ, քանի որ մենք նույնպես ապրում ենք վերականգնման ժամանակներում։ Շատերն են գալիս «Եհովայի սարը», և շուտով ամբողջ երկիրը «պիտի լցուի Տիրոջ փառքի գիտութեամբը» (Եսայիա 2։2, 3; Ամբակում 2։14)։
ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է
Արձագանքելով Կյուրոսի ազատագրական հրովարտակին՝ մոտ 50 000 հրեա աքսորյալներ Զորաբաբել, կամ՝ Սասբասար, կառավարչի առաջնորդությամբ վերադառնում են Երուսաղեմ։ Հայրենադարձները անհապաղ վերականգնում են զոհասեղանը իր տեղում և սկսում Եհովային զոհաբերություններ մատուցել։
Հաջորդ տարում իսրայելացիները դնում են Եհովայի տան հիմքը։ Թշնամիներն անընդհատ խանգարում են վերակառուցման աշխատանքներին։ Ի վերջո նրանց հաջողվում է թագավորից շինարարությունն արգելող հրաման ստանալ։ Չնայած արգելքին՝ Անգե և Զաքարիա մարգարեների քաջալերությամբ ժողովուրդը վերսկսում է շինարարական աշխատանքը։ Հակառակորդները ոչինչ չեն կարող անել, քանի որ վախենում են ընդդիմանալ Կյուրոսի հրովարտակին, որը, համաձայն պարսից օրենքների, փոփոխման ենթակա չէ։ Պաշտոնական հետաքննություն է կատարվում, և Կյուրոսի՝ «Երուսաղէմումն եղող Աստուծոյ տան մասին» հրամանագիրը գտնվում է (Եզրաս 6։3)։ Շինարարությունը հաջողությամբ առաջ է ընթանում և իր ավարտին հասնում։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։3–6 — Արդյոք թո՞ւյլ էր այն իսրայելացիների հավատը, որոնք հայրենիք վերադառնալու ցանկություն չհայտնեցին։ Ոմանք չէին վերադարձել Երուսաղեմ գուցե այն պատճառով, որ նյութապաշտ էին կամ էլ չէին գնահատում ճշմարիտ երկրպագությունը։ Բայց սա չի կարելի ասել բոլորի մասին։ Նախ՝ 1 600 կիլոմետրանոց ճանապարհն անցնելու համար հարկավոր էր չորսից հինգ ամիս։ Բացի այդ, բավականաչափ ֆիզիկական ուժ էր պահանջվում վերականգնման աշխատանքներ կատարելու և բնակվելու մի երկրում, որը ամայացած էր մնացել 70 տարի։ Ուստի, աննպաստ հանգամանքները, օրինակ, ֆիզիկական տկարությունը, ծերությունը, ընտանեկան պարտականությունները, անկասկած, ոմանց թույլ չտվեցին վերադառնալ Երուսաղեմ։
2։43 — Ովքե՞ր էին նաթանայիմները։ Նաթանայիմները ոչ իսրայելական ծագում ունեցող մարդիկ էին, որոնք տաճարում ծառայի գործ էին կատարում։ Նրանց մեջ կային Հեսուի օրերի գաբավոնացիների սերունդներ և այլոք, «որոնց Դաւիթը եւ իշխանները տուել էին Ղեւտացիների ծառայութեան համար» (Եզրաս 8։20)։
2։55 — Ովքե՞ր էին Սողոմոնի ծառաների որդիները։ Նրանք ոչ իսրայելացիներ էին, որոնց հատուկ պատասխանատվություններ էին տրվել Եհովայի ծառայության մեջ։ Հնարավոր է, նրանք կատարել են դպրի, կամ՝ գրագրի աշխատանք տաճարում կամ պետական որևէ ծառայությունում։
2։61–63 — Արդյոք Ուրիմն ու Թումիմը, որ օգտագործվում էին Եհովայից պատասխան ստանալու նպատակով, մատչելի՞ էին վերադարձած աքսորյալներին։ Ովքեր հավակնում էին պատկանել քահանայական ցեղին, սակայն չէին կարող դա հաստատել, կարող էին իրենց ծագումը փաստել Ուրիմի և Թումիմի միջոցով։ Եզրասը այս մասին հիշատակում է որպես դա անելու մի հնարավորություն։ Գրություններում չկա արձանագրություն այն մասին, թե Ուրիմն ու Թումիմը օգտագործվում էին այն ժամանակ կամ դրանից հետո։ Հրեական ավանդության համաձայն՝ Ուրիմն ու Թումիմը անհետացել են մ.թ.ա. 607–ին տաճարի կործանումով։
3։12 — Ինչո՞ւ էին «ծերերից շատերը, որոնք տեսել էին [Եհովայի] այն առաջի տունը», լաց լինում։ Հնարավոր է, այդ մարդիկ հիշում էին, թե ինչ վեհաշուք էր Սողոմոնի կառուցած տաճարը։ Նոր տաճարի հիմքը նախկինի համեմատությամբ ‘ոչընչի պես էր նրանց աչքին’ (Անգէ 2։2, 3)։ Կկարողանայի՞ն նրանք ետ բերել առաջին տաճարի փառքը։ Նրանք, ըստ ամենայնի, վհատված էին, ուստիև լաց էին լինում։
3։8–10; 4։23, 24; 6։15, 16 — Քանի՞ տարում կառուցվեց տաճարը։ Տաճարի հիմքը դրվեց մ.թ.ա. 536–ին՝ ‘նրանց գալու երկրորդ տարում’։ Շինարարական աշխատանքները դադարեցվեցին Արտաշես թագավորի օրերում՝ մ.թ.ա. 522–ին։ Արգելքը շարունակվեց մինչև մ.թ.ա. 520–ը՝ Դարեհ թագավորի երկրորդ տարին։ Տաճարի կառուցումն ավարտվեց նրա թագավորության վեցերորդ տարում, այսինքն՝ մ.թ.ա. 515–ին (տե՛ս «Պարսից թագավորները (մ.թ.ա. 537–մ.թ.ա. 467)» շրջանակը)։ Այսպիսով՝ տաճարի շինարարությունը տևեց մոտ 20 տարի։
4։8–6։18 — Ինչո՞ւ է այս հատվածը գրվել արամերեն (ասորերեն) լեզվով։ Այս հատվածը հիմնականում պարունակում է պաշտոնատար անձանց կողմից թագավորներին հասցեագրված նամակներ և վերջիններիս տված պատասխանները։ Եզրասը դրանք կրկնօրինակել է արամերեն գրված պետական փաստաթղթերից. այն ժամանակ այդ լեզուն էր օգտագործվում առևտրական և պետական գործերում։ Այս հին սեմական լեզվով գրված մյուս աստվածաշնչային հատվածներն են՝ Եզրաս 7։12–26, Երեմիա 10։11, Դանիէլ 2։4բ–7։28։
Դասեր մեզ համար
1։2. Այն, ինչ Եսայիան կանխագուշակել էր 200 տարի առաջ, իրականություն դարձավ (Եսայիա 44։28)։ Երբեք չի եղել, որ Եհովայի Խոսքում գրված մարգարեությունները չկատարվեն։
1։3–6. Բաբելոնում մնացած որոշ իսրայելացիների պես՝ Եհովայի վկաներից շատերն ի վիճակի չեն լիաժամ ծառայություն սկսել կամ ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Սակայն նրանք աջակցում և քաջալերում են այդպիսի հնարավորություն ունեցողներին, ինչպես նաև կամավոր նվիրատվություններ են անում Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին։
3։1–6. Մ.թ.ա. 537 թ. յոթերորդ ամսին (տիշրի, համապատասխանում է սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին) հայրենիք վերադարձած հավատարիմ հրեաները մատուցեցին իրենց առաջին զոհը։ Բաբելոնացիները Երուսաղեմ էին մտել մ.թ.ա. 607–ի հինգերորդ ամսին (աբ, համապատասխանում է հուլիս–օգոստոս ամիսներին)։ Երկու ամիս անց քաղաքը վերջնականապես ամայացել էր (Դ Թագաւորաց 25։8–17, 22–26)։ Ինչպես և կանխագուշակվել էր, Երուսաղեմի 70 տարիների ամայացումը վերջացավ ճիշտ ժամանակին (Երեմիա 25։11; 29։10)։ Ցանկացած բան, որ մարգարեացված է Եհովայի Խոսքում, անպայման կատարվում է։
4։1–3. Հավատարիմ մնացորդը մերժեց առաջարկը, քանի որ դա կնշանակեր կրոնական կապեր հաստատել կեղծ աստվածների երկրպագուների հետ (Ելից 20։5; 34։12)։ Նման կերպով այսօր Եհովայի երկրպագուները չեն մասնակցում ոչ մի միջդավանանքային շարժման։
5։1–7; 6։1–12. Եհովան կարող է դեպքերին իր ժողովրդի համար նպաստավոր ընթացք տալ։
6։14, 22. Եհովայի գործին եռանդորեն մասնակցելով՝ կստանանք նրա հավանությունն ու օրհնությունը։
6։21. Տեսնելով Եհովայի գործի առաջընթացը՝ սամարացիները, որ ապրում էին հրեաների հայրենիքում, ինչպես նաև հեթանոսական ազդեցության տակ ընկած հայրենադարձները մղվեցին փոփոխություններ կատարել իրենց կյանքում։ Չպե՞տք է արդյոք խանդավառ կերպով մասնակցենք աստվածատուր ցանկացած գործի, այդ թվում նաև Թագավորության քարոզչության գործին։
ԵԶՐԱՍԸ ԳԱԼԻՍ Է ԵՐՈՒՍԱՂԵՄ
Հիսուն տարի է անցել այն ժամանակից, երբ տեղի ունեցավ Եհովայի վերստին կառուցված տան հանդիսավոր բացումը։ Մ.թ.ա. 468 թվականն է։ Իր շուրջը համախմբելով Աստծու ժողովրդի մի մնացորդ և վերցնելով նվիրատվությունները՝ Եզրասը Բաբելոնից գալիս է Երուսաղեմ։ Ի՞նչ է նա տեսնում այնտեղ։
Իշխանները Եզրասին ասում են. «Իսրայէլի ժողովուրդը եւ քահանաները եւ Ղեւտացիները չեն ջոկուել այս երկիրների ազգերիցը, այլ [նրանց] պղծութիւնների պէս են անում»։ Դեռ ավելին, «իշխաններն ու ոստիկաններն այս անօրէնութեան մէջ առաջինն էին» (Եզրաս 9։1, 2)։ Եզրասը ցնցված է։ Նրան հորդորում են ‘զորանալ և գործել’ (Եզրաս 10։4)։ Եզրասը ուղղիչ միջոցներ է ձեռնարկում. ժողովուրդը դրական արձագանք է տալիս։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
7։1, 7, 11 — Արդյո՞ք այս համարներում խոսվում է այն Արտաշեսի մասին, ով կանգնեցրեց շինարարությունը։ Ոչ։ «Արտաշես»–ը երկու պարսից թագավորների կա՛մ անունն էր, կա՛մ տիտղոսը։ Նրանցից մեկի անունը կա՛մ Բարդիա էր, կա՛մ Գաումատա, որը մ.թ.ա. 522–ին հրամայեց կանգնեցնել տաճարի շինարարությունը։ Եզրասի Երուսաղեմ գալու ժամանակ իշխող Արտաշեսը Արտաքսերքսես Երկայնաբազուկն էր։
7։28–8։20 — Ինչո՞ւ Բաբելոնում գտնվող շատ հրեաներ չցանկացան Եզրասի հետ ‘վեր գնալ’ Երուսաղեմ։ Թեպետ ավելի քան 60 տարի էր անցել այն օրվանից, երբ հրեաների առաջին խումբը վերադարձել էր հայրենիք, Երուսաղեմը սակավաթիվ բնակչություն ուներ։ Վերադառնալ Երուսաղեմ նշանակում էր՝ նոր կյանք կառուցել ոչ հարմարավետ և վտանգավոր պայմաններում։ Այն ժամանակվա Երուսաղեմը նյութական առումով չէր գրավում այն հրեաներին, որոնք Բաբելոնում գուցե բարեկեցիկ կյանքով էին ապրում։ Բացի այդ, ճանապարհորդությունը վտանգավոր էր։ Վերադարձողները պետք է ունենային ամուր հավատ Եհովայի հանդեպ, նախանձախնդրություն ճշմարիտ երկրպագության համար, ինչպես նաև խիզախություն՝ այդ ճանապարհը գնալու։ Նույնիսկ ինքը Եզրասը Աստծու կողմից զորություն ստանալու կարիք ուներ։ Եզրասի հորդորին 1 500 ընտանիք արձագանքեց՝ մոտ 6 000 մարդ։ Նրա ձեռնարկած լրացուցիչ ջանքերի շնորհիվ նրանց միացան նաև 38 ղևտացիներ և 220 նաթանայիմներ։
9։1, 2 — Որքանո՞վ էր վտանգավոր ամուսնանալ օտարազգիների հետ։ Վերականգնված ժողովուրդը պետք է Եհովայի երկրպագությունը պահպաներ մինչև Մեսիայի գալը։ Օտարազգիների հետ ամուսնությունները իրական վտանգ էին ներկայացնում ճշմարիտ երկրպագության համար։ Քանի որ ոմանք ամուսնացել էին կռապաշտ մարդկանց հետ, ամբողջ ազգն ի վերջո գուցե ձուլվեր հեթանոս ազգերին։ Մաքուր երկրպագությունը կարող էր անհետանալ երկրի երեսից։ Այդ դեպքում ո՞ւմ մոտ պիտի գար Մեսիան։ Զարմանալի չէ, որ Եզրասն ապշել էր՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել։
10։3, 44 — Ինչո՞ւ մայրերի հետ ‘դուրս արեցին’ նաև նրանց երեխաներին։ Եթե երեխաները մնային, ապա հավանականությունը կմեծանար, որ ‘դուրս արված’ կանայք նրանց պատճառով վերադառնային։ Բացի այդ, փոքր երեխաները սովորաբար մայրական խնամքի կարիք են զգում։
Դասեր մեզ համար
7։10. Լինելով Աստծու Խոսքի ջանասեր ուսումնասիրող և հմուտ ուսուցիչ՝ Եզրասը օրինակ է մեզ համար։ Նա աղոթքով նախապատրաստեց իր սիրտը, որպեսզի «փնտռէ» (ԱԱ) Եհովայի օրենքը։ Փնտրելով Աստծու օրենքը՝ Եզրասը մեծ ուշադրություն դարձրեց նրա խոսքերին։ Նա կիրառեց սովորածը և ջանքեր գործադրեց ուրիշներին սովորեցնելու համար։
7։13. Եհովան ուզում է, որ իր ծառաները պատրաստակամ լինեն։
7։27–28; 8։21–23. Եզրասը Եհովայի՛ն տվեց փառքը, դեպի Երուսաղեմ երկար ու վտանգավոր ճանապարհորդություն կատարելուց առաջ սրտանց աղոթեց նրան և պատրաստ եղավ իր կյանքը վտանգի ենթարկել հանուն Աստծու փառքի։ Նա գերազանց օրինակ է մեզ համար։
9։2. Մենք պետք է լրջորեն վերաբերվենք ‘միայն Տերով’ ամուսնանալու հորդորին (Ա Կորնթացիս 7։39)։
9։14, 15. Չար ընկերակցությունները կարող են բերել Եհովայի տհաճությունը։
10։2–12, 44 (ՆԱ). Օտարազգի կանանց հետ ամուսնացածները խոնարհաբար զղջացին և ուղղեցին իրենց ծուռ ճանապարհները։ Նրանց մտայնությունն ու գործողությունները արժանի են ընդօրինակման։
Եհովան պահում է իր տված խոստումները
Որքա՜ն արժեքավոր է «Եզրաս» գիրքը։ Ճիշտ ժամանակին Եհովան կատարեց իր ժողովրդին բաբելոնյան գերությունից ազատելու և Երուսաղեմում ճշմարիտ երկրպագությունը վերականգնելու խոստումը։ Մի՞թե սա չի զորացնում մեր հավատը Եհովայի ու նրա խոստումների հանդեպ։
Խորհիր «Եզրաս» գրքում հիշատակված օրինակների շուրջ։ Եզրասն ու մնացորդը, որ վերադարձան Երուսաղեմ, որպեսզի վերականգնեն ճշմարիտ երկրպագությունը, օրինակելի նվիրվածություն դրսևորեցին։ Գիրքը նաև ընդգծում է աստվածավախ օտարազգիների հավատը և զղջացող մեղավորների խոնարհամտությունը։ Այո՛, Եզրասի ներշնչյալ խոսքերը անհերքելիորեն փաստում են, որ «Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր» (Եբրայեցիս 4։12)։
[շրջանակ/նկար 18-րդ էջի վրա]
ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ (մ.թ.ա. 537–մ.թ.ա. 467)
Կյուրոս Մեծ (Եզրաս 1։1) մահացել է մ.թ.ա. 530–ին
Կամբյուսես, կամ՝ Ասուերոս (Եզրաս 4։6) մ.թ.ա. 530–մ.թ.ա. 522
Արտաքսերքսես, կամ՝ Արտաշես (Բարդիա կամ Գաումատա) (Եզրաս 4։7) մ.թ.ա. 522 (յոթ ամիս իշխելուց հետո սպանվել է)
Դարեհ I (Եզրաս 4։24) մ.թ.ա. 522–մ.թ.ա. 486
Քսերքսես, կամ Ասուերոսa մ.թ.ա. 486–մ.թ.ա. 475 (եղել է Դարեհ I–ի գահակիցը մ.թ.ա. 496–մ.թ.ա. 486–ին)
Արտաքսերքսես Երկայնաբազուկ,կամ՝ Արտաշես (Եզրաս 7։1) մ.թ.ա. 475–մ.թ.ա. 424
[ծանոթագրություն]
a Քսերքսեսը չի հիշատակվում «Եզրաս» գրքում։ Նա հիշատակվում է «Ասուերոս» անունով Աստվածաշնչի «Եսթեր» գրքում։
[նկար]
Ասուերոս
[նկար 17-րդ էջի վրա]
Կյուրոս
[նկար 17-րդ էջի վրա]
«Կյուրոսի գլանը» փաստում է գերիներին հայրենիք վերադարձնելու քաղաքականությունը
[թույլտվությամբ]
Cylinder: Photograph taken by courtesy of the British Museum
[նկար 20-րդ էջի վրա]
Գիտե՞ս, թե ինչի շնորհիվ էր Եզրասը հմուտ ուսուցիչ դարձել