ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ՀՈԲ
«Չե՛մ թողնի անարատությունս»
Նա նստած է հողի վրա։ Նրա մարմինը գլխից մինչև ոտքի թաթը պատված է ցավոտ պալարներով՝ խոցերով։ Միայնակ, գլուխը խոնարհած և ուսերը կախ գցած՝ նա մի կերպ հավաքում է ուժերը, որ քշի ճանճերին, որոնք պտտվում են իր շուրջը ու բզզում ականջի տակ։ Իբրև սգո նշան մոխրի մեջ նստած՝ նա կավե մի բեկորով քերում է իր ախտահարված մաշկը։ Այս մարդն այնքա՜ն բան է կորցրել և հայտնվել անասելի թշվառ վիճակում։ Ընկերները, հարևաններն ու հարազատները լքել են նրան։ Մարդիկ, նույնիսկ երեխաները ծաղրում են նրան։ Նա մտածում է, թե իր Աստվածը՝ Եհովան, նույնպես իր դեմ է դուրս եկել, բայց սխալվում է (Հոբ 2։8; 19։18, 22)։
Այդ մարդը Հոբն է։ Նրա մասին Աստված ասել էր. «Երկրի վրա նրա նման.... մարդ չկա» (Հոբ 1։8)։ Նույնիսկ դարեր անց Եհովան շարունակում էր Հոբին համարել երբևէ ապրած ամենաարդար մարդկանցից մեկը (Եզեկիել 14։14, 20)։
Դժվարություննե՞ր ես կրում, դժբախտությո՞ւն է պատահել քեզ։ Հոբի մասին պատմությունը կարող է շատ մխիթարական լինել քեզ համար։ Այն կարող է նաև օգնել քեզ խորապես ըմբռնելու, թե ինչպիսի հատկություն է անարատությունը, որը պետք է դրսևորի Աստծու յուրաքանչյուր հավատարիմ ծառա։ Մարդը անարատություն է դրսևորում, երբ ամբողջությամբ նվիրված է մնում Աստծուն՝ շարունակելով կատարել նրա կամքը նույնիսկ դժվարությունների բախվելիս։ Այժմ տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Հոբի մասին պատմությունից։
Ինչ չգիտեր Հոբը
Հոբի մահից որոշ ժամանակ հետո ակներևաբար Աստծու հավատարիմ ծառա Մովսեսը գրի առավ նրա կյանքի պատմությունը։ Սուրբ ոգու ներշնչմամբ նա կարողացավ ոչ միայն հայտնել երկրի վրա տեղի ունեցած դեպքերը, որոնք ազդեցություն էին ունեցել Հոբի վրա, այլև որոշ իրադարձություններ, որ կատարվել էին երկնքում։
Հոբի մասին արձանագրության սկզբում տեսնում ենք, որ նա լիարժեք և երջանիկ կյանքով էր ապրում։ Հոբը հարուստ, ճանաչված ու հարգված մարդ էր և բնակվում էր Հուսի երկրում, որը հավանաբար գտնվում էր հյուսիսային Արաբիայում։ Նա իր ունեցածից առատորեն բաժին էր հանում կարիքավորներին և պաշտպանում էր հարստահարվածներին։ Հոբն ու իր կինը օրհնված էին. նրանք տասը երեխա ունեին։ Եվ որ ամենակարևորն է, Հոբը հոգևոր մարդ էր։ Նա ամբողջ սրտով ձգտում էր հաճեցնել Եհովային, ինչպես որ արել էին իր հեռավոր ազգականներ Աբրահամը, Իսահակը, Հակոբը և Հովսեփը։ Այս նահապետների պես՝ Հոբը իր ընտանիքի համար ծառայում էր որպես քահանա՝ կանոնավորաբար զոհեր մատուցելով իր երեխաների համար (Հոբ 1։1–5; 31։16–22)։
Սակայն անսպասելիորեն Հոբի կյանքը փոխվեց։ Երկնքի պատուհաններից ներս նայելով՝ մենք իմանում ենք բաներ, որոնց մասին Հոբը չէր կարող իմանալ։ Մի անգամ Եհովայի առաջ հավաքվել էին նրա հավատարիմ հրեշտակները, և ահա մտավ ըմբոստ հրեշտակը՝ Սատանան։ Եհովան գիտեր, որ նա անարգանքով էր վերաբերվում արդար մարդ Հոբին, այդ պատճառով նրա ուշադրությունը հրավիրեց Հոբի անարատության վրա, որով նա աչքի էր ընկնում։ Սատանան ամբարտավանորեն ասաց. «Մի՞թե Հոբը շահից դրդված չէ վախենում Աստծուց։ Չէ՞ որ դու ցանկապատ ես դրել, որ պաշտպանես նրան, նրա տունն ու ողջ ունեցվածքը»։ Սատանան ատում է անարատ մարդկանց։ Երբ նրանք ամբողջ սրտով նվիրվածություն են դրսևորում Եհովա Աստծու հանդեպ, մերկացնում են նրա էությունը՝ ցույց տալով, որ նա սիրո զգացումից զուրկ դավաճան է։ Այդ պատճառով Սատանան պնդեց, թե Հոբը Աստծուն միայն եսասիրական մղումներով է ծառայում։ Նա համառեց՝ ասելով, որ եթե Հոբը ամեն ինչ կորցնի, երես առ երես կանիծի Եհովային (Հոբ 1։6–11)։
Հոբը չէր կարող իմանալ այդ մասին, բայց Եհովան մեծ պատվի արժանացրեց նրան՝ հնարավորություն տալով փաստելու, որ Սատանան սխալվում է։ Սատանային թույլ տրվեց խլել Հոբից այն ամենը, ինչ նա ուներ։ Միայն նրա անձին դիպչել թույլ չտրվեց։ Ուստի Սատանան անհագորեն սկսեց իրագործել իր դաժան ու անգութ մտադրությունը։ Ընդամենը մեկ օրում սարսափելի հարվածների տարափ տեղաց Հոբի գլխին։ Նա իմացավ, որ անսպասելիորեն կորցրել է իր ընտանի անասուններին, նախ՝ եզներին ու էշերին, ապա՝ ոչխարներին, իսկ հետո՝ ուղտերին։ Եվ ամենասարսափելին այն էր, որ դրանք խնամող սպասավորները սպանվել էին։ Մի պատգամաբեր Հոբին ասաց, թե «Աստծու կրակն» էր (հնարավոր է՝ կայծակը) սպանել ոչխարներին ու սպասավորներին։ Հոբը չհասցրեց էլ լիովին գիտակցել, որ մարդկային զոհեր են եղել, և ինքը հայտնվել է չքավորության մեջ, երբ ստացավ ամենածանր հարվածը։ Նրա տասը երեխաները միասին հավաքվել էին իրենց եղբոր՝ առաջնեկի տանը, երբ անսպասելի սաստիկ քամի բարձրացավ, և տունը փուլ եկավ երիտասարդների վրա, ու բոլորը մահացան (Հոբ 1։12–19)։
Դժվար է, թերևս անհնար է պատկերացնել, թե ինչ էր զգում Հոբը։ Նա պատռեց իր հագուստը, կտրեց գլխի մազերը և ընկավ գետին։ Հոբը եկավ այն եզրակացության, որ քանի որ Աստված էր տվել իրեն ամեն ինչ, Աստված էլ վերցրեց։ Իրականում, սակայն, Սատանան էր խորամանկորեն այնպես արել, որ թվար, թե Աստված էր բերել այդ աղետները։ Այնուամենայնիվ, Հոբը չանիծեց իր Աստծուն, ինչպես որ պնդել էր Սատանան։ Ընդհակառակը՝ նա ասաց. «Թող Եհովայի անունը օրհնյալ լինի» (Հոբ 1։20–22)։
«Երես առ երես.... կանիծի քեզ»
Մեծ ցասումով լցված՝ Սատանան չցանկացավ հանձնվել։ Երբ հրեշտակները կրկին ներկայացան Եհովայի առաջ, նա նույնպես եկավ։ Նորից Եհովան անարատության համար գովեց Հոբին, որը անկոտրում էր մնացել Սատանայի բոլոր հարձակումների ներքո։ Բայց վերջինս առարկեց՝ ասելով. «Մորթի փոխարեն մորթ. մարդն իր ողջ ունեցվածքը կտա իր հոգու փոխարեն։ Սակայն ձեռքդ մեկնիր, խնդրեմ, և դիպիր նրա ոսկորին ու նրա մարմնին և տես, թե արդյոք երես առ երես չի՞ անիծի քեզ»։ Սատանան վստահ էր՝ բավական է՝ Հոբը հիվանդանա, և նա կանիծի Աստծուն։ Լիովին վստահելով Հոբին՝ Եհովան թույլ տվեց Սատանային զրկել նրան առողջությունից, սակայն թույլ չտվեց խլել կյանքը (Հոբ 2։1–6)։
Շուտով Հոբը հիվանդացավ, ինչպես որ նկարագրվեց սկզբում։ Պատկերացրու, թե ինչ վիճակում էր նրա խեղճ կինը։ Իր տասը երեխաների մահվան վշտից արդեն իսկ կոտրված՝ նա այժմ նայում էր ամուսնու սարսափելի տառապանքներին՝ չկարողանալով օգնել նրան։ Խորապես ընկճված՝ նա ասաց. «Դեռ կառչա՞ծ ես քո անարատությունից։ Անիծի՛ր Աստծուն և մեռի՛ր»։ Նա կարծես այն կինը չլիներ, որին Հոբը ճանաչում ու սիրում էր։ Հոբը կարող էր միայն ասել, որ նա անմիտ կանանցից մեկի պես է խոսում։ Այնուամենայնիվ, այդ հավատարիմ մարդը չանիծեց իր Աստծուն։ Հոբն իր շուրթերով մեղք չգործեց (Հոբ 2։7–10)։
Գիտեի՞ր, որ այս իրական և տխուր պատմությունը քեզ էլ է առնչվում։ Ուշադրություն դարձրու, որ Սատանան իր մեղադրանքները ուղղեց ոչ միայն Հոբին, այլև ողջ մարդկությանը։ Նա ասաց. «Մարդն իր ողջ ունեցվածքը կտա իր հոգու փոխարեն»։ Այլ խոսքերով՝ Սատանան համոզված է, որ անհնար է՝ մեզնից որևէ մեկը պահի իր անարատությունը։ Նա պնդում է, որ դու իրականում չես սիրում Աստծուն, և որ կաշիդ փրկելու համար շատ արագ կհրաժարվես նրանից։ Ըստ էության, Սատանան ասում է, որ իր նման եսասեր ես։ Կցանկանայի՞ր փաստել, որ նա սխալվում է։ Մեզնից յուրաքանչյուրը ունի այդ պատիվը (Առակներ 27։11)։ Այժմ տեսնենք, թե էլ ինչ փորձության բախվեց Հոբը։
Մխիթարիչներ, որոնք անհաջողության մատնվեցին
Երեք տղամարդիկ (աստվածաշնչյան արձանագրության մեջ նրանք կոչվում են ընկերներ, կամ՝ ծանոթներ), ովքեր ճանաչում էին Հոբին, լսեցին նրա հետ պատահած անախորժությունների մասին և ճամփա ընկան, որ գան ու մխիթարեն նրան։ Հեռվից տեսնելով Հոբին՝ նրանք չճանաչեցին նրան։ Հոբը անասելի ցավից տանջվում էր, նրա մաշկը հիվանդությունից սևացել էր. նախկին Հոբի միայն ստվերն էր մնացել։ Այդ երեք տղամարդիկ՝ Եղիփազը, Բաղդատը և Սոֆարը, իսկական ներկայացում սարքեցին. ձևացնելով, թե մեծ վիշտ են ապրում՝ նրանք բարձրաձայն լաց եղան և իրենց գլխավերևում փոշի շաղ տվեցին։ Հետո նստեցին գետնին՝ Հոբի կողքին, և ոչինչ չխոսեցին։ Մի ամբողջ շաբաթ՝ գիշեր ու ցերեկ, նրանք նստած մնացին այնտեղ՝ մի բառ անգամ չասելով։ Սխալ կլինի մտածել, թե այդ մարդիկ իրենց լռությամբ մխիթարում էին Հոբին, քանի որ նրանք ոչինչ չէին հարցնում նրան և գիտեին միայն այն, ինչ ակնհայտ էր. Հոբը սաստիկ ցավի մեջ էր (Հոբ 2։11–13; 30։30)։
Ի վերջո, լռությունը խախտեց Հոբը։ Ցավով տոգորված՝ նա անիծեց իր ծնված օրը՝ այդպիսով բացահայտելով իր տանջանքների գլխավոր պատճառներից մեկը։ Նա մտածում էր, թե իր տառապանքները Աստծուց են (Հոբ 3։1, 2, 23)։ Թեև Հոբը հավատի տեր մարդ էր, սակայն մխիթարության խիստ կարիք ուներ։ Բայց երբ նրա ծանոթները սկսեցին խոսել, Հոբը շուտով հասկացավ, որ ավելի լավ էր՝ նրանք լռեին (Հոբ 13։5)։
Նախ սկսեց խոսել Եղիփազը, որը հավանաբար ամենամեծն էր, և որը Հոբից էլ տարիքով բավականին մեծ էր։ Հետո խոսեցին մյուս երկուսը։ Կարելի է ասել՝ նրանք նոր բան չասացին, քանի որ հիմարաբար որդեգրել էին Եղիփազի տրամաբանությունը։ Գուցե թվար, թե այդ մարդկանց ասածներից մի քանիսը անվնաս բաներ էին՝ պարզապես տարածված թվացյալ հոգևոր արտահայտություններ, օրինակ՝ որ Աստված վեհ է, որ պատժում է չարերին և վարձատրում է լավ մարդկանց։ Բայց նրանց առաջին իսկ խոսքերից պարզ դարձավ, որ նրանք չար դիտավորություն ունեին։ Եղիփազը կարծես թե պարզ տրամաբանություն գործի դրեց. եթե Աստված բարի է և պատժում է չարերին, իսկ Հոբը ակնհայտ է, որ պատժվում է, ուրեմն ի՞նչ կարելի է ասել. նա պետք է որ չար բան արած լինի (Հոբ 4։1, 7, 8; 5։3–6)։
Զարմանալի չէ, որ Հոբը համաձայն չէր այդ տրամաբանությանը։ Նա կտրականապես մերժեց այն (Հոբ 6։25)։ Սակայն այդ երեք խորհրդատուները ավելի շատ համոզվածությամբ լցվեցին այն բանում, որ Հոբը ինչ-որ գաղտնի հանցանք է գործել. նա պետք է որ արժանի լիներ այն բոլոր վատ բաներին, որ նրա հետ տեղի էին ունենում։ Եղիփազը մեղադրեց Հոբին մեծամիտ, չար և աստվածավախությունից զուրկ լինելու մեջ (Հոբ 15։4, 7–9, 20–24; 22։6–11)։ Սոֆարն ասաց Հոբին, որ պետք է դադարի չար բաներ անելուց և չպետք է հաճույք ստանա մեղքից (Հոբ 11։2, 3, 14; 20։5, 12, 13)։ Իսկ Բաղդատը առանձնահատուկ դաժան հարված հասցրեց Հոբին. նա ասաց, որ նրա որդիները ակներևաբար մեղք էին գործել, այդ պատճառով էլ մահվան էին արժանացել (Հոբ 8։4, 13)։
Անարատությունը հարձակման է ենթարկվում
Ողջամտությունից զուրկ այս մարդիկ այդքանով չբավարարվեցին։ Նրանք կասկածի ենթարկեցին ոչ միայն Հոբի անարատ լինելը, այլև ինքնին անարատության գաղափարը։ Իր բացման խոսքում Եղիփազը նկարագրեց անտեսանելի մի ոգու հետ իր ահասարսուռ հանդիպումը։ Այդ դիվային հանդիպման արդյունքում նա եկել էր այն թունավոր եզրահանգման, թե Աստված «իր ծառաներին էլ չի հավատում և իր պատգամաբերների [կամ՝ «հրեշտակների»] մեջ սխալներ է գտնում»։ Հետևաբար, ըստ նրա տրամաբանության, հասարակ մահկանացուները երբեք չեն կարող հաճեցնել Աստծուն։ Իսկ հետո Բաղդատը պնդեց, թե Աստծու համար Հոբի անարատությունը նույնն է, ինչ որդինը՝ ոչ մի արժեք չունի (Հոբ 4։12–18, ծնթ.; Հոբ 15։15; 22։2, 3; 25։4–6)։
Երբևէ փորձե՞լ ես մխիթարել սաստիկ ցավից տանջվող մարդու։ Դա հեշտ չէ։ Բայց մենք շատ բան կարող ենք սովորել Հոբի անխոհեմ ծանոթներից, հիմնականում այն մասին, թե ինչ պետք չէ ասել։ Վերամբարձ անվերջ խոսքեր ասելով և սխալ տրամաբանություն գործի դնելով՝ այս երեք անձնավորությունները ոչ մի անգամ նույնիսկ անունով չդիմեցին Հոբին։ Նրանք չէին մտածում Հոբի խոցված սրտի մասին և անհրաժեշտություն չէին համարում նրա հետ քնքշությամբa վարվելու։ Ուստի եթե ինչ-որ մեկը, ում մասին մտահոգված ես, վհատված է, ձգտիր ջերմություն ցուցաբերել, հոգատար ու բարի լինել։ Ձգտիր ամրացնել այդ անհատի հավատը և քաջալերել նրան՝ օգնելով վստահելու Աստծուն և հավատալու նրա մեծ բարությանը, ողորմածությանը և արդարությանը։ Հենց այդպես Հոբը կվարվեր իր ընկերների հետ, եթե իր փոխարեն՝ նրանք տառապանք կրեին (Հոբ 16։4, 5)։ Ինչպե՞ս, սակայն, նա արձագանքեց իր անարատությանն ուղղված նրանց անդադար հարձակումներին։
Հոբը անսասան մնաց
Խեղճ Հոբն արդեն վհատված էր, երբ սկսվեց այս երկար վիճաբանությունը։ Հենց սկզբից նա ընդունեց, որ իր խոսքերը երբեմն «հնարավոր չէ սանձել», և որ դրանք «հուսալքվածի խոսքեր» են (Հոբ 6։3, 26)։ Կարելի է հասկանալ, թե ինչու։ Հոբի խոսքերը արտացոլում էին իր սրտի կսկիծը։ Դրանք նաև բացահայտում էին այն, որ նա իրականում չէր հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Քանի որ իր ու իր ընտանիքի գլխին դժբախտությունները այդքան անսպասելի էին թափվել և նույնիսկ գերբնական աղբյուրից էին թվում, Հոբը ենթադրեց, որ դրանք Եհովայից էին։ Սակայն տեղի էին ունեցել կարևոր դեպքեր, որոնց մասին նա ոչինչ չգիտեր, այդ պատճառով նրա ենթադրությունները հիմնված էին սխալ պատկերացումների վրա։
Ինչևէ, Հոբը մեծ և ամուր հավատի տեր մարդ էր։ Նրա հավատը արտացոլվում է այդ երկար բանավեճի ժամանակ ասված իր խոսքերից շատերում. խոսքեր, որոնք ճշմարիտ են, գեղեցիկ և քաջալերական մեզ համար այսօր։ Երբ նա խոսում էր ստեղծագործության հրաշալիքների մասին, նշեց այնպիսի բաներ, որոնք ոչ մի մարդ չէր կարող իմանալ, եթե Աստված չհայտներ։ Օրինակ՝ Հոբն ասաց, որ Եհովան «երկիրը կախում է ոչնչի վրա»։ Այս փաստը գիտությունը ապացուցեց դարեր անց միայնb (Հոբ 26։7)։ Եվ երբ Հոբը խոսեց ապագայի վերաբերյալ իր հույսի մասին, նա այնպիսի համոզվածություն արտահայտեց, որն ունեցել էին նաև մեծ հավատի տեր այլ մարդիկ։ Նա հավատում էր, որ եթե մահն իր ճիրանների մեջ առնի իրեն, Աստված կհիշի, կկարոտի և ի վերջո կրկին կյանքի կբերի իրեն (Հոբ 14։13–15; Եբրայեցիներ 11։17–19, 35)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել անարատության հարցի մասին։ Եղիփազն ու նրա երկու ընկերները պնդում էին, թե մարդու անարատությունը Աստծու համար որևէ արժեք չունի։ Հոբը հավատա՞ց այդ զազրելի ստին։ Ամենևի՛ն։ Նա վստահ էր, որ անարատությունը կարևոր է Աստծու համար, ուստի Եհովայի մասին համոզվածությամբ ասաց. «Աստված կիմանա իմ անարատությունը» (Հոբ 31։6)։ Բացի այդ, Հոբը հստակ տեսնում էր, որ իր այսպես կոչված մխիթարիչների սխալ տրամաբանությունը իրականում հարձակում էր իր անարատության վրա։ Դա մղեց նրան ասելու իր ամենաերկար խոսքը, որը վերջապես փակեց այդ երեք մարդկանց բերանը։
Հոբը հասկանում էր, որ անարատությունը դրսևորվում է առօրյա կյանքում։ Ուստի իրեն պաշտպանելու համար պատմեց, թե ինչպես է կյանքի տարբեր ոլորտներում դրսևորել այդ հատկությունը։ Օրինակ՝ նա ասաց, որ հեռու է եղել կռապաշտության բոլոր ձևերից, ուրիշներին վերաբերվել է բարությամբ և արժանապատվությամբ, բարոյապես մաքուր է մնացել՝ փայփայելով իր ամուսնությունը, և, որ ամենակարևորն է, նվիրված է մնացել միակ ճշմարիտ Աստծուն՝ Եհովային։ Ուստի Հոբը կարող էր սրտանց ասել. «Մինչև մեռնելս չե՛մ թողնի անարատությունս» (Հոբ 27։5; 31։1, 2, 9–11, 16–18, 26–28)։
Ընդօրինակենք Հոբի հավատը
Անարատությունը քեզ համար է՞լ է նույնքան արժեքավոր, որքան Հոբի համար։ Հեշտ է պատասխանել՝ այո՛, բայց ինչպես հասկացավ Հոբը, անարատությունը խոսքերից ավելին է։ Մենք ցույց կտանք մեր լիակատար, լիասիրտ նվիրվածությունը Աստծու հանդեպ՝ հնազանդվելով նրան և առօրյա կյանքում անելով այն, ինչ ճիշտ է նրա աչքերում, նույնիսկ երբ դժվարությունների ենք բախվում։ Եթե այդպես ապրենք, անկասկած կուրախացնենք Եհովային և հուսախաբ կանենք նրա թշնամուն՝ Սատանային, ինչպես որ դարեր առաջ արեց Հոբը։ Սա Հոբի հավատն ընդօրինակելու լավագույն ձևն է։
Սակայն Հոբի պատմությունը սրանով չի ավարտվում։ Նա կորցրել էր հավասարակշռությունը և այնքան էր կենտրոնացել իր արդարությունը պաշտպանելու վրա, որ մոռացել էր պաշտպանել Աստծու հեղինակությունը։ Հոբը կարիք ուներ ուղղվելու և հոգևոր օգնություն ստանալու։ Եվ նա դեռևս տառապում էր սաստիկ ցավից ու վշտից, ուստի իսկական մխիթարության խիստ կարիք ուներ։ Եհովան ի՞նչ էր անելու այս անարատ և հավատի տեր մարդու համար։ Այդ ամենի մասին կխոսվի այս հոդվածաշարի մեկ այլ հոդվածում։
a Զարմանալի է, բայց Եղիփազը մտածեց, որ ինքը և իր ընկերները քնքշությամբ էին խոսում Հոբի հետ, հավանաբար այն պատճառով, որ իրենց ձայնը չէին բարձրացնում (Հոբ 15։11)։ Բայց նույնիսկ փափուկ տոնով ասված բառերը կարող են կոպիտ և խոցող լինել։
b Ինչպես հայտնի է, 3 000 տարի հետո միայն գիտնականները առաջ քաշեցին մի խելամիտ տեսություն, որով հիմնավորվեց այն գաղափարը, որ կարիք չկա՝ Երկիրը հենվի որևէ առարկայի կամ մատերիայի վրա։ Մարդկությունը ընդհանուր առմամբ չուներ Հոբի խոսքերի տեսանելի ապացույցները, մինչև որ լուսանկարներ չարվեցին տիեզերքից։