Որքա՞ն կարող եք ապրել
«Այն ժամանակ նորա մարմինը փափուկ կ’լինի երեխայի մարմնից, նա ետ կ’դառնայ իր մանկութեան օրերին» (ՅՈԲ 33։25)։
ԵՐԲ շունը սատկում է 10 կամ 20 տարի ապրելուց հետո, հավանաբար արդեն հասցրած է լինում անել այն ամենը, ինչ որ սովորաբար անում են շները. ունենալ ձագեր, ընկնել կատուների ետևից, հողում պահել ոսկորներ և պաշտպանել տիրոջը։ Բայց երբ մարդն է մահանում 70–80 տարի ապրելուց հետո, նա օգտագործած է լինում իր հնարավորությունների չնչին մասը։ Եթե նա սիրել է սպորտը, ապա հավանաբար հաջողությունների է հասել սպորտի միայն մեկ կամ երկու ձևերում։ Եթե երաժշտություն է սիրել, հավանաբար լավ նվագել է ընդամենը մեկ կամ երկու գործիքների վրա։ Իսկ եթե սիրել է օտար լեզուներ, գուցե սովորել է վարժ խոսել միայն երկու կամ երեք լեզուներով։ Նա կարող էր շատ ավելին անել՝ հանդիպել տարբեր մարդկանց, հայտնագործել նոր բաներ և մտերմանալ Աստծու հետ, եթե միայն ավելի երկար ապրեր։
Բայց դուք միգուցե հարցնեք. «Ինչո՞ւ է Աստված մարդուն ստեղծել այնպիսի ուղեղով, որն ընդունակ է շատ բաներ անել, և հետո տվել նրան կյանքի այնպիսի տևողություն, որի պատճառով նա շատ քիչ բաներ է հասցնում անել»։ Մարդու կյանքի կարճ տևողությունը չի համապատասխանում այն նպատակին, որի համար նա ստեղծված է։ Գուցե նաև հարցնեք. «Ինչո՞ւ Աստված պետք է մարդուն ստեղծեր առանձնահատուկ հատկություններով, ինչպիսիք են՝ արդարությունն ու կարեկցանքը և միևնույն ժամանակ օժտեր նրան չարը գործելու հակումով»։
Երբ տեսնում եք գեղեցիկ ավտոմեքենա, որը փոս ընկած տեղ ունի, արդյոք եզրակացնո՞ւմ եք, թե մեքենան այդպես է արտադրվել։ Իհարկե ոչ։ Անկասկած դուք մտածում եք. «Մեքենան այսպես չի արտադրվել, բայց հետո ինչ–որ մեկը փչացրել է այն»։ Նմանապես, երբ մենք մտածում ենք մեր կյանքի մասին, կարող ենք միայն եզրակացնել, որ մենք ստեղծված չենք եղել այսպիսի կյանքով ապրելու համար։ Մեր կյանքի կարճ տևողությունը և չարը գործելու հակումը նման են ավտոմեքենայի փոս ընկած տեղերին։ Ակներևաբար ինչ–որ մեկը վնաս է հասցրել մարդու կատարյալ կյանքին։ Հարց է առաջանում՝ ո՞վ։ Աստվածաշունչը մատնացույց է անում մի մեղսագործի։
Եթե մարդկությունը անվերջ կյանք վայելելու կարողությամբ է ստեղծվել, ապա ո՞վ է վնասել մարդ արարածի այդ թանկարժեք ժառանգությունը։ Դա միայն կարող էր լինել բոլոր մարդկանց նախահայրը, որից ծագել ենք մենք բոլորս։ Եթե դա լիներ մեկ ուրիշը, ապա կվնասեր միայն մարդկության մի մասի՝ իր ժառանգների գեները։ Վերը նշվածը ներդաշնակ է Աստծու Խոսքում՝ Աստվածաշնչում, բերվող փաստերի հետ։ Այնտեղ գրված է. «Մէկ մարդի [Ադամի՝ առաջին մարդու] ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին» (Հռովմայեցիս 5։12)։ Գրությունները ցույց են տալիս, որ Ադամն է վնաս հասցրել մեր ժառանգությանը։ Սակայն ինչպիսի՞ն պետք է լիներ մարդու կյանքը՝ համաձայն Աստծու նպատակի։
Սկզբնական նպատակը
Ասելով ‘մահը մտավ աշխարհ’՝ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդկությունը չէր ստեղծվել մահանալու համար։ Ծերությունն ու մահը Աստծու դեմ առաջին մարդու ապստամբության հետևանքներն են։ Սակայն կենդանիները չէին ստեղծվել հավիտյան ապրելու համար (Ծննդոց 3։21; 4։4; 9։3, 4)։
Մարդիկ ստեղծված էին այլ նպատակով։ Մենք ավելի բարձր կյանքով ենք ապրում, քան կենդանիները, ճիշտ ինչպես հրեշտակներն են ավելի բարձր կյանքով ապրում, քան մարդիկ (Եբրայեցիս 2։7)։ Ի տարբերություն կենդանիների՝ մարդը ստեղծվել էր «Աստուծոյ պատկերովը» (Ծննդոց 1։27)։ Բացի այդ, Աստվածաշունչը Ադամին անվանում է ‘Աստծու [որդի]’ (Ղուկաս 3։38)։ Մենք հիմնավոր պատճառներ ունենք հավատալու, որ մարդը չէր ստեղծվել ծերանալու և մահանալու նպատակով։ Աստված չի մահանում, և նա չէր ստեղծել իր որդիներին, որպեսզի նրանք մահանային (Ամբակում 1։12; Հռովմայեցիս 8։20, 21)։
Մարդկության առաջին սերունդների վերաբերյալ պատմական արձանագրությունները ցույց են տալիս, թե որն էր Աստծու նպատակը մարդու կյանքի առնչությամբ։ Հնում մինչև ծերանալը մարդիկ դարերով ապրում էին։ Ադամը ապրեց 930 տարի։ Հետագա սերունդները ապրեցին ավելի քիչ, օրինակ՝ Նոյի որդի Սեմը ապրեց 600 տարի, իսկ Նոյի թոռ Արփաքսադը՝ 438 տարիa (Ծննդոց 5։5; 11։10–13)։ Աբրահամը ապրեց 175 տարի (Ծննդոց 25։7)։ Աստիճանաբար մեղքը հետևանք թողեց կյանքի տևողության վրա։ Որքան
մարդիկ հեռացան սկզբնական կատարյալ վիճակից, այնքան նրանց կյանքի տևողությունը կարճացավ։ Սակայն սկզբում մարդկությունը ստեղծված էր հավիտյան ապրելու համար։ Հետևաբար բնական է մտածել. «Աստված դեռ ցանկանո՞ւմ է, որ մարդիկ հավերժ ապրեն երկրի վրա»։
Ազատագրում ծերությունից
Քանի որ Եհովա Աստված հայտնել էր, որ իրեն չհնազանդվելու դեպքում ցանկացած մարդ իր մեղքի համար մահով կվճարի, Ադամի սերունդները հայտնվեցին անհույս վիճակում (Ծննդոց 2։17)։ Այնուամենայնիվ, ներշնչված Գրությունները հույս էին տալիս, որ ինչ–որ մեկը փրկանք կվճարեր ծերությունից մեզ ազատագրելու համար։ Աստվածաշնչում կարդում ենք. «Ազատիր նորան կորուստն իջնելուց. ես քաւութիւն եմ գտել։ Այն ժամանակ նորա մարմինը փափուկ կ’լինի երեխայի մարմնից, նա ետ կ’դառնայ իր մանկութեան օրերին» (Յոբ 33։24, 25; Եսայիա 53։4, 12)։ Աստվածաշունչն այստեղ հրաշալի հեռանկար է ներկայացնում. ինչ–որ մեկը փրկանք էր վճարելու ծերությունից մեզ ազատելու համար։
Ո՞վ էր վճարելու այդ փրկանքը։ Փողով հնարավոր չէր դա վճարել։ Անկատար մարդկանց ի նկատի ունենալով՝ Աստվածաշունչն ասում է. «Մարդ չէ կարող իր եղբորը փրկել, եւ ոչ նորա փրկանքը տալ Աստուծուն.... [որ նա] յաւիտեան ապրի եւ ապականութիւն չ’տեսնէ» (Սաղմոս 49։7–9)։ Սակայն Հիսուս Քրիստոսը փողից ավելի արժեքավոր բան ուներ։ Լինելով երկրի վրա՝ Հիսուսը կատարյալ կյանքով էր ապրում։ Քանի որ նա Աստծու Որդին էր, չէր ժառանգել ադամական մեղքը։ Հիսուսն ասաց, որ նա եկավ «շատերի փոխանակ իր անձը փրկանք տա[լու]»։ Մեկ այլ առիթով նա ասաց. «Ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան» (Մատթէոս 20։28; Յովհաննէս 10։10)։
Անվերջ ապրելու թեման Հիսուսի քարոզչության մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում։ Նրա հավատարիմ հետևորդներից մեկը՝ Պետրոսը, մի անգամ ասաց նրան. «Յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դու» (Յովհաննէս 6։68)։ Ի՞նչ ի նկատի ունի Աստվածաշունչը, երբ խոսում է հավիտենական կյանքի մասին։
Անվերջ կյանք
Հիսուսի առաքյալները՝ որպես նրա թագավորակիցներ, անձկագին սպասում էին երկնքում հավիտենական կյանք վայելելուն (Ղուկաս 22։29; Յովհաննէս 14։3)։ Այնուամենայնիվ, Հիսուսը հաճախ էր խոսում երկրի նկատմամբ Աստծու նպատակի մասին (Մատթէոս 5։5; 6։10; Ղուկաս 23։43)։ Հիսուսի կատարած հրաշքները և հավիտենական կյանքի վերաբերյալ ուսմունքները հաստատումն են այն խոստման, որ Աստված տվեց Եսայիա մարգարեի միջոցով. «Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից» (Եսայիա 25։8)։ Այլևս երբեք մարդկային կյանքը բաղկացած չի լինի երիտասարդության մի քանի անցողիկ տարիներից, որոնց հաջորդում է ծերությունը։
Աստծու նոր աշխարհում, երբ հավատարիմ անհատները կատարելության հասնեն, այլևս չեն ծերանա։ Աստվածաշունչն ասում է. «Ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով» (Հռովմայեցիս 8։21)։ Միայն պատկերացրեք։ Մարդիկ շարունակաբար ձեռք կբերեն իմաստություն և փորձ։ Դարերի ընթացքում երիտասարդական ավյունը երբեք չի լքի իրենց։ Արդյոք դուք կտեսնե՞ք այդ ժամանակը։
Որքա՞ն երկար կարող եք ապրել
Հիսուսի խոսքերի համաձայն՝ Աստծու դատաստանից հետո երկրի վրա անհամեմատ ավելի քիչ բնակչություն կլինի (Մատթէոս 24։21, 22)։ Հիսուսն ասաց. «Լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. եւ շատեր են նորանով գնացողները։ Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. եւ քիչ են նորան գտնողները» (Մատթէոս 7։13, 14)։
Որպեսզի լինեք անվերջ կյանք վայելողների թվում, պետք է ձգտեք արժանանալ Աստծու հավանությանը։ Դրա համար առաջին հերթին պետք է ճանաչել Աստծուն։ Հիսուսը բացատրեց. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած» (Յովհաննէս 17։3)։ Իհարկե, հարկավոր է ջանքեր գործադրել Աստծուն լավ ճանաչելու համար, սակայն արժե՛ այդպես վարվել։ Պարագան նույնն է ամեն օր սնունդ գնելու դեպքում, որի համար նույնպես անհրաժեշտ է ջանքեր գործադրել։ Աստծու մասին գիտելիքներ ստանալը նմանեցնելով սննդի՝ Հիսուսը հորդորեց. «Գործեցէք ոչ թէ կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է յաւիտենական կեանքի մէջ» (Յովհաննէս 6։27)։ Արդյոք չարժե՞ ամեն ջանք գործադրել հավիտենական կյանք ձեռք բերելու համար (Մատթէոս 16։26)։
Հիսուսն ասաց. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։ Հետևաբար այն, թե որքան երկար կապրեք դուք, կախված է այն բանից, թե ինչպես կարձագանքեք Աստծու սիրուն։
[Ծանոթագրություն]
a Ոմանք պնդում են, թե Աստվածաշնչում նշված այս տարիները իրականում ամիսներ են։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ Արփաքսադը 35 տարեկան էր, երբ ունեցավ Սաղային։ Եթե բառացի 35 ամիսներ հաշվենք, ստացվում է, որ Արփաքսադը հայր դարձավ, երբ դեռ երեք տարեկան չկար, որն իհարկե անհնարին է։ Բացի այդ, «Ծննդոց» գրքի առաջին գլուխները տարբերություն են դնում արևադարձային տարիների և լուսնային ամիսների միջև (Ծննդոց 1։14–16; 7։11)։
[Մեջբերում 7–րդ էջի վրա]
80 տարի ապրելուց հետո անհատը հասցնում է օգտագործել իր հնարավորությունների միայն չնչին մասը
[Մեջբերում 8–րդ էջի վրա]
Մարդիկ ստեղծված են ավելի բարձր կյանքով ապրելու համար, քան կենդանիները
[Նկար 7–րդ էջի վրա]
Արդյո՞ք այս մեքենան արտադրվել է վնասվածքով
[Նկար 8–րդ և 9–րդ էջերի վրա]
Աստծու Խոսքն ասում է, որ մարդիկ կվերադառնան ‘իրենց երիտասարդության օրերին’