Արարչագործությունը փառաբանում է Եհովային
ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ շատ ավելի փառավոր է, քան կարող է պատկերացնել անկատար մարդը։ Երկնային ու երկրային արարչագործությունները փառք են բերում նրան և մեր սիրտը լցնում են ակնածանքով (Սաղմոս 19։1–4)։
Քանի որ Եհովան մեր Արարիչն է և Տիեզերքի Գերիշխանը, մենք անկասկած պետք է ուշադրություն դարձնենք նրա խոսքերին։ Որքա՜ն զարմանալի կլիներ, եթե նա խոսեր մեզ նման չնչին երկրային արարածների հետ։ Պատկերացրու, թե Աստված դիմում է քեզ, ասենք, որևէ հրեշտակի միջոցով։ Դու, անշուշտ, ուշադրությամբ կլսեիր Նրան։ Ամենայն հավանականությամբ, հենց այդպես Աստծուն լսեց հավատարիմ Հոբը, երբ մոտ 3 500 տարի առաջ Արարիչը նրան ուղղեց իր խոսքը։ Իսկ ի՞նչ են մեզ հայտնում Եհովայի այդ խոսքերը երկնքի ու երկրի մասին։
Ո՞վ է դրել երկրի հիմքը և որոշել ծովի սահմանները
‘Փոթորկի միջից’ Աստված Հոբին հարցեր ուղղեց երկրի և ծովի վերաբերյալ (Յոբ 38։1–11)։ Ոչ մի մարդ ճարտարապետի դեր չի կատարել Աստծու մոտ՝ օգնելով նրան որոշել երկրի չափերը և արարել այն։ Երկիրը համեմատելով շինության հետ՝ Աստված այսպիսի հարց տվեց Հոբին. «Ո՞վ է ձգել նորա անկեան քարը» (Յոբ 38։1–11)։ Ինչ խոսք, մարդկանցից և ոչ մեկը։ Աստծու երկնային որդիները՝ հրեշտակները, դիտում էին, թե ինչպես է նա արարում մեր մոլորակը, և ցնծություն էին ապրում։
Եհովայի տեսանկյունից՝ ծովը նման է նորածին մանկան, որին նա զգեստներ է հագցնում։ «Երբոր [ծովը] յորդահոսելով ելաւ արգանդից», Աստված նրա համար արգելքներ դրեց՝ «փակեց» այն «դռներով», իսկ մակընթացությունները կարգավորեց լուսնի և արևի ձգողականությամբ։
Մի հանրագիտարանում ասվում է. «Մեծամասամբ, քամին է առաջ բերում օվկիանոսի ալիքները՝ սկսած ամենափոքր կոհակներից մինչև փոթորկի ժամանակ առաջացող հսկա ալիքները, որոնք հասնում են 30 մետրի։ .... Երբ քամին դադարում է, ալիքները շարունակում են «շրջել» օվկիանոսի մակերևույթով։ Հեռանալով իրենց առաջացման վայրից՝ նրանք ահռելի տարածություններ են անցնում։ Ժամանակի ընթացքում ալիքները դառնում են ավելի ցածր ու երկար։ Ի վերջո, փշրվում են ափին՝ այս ու այն կողմ ցայտեցնելով միլիոնավոր փրփրուն կաթիլներ, և պտույտ գործելով՝ վերադառնում են դեպի ծով» («The World Book Encyclopedia»)։ Ծովը հնազանդվում է Աստծու հետևյալ հրահանգին. «Մինչեւ այստեղ գաս, եւ էլ չ’անցնես. այստեղ կ’դադարեն քո փառահեղ ալիքները»։
Ո՞ւմ հրամանով է բացվում արշալույսը
Ապա Աստված հարցեր է տալիս Հոբին լույսի և իր մյուս արարչագործությունների ազդեցության մասին (Յոբ 38։12–18)։ Մարդը որևէ ձևով չի կարող վերահսկել գիշերվա և ցերեկվա հերթափոխը։ Վաղորդյան լույսը ‘բռնում է երկրի ծայրերը’ և ‘թոթափում ամբարիշտներին’։ Սովորաբար չարագործները իրենց հանցավոր արարքները կատարում են ‘երեկոյան’՝ մթության քողի տակ (Յոբ 24։15, 16)։ Մինչդեռ լուսաբացը ցիրուցան է անում նրանցից շատերին։
Աստծու համար առավոտյան լույսը նման է կնիքի, որը գեղեցկության դրոշմ է թողնում երկրի վրա։ Արևի լույսը պատում է երկիրը բազում գույներով, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մեր մոլորակը հիանալի զգեստ է հագել։ Հոբը որևէ մասնակցություն չէր ունեցել դրանում։ Բացի այդ, նա ‘ման չէր եկել անդունդի խորքերում’, որպեսզի հայտնաբերեր ծովի գանձերը։ Առ այսօր ծովախույզները սահմանափակ գիտելիքներ ունեն ստորջրյա կյանքի մասին։
Ո՞ւմ ձեռքում են ձյան և կարկուտի շտեմարանները
Ոչ մի մարդ չի անցել լույսի և խավարի շավիղներով ու չի եղել այն շտեմարաններում, որտեղ «ամբարված» են ձյունն ու կարկուտը։ Դրանք Աստված պահում է «կռիւի եւ պատերազմի օրուան համար» (Յոբ 38։19–23)։ Երբ Եհովան Գաբավոնում իր թշնամիների վրա կարկուտ տեղաց, «կարկտի քարերիցը մեռնողները աւելի շատ էին քան թէ իսրայէլի որդկանց սրով մեռցրածները» (Յեսու 10։11)։ Նմանապես, Գոգի, կամ՝ Սատանայի առաջնորդությամբ քայլող մարդկանց կործանելիս Աստված ի զորու կլինի աներևակայելի չափերի կարկուտ տեղալ նրանց վրա (Եզեկիէլ 38։18, 22)։
Իսկ որ դա հնարավոր է, երևում է հետևյալ օրինակներից. 2002 թ. հուլիսին Չինաստանի Հենան նահանգում տեղացած կարկուտից, որի հատիկները ձվի չափերի էին, մահացավ 25 հոգի և վիրավորվեց 200։ Իսկ 1545 թ.–ին տեղի ունեցած մի կարկուտի վերաբերյալ իտալացի քանդակագործ Բենվենուտո Չելլինին գրեց. «Մի անգամ, երբ Լիոնից շատ հեռու էինք.... երկինքը հանկարծ սկսեց ուժգին որոտալ։ ..... Դրանից հետո այնպիսի բարձր ու ահասարսուռ դղրդյուն լսվեց, որ ինձ թվաց, թե աշխարհի վերջը եկել է։ Ես սանձեցի իմ ձին։ Նույն պահին կարկուտ սկսվեց. անձրև չէր գալիս, միայն՝ կարկուտ։ .... Կարկուտի հատիկները աստիճանաբար մեծացան՝ հասնելով խոշոր լիմոնի չափերի։ .... Արհավիրքն ավելի ու ավելի կատաղի դարձավ, բայց որոշ ժամանակ անց դադարեց։ .... Մենք սկսեցինք իրար ցույց տալ մեր վերքերն ու կապտուկները։ Սակայն մեկ մղոն անցնելուց հետո մեր առջև մի սարսափելի տեսարան բացվեց, որի համեմատությամբ մեր վնասվածքները չնչին էին թվում։ Դժվար էր խոսքեր գտնել այն նկարագրելու համար. ծառերի տերևները թափված էին, ճյուղերը՝ կոտրված, դաշտում ընկած էին սատկած կենդանիներ։ Հովիվներից շատերը նույնպես զոհվել էին։ Ամենուր կարելի էր տեսնել այնպիսի կարկտահատիկներ, որոնք անհնար կլիներ բռնել անգամ երկու ձեռքով» («Autobiography» (գիրք II, 50), «Harvard Classics», հ. 31, էջ 352–353)։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենա, եթե Եհովան իր ախոյաններին կործանելիս բացի ձյան և կարկուտի շտեմարանները։ Երբ ձյունն ու կարկուտն ուղարկվեն Աստծու կամքը կատարելու նպատակով, նրա հակառակորդներից և ոչ մեկը չի փրկվի։
Ո՞ւմ ձեռքի գործերն են անձրևը, ցողը, եղյամը և սառույցը
Ապա Եհովան Հոբին հարցեր ուղղեց անձրևի, ցողի, եղյամի և սառույցի մասին (Յոբ 38։24–30)։ Աստված է անձրևի փառավոր Հայրը։ Անձրևը կարող է թարմություն պարգևել նույնիսկ ‘անապատին, ուր որ մարդ չկա’։ Ինչ խոսք, մարդ արարածը չէ, որ ծնունդ է տվել անձրևին, սառույցին ու եղյամին։
«Ջրի ամենազարմանալի ու թերևս ամենակարևոր հատկությունն այն է, որ սառչելիս այն ընդարձակվում է.... Ձմռանը լճակները ծածկվում են սառցե վերմակով, ինչի շնորհիվ ստորջրյա բույսերն ու կենդանիները (ձկները և այլն) չեն մահանում։ .... Եթե.... պնդանալիս ջուրը սեղմվեր և խտանար, ապա սառույցը ջրից ծանր կլիներ և կընկղմվեր լճակի հատակը։ Իսկ ջրի մակերևույթը նորից ու նորից կսառչեր, մինչև որ լճակն ամբողջությամբ սառցակալեր։ .... Եվ այն երկրներում, որտեղ ցուրտ է, գետերը, լճերը, ծովերն ու նույնիսկ օվկիանոսները կվերածվեին հավերժական սառույցների» («Nature Bulletin»)։
Որքա՜ն ուրախ կարող ենք լինել, որ այդ ջրային զանգվածները մինչև վերջ չեն սառչում։ Անշուշտ, մենք նաև ուրախ ենք այն բանի համար, որ անձրևն ու ցողը՝ Եհովայի ձեռքի գործերը, կենդանացնում են բուսականությունը։
Ո՞վ է սահմանել երկնքի կանոնները
Այնուհետև Աստված Հոբին հարցեր տվեց երկնքի մասին (Յոբ 38։31–33)։ «Բազմաստեղ», կամ՝ Բազումք համաստեղությունը յոթ մեծ և մի շարք փոքր աստղերից բաղկացած խումբ է։ Այնտեղից Արեգակին հասնելու համար կպահանջվի մոտ 380 լուսատարի։ Մարդը չէր կարող «Բազմաստեղի կապերը կապել»՝ մի խմբի մեջ հավաքել այդ աստղերը։ Ոչ մի մարդ ի վիճակի չէր լինի նաև արձակել ‘Հայկի կապերը’ (ԱԱ). մի համաստեղություն, որը հայտնի է Օրիոն անվամբ։ Նմանապես, մենք չենք կարող որևէ ձևով ազդել «Կենդանակերպ» և «Արջ» համաստեղությունների վրա (ճշգրտորեն հնարավոր չէ ասել, թե որ համաստեղություններն են դրանք)։ Մարդն ի զորու չէ փոխելու «երկնքի կանոնները»՝ տիեզերքում գործող օրենքները։
Աստված է հաստատել այն օրենքները, որոնցով ղեկավարվում են երկնային մարմինները, և որոնք մեծ նշանակություն ունեն Երկրի մթնոլորտի, եղանակի, մակընթացությունների և անգամ կյանքի գոյության համար։ Օրինակ՝ խոսենք Արեգակի մասին։ Այս առնչությամբ մի հանրագիտարանում ասվում է. «Արևի ճառագայթները ջերմություն և լույս են տալիս երկրին, նպաստում են բուսականության աճին, օվկիանոսից և այլ ավազաններից ջրի գոլորշիացմանը, քամու առաջացմանը և բազում այլ բաների, որոնք անչափ կարևոր են երկրի վրա կյանքի գոյության համար» («The Encyclopedia Americana», 1996 թ.)։ Նույն աշխատության մեջ նաև նշվում է. «Որպեսզի կարողանանք պատկերացում կազմել այն մասին, թե որքան մեծ է արևի լույսի ազդեցությունը, բավարար է միայն հիշել, որ քամիների, ջրամբարների և գետերի ողջ հզորությունը, ինչպես նաև բնական վառելիքից, օրինակ՝ փայտից, ածխից, նավթից արտազատվող ողջ էներգիան արդյունքն են այն բանի, որ Արեգակից 150 միլիոն կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի փոքրիկ մոլորակ [Երկիրը] կուտակում է արևի լույսը»։
Ո՞վ է իմաստություն դրել ամպերի մեջ
Եհովան խորհուրդ է տալիս Հոբին խորհել ամպերի մասին (Յոբ 38։34–38)։ Անհնար է, որ մարդու հրամանով երկնքում գեթ մեկ ամպ հայտնվի, և անձրև տեղա երկրի վրա։ Իսկ որքա՜ն մեծ նշանակություն ունի Արարչի կողմից հաստատված ջրի շրջապտույտը մարդկանց կյանքի համար։
Ի՞նչ է իրենից ներկայացնում ջրի շրջապտույտը։ Համաձայն մի աշխատության՝ «[այն] իրականանում է չորս փուլով. երկրի մակերևույթին կուտակված ջուրը գոլորշիանում է, փոխադրվում մթնոլորտ, խտանում և թափվում տեղումների տեսքով։ Ջուրը ժամանակավորապես հավաքվում է ծովերում, լճերում, գետերում, սառցադաշտերում և սառցապատ լեռնագագաթներում։ Այն գոլորշիանում է երկրի մակերևույթից, խտանում՝ վերածվելով ամպերի, (անձրևի կամ ձյան տեսքով) նորից թափվում գետնին և ի վերջո հոսում դեպի ծով կամ կրկին գոլորշիանում՝ վերադառնալով մթնոլորտ։ Երկրի գրեթե բոլոր ջրային զանգվածները միլիոնավոր անգամ ենթարկվել են այս շրջապտույտին» («Microsoft Encarta Reference Library 2005»)։
Անձրևաբեր ամպերը նման են ջրով լի երկնային սափորների։ Եթե Եհովան «շրջի» դրանք, ապա այնպիսի հորդառատ անձրև կսկսի, որը փոշին ու հողը կվերածի ցեխի։ Բայց Աստված զորություն ունի ոչ միայն անձրև բերելու, այլև այն դադարեցնելու (Յակոբոս 5։17, 18)։
Հաճախ անձրևի ժամանակ կայծակ է լինում։ Մարդը, սակայն, չի կարողանում ծառայեցնել այն իր նպատակներին։ Մինչդեռ ըստ Աստվածաշնչի՝ կայծակները հաշիվ են տալիս Եհովային՝ ասելով. «Ահա այստեղ ենք»։ Մի հանրագիտարանում նշվում է. «Կայծակը քիմիական մեծ փոփոխություններ է առաջ բերում մթնոլորտում։ Օդում տեղաշարժվելով՝ այն ահռելի ջերմություն է արտազատում, որի արդյունքում ազոտն ու թթվածինը միանում են՝ առաջացնելով նիտրատներ և այլ նյութեր։ Այդ նյութերը անձրևի հետ ընկնում են գետնին։ Այս ճանապարհով մթնոլորտը շարունակաբար հարստացնում է հողը սննդարար նյութերով, որոնք մեծապես նպաստում են բույսերի աճին» («Compton’s Encyclopedia»)։ Մարդիկ մինչև վերջ չեն կարողանում հասկանալ կայծակի առեղծվածը, ինչը, սակայն, գաղտնիք չէ Աստծու համար։
Հրաշալի արարչագործությունը փառավորում է Աստծուն
Արարչագործության հրաշքները իսկապես փառք են բերում բոլոր բաների Ստեղծիչին (Յայտնութիւն 4։11)։ Որքա՜ն պետք է տպավորված լիներ Հոբն այն խոսքերից, որ Եհովան ասաց նրան երկրի և տիեզերքում գտնվող մարմինների առնչությամբ։
Այս հոդվածում քննարկված արարչագործությունները ընդամենը մի քանիսն են այն օրինակներից, որ Աստված ներկայացրեց Հոբին։ Սակայն այդքանն էլ բավարար է, որ մեր մեջ ցանկություն առաջանա բացականչելու. «Ահա Աստված շատ ավելի մեծ է, քան կարող ենք պատկերացնել» (Յոբ 36։26, ՆԱ)։
[նկար 14–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Snowflake: snowcrystals.net
[նկար 15–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Pleiades: NASA, ESA and AURA/Caltech; fish: U.S. Fish & Wildlife Service, Washington, D.C./William W. Hartley