Սիրով լսելու արվեստը
«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, որ լսեցիր ինձ»։ Ե՞րբ են վերջին անգամ ձեզ այսպիսի խոսքեր ասել։ Որքա՜ն հաճելի էր լսել դրանք, այնպես չէ՞։ Հազիվ թե գտնվի մեկը, որը չի գնահատում լսելու կարողություն ունեցող անհատին։ Ուշադրությամբ լսելով՝ մենք ուժ ենք տալիս հուսահատ մարդկանց, որոնք ընկճված են տարբեր խնդիրներից։ Այդպես մենք նաև սկսում ենք գնահատել նրանց։ Դիմացինին սիրով լսելու ունակությունը անչափ կարևոր է քրիստոնեական ժողովում, քանզի դրա շնորհիվ մենք կարողանում ենք հոգ տանել միմյանց՝ «դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով» (Եբրայեցիս 10։24)։
Սակայն այսօր քչերն են անկեղծորեն լսում ուրիշներին։ Դիմացինի խոսքերին ուշադրություն դարձնելու փոխարեն՝ նրանք ավելի շուտ հակված են խորհուրդներ տալ, պատմել իրենց հետ պատահած դեպքերը և արտահայտել իրենց կարծիքը։ Մինչդեռ լսելու ունակությունը իսկական արվեստ է։ Իսկ ինչպե՞ս կարող ենք սովորել սիրով լսել մարդկանց։
Կարևոր դրդապատճառ
Եհովան մեր Մեծ Խրատողն է (Եսայիա 30։20, ՆԱ)։ Նա մեզ շատ բան կարող է սովորեցնել լսելու մասին։ Հիշենք, թե ինչպես Եհովան օգնեց Եղիա մարգարեին։ Վախենալով Հեզաբել թագուհու սպառնալիքներից՝ Եղիան փախավ անապատ. նա ցանկանում էր մեռնել։ Այնտեղ մարգարեի հետ խոսեց Աստծու հրեշտակը։ Եղիան սկսեց նկարագրել իր զգացմունքները, և Աստված լսեց նրան։ Ապա Եհովան ցույց տվեց իր ահռելի զորությունը։ Արդյունքո՞ւմ։ Եղիան կարողացավ հաղթահարել իր վախը և շարունակեց իր ծառայությունը (Գ Թագաւորաց 19։2–15)։ Ի՞նչն է մղում Եհովային ժամանակ հատկացնել իր ծառաների մտահոգությունները լսելուն։ Աստված հոգ է տանում նրանց մասին (Ա Պետրոս 5։7)։ Ահա սա է այն կարևոր դրդապատճառը, որը մղում է ուշադրությամբ լսելու դիմացինին։ Ուրեմն՝ հոգատար եղեք ձեր մերձավորի հանդեպ և անկեղծորեն հետաքրքրվեք նրանով։
Հավատակցի կողմից ցուցաբերված նման հոգատարությունը օգնեց Բոլիվիայում ապրող մի մարդու, որը լուրջ մեղք էր գործել։ «Դա իմ կյանքի ամենամռայլ շրջանն էր,— պատմում է նա։— Ես հեշտությամբ կհանձնվեի ու կդադարեի ծառայել Եհովային, եթե այդ եղբայրը ժամանակ չտրամադրեր՝ ինձ լսելու։ Նա շատ խոսքեր չասաց, բայց ես, միևնույն է, մեծ լիցք ստացա։ Պարզապես, այդ եղբայրն այնքան հոգատար էր, որ կարողացավ անկեղծորեն լսել ինձ։ Ես խորհրդի կարիք չունեի. գիտեի, թե ինչ է հարկավոր անել։ Ուղղակի պետք է համոզվեի, որ կա մեկը, որն անտարբեր չէ իմ զգացմունքների հանդեպ։ Շնորհիվ այն բանի, որ նա լսեց ինձ՝ ես չընկա հուսալքության գիրկը»։
Սիրով լսելու հարցում մեզ համար մեծագույն օրինակ է Հիսուս Քրիստոսը։ Նրա մահից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ հետևյալ դեպքը. Հիսուսի աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որը գտնվում էր Երուսաղեմից 11 կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք, անշուշտ, ընկճված էին։ Հարություն առած Հիսուսը սկսեց քայլել նրանց կողքով։ Նա լավ մտածված հարցեր տվեց, որպեսզի մղի իր աշակերտներին արտահայտվելու, և վերջիններս արձագանքեցին։ Նրանք պատմեցին, թե ինչ հույսեր ունեին և թե այժմ ինչ հուսալքության ու շփոթության մեջ են։ Հիսուսը հոգատարություն դրսևորեց նրանց հանդեպ։ Շնորհիվ այն բանի, որ նա սիրով լսեց իր աշակերտներին՝ վերջիններս նույնպես տրամադրվեցին լսելու։ Հիսուսը սկսեց «[մեկնել] նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին» (Ղուկաս 24։13–27)։
Եթե սկզբում մարդուն արտահայտվելու հնարավորություն տանք, ապա սիրով կմղենք նրան մեզ լսելու։ Ահա թե ինչ է պատմում բոլիվիացի մի կին. «Իմ և ամուսնուս ծնողները քննադատում էին ինձ այն բանի համար, թե ինչպես եմ դաստիարակում երեխաներիս։ Ես զայրանում էի նրանց խոսքերի վրա, սակայն սրտիս խորքում համոզված չէի, որ ընտրել եմ դաստիարակության ճիշտ ձևը։ Մի անգամ մեր դուռը թակեց մի Եհովայի վկա։ Այդ քրիստոնյա կինը սկսեց խոսել Աստծու խոստումների մասին։ Սակայն ինձ առաջին հերթին տպավորեց այն, թե ինչ պատրաստակամությամբ էր այդ Վկան լսում իմ կարծիքը. նրա պատրաստակամությունն ակնհայտ էր։ Ես նրան ներս հրավիրեցի և շատ չանցած՝ այդ Վկայի հետ սկսեցի քննարկել իմ խնդիրը։ Նա համբերությամբ լսեց ինձ, ապա հարցրեց, թե ինչպիսին կուզենայի տեսնել երեխաներիս, և ինչ է այդ կապակցությամբ մտածում ամուսինս։ Այնքան հաճելի էր զրուցել մեկի հետ, որը փորձում էր մտնել իմ դրության մեջ։ Եվ երբ այդ կինը սկսեց բացատրել, թե Աստվածաշունչն ինչ է ասում ընտանեկան կյանքի վերաբերյալ, ես արդեն համոզված էի, որ նրան իսկապես հետաքրքրում է իմ վիճակը»։
«Սէրը .... իր[են]ը չէ որոնում»,— ասում է Աստվածաշունչը (Ա Կորնթացիս 13։4, 5)։ Եթե սիրով ենք լսում մարդուն, ապա ետին պլան ենք մղում մեր հետաքրքրությունները։ Լուրջ խնդրի շուրջ զրուցելիս գուցե անհրաժեշտ լինի անջատել հեռուստացույցը, բջջային հեռախոսը կամ մի կողմ դնել թերթը։ Սիրով լսել նշանակում է անկեղծորեն հետաքրքրվել դիմացինի կարծիքով։ Եթե այդպես ենք լսում, ապա չենք սկսի պատմել մեր մասին։ Տեղին չի լինի, օրինակ, ասել. «Ինձ հետ էլ է նման բան պատահել»։ Թեև դա ընդունելի է ընկերական զրույցի ժամանակ, լուրջ խնդիր քննարկելիս հարկավոր է մոռանալ անձնական հետաքրքրությունները։ Սակայն գոյություն ունի մարդկանց հանդեպ անկեղծ հետաքրքրություն ցույց տալու ևս մի ձև։
Փորձեք հասկանալ դիմացինի զգացմունքները
Կարելի է ասել, որ Հոբին մխիթարելու եկած մարդիկ մոտավորապես տասը ելույթ լսեցին վերջինիս կողմից։ Բայց նա, միևնույն է, ասաց. «Երանի՜ ....թէ մէկը ինձ լսէր» (Յոբ 31։35)։ Ինչո՞ւ էր Հոբն այդպես մտածում։ Բանն այն է, որ նրան լսող մարդիկ չմխիթարեցին իրեն։ Նրանք ո՛չ հոգ էին տանում Հոբի մասին, ո՛չ էլ ցանկանում էին հասկանալ վերջինիս զգացմունքները։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ դիմացինին կարեկցանքով լսելու ունակություն չունեին։ Պողոս առաքյալը այսպիսի խորհուրդ է տալիս. «Ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասէր, բարեսիրտ, քաղցրաբարոյ եղէք» (Ա Պետրոս 3։8)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք կարեկցանք դրսևորել։ Ձևերից մեկն այն է, որ հաշվի առնենք դիմացինի զգացմունքները և փորձենք հասկանալ դրանք։ Մեր հոգատարությունը կարող ենք ցույց տալ կարեկցանք արտահայտող խոսքերով։ Կարող ենք, օրինակ, ասել՝ «երևի թե շատ տխրեցիր» կամ՝ «երևի քեզ թվաց, թե ոչ ոք քեզ չի հասկանում»։ Մեկ ուրիշ ձև է մարդու պատմածը մեր խոսքերով վերարտադրելը։ Այդպես ցույց կտանք, որ հասկացել ենք նրան։ Սիրով լսել նշանակում է նաև ուշադիր լինել ոչ միայն մարդու խոսքերի հանդեպ, այլև նկատել, թե ինչ զգացմունքներ են թաքնված դրանց ետևում։
Ռոբերտը,a որ լիաժամ ծառայող մի փորձառու Եհովայի վկա է, պատմում է. «Իմ կյանքում մի այնպիսի ժամանակ է եղել, երբ ծառայությունը շարունակելու ցանկությունս կորել էր։ Ես զրուցեցի շրջանային վերակացուի հետ։ Նա իսկապես լսեց ինձ և փորձեց հասկանալ իմ զգացմունքները։ Կարծում եմ՝ նա նույնիսկ կռահեց, որ վախենում էի, թե կսկսի քննադատել ինձ։ Սակայն եղբայրը հավաստիացրեց, որ իմ զգացմունքները միանգամայն հասկանալի են։ Նա ասաց, որ ինքն էլ է մի ժամանակ նման զգացումներ ունեցել։ Դա ինձ անչափ օգնեց, և ես չհանձնվեցի»։
Իսկ որևէ մեկին լսելիս պարտադի՞ր է համաձայնվել նրա հետ։ Կարելի՞ է շնորհակալություն հայտնել նրան այն բանի համար, որ անկեղծորեն պատմել է իր զգացմունքների մասին։ Այո՛։ Օրինակ՝ ինչպե՞ս կվարվեք, եթե ձեր որդին կռիվ անի դպրոցում, կամ ձեր դեռահաս դուստրը մի օր տուն գա և հայտարարի, որ սիրահարվել է։ Լավ չի՞ լինի արդյոք, որ ծնողը նախ լսի իր դեռահաս զավակին՝ փորձելով հասկանալ վերջինիս տեսակետը, և հետո միայն բացատրի, թե ինչպես ճիշտ կլինի վարվել։
«Խոր ջուրեր է մարդիս սրտի խորհուրդը, բայց խելօք մարդը նորան կ’հանէ»,— ասվում է Առակաց 20։5–ում։ Եթե խոհեմ և փորձառու մարդը հակված չէ խորհուրդ տալ այն դեպքերում, երբ նրան չեն խնդրում այդ մասին, մենք միգուցե ստիպված լինենք ‘հանել’ նրա միջից այդ խորհուրդը։ Նույնն է պարագան սիրով լսելու դեպքում։ Խորաթափանցություն է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք մարդու միջից ‘հանել’ նրա սրտում եղածը։ Օգտակար կլինի հարցեր տալ։ Սակայն հարկավոր է խուսափել խիստ անձնական հարցերից։ Տեղին կլինի նաև առաջարկել, որ անհատը սկզբում անդրադառնա այն բաներին, որոնց շուրջ խոսելիս իրեն հանգիստ է զգում։ Օրինակ՝ ամուսնական կյանքում խնդիրներ ունեցող կնոջ համար գուցե ավելի հեշտ լինի նախ պատմել, թե ինչպես են ինքն ու իր ամուսինը հանդիպել և ամուսնացել։ Իսկ ծառայության մեջ ոչ ակտիվ դարձած անհատը միգուցե ավելի հանգիստ զգա իրեն, եթե սկզբում խոսի այն մասին, թե ինչպես է ընդունել ճշմարտությունը։
Սիրով լսելու արվեստ. դժվարին խնդիր
Այնքան էլ հեշտ չէ լսել մեկին, որը վիրավորվել է մեզանից, քանզի մարդը հակված է ինքն իրեն արդարացնելու։ Իսկ ինչպե՞ս կարելի է լուծել այդ խնդիրը։ «Մեղմ պատասխանը կ’հանգըստացնէ բարկութիւնը» (Առակաց 15։1)։ Մեր պատասխանը մեղմ կլինի, եթե, օրինակ, բարյացակամորեն առաջարկենք դիմացինին արտահայտելու իր դժգոհությունը և համբերատարությամբ լսենք նրան։
Թեժ վիճաբանությունների ժամանակ, որ սովորաբար տեղի են ունենում երկու հոգու միջև, մարդիկ հաճախ պարզապես կրկնում են արդեն ասված մտքերը։ Եվ նրանցից յուրաքանչյուրն այն կարծիքին է, որ դիմացինն իրեն չի լսում։ Որքա՜ն լավ կլինի, եթե նրանցից մեկը կանգ առնի և իսկապես սկսի լսել։ Ինչ խոսք, շատ կարևոր է ինքնատիրապետում պահպանել և խոսելիս ցուցաբերել սեր ու խոհեմություն։ Աստվածաշունչը մեզ խորհուրդ է տալիս. «[Իր] շրթունքները զսպողը խելացի է» (Առակաց 10։19)։
Մարդն ի ծնե օժտված չէ սիրով լսելու ունակությամբ։ Դա արվեստ է, որին նա կարող է տիրապետել ջանքերի ու ինքնադաստիարակության արդյունքում։ Եվ այդ ունակությունն արժե ձեռք բերել։ Եթե իսկապես լսենք դիմացինին, նրա հանդեպ սեր արտահայտած կլինենք։ Դա նաև մեծ ուրախություն կպատճառի մեզ։ Որքա՜ն, ուրեմն, իմաստուն կվարվենք, եթե մեր մեջ կատարելագործենք սիրով լսելու արվեստը։
[ծանոթագրություն]
a Անունները փոխված են։
[նկար 11–րդ էջի վրա]
Մարդուն լսելիս պետք է մոռանանք մեր հետաքրքրությունների մասին
[նկար 12–րդ էջի վրա]
Դժվար է լսել այն անհատին, որի զգացմունքները վիրավորված են