Կենդանական աշխարհը գովաբանում Է Եհովային
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ աշխարհը զննելիս ակնհայտ է դառնում Եհովայի շքեղ մեծությունը։ Աստված հրաշալի կերպով է հոգ տանում կենդանիներին, ճիշտ ինչպես մարդկանց (Սաղմոս 145։16)։ Որքա՜ն անմիտ կլինի սխալներ փնտրել մարդն ու կենդանին Արարողի ստեղծագործությունների մեջ։ Թեև Հոբ անունով մի անձնավորություն ուղղամիտ էր, սակայն նա ‘իր անձն Աստծուց ավելի արդար’ համարեց։ Այդ իսկ պատճառով նա դասեր պետք է քաղեր (Յոբ 32։2; 33։8–12; 34։5)։
Աստված Հոբի ուշադրությունը հրավիրեց մի շարք կենդանիների վրա՝ օգնելով նրան հասկանալ, որ մարդը չափազանց փոքր էակ է, որպեսզի կասկածի ենթարկի Աստծու ճանապարհները։ Այդ փաստը ակներև է դառնում, երբ քննում ենք Եհովայի խոսքերը՝ ուղղված իր ծառա Հոբին։
Մարդկանց օգնության կարիքը չունեն
Հոբը չկարողացավ պատասխանել կենդանիների կյանքի վերաբերյալ Աստծու տված հարցերին (Յոբ 38։39–41)։ Անշուշտ, Եհովան առանց մարդու օգնության է ապահովում առյուծի ու ագռավի կերակուրը։ Թեև ագռավներն այս ու այն կողմ են թռչում՝ իրենց համար սնունդ որոնելու, սակայն իրականում Աստված է նրանց կերակրում (Ղուկաս 12։24)։
Հոբը ոչինչ չկարողացավ պատասխանել, երբ Աստված նրան հարցրեց վայրի կենդանիների մասին (Յոբ 39։1–8)։ Ոչ մի մարդ արարած չի կարող պաշտպանել ‘ժայռի այծերին’ և եղնիկներին։ Իսկ որքա՜ն դժվար է նույնիսկ մոտենալ ժայռի այծերին (Սաղմոս 104։18)։ Աստվածատուր բնազդով է, որ եղնիկը ձագուկ ծնելու համար առանձնանում է անտառի խորքերում։ Նա իր ձագերին խնամում է մեծ հոգատարությամբ, իսկ երբ նրանք մեծանում են և «զօրանում», «գնում են դուրս, եւ ետ չեն դառնում»։ Սկսվում է ինքնուրույն կյանքը։
«Ցիռը»՝ զեբրը, ազատ թափառում է, իսկ վայրի էշի տունը անապատն է։ Հոբին երբեք չէր հաջողվի բարձել վայրի էշին։ Այդ կենդանին «ամեն տեսակ խոտերը որոնում է»՝ ման գալով սարերում։ Վայրի էշը չի փոխարինի իր ազատությունը քաղաքում ավելի հեշտությամբ կերակուր գտնելու հետ։ Նա «ստիպողի», այսինքն՝ հետապնդողի «աղաղակը չէ լսում», քանզի ‘հեռու է սլանում’, երբ մարդը մտնում է իր տիրույթները։
Ապա Աստված մատնացույց արեց «միեղջերուին»՝ վայրի ցուլին (Յոբ 39։9–12)։ Անգլիացի հնագետ Օսթին Լեյարդը գրել է. «Ինչպես երևում է խորաքանդակներից, վայրի ցուլը համարվում էր առյուծից ոչ պակաս սարսափազդու, և այն ցանկալի որս էր։ Այդ պատկերներում թագավորը հաճախ ցուլի հետ կռվում է, իսկ զինվորները ձիով կամ հետիոտն հետապնդում են կենդանուն» («Nineveh and Its Remains», 1849, հ. 2, էջ 326)։ Սակայն ոչ մի խելամիտ անձնավորություն չի փորձի սանձել անկառավարելի վայրի ցուլին (Սաղմոս 22։21, ծնթ.)։
Թևավոր արարածները փառաբանում են Եհովային
Այնուհետև Աստված Հոբին հարցեր տվեց թռչունների մասին (Յոբ 39։13–18)։ Արագիլը կարողանում է ճախրել բարձրերում՝ շնորհիվ իր զորեղ թևերի (Երեմիա 8։7)։ Թեև ջայլամը թափահարում է իր թևերը, սակայն նա չի կարող թռչել։ Ի տարբերություն արագիլի՝ ջայլամը չի թողնում իր ձվերը բնի մեջ՝ ծառի վրա (Սաղմոս 104։17)։ Նա փոս է փորում ավազի մեջ և ձվերը տեղադրում այնտեղ։ Սակայն այս թռչունը չի լքում իր ձվերը։ Ավազով ծածկված լինելով՝ ձվերը մնում են համապատասխան ջերմաստիճանում, իսկ արուն և էգը թուխս են նստում։
Կարող է թվալ, թե ջայլամը ‘զրկված է իմաստությունից’, երբ նա, վտանգը զգալով, ստեղծում է այնպիսի տպավորություն, որ կարծես թե փախչում է։ Սակայն Աստվածաշնչի կենդանիների մասին մի հանրագիտարանում նշվում է. «Սա շփոթեցնող մարտավարություն է. [ջայլամները] իրենց նկատելի են դարձնում և, թափահարելով թևերը, գրավում են սպառնացող կենդանու կամ մարդու ուշադրությունը. այդպիսով նրանց հեռացնում են ձվերից» («Encyclopedia of Bible Animals»)։
Իսկ ինչպե՞ս է լինում, որ ջայլամը «ծիծաղում է ձիան եւ ձիաւորի վերայ»։ «Ուորլդ բուք» հանրագիտարանում ասվում է. «Ջայլամը չի կարող թռչել, բայց նա հայտնի է իր արագավազությամբ։ Ունենալով երկար ոտքեր՝ ջայլամը, վազելով ժամում 64 կիլոմետր արագությամբ, կարող է 4,6 մետր երկարությամբ քայլ անել»։
Աստված է ուժ տալիս ձիուն
Ապա Աստված Հոբին հարցրեց ձիու մասին (Յոբ 39։19–25)։ Հնագույն ժամանակներում զինվորները կռվում էին ձիերով։ Այդ կենդանիները քաշում էին մարտակառքերը, որի վրա նստած էին կառապանը ու թերևս նաև երկու զինվոր։ Անհամբերությամբ սպասելով մարտի մեջ մտնելու՝ ձին վրնջում է ու սմբակներով քանդում գետինը։ Նա չի վախենում և չի ընկրկում սրից։ Շեփորի ձայնը լսելիս կարծես թե ասում է՝ ո՜հ։ Նա առաջ է սլանում՝ ‘կուլ տալով գետինը’։ Սակայն ձին հնազանդվում է իր հեծյալին։
Հնագետ Լեյարդը գրում է. «Թեև արաբական նժույգը հնազանդվում է գառան պես, և ընդամենը սանձով կարելի է ղեկավարել նրան, սակայն երբ լսում է պատերազմի կանչն ու տեսնում թափահարվող սրերի փայլատակումը, նրա աչքերը բոցավառվում են, լայն բացվում են արնագույն ռունգերը, կորանում է սլացիկ վիզը, և վեր բարձրացրած պոչն ու բաշը տարածվում են քամու ուղղությամբ» («Discoveries Among the Ruins of Nineveh and Babylon»)։
Բազեն ու արծիվը
Եհովան Հոբի ուշադրությունը հրավիրում է ուրիշ թռչունների վրա (Յոբ 39։26–30)։ Բազեները ճախրում են երկնքում՝ իրենց թևերը դեպի քամին տարածելով։ Գինեսի ռեկորդների գրքում ասվում է, որ իսկական բազեն՝ ամենաարագ թռչունը, «ռեկորդային արագություն է զարգացնում, երբ մեծ բարձրությունից քարի պես ընկնում է՝ ցուցադրելու համար, որ ինքն է տվյալ տարածքի տեր ու տիրականը, կամ երբ օդի մեջ բռնում է իր զոհին»։ Այդ թռչունը, սուրալով 45 աստիճան անկյան տակ, կարող է ժամում 349 կիլոմետր արագություն զարգացնել։
Արծիվները թռչում են ժամում ավելի քան 130 կիլոմետր արագությամբ։ Հոբը կյանքի օրերի արագ ընթացքը համեմատեց որսի վրա հարձակվող արծվի սլացքի հետ (Յոբ 9։25, 26)։ Աստված մեզ տոկալու ուժ է տալիս, այնպես, որ կարծես գտնվում ենք անխոնջ սավառնող արծվի թևերի վրա (Եսայիա 40։31)։ Թռիչքի ընթացքում արծիվը օգտվում է տաք օդի վերընթաց հոսանքից։ Նա պտույտներ է գործում այդ հոսանքի մեջ, որը նրան ավելի ու ավելի է վեր բարձրացնում։ Երբ արծիվը հասնում է որոշակի բարձրության, նա սահուն կերպով մտնում է հաջորդ հոսանքի մեջ և կարող է ժամերով մնալ բարձրերում՝ նվազագույն ջանքեր գործադրելով։
Արծիվն ‘իր բույնը դնում է անհասանելի բարձրերում’, որտեղ իր ձագերը վտանգից զերծ են մնում։ Եհովան նրան այդպիսի բնազդով է ստեղծել։ Աստծու տված տեսողության շնորհիվ «հեռուանց են տեսնում [արծվի] աչքերը»։ Ընդունակ լինելով արագորեն փոփոխել աչքերի ֆոկուսը՝ նա կարողանում է երկար թռիչքի ընթացքում իր տեսադաշտում պահել զոհին կամ սատկած կենդանու մարմինը։ Արծիվը կարող է կենդանու դիակ ուտել, ուստի «ուր որ դիակներն են լինում, նա այնտեղ է»։ Այս թռչունը նաև փոքր կենդանիներ է բռնում իր ձագերի համար։
Եհովան խրատում է Հոբին
Նախքան կենդանիների մասին այլ հարցերի անդրադառնալը՝ Աստված խրատեց Հոբին։ Ինչպե՞ս արձագանքեց Հոբը։ Նա իրեն խոնարհեցրեց և պատրաստակամորեն ընդունեց Աստծու մյուս խորհուրդները (Յոբ 40։1–14)։
Հոբի մասին ներշնչյալ արձանագրությունը շատ կարևոր դաս է պարունակում մեզ համար։ Այն հետևյալն է. ոչ մի մարդ հիմնավոր պատճառներ չունի ‘վիճելու Ամենակարողի հետ’։ Մեր խոսքերն ու գործերը պետք է հաճույք պատճառեն մեր երկնային Հորը։ Դեռ ավելին, մեր գլխավոր նպատակը պետք է լինի՝ սրբացնել Եհովայի սուրբ անունը ու ջատագովել նրա գերիշխանությունը։
Բեհեմովթը փառավորում է Աստծուն
Կրկին Հոբի ուշադրությունը հրավիրելով կենդանական աշխարհի վրա՝ Աստված հարցրեց նրան ‘բեհեմովթի’ մասին, որը սովորաբար հայտնի է «գետաձի» անվամբ (Յոբ 40։15–24)։ Հասուն գետաձին կարող է ունենալ 4–5 մետր երկարություն և կշռել մինչև 3 600 կիլոգրամ։ Բեհեմովթի «ոյժը իր մէջքումն է»։ Նրա փորի հաստ մաշկը իսկապես լավ պաշտպանություն է, հատկապես երբ այդ կարճոտանի կենդանին գետերի միջի քարերի վրայով քարշ է տալիս իր մարմինը։ Ինչ խոսք, մարդը չի կարող իր ուժերը չափել, մեծ բերան, զորեղ ծնոտ ունեցող և հսկայամարմին բեհեմովթի հետ։
Բեհեմովթը դուրս է գալիս գետից, որ հանգստանա ‘խոտի’ վրա։ Թվում է, թե սարերի ամբողջ բուսականությունն անգամ չի կշտացնի նրան։ Ամեն օր 90–180 կիլոգրամ բուսականություն է մտնում նրա ստամոքսը։ Երբ բեհեմովթը կշտանում է, նա պառկում է «լոտոսի» (ՆԱ) կամ «բարդու» (ՆԱ) ստվերում։ Գետը վարարած ժամանակ նա գլուխը պահում է ջրի երեսին և լողում՝ չնայած հորդահոս ջրերին։ Արդյոք Հոբը քաջություն կունենա՞ր կարթ անցկացնել բեհեմովթի քթին՝ դեմ առ դեմ հայտնվելով նրա հսկայական երախի առաջ։
Լևիաթանը փառք է բերում Աստծուն
Դրանից հետո Հոբը լսեց ‘լևիաթանի’ մասին (Յոբ 41։1–34)։ Եբրայերեն այս բառը նշանակում է «ծալքերով պատված կենդանի», որը, ամենայն հավանականությամբ, կոկորդիլոսն է։ Մի՞թե կարող էր Հոբը լևիաթանին խաղալիք դարձնել իր երեխաների համար։ Իհարկե ոչ։ Հանդիպումը այս արարածի հետ միշտ էլ վտանգավոր է եղել։ Իսկապես, եթե մարդը փորձի լևիաթանին իրեն ենթարկեցնել, ապա այնպիսի պայքար կծավալվի, որ նա այլևս երբեք չի հանդգնի դա անել։
Հենց որ լևիաթանը արևածագին ջրի երես է հանում իր գլուխը, «նորա աչքերը արշալոյսի արտեւանանց նման» փայլում են։ Լևիաթանի թեփուկներն այնքան ամուր են խրված մաշկի մեջ, որ նույնիսկ հրազենի գնդակը չի կարող ծակել նրա ոսկրային թիթեղիկները, էլ ուր մնաց դաշույնը կամ թուրը։ Փորի վրա սրածայր թեփուկներ ունեցող կոկորդիլոսը երբ անցնում է գետափնյա տիղմի միջով, թվում է, թե այնտեղով «կամնասայլ» է անցել։ Երբ նա կատաղում է, այնպես է խառնում ջուրը, որ այն փրփրում է «եփող սպեղանիքի» պես։ Ունենալով ահռելի չափեր, զրահ, և զենքեր՝ սպառնալից երախ ու զորեղ պոչ՝ լևիաթանը ոչ մի բանից չի վախենում։
Հոբը ետ է վերցնում իր խոսքերը
Հոբն ընդունեց, որ ‘խոսել է, բայց չի հասկացել իր համար սքանչելի բաները’ (ԱԱ) (Յոբ 42։1–3)։ Նա ընդունեց Աստծու խրատը, ետ վերցրեց իր խոսքերը և զղջաց։ Նրա ընկերակիցները հանդիմանվեցին, իսկ Հոբը մեծապես օրհնվեց (Յոբ 42։4–17)։
Որքա՜ն խելամիտ կլինի միշտ հիշել Հոբի հետ կատարվածը։ Մենք նույնպես չենք կարող պատասխանել այն բոլոր հարցերին, որ Աստված տվեց նրան։ Սակայն կարող ենք և պարտավոր ենք ցույց տալ մեր գնահատանքը այն բազմաթիվ ու բազմազան հրաշալի ստեղծագործությունների համար, որոնք գովաբանում են Եհովային։
[նկար 13-րդ էջի վրա]
«Ժայռի այծ»
[նկար 13-րդ էջի վրա]
Ագռավ
[նկար 13-րդ էջի վրա]
Էգ առյուծ
[նկար 14-րդ էջի վրա]
Զեբր
[նկար 14-րդ էջի վրա]
Ջայլամը հեռու է գնում իր ձվերից, բայց չի լքում դրանք
[նկար 14-րդ էջի վրա]
Ջայլամի ձվեր
[նկար 14-րդ և 15-րդ էջերի վրա]
Իսկական բազե
[թույլտվությամբ]
Falcon: © Joe McDonald/Visuals Unlimited
[նկար 15-րդ էջի վրա]
Արաբական նժույգ
[նկար 15-րդ էջի վրա]
Ոսկեգույն արծիվ
[նկար 16-րդ էջի վրա]
Սովորաբար համարվում է, որ բեհեմովթը նույն գետաձին է
[նկար 16-րդ էջի վրա]
Կա տեսակետ, որ լևիաթանը կոկորդիլոսն է