ԳԼՈՒԽ 4
«Եհովան.... մեծ զորության տեր է»
1, 2. Ի՞նչ զարմանալի բաներ էր տեսել Եղիան իր կյանքում և ի՞նչ տպավորիչ երևույթների ականատես եղավ Քորեբ լեռան քարայրի մոտ։
ԵՂԻԱՆ շատ զարմանալի բաների էր ականատես եղել։ Երբ նա փախուստի մեջ էր, տեսել էր, թե ինչպես են ագռավները օրը երկու անգամ իր համար կերակուր բերում։ Տեսել էր, թե երկարատև սովի ժամանակ ինչպես ալյուրն ու յուղը չեն սպառվում։ Նա նույնիսկ տեսել էր, թե ի պատասխան իր աղոթքի՝ ինչպես էր երկնքից կրակ թափվել (1 Թագավորներ, գլ. 17, 18)։ Բայց նման բան նա երբեք չէր տեսել։
2 Քորեբ լեռան քարայրի մուտքի մոտ կծկված՝ նա ականատես եղավ մի շարք տպավորիչ երևույթների։ Նախ քամի բարձրացավ։ Այն թերևս խլացուցիչ ոռնոց արձակեց, քանի որ այնքան ուժգին էր, որ ճեղքեց սարերն ու փշրեց ապառաժները։ Հետո երկրաշարժ եղավ, որն արձակեց երկրի ընդերքում փակված հզոր ուժերը։ Այնուհետև կրակ եղավ։ Մինչ այն կատաղի արագությամբ տարածվում էր, Եղիան, ըստ երևույթին, զգում էր նրա այրող ջերմությունը (1 Թագավորներ 19։8-12)։
3. Աստծու ո՞ր հատկության դրսևորումը տեսավ Եղիան, և մենք որտե՞ղ կարող ենք տեսնել այն։
3 Իրարից տարբեր այս բոլոր երևույթները, որ տեսավ Եղիան, մեկ ընդհանրություն ունեին. դրանք Եհովա Աստծու հսկայական զորության արտահայտումներն էին։ Սակայն անհրաժեշտ չէ հրաշք տեսնել համոզվելու համար, որ Աստված ունի այս հատկությունը։ Դա ակնհայտ է։ Աստվածաշունչն ասում է, որ ստեղծագործությունը Եհովայի «հավերժական զորության ու աստվածության» ապացույցն է (Հռոմեացիներ 1։20)։ Միայն մտածիր կայծակի՝ աչք կուրացնող փայլատակումների և որոտի դղրդյունների մասին, գահավիժող հզոր ջրվեժների վեհապանծ գեղեցկության ու աստղազարդ երկնքի ահասարսուռ մեծության մասին։ Այս ամենի մեջ չե՞ս տեսնում արդյոք Աստծու զորությունը։ Ցավոք, այսօր քչերն են նկատում այն։ Սակայն ավելի քիչ է նրանց թիվը, ովքեր ճիշտ տեսակետ ունեն Աստծու զորության վերաբերյալ։ Եհովայի այս հատկությունն ըմբռնելով՝ նրան մոտենալու ավելի շատ հիմքեր կունենանք։ Գրքի այս մասում մանրազնին կուսումնասիրենք Եհովայի անզուգական զորությունը։
«Ահա Եհովան անցավ նրա կողքով»
Եհովայի կարևոր հատկություններից մեկը
4, 5. ա) Ի՞նչ կապ գոյություն ունի Եհովայի անվան ու իր զորության միջև։ բ) Ինչո՞ւ է տեղին, որ Եհովան ցլին է ընտրել որպես իր զորության խորհրդանիշ։
4 Չկա մեկը, որ իր զորությամբ հավասար լինի Եհովային։ Երեմիա 10։6-ում ասվում է. «Քեզ նման ոչ մեկը չկա, ո՛վ Եհովա։ Մեծ ես դու, և մեծ ու հզոր է քո անունը»։ Ուշադրություն դարձրու, որ զորությունը կապվում է Եհովայի անվան հետ։ Հիշիր, որ ակներևաբար նրա անվան նշանակությունն է՝ «նա դարձնում է»։ Ինչի՞ շնորհիվ է Եհովան կարողանում ստեղծել ցանկացած բան, որ ուզում է, և դառնալ այն, ինչ կամենում է։ Նախևառաջ զորության շնորհիվ։ Այո՛, գործելու, իր կամքն իրականացնելու կարողությունը, որ ունի Եհովան, անսահման է։ Այսպիսի զորությունը իր կարևոր հատկություններից մեկն է։
5 Քանի որ մենք երբեք չենք կարողանա մինչև վերջ ըմբռնել Եհովայի զորությունը, Աստված օրինակներ է օգտագործում։ Ինչպես տեսանք, որպես իր զորության խորհրդանիշ՝ նա օգտագործում է ցլի օրինակը (Եզեկիել 1։4-10)։ Այս ընտրությունը տեղին է, քանի որ նույնիսկ ընտանի ցուլը շատ մեծ է ու հզոր։ Աստվածաշնչյան ժամանակներում Պաղեստինի տարածքում ապրած մարդիկ հազիվ թե տեսած լինեին (եթե ընդհանրապես տեսել էին) ավելի հզոր կենդանու։ Բայց նրանք գիտեին ավելի ահազդու ցլի՝ վայրի ցլի (տուր) մասին, որն այսօր այլևս գոյություն չունի (Հոբ 39։9-12)։ Հուլիոս Կեսարը մի անգամ ասել է, որ այդ ցլերը իրենց չափերով շատ քիչ են զիջում փղերին։ «Մեծ է նրանց զորությունը,— գրել է նա,— և մեծ է նրանց արագությունը»։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան փոքր ու թույլ կզգայիր քեզ՝ հայտնվելով նման արարածի կողքին։
6. Ինչո՞ւ է միայն Եհովան կոչվում «Ամենակարող»։
6 Նմանապես, մարդը շատ փոքր ու անուժ է զորության Աստված Եհովայի համեմատ։ Աստծու տեսանկյունից՝ անգամ հզոր ազգերը կշեռքի վրա նստած փոշու պես են (Եսայիա 40։15)։ Ի տարբերություն բոլոր արարածների՝ Եհովան անսահման զորության տեր է, ուստի միայն նա է կոչվում «Ամենակարող» (Հայտնություն 15։3)։a Եհովան «սաստիկ զորություն» և «անսպառ հզոր ուժ» ունի (Եսայիա 40։26)։ Նա զորության անմար Աղբյուրն է։ Եհովան զորության ոչ մի արտաքին աղբյուրի կարիք չունի, քանի որ «զորությունը Աստծուն է պատկանում» (Սաղմոս 62։11)։ Բայց ինչպե՞ս է նա գործադրում այն։
Ինչպես է Եհովան գործադրում իր զորությունը
7. Ի՞նչ է Եհովայի սուրբ ոգին, և ի՞նչ միտք են փոխանցում «ոգի» թարգմանված բնագրային բառերը։
7 Եհովայի սուրբ ոգին անսպառ է։ Դա Աստծու զորությունն է՝ գործի դրված։ Ծննդոց 1։2-ում այն կոչվում է Աստծու «գործուն ուժ»։ «Ոգի» թարգմանված եբրայերեն և հունարեն բառերը կարող են որոշ համատեքստերում թարգմանվել որպես «քամի», «շունչ» և «պոռթկում»։ Ըստ բառարանագիրների՝ այս բառերը փոխանցում են գործի դրված անտեսանելի ուժի գաղափար։ Քամու նման՝ Աստծու ոգին անտեսանելի է, բայց նրա ազդեցությունն իրական է և ակնհայտ։
8. Աստվածաշնչում ի՞նչ անվանումներ են տրվում Աստծու ոգուն, և ինչո՞ւ են այս համեմատությունները տեղին։
8 Եհովան իր սուրբ ոգին գործադրում է շատ նպատակներով։ Նա կարող է գործի դնել այն՝ ցանկացած մտադրություն իրականացնելու համար։ Ուստի տեղին է, որ Աստվածաշունչը փոխաբերական իմաստով այն անվանում է Աստծու «մատ», «զորավոր ձեռք» կամ «մեկնած բազուկ» (Ղուկաս 11։20; 2 Օրենք 5։15; Սաղմոս 8։3)։ Ինչպես որ մարդը կարող է իր ձեռքերի օգնությամբ բազում գործեր կատարել, որոնք իրականացնելու համար տարբեր չափով է ուժ գործադրում կամ վարպետություն ցուցաբերում, այնպես էլ Աստված կարող է իր սուրբ ոգու օգնությամբ իրականացնել ցանկացած նպատակ։ Այդպես նա ստեղծեց անսահմանորեն փոքր ատոմը, բաժանեց Կարմիր ծովի ջրերը, առաջին դարի քրիստոնյաներին օժտեց տարբեր լեզուներով խոսելու ունակությամբ։
9. Ուրիշ ի՞նչ կերպով է Եհովան գործադրում իր զորությունը։
9 Որպես Տիեզերքի Գերիշխան՝ Եհովան իր զորությունը գործադրում է նաև իր իշխանության միջոցով։ Պատկերացրու՝ ունես միլիոնավոր ունակ և գիտակից հպատակներ, որոնք փափագում են կատարել քո հրամանները։ Եհովան իշխելու նման զորություն ունի։ Աստված ծառաներ ունի մարդկանց մեջ, որոնք հաճախ նմանեցվում են զորքի (Սաղմոս 68։11; 110։3)։ Սակայն հրեշտակի հետ համեմատած՝ մարդը թույլ արարած է։ Միայն պատկերացրու. երբ ասորեստանցիների բանակը հարձակվեց Աստծու ժողովրդի վրա, ընդամենը մեկ հրեշտակ մի գիշերվա ընթացքում 185 000 զինվոր սպանեց (2 Թագավորներ 19։35)։ Իրոք որ, Աստծու հրեշտակները «ուժով զորավոր» են (Սաղմոս 103։19, 20)։
10. ա) Ինչո՞ւ է Ամենակարողը կոչվում Զորքերի Տեր Եհովա։ բ) Ո՞վ է Եհովայի կողմից ստեղծված բոլոր արարածներից ամենահզորը։
10 Իսկ որքա՞ն է հրեշտակների թիվը։ Դանիել մարգարեին մի տեսիլք էր տրվել, ըստ որի՝ ավելի քան 100 միլիոն ոգեղեն էակներ կանգնած էին Եհովայի գահի առջև։ Սակայն այնտեղ չի նշվում, թե նա տեսել է բոլոր հրեշտակներին (Դանիել 7։10)։ Ուստի հնարավոր է, որ նրանց թիվը հասնում է հարյուր միլիոնների։ Այդ պատճառով Աստված կոչվում է Զորքերի Տեր Եհովա։ Այս տիտղոսը ցույց է տալիս նրա հզոր դիրքը՝ որպես հրեշտակների հսկայական և կազմակերպված բանակի Հրամանատարի։ Բոլոր այս ոգեղեն արարածներին նա հանձնել է իր սիրելի Որդու ենթակայությանը, որը «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկն» է (Կողոսացիներ 1։15)։ Որպես հրեշտակապետ՝ հրեշտակների, սերովբեների և քերովբեների ղեկավար՝ Հիսուսը Եհովայի կողմից ստեղծված բոլոր արարածներից ամենահզորն է։
11, 12. ա) Ի՞նչ առումով է Աստծու խոսքը զորեղ։ բ) Հիսուսն ի՞նչ ասաց Եհովայի զորության վերաբերյալ։
11 Եհովան զորություն գործադրելու մեկ ուրիշ միջոց էլ ունի։ Եբրայեցիներ 4։12-ում ասվում է. «Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ»։ Չե՞ս նկատել արդյոք, թե ինչ բացառիկ զորություն ունի Աստծու Խոսքը, կամ՝ սուրբ ոգու միջոցով ներշնչված այն պատգամը, որ այսօր պահպանվել է Աստվածաշնչում։ Այն կարող է զորացնել մեզ, կերտել մեր հավատը և օգնել, որ մեծ փոփոխություններ կատարենք մեր մեջ։ Խոսելով ծայրաստիճան անառակ կյանք վարող մարդկանց մասին՝ Պողոսն ասաց իր հավատակիցներին. «Ձեզանից ոմանք հենց այդպիսին էին» (1 Կորնթացիներ 6։9-11)։ Այո՛, «Աստծու խոսքը» իր զորությամբ ազդեցություն էր գործել նրանց վրա և օգնել էր փոխվելու։
12 Եհովայի զորությունն այնքան վիթխարի է, և այն գործադրելու նրա միջոցներն այնքան արդյունավետ են, որ ոչինչ չի կարող խոչընդոտ հանդիսանալ նրա ճանապարհին։ Հիսուսն ասաց. «Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մատթեոս 19։26)։ Սակայն ի՞նչ նպատակներով է Աստված գործադրում իր զորությունը։
Զորություն, որ գործադրվում է նպատակով
13, 14. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան զորության անդեմ աղբյուր չէ։ բ) Ի՞նչ կերպերով է Եհովան օգտագործում իր զորությունը։
13 Եհովայի ոգին շատ ավելի հզոր է, քան ցանկացած ֆիզիկական ուժ։ Միևնույն ժամանակ Աստված անդեմ մի ուժ՝ սոսկ զորության աղբյուր չէ։ Նա անձնավորություն է, որն ամբողջովին հսկողության տակ է պահում իր զորությունը։ Իսկ ի՞նչն է նրան մղում գործադրելու այն։
14 Ինչպես կտեսնենք, Աստված զորություն է գործադրում արարելու, կործանելու, պաշտպանելու, վերականգնելու նպատակով, մի խոսքով՝ իրականացնելու համար ցանկացած բան, որ համապատասխանում է իր կատարյալ նպատակներին (Եսայիա 46։10)։ Որոշ դեպքերում Եհովան զորությունն օգտագործում է իր էության կարևոր կողմերը և իր չափանիշները հայտնելու համար։ Իսկ ամենագլխավորը՝ նա զորությունը գործադրում է իր կամքը կատարելու նպատակով՝ Մեսիական Թագավորության միջոցով իր անարատ անունը սրբացնելու համար, ինչպես նաև ցույց տալու, որ իր ղեկավարման ձևը լավագույնն է։ Ոչինչ երբեք չի կարող խոչընդոտել այդ նպատակի իրականացմանը։
15. Ի՞նչ նպատակով է Եհովան գործադրում իր զորությունը իր ծառաների համար, և ինչպե՞ս դա երևաց Եղիայի դեպքում։
15 Եհովան իր զորությունը գործադրում է նաև մեզանից յուրաքանչյուրի օգտի համար։ Ուշադրություն դարձրու, թե ինչ է ասվում 2 Տարեգրություն 16։9-ում. «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է»։ Եղիայի հետ տեղի ունեցածը, որ նկարագրվեց սկզբում, այդպիսի մի օրինակ է։ Ինչո՞ւ Եհովան ահ ներշնչող կերպով նրա առջև ցույց տվեց իր աստվածային զորությունը։ Չար Հեզաբել թագուհին երդվել էր մահապատժի ենթարկել Եղիային։ Մարգարեն դիմել էր փախուստի՝ իր կյանքը փրկելու համար։ Նա վախեցած էր, իրեն միայնակ ու հուսալքված էր զգում. կարծես իր տքնաջան աշխատանքը զուր էր եղել։ Անհանգստացած Եղիային մխիթարելու համար Եհովան ազդեցիկ կերպով հիշեցրեց նրան աստվածային զորության մասին։ Քամին, երկրաշարժը և կրակը ցույց տվեցին, որ տիեզերքի ամենահզոր Անձնավորությունը Եղիայի հետ էր։ Նա ինչո՞ւ պետք է վախենար Հեզաբելից, եթե ամենազոր Աստված իր կողքին էր (1 Թագավորներ 19։1-12)։b
16. Խորհելով Եհովայի հսկայական զորության մասին՝ ինչպե՞ս կարող ենք մխիթարություն գտնել։
16 Թեև հրաշքների ժամանակներն անցել են, Եհովան չի փոխվել. նա մնացել է այնպիսին, ինչպիսին որ Եղիայի օրերում էր (1 Կորնթացիներ 13։8)։ Այսօր նա նույնչափ փափագում է գործադրել իր զորությունը հօգուտ իրեն սիրող մարդկանց։ Ճիշտ է, նա ապրում է շատ բարձր ոգեղեն ոլորտում, բայց հեռու չէ մեզանից։ Աստծու զորությունն անսահման է, այնպես որ տարածությունը խոչընդոտ չէ նրա համար։ Ընդհակառակը՝ «Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին» (Սաղմոս 145։18)։ Մի անգամ, երբ Դանիել մարգարեն աղոթքով Եհովայից օգնություն խնդրեց, հրեշտակը հայտնվեց նրա առջև նախքան աղոթքն ավարտելը (Դանիել 9։20-23)։ Ոչինչ չի կարող խանգարել Եհովային՝ օգնելու և ուժ տալու այն անհատներին, ում նա սիրում է (Սաղմոս 118։6)։
Արդյո՞ք Աստծու զորությունը անմատչելի է դարձնում նրան
17. Եհովայի զորությունը ի՞նչ իմաստով է մեզ վախ ներշնչում, սակայն ի՞նչ տեսակի վախ չէ այն։
17 Արժե՞ Աստծուց վախենալ իր զորության պատճառով։ Ե՛վ այո, և՛ ոչ։ Այո՛, որովհետև այդ հատկությունը մեծ հիմք է տալիս դրսևորելու աստվածավախություն՝ խոր երկյուղածություն ու ակնածանք, որի մասին համառոտակի խոսել ենք նախորդ գլխում։ Ինչպես ասում է Աստվածաշունչը, նման վախը «իմաստության սկիզբն է» (Սաղմոս 111։10)։ Եվ ո՛չ, քանի որ Աստծու զորությունը ոչ մի հիմք չի տալիս նրա հանդեպ հիվանդագին վախ ունենալու կամ խուսափելու նրան մոտենալուց։
18. ա) Ինչո՞ւ շատերը չեն վստահում ղեկավարներին։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ Եհովայի իշխանությունը չի կարող ապականել նրան։
18 «Իշխանությունը ապականում է. իսկ բացարձակ իշխանությունը ապականում է բացարձակապես»։ Այս խոսքերը գրել է անգլիացի պատմաբան լորդ Էքթոնը 1887 թ.-ին։ Նրա այդ հայտարարությունը հաճախ է կրկնվել թերևս այն պատճառով, որ շատերը համարում են այն բացահայտ ճշմարտություն։ Ինչպես նորից ու նորից փաստում է պատմությունը, անկատար մարդիկ հաճախ են չարաշահում իրենց իշխանությունը (Ժողովող 4։1; 8։9)։ Այդ պատճառով շատերը չեն վստահում իշխանություն ունեցող մարդկանց և հեռու են մնում նրանցից։ Եհովան բացարձակ իշխանություն ունի։ Արդյոք դա որևէ ձևով ապականե՞լ է նրան։ Բոլորովի՛ն։ Ինչպես տեսանք, նա սուրբ է և ընդհանրապես ենթակա չէ ապականության։ Եհովան նման չէ այս ապականված աշխարհի անկատար ղեկավարներին՝ լինեն կին թե տղամարդ։ Նա երբեք չի չարաշահել իր իշխանությունը ու ոչ էլ կչարաշահի։
19, 20. ա) Եհովան մյուս ո՞ր հատկություններին ներդաշնակ է դրսևորում իր զորությունը, և ինչո՞ւ է դա մխիթարական։ բ) Ի՞նչ օրինակով կարող ես ցույց տալ, որ Եհովան ինքնատիրապետում է դրսևորում, և դա ինչո՞ւ է գրավում քեզ։
19 Հիշիր, որ զորությունը Եհովայի միակ հատկությունը չէ։ Մենք դեռ պիտի ուսումնասիրենք նրա արդարությունը, իմաստությունը և սերը։ Բայց չպետք է ենթադրենք, թե Եհովան իր հատկությունները դրսևորում է մեխանիկորեն՝ յուրաքանչյուր դեպքում ցուցաբերելով իր հատկություններից միայն մեկը։ Ընդհակառակը՝ հաջորդ գլուխներից կտեսնենք, որ Եհովան միշտ իր զորությունը ցուցաբերում է արդարության, իմաստության և սիրո հետ ներդաշնակ։ Խորհենք Աստծու մեկ այլ հատկության մասին, մի հատկության, որը հազվադեպ են դրսևորում աշխարհի ղեկավարները։ Դա ինքնատիրապետումն է։
20 Պատկերացրու՝ հանդիպել ես մեկին, որն այնքան մեծ է և ուժեղ, որ դա քեզ վախեցնում է։ Սակայն ժամանակի ընթացքում նկատում ես, որ նա մեղմ է։ Միշտ պատրաստակամորեն ցանկանում է օգտագործել իր ուժը՝ օգնելու և պաշտպանելու մարդկանց, հատկապես անպաշտպան ու թույլ անհատներին։ Նա երբեք չի չարաշահում իր ուժը։ Դու տեսնում ես նաև, որ այդ մարդուն անտեղի զրպարտում են, սակայն նա հաստատակամ է ու միևնույն ժամանակ հանգիստ, նույնիսկ բարի է և իրեն պահում է արժանավայել կերպով։ Դու հարցնում ես ինքդ քեզ, թե կկարողանայիր արդյոք նույնպիսի փափկություն և ինքնատիրապետում դրսևորել, հատկապես եթե նրա չափ ուժեղ լինեիր։ Նման մարդուն ճանաչելուց հետո մի՞թե նրա հետ մտերմանալու ցանկություն չէիր ունենա։ Մենք շատ ավելի մեծ պատճառներ ունենք ամենազոր Եհովա Աստծու հետ մտերմանալու։ Դա հասկանալու համար ամբողջությամբ քննենք այն նախադասությունը, որի մի մասը օգտագործվել է որպես այս գլխի վերնագիր. «Եհովան դանդաղ է բարկանալու մեջ, մեծ զորության տեր է» (Նաում 1։3)։ Եհովան հապճեպորեն չի օգտագործում իր ուժը ընդդեմ մարդկանց, նույնիսկ ընդդեմ ամբարիշտների։ Նա մեղմ է ու բարի։ Աստված «դանդաղ է բարկանալու մեջ» և դա փաստել է բազում սադրանքների ենթարկվելիս (Սաղմոս 78։37-41)։
21. Ինչո՞ւ Եհովան չի ստիպում մարդկանց կատարել իր կամքը, և ի՞նչ է դա սովորեցնում մեզ նրա մասին։
21 Այժմ Եհովայի ինքնատիրապետումը քննենք մեկ այլ տեսանկյունից։ Եթե դու անսահման զորության տեր լինեիր, երբեմն գայթակղություն կունենայի՞ր ստիպելու մարդկանց վարվել այնպես, ինչպես դու ես ցանկանում։ Իր ողջ զորությամբ հանդերձ՝ Եհովան չի ստիպում մարդկանց ծառայել իրեն։ Թեպետ Աստծուն ծառայելը հավիտենական կյանքի միակ ուղին է, սակայն Եհովան չի պարտադրում մեզ ծառայել իրեն։ Ընդհակառակը՝ Աստված հարգում է յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը՝ ազատ ընտրություն անելու հնարավորություն տալով։ Նա նախազգուշացնում է սխալ ընտրության հետևանքների մասին և ասում, թե ինչ վարձատրություններ է բերում ճիշտ ընտրությունը։ Բայց ընտրություն կատարելը Աստված թողնում է մեր հայեցողությանը (2 Օրենք 30։19, 20)։ Եհովային հաճելի չէ այն ծառայությունը, որ կատարվում է ստիպողաբար կամ էլ ահ ներշնչող իր զորության հանդեպ հիվանդագին վախի պատճառով։ Աստված փնտրում է այն անհատներին, ովքեր կծառայեն իրեն հոժարակամորեն՝ սիրուց մղված (2 Կորնթացիներ 9։7)։
22, 23. ա) Ինչի՞ց է երևում, որ Եհովան ուրախությամբ է իշխանություն տալիս ուրիշներին։ բ) Ի՞նչ կքննենք հաջորդ գլխում։
22 Քննենք վերջին պատճառը, թե ինչու Ամենակարող Աստծուց սարսափելու կարիք չունենք։ Իշխանություն ունեցող մարդիկ վախենում են ուրիշներին իշխանություն տալուց։ Սակայն Եհովան ուրախությամբ է զորությամբ օժտում իր անձնվեր երկրպագուներին։ Նա մեծ իշխանություն է տալիս ուրիշներին, օրինակ՝ իր Որդուն (Մատթեոս 28։18)։ Եհովան օժտում է իր ծառաներին զորությամբ մեկ այլ կերպով։ Ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը. «Քոնն է, ո՛վ Եհովա, մեծությունը, հզորությունը, գեղեցկությունը, վեհությունն ու արժանապատվությունը, քանի որ երկնքում ու երկրի վրա եղած բոլոր բաները քոնն են.... Քո ձեռքում է ուժն ու զորությունը, և քո ձեռքում է ամեն մեկին մեծացնելու և զորացնելու կարողությունը» (1 Տարեգրություն 29։11, 12)։
23 Այո՛, Եհովան հաճույքով ուժ կտա քեզ։ Աստված նույնիսկ «սովորականին գերազանցող ուժ» է տալիս նրանց, ովքեր ցանկանում են ծառայել իրեն (2 Կորնթացիներ 4։7)։ Քո մեջ ցանկություն չի՞ առաջանում մոտենալու այս հզոր Աստծուն, որն այդքան բարությամբ ու սկզբունքայնորեն է գործադրում իր զորությունը։ Հաջորդ գլխում ուշադրություն կդարձնենք այն բանին, թե ինչպես է Եհովան իր զորությունը գործադրում արարելու նպատակով։
a «Ամենակարող» թարգմանված հունարեն բառը բառացի նշանակում է «Իշխան ամենի վրա», «Նա, ով ունի ողջ զորությունը»։
b Աստվածաշնչում ասվում է, որ «Եհովան քամու.... երկրաշարժի.... կրակի մեջ չէր»։ Ի տարբերություն բնության առասպելական աստվածներին երկրպագող մարդկանց՝ Եհովայի ծառաները չեն փնտրում նրան բնության ուժերի մեջ։ Նա անհամեմատ ավելի մեծ է, որ տեղավորվի իր կողմից ստեղծված ինչ-որ բանի մեջ (1 Թագավորներ 8։27)։