Եհովան սաստիկ զորություն ունի
«Մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. մէկը չի կորչիլ» (ԵՍԱՅԻԱ 40։26)։
1, 2. ա) Ի՞նչ ֆիզիկական հզորության աղբյուրից ենք բոլորս կախված։ բ) Բացատրեք, թե ինչո՛ւ է Եհովան բոլոր զորությունների Աղբյուրը։
ՄԵԶԱՆԻՑ շատերի համար զորությունը սովորական մի բան է։ Օրինակ՝ մենք հազիվ թե մտածում ենք էլեկտրականության մասին, որի շնորհիվ լույս ու ջերմություն ենք ստանում ու հնարավորություն ունենք գործի գցելու ցանկացած էլեկտրական սարք։ Միայն անսպասելի ընդհատումներն են մեզ հիշեցնում, որ, առանց այդ ուժի, կյանքը քաղաքներում գրեթե կդադարի։ Մեզ համար այնքան անհրաժեշտ էլեկտրականության մեծ մասը, վերջին հաշվով, գալիս է երկրի համար ամենահուսալի էներգիայի աղբյուրից՝ Արեգակից։a Յուրաքանչյուր վայրկյան այս արեգակնային ռեակտորը հինգ միլիոն տոննա միջուկային վառելիք է սպառում՝ երկիրն ապահովելով կյանքի համար անհրաժեշտ էներգիայով։
2 Որտեղի՞ց է գալիս այդ արեգակնային ողջ էներգիան։ Ո՞վ է այդ երկնային էլեկտրակայանի հեղինակը. իհարկե Եհովա Աստված, որի մասին Սաղմոս 74։16–ում կարդում ենք. «Դու պատրաստեցիր լուսաւորները եւ արեգակը»։ Այո՛, Եհովան բոլոր զորությունների, ինչպես նաև կյանքի բոլոր տեսակների Աղբյուրն է (Սաղմոս 36։9)։ Մեզ համար նրա զորությունը երբեք չպետք է դառնա սովորական մի բան։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան հիշեցնում է մեզ նայել երկնային մարմիններին՝ արևին ու աստղերին և խորհել այն մասին, թե ինչպե՞ս են դրանք առաջացել. «Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք,— ասում է նա,— ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. մէկը չի կորչիլ» (Եսայիա 40։26; Երեմիա 32։17)։
3. Ի՞նչ օգուտներ ենք քաղում Եհովայի զորության դրսևորումներից։
3 Քանի որ Եհովան սաստիկ զորության տեր է, ուստի կարող ենք վստահ լինել, որ նրա ստեղծած արեգակը կշարունակի մեզ լույս ու ջերմություն մատակարարել, որից էլ կախված է մեր կյանքը։ Սակայն միայն մեր հիմնական ֆիզիկական կարիքների բավարարումը չէ, որ կախված է Աստծո զորությունից։ Մեղքից ու մահից ազատվելը, ապագայի մեր հույսը և Եհովայի հանդեպ մեր վստահությունն անքակտելիորեն կապված են այն բանի հետ, թե ինչպես է նա օգտագործում իր զորությունը (Սաղմոս 28։6—9; Եսայիա 50։2)։ Աստվածաշունչն առատ է օրինակներով, որոնք վկայում են Եհովայի զորության մասին, զորություն, որն ընդունակ է ստեղծելու ու ազատագրելու, իր ժողովրդին փրկելու ու թշամիներին ոչնչացնելու։
Աստծո զորությունն ի հայտ է գալիս արարչագործության մեջ
4. ա) Ինչպե՞ս էր Դավիթը տպավորվել գիշերային երկինքը զննելիս։ բ) Երկնային մարմիններն ի՞նչ են բացահայտում Աստծո զորության վերաբերյալ։
4 Պողոս առաքյալը բացատրեց, որ մեր Արարչի ‘մշտնջենավոր զորությունը կարելի է տեսնել իր ստեղծածներով’ (Հռովմայեցիս 1։20, Արևմտ. Աստ.)։ Դրանից դարեր առաջ սաղմոսերգու Դավիթը, որն իր հովիվ եղած ժամանակ հավանաբար հաճախ էր զննել գիշերային երկինքը, զգացել էր տիեզերքի վեհությունն ու նրա Ստեղծիչի հզորությունը։ Ահա թե ինչ է նա գրում. «Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, ի՞նչ է մարդը որ դու յիշում ես նորան, եւ մարդի որդին, որ դու խնամք ես տանում նորա համար» (Սաղմոս 8։3, 4)։ Չնայած երկնային մարմինների մասին ունեցած իր սահմանափակ գիտելիքներին, Դավիթը հասկացել էր, թե որքան աննշան է նա՝ անծայրածիր տիեզերքի Արարչի հետ համեմատած։ Այսօր աստղագետները շատ ավելին գիտեն տիեզերքի անսահմանության ու այն պահող հզոր ուժերի մասին։ Օրինակ՝ նրանք ասում են, որ մեր Արեգակը ամեն վայրկյան տրոտիլի 100 000 միլիոն մեգատոն էներգիա է արձակում։b Այդ էներգիայի միայն մի փոքր մասնիկն է հասնում Երկրին, սակայն դա էլ բավական է մեր մոլորակի վրա կյանքը պահպանելու համար։ Մինչդեռ, մեր Արեգակը տիեզերքի ամենահզոր աստղը չէ։ Կան աստղեր, որոնք վայրկյանում այնքան էներգիա են արձակում, որքան Արեգակը՝ մի ամբողջ օրվա ընթացքում։ Պատկերացրեք, ուրեմն, թե ի՜նչ զորություն ունի Նա, ով ստեղծել է այդ երկնային մարմինները։ Որքա՜ն արդարացի են Եղիուսի խոսքերը. «Նա Ամենակարող է. մենք չենք հասնիլ նորան. նա զօրութեամբ բարձրացեալ է» (Յոբ 37։23)։
5. Եհովայի զորության ի՞նչ ապացույցներ ենք գտնում նրա ստեղծագործություններում։
5 Եթե Դավիթի նման մենք էլ ցանկանանք տեսնել Աստծո «գործերը», ապա նրա զորության ապացույցները կտեսնենք ամենուրեք՝ լսելով քամու ու ամպրոպի ձայնը, նայելով ծովի ալիքներին, հզոր գետերին, վեհապանծ լեռներին ու երկնքում փայլատակող կայծակին (Սաղմոս 111։2; Յոբ 26։12—14)։ Բացի այդ, ինչպես հիշեցրեց Եհովան Հոբին, նրա զորության մասին են վկայում նաև կենդանիները։ Դրանցից է «բեհեմոթը» կամ գետաձին. «Ահա նորա ոյժը իր մէջքումն է.... նորա ոսկորները երկաթի նիգեր են»,— ասաց Նա (Յոբ 40։15—18)։ Աստվածաշնչյան ժամանակներում գիտեին նաև վայրի ցլի սարսափազդու ուժի մասին, և Դավիթն աղոթում էր, որ Աստված պահպանի իրեն «առիւծի բերանիցը, եւ.... [«վայրի ցուլի», տողատակի ծանոթագրություն] եղջիւրներիցն» (Սաղմոս 22։21; Յոբ 39։9—11, ՆԱ)։
6. Ի՞նչ է Սուրբ գրություններում խորհրդանշում ցուլը և ինչո՞ւ։ (Տեսեք տողատակի ծանոթագրությունը)։
6 Իր ուժի պատճառով Աստվածաշնչում ցուլն օգտագործվում է որպես Եհովա Աստծո զորության խորհրդանիշ։c Հովհաննես առաքյալին տրված տեսիլքում Եհովայի գահը չորս կենդանի արարածներ էին շրջապատում, որոնցից մեկի դեմքը նման էր ցլի երեսին (Յայտնութիւն 4։6, 7)։ Ակներևաբար, Եհովայի՝ այդ քերովբեներով պատկերված հիմնական հատկություններից մեկը ուժն է՝ զորությունը. մյուս հատկություններն են՝ սերը, իմաստությունը և արդարությունը։ Քանի որ զորությունը Աստծո անձնավորության կարևոր առանձնահատկություններից է, ապա, այն բանի գիտակցումը, թե ինչ է դա իրենից ներկայացնում, և ինչպես է այն Աստված օգտագործում, մեզ ավելի կմոտեցնի նրան. բացի այդ, մեր ունեցած զորությունը ճիշտ օգտագործելու հարցում կկարողանանք ընդօրինակել իրեն (Եփեսացիս 5։1)։
«Զօրաց Եհովայ Տէր՝ Իսրայէլի Հզորը»
7. Ինչի՞ հիման վրա կարող ենք վստահ լինել, որ բարին հաղթանակ է տանելու չարի դեմ։
7 Եհովան Աստվածաշնչում կոչված է «Ամենակարող Աստուած». այս տիտղոսը հիշեցնում է մեզ, որ չպետք է թերագնահատենք նրա զորությունը կամ կասկածի ենթարկենք թշնամիներին հաղթելու իր կարողությունը (Ծննդոց 17։1; Ելից 6։3)։ Գուցեև թվում է, թե Սատանայի իրերի չար համակարգը շատ ամուր է, սակայն Եհովայի աչքին «ազգերը դոյլին կպած կաթիլին պէս են, եւ կշիռքի փոշիին հաւասար են համարվում» (Եսայիա 40։15)։ Հաշվի առնելով Աստծո այդ զորությունը՝ կարող ենք ոչ մի կասկած չունենալ, որ բարին հաղթանակ է տանելու չարի դեմ։ Մեր օրերում, երբ չարը անսանձ գործում է, մենք կարող են մխիթարվել այն մտքից, որ ‘Զորաց Տէր Եհովան՝ Իսրայելի Հզորը,’ վերացնելու է չարը հավիտյան (Եսայիա 1։24; Սաղմոս 37։9, 10)։
8. Ի՞նչ երկնային զորքեր ունի Եհովան իր տրամադրության տակ, և ի՞նչ է մեզ հայտնի նրանց զորության մասին։
8 ‘Զորաց Տեր Եհովա’ արտահայտությունը, որն Աստվածաշնչում օգտագործվում է 285 անգամ, մեկ անգամ ևս հիշեցնում է Աստծո զորության մասին։ Այստեղ հիշատակված «զորքը» ոգեղեն արարածների բազմությունն է, որը Եհովան ունի իր տրամադրություն տակ (Սաղմոս 103։20, 21; 148։2)։ Ժամանակին՝ այդ հրեշտակներից միայն մեկը բավական եղավ, որ Երուսաղեմին սպառնացող ասորիների բանակից մի գիշերվա ընթացքում 185 000 զինվոր կոտորեր (Դ Թագաւորաց 19։35)։ Եթե մենք պարզորոշ պատկերացնենք, թե որքան հզոր են Եհովայի երկնային զորքերը, ապա հակառակորդներին հեշտ չի լինի մեզ վախեցնել։ Եղիսե մարգարեն բոլորովին չանհանգստացավ, երբ նրան շրջապատեց մի ողջ բանակ, քանի որ, ի տարբերություն իր ծառային, նա հավատի «աչքերով» տեսնում էր իրեն թիկունք կանգնած երկնային զորքերի մեծ բազմությանը (Դ Թագաւորաց 6։15—17)։
9. Ինչո՞ւ Հիսուսի նման մենք էլ կարող ենք վստահ լինել, որ Աստված կօգնի մեզ։
9 Հիսուսը նույնպես վստահում էր հրեշտակների օգնությանը, երբ Գեթսեմանիի պարտեզում բախվեց սրերով ու մահակներով զինված ամբոխին։ Նա նախ՝ հրամայեց Պետրոսին սուրը տեղը դնել և ապա՝ ավելացրեց, որ հարկ եղած դեպքում կարող է խնդրել Հորը, որ իր համար «հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր» (Մատթէոս 26։47, 52, 53)։ Եթե մենք էլ Հիսուսի նման հասկանանք, որ Աստծո տրամադրության տակ երկնային զորքեր կան, ապա լիովին կվստահենք նրա աջակցությանը։ «Արդ՝ ի՞նչ ասենք այս մասին։ Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ» (Հռովմայեցիս 8։31)։
10. Ո՞ւմ է Եհովան թիկունք կանգնում՝ գործի դնելով իր զորությունը։
10 Ուստի, բոլոր պատճառներն ունենք Եհովայի պաշտպանությանն ապավինելու։ Նա իր ուժը միշտ օգտագործում է բարի նպատակների համար և իր մյուս հատկությունների՝ արդարության, իմաստության ու սիրո հետ ներդաշնակ (Յոբ 37։23; Երեմիա 10։12)։ Իշխանություն ունեցող մարդիկ իրենց եսասիրական նպատակներին հասնելու համար հաճախ են ոտնահարում աղքատներին ու խոնարհներին, բայց, դրանց հակառակ, Եհովան «աղքատին փոշիիցը վեր է կացնում» և ‘փրկելու կարողություն ունի’ (Սաղմոս 113։5—7; Եսայիա 63։1, Արևմտ. Աստ.)։ Հիսուսի համեստ ու զուսպ մայրը՝ Մարիամը, հասկանում էր, որ «Հզօրը» անշահախնդրորեն թիկունք է կանգնում իրենից վախեցողներին՝ նվաստացնելով ամբարտավաններին և բարձրացնելով խոնարհներին (Ղուկաս 1։46—53)։
Եհովան իր զորությունը ցույց է տալիս իրեն ծառայողներին
11. Աստծո զորության ինչպիսի՞ դրսևորման ականատեսը դարձան իսրայելացիները մ.թ.ա. 1513–ին։
11 Կարելի է մի քանի դեպք հիշատակել, երբ Եհովան ցույց է տվել իր ծառայողներին, թե ինչպիսի զորություն ունի։ Դեպքերից մեկը պատահեց մ.թ.ա. 1513–ին, Սինայ լեռան մոտ։ Այդ նույն տարում իսրայելացիներն արդեն Աստծո դրսևորած զորության ականատեսներն էին եղել։ Տասը ավերիչ պատուհասները ցույց էին տվել Եհովայի հզոր բազկի ուժն ու Եգիպտոսի աստվածների անկարողությունը։ Դրանից հետո, Կարմիր ծովի միջով հրաշքով անցումը և փարավոնի բանակի ոչնչացումը հաջորդ ապացույցներն էին, որոնք փաստեցին, որ Աստված ահեղ զորության տեր է։ Այդ դեպքերից երեք ամիս անց Եհովան Սինայ լեռան մոտ իսրայելացիներին հրավիրեց իր «սեպհական ժողովուրդը [դառնալ] ամեն ազգերից»։ Իրենց հերթին իսրայելացիները պատասխանեցին. «Եհովայի բոլոր ասածները կ’անենք» (Ելից 19։5, 8)։ Որից հետո Եհովան ցույց տվեց իր կենդանի զորությունը. որոտի, կայծակի ու փողի ձայնի տակ Սինայ լեռը ծխում էր ու սաստիկ դողում։ Հեռվում կանգնած ժողովուրդը զարհուրել էր։ Մովսեսը նրանց բացատրեց, որ այդ ամենից նրանք պետք է սովորեին աստվածահաճո երկյուղ ունենալ, երկյուղ, որը նրանց կմղեր հնազանդվել ամենակարող ու միակ ճշմարիտ Աստծուն՝ Եհովային (Ելից 19։16—19; 20։18—20)։
12, 13. Ի՞նչ հանգամանքների ներքո էր Եղիան կիսատ թողել իր առաջադրանքը, սակայն Եհովան ինչպե՞ս է քաջալերում նրան։
12 Մի քանի հարյուրամյակ անց՝ Եղիայի օրոք, Սինայ լեռան մոտ Աստծո զորությունը մեկ այլ ձևով դրսևորվեց։ Մինչ այդ, Եղիա մարգարեն արդեն տեսել էր, թե ինչպես է Աստված գործադրում իր զորությունը։ Իսրայել ազգի հավատուրացության պատճառով Եհովան երեքուկես տարով ‘կապել էր երկինքը’, որի հետևանքով երաշտ էր սկսվել, և որին հետևել էր սովը (Բ Մնացորդաց 7։13)։ Այդ օրերին Եղիան գտնվում էր Քերիթ հեղեղատի մոտ, որտեղ էլ ագռավները նրան կերակրում էին։ Իսկ հետո, երբ տեղափոխվեց իրեն սնուցանող այրու կացարանը, վերջինիս ալյուրի ու յուղի պաշարը հրաշքով չէր վերջանում։ Եհովան նույնիսկ զորություն էր տվել Եղիային՝ հարություն տալու այդ այրի կնոջ որդուն։ Եվ վերջապես, երբ Կարմեղոս լեռան վրա լուծվում էր այն վեճը, թե ո՛վ է ճշմարիտ Աստված, երկնքից կրակ էր իջել և լափել Եղիայի մատուցած զոհը (Գ Թագաւորաց 17։4—24; 18։36—40)։ Բայց և այնպես, այդ դեպքից քիչ անց, Եղիան վախով է լցվում, երբ տեղեկանում է, որ Հեզաբելը սպառնացել է սպանել իրեն (Գ Թագաւորաց 19։1—4)։ Նա լքում է երկիրը՝ մտածելով, որ որպես մարգարե իր գործունեությունն ավարտված է։ Նրան քաջալերելու և ամրապնդելու համար Եհովան ինքը սիրով ցուցադրում է իր զորությունը։
13 Քարայրում թաքնված Եղիային երկյուղ է պատում՝ տեսնելով, թե Եհովան ինչպես է հսկում երեք ուժերի՝ սաստիկ քամուն, երկրաշարժին և վերջում՝ կրակին։ Սակայն, դիմելով նրան, Եհովան խոսում է «մեղմ ու բարակ ձայնով»։ Նա Եղիային հետագա հանձնարարություններ է տալիս և հայտնում, որ երկրում իրեն երկրպագող դեռ 7 000 մարդ կա (Գ Թագաւորաց 19։9—18)։ Եթե Եղիայի նման մենք էլ մեր ծառայության մեջ սպասված արդյունքները չտեսնելուց հուսահատություն ապրենք, կարող ենք Եհովայից խնդրել «զօրութեան գերազանցութիւնը»՝ ուժ, որը կամրապնդի մեզ, որպեսզի շարունակենք քարոզել բարի լուրը (Բ Կորնթացիս 4։7)։
Եհովայի զորությունը նրա խոստումների կատարման երաշխիքն է
14. Ի՞նչ է բացահայտում Եհովայի անձնական անունը, և ինչպե՞ս է նրա զորությունը կապված իր անվան հետ։
14 Եհովայի զորությունը նաև սերտորեն կապված է իր անվան և նպատակի իրագործման հետ։ Իր անզուգական «Եհովա» անունը, որը նշանակում է «նա դարձնում է», ցույց է տալիս, որ Աստված պատճառ է դառնում իր խոստումների կատարմանը։ Որքան էլ որ սկեպտիկները դա անհնարին համարեն, միևնույն է, ոչինչ ու ոչ ոք չի կարող խանգարել նրան իր նպատակներն իրագործելու հարցում։ Ինչպես մի առիթով Հիսուսն ասաց իր առաքյալներին՝ «Աստծու համար ամէն ինչ կարելի է» (Մատթէոս 19։26)։
15. Ինչպե՞ս Աբրահամին ու Սառային հիշեցվեց, որ Եհովայի համար ոչ մի դժվարին բան չկա։
15 Ահա մի օրինակ. Եհովան Աբրահամին ու Սառային խոստացավ, որ իրենցից մի մեծ ժողովուրդ է առաջ բերելու։ Սակայն Աբրահամն ու Սառան երկար տարիներ շարունակ անզավակ էին։ Նրանք երկուսն էլ արդեն շատ ծեր էին, երբ Եհովան հաղորդեց, որ խոստացվածը շուտով կկատարվի. դա լսելով՝ Սառան նույնիսկ ծիծաղեց։ Ի պատասխան՝ հրեշտակն ասաց. «Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք» (Ծննդոց 12։1—3; 17։4—8; 18։10—14)։ Չորս դար անց, երբ Մովաբի դաշտավայրում Մովսեսը վերջապես հավաքեց Աբրահամի հետնորդներին (որոնք այդ ժամանակ արդեն մեծաքանակ ժողովուրդ էին դարձել), հիշեցրեց նրանց, որ Աստված կատարել է իր խոստումը։ Նա ասաց. «[Եհովան] քո հայրերին սիրելու համար նորանցից յետոյ նորանց սերունդը ընտրեց, եւ իր երեսովը մեծ զօրութիւնով քեզ Եգիպտոսիցը հանեց. Որպէսզի քեզանից մեծ եւ զօրաւոր ազգեր քո առաջիցը քշէ, եւ քեզ տանէ՝ նորանց երկիրը քեզ ժառանգութիւն տալու համար, ինչպէս որ այսօր» (Բ Օրինաց 4։37, 38)։
16. Ինչո՞ւ էին սադուկեցիները սխալմամբ պնդում, թե մեռելների հարություն չի լինելու։
16 Այդ դեպքից հարյուրամյակներ անց Հիսուսը հանդիմանեց սադուկեցիներին այն բանի համար, որ չէին հավատում հարությանը։ Իսկ ինչո՞ւ նրանք չէին հավատում մահացածներին կյանքի վերադարձնելու Աստծո խոստմանը։ Հիսուսն ասաց նրանց. «Ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը» (Մատթէոս 22։29)։ Գրությունները մեզ վստահեցնում են, որ «բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն [Աստծո Որդու] ձայնը եւ դուրս կը գան» (Յովհաննէս 5։27—29)։ Եթե տեղյակ ենք, թե ինչ է Աստվածաշունչն ասում հարության մասին, ապա, վստահելով Աստծո զորությանը, կհավատանք մեռելների հարությանը։ Աստված «պիտի կլանէ մահին յաւիտեան.... որովհետեւ Տէրն է ասում» (Եսայիա 25։8)։
17. Ապագայում ե՞րբ անհրաժեշտ կլինի առանձնահատուկ ձևով ապավինել Եհովային։
17 Մոտ ապագայում կգա մի ժամանակ, երբ մեզանից յուրաքանչյուրին հարկավոր կլինի առանձնահատուկ ձևով ապավինել Աստծո փրկարար զորությանը։ Բանսարկու Սատանան կհարձակվի արտաքուստ անօգնական թվացող Աստծո ժողովրդի վրա (Եզեկիէլ 38։14—16)։ Սակայն Աստված, մեզ պաշտպանելով, ցույց կտա իր մեծ զորությունը, և բոլորը կիմանան, որ նա է Եհովան (Եզեկիէլ 38։21—23)։ Որպեսզի օրհասական պահին չտատանվենք, հիմա է ժամանակը ամրապնդելու մեր հավատն ու վստահությունն առ Աստված։
18. ա) Ինչո՞վ է մեզ համար օգտակար Եհովայի զորության մասին խորհելը։ բ) Ի՞նչ հարց կքննարկվի հաջորդ հոդվածում։
18 Անկասկած, Եհովայի զորության մասին խորհելու շատ պատճառներ կան։ Երբ ուշադիր զննում ենք նրա գործերը, մեր մեջ ցանկություն է առաջանում խոնարհաբար փառաբանելու մեր Մեծ Արարչին և շնորհակալություն հայտնելու նրան, որ այդքան իմաստորեն ու սիրով է օգտվում իր զորությունից։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել, եթե ապավինենք զորքերի Տեր Եհովային։ Նրա խոստումների հանդեպ մեր հավատը անվարան կլինի։ Եկեք չմոռանանք, որ ստեղծված ենք Աստծո պատկերով։ Իսկ դա նշանակում է, որ մենք զորություն ունենք, թեկուզև՝ սահմանափակ։ Թե ինչպե՛ս կարող ենք ընդօրինակել Արարչին մեր զորությունն օգտագործելիս, կխոսվի հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Լայնորեն տարածված է այն կարծիքը, որ այնպիսի բրածո վառելիքները, ինչպիսիք են նավթն ու ածուխը՝ էլեկտրակայանների էներգիայի հիմնական աղբյուրները, իրենց էներգիան ստանում են Արեգակից։
b Համեմատության համար նշենք, որ երբևէ փորձարկված միջուկային ռումբերից ամենահզորի պայթման ուժը հավասար է եղել տրոտիլի 57 մեգատոնի։
c Աստվածաշնչում հիշատակված վայրի ցուլը, ամենայն հավանականությամբ, տուրն էր (լատ. urus)։ Երկու հազար տարի առաջ այս կենդանիները տարածված են եղել Գալիայում (Ֆրանսիա), իսկ Հուլիոս Կեսարը նրանց հետևյալ նկարագրությունն էր տվել. «[Տուրերը] իրենց չափերով քիչ փոքր են փղերից, իսկ խառնվածքով, գույնով ու մարմնի կառուցվածքով նման են ցլին։ Նրանք շատ ուժեղ են ու արագավազ, չեն խնայում ո՛չ իրենց ճանապարհին հանդիպած մարդու, ո՛չ էլ կենդանու»։
Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցերին
• Ինչպե՞ս է արարչագործությունը վկայում Եհովայի զորության մասին։
• Ի՞նչ զորքեր ունի Եհովան իր տրամադրության տակ իր ժողովրդին օգնելու համար։
• Եհովայի կողմից իր զորության դրսևորման մասին ի՞նչ արձանագրություններ կան։
• Ի՞նչ երաշխիք ունենք Եհովայի տված խոստումների իրականացման հետ կապված։
[նկարներ 24–րդ էջի վրա]
«Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց»։
[թույլտվությամբ]
Photo by Malin, © IAC/RGO 1991
[նկարներ 26–րդ էջի վրա]
Եհովայի կողմից իր դրսևորած զորության շուրջը խորհելը ամրապնդում է մեր հավատը նրա խոստումների նկատմամբ։