Պահպանենք մեր քրիստոնեական ինքնությունը
«Դուք էք իմ վկաները, ասում է Տէրը» (ԵՍԱՅԻԱ 43։10)։
1. Ինչպիսի՞ մարդկանց է Եհովան ‘քաշել’ իր կողմը։
ԵՐԲ որ Թագավորության սրահում լինես, ուշադիր նայիր շուրջդ։ Ո՞ւմ կտեսնես երկրպագության այդ վայրում։ Գուցե տեսնես ջանասեր պատանիների, որոնք ամենայն ուշադրությամբ սովորում են աստվածաշնչային իմաստությունը (Սաղմոս 148։12, 13)։ Հավանաբար կտեսնես նաև հայրերի ու ամուսինների, որոնք, ապրելով մի աշխարհում, որը քայքայում է ընտանեկան միությունը, ձգտում են հաճեցնել Աստծուն։ Իսկ հնարավոր է քո ուշադրությունը գրավեն թանկագին տարեցները, որոնք հաստատակամորեն ապրում են իրենց նվիրման համաձայն՝ չնայած տարիքի բերած դժվարություններին (Առակաց 16։31, ԱԱ)։ Նրանք բոլորն էլ խորապես սիրում են Եհովային։ Եհովան էլ իր հերթին քայլեր է ձեռնարկել փոխհարաբերություններ հաստատելու նրանց հետ։ «Ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ Հայրն՝ որ ինձ ուղարկեց՝ չ’քաշէ նորան»,— ասաց Աստծու Որդին (Յովհաննէս 6։37, 44, 66)։
2, 3. Ինչո՞ւ գուցե դժվար լինի ամեն ժամանակ քրիստոնեական ինքնության խոր գիտակցում ունենալ։
2 Մի՞թե ուրախ չենք մաս կազմել մի ժողովրդի, որն ունի Եհովայի հավանությունն ու օրհնությունը։ Այնուամենայնիվ, այս ‘չար ժամանակներում’ գուցե դժվար լինի ամեն ժամանակ քրիստոնեական ինքնության խոր գիտակցում ունենալ (Բ Տիմոթէոս 3։1)։ Դա հատկապես ճշմարիտ է քրիստոնեական ընտանիքում մեծացող պատանիների պարագայում։ «Թեև ես հաճախում էի քրիստոնեական հանդիպումներին,— խոստովանեց մի պատանի,— հոգևոր կոնկրետ նպատակներ չունեի, և, անկեղծ ասած, հստակ ցանկություն էլ չունեի Եհովային ծառայելու»։
3 Ոմանց վրա, ովքեր անկեղծորեն ցանկանում են ծառայել Եհովային, գուցե ազդեցություն գործի հասակակիցների ուժեղ ճնշումը, աշխարհը, մեղավոր հակումները։ Գտնվելով ճնշման տակ՝ մենք գուցե հետզհետե կորցնենք մեր քրիստոնեական ինքնությունը։ Օրինակ՝ այսօր շատերը բարոյականության վերաբերյալ Աստվածաշնչի չափանիշները հնացած կամ անիրական են համարում ժամանակակից կյանքի համար (Ա Պետրոս 4։4)։ Ոմանք կարծում են, թե պարտադիր չէ Աստծուն երկրպագել այնպես, ինչպես որ նա է պատվիրում (Յովհաննէս 4։24)։ Եփեսացիներին ուղղած իր նամակում Պողոսը խոսում է աշխարհում տիրող ոգու, այսինքն՝ գերակշռող տրամադրվածության մասին (Եփեսացիս 2։2)։ Այդ ոգին ճնշում է գործադրում մարդկանց վրա, որպեսզի նրանք որդեգրեն այնպիսի մտածելակերպ, որը հատուկ է Եհովային չճանաչողներին։
4. Հիսուսն ինչպե՞ս շեշտեց, որ անհրաժեշտ է պահպանել մեր հստակ քրիստոնեական ինքնությունը։
4 Լինելով Եհովային նվիրված ծառաներ՝ գիտակցում ենք, որ հետևանքները ողբերգական կլինեն, եթե մենք՝ երիտասարդ թե տարեց, կորցնենք մեր քրիստոնեական ինքնությունը։ Քրիստոնեական ինքնության վերաբերյալ ճիշտ տեսակետը կարող է հիմնված լինել միայն Եհովայի չափանիշների և ակնկալիքների վրա։ Ի վերջո, մենք նրա պատկերով ենք ստեղծված (Ծննդոց 1։26; Միքիա 6։8)։ Աստվածաշունչը մեր հստակ քրիստոնեական ինքնությունը նմանեցնում է մեր կրած հագուստին, որը բոլորը տեսնում են։ Հիսուսը մեր ժամանակների հետ կապված զգուշացրեց. «Ահա գալիս եմ գողի նման, երանի նորան որ արթուն է, եւ իր հանդերձները պահում է. որ մերկ ման չ’գայ, եւ նորա ամօթանքը չ’տեսնեն» (Յայտնութիւն 16։15)։a Մենք չենք ցանկանում մեր քրիստոնեական հատկություններն ու վարքի չափանիշները «հանել», ինչպես նաև թույլ տալ, որ Սատանայի աշխարհը ձևավորի մեզ։ Եթե այդպիսի բան տեղի ունենա, ապա կկորցնենք այդ «հանդերձները»։ Նման վիճակը ցավալի և ամոթալի կլինի։
5, 6. Ինչո՞ւ է հոգևոր կայունությունը կենսական։
5 Քրիստոնեական ինքնության խոր գիտակցումը կարևոր դեր է խաղում այն բանում, թե անհատը ինչպիսի ապրելակերպ կունենա։ Ինչո՞ւ։ Եթե Եհովայի երկրպագուն հստակորեն չգիտակցի, թե ով է ինքը, նա գուցե դառնա մի անձնավորություն, որը չունի որոշակի նպատակներ։ Աստվածաշունչը բազմիցս նախազգուշացնում է երկմտության վիճակի մեջ ընկնելուց։ Հակոբոս աշակերտը գրել է. «Երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին։ Այն մարդը թող չ’կարծէ, որ Տէրիցը մի բան կ’առնէ։ Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը» (Յակոբոս 1։6–8; Եփեսացիս 4։14; Եբրայեցիս 13։9)։
6 Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր քրիստոնեական ինքնությունը։ Ի՞նչը մեզ կօգնի ավելի խորը գիտակցել, որ մեծ առանձնաշնորհում ունենք լինելու Բարձրյալի երկրպագուները։ Եկեք քննենք հետևյալ կերպերը։
Ամուր հիմք ստեղծիր քո քրիստոնեական ինքնության համար
7. Ինչո՞ւ է օգտավետ աղաչել Եհովային, որ քննի մեզ։
7 Շարունակաբար ամրացրու փոխհարաբերություններդ Եհովայի հետ։ Ամենաթանկարժեք բանը, որ ունի քրիստոնյան, Եհովայի հետ իր անձնական փոխհարաբերություններն են (Սաղմոս 25։14; Առակաց 3։32)։ Եթե մեր մեջ ինչ–որ անհանգստացնող հարցեր են սկսում ծագել մեր քրիստոնեական ինքնության հետ կապված, ուրեմն ժամանակն է ուշադրությամբ քննելու այդ փոխհարաբերությունների որակն ու խորությունը։ Սաղմոսերգուն աղաչեց. «Փորձիր ինձ, Տէր, եւ քննիր ինձ. փորձիր իմ երիկամունքները եւ իմ սիրտը» (Սաղմոս 26։2)։ Ինչո՞ւ է այսպիսի քննությունը խիստ կարևոր։ Որովհետև մենք ինքներս չենք կարող բավականաչափ ճիշտ գնահատական տալ մեր ներքին մղումներին ու հակումներին։ Միմիայն Եհովան կարող է տեսնել մեր ներքին անձնավորությունը՝ մեր մղումները, մտքերը և հույզերը (Երեմիա 17։9, 10)։
8. ա) Ի՞նչ օգուտներ ենք ստանում այն բանից, որ Եհովան փորձում է մեզ։ բ) Ի՞նչն է անձամբ քեզ օգնել առաջադիմելու որպես քրիստոնյա։
8 Խնդրելով Եհովային քննել մեզ՝ մենք խնդրում ենք, որ նա փորձի մեզ։ Նա կարող է թույլ տալ որոշ իրավիճակներ, որոնք կբացահայտեն մեր իսկական մղումներն ու սրտի վիճակը (Եբրայեցիս 4։12, 13; Յակոբոս 1։22–25)։ Մենք պետք է ուրախ լինենք, որ Եհովան փորձում է մեզ, քանի որ դրանով հնարավորություն ենք ստանում ցույց տալու, թե որքանով ենք նվիրված իրեն։ Դա կարող է պարզել, թե արդյոք մենք ‘կատարյալ և ամբողջ [«անթերի», ԷԹ] ենք և որևէ բանի պակասություն չունենք’ (Յակոբոս 1։2–4)։ Իսկ այդ ընթացքում մենք կարող ենք հոգևորապես աճել (Եփեսացիս 4։22–24)։
9. Արդյոք անհրաժե՞շտ է անձամբ հավաստիանալ Աստվածաշնչի ճշմարտության մեջ։ Բացատրե՛ք։
9 Հավաստիացիր Աստվածաշնչի ճշմարտության մեջ։ Մեր՝ Եհովայի ծառաներիս ինքնության գիտակցումը կարող է թուլանալ, եթե այն ամուր կերպով հիմնված չլինի աստվածաշնչային գիտելիքների վրա (Փիլիպպեցիս 1։9, 10)։ Յուրաքանչյուր քրիստոնյա՝ երիտասարդ թե տարեց, կարիք ունի լիովին համոզված լինելու, որ այն, ինչին հավատում է, իսկապես ճշմարտություն է, որ գտնվում է Աստվածաշնչում։ Պողոսը իր հավատակիցներին հորդորեց. «Ամեն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։21)։ Աստվածավախ ընտանիքում մեծացող պատանի քրիստոնյաները պետք է գիտակցեն, որ չեն կարող ապրել իրենց ծնողների հավատի հաշվին։ Դավիթը՝ Սողոմոնի հայրը, իր որդուն պատվիրեց. «Ճանաչիր քո հօր Աստուծուն եւ ծառայիր նորան կատարեալ սրտով» (Ա Մնացորդաց 28։9)։ Երիտասարդ Սողոմոնի համար բավական չէր տեսնել, թե ինչպես է իր հայրը հավատ զարգացնում Եհովայի հանդեպ։ Սողոմոնը անձամբ պետք է ճանաչեր Եհովային, և նա այդպես էլ արեց։ Նա աղերսեց Աստծուն. «Ինձ իմաստութիւն եւ գիտութիւն տուր, որ այս ժողովրդի առաջը դուրս գամ եւ մտնեմ» (Բ Մնացորդաց 1։10)։
10. Ինչո՞ւ ոչ մի սխալ բան չկա ճիշտ մղումներով անկեղծ հարցեր տալու մեջ։
10 Ամուր հավատը կառուցվում է գիտելիքների հիմքի վրա։ «Հաւատքը լսելուցն է»,— գրեց Պողոսը (Հռովմայեցիս 10։17)։ Ի՞նչ ի նկատի ուներ նա։ Պողոսն ուզում էր ասել, որ Աստծու Խոսքով սնվելով՝ մենք ամրացնում ենք մեր հավատն ու վստահությունը Եհովայի, նրա խոստումների և կազմակերպության հանդեպ։ Եթե Աստվածաշնչի հետ կապված մեր հարցերը անկեղծ լինեն, ապա գոհացուցիչ պատասխաններ կստանանք։ Դեռ ավելին, Հռովմայեցիս 12։2–ում կարդում ենք Պողոսի հետևյալ խորհուրդը. «Քննէք [‘Հավաստիացեք’, ՆԱ] թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը»։ Իսկ ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ։ Ստանալով «ճշմարտութեան [«ճշմարտության ճշգրիտ», ՆԱ] գիտութ[յունը]» (Տիտոս 1։1)։ Եհովայի ոգին կարող է օգնել մեզ ըմբռնելու նույնիսկ բարդ հարցերը (Ա Կորնթացիս 2։11, 12)։ Մենք պետք է աղոթքով Աստծուց օգնություն խնդրենք, երբ ինչ–որ բան լավ չենք հասկանում (Սաղմոս 119։10, 11, 27)։ Եհովան ցանկանում է, որ մենք իր Խոսքը հասկանանք և այդ Խոսքին հավատանք ու հնազանդվենք։ Նա ողջունում է ճիշտ մղումներով տրված անկեղծ հարցերը։
Վճռական եղիր հաճեցնելու Աստծուն
11. ա) Ո՞ր բնական ցանկությունը կարող է մեզ համար ծուղակ դառնալ։ բ) Ինչպե՞ս կարող ենք քաջություն ստանալ հասակակիցների ճնշմանը դիմակայելու համար։
11 Ձգտիր հաճեցնել Աստծուն և ոչ թե մարդուն։ Ոչ մի անբնական բան չկա, եթե անհատն իր ինքնությունը դրսևորում է նաև ինչ–որ խմբի պատկանելով։ Ամեն մեկն էլ ընկերների կարիք ունի, և նրանց կողմից ընդունվելը ուրախություն է պարգևում։ Պատանեկության շրջանում, ինչպես նաև կյանքի հետագա տարիներին հասակակիցների ճնշումը կարող է ուժեղ լինել և առաջացնել ուրիշներին ընդօրինակելու կամ հաճեցնելու անզուսպ ցանկություն։ Բայց միշտ չէ, որ մեր ընկերներին ու հասակակիցներին իսկապես հետաքրքրում են մեր շահերը։ Երբեմն նրանք պարզապես ուզում են, որ իրենց ընկերակցենք չար բան անելու մեջ (Առակաց 1։11–19)։ Եթե քրիստոնյան տեղի է տալիս հասակակիցների ճնշմանը, ապա նման դեպքում նա սովորաբար փորձում է թաքցնել իր ինքնությունը (Սաղմոս 26։4, ՆԱ)։ «Մի ընդօրինակեք ձեզ շրջապատող աշխարհի վարքը»,— զգուշացրեց Պողոս առաքյալը (Հռովմայեցիս 12։2, «The Jerusalem Bible»)։ Եհովան մեզ ներքին ուժ է տալիս, որպեսզի կարողանանք պայքարել ճնշման դեմ (Եբրայեցիս 13։6)։
12. Ո՞ր սկզբունքը և օրինակը կարող են օգնել մեզ հաստատուն մնալ Աստծուն վստահելու հարցում։
12 Եթե ճնշումը սպառնում է մեր քրիստոնեական ինքնության գիտակցմանը, ապա լավ կլինի հիշել, որ մեր նվիրվածությունն Աստծուն շատ ավելի կարևոր է, քան հասարակության կարծիքը կամ մեծամասնության դիրքորոշումը։ Ելից 23։2–ում գրված խոսքերը ծառայում են որպես հուսալի սկզբունք. «Չարութիւն անելու համար՝ բազմութեանը չ’հետեւես»։ Երբ իսրայելացիների մեծամասնությունը կասկածի ենթարկեց Եհովայի կարողությունը իր խոստումներն իրագործելու կապակցությամբ, Քաղեբը վճռականորեն մերժեց հետևել մեծամասնությանը։ Նա համոզված էր, որ Աստծու խոստումները վստահելի են, և մեծապես պարգևատրվեց իր դիրքորոշման համար (Թուոց 13։31; Յեսու 14։6–11)։ Դու է՞լ ես տրամադրված դիմադրելու ընդհանուրի կարծիքին՝ Աստծու հետ քո փոխհարաբերությունները պահպանելու համար։
13. Մեր քրիստոնեական ինքնությունը հայտնի դարձնելն ինչո՞ւ է իմաստուն։
13 Հայտնի դարձրու քրիստոնեական ինքնությունդ։ «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» ասացվածքը ճշմարիտ է, երբ խոսքը վերաբերում է մեր քրիստոնեական ինքնությունը պաշտպանելուն։ Երբ Եզրասի օրերում հավատարիմ իսրայելացիները հակառակության հանդիպեցին Եհովայի կամքը կատարելու հարցում, նրանք ասացին. «Մենք երկնքի եւ երկրի Աստուծոյ ծառաներն ենք» (Եզրաս 5։11)։ Եթե մեզ վրա ազդեցություն գործեն թշնամաբար տրամադրված մարդկանց հակառակությունն ու քննադատությունը, ապա վախը գուցե կաթվածահար անի մեզ։ Փորձելով բոլորին հաճեցնել՝ մենք կնվազեցնենք հաջողության հասնելու մեր հնարավորությունները։ Այնպես որ մի վախեցիր։ Միշտ էլ լավ կլինի այնպես անել, որ շրջապատի մարդիկ հստակ իմանան, որ դու Եհովայի վկա ես։ Հարգալից, բայց հաստատակամ ձևով կարող ես բացատրել մարդկանց, թե ինչ արժեքներ, համոզմունքներ և դիրքորոշում ունես՝ որպես քրիստոնյա։ Թող որ ուրիշներն իմանան, որ վճռել ես հետևել բարոյականության վերաբերյալ Եհովայի բարձր չափանիշներին։ Ակներև դարձրու, որ քրիստոնեական անարատություն պահելու հարցում զիջումների չես գնա։ Ցույց տուր, որ հպարտանում ես քո բարոյական չափանիշներով (Սաղմոս 64։10)։ Աչքի ընկնելով որպես անսասան քրիստոնյա՝ դու ավելի ուժեղ կդառնաս, պաշտպանված կլինես և նույնիսկ ոմանց կմղես հետաքրքրվելու Եհովայով ու նրա ժողովրդով։
14. Արդյոք պե՞տք է վհատվենք ծաղրանքի կամ հակառակության պատճառով։ Բացատրե՛ք։
14 Ճիշտ է, ոմանք գուցե ծաղրեն կամ հակառակվեն քեզ (Յուդա 18)։ Մի՛ հուսահատվիր, եթե մարդիկ անբարյացակամորեն են վերաբերվում քո ջանքերին, երբ փորձում ես նրանց բացատրել քո արժեքները (Եզեկիէլ 3։7, 8)։ Որքան էլ որ վճռական լինես, երբեք չես համոզի այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում համոզվել։ Հիշիր փարավոնին։ Ո՛չ պատուհասը, ո՛չ հրաշքը և ո՛չ էլ նույնիսկ նրա առաջնեկի կորուստը չհամոզեցին նրան, որ Մովսեսը խոսում էր Եհովայի անունից։ Ուստի թույլ մի տուր, որ մարդավախությունը կաթվածահար անի քեզ։ Աստծուն ապավինելը ու նրա հանդեպ հավատը կարող են օգնել քեզ հաղթահարելու վախը (Առակաց 3։5, 6; 29։25)։
Նայելով անցյալին՝ կառուցիր ապագան
15, 16. ա) Ո՞րն է մեր հոգևոր ժառանգությունը։ բ) Ի՞նչ օգուտներ է բերում Աստվածաշնչի օգնությամբ հոգևոր ժառանգության շուրջ խորհրդածելը։
15 Փայփայիր հոգևոր ժառանգությունդ։ Քրիստոնյաները օգուտներ կքաղեն, եթե Աստծու Խոսքի օգնությամբ խորհրդածեն իրենց հարուստ հոգևոր ժառանգության շուրջ։ Այս ժառանգության մեջ են մտնում Եհովայի Խոսքի ճշմարտությունը, հավիտենական կյանքի հույսը, ինչպես նաև Աստծուն ներկայացնելու պատիվը, որ մենք ունենք՝ որպես բարի լուրը հռչակողներ։ Տեսնո՞ւմ ես քեզ նրա Վկաների՝ մարդկանց մի առանձնաշնորհյալ խմբի մեջ, որին հանձնարարված է Թագավորության քարոզչության փրկարար գործը։ Հիշիր, որ Եհովան ինքը հաստատում է. «Դուք էք իմ վկաները» (Եսայիա 43։10)։
16 Կարող ես ինքդ քեզ այսպիսի հարցեր տալ. «Որքանո՞վ է թանկ ինձ համար այս հոգևոր ժառանգությունը։ Այնքան բա՞րձր եմ գնահատում այդ ժառանգությունը, որ Աստծու կամքը կատարելը ամենակարևոր բանը լինի իմ կյանքում։ Իսկ գնահատանքս խո՞րն է այն աստիճան, որ ամրապնդի իմ վճռականությունը՝ դիմադրելու ցանկացած գայթակղության, որի պատճառով գուցե զրկվեմ իմ ժառանգությունից»։ Մեր հոգևոր ժառանգությունը մեր սիրտը կարող է նաև լցնել հոգևոր ապահովության խորը զգացումով. ապահովություն, որը կարելի է վայելել միայն Եհովայի կազմակերպության մեջ (Սաղմոս 91։1, 2)։ Քննելով Եհովայի կազմակերպության ժամանակակից պատմության ուշագրավ իրադարձությունները՝ մենք կտեսնենք, որ ոչ ոք կամ ոչինչ չի կարող Եհովայի ժողովրդին վերացնել երկրի երեսից (Եսայիա 54։17; Երեմիա 1։19)։
17. Ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ անել, բացի մեր հոգևոր ժառանգության վրա հույս դնելուց։
17 Ինչ խոսք, մենք չենք կարող հույս դնել միայն մեր հոգևոր ժառանգության վրա։ Յուրաքանչյուրս պետք է մտերիմ հարաբերություններ զարգացնի Աստծու հետ։ Պողոսը, որ ջանք չէր խնայել փիլիպպեցի քրիստոնյաների հավատը կերտելու համար, նրանց գրեց. «Ուրեմն, իմ սիրելիներ, ինչպէս ամեն ժամանակ հնազանդեցիք՝ ոչ միայն իմ ներկայութիւնումը, այլ հիմա էլ աւելի իմ բացակայութիւնումը, ահով եւ դողալով գործեցէք ձեր անձերի փրկութիւնը» (Փիլիպպեցիս 2։12)։ Մենք չենք կարող ուրիշների վրա հույս դնել փրկության հասնելու հարցում։
18. Քրիստոնեական գործունեությունն ինչպե՞ս է ավելի խորացնում մեր քրիստոնեական ինքնության գիտակցումը։
18 Կլանված եղիր քրիստոնեական գործունեությամբ։ Նկատվել է, որ «անհատի ինքնությունը որոշվում է նրա կատարած աշխատանքով»։ Քրիստոնյաներին այսօր հանձնարարված է կարևոր գործ՝ քարոզել Աստծու արդեն հաստատված Թագավորության մասին բարի լուրը։ Պողոսը հստակ ասաց. «Որովհետեւ ես հեթանոսների առաքեալ եմ՝ իմ պաշտօնը փառաւոր կ’անեմ» (Հռովմայեցիս 11։13)։ Մեր քարոզչական գործունեությամբ մենք տարբերվում ենք աշխարհից, և այդ գործին մասնակցելով՝ ավելի հստակ ենք դարձնում մեր քրիստոնեական ինքնությունը։ Կլանված լինելով աստվածապետական մյուս գործերով, օրինակ՝ քրիստոնեական հանդիպումներով, երկրպագության վայրերի շինարարության ծրագրերին մասնակցելով, կարիքավորներին օգնելով՝ մենք ավելի կխորացնենք մեր քրիստոնեական ինքնության գիտակցումը (Գաղատացիս 6։9, 10; Եբրայեցիս 10։23, 24)։
Հստակ ինքնություն՝ շոշափելի օրհնություններ
19, 20. ա) Անձամբ դու ի՞նչ օգուտներ ես ստացել՝ լինելով քրիստոնյա։ բ) Ի՞նչն է մեր ճշմարիտ ինքնության հիմքը։
19 Մի պահ խորհենք այն բազմաթիվ օրհնությունների և օգուտների մասին, որ ստանում ենք՝ լինելով ճշմարիտ քրիստոնյաներ։ Մենք առանձնաշնորհում ունենք անձամբ ճանաչվելու Եհովայի կողմից։ Մաղաքիա մարգարեն ասաց. «Խօսեցին Տէրից վախեցողները իրար հետ, եւ Տէրը ականջ դրաւ ու լսեց, եւ յիշատակի գիրք գրուեցաւ նորա առաջին Տէրից վախեցողների համար, եւ նորա անունը պատուական համարողների համար» (Մաղաքիա 3։16)։ Աստված դիտում է մեզ որպես իր բարեկամների (Յակոբոս 2։23)։ Մեր կյանքը լի է իրական, խոր իմաստով և բարի ու օգտավետ նպատակներով։ Բացի այդ, մենք հավիտենական ապագայի հույսը ունենք (Սաղմոս 37։9)։
20 Հիշիր, որ քո իսկական ինքնությունն ու արժեքը որոշվում են Աստծու տված գնահատականով, ոչ թե քո մասին մարդկանց ունեցած կարծիքով։ Մարդիկ գուցե դատողություններ անեն մեր մասին՝ ելնելով մարդկային անկատար չափանիշներից։ Սակայն Աստծու սերն ու յուրաքանչյուրիս հանդեպ նրա անհատական հետաքրքրվածությունը հիմք են տալիս, որ մենք մեզ իսկապես արժեքավոր զգանք. այո՛, մենք նրան ենք պատկանում (Մատթէոս 10։29–31)։ Իր հերթին, սերն Աստծու հանդեպ լցնում է մեր սիրտը ինքնության խորին գիտակցումով և լավագույն առաջնորդությունն է տալիս կյանքում։ «Եթէ մէկը Աստուծուն սիրէ, նա ճանաչուած է նորանից» (Ա Կորնթացիս 8։3)։
[ծանոթագրություն]
a Այս խոսքերը կարող են հիշեցնել Երուսաղեմի Տաճարի բարձունքի վերակացուի պարտականությունները։ Նա գիշերը շրջում էր տաճարում և ստուգում էր, թե արդյոք ղևտացի պահապանները արթուն են։ Եթե պահապանին քնած էր գտնում, նրան գավազանով հարվածում էր, իսկ վերնազգեստը գուցե և այրում որպես ամոթալի պատիժ։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ է քրիստոնյաների համար կենսական պահպանել իրենց հոգևոր ինքնությունը։
• Ինչպե՞ս կարող ենք ամուր հիմք ստեղծել մեր քրիստոնեական ինքնության համար։
• Երբ կանգնում ենք այն հարցի առջև, թե ում պետք է հաճեցնենք, ի՞նչը կօգնի մեզ ճիշտ որոշում կայացնել։
• Ինչպե՞ս կարող է ինքնության խոր գիտակցումը դեր խաղալ այն բանում, թե որպես քրիստոնյաներ՝ ինչ ապագա կունենանք։
[նկար 21–րդ էջի վրա]
Քրիստոնեական գործունեությամբ կլանված լինելը կարող է ավելի հստակ դարձնել մեր քրիստոնեական ինքնությունը