Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Սաղմոսներից» (գիրք 1)
ԻՆՉՊԵ՞Ս տեղին կլիներ անվանել այն գիրքը, որը հիմնականում բաղկացած է մեր Արարչին՝ Եհովա Աստծուն փառաբանող խոսքերից։ Ուրիշ ոչ մի անուն այնքան համապատասխան չէր լինի, որքան «Փառաբանությունների գիրք» անվանումը, որն այլ կերպ կոչվում է «Սաղմոսներ»։ Աստվածաշնչի այս ամենամեծ գիրքը բաղկացած է գեղեցիկ երգերից, որոնք գովաբանում են Աստծու հրաշալի հատկությունները, զորավոր գործերը և պարունակում են բազմաթիվ մարգարեություններ։ Այդ երգերից շատերը արտահայտում են զգացումներ, որ ունեցել են սաղմոսերգուները դժվարին իրավիճակներում։ Այս գիրքը գրվել է մոտավորապես հազար տարվա ընթացքում՝ սկսած Մովսես մարգարեի օրերից մինչև իսրայելացիների գերությունից հետո ընկած ժամանակները։ «Սաղմոսները» գրել են Մովսեսը, Դավիթ թագավորը և ուրիշներ։ Համարվում է, որ Եզրաս քահանան է երգերի այս ժողովածուն վերջնական տեսքի բերել։
Արդեն հին ժամանակներում «Սաղմոսներ» գիրքը բաժանված է եղել երգերի հինգ ժողովածուների՝ մասերի։ Դրանք են՝ 1) Սաղմոս 1–41, 2) Սաղմոս 42–72, 3) Սաղմոս 73–89, 4) Սաղմոս 90–106, 5) Սաղմոս 107–150։ Այս հոդվածում կքննարկենք առաջին ժողովածուն։ Այս մասում ընդգրկված բոլոր սաղմոսները, բացառությամբ երեքի, գրել է հին Իսրայելի Դավիթ թագավորը։ Հայտնի չէ, թե ովքեր են գրել 1–ին, 10–րդ և 33–րդ սաղմոսները։
«ԻՄ ԱՍՏՈՒԱԾ, ԻՄ ԱՄՐՈՒԹԻՒՆ»
Առաջին սաղմոսում նշվում է, որ երջանիկ է այն մարդը, որի «հաճութիւնը» (ԱԱ) Եհովայի օրենքի մեջ է։ Երկրորդում խոսվում է Թագավորության մասին։a 1–24 սաղմոսներում գերակշռում են Եհովային ուղղված աղերսանքները։ Օրինակ՝ 3–5-րդ, 7–րդ, 12–րդ, 13–րդ և 17–րդ սաղմոսները թշնամիներից ազատվելու խնդրանքներ են։ Սաղմոս 8–ը շեշտում է Եհովայի մեծությունը և մարդու չնչինությունը։
Եհովային անվանելով իր ժողովրդի Պաշտպան՝ Դավիթը երգում է. «Իմ Աստուած, իմ ամրութիւն, որին ես յուսացած եմ» (Սաղմոս 18։2)։ 19–րդ սաղմոսում Եհովան փառաբանվում է որպես Արարիչ և Օրենսդիր, 20–րդ սաղմոսում՝ որպես Փրկիչ, իսկ 21–րդում՝ որպես իր օծյալ Թագավորի Փրկիչ։ 23–րդ սաղմոսում Եհովան մեզ ներկայանում է որպես Մեծ Հովիվ, իսկ 24–րդում՝ փառահեղ Թագավոր։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
2։1, 2 — Ի՞նչ «ունայն» բան են ազգերը մտածում։ «Ունայն» բանը, որ մտածում են ազգերը, այն է, որ պետությունները մշտապես անհանգստանում են իրենց իշխանությունը հավերժացնելու մասին։ Դա «ունայն» է, քանի որ նրանց նպատակը դատապարտված է ձախողման։ Կարո՞ղ են արդյոք ազգերը հաջողություն ակնկալել, եթե նրանք «վեր են կենում.... Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ»։
2։7 — Ի՞նչ ‘հրամանի’ մասին է խոսքը։ Այս հրամանը Թագավորության ուխտն է, որը Եհովան կնքել է իր սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ (Ղուկաս 22։28, 29)։
2։12 — Ի՞նչ իմաստով պետք է ազգերի ղեկավարները ‘համբուրեն որդուն’։ Աստվածաշնչյան ժամանակներում համբույրը բարեկամության և հավատարմության նշան էր։ Հյուրընկալության ժամանակ մարդիկ միմյանց համբույրով էին ողջունում։ Ազգերի թագավորներին հրաման է տրվում համբուրել Որդուն այն իմաստով, որ նրանք պետք է ընդունեն նրան որպես Մեսիական Թագավորի։
3–րդի ենթախորագիր — Ի՞նչ նպատակով են որոշ սաղմոսներ վերնագրված։ Վերնագիրը որոշ դեպքերում հայտնում է, թե ով է գրել տվյալ սաղմոսը և/կամ տեղեկություններ է տալիս, թե ինչ հանգամանքներում է այն գրվել։ Այդպիսի օրինակ է 3–րդ սաղմոսը։ Ենթախորագրում կարող են նշված լինել նաև երգի նպատակը, դրա կատարման ձևը (Սաղմոս 4 և 5), ինչպես նաև երաժշտական ցուցումներ (Սաղմոս 6)։
3։2 — Ի՞նչ է «Սէլա»–ն։ Ենթադրվում է, որ այս բառը հուշում էր, որ հարկավոր է երգի ընթացքում դադար տալ լուռ խորհրդածության համար, և վերաբերում էր թե՛ վոկալ, թե՛ գործիքային երաժշտությանը։ Դադարն արվում էր տվյալ միտքը կամ զգացումը ազդեցիկ դարձնելու նպատակով։ Անհրաժեշտություն չկա հանրային ընթերցանության ժամանակ բարձրաձայն արտասանել այդ բառը։
11։3 — Ի՞նչ ‘հիմունքի’ քանդվելու մասին է խոսվում այս համարում։ Այդ «հիմունքը» այն է, ինչի վրա մարդկային հասարակությունը հենվում է՝ օրենք, կարգուկանոն և արդարադատություն։ Երբ այս սկզբունքներին չեն հետևում, ապա հասարակական անկարգություններ են առաջանում, և անարդարություն է տիրում։ Այդպիսի պայմաններում ‘արդարը’ պիտի լիովին վստահի Աստծուն (Սաղմոս 11։4–7)։
21։3 — Ի՞նչ է ‘մաքուր ոսկի պսակը’։ Հնարավոր է, դա բառացի պսակ էր։ Հնարավոր է նաև, որ այստեղ խոսվում է այլաբանական պսակի մասին, որը խորհրդանշում էր այն փառքը, որ Դավիթը ձեռք էր բերել բազմաթիվ հաղթանակների շնորհիվ։ Ինչևէ, այս համարը մարգարեաբար մատնանշում է այն թագավորական պսակը, որը Հիսուսը ստացավ Եհովայից 1914 թ.–ին։ Այն, որ պսակը ոսկուց է, ցույց է տալիս, որ նրա իշխանությունը լավագույնն է։
22։1, 2 — Ինչո՞ւ էր Դավթին թվում, թե Եհովան թողել է իրեն։ Թշնամիներն այնպիսի ճնշում գործադրեցին Դավթի վրա, որ ‘նրա սիրտը իր որովայնում հալած մոմի պես եղավ’ (Սաղմոս 22։14)։ Նրան թվում էր, թե Եհովան լքել է իրեն։ Հիսուսն էլ այդպիսի զգացումներ ուներ, երբ գամված էր ցցին (Մատթէոս 27։46)։ Դավթի խոսքերում արտահայտված են բնական զգացումներ, որոնք առաջանում են հուսահատ իրավիճակներում։ Սակայն Սաղմոս 22։16–21-ում գրված նրա աղոթքից պարզ երևում է, որ Դավիթը չէր կորցրել հավատն Աստծու հանդեպ։
Դասեր մեզ համար
1։1. Հարկավոր է խուսափել այն մարդկանց ընկերակցությունից, ովքեր չեն սիրում Եհովային (Ա Կորնթացիս 15։33)։
1։2. Մենք չպետք է թույլ տանք, որ նույնիսկ մեկ օր անցկացնենք առանց հոգևոր բաներին ուշադրություն դարձնելու (Մատթէոս 4։4)։
4։4 (4։5, ԷԹ). Երբ ‘բարկացած’ ենք, ապա իմաստուն կլինի զսպել մեր լեզուն, որպեսզի չասենք մի բան, որի համար հետո կզղջանք (Եփեսացիս 4։26)։
4։5. Մեր հոգևոր զոհաբերությունները կլինեն «արդարութեան զոհեր» միայն այն դեպքում, եթե դրանք մատուցենք ճիշտ մղումներից ելնելով, և եթե մեր վարքը համապատասխանի Եհովայի չափանիշներին։
6։5. Կարո՞ղ է լինել ավելի լավ պատճառ, որը կմղեր մեզ շարունակել ապրել (Սաղմոս 115։17)։
9։12. Եհովան ‘արյան վրեժխնդիր’ է արյուն թափողներին պատժելու նպատակով, բայց հիշում է «նեղուածների աղաղակը»։
15։2, 3; 24։3–5. Ճշմարիտ երկրպագուները պետք է ճշմարտությունը խոսեն և խուսափեն սուտ երդումից ու բամբասանքից։
15։4. Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր խոսքը պահենք, նույնիսկ եթե դա շատ դժվար է, իհարկե, եթե մեր տված խոստումը չի հակասում Աստվածաշնչին։
15։5. Լինելով Եհովայի երկրպագուներ՝ մենք պետք է զգուշանանք փողը սխալ ձևով օգտագործելուց։
17։14, 15. Այս ‘աշխարհի մարդիկ’ ամբողջությամբ նվիրվում են այն բանին, որ ավելի ու ավելի բարձր կենսամակարդակի հասնեն, երեխաներ մեծացնեն և իրենցից հետո ժառանգություն թողնեն։ Դավթին գլխավորապես հետաքրքրում էր Աստծու մոտ բարի անուն ստեղծելը, որպեսզի կարողանար ‘տեսնել նրա երեսը’, այսինքն՝ արժանանար Եհովայի բարեհաճությանը։ ‘Արթուն’ լինելով Եհովայի խոստումների և հավաստիացումների հանդեպ՝ Դավիթը ‘կկշտանար’ նրա «նմանութիւնովը», կամ՝ պատկերով։ Դա նշանակում է, որ Դավիթը կուրախանար այն բանով, որ Եհովան իր կողքին է։ Չպե՞տք է արդյոք Դավթի պես մենք էլ մեր սիրտը ուղղենք դեպի հոգևոր գանձերը։
19։1–6. Եթե արարչությունը, որը չի կարող խոսել և տրամաբանել, փառք է տալիս Աստծուն, ապա որքան առավել մենք, որ կարող ենք մտածել, խոսել և երկրպագել, պետք է փառք տանք նրան (Յայտնութիւն 4։11)։
19։7–11. Որքա՜ն օգտակար են մեզ համար Եհովայի պահանջները։
19։12, 13. Մենք պետք է խուսափենք սխալներից և ‘ամբարտավան մեղքերից’ (ԱԱ)։
19։14. Մեզ պետք է հետաքրքրի ոչ միայն այն, թե ինչ ենք անում, այլև՝ ինչ ենք խոսում և ինչ ենք մտածում։
«ԴՈՒ ԻՆՁ Կ’ՊԱՀՊԱՆԵՍ ԻՄ ԱՆԱՐԱՏՈՒԹԵԱՆ ՄԷՋ»
25–րդ և 26–րդ սաղմոսներում Դավիթը ամբողջ սրտով և մեծ վճռականությամբ ցանկություն է արտահայտում պահել իր անարատությունը։ Նա երգում է. «Ես իմ անարատութիւնովս պիտի քալեմ» (Սաղմոս 26։11, ԱԱ)։ Աղոթելով իր մեղքերի ներման համար՝ նա խոստովանում է. «Երբոր ես լուռ կացայ՝ ոսկորներս մաշուեցան իմ ամեն օր հառաչելովը» (Սաղմոս 32։3)։ Նրանց, ովքեր նվիրված են Եհովային, Դավիթը վստահեցնում է. «Տիրոջ աչքերը արդարների վերայ են. եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ» (Սաղմոս 34։15)։
Որքա՜ն արժեքավոր էր Սաղմոս 37–ում տրված խորհուրդը իսրայելացիների համար և որքա՜ն արժեքավոր է մեզ՝ իրերի այս համակարգի վերջին օրերում ապրողներիս համար (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Սաղմոս 40։7, 8–ում Հիսուս Քրիստոսի մասին մարգարեաբար ասվում է. «Ահա ես գալիս եմ. գրքի տոմսումը գրուած է ինձ համար. քո կամքը կատարել կամեցայ, ով Աստուածս. եւ քո օրէնքն իմ սրտի մէջ է»։ Ժողովածուի վերջին սաղմոսում Դավիթը, որ արդեն մեղք էր գործել Բերսաբեի հետ, Եհովային խնդրում է օգնել իրեն իր կյանքի փոթորկահույզ տարիներին։ Նա երգում է. «Դու ինձ կ’պահպանես իմ անարատութեան մէջ» (Սաղմոս 41։12)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
26։6 — Ինչպե՞ս ենք մենք Դավթի նման Եհովայի զոհասեղանի չորս կողմով պտույտ տալիս։ Զոհասեղանը խորհրդանշում է այն, որ Եհովան կամենում է ընդունել Հիսուս Քրիստոսի՝ հանուն մարդկության փրկության տված քավիչ զոհաբերությունը (Եբրայեցիս 8։5; 10։5–10)։ Մեզ համար Եհովայի զոհասեղանի շուրջ պտույտ տալը նշանակում է հավատ ընծայել Հիսուսի քավիչ զոհաբերությանը։
29։3–9 — Ի՞նչ է նշանակում այն, որ Եհովայի ձայնը նմանեցվում է ահ ներշնչող որոտի։ Դա պարզապես նշանակում է հետևյալը. Եհովան ակնածանք ներշնչող զորություն ունի։
31։23 — Ինչպե՞ս է ամբարտավան անձնավորությունը ‘ավելությունով հատուցում’ ստանում։ Այստեղ «հատուցում» բառը նշանակում է պատիժ։ Երբ արդար մարդը անգիտակցաբար սխալ է գործում, Եհովան նրան հատուցում է խրատի ձևով։ Իսկ ամբարիշտ անձնավորությունը, քանի որ ետ չի դառնում իր սխալ ճանապարհից, ‘ավելությունով հատուցանվում’ է՝ ստանալով խիստ պատիժ (Առակաց 11։31; Ա Պետրոս 4։18)։
33։6 — Ո՞րն է ‘Եհովայի բերանի հոգին’։ Այդ ‘հոգին’ Աստծու ոգին է՝ գործուն ուժը, որի միջոցով նա ստեղծեց երկինքները (Ծննդոց 1։1, 2)։ Այն կոչվում է նրա բերանի ոգի, քանի որ նա, կարծես ուժգին փչելով, իր ոգին ուղարկում է հեռավոր վայրեր՝ որոշակի բաներ իրագործելու նպատակով։
35։19 — Ի՞նչ է նշանակում Դավթի այն խնդրանքը, որ իրեն ատողներին թույլ չտրվի աչքով անել։ Աչքով անելը այստեղ նշանակում է հետևյալը. Դավթի թշնամիները հաճույք էին ստանում, որ նրա դեմ իրենց նենգ պլանները հաջողությամբ էին պսակվում։ Դավիթը խնդրում էր Աստծուն, որ դա չպատահի։
Դասեր մեզ համար
26։4. Մենք իմաստուն ենք վարվում, երբ խուսափում ենք այն մարդկանց հետ ընկերակցելուց, ովքեր ինտերնետային զրուցատեղիներում կեղծավորաբար թաքցնում են իրենց ինքնությունը, դպրոցում կամ աշխատավայրում ընկեր են ձևանում իրենց խարդախ նպատակներին հասնելու համար, երկդիմի կյանք են վարում, անկեղծ անձնավորության դիմակ հագած հավատուրացներ են։
26։7, 12; 35։18; 40։9. Քրիստոնեական հանդիպումների ժամանակ մենք պետք է փառաբանենք Եհովային։
26։8; 27։4. Սիրո՞ւմ ենք հաճախել քրիստոնեական հանդիպումներին։
26։11. Վճռականորեն տրամադրված լինելով պահել իր անարատությունը՝ Դավիթը Եհովայից նաև փրկություն խնդրեց։ Այո՛, մենք կարող ենք պահել մեր անարատությունը՝ չնայած մեր անկատարությանը։
29։10. Այն, որ Եհովան նստում է «ջրհեղեղի» վրա, վկայում է, որ նա լիովին իր հսկողության տակ է պահում իր զորությունը։
30։5. Եհովայի գլխավոր հատկությունը սերն է և ոչ թե բարկությունը։
32։9. Եհովան չի ուզում, որ մենք լինենք ջորու պես, որը հնազանդվում է սանձի և մտրակի միջոցով։ Նա ուզում է, որ իրեն հնազանդվենք այն պատճառով, որ հասկանում ենք նրա կամքը։
33։17–19. Ոչ մի մարդակերտ համակարգ, անկախ իր հզորությունից, չի կարող փրկություն բերել։ Մենք պետք է Եհովային վստահենք և ապավինենք նրա Թագավորությանը։
34։10. Ի՜նչ քաջալերիչ հավաստիացում նրանց համար, ովքեր իրենց կյանքում Թագավորության շահերը առաջին տեղում են դնում։
39։1, 2. Երբ ամբարիշտ մարդիկ ցանկանում են մեզանից տեղեկություն կորզել, որպեսզի վնաս պատճառեն մեր հավատակիցներին, իմաստուն վարված կլինենք, եթե ‘մեր բերանին սանձ դնենք’ և լուռ մնանք։
40։1, 2. Եհովային ‘սպասելը’՝ հուսալը, կարող է օգնել մեզ, որ պայքարենք ընկճվածության և հուսալքության դեմ և դուրս գանք «կորստի հորիցը՝ տիղմոտ ցեխիցը»։
40։5, 12. Չարիքը և սեփական թերացումները, որքան էլ որ շատ լինեն, մեզ չեն վհատեցնի, եթե երբեք չմոռանանք, որ մեր օրհնությունները «համարից շատ են»՝ այնքան շատ, որ հնարավոր չէ հաշվել։
‘Օրհնյալ լինի Եհովան’
Որքա՜ն մխիթարական և ոգևորիչ են առաջին 41 սաղմոսները։ Անկախ այն բանից, փորձությունների մեջ ենք, կամ մեր խիղճն է տանջում՝ կարող ենք Աստծու զորավոր Խոսքի այս հատվածից ուժ և քաջալերանք ստանալ (Եբրայեցիս 4։12)։ Այս սաղմոսները հուսալի առաջնորդություն են տալիս կյանքի շատ հարցերի վերաբերյալ և բազմիցս մեզ հավաստիացնում են, որ ինչ դժվարություն էլ պատահի, Եհովան մեզ չի թողնի։
Սաղմոսների առաջին ժողովածուն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Օրհնեալ լինի Տէրը [Եհովան]՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. ամէն եւ ամէն» (Սաղմոս 41։13)։ Մի՞թե մեր սիրտը չի մղում մեզ օրհնելու՝ փառաբանելու Եհովային։
[ծանոթագրություն]
a 2–րդ սաղմոսը սկզբնապես իրականացել է Դավթի օրերում։
[ներդիր 19-րդ էջի վրա]
Եթե անկենդան արարչությունը փառք է տալիս Եհովային, ապա մենք առավել ևս պետք է փառք տանք նրան
[նկար 17-րդ էջի վրա]
Առաջին 41 սաղմոսների մեծ մասը կազմել է Դավիթը
[նկար 18-րդ էջի վրա]
Գիտե՞ս, թե որ սաղմոսում է Եհովան նկարագրվում որպես Մեծ Հովիվ
[նկար 20-րդ էջի վրա]
Թույլ մի տուր, որ նույնիսկ մեկ օր անցկացնես առանց հոգևոր բաներին ուշադրություն դարձնելու
[նկար 17-րդ էջի վրա, թույլտվությամբ]
Stars: Courtesy United States Naval Observatory
[նկար 19-րդ էջի վրա, թույլտվությամբ]
Stars, pages 18 and 19: Courtesy United States Naval Observatory
[նկար 20-րդ էջի վրա, թույլտվությամբ]
Stars: Courtesy United States Naval Observatory