Եհովան մեր ‘ամրոցն է նեղության ժամանակում’
«Արդարների փրկութիւնը Տէրիցն է. նա նորանց զօրութիւնն [«ամրոցն», ՆԱ] է նեղութեան ժամանակում» (ՍԱՂՄՈՍ 37։39)։
1, 2. ա) Իր աշակերտների համար աղոթելիս ի՞նչ խնդրեց Հիսուսը։ բ) Ո՞րն է Աստծո կամքը իր ժողովրդի առնչությամբ։
ԵՀՈՎԱՆ ամենակարող է։ Նա զորություն ունի պաշտպանելու իր հավատարիմ երկրպագուներին այնպես, ինչպես ցանկանա։ Աստված նույնիսկ կարող է իր ժողովրդին ֆիզիկապես առանձնացնել աշխարհից ու դնել մի ապահով ու խաղաղ վայրում։ Սակայն Հիսուսը աշակերտների մասին իր երկնային Հորն աղոթելիս ասաց. «Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց. այլ որ նորանց պահես չարիցը» (Յովհաննէս 17։15)։
2 Եհովան նախընտրել է «աշխարհքիցը վեր [չառնել]» մեզ։ Նա կամենում է, որ մենք ապրենք մարդկանց միջավայրում, որպեսզի հնարավորություն ունենանք նրա հույսի ու մխիթարության պատգամը հասցնելու նրանց (Հռովմայեցիս 10։13–15)։ Բայց ինչպես Հիսուսը նշեց իր աղոթքում, մենք, ապրելով այս աշխարհում, ենթակա ենք ‘չարի’ ազդեցությանը։ Անհնազանդ մարդկությունը և ամբարիշտ ոգեղեն արարածները մեծ տառապանքի աղբյուր են, և քրիստոնյաները պաշտպանված չեն դրանից (Ա Պետրոս 5։9)։
3. Նույնիսկ Եհովայի հավատարիմ երկրպագուները ստիպված են ո՞ր իրականությանը բախվել, բայց ի՞նչ մխիթարություն ենք գտնում Աստծո Խոսքում։
3 Նման դժվարությունների ներքո բնական է երբեմն վհատություն զգալը (Առակաց 24։10)։ Աստվածաշունչը պարունակում է բազմաթիվ պատմություններ այն հավատարիմ անձանց մասին, ովքեր նեղություններ են կրել։ «Շատ են արդարի նեղութիւնները,— ասում է սաղմոսերգուն,— բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան» (Սաղմոս 34։19)։ Այո, նույնիսկ ‘արդարին’ են պատահում նեղություններ։ Սաղմոսերգու Դավիթի պես՝ երբեմն գուցե նույնիսկ ‘թուլանանք և սաստիկ փշրված’ զգանք մեզ (Սաղմոս 38։8)։ Սակայն մխիթարական է իմանալ, որ Եհովան «մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34։18; 94։19)։
4, 5. ա) Համաձայն Առակաց 18։10–ի՝ ի՞նչ պետք է անենք, որպեսզի ստանանք Աստծո պաշտպանությունը։ բ) Ի՞նչ հատուկ քայլեր կարող ենք ձեռնարկել Աստծո օգնությունը ստանալու համար։
4 Եհովան իսկապես ‘պահում’ է մեզ, ինչպես հենց այդ մասին աղոթեց Հիսուսը։ Նա մեր «զօրութիւնն [«ամրոցն», ՆԱ] է նեղութեան ժամանակում» (Սաղմոս 37։39)։ «Առակաց» գիրքը նման արտահայտություն է օգտագործում՝ ասելով. «Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նորա մէջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում» (Առակաց 18։10)։ Այս համարը բացահայտում է մի հիմնական ճշմարտություն իր ծառաների հանդեպ Եհովայի ցուցաբերած քնքուշ հոգատարության մասին։ Աստված պաշտպանություն է առաջարկում հատկապես արդարներին, որոնք ակտիվորեն իրեն են փնտրում, այնպես, որ կարծես թե վազելիս լինեն դեպի մի ամուր աշտարակ, որը կապաստանի իրենց վտանգից։
5 Դժվարին խնդիրների բախվելիս ինչպե՞ս կարող ենք վազել դեպի Եհովան՝ պաշտպանվելու համար։ Եկեք քննարկենք երեք կարևոր քայլեր, որոնք եթե անենք, ապա Եհովայից օգնություն կստանանք։ Առաջին՝ մենք պետք է աղոթենք մեր երկնային Հորը։ Երկրորդ՝ պետք է հետևենք սուրբ ոգու առաջնորդությանը։ Եվ երրորդ՝ մենք, ենթարկվելով Եհովայի սահմանած կարգին, պետք է հաղորդակցվենք մեր հավատակիցների հետ, որոնք կարող են մեղմացնել մեր ցավը։
Աղոթքի ուժը
6. Ի՞նչ է աղոթքը ճշմարիտ քրիստոնյաների համար։
6 Առողջապահության բնագավառի որոշ մասնագետներ դեպրեսիայի ու սթրեսի դեմ որպես միջոց առաջարկում են աղոթքը։ Թեև ճիշտ է, որ աղոթքի նմանվող հանգիստ խորհրդածումը կարող է թեթևացնել լարվածությունը, սակայն նույնը կարելի է ասել բնության մեջ որոշ ձայների և նույնիսկ մեջքի մերսման մասին։ Ճշմարիտ քրիստոնյաները չեն նսեմացնում աղոթքի դերը՝ դիտելով այն իբրև պարզապես ինքնազգացողության լավացման թերապիա։ Մենք աղոթքը համարում ենք ակնածալից հաղորդակցություն Արարչի հետ։ Աղոթքը ենթադրում է նաև Աստծո հանդեպ նվիրվածություն և վստահություն։ Այո՛, աղոթքը մեր երկրպագության մասն է։
7. Ի՞նչ է նշանակում աղոթել վստահությամբ, և ինչպե՞ս են այդպիսի աղոթքներն օգնում մեզ դիմագրավել նեղությունները։
7 Մեր աղոթքները պետք է ուղեկցվեն Եհովայի հանդեպ վստահության զգացումով։ Հովհաննես առաքյալը գրեց. «Սա է այն համարձակութիւնը [«վստահութիւնը», ԷԹ] որ ունինք դէպի նորան, թէ ինչ որ նորա կամքի պէս խնդրում ենք, լսում է մեզ» (Ա Յովհաննէս 5։14)։ Եհովան՝ Գերագույն Էակը, միակ ճշմարիտ ու ամենակարող Աստվածը, իսկապես հատուկ ուշադրություն է դարձնում իր երկրպագուների ջերմեռանդ աղոթքներին։ Հենց միայն իմանալը, որ մեր սիրառատ Հայրը լսում է մեզ, երբ մենք նրան պատմում ենք մեր անհանգստությունների ու խնդիրների մասին, մխիթարական է (Փիլիպպեցիս 4։6)։
8. Ինչո՞ւ հավատարիմ քրիստոնյաները երբեք չպետք է վարանեն կամ իրենց անարժեք զգան աղոթելու Եհովային։
8 Հավատարիմ քրիստոնյաները երբեք չպետք է վարանեն կամ իրենց անարժեք զգան աղոթելու Եհովային։ Ճիշտ է, երբ հիասթափվում ենք ինքներս մեզանից կամ ծանրաբեռնված ենք լինում խնդիրներով, թերևս միշտ չէ, որ հակված ենք Եհովային աղոթելու։ Նման պահերին շատ լավ կլինի հիշել, որ Եհովան ‘ողորմում’ է «իր տնանկներուն [«տառապեալներին», ԷԹ]» ու «մխիթարում է սրտաբեկներին» (Եսայիա 49։13, ԱԱ; Բ Կորնթացիս 7։6, ԱՆԹ)։ Հատկապես նեղության ու տառապանքի ժամանակներում է, որ կարիք ունենք վստահությամբ աղոթելու մեր երկնային Հորը՝ որպես մեր ամրոցի։
9. Ի՞նչ դեր է խաղում հավատը Աստծուն աղոթելու հարցում։
9 Աղոթելու առանձնաշնորհումից լիովին օգուտ քաղելու համար մենք պետք է իսկական հավատ ունենանք։ Աստվածաշունչն ասում է, որ «Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11։6)։ Հավատն ավելին է, քան պարզապես ընդունելը, որ Աստված գոյություն ունի, որ «նա կայ»։ Ունենալ իսկական հավատ նշանակում է ունենալ մեծ համոզվածություն, որ Աստված կարող է ու ցանկանում է «վարձահատոյց» լինել՝ պարգևատրել մեզ այն բանի համար, որ լիովին հնազանդվում ենք իրեն։ «Տիրոջ աչքերն արդարների վերայ են, եւ նորա ականջները դէպի նորանց աղօթքը» (Ա Պետրոս 3։12)։ Այն բանի մշտական գիտակցումը, որ Եհովան սիրով հոգ է տանում մեր մասին, մեր աղոթքներին յուրօրինակ իմաստ է հաղորդում։
10. Ինչպիսի՞ն պետք է լինեն մեր աղոթքները, եթե ուզում ենք Եհովայից հոգևոր «խնամք» ստանալ։
10 Եհովան մեր աղոթքները լսում է, եթե մենք աղոթում ենք ամբողջ սրտով։ Սաղմոսերգուն գրեց. «Բոլոր սրտով կանչում եմ. լսիր [«պատասխան տուր», ԱԱ] ինձ, Տէր» (Սաղմոս 119։145)։ Ի տարբերություն այն ծիսական աղոթքների, որ հնչում են շատ եկեղեցիներում՝ մեր աղոթքները ձևական չեն. մենք դրանք կեսսրտով չենք ասում։ Երբ աղոթում ենք Եհովային «բոլոր սրտով», մեր խոսքերը լի են իմաստով ու նպատակով։ Նման ջերմեռանդ աղոթքներից հետո զգում ենք մի թեթևացում, որը գալիս է մեր «հոգսն Աստուծոյ վերայ» գցելուց։ Ինչպես Աստվածաշունչն է խոստանում, «նա խնամք կ’անէ» մեզ (Սաղմոս 55։22; Ա Պետրոս 5։6, 7)։
Աստծո սուրբ ոգին մեր օգնականն է
11. Ո՞րն է այն ձևերից մեկը, որով Եհովան պատասխանում է մեզ, երբ մենք շարունակաբար օգնություն ենք խնդրում իրենից։
11 Եհովան ոչ միայն լսում է աղոթք, այլև պատասխանում է դրան (Սաղմոս 65։2)։ Դավիթը գրեց. «Իմ նեղութեան օրը դէպի քեզ եմ կանչում. որովհետեւ դու լսում ես [«կը պատասխանես», ԱԱ] ինձ» (Սաղմոս 86։7)։ Ուստի հասկանալի է, թե ինչու Հիսուսը քաջալերեց իր աշակերտներին «շարունակաբար» (ՆԱ) Եհովայից օգնություն խնդրել. չէ՞ որ «երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից» (Ղուկաս 11։9–13)։ Այո, Աստծո գործուն ուժը օգնական է, կամ՝ մխիթարիչ իր ժողովրդի համար (Յովհաննէս 14։16)։
12. Ինչպե՞ս կարող է Աստծո սուրբ ոգին օգնել մեզ, երբ խնդիրները չափազանց ծանր են թվում։
12 Աստծո սուրբ ոգին կարող է մեզ օգնել փորձությունների ժամանակ՝ օժտելով մեզ ‘զորության գերազանցությամբ’, այսինքն՝ սովորականից մեծ զորությամբ (Բ Կորնթացիս 4։7)։ Պողոս առաքյալը, որը բազմաթիվ ծանր փորձությունների միջով էր անցել, կարող էր վստահորեն ասել. «Ամէն բանի կարող եմ անով՝ որ զիս զօրացուց» (Փիլիպպեցիս 4։13, ԱԱ)։ Նման ձևով, այսօր շատ քրիստոնյաներ զգացել են, թե ինչպես են հոգևոր ու զգացական նոր լիցք ստացել՝ ի պատասխան իրենց աղոթքների։ Հաճախ, երբ ստանում ենք Աստծո ոգու օգնությունը, մտահոգիչ խնդիրներն այլևս այդքան ծանր չեն թվում։ Այս աստվածատուր զորության շնորհիվ մենք կարող ենք առաքյալի պես ասել. «Ամեն բանի մէջ նեղուած ենք, բայց չենք ճնշուած. կարօտ ենք, բայց չենք տարակուսել [«տագնապած ենք, բայց յուսահատած չենք», ԱԱ]. հալածուած, բայց երեսից չ‘ընկած. վայր ընկած, բայց չ’կորած» (Բ Կորնթացիս 4։8, 9)։
13, 14. ա) Ինչպե՞ս է Եհովան հանդիսանում մեր ամրոցը իր գրավոր Խոսքի միջոցով։ բ) Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելն ինչպե՞ս է օգնել անձամբ քեզ։
13 Աստծո սուրբ ոգու միջոցով գրվել ու պահպանվել է Աստվածաշունչը, որպեսզի մենք այսօր օգուտներ քաղենք այդ գրքից։ Ինչպե՞ս է Եհովան իր Խոսքի միջոցով հանդիսանում մեր ամրոցը նեղությունների ժամանակ։ Օրինակ՝ նա մեզ տալիս է գործնական իմաստություն և խոհեմություն (Առակաց 3։21–24)։ Աստվածաշունչը մարզում է մեր մտային ունակությունները ու բարելավում է տրամաբանելու կարողությունը (Հռովմայեցիս 12։1, ԷԹ)։ Աստծո Խոսքը կանոնավորաբար ընթերցելով և ուսումնասիրելով, ինչպես նաև ընթերցածը կիրառելով՝ մենք կարող ենք մեր ‘զգայարանները կրթել բարին և չարը զանազանելու’ համար (Եբրայեցիս 5։14)։ Թերևս անձամբ քեզ հետ պատահել է, որ Աստվածաշնչի որևէ սկզբունք օգնել է իմաստուն որոշում կայացնել դժվարությունների ժամանակ։ Աստվածաշունչը մեզ տալիս է խորագիտություն, որը կարող է օգնել բարդ իրավիճակներում գործնական լուծումներ գտնելու (Առակաց 1։4)։
14 Աստծո Խոսքը զորության մեկ ուրիշ աղբյուր էլ է տալիս մեզ. դա փրկության հույսն է (Հռովմայեցիս 15։4)։ Աստվածաշունչն ասում է, որ չարիքը հավիտյան չի լինելու։ Մեր բոլոր նեղությունները ժամանակավոր են (Բ Կորնթացիս 4։16–18)։ Մենք ունենք «յաւիտենական կեանքի յոյս[ը], որ յաւիտենական դարերից առաջ խոստացաւ անսուտ Աստուածը» (Տիտոս 1։2)։ Եթե ուրախանում ենք այդ հույսով՝ միշտ հիշելով, թե ինչ վառ ապագա է Եհովան խոստանում, ապա կկարողանանք տոկալ նեղությունների ներքո (Հռովմայեցիս 12։12; Ա Թեսաղոնիկեցիս 1։3)։
Ժողովը Աստծո սիրո արտահայտություն է
15. Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները օրհնություն լինել միմյանց համար։
15 Եհովան մեկ այլ ձևով էլ է օգնում մեզ, երբ նեղությունների մեջ ենք ընկնում։ Դա այն ընկերակցությունն է, որ վայելում ենք քրիստոնեական ժողովում։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած» (Առակաց 17։17)։ Աստծո Խոսքը ժողովի բոլոր անդամներին քաջալերում է սիրել ու պատիվ տալ միմյանց (Հռովմայեցիս 12։10)։ «Ոչ ով միայն իր անձի օգուտը չ’որոնէ, այլ ամեն մէկն ընկերինն էլ»,— գրեց Պողոս առաքյալը (Ա Կորնթացիս 10։24)։ Այսպիսի մտայնություն ունենալը կարող է մեզ օգնել, որ կենտրոնանանք մյուսների կարիքների վրա ու ոչ թե մեր դժվարությունների։ Երբ մեր անձը տրամադրում ենք ուրիշներին, ապա ոչ միայն իրենց ենք օգնում, այլև մեզ. մենք որոշակի չափով նույնպես ստանում ենք ուրախություն և բավականություն, ինչի շնորհիվ հեշտանում է մեր «բեռները» կրելը (Գործք 20։35)։
16. Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր քրիստոնյա քաջալերանքի աղբյուր լինել մյուսների համար։
16 Հոգևորապես հասուն եղբայրներն ու քույրերը կարող են մեծ դեր ունենալ մյուսներին զորացնելու մեջ։ Այդ նպատակով նրանք ձգտում են մատչելի լինել, և իրենց անձը տրամադրում են ուրիշներին (Բ Կորնթացիս 6։11–13)։ Ժողովն իսկապես օրհնվում է, երբ բոլորը ժամանակ են հատկացնում գովելու երեխաներին ու պատանիներին, կերտելու նորահավատներին և ոգևորելու ճնշվածներին (Հռովմայեցիս 15։7)։ Եղբայրական սերը նաև կօգնի, որ խուսափենք միմյանց հանդեպ կասկածամտություն դրսևորելուց։ Մենք չպետք է շտապենք եզրակացնել, որ անձնական դժվարությունները հոգևոր թուլության նշան են։ Ուստի պատահական չէ, որ Պողոսը հորդորում է քրիստոնյաներին ‘մխիթարել վհատվածներին’ (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, ԱՆԹ)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ նույնիսկ հավատարիմ քրիստոնյաներն են նեղություններ կրում (Գործք 14։14)։
17. Ի՞նչ հնարավորություններ ունենք ամրացնելու քրիստոնեական եղբայրության կապերը։
17 Քրիստոնեական հանդիպումները գերազանց հնարավորություն են տալիս մեզ, որ մխիթարենք ու քաջալերենք միմյանց (Եբրայեցիս 10։24, 25)։ Այս սիրառատ փոխազդեցությունը չի սահմանափակվում միայն ժողովի հանդիպումներով. Աստծո ժողովուրդը հնարավորություններ է փնտրում առողջ ընկերակցություն վայելելու նաև ոչ պաշտոնական միջավայրում։ Երբ ծանր իրավիճակներ ծագեն, մենք պատրաստ կլինենք միմյանց աջակցելու, քանի որ ընկերական ամուր կապերն արդեն հաստատված են։ Պողոս առաքյալը գրեց. «Մարմնի մէջ տարաձայնութիւն չ’լինի, այլ որ անդամներն իրար համար նոյն հոգսն ունենան։ Եւ եթէ մէկ անդամը ցաւում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ցաւում են. եւ եթէ մէկ անդամը փառաւորվում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ուրախանում են» (Ա Կորնթացիս 12։25, 26)։
18. Ո՞ր հակումի դեմ պետք է պայքարենք ընկճվածության պահերին։
18 Ժամանակ առ ժամանակ մենք թերևս մեզ այնքան ընկճված զգանք, որ չցանկանանք ընկերակցել հավատակիցների հետ։ Մենք պետք է պայքարենք նման զգացումների դեմ, այլապես ինքներս մեզ կզրկենք այն մխիթարությունից և աջակցությունից, որ մեր եղբայրներն ու քույրերը կարող են տալ։ Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Ինքնահաճոյ [«զատուող», ԱԱ, ծան.] մարդը ցանկութիւն է որոնում. ամեն յաջողակութեան դէմ բորբոքվում է» (Առակաց 18։1)։ Մեր եղբայրներն ու քույրերը Աստծո՝ մեր հանդեպ ցուցաբերած հոգատարության արտահայտությունն են։ Եթե ընդունենք, որ դա այդպես է, ապա նեղությունների ժամանակ թեթևացում կգտնենք։
Դրական մտայնություն պահպանիր
19, 20. Ինչպե՞ս են Գրություններն օգնում մեզ, որ մերժենք բացասական զգացումները։
19 Վհատության ու տխրության պահերին հեշտ է տրվել բացասական զգացումներին։ Օրինակ՝ երբ մի դժբախտություն է պատահում անհատին, նա գուցե սկսում է կասկածի ենթարկել իր հոգևոր վիճակը՝ մտածելով, որ դա Աստծո՝ իր հանդեպ ունեցած անհավանության նշան է։ Բայց հիշիր, որ Եհովան ոչ մեկին չի փորձում «չար բաներով» (Յակոբոս 1։13)։ «Նա ’ի սրտէ չէ նեղացնում եւ տրտմեցնում մարդկանց որդիներին»,— գրված է Աստվածաշնչում (Երեմիայի Ողբերը 3։33)։ Ընդհակառակը՝ Եհովան շատ է վշտանում՝ տեսնելով իր ծառաների տառապանքը (Եսայիա 63։8, 9; Զաքարիա 2։8)։
20 Եհովան ‘գթությունների Հայրը և ամեն մխիթարության Աստվածն’ է (Բ Կորնթացիս 1։3)։ Նա հոգ է տանում մեր մասին և համապատասխան ժամանակին ‘կբարձրացնի’ մեզ (Ա Պետրոս 5։6, 7)։ Միշտ հիշելով, որ Աստված սիրում է մեզ՝ մենք կկարողանանք ոչ միայն դրական մտայնություն պահպանել, այլև ուրախանալ։ Հակոբոսը գրեց. «Բոլորովին ուրախութիւն համարեցէք, եղբարքս, երբոր կերպ կերպ փորձանքների մէջ ընկնիք» (Յակոբոս 1։2)։ Ինչո՞ւ։ Նա պատասխանում է. «Այն մարդը ....եթէ փորձուելով ընտիր գտնուի կեանքի պսակը կ’առնէ, այն որ Տէրը խոստացաւ իրան սիրողներին» (Յակոբոս 1։12)։
21. Թեև դժվարություններ ենք կրում, ի՞նչ է երաշխավորում Աստված նրանց, ովքեր հավատարիմ կմնան իրեն։
21 Հիսուսի նախազգուշացման համաձայն՝ մենք աշխարհում նեղություն կունենանք (Յովհաննէս 16։33)։ Բայց Աստվածաշունչը խոստանում է, որ ոչինչ՝ լինի դա ‘տառապանք, նեղություն, հալածանք, սով, մերկություն, վտանգ’, չի բաժանի մեզ Եհովայի ու նրա Որդու սիրուց (Հռովմայեցիս 8։35, 39)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ ցանկացած նեղություն ժամանակավոր է։ Իսկ մինչ այդ, քանի դեռ մարդկային տառապանքը վերջ չի գտել, մեր երկնային Հայրը՝ Եհովան, ‘պահում’ է մեզ։ Եթե նրա մոտ վազենք՝ պաշտպանություն գտնելու, ապա նա մեզ համար կլինի «ապաւէն՝ նեղութեան ժամանակներում» (Սաղմոս 9։9)։
Ի՞նչ սովորեցինք
• Ի՞նչ պետք է քրիստոնյան ակնկալի՝ ապրելով այս ամբարիշտ աշխարհում։
• Ինչպե՞ս կարող են մեր ջերմեռանդ աղոթքները զորացնել մեզ փորձությունների ժամանակ։
• Ինչպե՞ս է Աստծո սուրբ ոգին օգնական։
• Ի՞նչ կարող ենք անել միմյանց օգնելու նպատակով։
[նկար 18–րդ էջի վրա]
Մենք պետք է Եհովային փնտրենք այնպես, որ կարծես թե վազելիս լինենք դեպի ամուր աշտարակը
[նկարներ 20–րդ էջի վրա]
Հոգևորապես հասուն անձինք հնարավորությունը բաց չեն թողնում գովելու և քաջալերելու մյուսներին