«Մարդկանց տեսքով պարգևները» տրված են Եհովայի գառներին հոգ տանելու նպատակով
«Ելաւ բարձունքը, գերիների բազմութիւն գերեվարեց եւ մարդկանց պարգեւներ [«մարդկանց տեսքով պարգևներ», ՆԱ] տուեց» (ԵՓԵՍԱՑԻՍ 4։8)։
1. Քրիստոնյա քույրերից մեկն ինչպե՞ս արտահայտվեց իր ժողովի երեցների մասին։
«ՇՆՈՐՀԱԿԱԼ ենք ձեզ մեր նկատմամբ ցուցաբերած այդչափ հոգատարության, ձեր սրտաբուխ ժպիտի, ջերմության և ուշադրության համար։ Դուք միշտ պատրաստակամ եք լսելու և աստվածաշնչյան խոսքերով ոգեշնչելու մեզ։ Ես աղոթում եմ, որպեսզի երբեք գնահատանքս չկորցնեմ ձեր հանդեպ»։ Այսպիսի տողեր հասցեագրեց մի քույր իր ժողովի երեցներին։ Ակնհայտորեն, հոգատար քրիստոնյա երեցների դրսևորած սերը դիպել էր նրա սրտին (Ա Պետրոս 5։2, 3)։
2, 3. ա) Ըստ Եսայիա 32։1, 2 խոսքերի՝ ինչպե՞ս է դրսևորվում գթասիրտ երեցների հոգատարությունը Եհովայի «ոչխարների» նկատմամբ։ բ) Երեցը ո՞ր դեպքում կարող է պարգև համարվել։
2 Երեցները նշանակվում են Եհովայի կողմից, որպեսզի հոգ տանեն «ոչխարներին» (Ղուկաս 12։32; Յովհաննէս 10։16)։ Իրականում Եհովան այնքա՜ն է սիրում իր «գառներին», որ նրանց Հիսուսի թանկագին արյամբ է գնել։ Ուրեմն, ինքնին հասկանալի է՝ Եհովային հաճելի է, երբ երեցները քնքշությամբ են վարվում իր հոտի հետ (Գործք 20։28, 29)։ Ահա թե ինչպես են նկարագրվել երեցները կամ «իշխանները» մարգարեություններից մեկում. «Ամեն մէկը քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս, չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս պիտի լինի ծարաւուտ երկրում» (Եսայիա 32։1, 2)։ Այո՛, նրանք պաշտպանում, ոգևորում և մխիթարում են Աստծո հոտի անդամներին։ Գթասրտորեն հովվելով հոտը՝ նրանք ամեն կերպ ջանում են վարվել այնպես, ինչպես որ Աստված է իրենցից ակնկալում։
3 Աստվածաշնչում նման երեցները կոչվում են «մարդկանց տեսքով պարգևներ» (Եփեսացիս 4։8, ՆԱ)։ «Պարգև» ասելով՝ մենք հասկանում ենք ինչ–որ մեկի պահանջը բավարարելու կամ նրան ուրախացնելու նպատակով տրված մի բան։ Երեցը կարող է պարգև համարվել այն դեպքում, երբ նա օգտագործում է իր ընդունակությունները անհրաժեշտ օգնություն ցույց տալու և հոտի ուրախությանը նպաստելու համար։ Իսկ ինչպե՞ս կարող է նրան դա հաջողվել։ Այս հարցի պատասխանը գտնում ենք Պողոսի՝ եփեսացիներին գրած նամակի 4–րդ գլխի 7—16 խոսքերում, որտեղ գովաբանվում է Եհովայի հոգատարությունը իր գառների հանդեպ։
«Մարդկանց տեսքով պարգևներ»՝ որտեղի՞ց
4. Սաղմոս 68։18–ի համաձայն՝ Եհովան ինչպե՞ս «վեր ելաւ բարձր տեղերը», և ովքե՞ր էին «մարդկանց տեսքով պարգևները»։
4 Պողոս առաքյալը, «մարդկանց տեսքով պարգևներ» արտահայտությունն օգտագործելով, մեջբերում էր անում Դավիթ թագավորի խոսքերից, որը Եհովայի մասին գրել էր. «Վեր ելար բարձր տեղերը, գերի արիր գերութիւնը. պարգեւներ առիր մարդկանց համար [«մարդկանց տեսքով», ՆԱ]» (Սաղմոս 68։18)։ Իսրայելացիներն արդեն մի քանի տարի էր, ինչ ապրում էին Խոստացյալ երկրում, երբ Եհովան փոխաբերական իմաստով ‘վեր ելավ’ Սիոն սարի վրա և Երուսաղեմը դարձրեց Իսրայելի թագավորության մայրաքաղաքը՝ Դավիթ թագավորի գլխավորությամբ։ Իսկ ովքե՞ր էին «մարդկանց տեսքով պարգևները»։ Նրանք Խոստացյալ երկիրը նվաճելու ընթացքում գերի առնված տղամարդիկ էին։ Հետագայում այս գերիներից ոմանք ղևտացիներին տրվեցին խորանի ծառայության աշխատանքներին օգնելու համար (Եզրաս 8։20)։
5. ա) Պողոսն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Սաղմոս 68։18–ը կատարվում է նաև քրիստոնեական ժողովում։ բ) Ի՞նչ իմաստով Հիսուսը «բարձրացաւ երկինքներից աւելի վեր»։
5 Եփեսացիներին ուղղված իր նամակում Պողոսը նշում է, որ սաղմոսերգուի խոսքերը ավելի մեծ կատարում ունեն քրիստոնեական ժողովում։ Սաղմոս 68։18–ի խոսքերն այլ կերպ արտահայտելով՝ Պողոսը գրում է. «Բայց մեզնից իւրաքանչիւրին տրուած է շնորհ ըստ Քրիստոսի պարգեւած չափի. դրա համար էլ ասում է. «Ելաւ բարձունքը, գերիների բազմութիւն գերեվարեց եւ մարդկանց [«մարդկանց տեսքով», ՆԱ] պարգեւներ տուեց» (Եփեսացիս 4։7, 8)։ Այստեղ Պողոսը այս սաղմոսը Աստծո ներկայացուցչի՝ Հիսուսի նկատմամբ է կիրառում։ Հիսուսն իր հավատարիմ ընթացքով ‘հաղթեց աշխարհին’ (Յովհաննէս 16։33)։ Նա հաղթանակ տարավ նաև մահվան և Սատանայի դեմ, քանի որ Աստված հարություն տվեց նրան մեռելներից (Գործք 2։24; Եբրայեցիս 2։14)։ Մ.թ. 33–ին հարություն առած Հիսուսը բարձրացավ «երկինքներից աւելի վեր», այսինքն՝ երկնային մյուս արարածներից ավելի բարձր դիրք գրավեց (Եփեսացիս 4։9, 10; Փիլիպպեցիս 2։9—11)։ Որպես հաղթանակ տարած անձ՝ Հիսուսը թշնամուց «գերիներ» վերցրեց։ Իսկ ինչպե՞ս։
6. Մ.թ. 33–ի Պենտեկոստեից սկսած՝ երկինք բարձրացած Հիսուսը ինչպե՞ս սկսեց կողոպտել Սատանայի տունը, և ինչպե՞ս «գերիների բազմութիւն գերեվարեց»։
6 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ցույց տվեց Սատանայի նկատմամբ իր զորությունը՝ դևերի իշխանությունից ազատագրելով մարդկանց։ Այլ խոսքերով ասած՝ Հիսուսը ներխուժեց Սատանայի տունը, կապկպեց նրան ու հափշտակեց նրա ունեցվածքը (Մատթէոս 12։22—29)։ Ինչ խոսք, հարություն առած Հիսուսը, որին վստահվել էր «ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ», մեծ ավար էր ձեռք բերելու (Մատթէոս 28։18)։ Հիսուսը մ.թ. 33–ի Պենտեկոստեից սկսած՝ որպես Աստծո ներկայացուցիչ, սկսեց կողոպտել Սատանայի տունը և մեղքի, մահվան ու Սատանայի իշխանության տակ երկար տարիներ գտնվող «գերիների բազմութիւն գերեվարեց»։ Այս գերիներն իրենց հոժար կամքով դարձան «Քրիստոսի ծառաներ՝ կատարելու համար Աստծու կամքը» (Եփեսացիս 6։6)։ Ըստ էության, Հիսուսը նրանց ազատեց Սատանայի իշխանության ազդեցությունից և որպես «մարդկանց տեսքով պարգևներ» Եհովայի անունից տվեց ժողովին։ Դժվար չէ պատկերացնել Սատանայի անօգնական զայրույթը, երբ իր իսկ ներկայությամբ վերջիններս հափշտակվում էին իրենից։
7. ա) «Մարդկանց տեսքով պարգևները» ժողովում ի՞նչ դեր են կատարում։ բ) Եհովան ի՞նչ հնարավորություն է ընձեռել ամեն մի երեցի։
7 Այսօր ժողովում կա՞ն արդյոք «մարդկանց տեսքով պարգևներ»։ Իհա՛րկե։ Նրանք Աստծո ժողովրդի աշխարհով մեկ սփռված ավելի քան 87 000 ժողովներում կատարում են երեցի դժվար պարտականությունը՝ ջանադրաբար ծառայելով որպես ‘ավետարանիչներ, հովիվներ և ուսուցիչներ’ (Եփեսացիս 4։11)։ Թեև Սատանայի մեծագույն ցանկությունն է, որ նրանք կոպիտ վարվեն հոտի հետ, բայց Աստված Հիսուսի միջոցով նրանց ուրիշ նպատակով է հանձնել ժողովին։ Դեռ ավելին, Եհովան այս մարդկանց կարգել է՝ նպաստելու ժողովի հոգևոր բարօրությանը, և նրանք իրենց վստահված «գառների» համար հաշվետու են նրան (Եբրայեցիս 13։17)։ Եթե դու ծառայում ես որպես երեց, Եհովան քեզ հոյակապ հնարավորություն է ընձեռել՝ լինելու որպես պարգև ու օրհնություն քո եղբայրների համար։ Իսկ դրան կարելի է հասնել՝ կատարելով հետևյալ չորս կարևոր պարտականությունները։
Երբ «վերահաստատելու» կարիք է զգացվում
8. Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ ինչպիսի՞ շտկումների կարիք ենք զգում։
8 Առաջին՝ «մարդկանց տեսքով պարգևները» դրվում են «հաստատելու համար սրբերին իրենց պաշտօնի կատարման մէջ»,— գրում է Պողոսը (Եփեսացիս 4։12)։ «Հաստատել» թարգմանված հունարեն գոյականը բովանդակում է «շտկելու» իմաստը։ Լինելով անկատար մարդիկ՝ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ կարիք ենք զգում «շտկվելու»՝ մեր մտածելակերպը, վերաբերմունքը կամ վարքը համապատասխանեցնելու Աստծո մտքի ու կամքի հետ։ Եհովան սիրով «մարդկանց տեսքով պարգևներ» է տվել մեզ, որպեսզի կարողանանք անհրաժեշտ շտկումներ անել։ Իսկ երեցներն ինչպե՞ս են սա կատարում։
9. Ինչպե՞ս երեցը կարող է օգնել մոլորված «ոչխարին» շտկվելու։
9 Երբեմն երեցին կարող են խնդրել՝ օգնելու սխալ քայլ կատարած «ոչխարներից» մեկին, որը, գուցե, ‘հանկարծ ինչ–որ հանցանքի մեջ է բռնվել’։ Երեցն ինչպե՞ս կարող է օգնություն ցույց տալ։ «Վերահաստատէ՛ք նրան հեզութեան ոգով»,— ասվում է Գաղատացիս 6։1–ում։ Հետևաբար, խրատելիս՝ երեցը կոպիտ բառերով չպիտի հանդիմանի մոլորված անհատին։ Խրատը պետք է քաջալերի, և ոչ թե «ահ գցի» ստացողի սրտում (Բ Կորնթացիս 10։9; համեմատեք Յոբ 33։7)։ Միգուցե անհատն արդեն ամոթ է զգացել իր գործած արարքից, ուստի սիրալիր հովիվը պիտի խուսափի նրան վշտացնելուց։ Երբ խրատը, նույնիսկ խիստ հանդիմանությունը տրվում է սիրուց մղված և սիրո ոգով, միանգամայն հավանական է, որ այն կշտկի մոլորված անհատի մտածելակերպը կամ նրա վարքը և դրանով կվերահաստատի նրան (Բ Տիմոթէոս 4։2)։
10. Ուրիշներին շտկելն իր մեջ ի՞նչ է բովանդակում։
10 Մեր վերահաստատման համար «մարդկանց տեսքով պարգևներ» տալով՝ Եհովան ի մտի ուներ, որ երեցները լինեն իր ժողովրդին հոգևորապես թարմացնողներ ու նրանց կողմից ընդօրինակվելու արժանի (Ա Կորնթացիս 16։17, 18; Փիլիպպեցիս 3։17)։ Վերահաստատել՝ երեցների համար նշանակում է ոչ միայն ուղղել սխալ ճանապարհի վրա գտնվող անձանց, այլ նաև օգնել հավատարիմ մնացողներին, որպեսզի պահեն իրենց ուղիղ ընթացքը։a Այսօր շատերը բազում հուսահատեցնող խնդիրներ ունենալու պատճառով մխիթարության կարիք են զգում, որպեսզի կարողանան դիմանալ։ Գուցե նրանցից ոմանց պետք է նուրբ օգնություն ցույց տալ, որպեսզի իրենց մտածելակերպը համապատասխանի Աստծո մտքի հետ։ Օրինակ՝ հավատարիմ քրիստոնյաներից ոմանք պայքարում են թերարժեքության կամ անարժանության խորը զգացումի դեմ։ Այսպիսի «վհատածներին» գուցե թվա, թե Եհովան այլևս երբեք չի կարող իրենց սիրել, և Աստծուն ծառայելու նպատակով իրենց ներդրած անգամ լավագույն ջանքերը ընդունելի չեն լինի նրան (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, Նոր կտակարանի նոր աշխարհաբար թարգմանություն)։ Սակայն նման մտածելակերպը ներդաշնակ չէ այն բանի հետ, ինչը որ Աստված իսկապես զգում է իր երկրպագուների հանդեպ։
11. Երեցներն ինչպե՞ս կարող են օգնել այն անհատներին, ովքեր պայքարում են անարժեքության զգացումի դեմ։
11 Երեցնե՛ր, ի՞նչ կարող եք անել նման անհատներին օգնելու համար։ Սիրալիր կերպով բացատրեք նրանց սուրբգրային ապացույցներով, որ Եհովան հոգ է տանում իր ծառաներից յուրաքանչյուրին և վստահեցրեք, որ Աստվածաշնչի այդ համարները կիրառելի են նրանցից ամեն մեկի համար (Ղուկաս 12։6, 7, 24)։ Օգնեք նրանց հասկանալ, որ եթե Եհովան ‘ձգել’ է նրանց դեպի իրեն՝ ծառայելու, ուրեմն, վստահաբար, նա իրենց արժեքավոր է համարում (Յովհաննէս 6։44)։ Վստահեցրե՛ք նրանց, որ ոչ միայն նրանք, այլև Եհովայի հավատարիմ ծառաներից շատերն են ունեցել այդ զգացումները. Եղիա մարգարեն մի անգամ այնքան խորն էր ընկճվել, որ ցանկանում էր մահանալ (Գ Թագաւորաց 19։1—4)։ Առաջին դարի օծյալ քրիստոնյաներից ոմանց սրտերը ‘դատապարտում’ էին իրենց (Ա Յովհաննէս 3։20)։ Մխիթարական է իմանալ, որ Աստվածաշնչի ժամանակներում ապրող հավատարիմ անհատները ‘մարդիկ էին մեզ պես’ և նույն զգացումներն են ունեցել (Յակոբոս 5։17)։ Ընկճված անհատների հետ միասին կարող եք նաև քաջալերող հոդվածներ կարդալ «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերից։ Նման անհատների վստահությունը վերականգնելու համար ձեր գործադրած ջանքերը չեն վրիպի Աստծո աչքից, որը ձեզ դրել է որպես «մարդկանց տեսքով պարգևներ» (Եբրայեցիս 6։10)։
Հոտի «շինութիւնը»
12. Ի՞նչ է նշանակում «ի շինութիւն Քրիստոսի մարմնի» արտահայտությունը, և ո՞րն է հոտը «շինելու» բանալին։
12 Երկրորդ՝ «մարդկանց տեսքով պարգևները» տրվում են ‘Քրիստոսի մարմնի շինության’ նպատակով։ Պողոսն այստեղ փոխաբերական խոսք է օգտագործում. «շինություն» ասելով նա նկատի ունի շինվածք, իսկ «Քրիստոսի մարմինը» ասելով՝ մարդկանց, այն է՝ օծյալներից բաղկացած քրիստոնյա ժողովի անդամներին (Ա Կորնթացիս 12։27; Եփեսացիս 5։23, 29, 30)։ Անհրաժեշտ է, որ երեցներն օժանդակեն իրենց եղբայրների հոգևոր աճմանն ու ամրապնդմանը։ Նրանց նպատակն է ‘շինել և ոչ թե կործանել’ հոտը (Բ Կորնթացիս 10։8)։ Հոտը «շինելու» բանալին սերն է, քանի որ «սէրը հաստատում է» (Ա Կորնթացիս 8։1)։
13. Ի՞նչ է նշանակում լինել կարեկից, և ինչո՞ւ է կարևոր, որ երեցները կարեկցանք դրսևորեն։
13 Սիրո դրսևորման ձևերից մեկը կարեկցանքն է, որն օգնում է երեցներին հոտը «շինելու» հարցում։ Լինել կարեկցող՝ նշանակում է ուրիշների դրության մեջ մտնել, նրանց մտքերին ու ապրումներին մասնակից դառնալ՝ նկատի առնելով վերջիններիս սահմանափակ հնարավորությունները (Ա Պետրոս 3։8)։ Իսկ ինչո՞ւ է կարևոր, որպեսզի երեցները կարեկցանք դրսևորեն։ Ամենից առաջ այն պատճառով, որ «մարդկանց տեսքով պարգևներ» տվողն ինքը՝ Եհովան, կարեկից Աստված է։ Երբ իր ծառաները տառապում են կամ ցավ են զգում, նա կարեկցում է նրանց (Ելից 3։7; Եսայիա 63։9)։ Նա գիտի նրանց սահմանափակ կարողությունների մասին (Սաղմոս 103։14)։ Իսկ երեցներն ինչպե՞ս կարող են կարեկցանք դրսևորել։
14. Երեցներն ինչպե՞ս կարող են կարեկցանք ցուցաբերել։
14 Երբ ինչ–որ մեկը վհատված դիմում է իրենց, նրանք լսում են՝ գիտակցելով այդ մարդու ապրումները։ Նրանք փորձում են հասկանալ իրենց եղբայրների անցած կյանքը, նրանց ինչպիսի անձ լինելը և տիրող հանգամանքները։ Այդպիսով, «ոչխարների զորացման» համար Աստվածաշնչի միջոցով ցույց տրվող օգնությունը հեշտությամբ կընդունվի, որովհետև այն գալիս է իրենց իսկապես հասկացող, հոգատար հովիվներից (Առակաց 16։23)։ Երեցները, կարեկցանքից մղված, նաև նկատի են առնում ուրիշների հնարավորությունները և դրա հետևանքով առաջացած զգացումները։ Օրինակ՝ որոշ խղճմիտ քրիստոնյաներ միգուցե իրենց մեղավոր են համարում, քանի որ տարիքի կամ վատառողջության պատճառով չեն կարողանում Աստծուն ավելի շատ ծառայել։ Իսկ մյուս կողմից՝ ուրիշները, գուցե, խրախուսանքի կարիք են զգում, որպեսզի բարելավեն իրենց ծառայությունը (Եբրայեցիս 5։12; 6։1)։ Կարեկցանքի զգացումը կմղի երեցներին գտնել «վայելուչ խօսքեր» յուրաքանչյուրին զորացնելու համար (Ժողովող 12։10)։ Երբ Եհովայի գառները ամրանում են ու կազդուրվում, Աստծո հանդեպ ունեցած սերը դրդում է նրանց ծառայության մեջ իրենց ձեռքից եկած ամեն բանն անելու։
Միասնությանը նպաստող տղամարդիկ
15. Ի՞նչ է նշանակում «հաւատի կատարեալ միութիւն» արտահայտությունը։
15 Երրորդ՝ «մարդկանց տեսքով պարգևները» տրված են, որպեսզի «մենք բոլորս հասնենք հաւատի կատարեալ միութեանն ու Աստծու Որդու ճանաչմանը» (Եփեսացիս 4։13)։ «Հաւատի կատարեալ միութիւն» արտահայտությունը նշանակում է ոչ միայն հավատալիքների կատարյալ միասնություն, այլ նաև հավատակիցների։ Հետևաբար, «մարդկանց տեսքով պարգևներ» տալու հաջորդ պատճառն այն է, որ նրանք նպաստեն Աստծո ժողովրդի միասնությանը։ Իսկ դրա համար ի՞նչ է հարկավոր։
16. Ինչո՞ւ է կարևոր, որ երեցները միասնություն պահպանեն իրար միջև։
16 Նախ և առաջ, նրանք միասնություն պիտի պահպանեն իրար միջև։ Հովիվների մեջ միաբանություն չլինելու դեպքում տուժում են «ոչխարները», որոնք անուշադրության են մատնվում։ Այն թանկագին ժամանակը, որը կարող էր հատկացվել հոտը հովվելուն, երբեմն զուր տեղը՝ ձգձգվող հանդիպումների և ոչ էական հարցերի շուրջ ծավալված բանավեճերի վրա է ծախսվում (Ա Տիմոթէոս 2։8)։ Երեցները գուցե ինքնաբերաբար չեն համաձայնվում յուրաքանչյուր քննարկվող հարցի հետ, քանի որ իրենք տարբեր բնավորությունների տեր են։ Միասնությունը չի բացառում, որ նրանք տարբեր տեսակետներ ունենան և նույնիսկ հավասարակշռված ձևով արտահայտեն դրանք անկեղծ զրույցի ընթացքում։ Երեցները պահպանում են իրենց միասնությունը՝ հարգանքով լսելով մեկը մյուսին՝ առանց նախապես եզրակացություններ անելու։ Եվ քանի դեռ Աստվածաշնչի ոչ մի սկզբունք խախտված չէ, յուրաքանչյուրը պետք է կամովին զիջի և թիկունք կանգնի երեցների խորհրդի կայացրած վերջնական որոշմանը։ Ընդառաջող ոգի դրսևորելը վկայում է այն մասին, որ երեցները ղեկավարվում են «վերին իմաստութեամբ», որը «խաղաղարար» է և «հեզ» (Յակոբոս 3։17, 18)։
17. Երեցներն ինչպե՞ս կարող են նպաստել ժողովում միասնության պահպանմանը։
17 Երեցները աչալրջորեն նպաստում են միասնությանը նաև ժողովի ներսում։ Երբ պառակտիչ ներգործությունները, ինչպիսին են՝ կործանարար բամբասանքը, ուրիշներին սխալ շարժառիթներ վերագրելու հակումը և կռվարար ոգին, սպառնում են ժողովի խաղաղությանը, նրանք պատրաստ են օգտակար խորհուրդ տալու (Փիլիպպեցիս 2։2, 3)։ Օրինակ՝ երեցները հավանաբար տեղյակ են չափազանց քննադատել սիրող կամ ուրիշների գործերի մեջ խառնվող անձնավորությունների մասին (Ա Տիմոթէոս 5։13; Ա Պետրոս 4։15)։ Նրանք կփորձեն օգնել այսպիսի անձանց գիտակցելու, որ նման ընթացքը Աստծու սովորեցրած բաներին հակառակ է, ու «իւրաքանչիւր ոք իր բեռն է կրելու» (Գաղատացիս 6։5, 7; Ա Թեսաղոկեցիս 4։9—11)։ Օգտվելով Սուրբ գրություններից՝ երեցները կբացատրեն, որ Եհովան շատ հարցեր թողնում է մարդու խղճին, և մեզանից ոչ մեկը չպետք է դատի ուրիշին նման հարցերով (Մատթէոս 7։1, 2; Յակոբոս 4։10, 12)։ Համերաշխությամբ միասին ծառայելու համար ժողովում վստահության ու հարգանքի մթնոլորտ պիտի ստեղծվի։ Անհրաժեշտության դեպքում սուրբգրային խորհուրդ տալով՝ «մարդկանց տեսքով պարգևները» նպաստում են մեր խաղաղության ու միասնության պահպանմանը (Հռովմայեցիս 14։19)։
Պաշտպանել հոտը
18, 19. ա) «Մարդկանց տեսքով պարգևները» մեզ ումի՞ց են պաշտպանում։ բ) Ուրիշ ի՞նչ վտանգներից է հարկավոր պաշտպանել «ոչխարներին», և երեցներն ինչպե՞ս են վարվում նման դեպքերում։
18 Չորրորդ՝ Եհովան «մարդկանց տեսքով պարգևներին» դրել է մեզ պաշտպանելու համար, որպեսզի չտարուբերվենք «վարդապետութեան բոլոր հողմերից, մարդկանց խաբեբայութեամբ, որոնք խորամանկութեամբ, խաբելով մոլորեցնում են» (Եփեսացիս 4։14)։ «Խաբեբայություն» թարգմանված բառը հունարեն բնագրում «զառով մոլի խաղ խաղալու» կամ «զառ բանեցնելու հմտության» իմաստն ունի։ Մի՞թե սա մեզ չի հիշեցնում հավատուրացների բանեցրած խորամանկությունը։ Խարդախ փաստարկներ օգտագործելով՝ նրանք փորձում են աղավաղել Սուրբ գրությունները ճշմարիտ քրիստոնյաներին իրենց հավատից շեղելու նպատակով։ Երեցները պետք է զգուշանան այդ «յափշտակիչ գայլերից» (Գործք 20։29, 30)։
19 Եհովայի «ոչխարներին» հարկավոր է պաշտպանել նաև ուրիշ վտանգներից։ Անցյալում հովիվ Դավիթը անվախորեն պաշտպանում էր իր հոր հոտը գիշատիչ կենդանիներից (Ա Թագաւորաց 17։34—36)։ Այսօր նույնպես կարող են դեպքեր պատահել, և անհրաժեշտություն առաջանա, որ հոգատար, քրիստոնյա երեցները քաջություն ցուցաբերեն հոտը պաշտպանելու այն մարդկանցից, ովքեր վատ են վարվում Եհովայի «ոչխարների» հետ կամ ճնշում են նրանց, հատկապես ավելի թույլերին։ Առանց հապաղելու՝ երեցները պետք է ժողովից հեռացնեն համառորեն մեղանչող անձնավորություններին, ովքեր գիտակցորեն օգտագործում են խաբեբայությունը, խարդախությունը և նենգությունը չարություն գործելու նպատակովb (Ա Կորնթացիս 5։9—13; համեմատեք Սաղմոս 101։7)։
20. Ինչո՞ւ կարող ենք ապահով զգալ «մարդկանց տեսքով պարգևների» ցուցաբերած հոգատարության ներքո։
20 Որքա՜ն երախտապարտ ենք «մարդկանց տեսքով պարգևների» համար։ Նրանց անձնվեր հոգատարության շնորհիվ մենք մեզ ապահով ենք զգում, քանի որ նրանք զգուշորեն շտկում են մեզ, նրբորեն վերահաստատում, պատրաստակամորեն պահպանում են մեր միասնությունը և խիզախորեն պաշտպանում մեզ։ Իսկ «մարդկանց տեսքով պարգևներն» ինչպե՞ս պիտի վերաբերվեն իրենց կատարած դերին։ Եվ մենք ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք նրանց։ Այս հարցերը կքննարկվեն հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a «Հաստատել» թարգմանված նույն բայը օգտագործվում է հունարեն Յոթանասնից թարգմանության մեջ Սաղմոս 17[16]։5–ում, որտեղ հավատարիմ Դավիթն աղոթում էր, որ Եհովան հաստատեր իր քայլերը նրա ճանապարհից չշեղվելու համար։
b Օրինակ՝ տեսե՛ք «Ընթերցողների հարցերը» բաժինը, «Դիտարան», 1979 թ., նոյեմբերի 15, 31—32 էջեր (անգլ.), և «Ատենք չարությունը» հոդվածը, Դիտարան, 1997 թ., հունվարի 1, 26—29 էջեր (ռուս.)։
Հիշո՞ւմ եք
◻ Ովքե՞ր են «մարդկանց տեսքով պարգևները», և Աստված ինչո՞ւ է նրանց Հիսուսի միջոցով տվել ժողովին։
◻ Երեցներն ինչպե՞ս են կատարում հոտին վերահաստատելու իրենց պատասխանատվությունը։
◻ Երեցներն ինչպե՞ս կարող են «շինել» քրիստոնյա հավատակիցներին։
◻ Երեցներն ինչպե՞ս կարող են պահպանել ժողովի միասնությունը։
[նկար 20–րդ էջի վրա]
Կարեկցանքն օգնում է երեցներին, որպեսզի քաջալերեն ընկճված անհատներին։
[նկար 20–րդ էջի վրա]
Երեցների միջև եղած միասնությունը նպաստում է ժողովի համերաշխությանը։