Մի՛ վախեցիր, Եհովան քեզ հետ է
ԱՎԵԼԻ քան 50 տարի առաջ, երբ պայթեց առաջին միջուկային ռումբը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարոլդ Յուրին ապագայի վերաբերյալ այսպիսի խոսքեր ասաց. «Մենք կուտենք վախով, կքնենք վախով, կապրենք վախով և կմեռնենք վախով»։ Իրոք, այսօր վախը պարուրել է ողջ աշխարհը, և դա զարմանալի չէ։ Ամեն օր լրագրերը հայտնում են սարսափելի ահաբեկչական գործողությունների, անմարդկային հանցագործությունների և անհասկանալի հիվանդությունների մասին։
Մենք՝ քրիստոնյաներս, գիտենք, թե ինչ է դա նշանակում։ Այս ամենը ցույց է տալիս, որ ապրում ենք ներկա չար համակարգի ‘վերջին օրերում’ և, ինչպես կանխագուշակվել է Աստվածաշնչում, դրանք կլինեն «չար ժամանակներ» (Բ Տիմոթէոս 3։1)։ Մենք է՛լ ավելի մեծ համոզվածությամբ ենք լցվում, որ Եհովա Աստված շուտով նոր աշխարհ կբերի, որում արդարություն կբնակվի (Բ Պետրոս 3։13)։ Բայց գուցե հարց առաջանա. «Արդյո՞ք քրիստոնյաները վախ չեն զգում»։
Վախը և Աստծու ծառաները
Հակոբը, Դավիթը և Եղիան Եհովայի այն ծառաներից են եղել, ովքեր հայտնվել են վտանգավոր իրավիճակներում (Ծննդոց 32։6, 7; Ա Թագաւորաց 21։11, 12; Գ Թագաւորաց 19։2, 3)։ Դա չէր նշանակում, որ նրանց հավատը թույլ էր։ Ընդհակառակը, նրանք մի պահ անգամ չդադարեցին ապավինել Եհովային։ Բայցևայնպես, Հակոբը, Դավիթը և Եղիան սովորական մարդիկ էին, ուստի կարող էին վախի զգացում ունենալ։ «Եղիան մարդ էր մեզ պէս՝ կրքի ենթակայ»,— գրեց Հակոբոս աշակերտը (Յակոբոս 5։17)։
Մենք նույնպես գուցե վախ զգանք, երբ ինչ–որ դժվարության բախվենք, և դա հասկանալի է։ Չէ՞ որ Աստվածաշունչն ասում է, որ Բանսարկու Սատանան վճռել է «պատերազմ անելու» նրանց հետ, ովքեր պահում են Աստծու պատվիրանները և վկայում են Հիսուսի մասին (Յայտնութիւն 12։17)։ Ճիշտ է, այդ խոսքերը գլխավորապես վերաբերում են օծյալ քրիստոնյաներին, սակայն, ինչպես գրեց Պողոսը, «ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթէոս 3։12)։ Այդուհանդերձ, մենք չպետք «կաթվածահար» լինենք վախից, երբ խնդիրների ենք բախվում։ Ինչո՞ւ։
«Փրկութեան Աստուած»
Սաղմոսերգու Դավիթը գրեց. «Աստուած մեզ համար փրկութեան Աստուած է» (Սաղմոս 68։20)։ Եհովան բազմիցս փաստել է, որ կարող է փրկել իր ծառաներին՝ նրանց վտանգավոր իրավիճակներից ազատելով կամ էլ դիմանալու զորություն տալով (Սաղմոս 34։17; Դանիէլ 6։22; Ա Կորնթացիս 10։13)։ Քանի որ դու ուսումնասիրում ես Աստվածաշունչը, ապա թերևս բազմաթիվ դեպքեր հիշես, երբ Եհովան փրկել է իր ծառաներին։
Օգտվելով ««Դիտարանի» հրատարակությունների ցանկից»a՝ դու կարող ես քննել այնպիսի իրական դեպքեր, ինչպիսիք են՝ Նոյի օրերի համաշխարհային Ջրհեղեղը, Ղովտի և նրա աղջիկների ազատագրումը Սոդոմից և Գոմորից, իսրայելացիների ելքը Եգիպտոսից և անցումը Կարմիր ծովով, Համանի՝ հրեաներին վերացնելու ծրագիրը, որը, սակայն, խափանվեց։ Այս հուզիչ պատմությունները կարդալով և դրանց շուրջ խորհրդածելով՝ դու կամրացնես քո հավատն այն բանում, որ Եհովան փրկության Աստված է։ Դա իր հերթին կօգնի քեզ, որ հավատի փորձությունները դիմավորես անվախորեն։
Ժամանակակից օրինակներ
Կարո՞ղ ես հիշել քեզ ծանոթ քրիստոնյաների, որոնք տոկացել են դժվարությունների ներքո։ Հնարավոր է, դա լինի այն անհատը, որին բանտարկել են, քանի որ նա չի ցանկացել թողնել իր հավատարիմ ընթացքը։ Գուցե ճանաչես տարեց քրիստոնյայի, որը, չնայած վատառողջությանը, շարունակում է ծառայել Եհովային։ Կամ խորհիր այն երեխաների մասին, որոնք հեռու են մնում աշխարհից՝ չնայած դպրոցակիցների վիթխարի ճնշմանը։ Բացի այդ, կան միայնակ ծնողներ, որոնք առանց կողակցի են մեծացնում իրենց երեխաներին, կամ չամուսնացած անհատներ, որոնք կարողանում են ծառայել Եհովային՝ չնայած միայնակության զգացումին։ Անշուշտ, դու շատ բան կարող ես սովորել այս բոլոր օրինակներից, և եթե խորհրդածես նրանց հավատարիմ ընթացքի շուրջ, ապա չես վախենա և ոչ մի փորձությունից ու կկարողանաս տոկալ։
Մենք պետք է անվախ լինենք ոչ միայն հակառակության և հալածանքի ժամանակ, այլև երբ մեր մեջ կասկածներ են առաջանում, թե Եհովան սիրում է մեզ։ Մենք պետք է մեր սրտում վստահություն մշակենք, որ Քրիստոսն իր կյանքը տվել է անձամբ մեզ համար (Գաղատացիս 2։20)։ Մենք կարող ենք մոտենալ Եհովային՝ առանց հիվանդագին վախ զգալու։ Եթե մեզ անարժան ենք զգում Եհովայի սիրուն, կարող ենք խորհել այն խոսքերի շուրջ, որ Հիսուսն ասաց իր հետևորդներին. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր։ Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են։ Ուրեմն մի վախենաք. դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք» (Մատթէոս 10։29–31)։
«Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը հաճախ են տպագրում պատմություններ Եհովայի վկաների մասին, որոնք չեն վախեցել դժվարություններից։ Սակայն դա չի նշանակում, թե նրանք երբեք չեն տխրել կամ անհանգստացել իրենց դժվարությունների պատճառով։ Պարզապես նրանք թույլ չեն տվել, որ նման զգացումների պատճառով դադարեն Եհովային ծառայել։ Նրանց մասին տպագրված պատմությունները կարող են օգնել քեզ, որ դու էլ անվախորեն տոկաս։ Քննենք երկու օրինակ։
Վնասվածքը փոխեց նրա կյանքը
«Արթնացե՛ք» պարբերագրի 2003 թ. ապրիլի 22–ի համարում (ռուս.) տպագրվեց «Ինչպես կյանքս փոխվեց վնասվածքի պատճառով» հոդվածը։ Այդ հոդվածում քենիացի Եհովայի վկա Ստենլի Օմբևան պատմում է իր դժվարությունների մասին, որոնք առաջ եկան այն բանից հետո, երբ արագընթաց մեքենան հարվածեց իրեն։ Նրա առողջությունը սկսեց վատանալ, նա կորցրեց աշխատանքը, բոլոր արտոնություններն ու նպաստները։ Եղբայր Օմբևան պատմում է. «Քանի որ առողջական վիճակս գնալով վատանում էր, դարձա հոռետես, եսակենտրոն և դյուրագրգիռ։ Ժամանակ առ ժամանակ սիրտս լցվում էր բարկությամբ և դառնությամբ»։ Չնայած ծանր փորձությանը՝ այս քրիստոնյան չվախեցավ։ Նա թույլ չտվեց, որ հուսահատությունը ընկճի և տապալի իրեն։ Փոխարենը՝ նա ապավինեց Եհովային։ «Նա միշտ ինձ հետ էր իմ այդ բոլոր դժվարություններում։ Նրա աջակցությունն այնքան մեծ էր, որ երբեմն նույնիսկ ամաչում էի իմ զգացումներից,— ասում է եղբայր Օմբևան։— Ես վճռեցի կարդալ և խորհրդածել Աստվածաշնչի այն համարների շուրջ, որոնք համապատասխանում էին իմ վիճակին և մխիթարում էին ինձ»։
Եղբայր Օմբևայի անկեղծ խոսքերը շատերին են օգնել անվախորեն տոկալու փորձություններին։ Մի քրիստոնյա քույր գրում է. «Ես լաց էի լինում այդ հոդվածն ընթերցելիս։ Զգացի, որ Եհովան այս հոդվածի միջոցով մխիթարում է ինձ և ցույց է տալիս իր ջերմությունը և սիրառատ հոգատարությունը»։ Մեկ ուրիշ Վկա գրում է. «Նման հոդվածները մեծապես քաջալերում են նրանց, ովքեր համանման իրավիճակում են և լուռ տառապում են»։
Զգացական ճնշումները
Հերբերտ Ջենինգսի պատմությունը նույնպես հուզիչ է։ Այդ մասին գրված է «Ոչինչ չգիտէք վաղուա մասին» հոդվածում։b Եղբայր Ջենինգսը պայքարում է երկբևեռ խանգարում հիվանդության դեմ։ Հիշելով հիվանդության վաղ օրերը՝ նա ասում է. «Նույնիսկ ժողովի հանդիպումներին հաճախելու համար լրացուցիչ ջանքեր էի գործադրում։ Այնուհանդերձ, բարձր էի գնահատում հոգևոր ընկերակցությունը։ Փորձելով հարմարվել պայմաններին՝ սովորաբար Թագավորության սրահ էի մտնում, երբ մեծամասնությունն արդեն նստած էր լինում, և հեռանում էի ծրագրի ավարտից անմիջապես հետո՝ նախքան սրահում կսկսեր աշխուժություն տիրել»։
Քարոզելը նույնպես դժվար էր։ Եղբայր Ջենինգսը պատմում է. «Երբեմն, նույնիսկ դռանը արդեն մոտենալուց հետո, քաջություն չէի ունենում՝ ձեռքս զանգի կոճակին տանելու։ Սակայն չէի դադարեցնում ծառայությունս, քանի որ գիտակցում էի, որ մեր ծառայությունը փրկություն է թե՛ մեզ համար, թե՛ մեր բերած լուրին դրականորեն արձագանքողների (Ա Տիմոթէոս 4։16)։ Ամեն անգամ կարողանում էի ինձ բուռս հավաքել և մոտենալ հաջորդ դռանը։ Չթողնելով ծառայությունս՝ կարողացել եմ ուժերիս ներածին չափով հոգևոր եռանդս պահպանել և, միաժամանակ, ամրապնդել դիմանալու կարողությունս»։
Եղբայր Ջենինգսի անկեղծ պատմությունն օգնել է շատ ընթերցողների նրա պես անվախորեն դիմակայել դժվարություններին։ Օրինակ՝ մի քրիստոնյա քույր գրում է. «Քսանութ տարիների ընթացքում, ինչ ընթերցում եմ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը, ուրիշ ոչ մի հոդված այնպես չէր հուզել ինձ, ինչպես այդ մեկը։ Ես ստիպված էի դադարեցնել լիաժամ ծառայությունս։ Ինձ շատ մեղավոր էի զգում՝ մտածելով, որ եթե հավատս մեծ լիներ, ապա չէի դադարեցնի։ Կարդալով, որ եղբայր Ջենինգսը ստիպված եղավ թողնել իր նշանակումը, որպեսզի հոգա առողջության մասին՝ ես կարողացա իմ իրավիճակին հավասարակշռված ձևով նայել։ Այդ հոդվածը հենց իմ աղոթքների պատասխանն էր»։
Մի ուրիշ եղբայր էլ գրեց. «Տասը տարի ժողովում որպես երեց ծառայելուց հետո մտային հիվանդության պատճառով ստիպված էի թողնել այդ առանձնաշնորհումը։ Թերարժեքության զգացումն այնքան էր համակել ինձ, որ շատ դժվար էր ընթերցել պարբերագրերում տպագրվող կենսագրությունները, որոնք հաճախ պատմում էին Եհովայի ծառաների ուշագրավ հաջողությունների մասին։ Սակայն եղբայր Ջենինգսի հաստատակամությունը թևեր տվեց ինձ։ Այդ հոդվածը անթիվ անգամներ եմ կարդացել»։
Առաջ ընթանանք վստահությամբ
Եղբայրներ Օմբևայի և Ջենինգսի պես՝ շատ Եհովայի վկաներ, չնայած մեծ դժվարություններին, շարունակում են անվախորեն երկրպագել Եհովա Աստծուն։ Եթե դու նրանց թվում ես, ապա արժանի ես գովասանքի։ Վստահ եղիր. «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք» (Եբրայեցիս 6։10)։
Ճիշտ ինչպես հին ժամանակներում Եհովան իր հավատարիմ ծառաներին օգնեց հաղթել թշնամիներին, այնպես էլ այսօր նա կարող է օգնել քեզ, որ հաղթահարես ցանկացած դժվարություն։ Ուստի վստահ եղիր, որ անձամբ քեզ են ուղղված Եհովայի այն խոսքերը, որ նա ասաց Եսայիա մարգարեի միջոցով. «Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը» (Եսայիա 41։10)։
[ծանոթագրություններ]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկարներ 16-րդ էջի վրա]
Ստենլի Օմբևայի (վերևում) և Հերբերտ Ջենինգսի (աջում) պես՝ շատերը Եհովային ծառայում են անվախորեն
[նկար 14-րդ էջի վրա, թույլտվությամբ]
USAF photo