Կենսագրություն
Տառապանքի պատճառն իմանալը փոխեց իմ կյանքը
ՊԱՏՄՈՒՄ Է ՀԱՐԻ ՓԻԼՈՅԱՆԸ
Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս տառապանքը։ Դեռ մանկուց այս հարցն անհանգստացրել է ինձ։ Իմ ծնողները աշխատասեր էին, ազնիվ և ընտանիքին նվիրված։ Հայրս կրոնասեր չէր, իսկ մայրս քիչ էր հետաքրքրվում կրոնով։ Այդ պատճառով էլ նրանք չէին կարողանում պատասխանել իմ հարցին։
ԱՅԴ հարցի մասին ես սկսեցի ավելի շատ մտածել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո, երբ ավելի քան երեք տարի ծառայում էի Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմում։ Պատերազմից հետո հումանիտար օգնություն հասցնելու համար ինձ նավով ուղարկեցին Չինաստան։ Մոտավորապես մեկ տարի մնացի այնտեղ և ականատես եղա այն բանին, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ տառապում։
Չինացիները աշխատասեր և խելացի մարդիկ են։ Սակայն շատերը մեծ նեղություններ էին կրում աղքատության, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած բռնությունների հետևանքով։ Ինձ հատկապես ցնցել էր այն, որ շատ սիրունատես երեխաներ՝ թերսնված և ցնցոտիներ հագած, ողորմություն էին խնդրում, երբ մենք ափի երկայնքով նավարկում էինք։
Ինչո՞ւ
Ես ծնվել եմ 1925 թ.–ին և մեծացել ԱՄՆ–ի Կալիֆորնիա նահանգում։ Նման բան ես երբեք չէի տեսել։ Ուստի կրկին ու կրկին հարց էի տալիս ինձ. «Եթե գոյություն ունի Ամենակարող Ստեղծիչ, ապա ինչո՞ւ է թույլ տալիս, որ մարդիկ, հատկապես անմեղ երեխաները նման պայմաններում գտնվեն»։
Ինձ նաև հետաքրքրում էր, թե ինչու է Աստված, եթե նա իրոք գոյություն ունի, թույլ տվել, որ դարերի ընթացքում մարդիկ մասսայական սպանությունների զոհը դառնան, տառապեն, մահանան, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ավելի քան 50 միլիոն մարդ զոհվեց։ Դեռ ավելին, այդ պատերազմի ժամանակ ինչո՞ւ պետք է քահանաները միևնույն կրոնին պատկանող մարդկանց դրդեին սպանելու մեկը մյուսին զուտ այն պատճառով, որ տարբեր ազգերից էին։
Աստղադիտակը
Երբ 1939 թ.–ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը և միլիոնավոր մարդիկ զոհվեցին, ես մտածեցի, որ Աստված գոյություն չունի։ Այդ ժամանակ ես սովորում էի դպրոցում։ Բարձր դասարաններում գիտական դասընթացների ժամանակ յուրաքանչյուր աշակերտից պահանջվում էր պատրաստել գիտական ինչ–որ սարք։ Քանի որ ես հետաքրքրվում էի աստղագիտությամբ, վճռեցի պատրաստել մի մեծ աստղադիտակ, որի հայելին 20 սանտիմետր տրամագիծ կունենար։
Այդ աստղադիտակը պատրաստելու համար գնեցի 2,5 սանտիմետր հաստությամբ և 20 սանտիմետր լայնությամբ մի ապակի ու խնդրեցի մի ապակեգործի, որ շրջանաձև կտրի այն։ Այնուհետև ձեռնարկեցի այդ խրթին գործը. ես պետք է հղկեի ապակին, որպեսզի այն դառնար գոգավոր հայելի։ Մի ամբողջ ուսումնական կիսամյակ ազատ ժամանակս տրամադրեցի այդ գործին։ Երբ ավարտեցի հղկելը, հայելին դրեցի երկար մետաղյա խողովակի մեջ և տարբեր հզորության ակնապակիներ տեղադրեցի աստղադիտակում։
Մի պարզկա գիշեր իմ պատրաստած աստղադիտակը հանեցի դուրս և սկսեցի դիտել աստղերն ու մեր արեգակնային համակարգի մոլորակները։ Ես ապշած էի մնացել՝ տեսնելով, թե որքան շատ երկնային մարմիններ կան, և թե տիեզերքում ամեն բան որքան լավ է կազմակերպված։ Այնուհետև, երբ իմացա, որ որոշ «աստղեր», իրականում, մեր Ծիր Կաթին գալակտիկայի պես գալակտիկաներ են և դրանցից յուրաքանչյուրում միլիարդավոր աստղեր կան, է՛լ ավելի ապշեցի։
«Իհարկե,— մտածեցի ես,— այս ամենը չէր կարող ինքն իրեն առաջանալ։ Մի բան, որը կազմակերպված է, չի կարող առաջացած լինել պատահականորեն։ Տիեզերքն այնքա՜ն հրաշալի է կազմակերպված, որ ասես ստեղծված լինի մի հանճարեղ անձնավորության կողմից։ Մի՞թե իսկապես գոյություն ունի Աստված»։ Աստղադիտակի հետ կապված դեպքը մղեց ինձ հրաժարվել իմ ունեցած աթեիստական համոզմունքներից։
Ես ինքս ինձ հարց էի տալիս. «Եթե իսկապես գոյություն ունի Աստված, որն այնքան զորեղ և իմաստուն է, որ ստեղծել է այս զարմանահրաշ տիեզերքը, մի՞թե նա չի կարող փոխել երկրի վրա գոյություն ունեցող այս ողորմելի վիճակը։ Ինչո՞ւ է նա թույլատրում այս բոլոր տառապանքը»։ Երբ այս հարցերը տալիս էի կրոնական մարդկանց, նրանք չէին կարողանում գոհացուցիչ պատասխաններ տալ։
Բարձր դասարաններն ավարտելուց ու մի քանի տարի քոլեջում սովորելուց հետո ես միացա ԱՄՆ–ի ռազմածովային նավատորմին։ Սակայն բանակում գտնվող քահանաները նույնպես չէին կարողանում պատասխանել իմ հարցերին։ Հաճախ կրոնականները հետևյալ ձևով էին պատասխանում. «Տիրոջ ճանապարհներն անքննելի են»։
Որոնումներս շարունակվում են
Չինաստանից մեկնելուց հետո իմ հարցերը, կապված այն բանի հետ, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը, շարունակում էին անհանգստացնել ինձ։ Չէի կարողանում դրանք հանել իմ գլխից, հատկապես երբ տունդարձի ճանապարհին Խաղաղ օվկիանոսի տարբեր կղզիներում տեսնում էի զինվորների գերեզմաններ։ Դրանք այն երիտասարդ տղամարդկանց գերեզմաններն էին, որոնք մահացել էին վաղաժամ։
Երբ ժամանեցի Միացյալ Նահանգներ և ազատվեցի ռազմածովային նավատորմի ծառայությունից, դեռ մեկ տարի պետք է սովորեի Քեմբրիջի (Մասաչուսեթս) Հարվարդ համալսարանում։ Հենց այդ տարի ավարտեցի և ստացա բակալավրի աստիճան, սակայն չվերադարձա Կալիֆորնիա։ Որոշեցի ինչ–որ ժամանակ մնալ Ամերիկայի արևելյան ափում ու փորձել գտնել իմ հարցերի պատասխանները։ Ես մտադրվել էի գնալ Նյու Յորք, որտեղ բազմաթիվ կրոններ կային, որպեսզի հաճախեմ որոշ կրոնական հանդիպումների՝ տեսնելու, թե ինչ է այնտեղ ուսուցանվում։
Նյու Յորքում մորաքույրս՝ Իզաբել Կապիջյանը, հրավիրեց ինձ մնալու իր տանը։ Նա և իր երկու աղջիկները՝ Ռոզան ու Հռութը, Եհովայի վկաներ էին։ Քանի որ չէի մտածում, որ ինձ կհետաքրքրեն նրանց կրոնական համոզմունքները, սկսեցի հաճախել ուրիշ կրոնական հանդիպումների, զրուցել կրոնականների հետ և կարդալ նրանց գրականությունը։ Ես հարցնում էի նրանց, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը, բայց նրանք նույնպես չգիտեին այդ հարցի պատասխանը։ Ուստի ես եզրակացրեցի, որ Աստված գոյություն չունի։
Գտնում եմ պատասխանները
Ի վերջո հարցրեցի մորաքրոջս և նրա աղջիկներին, թե արդյոք կարող եմ կարդալ նրանց գրականությունը՝ Եհովայի վկաների համոզմունքներին ծանոթանալու համար։ Երբ կարդացի հրատարակությունները, միանգամից նկատեցի, որ Վկաները խիստ տարբերվում են ուրիշ կրոններից։ Նրանց պատասխանները հիմնված էին Աստվածաշնչի վրա և գոհացրին ինձ։ Կարճ ժամանակ անց իմ հարցերը, կապված այն բանի հետ, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը, պատասխանվեցին։
Բացի այդ, ես տեսա նաև, որ Եհովայի վկաները ապրում են իրենց համոզմունքների համաձայն։ Օրինակ՝ ես հարցրեցի մորաքրոջս, թե ինչ էին անում Եհովայի վկա տղամարդիկ Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Միացե՞լ էին նրանք ռազմական ուժերին, ասել «հա՛յլ Հիտլեր» և ողջունել սվաստիկայի պատկերով դրոշը։ Նա պատասխանեց՝ ոչ և բացատրեց, որ չեզոք դիրքորոշման պատճառով Վկաներին ուղարկել են համակենտրոնացման ճամբարներ, որտեղ նրանցից շատերին սպանել են, և որ պատերազմի ժամանակ Եհովայի վկաների դիրքորոշումը ամենուրեք նույնն է եղել, այսինքն՝ նրանք չեզոքություն են պահպանել։ Նույնիսկ դեմոկրատական երկրներում երիտասարդ Եհովայի վկաները բանտարկվել են իրենց չեզոք դիրքի համար։
Այնուհետև մորաքույրս խնդրեց ինձ կարդալ Յովհաննէս 13։35–ը, որտեղ ասվում է. «Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք»։ Ճշմարիտ քրիստոնյաները իրենց բնորոշ այս հատկությունը պետք է դրսևորեն՝ անկախ այն բանից, թե որտեղ են ապրում։ Նրանք երբեք չեն մասնակցի պատերազմի և չեն սպանի իրար պարզապես այն պատճառով, որ ուրիշ ազգից են։ Մորաքույրս հարցրեց. «Կարո՞ղ ես պատկերացնել, որ Հիսուսն ու նրա աշակերտները հռոմեական պատերազմների երկու կողմերում կռվում էին՝ սպանելով մեկը մյուսին»։
Նա նաև խնդրեց ինձ կարդալ Ա Յովհաննէս 3։10–12-ը։ Այնտեղ գրված է. «Սորանով են յայտնի Աստուծոյ Որդիքը եւ սատանայի որդիքը։ Ամեն ով որ արդարութիւն չէ անում, նա Աստուածանից չէ, եւ ոչ էլ նա՝ որ իր եղբօրը չէ սիրում։ .... Իրար սիրենք։ Ոչ թէ այնպէս ինչպէս որ Կայէնն էր չարիցը եւ իր եղբօրն սպանեց»։
Աստվածաշնչի տեսակետը այս հարցի վերաբերյալ պարզ է։ Ճշմարիտ քրիստոնյաները սիրում են մեկը մյուսին՝ անկախ այն բանից, թե որտեղ են ապրում։ Ուստի նրանք երբեք չեն սպանի իրենց այլազգի հոգևոր եղբայրներին կամ ուրիշ որևէ մարդու։ Ահա թե ինչու Հիսուսը կարող էր իր հետևորդների մասին ասել. «Այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ» (Յովհաննէս 17։16)։
Ինչու է թույլատրվում տառապանքը
Շուտով իմացա, որ Աստվածաշունչը բացատրում է, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը։ Այնտեղ գրված է, որ Աստված ստեղծեց մեր նախածնողներին կատարյալ և նրանց բնակեցրեց դրախտային պարտեզում (Ծննդոց 1։26; 2։15)։ Նաև շատ ցանկալի պարգև տվեց՝ ազատ կամք։ Բայց նրանք պետք է պատասխանատվությամբ օգտագործեին այդ պարգևը։ Եթե նրանք հնազանդվեին Աստծուն և նրա օրենքներին, ապա կմնային կատարյալ և կշարունակեին ապրել դրախտում։ Նրանք կընդարձակեին դրախտի սահմանները մինչև երկրի ծայրերը։ Նրանց սերունդը նույնպես կլիներ կատարյալ, և այսպիսով երկիրը կդառնար փառահեղ դրախտ՝ բնակեցված կատարյալ, երջանիկ մարդկանցով (Ծննդոց 1։28)։
Սակայն եթե Ադամն ու Եվան որոշեին գնալ Աստծուց անկախ ճանապարհով, այդ դեպքում կկորցնեին իրենց կատարելությունը (Ծննդոց 2։16, 17)։ Ի վնաս ողջ մարդկության՝ մեր առաջին ծնողները չարաշահեցին ազատ կամքի պարգևը և նախընտրեցին ապրել Աստծուց անկախ։ Այդ քայլին նրանց դրդեց մի ըմբոստ ոգեղեն արարած, որը հայտնի է որպես Բանսարկու Սատանա։ Նա ցանկանում էր Աստծուց անկախ լինել և ընդունել այն երկրպագությունը, որն իրավամբ միայն Աստծուն է պատկանում (Ծննդոց 3։1–19; Յայտնութիւն 4։11)։
Այսպիսով Սատանան դարձավ «այս աշխարհքի աստուածը» (Բ Կորնթացիս 4։4)։ Աստվածաշունչն ասում է. «Բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում» (Ա Յովհաննէս 5։19)։ Հիսուսը Սատանային անվանեց «այս աշխարհքի իշխանը» (Յովհաննէս 14։30)։ Սատանայի ու մեր առաջին ծնողների անհնազանդության պատճառով առաջ եկան անկատարությունը, տառապանքը, մահը, տխրությունը և բռնությունը (Հռովմայեցիս 5։12)։
«Մարդի բանը չէ»
Ցույց տալու համար, թե Ստեղծիչի օրենքները անտեսելը ինչ կնշանակեր մարդկանց համար, Աստված թույլատրեց, որ մարդիկ ճաշակեն դրա հետևանքները հազարավոր տարիներ։ Այս ժամանակահատվածը հնարավորություն է տվել բոլոր մարդկանց տեսնելու Աստվածաշնչի հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը։ Ով Տէր, ինձ խրատիր» (Երեմիա 10։23, 24)։
Դարեր են անցել, և մենք տեսնում ենք, թե Աստծուց անկախ կառավարման ձևը ինչ աղետներ է բերել։ Սակայն Աստված այլևս թույլ չի տա, որ մարդիկ շարունակեն իրենց կործանարար ընթացքը՝ իրենից և իր օրենքներից անկախ։
Հրաշալի ապագա
Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ շատ շուտով Աստված վերջ կդնի իրերի այս դաժան համակարգին։ Աստվածաշունչն ասում է. «Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ.... Բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։10, 11)։
Իսկ Դանիէլ 2։44–ում արձանագրված է հետևյալ մարգարեությունը. «Եւ այն թագաւորների [ներկայումս գոյություն ունեցող բոլոր կառավարությունների] օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս»։ Այլևս երբեք չի թույլատրվի, որ մարդիկ կառավարեն։ Ամբողջ երկրի վրա կիշխի Աստծու Թագավորությունը։ Նրա կառավարման ներքո ամբողջ երկրագունդը կվերածվի դրախտի, և մարդիկ կդառնան կատարյալ ու հավիտյան երջանիկ կապրեն։ Աստվածաշունչը խոստանում է. «Կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ» (Յայտնութիւն 21։4)։ Ի՜նչ հրաշալի ապագա է Աստված նպատակադրել մեզ համար։
Կյանքս փոխվում է
Հարցերիս գոհացուցիչ պատասխանները գտնելը փոխեց կյանքս։ Սկսած այդ ժամանակից՝ ես ցանկացա ծառայել Աստծուն և օգնել ուրիշներին էլ գտնելու այդ հարցերի պատասխանները։ Ես հասկացա Ա Յովհաննէս 2։17–ում գրված խոսքերի կարևորությունը. «Աշխարհքը [իրերի ներկա համակարգը, որը կառավարում է Սատանան] անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան»։ Ես շատ էի ցանկանում հավիտյան ապրել Աստծու նոր աշխարհում։ Վճռեցի մնալ Նյու Յորքում և սկսեցի ծառայել Եհովայի վկաների ժողովներից մեկում։ Ինձ հետ շատ հաճելի դեպքեր են պատահել, երբ օգնել եմ ուրիշներին սովորել այն, ինչ ես էի սովորել։
1949 թ.–ին հանդիպեցի Ռոզ Մարի Լյուիսին։ Նա, նրա մայրը՝ Սեդին, և վեց քույրերը Եհովայի վկաներ էին։ Ռոզ Մարին ծառայում էր Աստծուն լիաժամ։ Նա բազում լավ հատկություններ ուներ, ու դա անմիջապես գրավեց ինձ։ 1950 թ. հունիսին մենք ամուսնացանք և մնացինք Նյու Յորքում։ Մենք բավականություն էինք ստանում մեր ծառայությունից և ուրախանում, որ Աստծու նոր աշխարհում հավիտյան ապրելու հույս ունենք։
1957 թ.–ին Ռոզ Մարին և ես հրավիրվեցինք ծառայելու Եհովայի վկաների գլխավոր վարչությունում (Բրուքլին, Նյու Յորք)։ 2004 թ. հունիսին լրացավ մեր՝ երջանկությամբ լեցուն ամուսնության 54 ամյակը, որից 47 տարիներն անցկացրել ենք Բրուքլինի վարչությունում։ Դրանք Եհովայի ծառայության մեջ անցկացրած օրհնությամբ լի տարիներ էին, որոնց ընթացքում համագործակցել ենք հազարավոր եղբայրների ու քույրերի հետ։
Ամենածանր տառապանքը
Ցավոք, 2004 թ. դեկտեմբերի սկզբին Ռոզ Մարիի թոքերից մեկում հայտնաբերեցին չարորակ ուռուցք։ Բժիշկները եկան այն եզրակացության, որ այն արագորեն զարգանում է և պետք է հեռացվի։ Դեկտեմբերի վերջին նրան վիրահատեցին, և մեկ շաբաթ անց վիրաբույժը եկավ Ռոզ Մարիի հիվանդասենյակ, երբ ես այնտեղ էի, ու ասաց. «Ռոզ Մարի, գնա տուն, դու բուժված ես»։
Սակայն տուն վերադառնալուց հետո՝ ընդամենը մի քանի օր անց, Ռոզ Մարին ուժեղ ցավեր ունեցավ ստամոքսի շրջանում և այլ օրգաններում։ Ցավերը սաստկացան, ուստի նա վերադարձավ հիվանդանոց՝ ստուգումներ անցնելու։ Պարզվեց, որ նրա մի շարք կարևոր օրգաններում արյան անոթների խցանում կար, որը թույլ չէր տալիս, որ այդ օրգանները անհրաժեշտ քանակությամբ թթվածին ստանային։ Բժիշկները ամեն հնարավոր բան արեցին նրան բուժելու համար, սակայն՝ ապարդյուն։ Ընդամենը մի քանի շաբաթ անց 2005 թ. հունվարի 30–ին ես կրեցի կյանքիս ամենածանր տառապանքը։ Իմ սիրելի Ռոզ Մարին մահացավ։
Այդ ժամանակ ես մոտ 80 տարեկան էի։ Կյանքիս ընթացքում տեսել եմ, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ տառապել, բայց սա մի ուրիշ ցավ էր։ Ռոզ Մարին և ես, ինչպես ասում է Աստվածաշունչը, «մէկ մարմին» էինք (Ծննդոց 2։24)։ Ես տեսել եմ ուրիշների տառապանքը և ինքս էլ տառապել եմ, երբ ընկերներս ու հարազատներս մահացել են։ Սակայն այն ցավը, որ զգացի, երբ կինս մահացավ, անհամեմատելի էր ու տևական։ Այժմ լիարժեքորեն գիտակցում եմ, թե դարեր շարունակ սիրելիների մահը որքան մեծ ցավ է պատճառել մարդկանց։
Ինձ համար մեծ օգնություն է եղել այն, որ հասկացել եմ, թե որն է տառապանքի պատճառը, և թե ինչպես է դա վերջ գտնելու։ Սաղմոս 34։18–ն ասում է. «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին»։ Այն բանի իմացությունը, որ Աստվածաշունչը հարության հույս է տալիս, և որ մարդիկ կյանքի կվերադառնան ու հնարավորություն կունենան հավիտյան ապրել Աստծու նոր աշխարհում, օգնում է դիմանալ տառապանքին։ Գործք 24։15–ում ասվում է. «Արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի»։ Ռոզ Մարին ջերմորեն սիրում էր Աստծուն։ Վստահ եմ, որ Աստված նմանապես սիրում էր նրան և կհիշի ու կյանքի ետ կբերի Ռոզ Մարիին իր սահմանած ժամանակին, հուսով եմ շատ շուտով (Ղուկաս 20։38; Յովհաննէս 11։25)։
Թեև հարազատի մահը մեծ ցավ է պատճառում, սակայն հարության ժամանակ ստացած ուրախությունը ավելի մեծ կլինի (Մարկոս 5։42)։ Աստված խոստանում է. «Քո մեռելները պիտի ողջննան.... երկիրը իր մեռելները դուրս պիտի նետէ» (Եսայիա 26։19, ԱԱ)։ Գործք 24։15–ում հիշատակված «արդարներ[ը]» հավանաբար ավելի շուտ հարություն կառնեն։ Որքա՜ն հրաշալի կլինի այդ ժամանակ։ Հարություն առածների թվում կլինի նաև Ռոզ Մարին։ Ինչպիսի՜ ջերմությամբ նրան կողջունեն իր սիրելիները։ Բավականությամբ լեցուն ի՜նչ կյանքով կապրենք մի աշխարհում, որտեղ այլևս չի լինի տառապանք։
[նկարներ 9-րդ էջի վրա]
Ես ականատես եմ եղել այն բանին, թե ինչպես են մարդիկ տառապել Չինաստանում
[նկարներ 10-րդ էջի վրա]
Սկսած 1957 թ.–ից՝ ես ծառայում եմ Եհովայի վկաների՝ Բրուքլինում գտնվող գլխավոր վարչությունում
[նկար 12-րդ էջի վրա]
1950 թ.–ին ամուսնացա Ռոզ Մարիի հետ
[նկար 13-րդ էջի վրա]
Մեր ամուսնության 50–րդ տարեդարձին, 2000 թ.