«Աստուած սէր է»
«Նա որ չէ սիրում, Աստուծուն չէ ճանաչել. որովհետեւ Աստուած սէր է» (Ա ՅՈՎՀԱՆՆԷՍ 4։8)։
1-3. ա) Ի՞նչ է Աստվածաշունչը ասում Եհովայի սիրո մասին, և ի՞նչ առումով է այս նկարագրությունը յուրօրինակ։ բ) Ինչո՞ւ է Աստվածաշունչը ասում, որ «Աստուած սէր է»։
ԵՀՈՎԱՅԻ բոլոր հատկություններն էլ չքնաղ, կատարյալ և հրապուրիչ են։ Սակայն այդ հատկություններից ամենագրավիչը սերն է։ Ոչինչ այդքան զորավոր կերպով մեզ չի մոտեցնում Եհովային, որքան նրա սերը։ Ուրախալի է նաև, որ սերը նրա գլխավոր հատկությունն է։ Որտեղի՞ց գիտենք։
2 Աստվածաշունչը սիրո մասին ասում է մի բան, որը երբեք չի ասում Եհովայի մնացած հիմնական հատկությունների վերաբերյալ։ Գրություններում չենք հանդիպի այսպիսի արտահայտությունների, ինչպես օրինակ՝ Աստված զորություն է, Աստված արդարություն է կամ նույնիսկ Աստված իմաստություն է։ Նա ունի այդ հատկությունները և հանդիսանում է այդ երեքի մեծագույն աղբյուրը։ Սիրո մասին, սակայն, ավելի խոր միտք է արտահայտված Ա Յովհաննէս 4։8–ում. «Աստուած սէր է»։ Այո՛, սերը Եհովայի անբաժանելի մասն է։ Այն հենց իր էությունն է։ Եթե ընդհանրացնենք, կարելի է այսպես մտածել. Եհովայի զորությունը հնարավորություն է տալիս նրան գործելու։ Նրա արդարությունն ու իմաստությունը առաջնորդում են նրան գործելու։ Մինչդեռ Եհովայի սերը մղում է նրան գործելու։ Նրա սերը միշտ արտացոլվում է այն բանում, թե ինչպես է նա դրսևորում իր մյուս հատկությունները։
3 Հաճախ է ասվում, որ Եհովան սիրո մարմնացումն է։ Ուստի եթե ուզում ենք սովորել սիրո մասին, պետք է նախ սովորենք Եհովայի մասին։ Այժմ եկեք ուսումնասիրենք Եհովայի անզուգական սիրո մի քանի առանձնահատկությունները։
Սիրո մեծագույն դրսևորումը
4, 5. ա) Ո՞րն է սիրո մեծագույն դրսևորումը ողջ պատմության ընթացքում։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան և իր Որդին միացած են սիրո՝ երբևէ հաստատված ամենաամուր կապով։
4 Եհովան շատ ձևերով է սեր դրսևորել, բայց դրանցից մեկը գերազանցում է մնացած բոլորին։ Ինչի՞ մասին է խոսքը. այն, որ նա ուղարկեց իր Որդուն՝ չարչարվելու և մահանալու մեզ համար։ Առանց երկմտելու կարող ենք ասել, որ այս արարքը ողջ պատմության մեջ սիրո մեծագույն դրսևորումն է եղել։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։
5 Աստվածաշնչում Հիսուսը կոչվում է «բոլոր ստեղծուածներուն անդրանիկը» (Կողոսացիս 1։15, Արևմտ. Աստ.)։ Մի պահ մտածիր. Եհովայի Որդին գոյություն է ունեցել դեռևս նյութական տիեզերքի ստեղծվելուց առաջ։ Իսկ որքա՞ն ժամանակ են Հայրն ու Որդին միասին եղել։ Որոշ գիտնականների հաշվարկներով՝ տիեզերքը 13 միլիարդ տարի է, ինչ գոյություն ունի։ Բայց նույնիսկ եթե այս հաշվարկները ճշգրիտ են, միևնույն է, այդ ժամանակահատվածը բավարար չէ՝ ներկայացնելու Եհովայի անդրանիկ Որդու կյանքի տևողությունը։ Ինչո՞վ է նա զբաղված եղել այդ անհաշիվ տարիների ընթացքում։ Որդին ուրախությամբ ծառայել է իր Հորը՝ որպես «ճարտարապետ» (Առակաց 8։30; Յովհաննէս 1։3)։ Եհովան իր Որդու հետ միասին է գործել մնացած բոլոր բաները ստեղծելիս։ Որքա՜ն հետաքրքիր և ուրախ ժամանակներ են նրանք միասին անցկացրել։ Ուստի մեզանից ո՞վ կարող է լիարժեք կերպով հասկանալ, թե որքան զորեղ է եղել նրանց միջև եղած կապը, որ գոյություն է ունեցել այդ աներևակայելի երկար տարիների ընթացքում։ Պարզ է, ուրեմն, որ Եհովա Աստված և իր Որդին միացած են սիրո՝ երբևէ հաստատված ամենաամուր կապով։
6. Ինչպե՞ս Եհովան արտահայտեց իր զգացմունքները Որդու հանդեպ այն պահին, երբ Հիսուսը մկրտվեց։
6 Չնայած դրան՝ Հայրը ուղարկեց Որդուն երկիր՝ ծնվելու որպես մարդ։ Դա նշանակում էր, որ մի քանի տասնյակ տարիներ Եհովան ստիպված էր իրեն զրկել երկնքում իր շատ սիրելի Որդու հետ ունեցած սերտ ընկերակցությունից։ Մեծ հետաքրքրությամբ նա երկնքից հետևում էր, թե ինչպես էր Հիսուսը մեծանում որպես կատարյալ մարդ։ Մոտ 30 տարեկան հասակում Հիսուսը մկրտվեց։ Այդ առիթով Հայրը անձամբ խոսեց երկնքից՝ ասելով. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի» (Մատթէոս 3։17)։ Որքա՜ն մեծ գոհունակություն պետք է որ զգար Հայրը՝ տեսնելով, որ Հիսուսը հավատարմորեն կատարում էր այն ամենը, ինչ մարգարեացվել էր, և ինչ որ իրեն հանձնարարվել էր անելու (Յովհաննես 5։36; 17։4)։
7, 8. ա) Ի՞նչ տանջանքներ կրեց Հիսուսը մ. թ. 33–ի նիսանի 14–ին, և այդ ամենը ինչպե՞ս ազդեց նրա երկնային Հոր վրա։ բ) Ինչո՞ւ Եհովան թույլ տվեց, որ իր Որդին չարչարվի ու մահանա։
7 Իսկ ինչպիսի՞ ապրումներ ունեցավ Եհովան մ. թ. 33–ի նիսանի 14–ին, երբ Հիսուսը դավաճանությամբ մատնվեց, ապա ձերբակալվեց վայրագ ամբոխի կողմից։ Երբ Հիսուսին ծաղրուծանակի ենթարկեցին, թքեցին վրան, բռունցքներով հարվածեցի՞ն։ Երբ նրան խարազանեցին, ու նրա մեջքի մաշկը պատառոտվե՞ց։ Երբ նրա ձեռքերն ու ոտքերը մեխեցին փայտե սյանը, և ամբողջ մարմինը թողեցին այդ ցցից կախվա՞ծ, մինչ մարդիկ շարունակում էին ծաղրել։ Ի՞նչ էր զգում Հայրը, երբ իր սիրելի Որդին անասելի տառապանքների միջից դեպի իրեն աղաղակեց։ Ի՞նչ էր զգում Եհովան, երբ Հիսուսն իր վերջին շունչը տվեց, և արարչագործությունից ի վեր առաջին անգամ իր սիրելի Որդին դադարեց գոյություն ունենալ (Մատթէոս 26։14–16, 46, 47, 56, 59, 67; 27։26, 38–44, 46; Յովհաննէս 19։1)։
8 Քանի որ Եհովան զգացմունքներ ունի, ուստի այն խոր ցավը, որ նա զգաց իր Որդու մահը տեսնելիս, հնարավոր չէ նկարագրել. բառերն այստեղ անզոր են։ Այն, ինչ հնարավոր է արտահայտել՝ Եհովայի մղումն է, որ թույլ տվեց՝ այդ ամենը տեղի ունենա։ Ի՞նչն էր պատճառը, որ Հայրը նման տանջալից ապրումների ենթարկեց իրեն։ Եհովան մեզ համար մի հրաշալի բան է բացահայտում Յովհաննէս 3։16 համարում՝ այնքան կարևոր աստվածաշնչյան մի համար, որը անվանվել է «փոքրիկ Ավետարան»։ Այնտեղ ասվում է. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ»։ Ուրեմն Աստծո մղումը հետևյալն է՝ սեր։ Այսչափ մեծ սեր երբեք՝ ոչ մի ժամանակ չի ցուցաբերվել։
Ինչպես է Եհովան վստահեցնում, որ սիրում է մեզ
9. Սատանան ցանկանում է, որ մենք ի՞նչ մտածենք Եհովայի՝ մեր հանդեպ ունեցած տեսակետի վերաբերյալ, սակայն ինչո՞ւմ է Եհովան մեզ հավաստիացնում։
9 Բայցևայնպես, մի կարևոր հարց է ծագում. արդյո՞ք Աստված մեզ սիրում է անհատապես։ Ոմանք գուցե համաձայնեն, որ Աստված ընդհանուր առմամբ սիրում է մարդկությանը, ինչպես ասվում է Յովհաննէս 3։16–ում։ Բայց իրականում նրանք այսպես են մտածում. «Աստված երբեք չի սիրի ինձ որպես անհատ»։ Փաստն այն է, որ Բանսարկու Սատանան ամեն ջանք գործադրում է, որպեսզի մեզ մտածել տա, թե Եհովան չի սիրում մեզ և չի գնահատում։ Մյուս կողմից, որքան էլ ինքներս մեզ չսիրված ու անարժեք համարենք, Եհովան հավաստիացնում է, որ իր հավատարիմ ծառաներից յուրաքանչյուրը թանկ է իր համար։
10, 11. Ինչպե՞ս է ճնճղուկների մասին Հիսուսի բերած օրինակը ցույց տալիս, որ մենք արժեքավոր ենք Եհովայի համար։
10 Քննենք, օրինակ, Հիսուսի խոսքերը՝ գրված Մատթէոս 10։29–31 համարներում։ Օրինակի միջոցով ցույց տալով, որ իր աշակերտները գնահատվում են՝ նա ասաց. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր։ Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են։ Ուրեմն մի վախենաք. դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք»։ Եկ մտածենք, թե ինչ էին նշանակում այս խոսքերը Հիսուսի՝ առաջին դարի ունկնդիրների համար։
11 Հիսուսի օրերում որպես սնունդ վաճառվող թռչուններից ամենաէժանը ճնճղուկն էր։ Մեկ դանկի՝ չնչին արժեք ունեցող մետաղադրամ վճարելով՝ կարելի էր գնել երկու ճնճղուկ։ Սակայն ավելի ուշ Ղուկաս 12։6, 7 համարներում Հիսուսն ասաց, որ եթե անհատը վճարեր երկու «դանկի», նա ձեռք կբերեր ոչ թե չորս, այլ հինգ ճնճղուկ։ Հինգերորդ ճնճղուկը ձրի էին տալիս, ասես այն անարժեք մի բան լիներ։ Հավանաբար այս թռչունները մարդկանց համար արժեք չունեին, բայց ինչպե՞ս էր Արարիչը վերաբերվում նրանց։ Հիսուսն ասաց. «Նորանցից մէկն էլ [նույնիսկ այն մեկ հատ ավելին տրվածը] Աստուծոյ առաջին մոռացուած չէ»։ Հիմա արդեն կարող ենք հասկանալ, թե ինչ էր ուզում ասել Հիսուսը։ Եթե Եհովայի համար մի ճնճղուկն անգամ այդքան արժեքավոր է, ապա որքա՜ն ավելի մեծ արժեք ունի մարդ արարածը նրա աչքին։ Հիսուսի խոսքերի համաձայն՝ Եհովան գիտի բոլոր մանրամասնությունները մեր մասին։ Այո՛, մեր գլխի մազերն իսկ հաշված են։
12. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Հիսուսը չէր չափազանցնում՝ ասելով, որ մեր գլխի մազերը հաշված են։
12 Թերևս ոմանք մտածեն, թե Հիսուսը չափազանցնում էր։ Մտածիր, սակայն, հարության մասին։ Որքա՜ն մոտիկից պետք է Եհովան ճանաչի մեզ, որպեսզի նորից ստեղծի։ Նա այնքան է արժեվորում մեզ, որ հիշում է յուրաքանչյուր մանրամասնություն՝ ներառյալ մեր բարդ գենետիկական համակարգը և ամբողջ տարիների ընթացքում կուտակած մեր հիշողություններն ու փորձը։ Այս ամենի հետ համեմատած՝ մեր գլխի մազերը հաշվելը, որոնց թիվը միջին հաշվով հասնում է 100 000–ի, իրենից դժվարություն չէր ներկայացնի։ Որքա՜ն գեղեցիկ կերպով են Հիսուսի խոսքերը մեզ վստահեցնում, որ Եհովան հոգ է տանում մեր մասին՝ անհատապես։
13. Ինչպե՞ս է Հովսափատ թագավորի օրինակը ցույց տալիս, որ, չնայած մեր անկատարությանը, Եհովան բարի բաներ է փնտրում մեր մեջ։
13 Աստվածաշունչը մեկ ուրիշ բան էլ է մեզ հայտնում՝ որպես հավաստիացում այն բանի, որ Եհովան սիրում է մեզ։ Նա փնտրում է մեր լավ կողմերը ու գնահատում դրանք։ Նկատի առնենք, օրինակ, բարի թագավոր Հովսափատի հետ կատարվածը։ Երբ վերջինս անխոհեմ արարք գործեց, Եհովայի մարգարեն ասաց նրան. «Սորա համար քեզ վերայ բարկութիւն կայ Տիրոջ երեսից»։ Ինչպիսի՜ սթափեցնող խոսքեր։ Բայց Եհովայի ասելիքը դրանով չավարտվեց։ Շարունակության մեջ կարդում ենք. «Բայց քեզ վերայ բարի բաներ են գտնվում» (Բ Մնացորդաց 19։1–3)։ Ինչպես տեսնում ենք, Եհովայի արդարացի զայրույթը չկուրացրեց իրեն և արգելք չհանդիսացավ, որպեսզի նա կարողանար նկատել Հովսափատի սրտում եղած «բարի բաներ[ր]»։ Ոգևորիչ չէ՞ արդյոք իմանալ, որ, չնայած մեր անկատարությանը, Աստված բարի բաներ է փնտրում մեր մեջ։
Աստված, որը պատրաստ է ներելու
14. Մեղանչելիս ինչպիսի՞ ծանր զգացումներ թերևս ունենանք, սակայն ինչպե՞ս կարող ենք օգտվել Եհովայի ներողամտությունից։
14 Երբ մեղանչում ենք, հիասթափությունը, ամոթի և մեղավորության զգացումը կարող են դրդել մեզ մտածելու, որ երբեք չենք կարող արժանի լինել Եհովային ծառայելու։ Սակայն հիշիր՝ Եհովան «ներող» է՝ պատրաստ է ներելու (Սաղմոս 86։5)։ Այո՛, եթե զղջում ենք մեր կատարած մեղքերի համար և մեծ ջանքեր գործադրում, որպեսզի դրանք այևս չկրկնվեն, ապա կարող ենք օգտվել Եհովայի ներողամտությունից։ Տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը նկարագրում Եհովայի սիրո այս հիանալի առանձնահատկությունը։
15. Որքա՞ն է Եհովան մեզանից հեռացնում մեր մեղքերը։
15 Սաղմոսերգու Դավիթը Եհովայի ներողամտությունը նկարագրելու համար օգտագործեց մի պատկերավոր արտահայտություն. «Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները» (Սաղմոս 103։12)։ Որքանո՞վ են արևելքն ու արևմուտքը հեռու իրարից։ Որոշակի իմաստով՝ արևելքը միշտ էլ արևմուտքի հակառակ կողմում է. այս երկուսը երբեք չեն կարող իրար հատվել։ Մի գիտնական նշում է, որ այս արտահայտությունը հետևյալ իմաստն ունի. «որքան հնարավոր է հեռու՝ այնքան հեռու, որքան ի վիճակի ենք պատկերացնել»։ Դավիթի՝ Աստծո ներշնչմամբ գրված խոսքերից իմանում ենք, որ երբ Եհովան ներում է մեզ, նա մեր մեղքերը այնքան է հեռացնում է մեզանից, որքան որ հնարավոր է պատկերացնել։
16. Երբ Եհովան ներում է մեր մեղքերը, ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ դրանից հետո նա մեզ մաքուր է համարում։
16 Երբևէ փորձե՞լ ես բաց գույնի հագուստի վրայից մաքրել ինչ–որ հետք։ Չնայած քո մեծ ջանքերին՝ հավանաբար այդ հետքը ամբողջությամբ չի անհետացել։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես է Եհովան նկարագրում ներելու իր կարողությունը։ Նա ասում է. «Եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան» (Եսայիա 1։18)։ «Կրկնակի կարմիր» արտահայտությունը վերաբերում է վառ կարմիր գույնին։a «Որդան» կարմիրը եղել է ներկված առարկաների ամենամուգ գույնը։ Մեր սեփական ջանքերով երբեք չենք կարող մեր վրայից հեռացնել մեղքի հետքը։ Սակայն Եհովան կարող է վերացնել մեղքեր, որոնք նման են «կրկնակի կարմիրի» կամ «որդան կարմիրի», և դրանք դարձնել սպիտակ, ինչպես ձյուն կամ չներկված բուրդ։ Ուստի երբ Եհովան ներում է մեր մեղքերը, կարիք չկա մտածելու, թե դեռ ողջ կյանքի ընթացքում կրելու ենք դրանց հետքերը։
17. Ի՞նչ իմաստով է Եհովան մեր մեղքերը շպրտում ‘իր մեջքի ետևը’։
17 Մահացու հիվանդությունից ազատվելուց հետո Եզեկիան գրեց երախտագիտություն արտահայտող մի հուզիչ երգ, որտեղ նա ասում էր Եհովային. «Բոլոր մեղքերս մէջքիդ ետեւը գցեցիր» (Եսայիա 38։17)։ Եհովան այստեղ պատկերված է որպես մեկը, ով վերցնում է զղջացող մեղավորի մեղքերը և շպրտում Իր ետևը, որտեղ նա այլևս ոչ տեսնում է դրանք և ոչ էլ ուշադրություն է դարձնում դրանց վրա։ Համաձայն մի աշխատության՝ այստեղ ներկայացված միտքը կարելի է հետևյալ կերպ արտահայտել. «Այնպես վարվեցիր [մեղքերիս հետ], ասես դրանք չէին էլ կատարվել»։ Մի՞թե մխիթարական չեն այս խոսքերը։
18. Ինչպե՞ս են Միքիա մարգարեի խոսքերը ցույց տալիս, որ երբ Եհովան ներում է, նա ամբողջությամբ է հեռացնում մեր մեղքերը։
18 Վերականգնման մասին տրված խոստման մեջ Միքիա մարգարեն արտահայտեց իր համոզվածությունը, որ Եհովան ներելու էր իր զղջացող ժողովրդին։ Նա ասաց. «Ո՞վ է Աստուած քեզ նման.... իր ժառանգութեան մնացորդի մեղքիցն անց կենող.... եւ մեր բոլոր մեղքերը դու կ’գցես ծովի խորքերը» (Միքիա 7։18, 19)։ Փորձիր պատկերացնել, թե ինչ էին նշանակում այդ խոսքերը աստվածաշնչյան ժամանակներում ապրող մարդկանց համար։ Հնարավո՞ր էր արդյոք ետ վերադարձնել մի բան, որը գցվել էր «ծովի խորքերը»։ Այսպիսով՝ Միքիայի խոսքերը ցույց են տալիս, որ երբ Եհովան ներում է, նա ամբողջությամբ է հեռացնում մեր մեղքերը։
‘Մեր Աստծո գթառատ ողորմությունը’
19, 20. ա) Ո՞րն է եբրայերեն բայի նշանակությունը, որ թարգմանվում է «գթալ» կամ «խղճալ» բառերով։ բ) Ինչպե՞ս է Աստվածաշունչը իր փոքրիկի հանդեպ ունեցած մայրական զգացմունքները նկարագրելով՝ մեզ սովորեցնում Եհովայի գթասրտության մասին։
19 Եհովայի սիրո մեկ ուրիշ դրսևորումն է գթասրտությունը։ Ի՞նչ է գթասրտությունը։ Աստվածաշնչում սերտ կապ գոյություն ունի գթասրտության և կարեկցանքի միջև։ Եբրայերենում և հունարենում կան մի շարք բառեր, որ տալիս են գթասրտության իմաստը։ Օրինակ՝ եբրայերեն ռախամ բայը հաճախ թարգմանվում է այսպես՝ «գթալ» կամ «խղճալ»։ Եբրայերեն այս տերմինը, որը Եհովան վերագրում է իրեն, առնչվում է «արգանդ» բառի հետ և կարող է նկարագրել «մայրական գթասրտությունը»։
20 Եհովայի գթասրտության մասին մեզ սովորեցնելու համար Աստվածաշունչը որպես համեմատություն օրինակ է բերում մայրական զգացմունքները, որ վերջինս տածում է իր մանկիկի հանդեպ։ Եսայիա 49։15–ում ասվում է. «Մի՞թէ կինը կ’մոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չ’գթայ [ռախամ] իր որովայնի ծննդեան վերայ. նորանք եթէ մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանալ» (Եսայիա 49։15)։ Դժվար է պատկերացնել մի մոր, որը մոռանա կերակրել իր ծծկեր երեխային ու հոգ տանել նրա մասին։ Ինչ խոսք, մանկիկը անօգնական է. գիշեր–ցերեկ նա իր մոր ուշադրության կարիքն է զգում։ Ցավալի է, բայց մայրական անտարբեր վերաբերմունքը նորություն չէ, հատկապես այս «չար ժամանակներ[ում]» (Բ Տիմոթէոս 3։1, 3)։ «Բայց,— հայտարարում է Եհովան,— ես քեզ չեմ մոռանալ»։ Եհովայի՝ իր ծառաների հանդեպ ունեցած ջերմ գթառատությունը անհամեմատ ավելի ուժեղ է, քան մեզ ծանոթ ամենաքնքուշ բնական զգացմունքները, ինչպես օրինակ՝ գթասրտությունը, որ սովորաբար մայրը զգում է իր փոքրիկի հանդեպ։
21, 22. Ինչպիսի՞ վիճակում էին գտնվում իսրայելացիները Եգիպտոսում, և ինչպե՞ս Եհովան պատասխանեց նրանց աղաղակներին։
21 Ինչպե՞ս է Եհովան սիրող ծնողի պես գթասրտություն ցույց տալիս։ Նրա այս հատկության դրսևորումը ավելի հստակ է երևում այն բանում, թե ինչպես նա վերաբերվեց վաղեմի Իսրայել ազգի հետ։ Մ. թ. ա. 16–րդ դարի վերջերին միլիոնավոր իսրայելացիներ Եգիպտոսում ստրկության մեջ էին գտնվում և դաժան կեղեքման զոհ էին դարձել (Ելից 1։11, 14)։ Հառաչանքների մեջ՝ իսրայելացիները աղերսեցին Եհովային օգնության համար։ Ինչպե՞ս արձագանքեց գթասիրտ Աստվածը։
22 Եհովայի սիրտը ազդվեց։ Նա ասաց. «Իրաւ տեսայ իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, և.... նորանց աղաղակը լսեցի.... նորանց նեղութիւնները իմացայ» (Ելից 3։7)։ Անհնար է, որ Եհովան տեսներ իր ժողովրդի տառապանքները կամ լսեր նրանց աղաղակները և միևնույն ժամանակ կարեկցանք չզգար նրանց հանդեպ։ Եհովան կարեկից Աստված է։ Կարեկցանքը՝ ուրիշների ցավը զգալու կարողությունը, սերտորեն կապված է գթասրտության հետ։ Բայցևայնպես, Եհովան միայն իր ժողովրդի ցավը զգալով չբավարարվեց. նա գործի անցավ հօգուտ նրանց։ Եսայիա 63։9–ում ասվում է հետևյալը. «Իր սիրովն ու գթութիւնովը նա փրկեց նորանց»։ «Զօրաւոր ձեռքով» նա ազատագրեց իսրայելացիներին Եգիպտոսից (Բ Օրինաց 4։34)։ Որից հետո նա հրաշքով կերակրեց նրանց և առաջնորդեց այն բերքառատ երկիրը, որ պատկանելու էր իրենց։
23. ա) Ինչպե՞ս են սաղմոսերգուի խոսքերը հավաստիացնում, որ Եհովան խորապես մտահոգվում է մեզանից յուրաքանչյուրով։ բ) Ի՞նչ ձևերով է Եհովան օգնում մեզ։
23 Եհովան գթառատություն է դրսևորում իր ժողովրդի հանդեպ ոչ թե ուղղակի որպես ամբողջության. մեր սիրառատ Աստվածը խորապես հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով՝ անհատապես։ Նա լավ տեղյակ է մեր կրած բոլոր տառապանքների մասին։ Սաղմոսերգուն այսպես արտահայտվեց. «Տիրոջ աչքերը արդարների վերայ են. եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ։ Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34։15, 18)։ Իսկ ինչպե՞ս է Եհովան մեզ անհատապես օգնում։ Անպայման չէ, որ նա վերացնի մեր տառապանքների պատճառները։ Բայց նա բավականին շատ միջոցներ է ձեռնարկել նրանց համար, ովքեր օգնության համար իրեն են աղերսում։ Նրա Խոսքը տալիս է գործնական խորհուրդներ, որոնք մեծ օգնություն կարող են հանդիսանալ մեզ համար։ Ժողովում նա նշանակում է հոգևոր որակավորումներ ունեցող վերակացուներ, որոնք մյուսներին օգնելիս աշխատում են արտացոլել նրա գթասրտությունը (Յակոբոս 5։14, 15)։ Որպես «աղօթքի լսող»՝ Եհովան «Սուրբ Հոգին [տալիս է] նորանց, որ ուզում են նորանից» (Սաղմոս 65։2 Արևմտ. Աստ.; Ղուկաս 11։13)։ Այս ամենը մեր Աստծո «գթառատ ողորմութեան» դրսևորումներն են (Ղուկաս 1։78, ԷԹ)։
24. Ինչպե՞ս կարձագանքես Եհովայի սիրուն։
24 Մի՞թե ոգեշնչող չէր մոտիկից ուսումնասիրել մեր երկնային Հոր սիրո մասին։ Նախորդ հոդվածում մեկ անգամ ևս նշվեց այն մասին, որ հօգուտ մեզ Եհովան սիրով է դրսևորում իր զորությունը, արդարությունն ու իմաստությունը։ Իսկ այս հոդվածում տեսանք, որ Եհովան ուղղակիորեն և հրաշալի ձևերով է արտահայտում իր սերը ինչպես ողջ մարդկության, այնպես էլ ամեն մեկիս հանդեպ։ Այժմ մեզանից յուրաքանչյուրը թող իրեն հարց տա. «Անձամբ ես ինչպե՞ս պետք է արձագանքեմ Եհովայի սիրուն»։ Թող որ քո արձագանքը լինի նրան սիրելը՝ ողջ սրտով, մտքով, հոգով ու զորությամբ (Մարկոս 12։29, 30)։ Թող որ քո ապրելակերպը օրեցօր արտացոլի Եհովային ավելի ու ավելի մոտենալու քո անկեղծ ցանկությունը։ Եվ թող որ Եհովան՝ սիրո Աստվածը, է՛լ ավելի մոտենա քեզ ողջ հավիտենության ընթացքում (Յակոբոս 4։8)։
[ծանոթագրություն]
a Ինչպես նշում է մի աստվածաշնչագետ, մուգ կարմիրը «չմաքրվող կամ չխամրող գույն էր։ Ոչ ցողը, ոչ անձրևը, ոչ լվանալը և ոչ էլ երկար գործածությունը չէին կարող վերացնել այն»։
Հիշո՞ւմ ես
• Ինչի՞ց ենք իմանում, որ սերը Եհովայի գլխավոր հատկությունն է։
• Ինչո՞ւ կարելի է ասել, որ Եհովան, ուղարկելով իր Որդուն և թույլ տալով, որ նա չարչարվի ու մահանա մեզ համար, երբևէ դրսևորված սիրո մեծագույն օրինակը ցույց տվեց։
• Ինչպե՞ս է Եհովան մեզ վստահեցնում, որ սիրում է մեզ՝ անհատապես։
• Ինչպիսի՞ վառ պատկերներով է Աստվածաշունչը նկարագրում Եհովայի ներողամտությունը։
[նկար 15–րդ էջի վրա]
«Աստուած.... իր միածին Որդին տուաւ»
[նկար 16–րդ և17–րդ էջերի վրա]
«Դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք»
[թույլտվությամբ]
© J. Heidecker/VIREO
[նկար 18–րդ էջի վրա]
Մանկիկի հանդեպ ունեցած մոր զգացմունքները մեզ սովորեցնում են Եհովայի գթասրտության մասին