Քո ընտրած ժամանցի ձևը օգտակա՞ր է արդյոք
«Շարունակեք հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը» (ԵՓԵՍ. 5։10)։
1, 2. ա) Աստծու Խոսքն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան ուզում է, որ մենք վայելենք կյանքը։ բ) Ուրախ ժամանակ անցկացնելը «Աստծու պարգև» համարելը ի՞նչ անելու կմղի մեզ։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ հանդիպում են խոսքեր, որոնք ցույց են տալիս, որ Եհովան ուզում է, որ մենք ոչ թե պարզապես ապրենք, այլ վայելենք կյանքը։ Օրինակ՝ Սաղմոս 104։14, 15-ում գրված է, որ Եհովան «երկրից կերակուր է հանում ու գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը, յուղ, որ փայլեցնում է նրա երեսը, և հաց, որ ամրացնում է մարդու սիրտը»։ Ինչ խոսք, մեզ սննդով ապահովելու համար է Եհովան սերմից հացահատիկ աճեցնում, տալիս յուղ ու գինի։ Բայց գինին նաև «ուրախացնում է մարդու սիրտը»։ Փաստորեն, Եհովան մեզ ավելին է տալիս, քան պահանջվում է կյանքը պահպանելու համար. տալիս է այնպիսի բաներ, որոնք մեր կյանքը ուրախությամբ են լցնում (Ժող. 9։7; 10։19)։ Այո՛, նա ուզում է, որ մենք վայելենք կյանքը և մեր «սրտերը ուրախությամբ լցվեն» (Գործ. 14։16, 17)։
2 Հետևաբար, չպետք է մեղավորության զգացում ունենանք այն բանի համար, որ երբեմն ժամանակ ենք հատկացնում «ուշադիր նայելու երկնքի թռչուններին» և «դաշտի շուշաններին» կամ որևէ այլ բանով զբաղվելու, ինչը թարմություն է պատճառում մեզ և հարստացնում մեր կյանքը (Մատթ. 6։26, 28; Սաղ. 8։3, 4)։ Ողջամտությամբ վարած կյանքը «Աստծու պարգևն է» (Ժող. 3։12, 13)։ Եթե ուրախ ժամանակ անցկացնելը դիտենք որպես այդ պարգևի մաս, կմղվենք ժամանցի այնպիսի ձև ընտրելու, որը հաճելի կլինի այդ պարգևը Տվողին։
Զվարճությունների բազմազանություն, սահմանափակ ընտրություն
3. Ինչո՞ւ են մարդիկ ժամանցի տարբեր ձևեր ընտրում։
3 Այսօր ժամանցի ձևերը բազմազան են։ Նրանք, ովքեր հավասարակշռված տեսակետ ունեն զվարճությունների հանդեպ, ընդունում են, որ յուրաքանչյուրն ունի ընտրության ազատություն, սակայն նաև գիտակցում են, որ պետք է ընտրողական լինեն այդ հարցում։ Ինչո՞ւ են մարդիկ տարբեր ընտրություն կատարում։ Այս հարցին պատասխանելու համար ժամանցը համեմատենք կերակուրի հետ։ Ճանաչված կերակրատեսակները երկրից երկիր տարբերվում են։ Այն, ինչը մի երկրում մարդիկ հաճույքով են ճաշակում, հնարավոր է՝ մեկ ուրիշ վայրում նույնիսկ ախորժելի չէ։ Նմանապես, այն, ինչը աշխարհի մի ծայրում քրիստոնյան հաճելի ժամանց է համարում, մյուս ծայրում մեկ ուրիշը կարող է բոլորովին էլ հաճելի չհամարել։ Նույնիսկ միևնույն վայրում հանգստի մի ձևը (օրինակ՝ հետաքրքիր գիրք կարդալը) մեկի համար կարող է լինել ցանկալի, իսկ մյուսի համար՝ ձանձրալի։ Կամ օրինակ՝ հեծանվով զբոսնելը մեկի համար գուցե լինի թարմացնող, մյուսի համար հոգնեցնող։ Մենք ընդունում ենք, որ այնպիսի հարցերում, ինչպիսիք են ուտելիքը և ժամանցը, յուրաքանչյուրն ունի իր նախասիրությունը և ընտրելու ազատությունը (Հռոմ. 14։2–4)։
4. Ինչո՞ւ ժամանցի ձևերի բազմազանությունը մեզ արտոնություն չի տալիս օգտվելու բոլորից։ Բացատրի՛ր օրինակով։
4 Սակայն մենք նաև գիտակցում ենք, որ ժամանցի ձևերի բազմազանությունը մեզ արտոնություն չի տալիս օգտվելու բոլոր ձևերից։ Դարձյալ պատկերացնենք ուտելիքի օրինակով։ Թեպետ գուցե ցանկանանք օգտվել տարբեր կերակրատեսակներից, սակայն, անկասկած, չենք ուտի մի բան, ինչը, գիտենք, որ փչացած է։ Այդպիսի կերակուր ուտելը ողջամտություն չի լինի և կարող է վնասել մեր առողջությունը։ Նմանապես, թեպետ ազատ ենք ընտրելու ժամանցի օգտակար ձևերը, սակայն, անշուշտ, չենք ընտրի ժամանցի այնպիսի ձև, որը մեր կյանքի համար վտանգավոր կլինի, որտեղ կա բռնություն և որը բարոյապես ապականված է։ Նման ընտրությունը հակառակ է Աստվածաշնչի սկզբունքներին և կվնասի մեր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր առողջությունը։ Վստահ լինելու համար, որ ողջամտության սահմաններից դուրս չենք գալիս, լավ կլինի նախապես որոշել, թե արդյոք հանգիստն անցկացնելու այն ձևերը, որոնք մեզ դուր են գալիս, իսկապես օգտակար են, թե ոչ (Եփես. 5։10)։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։
5. Ինչպե՞ս կարող ենք որոշել, թե արդյոք մեր նախընտրած ժամանցի ձևը համապատասխանում է Աստծու չափանիշներին։
5 Որպեսզի ժամանցը օգտակար լինի մեզ համար և Եհովայի աչքին հաճելի, այն պետք է համապատասխանի Աստվածաշնչի չափանիշներին (Սաղ. 86։11)։ Որոշելու համար, թե արդյոք քո նախընտրած ժամանցի ձևը համապատասխանում է այդ չափանիշներին, կարող ես մի պարզ ստուգում անցկացնել։ Հարկավոր է պատասխանել երեք հարցերի՝ ինչպիսի, երբ և ում հետ։ Այժմ մեկ առ մեկ կքննենք այդ հարցերը։
Ինչպիսի՞ն է այն
6. Ժամանցի ո՞ր տեսակը պետք է մերժենք և ինչո՞ւ։
6 Նախքան ժամանցի ձև ընտրելը հարկավոր է հարցնել. «Ինչպիսի՞ն է իմ նախընտրած ժամանցը»։ Մինչ կփորձես գտնել պատասխանը, լավ է հիշել, որ ժամանցը հիմնականում երկու տեսակ է լինում։ Առաջին տեսակը մենք մերժում ենք, իսկ երկրորդ տեսակն ընտրելուց առաջ մտածում ենք։ Ո՞րն է առաջինը։ Չարությամբ լի այս աշխարհում շատ են ժամանցի այն ձևերը, որոնք բացահայտորեն խախտում են Աստվածաշնչի օրենքներն ու սկզբունքները (1 Հովհ. 5։19)։ Ճշմարիտ քրիստոնյաները կտրականապես հրաժարվում են ժամանցի այն ձևերից, որոնց առանձնահատուկ են սադիզմը, դիվապաշտությունը, միասեռականությունը, պոռնկագրությունը և բռնությունը կամ որոնք նողկալի և անբարո վարք են խրախուսում (1 Կորնթ. 6։9, 10; կարդա՛ Հայտնություն 21։8)։ Անկախ նրանից, թե մենք որտեղ ենք գտնվում, հրաժարվելով ժամանցի այդպիսի ձևերին մոտենալուց՝ փաստում ենք Եհովային, որ «զզվում ենք չարից» (Հռոմ. 12։9; 1 Հովհ. 1։5, 6)։
7, 8. Ինչպե՞ս կարող ենք որոշել, թե ինչպիսին է տվյալ ժամանցի ձևը։ Բացատրի՛ր օրինակով։
7 Ժամանցի երկրորդ տեսակն ունի այնպիսի ձևեր, որոնց մեջ չեն գերիշխում այնպիսի արարքներ, որոնք բացահայտորեն դատապարտվում են Աստծու Խոսքում։ Նման դեպքերում նախքան ժամանցի որևէ ձև ընտրելը մենք պետք է Աստվածաշնչի սկզբունքների լույսի ներքո ուշադիր քննենք, թե Եհովան ինչն է օգտակար համարում (Առակ. 4։10, 11)։ Այնուհետև պետք է այնպիսի որոշում կայացնենք, որ մեր խիղճը մաքուր մնա (Գաղ. 6։5; 1 Տիմոթ. 1։19)։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Օրինակ՝ նոր կերակրատեսակ փորձելուց առաջ նախ ցանկանում ենք իմանալ բաղադրությունը։ Նմանապես, ժամանցի որևէ ձև ընտրելուց առաջ պետք է ճշտենք, թե որոնք են դրա «բաղադրամասերը» (Եփես. 5։17)։
8 Ենթադրենք՝ դու սիրում ես սպորտը, և հասկանալի է, թե ինչու. սպորտը հաճելի է ու հետաքրքիր։ Իսկ ի՞նչ կարելի է ասել, եթե որոշ սպորտաձևեր քեզ դուր են գալիս, քանի որ դրանց «բաղադրամասերն» են մրցակցության ոգին ու ագրեսիան, ինչի պատճառով մեծ հավանականություն կա ֆիզիկական վնասվածք ստանալու կամ նույնիսկ կյանքը վտանգելու, ինչպես նաև ազգայնամոլությունը և հաղթանակի առիթով կազմակերպված աղմկարար տոնախմբությունները։ Քննելով այդ սպորտաձևի «բաղադրամասերը»՝ գուցե հասկանաս, որ քո մտածելակերպը չի համապատասխանում Եհովայի մտածելակերպին և խաղաղության ու սիրո այն լուրին, որը քարոզում ենք ուրիշներին (Ես. 61։1; Գաղ. 5։19–21)։ Իսկ եթե ժամանցի որևէ ձևի «բաղադրամասերը» հաճելի են Եհովայի աչքին, ապա այն կարող է օգտակար լինել և թարմություն պատճառել քեզ (Գաղ. 5։22, 23; կարդա՛ Փիլիպպեցիներ 4։8)։
Ե՞րբ եմ ժամանակ տրամադրում
9. Ի՞նչ է բացահայտում «ե՞րբ պետք է ժամանակ տրամադրեմ» հարցի պատասխանը։
9 Երկրորդ հարցը, որ պետք է տաս քեզ, այն է՝ «ե՞րբ պետք է ժամանակ տրամադրեմ զվարճությանը և որքա՞ն»։ Ինչպիսի հարցին տրված մեր պատասխանը բացահայտում է, թե ինչ հակումներ ունենք՝ ինչն է մեզ համար ընդունելի և ինչը՝ ոչ։ Իսկ երբ հարցի պատասխանը բացահայտում է մեր առաջնահերթությունները՝ թե ինչն է մեզ համար կարևոր և ինչը՝ ոչ։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք որոշել, թե արդյոք ժամանցին ճիշտ տեղ է հատկացված մեր կյանքում։
10, 11. Ինչպե՞ս են Մատթեոս 6։33-ում արձանագրված Հիսուսի խոսքերն օգնում մեզ որոշելու, թե որքան ժամանակ է պետք հատկացնել հանգստին։
10 Հիսուս Քրիստոսն ասաց իր հետևորդներին. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով» (Մարկ. 12։30)։ Հետևաբար մեր կյանքում ամենակարևոր բանը Եհովային սիրելն է։ Մենք դա անում ենք՝ հետևելով Հիսուսի հետևյալ հորդորին. «Շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» (Մատթ. 6։33)։ Ինչպե՞ս են այս խոսքերը օգնում մեզ որոշելու, թե զվարճությունները ինչ տեղ են զբաղեցնում մեր կյանքում և թե որքան ժամանակ է հարկավոր տրամադրել դրանց։
11 Նկատի առնենք, որ Հիսուսը հորդորեց «շարունակել նախ թագավորությունը փնտրել»։ Նա չասաց մեզ, որ «շարունակենք միայն թագավորությունը փնտրել»։ Ակնհայտ է, որ Հիսուսը գիտեր, որ մեր կյանքում Թագավորությունից բացի ուրիշ շատ բաներ «փնտրելու» կարիք էլ կլինի։ Չէ՞ որ մեզ անհրաժեշտ է տուն, ուտելիք, հագուստ, կրթություն, աշխատանք, հանգիստ և այլն։ Սակայն այս ամենի մեջ միայն մեկ բան կա, որ առաջնային է՝ Թագավորության շահերը (1 Կորնթ. 7։29–31)։ Եթե վարվենք այս հիմնական ճշմարտության համաձայն, երկրորդական գործերը, այդ թվում նաև ժամանցը կնպաստեն, որ կատարենք մեր գլխավոր գործը՝ հետամուտ լինել Թագավորության շահերին։ Այդպես վարվելու դեպքում հանգիստը օգտակար կլինի։
12. Ղուկաս 14։28-ի սկզբունքը ինչպե՞ս կարելի է կիրառել զվարճությունների ընտրության հարցում։
12 Ուստի երբ որոշում ենք ժամանակ հատկացնել զվարճություններին, լավ կլինի նախապես «հաշվել ծախսը» (Ղուկ. 14։28)։ Պետք է որոշենք, թե ժամանցի տվյալ ձևը որքան ժամանակ կարժենա։ Հետո պետք է որոշենք, թե որքան ժամանակ արժե ծախսել դրա վրա։ Եթե զվարճության որևէ ձևի պատճառով անտեսում ենք այնպիսի կարևոր գործեր, ինչպիսիք են Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը, ընտանեկան երկրպագությունը, քրիստոնեական հանդիպումներին մասնակցելը կամ Թագավորության լուրի քարոզչությունը, ապա չարժե այդքան վճարել դրա դիմաց (Մարկ. 8։36)։ Սակայն եթե զվարճության որևէ ձև ուժ է տալիս մեզ, որ շարունակենք հետամուտ լինել Թագավորության շահերին, գուցե որոշենք, որ հանգստի այդ ձևին արժե ժամանակ տրամադրել։
Ո՞ւմ հետ եմ ժամանակ անցկացնում
13. Ինչո՞ւ պետք է ուշադիր լինենք, թե ում հետ ենք ժամանակ անցկացնում։
13 Երրորդ հարցը, որ պետք է տաս ինքդ քեզ, հետևյալն է. «Ո՞ւմ հետ եմ ժամանակ անցկացնում»։ Ինչո՞ւ է կարևոր այս հարցին ուշադրություն դարձնել։ Քանի որ այն, թե ինչպես կանցկացնենք մեր ժամանակը, մեծապես կախված է նրանից, թե ինչպիսին են մեր ընկերակիցները։ Ինչպես որ ուտելիքն ավելի համեղ է թվում, երբ այն ճաշակում ենք ընկերների հետ, այնպես էլ հանգիստն է հաճախ ավելի հաճելի անցնում, երբ այն անցկացնում ենք լավ ընկերների շրջապատում։ Ուստի հասկանալի է, թե ինչու են մեզանից շատերը, հատկապես պատանիները սիրում ժամանակ անցկացնել ընկերների հետ։ Սակայն որպեսզի այն օգտակար լինի, իմաստությամբ կվարվենք, եթե նախապես որոշենք՝ ում հետ ժամանակ անցկացնել, ում հետ՝ ոչ (2 Տար. 19։2; կարդա՛ Առակներ 13։20; Հակ. 4։4)։
14, 15. ա) Ընկերներ ընտրելու հարցում ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը։ բ) Ի՞նչ հարցեր պետք է տանք մեզ ընկերներ ընտրելիս։
14 Ընկերներ ընտրելու հարցում օգտակար կլինի հետևել Հիսուսի օրինակին։ Արարչագործությունից ի վեր նա սիրում էր մարդկանց (Առակ. 8։31)։ Երկրի վրա եղած ժամանակ սիրում ու հոգատարություն էր դրսևորում բոլորի նկատմամբ (Մատթ. 15։29–37)։ Սակայն Հիսուսը տարբերություն էր դնում ընկերական լինելու ու մտերիմ ընկեր լինելու միջև։ Ընդհանուր առմամբ նա ընկերական էր բոլորի հետ, բայց մտերիմ էր միայն նրանց հետ, ովքեր համապատասխանում էին որոշակի պահանջների։ Իր 11 հավատարիմ առաքյալներին Հիսուսն ասաց. «Դուք իմ ընկերներն եք, եթե կատարեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ» (Հովհ. 15։14; տե՛ս նաև Հովհաննես 13։27, 30)։ Հիսուսը միայն նրանց էր համարում իր ընկերները, ովքեր հետևում էին իրեն ու ծառայում Եհովային։
15 Հետևաբար, մտերիմ ընկեր ընտրելիս հիշիր Հիսուսի խոսքերը։ Հարցրու քեզ. «Իր խոսքերով ու գործերով նա ցույց տալի՞ս է, որ հնազանդվում է Եհովայի ու Հիսուսի պատվերներին։ Առաջնորդվո՞ւմ է աստվածաշնչյան այն նույն բարոյական սկզբունքներով ու արժեքներով, ինչ ես։ Նրա ընկերակցությունը կմղի՞ ինձ Թագավորությունը առաջին տեղում դնելու իմ կյանքում ու նվիրված լինելու Եհովային»։ Եթե վստահ ես, որ այս հարցերի պատասխանները դրական են, ապա գտել ես լավ ընկեր, ում հետ կարող ես քո ազատ ժամանակը անցկացնել (կարդա՛ Սաղմոս 119։63; 2 Կորնթ. 6։14; 2 Տիմոթ. 2։22)։
Ի՞նչ են ցույց տալիս ստուգման արդյունքները
16. Ի՞նչ պետք է որոշենք զվարճությունների վերաբերյալ։
16 Ժամանցի ձևերի վերաբերյալ մենք համառոտ քննեցինք երեք հարցեր, որոնք առնչվում են որակին, քանակին և ընկերակցությանը։ Որպեսզի զվարճությունն օգտակար լինի, դրանցից յուրաքանչյուրը պետք է համապատասխանի աստվածաշնչյան չափանիշներին։ Ուստի մինչ ժամանցի որևէ ձև ընտրելը պետք է ստուգենք այն։ Որակի առնչությամբ ցանկանում ենք իմանալ հետևյալը. ի՞նչ է այն ներառում, օգտակա՞ր է, թե՞ վնասակար (Առակ. 4։20–27)։ Քանակի վերաբերյալ ուզում ենք պարզել. ինչքա՞ն ժամանակ եմ ծախսելու, արժե՞ այդքան ժամանակ տրամադրել (1 Տիմոթ. 4։8)։ Իսկ ընկերակցության վերաբերյալ պետք է որոշենք. ո՞ւմ հետ եմ զվարճանալու, այդ ընկերակցությունը լա՞վն է, թե՞ վատը (Ժող. 9։18; 1 Կորնթ. 15։33)։
17, 18. ա) Ինչպե՞ս կարող ենք ստուգել, թե արդյոք մեր ընտրած ժամանցի ձևը համապատասխանում է աստվածաշնչյան չափանիշներին։ բ) Ի՞նչ ես վճռել անել զվարճություններ ընտրելու հարցում։
17 Եթե որակի, քանակի կամ ընկերակցության հարցում ժամանցի մեր ընտրած ձևը չի համապատասխանում աստվածաշնչյան չափանիշներին, ուրեմն ստուգման արդյունքները բացասական են։ Իսկ եթե համապատասխանում է այդ չափանիշներին, ապա այն փառք կբերի Եհովային և օգտակար կլինի մեզ համար (Սաղ. 119։33–35)։
18 Ուստի ժամանցի ձև ընտրելիս եկեք ձգտենք ճիշտն անել ճիշտ ժամանակին ճիշտ մարդկանց հետ։ Թող որ յուրաքանչյուրս սրտանց ցանկանա հետևել աստվածաշնչյան այս խորհրդին. «Ուտեք թե խմեք և ուրիշ ինչ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համար արեք» (1 Կորնթ. 10։31)։
Կարո՞ղ ես բացատրել
Ժամանցի հարցում ինչպե՞ս կարող ես կիրառել...
• Փիլիպպեցիներ 4։8-ի սկզբունքը։
• Մատթեոս 6։33-ի սկզբունքը։
• Առակներ 13։20-ի սկզբունքը։
[գծապատկեր 9-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
✔Ինչպիսի՞
[գծապատկեր 10-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
✔Ե՞րբ
[գծապատկեր 12-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
✔Ո՞ւմ հետ
[նկար 10-րդ էջի վրա]
Ընկերներ և ժամանցի ձև ընտրելիս ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի օրինակին