Եհովայի ստեղծագործությունների շքեղությունը
‘Դու ավելի փառավոր ես, քան սարերը’
ՖՈՒՁԻՅԱՄԱ լեռան գագաթից արևածագը դիտելը անմոռանալի տպավորություն է թողնում։ Արևի բոցավառ սկավառակը հանկարծ երևում է հորիզոնում՝ պայծառ լուսավորելով սպիտակ ձյունը և լավային ապառաժները։ Մինչ նոր օր է բացվում, լեռան ստվերի հստակ ուրվագիծը կիլոմետրերով արագորեն տարածվում է բլուրների ու հովիտների վրա։
Ֆուձիյամա լեռան նման (մի ժամանակ, հիերոգլիֆներով գրված, նշանակել է «իրեն հավասարը չունեցող»)՝ փառավոր լեռները մեզ միշտ հիացմունք են պատճառում։ Միայն նրանց չափերին նայելը պատկառանք է ներշնչում։ Տպավորվելով լեռների փառահեղությամբ՝ շատերը հավատում էին, թե ամենաբարձր լեռնագագաթները, որ հաճախ ծածկված են մշուշով և ամպով, աստվածների բնակավայրեր են։
Միակ Աստվածը, որին իրականում փառաբանում են բարձր լեռները, նրանց վարպետ Արարիչն է՝ Եհովան։ Միայն նա է ‘կազմում սարերը’ (Ամովս 4։13)։ Երկրի մոտ մեկ քառորդ մասը լեռներով է պատված, և երբ Աստված ստեղծեց մեր մոլորակը, նա գործի դրեց այնպիսի ուժեր, որոնց արդյունքում առաջացան գրավիչ լեռնագագաթներ ու լեռնաշղթաներ (Սաղմոս 95։4)։ Օրինակ՝ այն կարծիքը կա, որ Հիմալայների ու Անդերի լեռնազանգվածները կազմավորվել են ստորերկրյա հզոր ցնցումներից և երկրակեղևի տեղաշարժից։
Մարդիկ այսօր մինչև վերջ չեն հասկանում, թե ինչպես և ինչու են առաջացել լեռները։ Ինչ խոսք, մենք ի վիճակի չենք պատասխանելու այն հարցերին, որոնք տրվել են արդար մի մարդու՝ Հոբին. «Ո՞ւր էիր՝ ես [Եհովան] երկրի հիմունքը դնելիս.... Ինչի՞ վերայ են խրուած նորա խարիսխները» (Յոբ 38։4–6)։
Այնուհանդերձ, մեզ հայտնի է, որ մեր գոյությունը կախում ունի լեռներից։ Դրանց անվանել են բնական ջրամբարներ, քանի որ բոլոր խոշոր գետերը սնվում են լեռնային աղբյուրներից, և երկրի բնակչության կեսի կյանքը կախված է լեռների ջրերից (Սաղմոս 104։13)։ Ըստ մի ամսագրի՝ «աշխարհի 20 ամենախոշոր գյուղատնտեսական կուլտուրաներից 6–ը աճում են լեռներում» («New Scientist»)։ Աստծո խոստացած նոր աշխարհում՝ էկոլոգիական բարենպաստ պայմանների ներքո, «ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ» (Սաղմոս 72։16; Բ Պետրոս 3։13)։
Շատերը, լեռների մասին լսելով, հիշում են եվրոպական Ալպերը։ Այս բարձր լեռները, այդ թվում նաև Չիվետտա լեռը, որ պատկերված է այստեղ, հրաշալիորեն վկայում են իրենց Արարչի մասին (Սաղմոս 98։8)։ Դրանք փառաբանում են Եհովային, նրան, «որ սարերը հաստատում է իր կարողութիւնով» (Սաղմոս 65։6)։a
Իսկապես որ ակնածանք են ներշնչում գեղատեսիլ Ալպերը՝ իրենց սառցապատ գագաթներով ու լեռնաշղթաներով, ձյունածածկ լանջերով, հովիտներով, լճերով ու մարգագետիններով։ Դավիթ թագավորը Եհովային նկարագրեց որպես մեկը, որ «սարերին խոտ է բուսցնել տալիս» (Սաղմոս 147։8)։
Այնպիսի լեռնաշղթաներ, ինչպիսին է, օրինակ, այստեղ պատկերվածը, որ գտնվում է Գույլինում (Չինաստան), գուցե իրենց տեսքով այնքան էլ ազդեցիկ չթվան, որքան Ալպերը, սակայն դրանք էլ յուրօրինակ գեղեցկություն ունեն։ Լի գետի երկայնքով շարքերով ձգվող այս սրագագաթ, կրաքարե սարերը, որ ունեն դուրս ցցված կատարներ, այցելուներին հիացնում են իրենց գեղեցկությամբ։ Մառախլապատ սարերի միջով հոսող վճիտ ջրերին նայելով՝ ինչ–որ մեկը գուցե մտաբերի սաղմոսերգուի խոսքերը. «Դու աղբիւրներ ես բղխեցնում ձորերումը. սարերի միջովը գնում են նորանք» (Սաղմոս 104։10)։
Լեռներն իսկապես մեծ հիացմունք են մեզ պատճառում, քանի որ մենք ընդունում ենք, որ նրանք Արարչի սիրառատ հոգատարության փառահեղ մասն են կազմում և մարդկանց օգուտ են բերում, ինչպես նաև հաճույք պատճառում։ Սակայն որքան էլ պատկառազդու թվան դրանք, լեռներն իրենց փառահեղությամբ չեն կարող մրցել Եհովայի փառքի հետ։ Նա իսկապես ‘ավելի փառավոր է, քան սարերը’ (Սաղմոս 76։4)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Եհովայի վկաների 2004թ. օրացույցը», մարտ–ապրիլ (ռուս.)։
[շրջանակ/նկար 9–րդ էջի վրա]
Աշխարհի բնակչության տասը տոկոսն ապրում է լեռնային շրջաններում։ Բայց սա անհաղթահարելի արգելք չէ նրանց համար, ովքեր հռչակում են Աստծո Թագավորության բարի լուրը։ Այս քրիստոնյա ծառաները քարոզում են բազմաթիվ բարձրադիր շրջաններում։ Եվ «ի՜նչ գեղեցիկ են սարերի վերայ աւետարանչի ոտքերը, որ խաղաղութիւն է քարոզում, բարիք աւետում, փրկութիւն քարոզում» (Եսայիա 52։7)։
«Բարձր սարերը վայրի այծերի համար ապաւէն են»,— երգում էր սաղմոսերգուն (Սաղմոս 104։18)։ Վայրի այծերը, ինչպես օրինակ՝ նուբիական քարայծը՝ իր զարմանահրաշ եղջյուրներով, լեռների ամենաճարպիկ բնակիչներից են։ Նրանք անցնում են լեռների դարավանդներով, որոնք այնքան նեղ են, որ թվում է, թե հենց այնպես պարզապես չես անցնի այնտեղով։ Քարայծը լավ զինված է անմատչելի տեղերում ապրելու համար։ Եվ սա մասամբ իր սմբակների կառուցվածքի շնորհիվ է։ Նրա երկճեղքված կճղակները կարող են լայնանալ քարայծի քաշի ծանրության տակ, ինչը հնարավորություն է տալիս կենդանուն ամուր կանգնելու գետնին կամ քայլելու ժայռերի նեղ դարավանդներով։ Իսկապես որ, քարայծը ստեղծագործական մի գլուխգործոց է։
[նկար 9–րդ էջի վրա]
Ֆուձիյամա լեռը, Հոնսյու, Ճապոնիա