Տերունական ընթրիք. ինչպե՞ս նշել
ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՎ Տերունական ընթրիքի անցկացման հետ կապված մանրամասները՝ Պողոս առաքյալը գրում է. «Ես Տէրիցն ընդունեցի այն որ ձեզ էլ աւանդեցի. որ Տէր Յիսուսն այն գիշերը որ մատնվում էր, հաց առաւ, եւ գոհանալուց յետոյ կտրեց եւ ասեց. Առէք, կերէք. այս է իմ մարմինը՝ որ ձեզ համար կոտրվում է. այս արէք իմ յիշատակի համար։ Այնպէս էլ՝ ընթրիքն ուտելուց յետոյ բաժակն առաւ եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը. այս արէք՝ քանի անգամ որ խմէք, իմ յիշատակի համար։ Որովհետեւ քանի անգամ որ այս հացն ուտէք, եւ այս բաժակը խմէք, Տիրոջ մահը պատմեցէք՝ մինչեւ որ նա կ’գայ» (Ա Կորնթացիս 11։23–26)։
Ինչպես երևում է Պողոսի խոսքերից, Տերունական ընթրիքը Հիսուսը հաստատեց ‘այն գիշեր, որ մատնվեց’ Հուդա Իսկարիովտացու կողմից հրեա կրոնական առաջնորդներին։ Վերջիններս էլ ճնշում գործադրեցին հռոմեական իշխանավորների վրա և ցիցը հանեցին նրան։ Ընթրիքը տեղի ունեցավ մ.թ. 33 թ. մարտի 31–ին՝ հինգշաբթի օրը՝ ուշ երեկոյան։ Հիսուսը ցցի վրա մահացավ ապրիլի 1–ին՝ ուրբաթ օրը՝ կեսօրից հետո։ Քանի որ հրեական օրացույցով օրը սկսվում էր երեկոյան և տևում մինչև հաջորդ օրվա երեկո, թե՛ Տերունական ընթրիքը, թե՛ Հիսուսի մահը տեղի ունեցան նույն օրը՝ մ.թ. 33 թ. նիսանի 14–ին։
Նրանք, ովքեր օգտվեցին հացից և գինուց, պետք է շարունակեին դա անել Հիսուսի հիշատակի համար։ Հիսուսն ասել էր. «Այս արէք իմ յիշատակի համար» (Ա Կորնթացիս 11։24)։ Ուստի Տերունական ընթրիքը կոչվում է նաև Հիսուսի մահվան Հիշատակի երեկո։
Ինչո՞ւ նշել Հիսուսի մահը
Պատասխանը գտնելու համար փորձենք հասկանալ, թե ինչ նշանակություն ուներ այդ մահը։ Հիսուսը մահացավ որպես Եհովայի գերիշխանության ամենագլխավոր ջատագով։ Իր այդ քայլով նա փաստեց, որ Սատանան սուտ էր խոսել՝ պնդելով, թե մարդիկ ծառայում են Աստծուն՝ միայն եսասիրական մղումներից դրդված (Յոբ 2։1–5; Առակաց 27։11)։ Մահանալով որպես կատարյալ մարդ՝ Հիսուսը նաև «շատերի փոխանակ իր անձը փրկանք» տվեց (Մատթէոս 20։28)։ Աստծո դեմ մեղք գործելով՝ Ադամը կորցրել էր իր կատարյալ մարդկային կյանքը և դրա հետ կապված բոլոր հեռանկարները։ Սակայն «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը [մարդկությանը] որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։ Իրոք, «մէղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռովմայեցիս 6։23)։
Հիսուս Քրիստոսի մահն, այսպիսով, առնչություն ունի սիրո երկու մեծագույն արտահայտումների հետ՝ այն մեծ սիրո, որ մարդկության հանդեպ ցույց տվեց Եհովան՝ զոհաբերելով իր Որդուն, և այն անձնուրաց սիրո, որ մարդկանց հանդեպ ցուցաբերեց Հիսուսը՝ պատրաստակամորեն տալով իր մարդկային կյանքը։ Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին գովաբանվում են սիրո այս երկու արտահայտումները։ Քանի որ այդ սերը դրսևորվել է մեր հանդեպ, չպե՞տք է արդյոք մենք երախտագիտություն ցուցաբերենք այդ քայլի համար։ Դա անելու ձևերից մեկը Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին ներկա գտնվելն է։
Ի՞նչ են խորհրդանշում հացն ու գինին
Տերունական ընթրիքը հաստատելիս Հիսուսը որպես խորհրդանիշներ գործածեց հաց և գինի։ Նա վերցրեց հացը ու «գոհանալուց յետոյ կտրեց եւ ասեց. Առէք, կերէք. այս է [հացը] իմ մարմինը՝ որ ձեզ համար կոտրվում է» (Ա Կորնթացիս 11։24)։ Հացը հարկավոր էր կտրել, բաժանել և ուտել։ Այն բավական փխրուն էր, պատրաստված էր ալյուրից ու ջրից՝ առանց թթխմորի։ Գրություններում թթխմորը մեղքի խորհրդանիշ է (Մատթէոս 16։11, 12; Ա Կորնթացիս 5։6, 7)։ Հիսուսը մեղավոր մարդ չէր։ Ուստի նրա կատարյալ մարմինը համապատասխան փրկագին էր մարդկության համար (Ա Յովհաննէս 2։1, 2)։ Որքա՜ն տեղին էր, որ Քրիստոսի անմեղ մարմինը խորհրդանշող հացը լիներ անթթխմոր։
Հիսուսը շնորհակալություն հայտնեց նաև անաղարտ կարմիր գինու համար, որ լցված էր բաժակի մեջ. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը» (Ա Կորնթացիս 11։25)։ Կարմիր գինին խորհրդանշում է Հիսուսի արյունը։ Ճիշտ ինչպես որ ցուլերի և այծերի արյունով մ.թ.ա. 1513 թ.–ին վավերականացվեց Օրենքի ուխտը Աստծո և Իսրայել ազգի միջև, այնպես էլ Հիսուսի թափած արյունով վավերականացվեց նոր ուխտը։
Ովքե՞ր պետք է օգտվեն խորհրդանիշներից
Պարզելու համար, թե ովքեր պետք է օգտվեն Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից, նախ պետք է հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում նոր ուխտը, և ում միջև է այն կնքվել։ Աստվածաշունչը հայտնում է. «Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Իսրայէլի տան հետ եւ Յուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ։ ....Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն։ ....Ես պիտի ներեմ նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքերը այլ եւս պիտի չ’յիշեմ» (Երեմիա 31։31–34)։
Նոր ուխտը հնարավորություն ստեղծեց Եհովա Աստծո հետ առանձնահատուկ փոխհարաբերություններ ունենալու։ Այդ ուխտի միջոցով որոշակի թվով մարդկանցից բաղկացած մի խումբ դառնում է Եհովայի ժողովուրդը, իսկ Եհովան դառնում է նրանց Աստվածը։ Եհովայի օրենքը գրված է նրանց ներսում՝ սրտում։ Ուխտի միջոցով հնարավոր դարձած այս փոխհարաբերությունները կարող են վայելել նույնիսկ նրանք, ովքեր ֆիզիկապես թլփատված հրեաներ չեն (Հռովմայեցիս 2։29)։ Ղուկասը՝ Աստվածաշունչը գրի առնողներից մեկը, հայտնում է, որ Աստծո նպատակն էր «հեթանոսներիցը ժողովուրդ առնէ[լ] իր անունի համար» (Գործք 15։14)։ Համաձայն Ա Պետրոս 2։10–ի՝ այդ մարդիկ «ժամանակ[ին] ժողովուրդ չ’էի[ն], բայց հիմա Աստուծոյ ժողովուրդ [են]»։ Գրությունները նրանց անվանում են ‘Աստծո Իսրայել’, այսինքն՝ հոգևոր Իսրայել (Գաղատացիս 6։16; Բ Կորնթացիս 1։21)։ Հետևաբար նոր ուխտը Եհովայի և հոգևոր Իսրայելի միջև կապված ուխտն է։
Առաքյալների հետ Քրիստոսի անցկացրած վերջին գիշերվա ընթացքում մեկ ուրիշ ուխտ էլ հաստատվեց, որը կնքվեց անձամբ Հիսուսի և իր աշակերտների միջև։ Ահա թե ինչ ասաց Հիսուսը. «Ես ուխտում եմ ձեզ թագաւորութիւն՝ ինչպէս իմ Հայրն էլ ինձ թագաւորութիւն ուխտեց» (Ղուկաս 22։29)։ Սա Թագավորության ուխտն է։ Այն կնքվեց 144 000 անկատար մարդկանց հետ։ Շնորհիվ այս ուխտի երկնային հարություն ստանալուց հետո նրանք Քրիստոսի հետ ղեկավարելու են որպես թագավորներ ու քահանաներ (Յայտնութիւն 5։9, 10; 14։1–4)։ Փաստորեն, Եհովայի հետ նոր ուխտի մեջ գտնվող անհատները նաև Թագավորության ուխտի մեջ են Հիսուս Քրիստոսի հետ։ Նրանք միակ մարդիկ են, ովքեր օգտվում են Տերունական ընթրիքի խորհրդանիշներից։
Իսկ խորհրդանիշներից օգտվելու իրավունք ունեցողները ինչպե՞ս են հասկանում, որ առանձնահատուկ փոխհարաբերությունների մեջ են Աստծո հետ և հանդիսանում են Քրիստոսի ժառանգակիցները։ Պողոսը բացատրում է. «Հոգին [սուրբ ոգին] վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ [մտքին], որ մենք Աստուծոյ որդիք ենք։ Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք» (Հռովմայեցիս 8։16, 17)։
Իր սուրբ ոգու, կամ՝ գործուն ուժի միջոցով Աստված օծում է Քրիստոսի ժառանգակիցներին։ Շնորհիվ դրա այդ անհատները ներքին վստահություն են ձեռք բերում, որ իրենք Հիսուսի թագավորակիցներն են։ Օծյալ քրիստոնյաների մեջ դա նաև երկնային հույս է առաջ բերում։ Այն ամենը, ինչ Աստվածաշնչում ասվում է երկնային կյանքի մասին, նրանք ուղղակիորեն վերագրում են իրենց։ Ավելին, այդ անհատները պատրաստ են զոհաբերել երկրային բոլոր բարիքները, այդ թվում նաև իրենց երկրային կյանքը և մարդկանց հետ ունեցած բոլոր փոխհարաբերությունները։ Թեպետ սուրբ ոգով օծված քրիստոնյաները հասկանում են, որ երկրային Դրախտում ապրելը հրաշալի կլինի, սակայն տեսնում են, որ դա իրենց հույսը չէ (Ղուկաս 23։43)։ Երկնային հույս ունենալու հարցում նրանց անխախտ համոզվածությունը առաջ է գալիս ոչ թե կեղծ կրոնական պատկերացումների, այլ Աստծո ոգու ներգործության արդյունքում։ Ուստի նրանք իրավացիորեն օգտվում են Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։
Ենթադրենք՝ մարդը լիովին վստահ չէ, որ նոր ուխտի և Թագավորության ուխտի մեջ է։ Նաև, նա այնքան էլ չի զգում Աստծո սուրբ ոգու վկայությունն այն մասին, որ հանդիսանում է Քրիստոսի ժառանգակիցը։ Այդ դեպքում սխալ կլինի, որ նա օգտվի Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։ Իրականում, Աստծուն տհաճություն կպատճառի այն, որ մարդը գիտակցաբար ներկայացնում է իրեն որպես երկնային թագավոր և քահանա կանչվածի, երբ իրականում այդպիսի հույս չունի (Հռովմայեցիս 9։16; Յայտնութիւն 22։5)։
Որքա՞ն հաճախ նշել
Հարկավո՞ր է արդյոք Հիսուսի մահը նշել շաբաթը մեկ կամ էլ գուցե նույնիսկ ամեն օր։ Տերունական ընթրիքի հաստատումը, ինչպես նաև Հիսուսի անարդարացի մահապատիժը տեղի ունեցան Պասեքի օրը։ Տոնվելով միայն տարին մեկ անգամ՝ նիսանի 14–ին՝ Պասեքը նշվում էր ի հիշատակ Եգիպտոսի գերությունից Իսրայելի ազատագրման (Ելից 12։6, 14; Ղեւտացոց 23։5)։ Ուստի Քրիստոսի՝ ‘մեր զատիկի’, կամ՝ պասեքի մահը նույնպես պետք է հիշվի տարին միայն մեկ անգամ և ոչ թե շաբաթը մեկ կամ էլ ամեն օր (Ա Կորնթացիս 5։7)։ Քրիստոնյաները Տերունական ընթրիքը նշում են ճիշտ այնպես, ինչպես դա արեց Հիսուսը այն հաստատելիս։
Այդ դեպքում ինչպես հասկանալ Պողոսի հետևյալ խոսքերը. «Քանի անգամ որ այս հացն ուտէք, եւ այս բաժակը խմէք, Տիրոջ մահը պատմեցէք՝ մինչեւ որ նա կ’գայ» (Ա Կորնթացիս 11։26)։ Այստեղ Պողոսը գործածում է մի բառ, որը նշանակում է «ամեն անգամ, երբ», «երբ որ»։ Այսպիսով՝ նա ասում էր, որ ամեն անգամ, երբ օծյալ քրիստոնյաները օգտվեին խորհրդանիշներից, հռչակած կլինեին Հիսուսի քավիչ զոհաբերության հանդեպ իրենց հավատը։
Օծյալ քրիստոնյաները կնշեն Քրիստոսի մահը, «մինչեւ որ նա կ’գայ»։ Հիշատակի երեկոն կշարունակվի նշվել այնքան ժամանակ, մինչև որ իր ներկայության ընթացքում Հիսուսը գա իր օծյալ հետևորդներին երկինք տանելու նպատակով՝ ոգեղեն կյանքի հարություն տալով նրանց (Ա Թեսաղոնիկեցիս 4։13, 14 ՆԱ, 15, 16)։ Սա համահունչ է այն խոսքերի հետ, որ Քրիստոսն ասաց իր 11 հավատարիմ առաքյալներին. «Եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կ’գամ եւ ձեզ ինձ մօտ կ’առնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք» (Յովհաննէս 14։3)։
Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար
Արդյո՞ք Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից օգտվելը անհրաժեշտ պայման է՝ Հիսուսի զոհաբերությունից բխող օգուտները ստանալու և երկրի վրա հավիտենական կյանքի արժանանալու համար։ Ո՛չ։ Աստվածաշնչյան ոչ մի համարում խոսք չի գնում այն մասին, որ երկրի վրա հարություն առնելուց հետո աստվածավախ այնպիսի մարդիկ, ինչպիսիք են՝ Նոյը, Աբրահամը, Սարրան, Իսահակը, Ռեբեկան, Հովսեփը, Մովսեսը և Դավիթը, երբևէ կճաշակեն այս խորհրդանիշները։ Սակայն նրանք, ինչպես նաև բոլոր այն անհատները, ովքեր ցանկանում են երկրի վրա անվերջ կյանքի արժանանալ, պետք է հավատ ընծայեն Աստծուն, Քրիստոսին ու Եհովայի կողմից տրամադրված քավիչ զոհաբերությանը (Յովհաննէս 3։36; 14։1)։ Եթե ուզում եք հավիտենական կյանք ստանալ, ապա դուք ևս պետք է այդպիսի հավատ ցուցաբերեք։ Հիսուսի մահվան հիշատակի տարեկան միջոցառմանը ներկա գտնվելով՝ կհիշեք այդ մեծ զոհաբերության մասին, և անպատճառ կխորացնեք ձեր երախտագիտությունը այդ քայլի հանդեպ։
Հիսուսի քավիչ զոհաբերության կարևորությունն ընդգծելով՝ Հովհաննես առաքյալն ասաց. «Սա գրում եմ ձեզ [մյուս օծյալներին] որ չ’մեղանչէք, եւ եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին։ Եւ նա քաւութիւն է մեր մեղքերի համար. եւ ոչ միայն մերինների բայց բոլոր աշխարհքի էլ» (Ա Յովհաննէս 2։1, 2)։ Օծյալ քրիստոնյաները կարող են ասել, որ Հիսուսի զոհաբերությունը համապատասխան փրկանք է իրենց մեղքերի համար։ Սակայն այդ զոհաբերությունը քավում է նաև ողջ աշխարհի մեղքերը՝ հավիտենական կյանքի հնարավորություն տալով հնազանդ մարդկանց։
Ներկա կգտնվե՞ք արդյոք Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին, որը նշվելու է ամբողջ աշխարհում 2004 թ. ապրիլի 4–ին։ Այդ արարողությունը կնշեն Եհովայի վկաները իրենց հանդիպման վայրերում։ Եթե դուք էլ լինեք այնտեղ, օգուտ կքաղեք մի շատ կարևոր աստվածաշնչյան ելույթից, որում կխոսվի, թե Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը որքան շատ բաներ են արել մեզ համար։ Հոգևոր օգուտներ կքաղեք նաև՝ գտնվելով այնպիսի մարդկանց միջավայրում, ովքեր խոր հարգանք են տածում Աստծո և Քրիստոսի հանդեպ ու բարձր են գնահատում նրա քավիչ զոհաբերությունը։ Այդ հանդիպումը կամրացնի ձեր ցանկությունը լինելու այն մարդկանց թվում, ում հանդեպ Աստված ցուցաբերում է հավիտենական կյանքի առաջնորդող իր բարությունը, որին արժանի չենք։ Թույլ մի տվեք, որ որևէ բան խոչընդոտի ձեզ։ Ներկա եղեք սիրտ ջերմացնող այս միջոցառմանը, որը փառք է բերում և գոհացնում է մեր երկնային Հորը՝ Եհովա Աստծուն։
[նկար 5–րդ էջի վրա]
Հիսուսի մահը առնչվում է սիրո երկու մեծագույն արտահայտումների հետ
[նկար 6–րդ էջի վրա]
Անթթխմոր հացն ու գինին հարմար խորհրդանիշներ են Հիսուսի անմեղ մարմնի և նրա թափած արյան համար