Եհովայի Խոսքին վստահիր
«Քո խօսքին եմ յուսացած» (ՍԱՂՄՈՍ 119։42)։
1. Ի՞նչ կարելի է ասել 119–րդ սաղմոսը կազմողի ինքնության ու նրա ներքին տրամադրվածության մասին։
ՀԱՐՅՈՒՐՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ սաղմոսը կազմողը շատ թանկ էր գնահատում Եհովայի խոսքը։ Հավանաբար, այդ մարդը Հուդայի արքայազն Եզեկիան է եղել։ Այս ներշնչյալ երգում արտահայտված զգացումները համապատասխանում են Եզեկիայի ներքին տրամադրվածությանը։ Նա Եհովային «յարեց» Հուդայի թագավոր եղած ժամանակ (Դ Թագաւորաց 18։3–7)։ Մի բան հստակ է. այս սաղմոսը կազմողը գիտակցում էր իր հոգևոր կարիքները (Մատթէոս 5։3, ՆԱ)։
2. Ինչի՞ մասին է 119–րդ սաղմոսը, և ինչպե՞ս է կառուցված այս երգը։
2 119–րդ սաղմոսը գլխավորապես շեշտում է Աստծու խոսքի՝ նրա պատգամի արժեքավորությունը։a Գրողը այս սաղմոսը կազմել է այբբենական կարգով՝ հավանաբար, ցանկանալով հեշտացնել այդ երգը մտապահելը։ Սաղմոսի 176 համարները գրված են եբրայերեն այբուբենի տառերի հերթականությամբ։ Եբրայերեն բնագրում այս սաղմոսի 22 տներից յուրաքանչյուրն ունի 8 տող, որոնք սկսվում են նույն տառով։ Սաղմոսում հիշատակվում են Աստծու խոսքերը, օրենքը, հիշեցումները, ճանապարհները, հրամանները, կանոնները, պատվիրանները և դատաստանները։ Այս, ինչպես նաև հաջորդ հոդվածում 119–րդ սաղմոսը կքննարկվի՝ համաձայն Աստվածաշնչի եբրայերեն տեքստի ճշգրիտ թարգմանության։ Եհովայի՝ անցյալի ու ներկայիս ծառաների հետ տեղի ունեցած դեպքերի մասին խորհրդածելով՝ մենք կավելացնենք Աստծու ներշնչումով գրված այս երգի վերաբերյալ մեր հասկացողությունը և է՛լ ավելի մեծ գնահատանք կունենանք Աստծու գրավոր Խոսքի՝ Աստվածաշնչի նկատմամբ։
Հնազանդվիր Աստծու խոսքին և երջանիկ կլինես
3. Բացատրեք և օրինակով ցույց տվեք, թե ինչ է նշանակում անթերի լինել։
3 Իսկական երջանկությունը կախված է Աստծու ‘օրենքում գնալուց’ (Սաղմոս 119։1–8)։ Եթե այդպես վարվենք, ապա Եհովան մեզ կհամարի «ճանապարհով անմեղներ [«անթերիներ», ՆԱ]» (Սաղմոս 119։1)։ Անթերի լինել չի նշանակում կատարյալ լինել, բայց այս արտահայտությունը մատնացույց է անում այն բանին, որ մենք ջանում ենք կատարել Եհովա Աստծու կամքը։ Նոյը «կատարեալ [«անթերի», ՆԱ] մարդ էր իր դարումը» և «Աստուծոյ հետ վարուեցաւ [«քալեց», ԱԱ]»։ Այս հավատարիմ նահապետը և նրա ընտանիքը փրկվեցին Ջրհեղեղից, քանի որ նա ապրում էր Եհովայի չափանիշներով (Ծննդոց 6։9; Ա Պետրոս 3։20)։ Նմանապես, որպեսզի մենք էլ փրկվենք այս աշխարհի վախճանից, պետք է ‘պինդ պահենք Աստծու պատվիրանները’, ինչով և կկատարենք նրա կամքը (Սաղմոս 119։4)։
4. Մեր երջանկությունն ու հաջողությունը ինչի՞ց են կախված։
4 Եհովան երբեք մեզ չի թողնի, եթե մենք ‘գոհանանք նրանից սրտի ուղղությունով’ և պահենք նրա «հրամանները [«կանոնները», ԱԱ]» (Սաղմոս 119։7, 8)։ Աստված չթողեց Իսրայելի առաջնորդ Հեսուին, որը հետևեց իրեն տրված խորհրդին. «Գիշեր եւ ցերեկ [օրենքի գրքի] վերայ մտածես [«կարդաս», ՆԱ], որ պահես եւ կատարես բոլոր նորա միջի գրուածի պէս»։ Այդ կերպով նա հաջողակ եղավ իր գործերում և կարողացավ խելամիտ ձևով վարվել (Յեսու 1։8)։ Հեսուն մինչև իր կյանքի վերջը շարունակեց գոհանալ Աստծուց, ուստի կարող էր իսրայելացիներին հիշեցնել. «Դուք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը գիտէք, որ ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր.... ամենն էլ.... կատարուեցաւ» (Յեսու 23։14)։ Հեսուի և 119–րդ սաղմոսը կազմողի պես՝ մենք կարող ենք երջանկության ու հաջողության հասնել, եթե փառաբանենք Եհովային և վստահենք նրա խոսքին։
Եհովայի խոսքը մեզ մաքուր է պահում
5. ա) Բացատրեք, թե ինչպես է հնարավոր հոգևորապես մաքուր մնալ։ բ) Ի՞նչ օգնություն կարող է ստանալ ծանր մեղք գործած երիտասարդը։
5 Մենք կարող ենք հոգևորապես մաքուր լինել, եթե Աստծու խոսքի ‘համեմատ զգուշություն անենք’ (ԱԱ) (Սաղմոս 119։9–16)։ Նույնիսկ եթե մեր ծնողները լավ օրինակ չեն թողել, այնուամենայնիվ, կարող ենք հոգևորապես մաքուր մնալ։ Թեպետ Եզեկիայի հայրը կռապաշտ էր, Եզեկիան ‘մաքրեց իր ճամփան’ (ԱԱ), ըստ երևույթին, հեթանոսական ազդեցություններից։ Ենթադրենք՝ մեր օրերում Եհովային ծառայող երիտասարդը ծանր մեղք է գործում։ Զղջումը, աղոթքը, ծնողի օգնությունը և քրիստոնյա երեցների սիրառատ աջակցությունը կարող են օգնել նրան Եզեկիայի պես ‘մաքրել իր ճամփան և զգուշություն անել’ (Յակոբոս 5։13–15)։
6. Ո՞ր կանայք ‘մաքրեցին իրենց ճամփաները և Աստծու խոսքի համեմատ զգուշություն արեցին’։
6 Թեև Ռախաբը և Հռութը 119–րդ սաղմոսի կազմվելուց շատ առաջ էին ապրել, նրանք ‘մաքրեցին իրենց ճամփան’։ Քանանացի Ռախաբը մի ժամանակ պոռնկությամբ էր զբաղվում, բայց հետագայում հայտնի եղավ իր հավատով որպես Եհովայի երկրպագու (Եբրայեցիս 11։30, 31)։ Մովաբացի Հռութը թողեց իր աստվածներին, ծառայեց Եհովային ու ենթարկվեց նրա Օրենքին, որ տրված էր Իսրայել ազգին (Հռութ 1։14–17; 4։9–13)։ Այս երկու ոչ իսրայելացի կանայք Աստծու խոսքի ‘համեմատ զգուշություն արեցին’ և Հիսուս Քրիստոսի նախամայրերը դառնալու չքնաղ առանձնաշնորհումն ունեցան (Մատթէոս 1։1, 4–6)։
7. Ինչպե՞ս Դանիելը և երեք հրեա երիտասարդները գերազանց օրինակ թողեցին հոգևորապես մաքուր մնալու հարցում։
7 Թեև «մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկութիւնիցը», այնուամենայնիվ երիտասարդները Սատանայի իշխանության տակ գտնվող այս աշխարհում անգամ կարող են մաքուր ճանապարհներով գնալ (Ծննդոց 8։21; Ա Յովհաննէս 5։19)։ Դանիելն ու երեք ուրիշ հրեա երիտասարդներ, աքսորված լինելով Բաբելոն, ‘Աստծու խոսքի համեմատ զգուշություն արեցին’։ Օրինակ՝ նրանք վճռել էին իրենց չպղծել «թագաւորի կերակրովը» (Դանիէլ 1։6–10)։ Բաբելոնացիները ուտում էին անմաքուր կենդանիներ, որոնք, ըստ Մովսիսական օրենքի, արգելված էր ուտել (Ղեւտացոց 11։1–31; 20։24–26)։ Նրանք սովորաբար չէին թափում մորթված կենդանու արյունը, և արյունը չթափված կենդանու միս ուտելով՝ ոտնահարում էին Աստծու օրենքը (Ծննդոց 9։3, 4)։ Ուստի զարմանալի չէ, որ չորս հրեաները վճռել էին չուտել թագավորի համեղ կերակուրներից։ Այս աստվածավախ երիտասարդները հոգևորապես մաքուր մնացին և այդպիսով գերազանց օրինակ թողեցին մեզ։
Աստծու խոսքը օգնում է հավատարիմ մնալ
8. Եթե ուզում ենք Աստծու օրենքը հասկանալ ու կիրառել կյանքում, ապա ինչպիսի՞ տրամադրվածություն և ի՞նչ գիտելիքներ պետք է ունենանք։
8 Աստծու խոսքը սիրելը կարևոր է նրան հավատարիմ մնալու հարցում (Սաղմոս 119։17–24)։ Եթե ուզում ենք նմանվել Աստծուց ներշնչված սաղմոսերգուին, ապա մեծ ցանկություն կունենանք հասկանալու Աստծու «օրէնքի հրաշքները»՝ հրաշալի բաները։ Մենք ամեն ժամանակ ‘կցանկանանք Եհովայի իրավունքները’, այսինքն՝ դատաստանները։ Նաև ‘նրա վկայությունները մեր ուրախությունը կլինեն’, այսինքն՝ ‘կսիրենք նրա հիշեցումները’ (ՆԱ) (Սաղմոս 119։18, 20, 24)։ Եթե նույնիսկ կարճ ժամանակ է անցել այն բանից, ինչ նվիրվել ենք Եհովային, արդյո՞ք ‘փափագում ենք Աստծու խոսքի անխարդախ կաթին’ (ԱՆԹ) (Ա Պետրոս 2։1, 2)։ Մենք կարիք ունենք հասկանալու Աստվածաշնչի հիմնական ուսմունքները, որպեսզի կարողանանք ըմբռնել Աստծու օրենքը և այն կիրառել կյանքում։
9. Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ մարդկային օրենքները հակասում են Աստծու օրենքին։
9 Թերևս մենք սիրում ենք Աստծու հիշեցումները, բայց կշարունակե՞նք սիրել դրանք, եթե ‘իշխանները’ ինչ–որ պատճառով մեր դեմ խոսեն (Սաղմոս 119։23, 24)։ Մեր օրերում իշխանություն ունեցող մարդիկ հաճախ փորձում են ստիպել մեզ, որ մարդկային օրենքները վեր դասենք Աստծու օրենքներից։ Ինչպե՞ս կվարվենք, եթե մարդկանց պահանջները հակասեն Աստծու կամքին։ Աստծու խոսքի հանդեպ սերը կօգնի մեզ, որ Եհովային հավատարիմ մնանք։ Հիսուս Քրիստոսի առաքյալների պես, որոնք հալածվում էին՝ մենք կասենք. «Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թէ մարդկանց» (Գործք 5։29)։
10, 11. Բացատրեք, թե ամենածանր հանգամանքներում ինչպես կարող ենք պահել մեր անարատությունը Եհովայի հանդեպ։
10 Մենք կարող ենք հավատարիմ մնալ Եհովային նույնիսկ ամենածանր հանգամանքներում (Սաղմոս 119։25–32)։ Եթե ուզում ենք հաջողությունների հասնել Աստծու հանդեպ մեր անարատությունը պահելու հարցում, պետք է պատրաստ լինենք սովորելու և պետք է ջերմեռանդորեն աղոթենք նրան, որ կրթի մեզ։ Բացի այդ, պետք է ընտրենք «ճշմարտութեան [«հավատարմության», ՆԱ] ճանապարհը» (Սաղմոս 119։26, 30)։
11 Եզեկիան, որը հավանաբար գրել է 119–րդ սաղմոսը, ընտրեց ‘հավատարմության ճանապարհը’։ Նա այդպիսի ընտրություն կատարեց, չնայած որ շրջապատված էր կեղծ աստվածների երկրպագուներով և, հնարավոր է, ծաղրվում էր թագավորի պալատականների կողմից։ Շատ հավանական է, որ ‘նրա անձը հալվեց տրտմությունից’ հենց նման հանգամանքների պատճառով (Սաղմոս 119։28)։ Սակայն Եզեկիան ապավինեց Աստծուն։ Նա լավ թագավոր էր և «ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին» (Դ Թագաւորաց 18։1–5)։ Մենք նույնպես, ապավինելով Աստծուն, կարող ենք տոկալ փորձություններին ու պահել մեր անարատությունը (Յակոբոս 1։5–8)։
Եհովայի խոսքը քաջություն է տալիս
12. Ինչպե՞ս կարող ես անձամբ կիրառել Սաղմոս 119։36, 37 համարները։
12 Աստծու խոսքին հետևելը մեզ տալիս է քաջություն, որն անհրաժեշտ է կյանքի դժվարությունները հաղթահարելու համար (Սաղմոս 119։33–40)։ Մենք խոնարհաբար ձգտում ենք կրթվել Եհովայից, որպեսզի կարողանանք «բոլոր սրտով» պահել նրա օրենքը (Սաղմոս 119։33, 34)։ Սաղմոսերգուի պես՝ մենք Աստծուն խնդրում ենք. «Խոնարհեցրու իմ սիրտը դէպի քո վկայութիւնները [«հիշեցումները», ՆԱ], եւ ոչ թէ դէպի ագահութիւնը [«անարդար եկամուտը», ՆԱ, ծան.]» (Սաղմոս 119։36)։ Պողոս առաքյալի նման՝ մենք ամեն բանի մեջ «ազնիվ» (ՆԱ) ենք վարվում (Եբրայեցիս 13։18)։ Եթե մեր գործատերը ցանկանում է, որ ինչ–որ անազնիվ բան անենք, մենք հավաքում ենք մեր ողջ քաջությունը, որպեսզի կառչած մնանք Աստծու պատվիրաններին, իսկ Եհովան միշտ օրհնում է նման ընթացքը։ Այո, նա օգնում է մեզ մեր բոլոր վատ հակումները հսկողության տակ պահել։ Ուրեմն եկեք աղոթենք. «Ետ դարձրու իմ աչքերը որ ունայն բան չ’տեսնեն» (Սաղմոս 119։37)։ Մենք երբեք չենք ցանկանա հաճելի համարել այն ունայն բաները, որ Աստված ատում է (Սաղմոս 97։10)։ Այսպես աղոթելը կմղի մեզ, այլ բաների թվում խուսափել պոռնկագրությունից և ոգեհարցությունից (Ա Կորնթացիս 6։9, 10; Յայտնութիւն 21։8)։
13. Ինչպե՞ս Հիսուսի հալածվող աշակերտները քաջություն ստացան, որպեսզի կարողանան համարձակորեն քարոզել։
13 Աստծու խոսքի վերաբերյալ ճշգրիտ գիտելիքներ ունենալը մեզ վստահություն է ներշնչում, որպեսզի քաջաբար վկայություն տանք (Սաղմոս 119։41–48)։ Այո՛, մենք պետք է քաջ լինենք, որպեսզի կարողանանք ‘պատասխան տալ մեզ նախատողներին’ (Սաղմոս 119։42)։ Երբեմն մեր իրավիճակը գուցե նման լինի Հիսուսի՝ առաջին դարի հալածվող աշակերտների իրավիճակին, որոնք Եհովային աղոթեցին. «Տէր, ....տուր քո ծառաներին, բոլոր համարձակութիւնով քո խօսքը խօսել»։ Արդյո՞ւնքը։ «Ամենքը Սուրբ Հոգով լցուեցան. եւ Աստուծոյ խօսքը խօսում էին համարձակութեամբ»։ Այդ նույն Աստվածը քաջություն է տալիս մեզ, որ իր խոսքը համարձակությամբ հռչակենք (Գործք 4։24–31)։
14. Ի՞նչն է մեզ օգնում Պողոսի պես քաջաբար վկայություն տալ։
14 Մենք քաջություն կունենանք առանց ամաչելու վկայություն տալու, եթե բարձր գնահատենք «ճշմարտութեան խօսքը» և ‘ամեն ժամանակ Աստծու օրենքը պահենք’ (Սաղմոս 119։43, 44)։ Աստծու գրավոր Խոսքը ջանասիրաբար ուսումնասիրելը տալիս է մեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ‘նրա հիշեցումների մասին թագավորների առաջ խոսելու’ համար (Սաղմոս 119։46)։ Աղոթքն ու Եհովայի ոգին նույնպես կօգնեն, որ ճիշտ բաների մասին ճիշտ ձևով խոսենք (Մատթէոս 10։16–20; Կողոսացիս 4։6)։ Պողոսը առաջին դարի կառավարիչների առաջ խիզախորեն խոսեց Աստծու հիշեցումների մասին։ Օրինակ՝ նա վկայություն տվեց հռոմեական կուսակալ Ֆելիքսին, որը «նորանից Քրիստոսի հաւատքի համար բան լսեց» (Գործք 24։24, 25)։ Պողոսը վկայություն տվեց նաև կուսակալ Փեստոսի և Ագրիպպաս թագավորի առաջ (Գործք 25։22–26։32)։ Եհովայի օգնությամբ մենք նույնպես կարող ենք խիզախորեն վկայություն տալ՝ երբեք ‘ավետարանը ամոթ չհամարելով’ (Հռովմայեցիս 1։16)։
Աստծու Խոսքը մխիթարում է մեզ
15. Ինչպե՞ս կարող է Աստծու Խոսքը մխիթարություն տալ, երբ մարդիկ ծաղրում են մեզ։
15 Եհովայի Խոսքը անսպառ մխիթարության աղբյուր է (Սաղմոս 119։49–56)։ Լինում են ժամանակներ, երբ մենք հատկապես մխիթարության կարիք ենք զգում։ Թեև մենք քաջաբար խոսում ենք՝ որպես Եհովայի վկաներ, ‘ամբարտավանները’՝ նրանք, ովքեր ամբարտավան դիրք են բռնում Աստծու հանդեպ, երբեմն «[մեզ] վերայ շատ ծաղր են անում» (Սաղմոս 119։51)։ Սակայն Եհովային աղոթելիս հնարավոր է Աստծու Խոսքից քաջալերական մտքեր հիշենք, ինչը և ‘կմխիթարի’ մեզ (Սաղմոս 119։52)։ Աստծուն աղերսելիս թերևս հիշենք մի սուրբգրային օրենք կամ սկզբունք, որը մխիթարություն ու քաջություն կտա մեզ. իսկ սրանք անհրաժեշտ են լարված իրավիճակներում։
16. Ի՞նչ չեն արել Աստծու ծառաները՝ չնայած հալածանքին։
16 Սաղմոսերգուին ծաղրող ամբարտավանները իսրայելացիներ էին՝ Աստծուն նվիրված ազգի անդամներ։ Ինչպիսի՜ ամոթ։ Եկեք նրանց նման չլինենք, այլ վճռենք երբեք ‘չծռվել’ Աստծու օրենքից (Սաղմոս 119։51)։ Նացիստական հալածանքի տարիներին, ինչպես նաև դրանից հետո եղած հալածանքների ժամանակ Աստծու հազարավոր ծառաներ չեն ‘ծռվել’ Աստծու Խոսքի օրենքներից և սկզբունքներից (Յովհաննէս 15։18–21)։ Այո, մեզ համար ծանր չէ հնազանդվել Եհովային, քանի որ նրա կանոնները մեզ համար մխիթարական երգերի են նման (Սաղմոս 119։54; Ա Յովհաննէս 5։3)։
Երախտապարտ եղիր Եհովայի խոսքի համար
17. Երախտագիտությունը Աստծու խոսքի հանդեպ մղում է մեզ ի՞նչ անելու։
17 Մեր երախտագիտությունը Աստծու խոսքի համար ցույց ենք տալիս նրանով, որ պահում ենք այդ խոսքը (Սաղմոս 119։57–64)։ Սաղմոսերգուն ‘խոստացավ պահել Եհովայի խոսքերը’ և նույնիսկ ‘կեսգիշերին վեր էր կենում, որ գոհություն հայտներ նրան նրա արդար դատաստանների համար’։ Եթե գիշերը արթնանում ենք, ապա դա հրաշալի հնարավորություն է Աստծուն աղոթքով երախտագիտություն հայտնելու (Սաղմոս 119։57, 62, ԱԱ)։ Քանի որ Աստծու խոսքը շատ բարձր ենք գնահատում, ապա ցանկանում ենք կրթվել նրանից և ուրախությամբ ‘ընկեր լինել նրանց, ովքեր վախենում են Աստծուց’՝ ակնածալից վախ են տածում նրա հանդեպ (Սաղմոս 119։63, 64)։ Նրանցից ավելի լավ ընկերներ կարո՞ղ ենք գտնել երկրի վրա։
18. Ինչպե՞ս է Եհովան պատասխանում մեր աղոթքներին, երբ ‘ամբարիշտների չվանները պատում են մեզ’։
18 Երբ ամբողջ սրտով աղոթում ենք Եհովային ու խոնարհաբար նրան խնդրում կրթել մեզ, մենք, ցանկանալով արժանանալ նրա բարեհաճությանը, ‘փափկացնում ենք նրա երեսը’ (ՆԱ)։ Հարկավոր է աղոթել հատկապես այն դեպքերում, երբ ‘ամբարիշտների չվանները պատում են մեզ’ (Սաղմոս 119։58, 61)։ Եհովան կարող է կտրել թշնամու կաշկանդող «չվանները» ու ազատել մեզ, որպեսզի կարողանանք շարունակել Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Այս բանը բազմիցս փաստվել է այն երկրներում, որտեղ մեր գործունեությունը արգելված է եղել։
Հավատ ունեցիր Աստծու խոսքի հանդեպ
19, 20. Ինչպե՞ս կարող է վշտանալը լավ լինել։
19 Հավատը Աստծու ու նրա խոսքի հանդեպ օգնում է մեզ դիմանալ նեղություններին և շարունակել կատարել նրա կամքը (Սաղմոս 119։65–72)։ Թեև ամբարտավանները սաղմոսերգուի դեմ ‘սուտ էին հնարել’, այնուամենայնիվ, նա երգեց. «Լաւ է ինձ համար որ խոնարհուեցայ [«վշտացայ», ԱԱ]» (Սաղմոս 119։66, 69, 71)։ Եհովայի ծառայի համար վշտանալը ինչպե՞ս կարող է լավ լինել։
20 Նեղությունների ժամանակ անշուշտ ջերմեռանդորեն աղոթում ենք Եհովային, և այդ աղաչանքը մեզ ավելի է մոտեցնում նրան։ Նման դեպքերում գուցե հարկ լինի ավելի շատ ժամանակ տրամադրել Աստծու գրավոր Խոսքի ուսումնասիրությանը և ավելի շատ ջանք թափել՝ այն կյանքում գործադրելու։ Արդյունքում ավելի ուրախ կյանքով կապրենք։ Իսկ ի՞նչ պետք է անենք, եթե նեղությանը արձագանքում ենք այնպես, որ բացահայտվում են մեր անցանկալի հատկությունները, օրինակ՝ անհամբերությունն ու հպարտությունը։ Ջերմեռանդ աղոթքի, ինչպես նաև Աստծու Խոսքի ու նրա սուրբ ոգու օգնությամբ կարող ենք հաղթահարել նման թերությունները և լիարժեքորեն ‘հագնել նոր մարդը’ (Կողոսացիս 3։9–14)։ Բացի այդ, մեր հավատը զորանում է, երբ տոկում ենք դժվարություններին (Ա Պետրոս 1։6, 7)։ Նեղությունները Պողոսին օգուտներ տվեցին նրանով, որ նա ավելի շատ զգաց իր կախվածությունը Եհովայից (Բ Կորնթացիս 1։8–10)։ Արդյոք թո՞ւյլ ենք տալիս, որ տառապանքը լավ արդյունք ունենա մեզ համար։
Միշտ վստահիր Եհովային
21. Ի՞նչ է պատահում, երբ Աստված ամբարտավաններին ամոթանք է տալիս։
21 Աստծու խոսքը բազմաթիվ հիմքեր է տալիս մեզ Եհովային վստահելու համար (Սաղմոս 119։73–80)։ Եթե իսկապես վստահում ենք մեր Արարչին, ապա ‘ամաչելու’ պատճառ չենք ունենա։ Սակայն որոշ մարդկանց չար գործերի պատճառով մխիթարության կարիք ենք զգում և գուցե ցանկանանք աղոթել այսպես. «Ամբարտաւանները թող ամօթ լինին» (Սաղմոս 119։76–78)։ Երբ Եհովան ամոթանք է տալիս այդպիսի մարդկանց, ապա բացահայտվում են նրանց ամբարիշտ ուղիները, ինչպես նաև սրբացվում է նրա սուրբ անունը։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Աստծու ժողովրդին հալածողները իրականում ոչնչի չեն հասնի։ Օրինակ՝ նրանք երբեք չեն կարողացել ու չեն կարողանա վերացնել Եհովայի վկաներին, որոնք ամբողջ սրտով վստահում են Աստծուն (Առակաց 3։5, 6)։
22. Ի՞նչ իմաստով էր սաղմոսերգուն «ծխի մէջ կախուած տկի պէս»։
22 Աստծու խոսքը ամրացնում է մեր վստահությունը Եհովայի հանդեպ, երբ մենք հալածվում ենք (Սաղմոս 119։81–88)։ Սաղմոսերգուն ամբարտավանների հալածանքի պատճառով իրեն զգում էր այնպես, կարծես թե ‘ծխի մեջ կախված տիկ’ լիներ (Սաղմոս 119։83, 86)։ Աստվածաշնչային ժամանակներում տիկերը՝ կենդանիների կաշվից պատրաստված անոթները, օգտագործվում էին ջուր, գինի և այլ հեղուկներ պահելու համար։ Այդ տիկերը կարող էին չորանալով սեղմվել, եթե լցված չէին լինում հեղուկով և կախված էին լինում ծխնելույզ չունեցող սենյակում՝ կրակի մոտ։ Դժվարությունը կամ հալածանքը ստիպո՞ւմ է քեզ զգալ «ծխի մէջ կախուած տկի պէս»։ Եթե այո, ապա վստահիր Եհովային ու աղոթիր. «Քո ողորմութեան [«սիրառատ բարության», ՆԱ] պէս ապրեցրու ինձ. եւ ես քո բերանի վկայութիւնները [«հիշեցումը», ՆԱ] կ’պահեմ» (Սաղմոս 119։88)։
23. Ի՞նչ ցույց տվեց Սաղմոս 119։1–88 համարների քննարկումը, և ի՞նչ հարց կարող ենք տալ ինքներս մեզ նախքան Սաղմոս 119։89–176 համարների ուսումնասիրությանն անցնելը։
23 119–րդ սաղմոսի առաջին կեսի քննարկումը ցույց է տալիս, որ Եհովան սիրառատ բարություն է դրսևորում իր ծառաների հանդեպ, քանի որ նրանք վստահում են իր խոսքին ու սիրում են իր կանոնները, հիշեցումները, պատվիրանները և օրենքները (Սաղմոս 119։16 ԱԱ, 47, 64, 70, 77, 88)։ Նա ուրախանում է, որ իրեն նվիրված մարդիկ ‘զգուշություն են անում իր խոսքի համեմատ’ (Սաղմոս 119։9 ԱԱ, 17, 41, 42)։ Նախքան այս գեղեցիկ սաղմոսի երկրորդ մասի ուսումնասիրությանն անցնելը կարող ես ինքդ քեզ հետևյալ հարցը տալ. «Իրո՞ք թույլ եմ տալիս, որ Եհովայի խոսքը լուսավորի իմ ճանապարհը»։
[ծանոթագրություն]
a Այստեղ խոսքը Եհովայի պատգամի մասին է և ոչ թե Աստվածաշնչի՝ Աստծու Խոսքի ամբողջ բովանդակության։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչի՞ց է կախված իսկական երջանկությունը։
• Ինչպե՞ս է Եհովայի խոսքը մեզ հոգևորապես մաքուր պահում։
• Ո՞ր հարցերում է Աստծու խոսքը քաջություն և մխիթարություն տալիս։
• Ինչո՞ւ պետք է հավատ ունենանք Եհովայի և նրա խոսքի հանդեպ։
[նկարներ 11–րդ էջի վրա]
Հռութը, Ռախաբը, ինչպես նաև Բաբելոն աքսորված հրեա երիտասարդները ‘զգուշություն արեցին Աստծու խոսքի համեմատ’
[նկար 12–րդ էջի վրա]
Պողոսը քաջաբար ‘Աստծու հիշեցումների մասին խոսեց թագավորների առաջ’