Շա՞տ ես սիրում Եհովայի հիշեցումները
«Իմ անձը պահում է քո վկայութիւնները [«հիշեցումները», ՆԱ]. եւ ես շատ սիրում եմ նորանց» (Սաղմոս 119։167)։
1. Հատկապես որտե՞ղ է հաճախակի նշվում Եհովայի հիշեցումների մասին։
ԵՀՈՎԱՆ ցանկանում է, որ իր ժողովուրդը երջանիկ լինի։ Իսկական երջանկություն վայելելու համար մենք պետք է գնանք նրա օրենքով ու պահենք նրա կանոնները։ Դրան հասնելու համար Աստված մեզ հիշեցումներ է տալիս։ Այդ հիշեցումները բազմիցս արձանագրված են Գրություններում, հատկապես 119–րդ սաղմոսում, որը, հավանաբար, կազմել է Հուդայի երիտասարդ արքայազն Եզեկիան։ Այդ գեղեցիկ երգը սկսվում է հետևյալ բառերով. «Երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրէնքումը։ Երանելի են նորա վկայութիւնները [«հիշեցումները», ՆԱ] պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նորան» (Սաղմոս 119։1, 2)։
2. Ինչպիսի՞ կապ գոյություն ունի երջանկության և Աստծո հիշեցումների միջև։
2 Մենք ‘գնում ենք Տիրոջ օրենքում’՝ ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելով նրա Խոսքից ու կյանքում կիրառելով դրանք։ Քանի որ մենք անկատար ենք, ուստի հիշեցումների կարիք ունենք։ «Հիշեցումներ» թարգմանված եբրայերեն բառով մատնանշվում է այն, որ Աստված մեր հիշողության մեջ արթնացնում է իր օրենքը, կանոնները, կարգավորումները, պատվիրանները և կարգադրությունները (Մատթէոս 10։18–20)։ Մենք երջանիկ կլինենք միմիայն այն դեպքում, եթե շարունակենք պահել այդ հիշեցումները, որովհետև դրանք օգնում են խուսափել հոգևոր իմաստով ծուղակներից, որոնք դժբախտություն և վիշտ են բերում։
Հարեցեք Աստծո հիշեցումներին
3. Ինչպիսի՞ վստահություն կարող ենք ձեռք բերել Սաղմոս 119։60, 61–ից։
3 Աստծո հիշեցումները ցանկալի էին սաղմոսերգուին, որն երգում էր. «Շտապում եմ եւ չեմ ուշանում, որ քո պատուիրանքները պահեմ։ Ամբարիշտների չուանները պատեցին ինձ. ես քո օրէնքը չեմ մոռանում» (Սաղմոս 119։60, 61)։ Եհովայի հիշեցումները օգնում են մեզ տանել հալածանքները, քանի որ վստահ ենք, որ մեր երկնային Հայրը կարող է կտրել մեզ պարուրած թշնամական կապանքները։ Ճիշտ ժամանակին նա կազատի մեզ այդպիսի խոչընդոտներից, որպեսզի կարողանանք կատարել Թագավորության քարոզչության գործը (Մարկոս 13։10)։
4. Ինչպե՞ս պետք է արձագանքենք Աստծո հիշեցումներին։
4 Ժամանակ առ ժամանակ մենք դիտողություններ ենք ստանում Եհովայի հիշեցումների միջոցով։ Թող որ միշտ գնահատենք այդպիսի ուղղումները, ճիշտ այնպես, ինչպես սաղմոսերգուն։ Նա աղոթքով դիմեց Աստծուն. «Քո վկայութիւններն [«հիշեցումներն», ՆԱ] իմ ուրախութիւնն են.... Ես սիրում եմ քո վկայութիւնները [«հիշեցումները», ՆԱ] (Սաղմոս 119։24, 119)։ Մենք ավելի շատ հիշեցումներ ունենք, քան այն ժամանակ սաղմոսերգուն ուներ։ Եբրայերեն գրություններից Հունարեն գրություններում արված հարյուրավոր մեջբերումներ մեզ հիշեցնում են ոչ միայն Եհովայի՝ Օրենքի տակ գտնվող իր ժողովրդին ուղղված հրահանգները, այլ նաև քրիստոնեական ժողովի վերաբերյալ իր նպատակները։ Երբ Աստված անհրաժեշտ է համարում իր օրենքների վերաբերյալ մեզ հիշեցնումներ անել՝ մենք երախտագիտությամբ ընդունում ենք այդ առաջնորդությունը։ Եհովայի հիշեցումներին ‘հարելով’՝ կխուսափենք մեղսաբեր գայթակղություններից, որոնք տհաճություն են պատճառում մեր Ստեղծիչին ու մեզ զրկում ուրախությունից (Սաղմոս 119։31, Արևմտ. Աստ.)։
5. Ո՞ր դեպքում կարող ենք շատ սիրել Եհովայի հիշեցումները։
5 Որքա՞ն պետք է սիրենք Եհովայի հիշեցումները։ «Իմ անձը պահում է քո վկայութիւնները [«հիշեցումները», ՆԱ]. եւ ես շատ սիրում եմ նորանց» (Սաղմոս 119։167)։ Մենք շատ կսիրենք Եհովայի հիշեցումները, եթե դրանք դիտենք և ընդունենք որպես հորդորանքներ Հոր կողմից, որն իսկապես հոգ է տանում մեր մասին (Ա Պետրոս 5։6, 7)։ Մենք այդ հիշեցումների կարիքն ունենք, և մեր սերը դրանց հանդեպ կաճի, երբ տեսնենք նրանց բերած օգուտները։
Ինչո՞ւ Աստծո հիշեցումների կարիքն ունենք
6. Ո՞րն է պատճառներից մեկը, որ մենք Եհովայի հիշեցումների կարիքն ունենք, և ի՞նչը կօգնի վերհիշել դրանք։
6 Պատճառներից մեկը, թե ինչու Եհովայի հիշեցումների կարիքն ունենք, այն է, որ մենք հակված ենք մոռանալու։ «Համաշխարհային հանրագիտարանում» ասվում է. «Ընդհանրապես ժամանակի ընթացքում մարդիկ ավելի ու ավելի շատ են մոռանում.... Հավանաբար ձեզ հետ պատահել է, որ չեք կարողացել հիշել մեկի անունը կամ մի այլ բան, թեև այն ձեր լեզվի ծայրին է եղել.... Հիշողության այդպիսի ժամանակավոր կորուստը, որ հաճախակի է պատահում, կոչվում է վերհիշման արգելակում։ Գիտնականները դա համեմատում են թափթփված սենյակում իր տեղը չդրված առարկան փնտրելու հետ.... Որևէ ինֆորմացիա հիշելու համար լավ է, որ դա երկար ժամանակ ուսումնասիրվի այն բանից հետո, երբ կարծում ենք, թե շատ լավ ենք յուրացրել» («The World Book Encyclopedia»)։ Ակտիվ ուսումնասիրությունն ու կրկնողությունը կօգնեն մեզ վերհիշելու Աստծո հիշեցումները, որոնց համապատասխան գործելը կծառայի մեր օգտին։
7. Ինչո՞ւ այսօր առավել, քան երբևէ Եհովայի հիշեցումների կարիքն ունենք։
7 Ներկայումս մենք առավել քան երբևէ Եհովայի հիշեցումների կարիքն ունենք, քանի որ ամբարշտությունն ահռելի չափերի է հասել մարդկության պատմության մեջ։ Աստծո հիշեցումներին ուշադրություն դարձնելու շնորհիվ մենք իմաստություն ձեռք կբերենք, որը կօգնի մեզ չգայթակղվել աշխարհի ամբարիշտ ճանապարհներով։ «Աւելի իմաստուն եղայ քան թէ իմ ամեն վարժապետները,— ասում է սաղմոսերգուն.— որովհետեւ քո վկայութիւններն [«հիշեցումներն», ՆԱ] են իմ մտածմունքը։ Աւելի խելացի եղայ քան թէ ծերերը, որովհետեւ քո պատուիրանքները պահում եմ։ Ամեն չար ճանապարհից իմ ոտները ետ եմ քաշում, որ քո խօսքը պահեմ» (Սաղմոս 119։99–101)։ Պահելով Աստծո հիշեցումները՝ մենք հեռու կմնանք «ամեն չար ճանապարհից» և կխուսափենք նմանվել մարդկային այն զանգվածներին, որոնց «մտքերը մթագընուած են, եւ իրենք օտարացած են Աստծու կեանքից» (Եփեսացիս 4։17–19)։
8. Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ նախապատրաստվել հավատի փորձությունները հաջողությամբ դիմագրավելուն։
8 Աստծո հիշեցումներն անհրաժեշտ են նաև այն պատճառով, որ զորացնում են մեզ՝ դիմանալու այս «վերջի ժամանակի» բազմաթիվ դժվարություններին (Դանիէլ 12։4)։ Առանց այդպիսի հիշեցումների մենք կդառնանք ‘մոռացուկ լսողներ’ (Յակոբոս 1։25, ԱԹ)։ Սակայն անհատապես և ժողովի հետ միասին ջանադրաբար ուսումնասիրելով Գրությունները «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» հրատարակությունների միջոցով՝ մենք կարող ենք հաջողությամբ դիմագրավել հավատի փորձությունները (Մատթէոս 24։45–47)։ Այդպիսի հոգևոր միջոցառումները հնարավորություն են տալիս մեզ տեսնելու, թե ինչ պետք է անել, որպեսզի փորձության մեջ գտնվելիս Եհովային տհաճություն չպատճառենք։
Մեր հանդիպումների դերը կենսական է
9. Ովքե՞ր են «մարդկանց տեսքով պարգևները», և ինչպե՞ս են նրանք օգնում հավատակիցներին։
9 Աստծո հիշեցումներ ստանալու մեր կարիքը մասամբ բավարարվում է քրիստոնեական հանդիպումների ժամանակ, որտեղ մենք ուսուցում ենք ստանում նշանակված եղբայրների միջոցով։ Պողոս առաքյալը գրեց, որ երբ Հիսուսը «ելաւ բարձունքը, գերիների բազմութիւն գերեվարեց եւ մարդկանց [«տեսքով», ՆԱ] պարգեւներ տուեց»։ Պողոսն ավելացրեց. «[Քրիստոսը] շնորհ տուեց ոմանց լինելու առաքեալներ, ոմանց՝ մարգարէներ, ոմանց՝ աւետարանիչներ, ոմանց՝ հովիւներ եւ ուսուցիչներ՝ հաստատելու համար սրբերին իրենց պաշտօնի կատարման մէջ, ի շինութիւն Քրիստոսի մարմնի» (Եփեսացիս 4։8, 11, 12)։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ այդ «մարդկանց տեսքով պարգևները»՝ նշանակված երեցները, մեր ուշադրությունն ուղղում են դեպի Եհովայի հիշեցումները, երբ միասին հավաքվում ենք երկրպագելու։
10. Ո՞րն է Եբրայեցիս 10։24, 25–ի հիմնական միտքը։
10 Աստծո ձեռնարկումների հանդեպ երախտագիտությունը կմղի մեզ ներկա լինել ժողովի՝ ամեն շաբաթ տեղի ունեցող մեր հինգ հանդիպումներին։ Պողոսը մշտապես շեշտում էր միատեղ հավաքվելու անհրաժեշտությունը։ Նա գրեց. «Հոգ տանենք միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորելով և զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը, ինչպէս որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմեանց, և այդ այնքան աւելի, որքան տեսնում էք Տիրոջ օրուայ մօտենալը» (Եբրայեցիս 10։24, 25)։
11. Շաբաթական հանդիպումներից յուրաքանչյուրն ինչպիսի՞ օգուտներ է մեզ բերում։
11 Գնահատո՞ւմ եք արդյոք հանդիպումների դերը։ «Դիտարանի» շաբաթական ուսումնասիրությունը ամրապնդում է մեր հավատը, օգնում հնազանդվել Եհովայի հիշեցումներին և կոփում մեզ ընդդեմ աշխարհի ոգու (Ա Կորնթացիս 2։12; Գործք 15։31)։ Հանրային հանդիպման ժամանակ ելույթ ունեցողները Աստծո Խոսքն են ուսուցանում, ներառյալ Եհովայի հիշեցումներն ու Հիսուսի «հաւիտենական կեանքի [հրաշալի] խօսքերը» (Յովհաննէս 6։69; 7։46; Մատթէոս 5։1–7։29)։ Մեր ուսուցողական հմտություններն ավելի են սրվում Աստվածապետական ծառայության դպրոցում։ Ծառայողական հանդիպումը անգնահատելի օգնություն է հանդիսանում՝ կատարելագործելու բարի լուրի մեր մատուցումը տնետուն ծառայության, վերայցելությունների, Աստվածաշնչի տնային ուսումնասիրությունների ու այլ տեսակի ծառայությունների ժամանակ։ Ժողովի Գրքի ուսումնասիրության փոքր խումբը քննարկմանը մասնակցելու ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում, ինչը հաճախ իր մեջ ընդգրկում է Աստծո հիշեցումներ։
12, 13. Ասիական մի երկրում ինչպե՞ս Աստծո ժողովուրդը գնահատանք դրսևորեց քրիստոնեական հանդիպումների նկատմամբ։
12 Կանոնավորաբար ներկա լինելով ժողովի հանդիպումներին՝ մենք վերհիշում ենք Աստծո պատվիրաններն ու հոգևորապես ամուր մնում տնտեսական ու պատերազմական դժվար պայմաններում, ինչպես նաև հավատի այլ փորձությունների ժամանակ։ Ասիական երկրներից մեկում յոթանասուն քրիստոնյաներ զգացին հանդիպումների կարևորությունը, երբ տեղահանվեցին իրենց տներից ու հարկադրված պիտի ապրեին խուլ անտառում։ Վճռականորեն տրամադրված լինելով շարունակել կանոնավորաբար միասին հավաքվելը, նրանք վերադարձան պատերազմից ամայացած քաղաքը, ապամոնտաժեցին այն, ինչ որ մնացել էր Թագավորության սրահից ու նորը կառուցեցին ջունգլիում։
13 Այդ նույն երկրի մեկ այլ մասում Եհովայի ժողովուրդը, տարիներ շարունակ պատերազմի դժվարությունները կրելով հանդերձ, շարունակում է նախանձախնդրաբար քարոզել։ Այդ երկրում ապրող երեցներից մեկին հարցրին. «Ի՞նչն ամենից շատ նպաստեց եղբայրների միասնական լինելուն»։ Ի՞նչ պատասխանեց նա. «Տասնինը տարվա ընթացքում չի եղել մի դեպք, որ հանդիպում չանցկացվեր։ Երբեմն ռմբակոծության կամ այլ պատճառով եղբայրներից ոմանք չէին կարողանում հասնել ժողովի վայր, սակայն հանդիպումները միշտ կայանում էին»։ Այո՛, այս թանկագին եղբայրներն ու քույրերը գիտակցում էին, թե որքան կարևոր է ‘զանց չառնել մեկտեղ հավաքվելը’։
14. Ի՞նչ կարող ենք սովորել տարեց Աննայից։
14 Ութսունչորսամյա Աննան երբեք «չէր հեռանում տաճարից»։ Արդյունքը եղավ այն, որ նա անձամբ ներկա գտնվեց նորածին Հիսուսին տաճար բերելու իրադարձությանը (Ղուկաս 2։36–38)։ Արդյոք վճռե՞լ եք բաց չթողնել հանդիպումները։ Ջանո՞ւմ եք ներկա լինել համաժողովների բոլոր օրերին՝ առանց բաց թողնելու ծրագրի որևէ մաս։ Այդպիսի հավաքույթներին մատուցվող հոգևոր առողջ ուսուցումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ մեր երկնային Հայրը հոգ է տանում իր ժողովրդի մասին (Եսայիա 40։11)։ Այդպիսի առիթները նաև ուրախություն են բերում, իսկ մենք մեր ներկայությամբ ցույց ենք տալիս, որ գնահատում ենք Եհովայի հիշեցումները (Նէեմիա 8։5–8, 12)։
Հեռու մնալ՝ Եհովայի հիշեցումների օգնությամբ
15, 16. Եհովայի հիշեցումները պահելը ինչպե՞ս է անդրադառնում մեր վարվելակերպի վրա։
15 Աստծո հիշեցումները պահելն օգնում է հեռու մնալ այս ամբարիշտ աշխարհից։ Օրինակ՝ ականջ դնելով Աստծո հիշեցումներին՝ մենք կարող ենք զգուշանալ սեռական անբարոյության մեջ ներքաշվելուց (Բ Օրինաց 5։18; Առակաց 6։29–35; Եբրայեցիս 13։4)։ Ստելու, անազնիվ վարվելու կամ գողություն անելու գայթակղությունը կարելի է հաջողությամբ հաղթահարել Աստծո հիշեցումների օգնությամբ (Ելից 20։15, 16; Ղեւտացոց 19։11; Առակաց 30։7–9; Եփեսացիս 4։25, 28; Եբրայեցիս 13։18)։ Եհովայի հիշեցումները պահելը նաև կպահպանի մեզ վրեժխնդիր լինելուց, ոխ պահելուց կամ չարախոսելուց (Ղեւտացոց 19։16, 18; Սաղմոս 15։1, 3)։
16 Աստծո հիշեցումներին ուշադրություն ընծայելով՝ մենք սրբագործված ենք մնում, առանձնացած՝ նրան ծառայելու համար։ Որքա՜ն կարևոր է այս աշխարհից հեռու մնալ։ Իր երկրային կյանքի վերջին գիշերը Եհովային աղոթելիս Հիսուսը խնդրեց իր հետևորդների համար. «Ես նրանց տուի քո խօսքը, եւ աշխարհը նրանց ատեց, որովհետեւ նրանք աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ։ Այս աղաչում եմ ոչ թէ նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպէսզի նրանց պահես չարից։ Նրանք այս աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ։ Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտութեամբ, որովհետեւ քո խօսքը ճշմարտութիւն է» (Յովհաննէս 17։14–17)։ Եկեք շարունակենք թանկ գնահատել Աստծո Խոսքը, որը մեզ առանձնացնում է՝ իրականացնելու մեր սուրբ ծառայությունը։
17. Ի՞նչ կարող է պատահել, եթե անտեսենք Աստծո հիշեցումները. ուստի, ի՞նչ է հարկավոր անել։
17 Որպես Եհովայի ծառաներ՝ մենք ցանկանում ենք մշտապես պիտանի լինել նրան ծառայելու համար։ Եթե անտեսենք Աստծո հիշեցումները, ապա մեզ կտիրի այս աշխարհի ոգին, որը մեծապես դրսևորվում է խոսակցության, գրականության, զվարճությունների և վարքի մեջ։ Իսկ մենք, անշուշտ, չենք ցանկանում դառնալ փողասեր, հպարտ, ամբարտավան, անշնորհակալ, անհավատարիմ, դաժանաբարո, քմահաճ, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր. սրանք ընդամենը մի քանի առանձնահատկություններ են, որոնք բնորոշ են Աստծուց հեռացածներին (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Քանի դեռ ապրում ենք այս համակարգի վերջին օրերի վերջում, եկեք աղոթենք Աստծուն օգնության համար, որպեսզի կարողանանք շարունակել պահել Եհովայի հիշեցումները ու, այդպիսով, ‘նրա խոսքի պես զգուշանալ’ (Սաղմոս 119։9)։
18. Աստծո հիշեցումները պահելը ինչպիսի՞ գործողությունների կմղի մեզ։
18 Եհովայի հիշեցումներն ավելին են, քան պարզապես ցույց տալը, թե ինչից է հարկավոր զգուշանալ։ Նրա հիշեցումները պահելը կմղի մեզ գործելու. ամբողջությամբ ապավինելու Եհովային ու սիրելու նրան մեր ամբողջ սրտով, հոգով, մտքով ու զորությամբ (Բ Օրինաց 6։5; Սաղմոս 4։5; Առակաց 3։5, 6; Մատթէոս 22։37; Մարկոս 12։30)։ Աստծո հիշեցումները նաև մղում են մեզ սիրել մեր դրացուն (Ղեւտացոց 19։18; Մատթէոս 22։39)։ Աստծո ու դրացու հանդեպ մենք հատկապես սեր ենք դրսևորում՝ կատարելով Աստծո կամքն ու մարդկանց պատմելով կենարար «Աստուծոյ գիտութիւնը» (Առակաց 2։1–5)։
Եհովայի հիշեցումները պահելը կյանք է նշանակում
19. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մյուսներին Եհովայի հիշեցումների գործնական ու օգտավետ լինելը։
19 Եթե մենք պահում ենք Եհովայի հիշեցումները և ուրիշներին օգնում ենք նույնն անելու, ապա կփրկենք մեզ և մեզ լսողներին (Ա Տիմոթէոս 4։16)։ Ինչպե՞ս կարող ենք մյուսներին ցույց տալ, որ Եհովայի հիշեցումներին ականջ դնելն իրոք գործնական է ու օգտավետ։ Դա կարող ենք անել, եթե ինքներս ապրենք աստվածաշնչյան սկզբունքներով։ Այդպես, նրանք, ովքեր ճիշտ մոտեցում ունեն դեպի հավիտենական կյանքը, կտեսնեն, որ Աստծո Խոսքին ներդաշնակ ապրելակերպն իրականում լավագույնն է, որին հարկավոր է հետևել (Գործք 13։48)։ Նրանք նաև կտեսնեն, որ ‘արդարև մեր մեջ է Աստված’ ու կմղվեն մեզ հետ միասին երկրպագել Գերիշխան Տեր Եհովային (Ա Կորնթացիս 14։24, 25)։
20, 21. Ի՞նչ հնարավորություն են տալիս մեզ Աստծո ոգին ու նրա հիշեցումները։
20 Շարունակելով ուսումնասիրել Գրությունները, կիրառելով մեր սովորածը կյանքում և առավելագույնս օգուտներ քաղելով Եհովայի հոգևոր ձեռնարկումներից՝ մենք շատ կսիրենք նրա հիշեցումները։ Եթե ուշադրություն ընծայենք այդ հիշեցումներին, ապա դրանք կօգնեն մեզ հագնել «նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ» (Եփեսացիս 4։20–24)։ Եհովայի հիշեցումներն ու իր սուրբ ոգին հնարավորություն են տալիս մեզ դրսևորելու սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն. հատկություններ, որոնք այնքա՜ն հեռու են Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհին բնորոշ հատկություններից (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ; Ա Յովհաննէս 5։19)։ Ուստի, մենք կարող ենք երախտապարտ լինել, երբ Եհովայի պահանջների վերաբերյալ հիշեցումներ ենք ստանում Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության ժամանակ, նշանակված երեցների միջոցով և մեր ժողովներում ու համաժողովներում։
21 Եհովայի հիշեցումները պահելու շնորհիվ մենք չենք կորցնում մեր ուրախությունը, նույնիսկ երբ հալածվում ենք արդարության հետևելու համար (Ղուկաս 6։22, 23)։ Ամենավտանգավոր իրավիճակներում իսկ մենք Աստծո փրկությունն ենք հայցում։ Դա առավել ևս կարևոր է մեզ համար հիմա, երբ բոլոր ազգերը հավաքվում են «Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի համար»՝ Արմագեդոնին (Յայտնութիւն 16։14–16, ԱԹ)։
22. Ինչպիսի՞ վճռականություն է անհրաժեշտ ցույց տալ Եհովայի հիշեցումների առնչությամբ։
22 Եթե ցանկանում ենք հավիտենական կյանքի արժանանալ, մենք պետք է շատ սիրենք Եհովայի հիշեցումներն ու պահենք դրանք ամբողջ սրտով։ Ուստի, եկեք սաղմոսերգուի ոգին դրսևորենք, որը երգեց. «Քո վկայութիւնների [«հիշեցումների», ՆԱ] արդարութիւնը յաւիտեան է. իմաստուն արա ինձ եւ կ’ապրեմ» (Սաղմոս 119։144)։ Թող որ մենք էլ նույնպիսի վճռականություն ունենանք, ինչպես սաղմոսերգուն. «Դէպի քեզ եմ կանչում, փրկիր ինձ. եւ քո վկայութիւնները [«հիշեցումները», ՆԱ] կ’պահեմ» (Սաղմոս 119։146)։ Այո՛, թե՛ խոսքով և թե՛ գործով եկեք ցույց տանք, որ իսկապես շատ ենք սիրում Եհովայի հիշեցումները։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչպե՞ս էր սաղմոսերգուն վերաբերվում Եհովայի հիշեցումներին։
• Ինչո՞ւ մենք Աստծո հիշեցումների կարիքն ունենք։
• Աստծո հիշեցումների հետ կապված ի՞նչ դեր ունեն մեր հանդիպումները։
• Ինչպե՞ս են Եհովայի հիշեցումները մեզ առանձնացնում այս աշխարհից։
[նկար 15–րդ էջի վրա]
Սաղմոսերգուն շատ էր սիրում Եհովայի հիշեցումները։
[նկարներ 16–րդ, 17–րդ էջի վրա]
Աննայի օրինակին հետևելով՝ վճռե՞լ եք արդյոք բաց չթողնել հանդիպումները։
[նկար 18–րդ էջի վրա]
Եհովայի հիշեցումներին ականջ դնելով՝ մենք աշխարհից հեռու ենք մնում և մաքուր ու պիտանի դառնում նրան ծառայելու համար։