ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 29
Ուրախացիր քո առաջադիմությամբ
«Ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու» (ԳԱՂ. 6։4)։
ԵՐԳ 34 Անարատությամբ քայլենք
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Եհովան ինչո՞ւ մեզ չի համեմատում ուրիշների հետ։
ԵՀՈՎԱՆ բազմազանություն սիրող Աստված է։ Դա հստակ երևում է նրա զարմանահրաշ ստեղծագործություններից։ Նույնիսկ մարդկանց նա բազմազան է ստեղծել. յուրաքանչյուրս անզուգական է։ Ուստի Եհովան քեզ երբեք չի համեմատում ուրիշների հետ։ Նա տեսնում է քո սիրտը, քո ներքին անձնավորությունը (1 Սամ. 16։7)։ Նա գիտի քո ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև ծանոթ է քո անցյալին։ Եհովան երբեք քեզնից չի պահանջի մի բան, ինչը դու չես կարողանա անել։ Մենք պետք է ընդօրինակենք Եհովային և տեսնենք մեր մեջ այն, ինչ նա է տեսնում։ Այդ դեպքում ողջամիտ կլինենք, այսինքն՝ մի կողմից՝ մեր մասին չենք մտածի ավելին, քան հարկն է, մյուս կողմից՝ թերարժեքության զգացումով չենք լցվի (Հռոմ. 12։3)։
2. Ինչո՞ւ է ուրիշների հետ համեմատվելը սխալ։
2 Ինչ խոսք, մենք օգուտներ կքաղենք՝ ընդօրինակելով մեր այն հավատակիցներին, ովքեր հմուտ են ծառայության մեջ (Եբր. 13։7)։ Այդպես կտեսնենք, թե որ հարցերում բարելավումներ անելու կարիք ունենք (Փիլիպ. 3։17)։ Սակայն մի բան է ընդօրինակել մեկին, մեկ այլ բան համեմատվել նրա հետ։ Նման համեմատության արդյունքում քո մեջ գուցե նախանձի, վհատության կամ նույնիսկ թերարժեքության զգացում առաջանա։ Ինչպես սովորեցինք նախորդ հոդվածից, ժողովում ուրիշների հետ մրցակցելը կարող է վնասել մեզ նաև հոգևոր առումով։ Ուստի Եհովան հետևյալ սիրառատ խորհուրդն է տալիս. «Ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու» (Գաղ. 6։4)։
3. Հոգևոր ի՞նչ նպատակների ես հասել, որոնք քեզ ուրախություն են պատճառել։
3 Եհովան ցանկանում է, որ ուրախանաս քո առաջադիմությամբ։ Օրինակ, երբ մկրտվեցիր, մեծ ուրախություն ապրեցիր, որ վերջապես հասել ես քո նպատակին։ Այդ որոշումը դու ինքնուրույն էիր կայացրել, այն հիմնված էր Եհովայի հանդեպ ունեցած քո սիրո վրա։ Մտածիր, թե որքան ես առաջադիմել դրանից հետո։ Մի՞թե հիմա ավելի հաճույքով չես ընթերցում Աստվածաշունչը և ավելի խորությամբ չես ուսումնասիրում այն։ Մի՞թե քո աղոթքները այժմ ավելի բովանդակալից ու սրտաբուխ չեն (Սաղ. 141։2)։ Գուցե հիմա ավելի հեշտությամբ ես զրույց սկսում մարդկանց հետ և ավելի հմտորեն ես օգտագործում ծառայության համար նախատեսված մեր գործիքները։ Իսկ եթե ընտանիք ունես, ապա Եհովայի օգնությամբ թերևս դարձել ես ավելի լավ ամուսին, կին կամ ծնող։ Դու կարող ես շատ ուրախ լինել և բավարարվածության խոր զգացում ունենալ, որ նման հաջողությունների ես հասել։
4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
4 Մենք կարող ենք օգնել ուրիշներին ուրախանալ իրենց հոգևոր առաջադիմությամբ և խուսափել համեմատվելուց։ Այս հոդվածում կտեսնենք, թե ինչպես կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին, կողակիցները՝ միմյանց, երեցները և մյուսները՝ իրենց հավատակիցներին։ Բացի այդ՝ կքննենք որոշ սկզբունքներ, որոնք մեզ կօգնեն մեր հնարավորությունների սահմաններում իրատեսական նպատակներ դնել։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ԾՆՈՂՆԵՐԸ ԵՎ ԿՈՂԱԿԻՑՆԵՐԸ
5. Եփեսացիներ 6։4-ի համաձայն՝ ինչի՞ց պետք է խուսափեն ծնողները։
5 Ծնողները պետք է զգույշ լինեն, որ իրենց երեխային չհամեմատեն մեկ այլ երեխայի հետ՝ ակնկալելով մի բան, ինչը նրա ուժերից վեր է։ Դա կարող է վհատեցնել երեխային (կարդա Եփեսացիներ 6։4)։ Սաչիկոb անունով մի քույր ասում է. «Ուսուցիչներս ակնկալում էին, որ ես դասարանում լավագույնը լինեմ։ Բացի այդ՝ մայրս ցանկանում էր, որ դպրոցում լավ սովորեմ, որպեսզի իմ ուսուցիչներն ու ոչ Վկա հայրս լավ կարծիք կազմեն Եհովայի վկաների մասին։ Նա ուզում էր, որ քննություններս անթերի հանձնեմ, ինչը իմ ուժերից վեր էր։ Թեև վաղուց արդեն ավարտել եմ դպրոցը, բայց մինչ օրս կրում եմ այդ վերաբերմունքի հետևանքները. երբեմն ինձ թվում է, թե Եհովան գոհ չէ ինձանից, նույնիսկ եթե իմ լավագույնն եմ անում նրա համար»։
6. Ծնողները ի՞նչ կարող են սովորել Սաղմոս 131։1, 2 համարներից։
6 Սաղմոս 131։1, 2 համարներից ծնողները մի արժեքավոր դաս կարող են սովորել (կարդա)։ Դավիթ թագավորն ասում էր, որ նա «հետամուտ չեղավ մեծ-մեծ բաների, ոչ էլ այնպիսի բաների, որոնք անհասանելի էին» իրեն։ Սակայն իր համեստության և խոնարհության շնորհիվ նա բավարարված էր ու ներքին խաղաղություն ուներ։ Ի՞նչ կարող են սովորել ծնողները Դավթի խոսքերից։ Ծնողները ցույց կտան, որ համեստ են ու խոնարհ, եթե իրատեսական ակնկալիքներ ունենան ոչ միայն իրենցից, այլև իրենց երեխաներից։ Երբ ծնողները, գիտակցելով իրենց երեխայի ուժեղ և թույլ կողմերը, օգնում են նրան հասանելի նպատակներ դնել, նպաստում են այն բանին, որ երեխան ճիշտ ինքնագնահատական ունենա։ Մարինա անունով մի քույր պատմում է. «Մայրս ինձ երբեք չէր համեմատում ո՛չ իմ երեք եղբայրների, ո՛չ էլ մյուս երեխաների հետ։ Նա ինձ սովորեցնում էր, որ ամեն մեկս օժտված է տարբեր ունակություններով, և բոլորս էլ թանկ ենք Եհովայի համար։ Մորս շնորհիվ ես ուրիշների հետ համեմատվելու սովորություն չունեմ»։
7–8. Ամուսինը ինչպե՞ս կարող է պատվել իր կնոջը։
7 Քրիստոնյա ամուսինը պետք է պատվի իր կնոջը (1 Պետ. 3։7)։ Պատվել նշանակում է հատուկ ուշադրության և հարգանքի արժանացնել։ Օրինակ՝ ամուսինը պատվում է իր կնոջը՝ հարգելով նրա արժանապատվությունը։ Նա չի ակնկալի իր կնոջից ավելին, քան նա կարող է անել, ինչպես նաև չի համեմատի նրան ուրիշ կանանց հետ։ Իսկ եթե ամուսինը համեմատի իր կնոջը ուրիշների հետ, դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ նրա վրա։ Մեր քույրերից մեկի՝ Ռոզայի ոչ Վկա ամուսինը հաճախ էր նրան համեմատում այլ կանանց հետ։ Ամուսնու կոպիտ խոսքերի պատճառով մեր քույրը թերարժեքության զգացումով է համակվել։ Ռոզան ասում է. «Ես շարունակ հավաստիացման կարիք ունեմ, որ Եհովան սիրում ու գնահատում է ինձ»։ Մինչդեռ քրիստոնյա ամուսինը պատվում է իր կնոջը։ Նա գիտի, որ այդպես վարվելով՝ լավ փոխհարաբերություններ կունենա թե՛ իր կնոջ, թե՛ Եհովայի հետ։c
8 Իր կնոջը պատվող ամուսինը գովում է նրան, հավաստիացնում իր սիրո մեջ և ցույց տալիս, որ նա թանկ է իր համար (Առակ. 31։28)։ Կատերինան, ում մասին խոսեցինք նախորդ հոդվածում, պատմում է, թե իր ամուսինը ինչպես է օգնել իրեն հաղթահարել թերարժեքության զգացումը։ Երբ նա երեխա էր, նրա մայրը քննադատում էր նրան և հաճախ համեմատում ուրիշ աղջիկների հետ, այդ թվում՝ նրա ընկերների։ Արդյունքում Կատերինան էլ սկսեց ինքն իրեն համեմատել ուրիշների հետ անգամ ճշմարտությունն իմանալուց հետո։ Սակայն նրա քրիստոնյա ամուսինը օգնել է նրան պայքարել այդ հակման դեմ և հավասարակշռված տեսակետ ունենալ իր մասին։ Քույրն ասում է. «Նա սիրում է ինձ, գովում է այն լավ բաների համար, որ անում եմ, և աղոթում է ինձ համար։ Նա նաև ինձ հիշեցնում է Եհովայի հիանալի հատկությունների մասին և օգնում է շտկել իմ բացասական մտածելակերպը»։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ՀՈԳԱՏԱՐ ԵՐԵՑՆԵՐԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ
9–10. Հոգատար երեցները ինչպե՞ս օգնեցին մի քրոջ ձերբազատվել համեմատվելու սովորությունից։
9 Երեցները ինչպե՞ս կարող են օգնել նրանց, ովքեր համեմատվելու հակում ունեն։ Հանունի անունով մի քույր, որին երեխա ժամանակ գրեթե չէին գովում, պատմում է. «Ես ամաչկոտ էի և ինձ թվում էր, թե մյուս երեխաները ինձնից ավելի լավն են։ Որքանով ինձ հիշում եմ, միշտ համեմատվել եմ ուրիշների հետ»։ Անգամ ճշմարտությունն իմանալուց հետո Հանունին շարունակում էր համեմատվել։ Արդյունքում նա սկսեց մտածել, որ կարևոր դեր չունի ժողովում։ Սակայն այժմ նա ռահվիրա է ծառայում և մեծ ուրախություն է ստանում իր ծառայությունից։ Ի՞նչն օգնեց նրան փոխել իր մտածելակերպը։
10 Հանունին ասում է, որ իրեն օգնեցին հոգատար երեցները։ Նրանք հավաստիացրին, որ նա կարևոր տեղ ունի ժողովում և գովեցին նրան իր հավատարիմ ընթացքի համար։ Նա պատմում է. «Մի քանի անգամ երեցները խնդրեցին ինձ, որ քաջալերեմ որոշ երիտասարդ քույրերի, ովքեր օգնության կարիք ունեին։ Այդ հանձնարարությունը օգնեց, որ ինձ պիտանի զգամ։ Երեցները ինձ շնորհակալություն հայտնեցին այդ քույրերին օգնելու համար և կարդացին 1 Թեսաղոնիկեցիներ 1։2, 3 համարները։ Ես անչափ զգացված էի։ Այդ հոգատար երեցների շնորհիվ այժմ գիտեմ, որ կարևոր դեր ունեմ Եհովայի կազմակերպության մեջ»։
11. Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, ովքեր «փշրված» են (Եսայիա 57։15)։
11 Կարդա Եսայիա 57։15։ Եհովան հոգ է տանում նրանց մասին, ովքեր «փշրված» են։ Ոչ միայն երեցները, այլև բոլորս կարող ենք քաջալերել մեր այս սիրելի հավատակիցներին։ Դա անելու կերպերից մեկը նրանցով անկեղծորեն հետաքրքրվելն է։ Եհովան ուզում է, որ իր թանկ գառներին հավաստիացնենք իր սիրո մեջ (Առակ. 19։17)։ Մենք նաև կօգնենք մեր հավատակիցներին, եթե խոնարհ ու համեստ լինենք և մարդկանց ուշադրությունը չհրավիրենք մեզ վրա, ինչը կարող է նախանձի առիթ տալ։ Փոխարենը՝ մեր ընդունակություններն ու գիտելիքները կօգտագործենք, որպեսզի քաջալերենք միմյանց (1 Պետ. 4։10, 11)։
12. Ինչո՞ւ էին հասարակ մարդիկ ձգվում դեպի Հիսուսը (տես ամսագրի շապիկի նկարը)։
12 Քննելով Հիսուսի օրինակը՝ մենք շատ բան կսովորենք այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք ուրիշներին։ Նա երբևէ ապրած մեծագույն մարդն էր, բայց «հեզ էր ու սրտով խոնարհ» (Մատթ. 11։28–30)։ Նա իր մտային կարողություններով ու գիտելիքներով գերազանցում էր բոլոր մարդկանց, սակայն երբեք չէր պարծենում դրանով։ Ուսուցանելիս Հիսուսը պարզ ու հասկանալի ձևով էր խոսում և այնպիսի օրինակներ էր օգտագործում, որոնք հասնում էին հասարակ մարդկանց սրտին (Ղուկ. 10։21)։ Ի տարբերություն գոռոզ կրոնական առաջնորդների՝ Հիսուսը երբեք այնպես չէր անում, որ մարդիկ մտածեին, թե Աստծու համար իրենք ոչ մի արժեք չունեն (Հովհ. 6։37)։ Ընդհակառակը՝ նա հարգում էր հասարակ մարդկանց արժանապատվությունը։
13. Ինչպե՞ս էր Հիսուսը սեր ու բարություն ցուցաբերում իր աշակերտների հանդեպ։
13 Հիսուսի բարությունն ու սերը երևում էր նրանից, թե նա ինչպես էր վարվում իր աշակերտների հետ։ Նա գիտեր, որ նրանք տարբեր ընդունակություններ ու հանգամանքներ ունեն, ուստի նրանցից չէր ակնկալում, որ նույն հանձնարարությունները կկատարեն և նույն չափով արդյունավետ կլինեն ծառայության մեջ։ Սակայն նա գնահատում էր յուրաքանչյուրի թափած ջանքերը։ Հիսուսը ըմբռնումով էր մոտենում մարդկանց, ինչը հստակ երևում է տաղանդների մասին նրա պատմած առակից։ Առակում տերը իր ծառաներին հանձնարարություններ է տալիս՝ «յուրաքանչյուրին իր կարողության համեմատ»։ Երկու ջանասեր ծառաներից մեկը ավելի մեծ արդյունքների է հասնում, քան մյուսը։ Սակայն տերը երկուսին էլ գովասանքի նույն խոսքերն է ասում. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա» (Մատթ. 25։14–23)։
14. Հիսուսին ընդօրինակելով՝ ինչպե՞ս պետք է վարվենք ուրիշների հետ։
14 Հիսուսը բարությամբ ու սիրով է վերաբերվում նաև մեզ։ Նա գիտի, որ մեր ընդունակություններն ու հանգամանքները տարբեր են, և ուրախանում է, երբ տեսնում է, որ մեր լավագույնն ենք անում։ Մենք պետք է ընդօրինակենք Հիսուսին այս հարցում։ Երբեք չենք ցանկանա, որ մեր պատճառով հավատակիցը իրեն անարժեք զգա կամ ամաչի, որ չի կարողանում անել այնքան, որքան ուրիշները։ Ուստի եկեք առիթներ փնտրենք գովելու հավատակիցներին այն բանի համար, որ իրենց լավագույնն են անում Եհովային ծառայելու հարցում։
ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ
15–16. Ինչպե՞ս է մի քույր օգուտներ քաղել՝ իրատեսական նպատակներ դնելով։
15 Հոգևոր նպատակները մեր կյանքը լցնում են իմաստով։ Սակայն կարևոր է, որ նպատակներ դնելիս հաշվի առնենք մեր կարողություններն ու հանգամանքները, ոչ թե այն, թե ուրիշներն ինչ նպատակներ են դնում։ Հակառակ դեպքում կհիասթափվենք ու կվհատվենք (Ղուկ. 14։28)։ Տեսնենք, թե ինչ է պատմում Միդորի անունով մի ռահվիրա քույր։
16 Երբ Միդորին փոքր էր, նրա ոչ Վկա հայրը նրան անընդհատ համեմատում էր նրա փոքր եղբոր, քրոջ ու դասընկերների հետ։ Միդորին ասում է. «Ես ինձ անարժեք էի զգում»։ Բայց մեծանալով՝ նա վստահություն ձեռք բերեց իր անձի հանդեպ։ Միդորին պատմում է. «Ես ամեն օր կարդում էի Աստվածաշունչը, որպեսզի ներքին խաղաղություն ունենայի և համոզվեի, որ Եհովան սիրում է ինձ»։ Բացի այդ՝ Միդորին իրատեսական նպատակներ էր դնում և կոնկրետ աղոթքներ անում, որպեսզի կարողանար հասնել դրանց։ Արդյունքում նա ուրախանում էր իր հոգևոր առաջադիմությամբ։
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ՏԱԼ ՔՈ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
17. Ինչպե՞ս կարող ենք «նորոգվել՝ փոխելով [մեր] միտքը խթանող ուժը», և ի՞նչ կլինի արդյունքում։
17 Ժամանակ է պետք, որպեսզի ձերբազատվենք բացասական զգացումներից ու մտքերից։ Ուստի Եհովան հորդորում է մեզ. «Նորոգվեք՝ փոխելով ձեր միտքը խթանող ուժը» (Եփես. 4։23, 24)։ Դրա համար պետք է աղոթենք, ուսումնասիրենք Աստծու Խոսքը և խորհրդածենք։ Շարունակ արա այս բաները և խնդրիր Եհովային, որ քեզ ուժ տա։ Նա իր սուրբ ոգով կօգնի քեզ ձերբազատվել համեմատվելու սովորությունից։ Եթե քո սրտում բույն են դրել նախանձն ու հպարտությունը, Եհովան կօգնի, որ նկատես և անմիջապես արմատախիլ անես դրանք։
18. Ինչպե՞ս կարող են 2 Տարեգրություն 6։29, 30 համարները մխիթարել քեզ։
18 Կարդա 2 Տարեգրություն 6։29, 30։ Եհովան գիտի մեր սիրտը։ Նա նաև գիտի, որ պայքարում ենք այս աշխարհի ոգու և մեր իսկ անկատարության դեմ։ Երբ Եհովան տեսնում է, թե ինչ մեծ ջանքեր ենք թափում այդ ամենի դեմ պայքարելու համար, նա մեզ ավելի շատ է սիրում։
19. Ո՞ր օրինակի միջոցով է Եհովան նկարագրում մեր հանդեպ ունեցած իր զգացմունքները։
19 Եհովան մեր հանդեպ ունեցած իր զգացմունքները համեմատում է մոր և մանկան միջև եղած ջերմ կապվածության հետ (Ես. 49։15)։ Ռեյչլ անունով մի քույր պատմում է. «Աղջիկս՝ Ստեֆանին, վաղաժամ ծնվեց։ Երբ առաջին անգամ տեսա նրան, նա այնքա՜ն փոքր ու անօգնական էր։ Առաջին ամսվա ընթացքում, երբ նա հատուկ ինկուբատորի մեջ էր, բժիշկը թույլ տվեց, որ ամեն օր իմ գիրկն առնեմ նրան։ Այդ քնքուշ պահերը օգնեցին, որ ջերմ կապվածություն ձևավորվի մեր միջև։ Այժմ աղջիկս վեց տարեկան է և իր հասակակիցներից մարմնով փոքր է։ Բայց ես նրան շատ եմ սիրում, քանի որ նա պայքարեց ապրելու համար և ուրախությամբ լցրեց իմ կյանքը»։ Անչափ քաջալերական է իմանալ, որ Եհովան այդպիսի ջերմ զգացմունքներ է տածում մեր հանդեպ, երբ տեսնում է, որ պայքարում ենք ամբողջ սրտով իրեն ծառայելու համար։
20. Որպես Եհովայի նվիրված ծառա՝ ուրախանալու ի՞նչ պատճառ ունես։
20 Լինելով Եհովայի բազմազան ընտանիքի մի մասը՝ դու նրա համար շատ թանկ ես և առանձնահատուկ։ Եհովան քեզ ձգել է դեպի իրեն ոչ թե այն պատճառով, որ մյուս մարդկանցից ավելի լավն ես, այլ քանի որ նա տեսել է քո սիրտը, տեսել է, որ հեզ ես ու պատրաստ ես սովորելու իրենից և փոխվելու (Սաղ. 25։9)։ Վստահ եղիր, որ նա ուրախանում է՝ տեսնելով, որ քո լավագույնն ես անում իրեն ծառայելու համար։ Այն, որ դիմանում ես դժվարություններին և հավատարիմ ես մնում իրեն, ցույց է տալիս, որ «լավ և բարի սիրտ ունես» (Ղուկ. 8։15)։ Շարունակիր Եհովային տալ քո լավագույնը և «այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենաս [քո] անձի համար»։
ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ
a Եհովան մեզ չի համեմատում ուրիշների հետ։ Բայց մեզնից ոմանք գուցե հակված լինեն համեմատվելու ուրիշների հետ և իրենք իրենց քննադատելու։ Հոդվածից կիմանանք, թե համեմատվելը ինչու կարող է վնասակար լինել։ Կտեսնենք նաև, թե ինչպես կարող ենք օգնել մեր ընտանիքի անդամներին և հավատակիցներին, որ իրենց նայեն Եհովայի աչքերով։
b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։
c Թեև նշված մտքերը ամուսինների համար են, սակայն սկզբունքներից շատերը վերաբերում են նաև կանանց։
d ՆԿԱՐ։ Ընտանեկան երկրպագության ժամանակ ծնողները ուրախանում են՝ տեսնելով, թե երեխաներից յուրաքանչյուրը ինչպես է մասնակցում Նոյի տապանի մակետի պատրաստմանը։
e ՆԿԱՐ։ Միայնակ մայրը, ով մանկահասակ երեխա ունի, պլանավորում է ենթառահվիրա ծառայել։ Նա ուրախ է, որ հասել է իր նպատակին։