Եհովան «բազումողորմ» է
«Տէրը.... բազումողորմ [է]» (ՍԱՂՄՈՍ 145։8)։
1. Որքա՞ն ընդգրկուն է Աստծո սերը։
«ԱՍՏՈՒԱԾ սէր է» (Ա Յովհաննէս 4։8)։ Այս հուզիչ խոսքը ցույց է տալիս, որ Աստծո կառավարելու ձևը հիմնված է սիրո վրա։ Այո՛, նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն հնազանդվում Աստծուն, օգուտ են ստանում արևից ու անձրևից, որ նա սիրով տալիս է (Մատթէոս 5։44, 45)։ Քանի որ Աստված սիրում է մարդկությանը, ուստի նույնիսկ նրա թշնամիները, զղջում արտահայտելով, կարող են դառնալ դեպի նա ու կյանք ստանալ (Յովհաննէս 3։16)։ Բայց Եհովան շուտով կոչնչացնի անուղղելի ամբարիշտներին, որպեսզի այն մարդիկ, ովքեր սիրում են իրեն, կարողանան հավիտենական կյանք վայելել արդար նոր աշխարհում (Սաղմոս 37։9–11, 29; Բ Պետրոս 3։13)։
2. Ի՞նչ առանձնահատուկ սիրով է Եհովան սիրում նրանց, ովքեր նվիրվել են իրեն։
2 Եհովան իր ճշմարիտ երկրպագուներին սիրում է ջերմ, մշտական սիրով։ Այդ սերը բնորոշվում է մի եբրայերեն բառով, որը կարելի է թարգմանել «սիրաբուխ նվիրվածություն» արտահայտություններով։ Հին Իսրայելի Դավիթ թագավորը խորապես գնահատում էր Աստծո այդ հատկությունը։ Դավիթն իր անձնական փորձի, ինչպես նաև Աստծո վարվելակերպի մասին ունեցած խորհրդածությունների հիման վրա, կարող էր վստահ երգել, որ Եհովան մեծ է իր սիրաբուխ նվիրվածությամբ (Սաղմոս 145։8, ՆԱ)։
Ինչպես կարելի է բնորոշել Աստծուն նվիրված անձանց
3, 4. ա) Ինչպե՞ս է 145–րդ սաղմոսն օգնում մեզ բնորոշելու, թե ովքեր են Եհովայի նվիրված ծառաները։ բ) Ինչպե՞ս են Աստծուն նվիրված անձինք ‘օրհնում’ նրան։
3 Սամուել մարգարեի մայրը՝ Աննան, Եհովա Աստծո մասին ասաց. «Նա կը պահէ իր սուրբերի [«նվիրված ծառաների», ՆԱ] ոտքերը» (Ա Թագաւորաց 2։9)։ Ովքե՞ր են այդ նվիրված ծառաները։ Դավիթ թագավորը պատասխանում է այս հարցին։ Եհովայի սքանչելի հատկությունները գովաբանելուց հետո նա ասում է. «Քո սուրբերը [«նվիրված ծառաները», ՆԱ] պիտի օրհնեն քեզ» (Սաղմոս 145։10)։ Գուցե զարմանաս, թե ինչպես մարդիկ կարող են օրհնել Աստծուն։ Նրանք գլխավորապես դա անում են՝ գովելով նրան ու նրա մասին դրականորեն արտահայտվելով։
4 Եհովային նվիրված անձանց կարելի է բնորոշել նրանով, որ այդ մարդիկ դրականորեն են արտահայտվում նրա մասին։ Ընդհանրապես ո՞րն է նրանց խոսակցությունների թեման ընկերական միջավայրում ու քրիստոնեական հանդիպումներին։ Անտարակույս, Եհովայի Թագավորությունը։ Աստծո նվիրված ծառաները նույն տրամադրվածությունն ունեն, ինչ Դավիթը, որ Եհովայի մասին երգեց. «Քո թագաւորութեան փառքը պիտի խօսին. եւ քո զորութիւնները պիտի պատմեն» (Սաղմոս 145։11)։
5. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան լսում է, երբ իր նվիրված ծառաները դրականորեն են արտահայտվում իր մասին։
5 Լսո՞ւմ է արդյոք Եհովան, երբ իր նվիրված ծառաները փառաբանում են իրեն։ Այո՛, նա ուշադրություն է դարձնում նրանց խոսքերին։ Մաղաքիան մերօրյա ճշմարիտ երկրպագության վերաբերյալ մի մարգարեության մեջ գրել է. «Այն ժամանակ խօսեցին Տէրից վախեցողները իրար հետ, եւ Տէրը ականջ դրաւ ու լսեց, եւ յիշատակի գիրք գրուեցաւ նորա առաջին Տէրից վախեցողների համար, եւ նորա անունը պատուական համարողների համար» (Մաղաքիա 3։16)։ Եհովան մեծ հաճույք է ստանում, երբ իր նվիրված ծառաները դրականորեն են արտահայտվում նրա մասին, և նա հիշում է նրանց։
6. Ո՞ր գործունեությամբ են բնորոշվում Աստծո նվիրված ծառաները։
6 Եհովային նվիրված անհատներին նաև կարելի է բնորոշել նրանով, որ նրանք քաջություն և նախաձեռնություն են հանդես բերում՝ խոսելու այն մարդկանց հետ, ովքեր ճշմարիտ Աստծո երկրպագուներ չեն։ Իսկապես, Աստծուն նվիրված անհատները «իմացն[ում են] մարդկանց որդիներին նորա զօրութիւնները, եւ նորա թագաւորութեան փառաւոր մեծութիւնը» (Սաղմոս 145։12)։ Փնտրո՞ւմ ես արդյոք հնարավորություններ՝ խոսելու համար անծանոթ մարդկանց հետ Եհովայի թագավորական իշխանության մասին, և լիովի՞ն ես օգտվում այդ հնարավորություններից։ Ի տարբերություն մարդկային կառավարությունների, որոնք շուտով կանհետանան, Աստծո թագավորական իշխանությունը հավիտենական է (Ա Տիմոթէոս 1։17)։ Հույժ կարևոր է, որ մարդիկ սովորեն Եհովայի հավիտենական իշխանության մասին և անցնեն նրա կողմը։ «Քո թագաւորութիւնը ամենայաւէտ թագաւորութիւնն է,— երգեց Դավիթը,— եւ քո իշխանութիւնը՝ միշտ ազգից մինչեւ ազգ» (Սաղմոս 145։13)։
7, 8. Ի՞նչ տեղի ունեցավ 1914 թ.–ին, և ի՞նչն է փաստում, որ Աստված այժմ թագավորում է իր Որդու Թագավորության միջոցով։
7 Սկսած 1914 թ.–ից՝ ևս մեկ պատճառ եղավ խոսելու Եհովայի թագավորական իշխանության մասին։ Այդ տարի Աստված երկնքում հիմնեց Մեսիական Թագավորությունը, որի Թագավորն էր Դավիթի Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ Այսպիսով Եհովան իրականացրեց իր այն խոստումը, որ Դավիթի թագավորական իշխանությունը հավիտյան հաստատ կլինի (Բ Թագաւորաց 7։12, 13; Ղուկաս 1։32, 33)։
8 Այն, որ Եհովան այժմ թագավորում է իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի Թագավորության միջոցով, երևում է նրանից, որ Հիսուսի ներկայության նշանը կատարվում է։ Այդ նշանի ամենից ուշագրավ երեսակը այն գործն է, որը կատարվելու էր, համաձայն Հիսուսի կանխագուշակման, Աստծո բոլոր նվիրված ծառաների կողմից։ Նա ասաց. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։3–14)։ Քանի որ Աստծո նվիրված ծառաները եռանդորեն են իրագործում այս մարգարեությունը, այսօր արդեն ավելի քան վեց միլիոն տղամարդիկ, կանայք ու երեխաներ են մասնակցում այս վիթխարի, անկրկնելի գործին։ Շուտով բոլոր նրանք, ովքեր ընդդիմանում են Եհովայի Թագավորությանը, իրենց վախճանը կգտնեն (Յայտնութիւն 11։15, 18)։
Օգուտներ քաղենք Եհովայի գերիշխանությունից
9, 10. Ի՞նչ հակադրություն գոյություն ունի Եհովայի ու մարդկային ղեկավարների միջև։
9 Եթե մենք նվիրված քրիստոնյաներ ենք, ապա մեր փոխհարաբերությունները Տեր Եհովայի հետ մեզ շատ օգուտներ կբերեն (Սաղմոս 71։5; 116։12)։ Օրինակ՝ քանի որ մենք վախենում ենք Աստծուց ու միշտ արդարություն ենք գործում, մենք վայելում ենք նրա բարեհաճությունը և հոգևորապես մոտ ենք նրան (Գործք 10։34, 35; Յակոբոս 4։8)։ Սրան հակառակ՝ մարդկային ղեկավարներին հաճախ կարելի է տեսնել շրջապատված ականավոր մարդկանցով՝ ռազմական պաշտոնյաներով, հարուստ գործարարներով կամ սպորտի ու էստրադայի աստղերով։ Համաձայն աֆրիկյան մի թերթի՝ մի բարձրաստիճան կառավարական պաշտոնյա իր երկրի աղքատ շրջանների մասին հետևյալն է ասել. «Ես հասկանում եմ, թե ինչու մեծամասնությունս չենք ուզում գնալ այդ կողմերը։ Պատճառը պարզապես այն է, որ մենք ուզում ենք մոռանալ դրանց գոյության մասին։ Մեր խիղճը տանջում է մեզ, և մենք անհարմար ենք զգում մեր թանկարժեք ավտոմեքենաների պատճառով» («Sowetan»)։
10 Իհարկե, որոշ ղեկավարներ անկեղծորեն անհանգստանում են իրենց քաղաքացիների բարօրությամբ։ Բայց ամենավեհանձն ղեկավարն անգամ անձամբ չի ճանաչում իրեն ենթակա մարդկանց։ Իրոք, գուցե հարցնենք. «Կա՞ մի այնպիսի կառավարիչ, որն այնքան հոգատար է իր բոլոր հպատակների հանդեպ, որ իսկույն օգնության է հասնում նրանցից յուրաքանչյուրին, երբ նրանք հայտնվում են ծանր դրության մեջ»։ Այո՛, կա։ Դավիթը գրեց. «Տէրը հաստատում է ընկածներին, եւ կանգնեցնում է ամեն կռացածներին» (Սաղմոս 145։14)։
11. Ի՞նչ փորձություններ են բաժին հասնում Աստծո նվիրված ծառաներին, և ի՞նչ օգնություն են նրանք ստանում։
11 Եհովա Աստծո նվիրված ծառաները շատ փորձություններ ու նեղություններ են կրում այն պատճառով, որ անկատար են, նաև որ ապրում են մի աշխարհում, որը Սատանայի՝ Չարի իշխանության տակ է գտնվում (Ա Յովհաննէս 5։19, ՆԱ; Սաղմոս 34։19)։ Քրիստոնյաները հալածանքներ են կրում։ Ոմանք տառապում են քրոնիկական հիվանդությամբ, մյուսներին մեծ վիշտ է պատճառում հարազատի կորուստը։ Երբեմն Եհովայի նվիրված ծառան կարող է սխալվել, ինչը նրան ‘կռացնում’ է՝ վհատության մեջ է գցում։ Բայց ինչ փորձություններ էլ որ բաժին հասնեն նրանց, Եհովան միշտ պատրաստ է մխիթարելու և հոգևորապես զորացնելու նրանցից յուրաքանչյուրին։ Թագավոր Հիսուս Քրիստոսը նույնպես սիրով հետաքրքրվում է իր նվիրված հպատակներով (Սաղմոս 72։12–14)։
‘Կշտացնում է կերակրով ժամանակին’
12, 13. Որքանո՞վ է Եհովան բավարարում ‘ամեն կենդանիի’ կարիքները։
12 Իր մեծ սիրաբուխ նվիրվածությունից մղված՝ Եհովան բավարարում է իր ծառաների բոլոր կարիքները։ Մասնավորապես նա բավարարում է նրանց սնվելու պահանջը։ Դավիթ թագավորը գրեց. «Ամենի աչքերը [Եհովա] քեզ են սպասում, եւ դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին։ Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով» (Սաղմոս 145։15, 16)։ Նույնիսկ ամենածանր պահին Եհովան կարող է այնպես անել, որ իր նվիրված ծառաները ունենան «օրուայ հացը» (Ղուկաս 11։3; 12։29, 30)։
13 Դավիթը նշեց, որ «ամեն կենդանին»՝ ամեն կենդանի արարած, ‘կշտանում’ է։ Դա վերաբերում է նաև կենդանիներին։ Եթե չլիներ ցամաքի ու ծովի առատ բուսականությունը, ապա չէին լինի թթվածին ու սնունդ ջրային ու ցամաքային կենդանական աշխարհի և թռչունների համար (Սաղմոս 104։14)։ Բայց Եհովան հոգ է տանում, որ նրանց բոլոր կարիքները բավարարվեն։
14, 15. Ինչպե՞ս է այսօր մատակարարվում հոգևոր կերակուրը։
14 Ի տարբերություն կենդանիների՝ մարդիկ հոգևոր կարիքներ ունեն (Մատթէոս 5։3)։ Ի՜նչ հրաշալի ձևով է Եհովան բավարարում իր նվիրված ծառաների այդ կարիքները։ Հիսուսը, նախքան կմահանար, խոստացավ, որ «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» իր հետևորդներին ապահովելու է հոգևոր ‘կերակրով ժամանակին’ (Մատթէոս 24։45)։ Այսօր այդ ծառա դասակարգը կազմում են 144 000 օծյալների մնացորդը։ Նրա միջոցով Եհովան իսկապես առատ հոգևոր կերակուր է տալիս։
15 Օրինակ՝ Եհովայի ժողովրդի մեծ մասն այսօր օգուտներ է քաղում Աստվածաշնչի նոր ու ճշգրիտ՝ իրենց մայրենի լեզվով արված թարգմանությունից։ Ի՜նչ չքնաղ օրհնություն է «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։ Նաև, ավելի քան 300 լեզվով միլիոնավոր օրինակներով շարունակվում են հրատարակվել Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկներ։ Այս ամբողջ հոգևոր կերակուրը օրհնություն է ողջ աշխարհի ճշմարիտ երկրպագուների համար։ Ո՞ւմ է հարկավոր պատվել այս ամենի համար։ Եհովա Աստծուն։ Իր մեծ ողորմությամբ նա հնարավոր է դարձրել, որ ծառա դասակարգը Իր երկրպագուներին ժամանակին ապահովի կերակրով։ Այս ձևով «ամէն կենդանիի փափաքը» (ԱԱ) ներկա հոգևոր դրախտում բավարարվում է։ Ինչպե՜ս են ուրախանում Եհովայի ծառաները այն հույսով, որ շուտով երկիրը կտեսնեն դրախտի վերածված (Ղուկաս 23։42, 43 ՆԱ)։
16, 17. ա) Ճիշտ ժամանակին ստացված հոգևոր կերակրի ի՞նչ օրինակներ կան։ բ) Ինչպե՞ս է 145–րդ սաղմոսն արտահայտում Աստծո նվիրված ծառաների զգացումները Սատանայի կողմից բարձրացված հարցի առնչությամբ։
16 Քննարկենք ճիշտ ժամանակին ստացված հոգևոր կերակրի մի ուշագրավ օրինակ։ 1939 թ.–ին Եվրոպայում սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այդ նույն տարում «Դիտարանի» նոյեմբերի 1–ի համարում տպագրվեց «Չեզոքություն» հոդվածը։ Շնորհիվ ներկայացված հստակ տեղեկության՝ ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հասկացան, որ հարկավոր է խստորեն չեզոքություն պահպանել պատերազմող պետությունների գործերի հետ կապված։ Դա առաջ բերեց այդ երկրների ցասումը այդ վեցամյա հակամարտության ընթացքում։ Չնայած արգելքներին ու հալածանքներին՝ Աստծո նվիրված ծառաները շարունակեցին քարոզել Թագավորության բարի լուրը։ 1939–1946 թթ. ընթացքում նրանք օրհնվեցին 157 տոկոս զարմանալի աճով։ Բացի այդ, նրանց ուշագրավ անարատությունը, որ նրանք պահել էին պատերազմի ընթացքում, շարունակում է օգնել մարդկանց իմանալու, թե որն է ճշմարիտ կրոնը (Եսայիա 2։2–4)։
17 Եհովայի մատակարարած հոգևոր կերակուրը, բացի ժամանակին տրվելուց, նաև մեծ բավարարվածություն է պատճառում։ Երկրորդ աշխարհամարտը թևակոխել էր իր ամենաթեժ փուլը, երբ Եհովան իր ծառաներին օգնեց կենտրոնանալու իրենց փրկությունից շատ ավելի կարևոր բանի վրա։ Եհովան օգնեց նրանց հասկանալ, որ գլխավոր հարցը, որ ընդգրկում է ողջ տիեզերքը, վերաբերում է իր գերիշխանության իրավացիությանը։ Ի՜նչ մեծ բավարարվածություն է տալիս այն միտքը, որ յուրաքանչյուր Եհովայի վկա իր նվիրվածությամբ մի փոքրիկ ներդրում է ունեցել Եհովայի գերիշխանության արդարացման գործում, ինչպես նաև ապացուցել է Սատանայի ստախոս լինելը (Առակաց 27։11)։ Ի տարբերություն Սատանայի, որը զրպարտում է Եհովային ու նրա կառավարման ձևը՝ Աստծո նվիրված ծառաները շարունակում են հրապարակավ հայտարարել. «Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը» (Սաղմոս 145։17)։
18. Ո՞ր օրինակն է փաստում, որ հոգևոր կերակուրը, բացի ժամանակին տրվելուց, նաև մեծ բավարարվածություն է պատճառում։
18 Ժամանակին տրվող ու բավարարվածություն պատճառող հոգևոր կերակրի մեկ այլ օրինակ է «Մոտեցիր Եհովային» գիրքը, որի լույսընծայման մասին հայտարարվեց «Թագավորության եռանդուն քարոզիչները» համաժողովներին, որոնք տեղի ունեցան աշխարհի տարբեր մասերում 2002–2003 թթ.-ին։ Այս գրքում, որը պատրաստել է «հավատարիմ և իմաստուն ծառան» և հրատարակվել է Եհովայի վկաների կողմից, քննարկվում են Եհովա Աստծո չքնաղ հատկությունները, այդ թվում նրանք, որոնք հիշատակվում են Սաղմոս 145–ում։ Այս հիասքանչ գիրքը, անշուշտ, մեծապես կօգնի Աստծո նվիրված ծառաներին, որ է՛լ ավելի մոտենան նրան։
Ժամանակն է Եհովային ավելի մոտենալու
19. Ի՞նչ վճռական պահ է մոտենում, և ինչպե՞ս կարող ենք վերապրել դա։
19 Մոտենում է այն վճռական պահը, երբ կլուծվի Եհովայի գերիշխանության հետ կապված հարցը։ Ինչպես նախագուշակված է «Եզեկիել» 38–րդ գլխում, Սատանան շուտով կանցնի ‘Մագոգի երկրի Գոգի’ դերի կատարմանը։ Նա Եհովայի ժողովրդի վրա աշխարհածավալ հարձակում կձեռնարկի։ Սատանան իր ողջ ուժերը կլարի պղծելու համար Աստծո նվիրված ծառաների անարատությունը։ Ինչպես երբեք, Եհովայի երկրպագուները կարիք կունենան անդադար օգնության կանչելու նրան, նույնիսկ աղաղակելով։ Մի՞թե իզուր կլինի Աստծո հանդեպ նրանց ունեցած ակնածալից վախն ու սերը։ Իհարկե ո՛չ, քանզի Սաղմոս 145–ում ասվում է. «Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։ Իրանից վախեցողների կամքը անում է նա. եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է։ Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին. բայց բոլոր ամբարիշտներին կ’կորցնէ» (Սաղմոս 145։18–20)։
20. Ինչպե՞ս մոտ ապագայում կիրականանան Սաղմոս 145։18–20-ի խոսքերը։
20 Ի՜նչ հուզիչ պահ կլինի զգալ Եհովայի մոտիկությունը ու նրա փրկարար զորությունը, երբ նա ոչնչացնի բոլոր ամբարիշտներին։ Այդ վճռական պահին, որն այժմ շատ մոտ է, Եհովան կլսի միայն նրանց, ովքեր «կանչում են նորան ճշմարտութիւնով»։ Անշուշտ, նա չի լսի կեղծավորներին։ Աստծո Խոսքը միանշանակ ցույց է տալիս, որ իզուր կլինի վերջին րոպեին ամբարիշտների կողմից իր անունը կանչելը (Առակաց 1։28, 29; Միքիա 3։4; Ղուկաս 13։24, 25)։
21. Ինչպե՞ս են Եհովայի նվիրված ծառաները ցույց տալիս, որ հաճույքով են օգտագործում Աստծո անունը։
21 Այժմ, առավել քան երբևէ, ժամանակն է, որ աստվածավախ մարդիկ ‘կանչեն Եհովային ճշմարտությունով’։ Ովքեր նվիրված են նրան, հաճույքով են նրա անունն օգտագործում իրենց աղոթքներում ու հանդիպումների ժամանակ տված մեկնաբանություններում։ Նրանք Աստծո անունն օգտագործում են նաև մասնավոր զրույցներում։ Եվ բացի այդ, նրանք խիզախորեն հռչակում են Եհովայի անունը իրենց ծառայության ժամանակ (Հռովմայեցիս 10։10, 13–15)։
22. Ինչո՞ւ է կարևոր, որ շարունակ դիմադրենք աշխարհային մտայնությանն ու ցանկություններին։
22 Որպեսզի շարունակենք օգուտներ քաղել Եհովա Աստծո հետ ունեցած սերտ հարաբերություններից, խիստ կարևոր է նաև շարունակել դիմադրել հոգևոր տեսակետից այնպիսի վնասակար բաների, ինչպիսիք են՝ նյութապաշտությունը, անվայել ժամանցը, չներելու հակումը, անտարբերությունը կարիքավորների հանդեպ (Ա Յովհաննէս 2։15–17; 3։15–17)։ Եթե անհատը չհետևի այն բանին, թե ինչ նպատակներ է ինքը դնում և ինչ հակումներ ունի, ապա դա կարող է նրան առաջնորդել խիստ մեղավոր ընթացքի, որի հետևանքով նա կկորցնի Եհովայի բարեհաճությունը (Ա Յովհաննէս 2։1, 2; 3։6)։ Իմաստություն կլինի միշտ հիշել, որ Եհովան մեր հանդեպ կշարունակի սիրաբուխ նվիրվածություն ցուցաբերել միայն այն դեպքում, երբ մենք հավատարիմ կմնանք իրեն (Բ Թագաւորաց 22։26, ՆԱ)։
23. Ի՞նչ մեծ ապագա է սպասում բոլոր նրանց, ովքեր նվիրված են Աստծուն։
23 Ուստի եկեք մեր միտքը սևեռենք այն մեծ ապագայի վրա, որ սպասում է Եհովայի բոլոր նվիրված ծառաներին։ Այս ձևով մենք հրաշալի հեռանկար կունենանք լինելու նրանց թվում, ովքեր կգովեն, կօրհնեն ու կփառաբանեն Եհովային «ամեն օր» և «յաւիտեանս յաւիտենից» (Սաղմոս 145։1, 2)։ Թող որ, ուրեմն, ‘մեր անձերը Աստծո սիրո մեջ պահենք հավիտենական կյանքի համար’ (Յուդա 20, 21)։ Շարունակելով օգուտներ քաղել մեր երկնային Հոր չքնաղ հատկություններից, այդ թվում նրա մեծ, սիրաբուխ նվիրվածությունից, որ նա ցուցաբերում է նրանց հանդեպ, ովքեր սիրում են իրեն՝ թող որ մենք ունենանք այն նույն տրամադրվածությունը, որն արտահայտեց Դավիթը 145–րդ սաղմոսի վերջին խոսքերում. «Իմ բերանը Տիրոջ օրհնութիւնը կը խօսի, եւ ամեն մարմին նորա սուրբ անունը կ’օրհնէ յաւիտեանս յաւիտենից»։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս է 145–րդ սաղմոսն օգնում մարդկանց բնորոշել Աստծո նվիրված ծառաներին։
• Ինչպե՞ս է Եհովան ‘ամեն կենդանիի փափագը լցնում’։
• Ինչո՞ւ կարիք ունենք է՛լ ավելի մոտենալու Եհովային։
[նկար 16–րդ էջի վրա]
Աստծո նվիրված ծառաները հաճույքով են խոսում նրա զորավոր գործերի մասին
[նկար 17–րդ էջի վրա]
Եհովայի ծառաները խիզախորեն օգնում են անծանոթ մարդկանց իմանալու Աստծո փառավոր թագավորական իշխանության մասին
[նկարներ 18–րդ էջի վրա]
Եհովան կերակուր է տալիս ‘ամեն կենդանիին’
[թույլտվությամբ]
Animals: Parque de la Naturaleza de Cabárceno
[նկար 19–րդ էջի վրա]
Եհովան զորացնում ու առաջնորդում է իր նվիրված ծառաներին, որոնք աղոթքով իրենից օգնություն են հայցում