Ինչ է պատահում հոգուն մահվան պահին
«Հոգու անմահության ուսմունքը և այն գաղափարը, թե հոգին շարունակում է իր գոյությունը, երբ մահից հետո մարմինը քայքայվում է, քրիստոնեական փիլիսոփայության և աստվածաբանության հիմքերից մեկն է»։ («Նոր կաթոլիկական հանրագիտարան»)
1. Մահը վերապրող հոգու վերաբերյալ ի՞նչ է ասվում «Նոր կաթոլիկական հանրագիտարանում»։
ՍԱԿԱՅՆ վերոհիշյալ աշխատության մեջ նշվում է նաև, որ Աստվածաշնչում «դժվար է գտնել մահից հետո վերապրող հոգու գաղափարը»։ Այդ դեպքում, Աստվածաշունչն ի՞նչ է սովորեցնում այն մասին, թե ինչ է տեղի ունենում հոգու հետ մահվան պահին։
Մահացածները գտնվում են անգիտակից վիճակում
2, 3. Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները, և Աստվածաշնչի ո՞ր խոսքերից է դա երևում։
2 Մահացածների վիճակը պարզորոշ նկարագրվում է Ժողովող 9։5, 10 համարներում, որտեղ կարդում ենք. «Մեռածները ոչինչ չգիտեն.... գերեզմանի մէջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կայ, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտութիւն եւ ո՛չ էլ իմաստութիւն» (ԷԹ)։ Հետևաբար, մահը չգոյության վիճակ է։ Սաղմոսերգուն գրեց այն մասին, որ մարդը մահանալիս «դէպի իր հողը կ’դառնայ, նոյն օրը կը կորչեն նորա խորհուրդները» (Սաղմոս 146։4)։
3 Այսպիսով՝ մահացածներն անգիտակից և անգործունյա վիճակում են գտնվում։ Ադամի նկատմամբ դատավճիռ կայացնելիս՝ Աստված ասաց. «Հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս» (Ծննդոց 3։19)։ Մինչ հողի փոշուց Ադամի ստեղծվելը՝ նա գոյություն չուներ։ Մահանալով՝ Ադամը վերադարձավ այդ նախկին վիճակին։ Նրա պատիժը մահն էր, ոչ թե գոյության մեկ այլ ոլորտ տեղափոխվելը։
Հոգին մահանում է
4, 5. Աստվածաշնչի ո՞ր համարներն են ցույց տալիս, որ հոգին մահանում է։
4 Իսկ ի՞նչ պատահեց Ադամի հոգուն, երբ նա մահացավ։ Հիշենք, որ Աստվածաշնչում «հոգի» բառը հաճախ նշանակում է «անձ»։ Ուստի՝ երբ ասում ենք, որ Ադամը մահացավ, նկատի ենք ունենում այն, որ Ադամ անունով հոգին մահացավ։ Թերևս սա անսովոր արտահայտություն է նրանց համար, ովքեր հավատում են հոգու անմահությանը։ Այնուամենայնիվ, Աստվածաշնչում ասվում է. «Մեղանչող անձը [«հոգին», եբրայերեն՝ նե՛ֆեշ] ինքը պիտի մեռնէ» (Եզեկիէլ 18։4)։ Յեսու 10։30–ում խոսվում է ‘սրի բերանով զարկված հոգիների’ մասին։ Իսկ ուխտավորներին զգուշացվել էր, որպեսզի չմոտենան «մեռած մարմնի» («մեռած հոգու», ՆԱ) (Թուոց 6։6)։
5 Հոգու վերաբերյալ նման արտահայտություն գտնում ենք նաև Մարկոս 3։4 համարում։ Այստեղ Հիսուսն օգտագործել է «հոգին.... սպանել» (ԱԹ) արտահայտությունը, որը «Նոր աշխարհաբար թարգմանության Նոր կտակարանում» ներկայացվում է՝ «կեանք.... կորսնցնել» արտահայտությամբ։ Ուստի՝ հոգու մահը պարզապես նշանակում է մարդու մահը։
«Դուրս է գալիս» և «վերադառնում»
6. Ինչպե՞ս հասկանալ Աստվածաշնչի այն խոսքերը, թե Ռաքելի հոգին «դուրս էր գալիս» նրանից։
6 Սակայն ի՞նչ կարելի է ասել Ռաքելի ողբերգական վախճանի մասին, երբ նա իր երկրորդ որդուն ծննդաբերելիս մահացավ։ Ծննդոց 35։18–ում կարդում ենք. «Եւ եղաւ երբոր նորա հոգին դուրս էր գալիս (որովհետեւ մեռաւ,) նորա անունը Բենօնի դրաւ. բայց նորա հայրը Բենիամին կոչեց նորան»։ Արդյո՞ք այս խոսքերը նշանակում են, որ մահվան պահին Ռաքելից ինչ–որ ներքին էություն անջատվեց։ Բոլորովին էլ ոչ։ Հիշեք, որ «հոգին» նշանակում է նաև կյանք, որով օժտված է մարդը։ Ուստի՝ տվյալ դեպքում «հոգի» բառը պարզապես նշանակում է Ռաքելի «կյանքը»։ Սա որպես հիմք ընդունելով՝ Աստվածաշնչի այլ թարգմանություններ «հոգին դուրս էր գալիս» նախադասությունը ներկայացրել են՝ «նրա կյանքը մարեց» («Նոքս»), «իր վերջին շունչը փչեց» («Երուսաղեմի Աստվածաշունչ»), «մահացավ, ծնելով այդ որդուն և մահանալիս տվեց նրան Բենոնին անունը» («Սովրեմեննի պերեվոդ»)։ Այս համարներում ոչ մի ակնարկ չկա այն մասին, թե Ռաքելից ինչ–որ խորհրդավոր մաս մահից հետո շարունակեց ապրել։
7. Ի՞նչ իմաստով այրի կնոջ որդու «հոգին իր մարմնին դարձաւ»։
7 Նույն սկզբունքը կիրառելի է նաև Գ Թագաւորաց 17–րդ գլխի համար, որտեղ պատմվում է այրի կնոջ որդու հարության մասին։ 22–րդ համարում (Արևմտահայերեն թարգմանություն) կարդում ենք, որ մահացած երեխայի վրա աղոթելուց հետո «Տէրը Եղիայի ձայնը լսեց ու տղուն հոգին իր մարմնին դարձաւ եւ անիկա կենդանացաւ»։ Կրկին անգամ «հոգի» բառը նշանակում է կյանք։ Կրկին ռուսերեն «Սովրեմեննի պերեվոդ»–ում կարդում ենք. «Տղայի կյանքն իրեն վերադարձավ, և նա կենդանացավ»։ Այո՛, խոսքը կյանքի մասին էր և ոչ թե ինչ–որ երևութական էության մասին, որը ետ վերադարձավ դեպի տղայի մարմինը։ Սա են հաստատում Եղիայի խոսքերը, որը, դիմելով երեխայի մորը, ասաց. «Տես որդիդ կենդանի է» (Գ Թագաւորաց 17։23)։
«Անցումային վիճակի» դիլեման
8. Իրենց քրիստոնյա համարող մարդկանց կարծիքով՝ ապագա հարության ժամանակ ի՞նչ պիտի տեղի ունենա։
8 Իրենց քրիստոնյա համարող բազում անհատներ հավատում են մի այնպիսի հարության, որի ժամանակ մարմինները պիտի միանան անմահ հոգիների հետ։ Այնուհետև հարուցվածները կիմանան, թե ինչ է իրենց համար կանխորոշված. շիտակ կյանք վարողները պարգև կստանան, իսկ չար մարդիկ կհատուցեն իրենց արարքների համար։
9. Ի՞նչ է նշանակում «անցումային վիճակ» արտահայտությունը, և, ոմանց կարծիքով, հոգու հետ ի՞նչ է տեղի ունենում այդ վիճակում գտնվելու ժամանակահատվածում։
9 Այս կոնցեպցիան բավականին պարզունակ է թվում։ Սակայն հոգու անմահությանը հավատացողները դժվարանում են բացատրել, թե ի՛նչ է տեղի ունենում հոգու հետ մահից մինչև հարությունն ընկած ժամանակահատվածում։ Իսկապես, «անցումային վիճակ» կոչված գաղափարի վերաբերյալ դարեր շարունակ վիճաբանություններ են գնացել։ Ոմանց կարծիքով՝ մահից հետո հոգին հայտնվում է քավարանում, որտեղ նախ՝ մաքրվում է ներելի մեղքերից, ապա նոր՝ իրավունք ստանում երկնքի արքայությունը մտնելու։a
10. Ինչո՞ւ ենք ասում, որ հոգիների՝ որոշ ժամանակով քավարանում գտնվելու գաղափարը Գրություններով հիմնավորված չէ, և ինչպե՞ս է Ղազարոսի հետ կապված դեպքը հաստատում դա։
10 Սակայն, ինչպես տեսանք, հոգին հենց ինքը մարդն է։ Երբ մահանում է մարդը, մահանում է հոգին։ Ուստի մահից հետո բանական կյանք գոյություն չունի։ Օրինակ՝ երբ Ղազարոսը մահացավ, Հիսուսը չասաց, թե նա գտնվում է քավարանում, դժոխքի նախադռանը (լիմբո) կամ էլ մի որևէ այլ «անցումային վիճակում»։ Փոխարենը՝ Հիսուսն ասաց. «Մեր Ղազարոս բարեկամը քնեց» (Յովհաննէս 11։11, ԱԹ)։ Պարզ է, որ մահից հետո հոգու վիճակից տեղյակ Հիսուսը հավատում էր, որ Ղազարոսն անգիտակից՝ չգոյության վիճակում էր գտնվում։
Ի՞նչ է «ոգին»
11. Ինչո՞ւ «ոգի» բառը չի վերաբերում մարդու մահը վերապրող անմարմին ինչ–որ մասնիկի։
11 Աստվածաշնչում նշվում է, որ մահանալիս մարդու «ոգին դուրս կգա, նա դեպի իր հողը կդառնա» (Սաղմոս 146։4, ՆԱ)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ անմարմին ոգին բառի բուն իմաստով անջատվում է և մարդու մահից հետո շարունակում ապրել։ Ինչպես երևում է սաղմոսերգուի հաջորդ խոսքերից, դա այդպես չէ. «Նոյն օրը կը կորչեն նորա խորհուրդները»։ Ի՞նչ է, ուրեմն, ոգին, և ինչպե՞ս է այն ‘դուրս գալիս’ մահվան պահին։
12. Ի՞նչ իմաստ են բովանդակում «ոգի» թարգմանված եբրայերեն և հունարեն բառերը։
12 «Ոգի» թարգմանված բառի հիմնական նշանակությունը Աստվածաշնչում (եբրայերեն՝ ռո՛ւախ, հունարեն՝ պնևմա) «շունչն» է։b Ուստի՝ «նրա ոգին դուրս կգա» թարգմանության փոխարեն Ռ. Նոքսն օգտագործում է «շունչը թողնում է մարմինը» արտահայտությունը (Սաղմոս 145։4, «Նոքս»)։ Սակայն «ոգի» բառն ավելին է ընդգրկում, քան միայն շնչառության պրոցեսը։ Օրինակ՝ համաշխարհային Ջրհեղեղի ժամանակ մարդկանց և կենդանիների կործանման մասին Ծննդոց 7։22–ն ասում է. «Ամենը որի ռնգացը մէջ կենդանութեան շունչ [կամ՝ ոգի, եբրայերեն՝ ռո՛ւախ] կար, այն բոլորը որ ցամաքի վերայ էր, մեռան»։ Այսպիսով՝ «ոգի» բառը կրում է կենդանության շնչի՝ կյանքի ուժի իմաստը, որը գործում է բոլոր ապրող արարածների՝ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների մեջ և պահպանվում է շնչառությամբ։
13. Ինչպիսի՞ զուգահեռ կարելի է անցկացնել մարդու ոգու և էլեկտրական հոսանքի միջև։
13 Բերենք օրինակ. ինչ–որ մի սարք աշխատում է էլեկտրական հոսանքով։ Եթե հոսանքն անջատվի, սարքը կդադարի գործելուց։ Հոսանքը դրանից հետո սարքավորման առանձին մասնիկի չի վերածվում։ Նմանապես, երբ մահանում է անհատը, նրա ոգին դադարում է «աշխատեցնել» մարմնի բջիջները (Սաղմոս 104։29, ՆԱ)։
14, 15. Ի՞նչ իմաստով է ոգին մահվան պահին վերադառնում Աստծո մոտ։
14 Այդ դեպքում ինչո՞ւ ենք Ժողովող 12։7–ում կարդում, որ երբ մարդը մահանում է, նրա «հոգին [եբրայերեն՝ ռո՛ւախ կամ ոգի], որ Աստուած էր տուել, պիտի վերստին նրա մօտ գնայ» (ԷԹ)։ Ինչպե՞ս հասկանալ այս խոսքերը՝ այն, որ ոգին, կտրել–անցնելով դատարկ տարածությունը, ուղևորվում է Աստծո մո՞տ։ Նման միտք այստեղ ամփոփված չէ։ Հիշե՛ք, որ ոգին դա կյանքի ուժն է։ Եթե կյանքի ուժը լքել է մարդուն, միայն Աստված կարող է այն վերադարձնել։ Ուստի ոգին «պիտի վերստին [Աստծո] մօտ գնայ» ա՛յն իմաստով, որ մահացածի համար ապագա կյանքի հույսն ամբողջովին կախված է Աստծուց։
15 Միայն Աստված կարող է վերադարձնել ոգին կամ կյանքի ուժը, որի շնորհիվ մարդը կարող է ետ վերադառնալ կյանքի (Սաղմոս 104։30, ՆԱ)։ Բայց արդյո՞ք Աստված մտադիր է մարդուն ետ վերադարձնել։
[ծանոթագրություն]
a Աստվածաշնչի հայերեն թարգմանություններում ռո՛ւախ և պնևմա բառերը, առանց որևէ խտրականության, թարգմանված են հոգի, շունչ կամ ոգի։
b Ըստ «Նոր կաթոլիկական հանրագիտարանի»՝ «[Եկեղեցու] Հայրերն իրենց ելույթներում բավականին որոշակիորեն են պաշտպանում քավարանի գոյության գաղափարը»։ Միևնույն աշխատության մեջ նշվում է նաև, որ «քավարանի մասին կաթոլիկական ուսմունքը հիմնված է ոչ թե Սուրբ Գրությունների, այլ ավանդության վրա»։
[շրջանակ 23–րդ Էջի վրա]
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԿԻՆ ԿՅԱԻՑ
Եթե մարդու մահից հետո նրանից ոչ մի մաս չի շարունակում իր գոյությունը, այդ դեպքում ինչո՞ւ են ոմանք պնդում, թե հիշում են իրենց նախկին կյանքը։
Հնդուական փիլիսոփա Նիկիլանանդան գրում է, որ «մահից հետո տեղի ունեցող երևույթները բանականությամբ հնարավոր չէ ըմբռնել»։ Մի դասախոսության մեջ աստվածաբան Հանս Կյունգը նշեց. «Նախկին կյանքից հիշողությունների վերաբերյալ հաղորդագրություններից ոչ մեկը (հայտնողների մեծամասնությունը երեխաներ են և այն երկրների բնակիչները, որտեղ տարածված է հոգու վերաբնակեցման գաղափարը) հնարավոր չէ ստուգել»։ Այնուհետև նա ավելացրեց. «[Այս ասպարեզում գիտական հետազոտություններով զբաղվողների] մեծամասնությունն ընդունում է, որ իրենց ստացած տեղեկությունները երկրային կրկնվող կյանքի մասին համոզիչ ապացույցներ չեն տալիս» («Models of Belief in Eternity in the Religions»)։
Իսկ եթե դուք եք նման ապրումներ ունենում, և ձեզ թվում է, թե նախկին կյանքից հիշողություններ ունեք... Այսպիսի զգացումները կարող են տարբեր պատճառներ ունենալ։ Դրանցից մեկն այն է, որ մեր ստացած ինֆորմացիայի ոչ բոլոր մասն է ընթացք ստանում, դրա մեծ մասը մնում է մեր ենթագիտակցության ծածուկ անկյուններում։ Երբ մոռացված պատկերները կրկին մեր հիշողության մեջ են մտնում, որոշ մարդիկ դրանք դիտում են որպես նախկին կյանքի ապացույցներ։ Սակայն ներկա կյանքից բացի, ուրիշ ոչ մի կյանքի ստույգ ապացույցներ գոյություն չունեն, և բացի այդ, աշխարհում ապրող մարդկանց մեծամասնությունը իր նախկինում ապրած կյանքի ոչ մի հիշողություն էլ չունի. նրանք ևս չեն կարծում, որ երբևիցե ապրել են անցյալում։