«Պահիր իմ պատուիրանքները, որ ապրես»
ՆԱ ՄԻ խելացի երիտասարդ էր, «գեղեցիկ էր դէմքով եւ գեղեցիկ՝ տեսքով»։ Նրա գործատիրոջ կինը մի ցանկասեր ու անամոթ անձնավորություն էր։ Երիտասարդի հանդեպ անհաղթահարելի ցանկությամբ լցված՝ այդ կինն ամեն օր փորձում էր գայթակղեցնել նրան։ «Եվ եղաւ որ նա մի օր իր գործը կատարելու համար տուն եկաւ. եւ այնտեղ տան մէջ տան մարդիկներից մէկը չ’կար. Եւ տիկինը բռնեց նորա հանդերձիցն ասելով, Պառկիր ինձ հետ»։ Սակայն Հովսեփը՝ Հակոբ նահապետի որդին, թողնելով իր հագուստը, փախավ Պետափրեսի կնոջից (Ծննդոց 39։1–12)։
Անշուշտ, բոլորը չէ, որ խուսափում են գայթակղեցնող իրավիճակներից։ Այդպիսին էր այն երիտասարդը, որին հին Իսրայելի թագավոր Սողոմոնը տեսավ գիշերային փողոցում։ Չկարողանալով դիմադրել քմահաճ կնոջ հրապույրներին՝ նա «իսկոյն գնաց նորա ետեւիցը, ինչպէս որ արջառը կ’գնայ սպանդանոցը» (Առակաց 7։21, 22)։
Քրիստոնյաներին հորդոր է տրվում ‘փախչել պոռնկությունից’ (Ա Կորնթացիս 6։18)։ Երիտասարդ քրիստոնյա աշակերտ Տիմոթեոսին Պողոս առաքյալը գրեց. «Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր» (Բ Տիմոթէոս 2։22)։ Երբ հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, որը կարող է տանել պոռնկության, շնության կամ այլ անբարո արարքների, մենք նույնպես պետք է վճռական լինենք և «փախչենք», ինչպես որ Հովսեփը դիմեց այդ քայլին։ Ի՞նչը կօգնի վճռական լինել այդպիսի հանգամանքներում։ Աստվածաշնչի «Առակաց» գրքի յոթերորդ գլխում Սողոմոնն անգնահատելի խորհուրդներ է տալիս մեզ։ Նա ոչ միայն խոսում է այն մասին, թե ինչպես կարելի է պաշտպանվել անբարոյական մարդկանց խարդավանքներից, այլև բացահայտում է, թե ինչպես են նրանք գործում՝ տալով անառակ կնոջ կողմից երիտասարդին գայթակղեցնելու վառ նկարագրությունը։
‘Քո մատներին կապիր իմ պատվիրանները’
Թագավորը սկսում է հայրական խորհրդով. «Որդեակս, պահիր իմ խօսքերը, եւ իմ պատուիրանքները թագցրու քեզ մօտ։ Պահիր իմ պատուիրանքները որ ապրես, եւ իմ օրէնքը՝ քո աչքի բիբին պէս» (Առակաց 7։1, 2)։
Ծնողները, առանձնապես հայրերը, Աստծուց տրված պատասխանատվություն ունեն՝ իրենց երեխաներին սովորեցնելու, թե, ըստ Աստծո չափանիշների, ինչն է չար և ինչը՝ բարի։ Մովսեսը հորդորում էր հայրերին. «Այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եվ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Բ Օրինաց 6։6, 7)։ Իսկ Պողոս առաքյալը գրեց. «Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով» (Եփեսացիս 6։4)։ Ուստի, ծնողական հրահանգները, որոնք հարկավոր է գանձի պես պահել, այսինքն՝ թանկ գնահատել, իրենց մեջ պարունակում են Աստծո Խոսքից՝ Աստվածաշնչից վերցված հիշեցումներ, պատվիրաններ և օրենքներ։
Ծնողների տված դաստիարակության մեջ մտնում են նաև այլ պահանջներ։ Դրանք ընտանիքի ներսում գործող և նրա բարօրությանը նպաստող կանոններ են։ Եվ քանի որ տարբեր ընտանիքներում այդ կանոնները տարբեր են լինում, ծնողները պարտավոր են որոշել, թե կոնկրետ իրենց ընտանիքի համար որն է լավագույնը։ Այն կանոնները, որ իրենք սահմանում են, սովորաբար անկեղծ սիրո ու հոգատարության դրսևորումներ են։ Երիտասարդներին խորհուրդ է տրվում հետևել ընտանեկան այդ կանոններին, ինչպես նաև սրտանց ընդունել Աստվածաշնչի հիման վրա ծնողների տված դաստիարակությունը։ Այո՛, անհրաժեշտ է այդ հրահանգներին վերաբերվել «աչքի բիբին պէս»՝ առավելագույնս ուշադրություն ընծայելով դրանց։ Ահա այսպես կարելի է խուսափել Եհովայի չափանիշներն անտեսելու ծանր հետևանքներից ու ‘ապրել’։
«Քո մատներին կապիր նորանց [իմ պատվիրանները],— շարունակում է Սողոմոնը,— նորանց գրիր քո սրտի տախտակի վերայ» (Առակաց 7։3)։ Ինչպես մեր մատներն են միշտ մեր աչքերի առջև ու էական դեր են խաղում գործեր անելիս, այնպես էլ սուրբգրային դաստիարակության դասերը, ինչպես նաև աստվածաշնչյան գիտելիքները կարող են մշտապես հիշեցնել ու առաջնորդել մեզ մեր բոլոր գործերում։ Մենք պետք է դրոշմենք դրանք մեր սրտի «տախտակի» վրա՝ դարձնելով մեր էության մի մասը։
Չանտեսելով իմաստության և հասկացողության կարևորությունը՝ թագավորը կոչ է անում. «Իմաստութեանն ասիր. «Իմ քոյրն ես» եւ հանճարին [«հասկացողությանը», ՆԱ] «Ծանօթ» [«Բարեկամ», Արևմտ. Աստ.] կանչիր» (Առակաց 7։4)։ Իմաստությունն այն է, երբ մարդը կարողանում է իր ստացած աստվածային գիտելիքները ճիշտ ձևով կիրառել։ Մենք պետք է սիրենք իմաստությունն այնպես, ինչպես սիրում ենք մեր հարազատ քրոջը։ Իսկ ի՞նչ է հասկացողությունը։ Դա մի հատկություն է, որով մարդը տեսնում է երևույթի խորքը ու կարողանում է հասկանալ դրա էությունը՝ ըմբռնելով ամբողջի ու նրա մասերի միջև եղած կապերը։ Մեզ համար հասկացողություն ունենալը պետք է որ նման լինի մտերիմ ընկեր ունենալուն։
Ինչո՞ւ է հարկավոր կառչած մնալ Աստվածաշնչի ուսուցումներին ու ձգտել լինել իմաստուն և հասկացող. որպեսզի «[մեզ] պահէ օտար կնկանից, այն օտար կնկանից, որի խօսքերը շողոքորթում են» (Առակաց 7։5)։ Այո՛, Աստվածաշնչի սկզբունքներին հետևելը կպաշտպանի մեզ շողոքորթ ու համոզիչ լեզու ունեցող օտարից՝ անբարոյական անձնավորությունից։a
Երիտասարդը հանդիպում է ‘նենգավոր կնոջը’
Իսրայելի թագավորը պատմում է, թե հետո ինչ տեսավ. «Իմ տան պատուհանիցը, իմ վանդակի միջովը մտիկ էի տալիս։ Եւ տեսայ անմիտների մէջ եւ նկատեցի երիտասարդ պատանիների մէջ մէկ պակասամիտին, որ անց էր կենում փողոցում այն կնկայ [«անկիւնին», Արևմտ. Աստ.] կողքովը, եւ նորա տան ճանապարհը բռնեց, օրը երեկոյեան մթնած ժամանակը, երբոր գիշերուայ խաւարը կոխել էր» (Առակաց 7։6–9)։
Պատուհանը, որտեղից նայում էր Սողոմոնը, հավանաբար, ցանցավոր ճարտարագործ վանդակ ուներ։ Մթնշաղը թանձրանում էր, և ահա փողոցում արդեն մութ է։ Սողոմոնը տեսնում է անփորձ երիտասարդին։ Խորաթափանց լինելու փոխարեն՝ նա պակասամտություն է հանդես բերում։ Հավանաբար, նա գիտեր, թե որ թաղամասում է գտնվում և ինչ կարող է իր հետ պատահել։ Երիտասարդը մոտենում է ‘կնոջ անկյունին’ ու շարժվում նրա տան ուղղությամբ։ Ո՞վ է այդ կինը։ Ի՞նչ կա նրա մտքում։
Դիտունակ թագավորը շարունակում է. «Ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ նենգաւոր սրտով. նա աղաղակող էր եւ սանձակոտոր. նորա ոտները չէին կենում իր տանը։ Երբեմն դուրսը, երբեմն հրապարակներումը, եւ ամեն անկիւնի մօտ դարանամուտ էր լինում (Առակաց 7։10–12)։
Այս կնոջ հագուկապը ակնհայտորեն խոսում է նրա ինչպիսի անձնավորություն լինելու մասին (Ծննդոց 38։14, 15)։ Նա անպարկեշտ է հագնված՝ պոռնիկի պես։ Ավելին, նա նենգ սիրտ ունի, դավադիր է ու խորամանկ։ Նա խելահեղ ու կամակոր է, շատախոս ու համառ, աղմկոտ ու ինքնահաճո, լկտի ու հանդուգն։ Տանը նստելու փոխարեն՝ սիրում է հայտնվել մարդաշատ վայրերում, որտեղ փողոցի անկյունում կարող է դարանակալել իր զոհին, ինչպես, օրինակ, այս երիտասարդին։
‘Շատ խոսքերի հրապույրը’
Այսպես երիտասարդը հանդիպում է անառակ կնոջը, որի գլխում խորամանկ միտք էր ծագել։ Որքա՜ն էր դա գրավել Սողոմոնի ուշադրությունը։ Նա պատմում է. «Սա բռնեց նորան եւ համբուրեց նորան, երեսը պնդացրեց եւ ասեց նորան. Ես խաղաղութեան զոհեր պիտի անէի, այսօր կատարել եմ իմ ուխտերը. նորա համար դուրս եկայ քո դիմացը, քո երեսը խնդրելու եւ գտայ քեզ» (Առակաց 7։13–15)։
Այդ կինը շողոքորթ լեզու ուներ։ Երեսը պնդացնելով՝ նա ինքնավստահ էր խոսում։ Նրա բոլոր խոսքերը մտածված էին, քանի որ նպատակ ունեին երիտասարդին գայթակղեցնել։ Ասելով, թե այդ օրը խաղաղության զոհեր է արել ու կատարել է իր ուխտերը՝ նա ուզում էր ցույց տալ, թե ինքն արդար է և զուրկ չէ հոգևորությունից։ Երուսաղեմի տաճարում կատարվող խաղաղության զոհերը բաղկացած էին մսից, ալյուրից, յուղից ու գինուց (Ղեւտացոց 19։5, 6; 22։21; Թուոց 15։8–10)։ Քանի որ խաղաղության զոհից կարող էին ուտել զոհ մատուցողն ու իր ընտանիքի անդամները, այդ կինը հասկացնել էր տալիս, որ տանը առատ սեղան է գցված։ Ամեն ինչ պարզ էր. երիտասարդը կարող էր հաճելի ժամանակ անցկացնել նրա տանը։ Իսկ կինը տնից դուրս էր եկել հատկապես երիտասարդին գտնելու համար։ Ինչպիսի՜ հոգատարություն. գուցե ինչ–որ մեկը հավատա իր խոսքերին։ «Ճիշտ է, որ նա դուրս էր եկել՝ ինչ–որ մեկին փնտրելու,— նշում է մի աստվածաշնչագետ,— բայց արդյո՞ք նա դուրս էր եկել՝ հենց այդ երիտասարդին գտնելու։ Միայն հիմարը, գուցե այս մեկը, կհավատար նրա խոսքերին»։
Երիտասարդին իր հագնելաձևով, քաղցր–մեղցր խոսքերով, գրկախառնություններով ու համբույրներով գրավելուց բացի՝ գայթակղիչ կինը փորձում է նրա ուշադրությունը գրավել նաև անուշահոտ բուրմունքներով։ Նա ասում է. «Անկողինս փափուկ բարձերով սարքել եմ, Եգիպտոսի երփներանգ հիւսուածքով [«բեհեզով», Արևմտ. Աստ.], ննջարանիս մէջ զմուռս, հալուէ եւ կինամոն եմ խնկել» (Առակաց 7։16, 17)։ Նա հմտորեն զարդարել է իր անկողինը Եգիպտոսից բերված բեհեզով ու պարուրել զմուռսի, հալվեի ու կինամոնի նուրբ բուրմունքներով։
«Եկ տռփանքով զուարճանանք մինչեւ առաւօտ,— շարունակում է նա,— եւ զմայլինք սիրով»։ Նրա հրավերը շատ ավելին է նշանակում, քան պարզապես երկուսով հաճելի ժամանակ անցկացնելը՝ միասին ընթրելով։ Այն սեռական հարաբերության է ակնարկում։ Իսկ երիտասարդի համար այդ առաջարկությունը հրապուրիչ և հետաքրքիր է հնչում։ Երիտասարդի ցանկությունը բորբոքելու համար նա ավելացնում է. «Որովհետեւ մարդս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել. փողի քսակն առել է իր մօտը. լուսնի լրման օրն է տուն գալու» (Առակաց 7։18–20)։ Կինը վստահեցնում է նրան, որ իրենց բացարձակապես ոչ մի վտանգ չի սպառնում, քանի որ իր ամուսինը գործերով հեռու տեղ է գնացել ու մոտ օրերս չի վերադառնալու։ Որքա՜ն հմտորեն է նա գայթակղեցնում երիտասարդին։ «Այսպէս իր շատ խօսքերովը հրապուրեց նորան, իր շրթունքների շողոքորթութիւնովը քշեց տարաւ նորան» (Առակաց 7։21)։ Այսպիսի հրապուրիչ առաջարկին դիմակայելու համար հարկավոր էր Հովսեփի ոգին ունենալ (Ծննդոց 39։9, 12)։ Ունե՞ր արդյոք այդ ոգին այս երիտասարդը։
‘Ինչպես արջառն է գնում սպանդանոց’
«Նա էլ իսկոյն գնաց նորա ետեւիցը,— շարունակում է Սողոմոնը,— ինչպէս որ արջառը կ’գնայ սպանդանոցը, եւ ինչպէս գիժը՝ դէպի շղթայով պատժուիլը։ Մինչեւ որ նետը ճեղքէ նորա լեարդը, ինչպէս որ թռչունը շտապում է դէպի ծուղակը, եւ չ’գիտէ որ նա իր հոգիին համար է» (Առակաց 7։22, 23)։
Երիտասարդն անկարող էր մերժել կնոջ հրավերը։ Նրա խելքը գլխից թռել էր, ու նա գնաց կնոջ ետևից՝ ‘սպանդանոց գնացող արջառի պես’։ Ինչպես շղթայակապ մարդը չի կարող խուսափել պատժից, այնպես էլ այս երիտասարդը՝ մեղքից։ Նա չի տեսնում այդ ամենի ետևում թաքնված վտանգը, մինչև որ «նետը ճեղքէ նորա լեարդը», այսինքն՝ մինչև որ նա մահացու վերք չստանա։ Մահը կարող է լինել ֆիզիկական, քանի որ նա սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ վարակվելու վտանգին է ենթարկվում։b Վերքը կարող է նաև հոգևոր առումով մահ պատճառել՝ «նա իր հոգիին համար է»։ Նրա կյանքն ամբողջությամբ վտանգի տակ է դրված. նա մեծ մեղք է գործել Աստծո առաջ։ Այսպես երիտասարդը մահվան գիրկն է շտապում, ինչպես թռչունը՝ դեպի ծուղակը։
«Մի մոլորուիր նորա շաւիղներումը»
Դաս քաղելով տեսածից՝ իմաստուն թագավորը հորդորում է. «Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ, եւ ուշադրութիւն արէք իմ բերանի խօսքերին։ Թող սիրտդ չ’խոտորուի դէպի նորա ճանապարհները, եւ մի մոլորուիր նորա շաւիղներումը։ Որուհետեւ նա շատերին է խոցոտել ու վայր գցել, եւ ամեն նորա սպանածները զօրաւոր էին։ Դժոխքի ճանապարհներն է նորա տունը, որ իջնում են մահուան սենեակները» (Առակաց 7։24–27)։
Հասկանալի է, որ Սողոմոնը խորհուրդ է տալիս հեռու մնալ անբարոյական մարդու՝ մահվան տանող ճանապարհներից ու ‘ապրել’ (Առակաց 7։2)։ Որքա՜ն է այդ խորհուրդը համապատասխանում մեր ժամանակներին։ Անշուշտ, հարկավոր է խուսափել այն վայրերից, որտեղ անբարո մարդիկ դարանակալում են իրենց զոհերին։ Ինչո՞ւ վտանգի ենթարկենք ինքներս մեզ՝ գնալով այդպիսի վայրեր։ Իրոք, ինչո՞ւ «պակասամիտ» լինենք ու մոլորվենք «օտարի» ճանապարհներում։
Թագավորի տեսած «օտար կինը» գայթակղեց երիտասարդին՝ հրավիրելով նրան ‘զմայլվել սիրով’։ Մի՞թե բազմաթիվ երիտասարդներ, հատկապես աղջիկներ, այդպես չեն շահագործվել։ Սակայն նկատի առնենք հետևյալը. երբ ինչ–որ մեկը փորձում է մյուսին ներքաշել անթույլատրելի սեռական գործողության մեջ, արդյոք դա խոսում է իսկական սիրո՞, թե՞ եսասիրական տռփանքի մասին։ Իսկապես սիրող տղամարդը ճնշում կբանեցնի՞ իր սիրելի օրիորդի վրա, որպեսզի նա դեմ գնա իր քրիստոնեական դաստիարակությանն ու խղճին։ ««Թող սիրտդ չ’խոտորուի» դեպի այսպիսի ճանապարհները»,— հորդորում է Սողոմոնը։
Գայթակղող անձնավորության խոսքերի ետևում սովորաբար շողոքորթությունն ու հաշվենկատությունն են թաքնված։ Իմաստություն և հասկացողություն դրսևորելը կօգնի մեզ տեսնել այդ խոսքերի իրական նպատակը։ Երբեք չմոռանանք, որ Եհովայի պատվիրանները պատվար են հանդիսանում մեզ համար։ Ուստի, եկեք միշտ ջանանք ‘պահել Աստծո պատվիրանները և ապրել’, նույնիսկ հավիտյան (Ա Յովհաննէս 2։17)։
[ծանոթագրություններ]
a «Օտար» բառը կիրառվում էր նրանց նկատմամբ, ովքեր օտարացել էին Եհովայից՝ երես թեքելով Օրենքից։ Այդ իսկ պատճառով անբարոյական կինը, ինչպես այս պոռնկուհին, ներկայացված է «օտար կին» արտահայտությամբ։
b Սեռական ճանապարհով փոխանցվող որոշ հիվանդություններ ախտահարում են լյարդը։ Օրինակ՝ դա տեղի է ունենում սիֆիլիսի ուշ փուլերում, երբ բակտերիաները ամբողջությամբ վնասում են այդ օրգանը։ Իսկ գոնոռեայի հարուցիչները կարող են լյարդի բորբոքում առաջացնել։
[նկարներ 29–րդ էջի վրա]
Ինչպե՞ս ես վերաբերվում ծնողներիդ կողմից սահմանված կանոններին։
[նկար 31–րդ էջի վրա]
Աստծո պատվիրանները պահելը կյանք է նշանակում։