‘Իմաստությամբ՝ մեր օրերը կշատանան’
Ո՞վ կարող է ժխտել, որ կյանքի դժվարություններից գլուխ հանելու համար մարդուն իմաստություն է հարկավոր։ Լինել իսկապես իմաստուն՝ նշանակում է գիտելիքներն ու հասկացողությունը ճիշտ գործածության մեջ դնել։ Իմաստության հակադիր հատկություններն են անմտությունը, հիմարությունն ու խենթությունը։ Ուստի, Գրությունները մեզ քաջալերում են իմաստություն ձեռք բերել (Առակաց 4։7)։ Իրականում, աստվածաշնչյան Առակաց գրքի նպատակը գլխավորաբար իմաստություն և խրատ հաղորդելն է։ Առակաց գրքի առաջին տողերն են՝ «Իսրայէլի թագաւոր՝ Դաւիթի որդի Սողոմոնի առակները։ Իմաստութիւն եւ խրատ գիտենալու համար, հանճարի խօսքերը հասկանալու համար» (Առակաց 1։1, 2)։
Օրինակ՝ նկատի առնենք միայն առաջին մի քանի գլուխներում ամփոփված ծանրակշիռ ուսմունքները։ Որդուն հորդորող սիրասուն հոր պես Սողոմոնը թախանձում է իր ընթերցողներին ընդունել խրատն ու ականջ դնել իմաստությանը (առաջին և երկրորդ գլուխներ)։ Նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է մտերիմ հարաբերություններ զարգացնել Եհովայի հետ, և թե ինչպես կարելի է պահպանել մեր սրտերը (երրորդ և չորրորդ գլուխներ)։ Հորդոր ենք ստանում նաև բարոյապես մաքուր մնալ (հինգերորդ և վեցերորդ գլուխներ)։ Մեզ համար անգնահատելի տեղեկություններ է պարունակում անբարո մարդու գործելակերպի նկարագրությունը (գլուխ յոթերորդ)։ Եվ յուրաքանչյուրիս որքա՜ն հաճելի է անձնավորված իմաստության կանչը (գլուխ ութերորդ)։ Նախքան իր խոսքը հետագա գլուխներում համառոտ առակներով շարունակելը, Սողոմոն թագավորը ոգևորիչ խոսքերով եզրափակում է այն ամենը, ինչի մասին մինչ այդ խոսել է (գլուխ ինը)։
«Եկէք կերէք իմ հացիցը, եւ խմեցէք իմ խառնած գինիիցը»
Առակաց գրքի առաջին մասի եզրափակումը տրված խորհուրդների չոր ու ցամաք, համառոտ շարադրանքը չէ։ Իրականում, դա մի շատ հետաքրքիր, գեղեցիկ նկարագրություն է, որի շնորհիվ ընթերցողի մեջ ցանկություն է առաջանում իմաստության ձգտելու։
Առակաց գրքի 9–րդ գլուխը սկսվում է հետևյալ խոսքերով. «Իմաստութիւնը շինեց իր տունը, տաշեց նորա եօթը սիւները» (Առակաց 9։1)։ ««Յոթ սյուներ» արտահայտությունը,— նշում է մի բանասեր,— մատնացույց է անում բակի շուրջ կառուցված մի մեծ տուն, որի հիմքը կազմում են յոթ սյուներ՝ երեքը երկու կողմերում և մեկը՝ երրորդ կողմի մեջտեղում, մուտքի դիմաց»։ Ինչպիսի բացատրություն էլ որ տրվի, փաստն այն է, որ ճշմարիտ իմաստությունը ամուր տուն է կառուցել՝ շատ հյուրեր ընդունելու նպատակով։
Միսը, գինին՝ ամեն ինչ պատրաստ է խնջույքի համար։ Իմաստությունն անձամբ է հետևել կերակրի պատրաստություններին ու սեղանին։ «Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաեւ պատրաստեց իր սեղանը»,— կարդում ենք Առակաց 9։2–ում։ Ակներևաբար, այս այլաբանական սեղանից անպակաս է խորհրդածության արժանի հոգևոր կերակուրը (Եսայիա 55։1, 2)։
Ովքե՞ր են հրավիրված ճշմարիտ իմաստության խնջույքին։ «Նա ուղարկեց իր աղախիններին, կանչում է քաղաքի բարձր տեղերի գլխին. Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի. եւ պակասամիտին ասում է. Եկէք կերէք իմ հացիցը, եւ խմեցէք իմ խառնած գինիիցը։ Թողեցէք յիմարութիւնը, եւ ապրեցէք. եւ վարուեցէք խոհեմութեան ճանապարհումը»,— ասում է Առակաց 9։3–6-ը։
Իմաստությունն իր աղախիններին ուղարկում է հրավեր տարածելու։ Նրանք գնում են այն վայրերը, որտեղ շատ հասարակություն կա, և հնարավոր է որքան կարելի է շատ մարդ հրավիրել։ Հրավիրվում են բոլորը՝ և՛ «պակասամիտները», և՛ անփորձները (Առակաց 9։4)։ Նրանց կյանքի խոստում է տրվում։ Արդարև, Աստծո Խոսքի՝ ներառյալ նաև Առակաց գրքի պարունակած իմաստությունը կարող է ձեռք բերել գրեթե ամեն ոք։ Այսօր Եհովայի վկաները՝ որպես ճշմարիտ իմաստության սպասավորներ, հրավիրում են մարդկանց ուսումնասիրելու Աստվածաշունչը, որտեղ էլ որ նրանց հանդիպեն։ Իսկ Աստվածաշնչի գիտությունն ընդունելով՝ իրոք կարելի է հավիտենական կյանքի ճանապարհը ոտք դնել (Յովհաննէս 17։3)։
Քրիստոնյաները պետք է խոնարհությամբ ընդունեն իմաստության խրատը։ Սա հատկապես վերաբերում է երիտասարդներին և նրանց, ովքեր նորերս են սկսել ճանաչել Եհովային։ Աստծո ճանապարհներում անփորձ լինելու պատճառով շատ հարցերում նրանք լինում են «պակասամիտ»։ Սա չի նշանակում, թե նրանց բոլոր մղումներն են անազնիվ, այլ՝ պարզապես ժամանակ ու ջանք է հարկավոր, որպեսզի մարդը կարողանա իր մտքի ու սրտի պարունակությամբ ուրախացնել Եհովա Աստծուն։ Դրա համար անհրաժեշտ է մտքերը, ցանկությունները, նախընտրություններն ու նպատակները համապատասխանեցնել այն ամենին, ինչ հաճելի է Աստծուն։ Կարևոր է, որ նրանք «մի՛շտ փափագող [լինեն] բանական եւ անխարդախ կաթին» (Ա Պետրոս 2։2)։
Եվ մի՞թե հարկավոր չէ, որ յուրաքանչյուրս «նախագիտելիքների» փուլից այն կողմ անցնենք։ Վստահաբար հարկ է, որ հետաքրքրություն զարգացնենք դեպի «Աստուծոյ խորունկ բաները» և ախորժակ՝ դեպի պինդ կերակուրը, որն ընդունում են հասուն մարդիկ (Եբրայեցիս 5։12–6։1; Ա Կորնթացիս 2։10, Արևմտ. Աստ.)։ Հիսուսի անմիջական վերահսկողության տակ գտնվող «հաւատարիմ եւ իմաստուն ծառա» դասակարգը ջանասիրաբար, ճիշտ ժամանակին մեզ ապահովում է հոգևոր կերակրով (Մատթէոս 24։45–47)։ Եկեք հյուրասիրվենք իմաստության սեղանի շուրջ՝ սիրով ուսումնասիրելով Աստծո Խոսքն ու ծառա դասակարգի մատուցած աստվածաշնչյան գրականությունը։
«Ծաղր անողին մի յանդիմանիր»
Իմաստության ուսմունքներում նաև խրատ և հանդիմանություն է հնչում։ Սակայն դրանք միշտ չէ, որ ողջունվում են բոլորի կողմից։ Ուստի, «Առակացի» առաջին մասը եզրափակող խոսքերում կարդում ենք հետևյալ զգուշացումը. «Ծաղր անողին խրատողը իր վերայ անարգանք է առնում, եւ ամբարիշտին յանդիմանողը՝ իր արատը։ Ծաղր անողին մի յանդիմանիր, որ քեզ չ’ատէ» (Առակաց 9։7, 8ա)։
Ծաղր անողը վրդովվում է ու ատելությամբ լցվում այն անհատի հանդեպ, ով փորձում է օգնել իրեն շտկելու իր ճանապարհները։ Ամբարիշտ մարդը չի գիտակցում հանդիմանության արժեքը։ Խոհեմ չէ Աստծո Խոսքի գեղեցիկ ճշմարտությունը մատուցել մեկին, ով ատում է ճշմարտությունը կամ էլ մտադիր է միայն ծաղրել այն։ Անտիոքում քարոզելիս Պողոս առաքյալը հանդիպել էր մի խումբ հրեաների, որոնք մի կաթիլ սեր անգամ չունեին դեպի ճշմարտությունը։ Փորձելով նրան վիճաբանության մեջ ներքաշել՝ նրանք սկսեցին հակասել Պողոսի ասածներին ու հայհոյել, ինչին նա ընդամենը պատասխանեց. «Քանի որ դուք [Աստծո խոսքը] մերժում էք եւ ձեզ արժանի չէք համարում յաւիտենական կեանքի, ահա մենք դառնում ենք դէպի հեթանոսները» (Գործք 13։45, 46)։
Երբ, Թագավորության ավետիսը պատմելով, ջանում ենք գտնել ազնվասիրտ մարդկանց, զգույշ լինենք, որ անտեղի բանավեճերի ու քննարկումների մեջ չմտնենք ծաղրողների հետ։ Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին ասաց. «Երբ այն տունը մտնէք, ողջո՛յն տուէք նրան ու ասացէ՛ք. «Ողջո՜յն այս տանը»։ Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ։ Եւ եթէ մի քաղաք չընդունի ձեզ եւ չլսի ձեր խօսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս՝ ձեր ոտքերից փոշին թոթափեցէ՛ք» (Մատթէոս 10։12–14)։
Թե ինչպես է արձագանքում իմաստունը իրեն տրված հանդիմանությանը, խիստ տարբերվում է ծաղրող, անմիտ մարդու արձագանքից։ Սողոմոնը գրում է. «Յանդիմանիր իմաստունին, եւ նա քեզ կ’սիրէ։ Գիտութիւն տուր իմաստունին, եւ էլ աւելի իմաստուն կ’դառնայ» (Առակաց 9։8բ, 9ա)։ Իմաստունը գիտի, որ «ամէն խրատ տուեալ պահին ուրախութիւն չի թւում, այլ՝ տրտմութիւն, բայց յետոյ արդարութեան խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակուածներին» (Եբրայեցիս 12։11)։ Թեև խրատը կարող է մեզ ցավ պատճառել, սակայն մի՞թե տեղին կլինի փոխհատուցել կամ պաշտպանողական դիրք բռնել, եթե այն ընդունելը իրականում կնպաստի մեր ավելի իմաստուն դառնալուն։
«Արդար մարդին սովորեցրու, եւ նա կ’աւելացնէ ուսումը»,— շարունակում է իմաստուն թագավորը (Առակաց 9։9բ)։ Չկա այնքան մեծ կամ այնքան իմաստուն մարդ, որ այլևս ի վիճակի չլինի կամ կարիք չունենա սովորելու։ Որքա՜ն ուրախալի է տեսնել մարդկանց, որոնք իրենց կյանքի մայրամուտին ընդունում են ճշմարտությունը և նվիրվում Եհովային։ Թող որ մենք էլ ջանք թափենք պահպանել սովորելու մեր պատրաստակամությունը ու միշտ մտքով արթուն լինենք։
«Քո կեանքի տարիները կ’աւելացնես»
Ընդգծելով քննարկվող թեմայի բուն միտքը՝ Սողոմոնը նշում է նաև իմաստության ամենակարևոր նախադրյալը։ Ահա թե ինչ է գրում. «Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, եւ Ամենասուրբին ճանաչելը հանճար» (Առակաց 9։10)։ Աստվածահաճո իմաստության մասին խոսք լինել չի կարող՝ առանց ճշմարիտ Աստծո հանդեպ ակնածանքի զգացումի։ Մարդ կարող է բավականին շատ գիտելիքներ ունենալ, սակայն եթե նա երկյուղ չունի Եհովայի հանդեպ, նա չի կարող այդ գիտելիքները գործածել այնպես, որ դրանք փառք բերեն Արարչին։ Նույնիսկ իր տրամադրության տակ եղած փաստերի հիման վրա էլ նա կարող է սխալ եզրակացություններ անել՝ միաժամանակ ընկնելով ծիծաղելի դրության մեջ։ Իսկ Եհովայի՝ Ամենասուրբի մասին գիտությունը անհրաժեշտ է նաև հասկացողություն ձեռք բերելու համար, մի բան, որն իմաստնությանը բնորոշ հատկանիշ է։
Ի՞նչ պտուղներ է բերում իմաստությունը (Առակաց 8։12–21, 35)։ Իսրայելի թագավորը գրում է. «Քո օրերն ինձանով կը շատանան, եւ քո կեանքի տարիները կ’աւելացնես» (Առակաց 9։11)։ Կեանքի օրերը՝ մարդու երկարակեցությունը, արդյունք են իմաստության հետ ձեռք ձեռքի տված քայլելու։ Այո՛, «իմաստութիւնը կ’ապրեցնէ իր տիրոջը» (Ժողովող 7։12)։
Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում՝ արժե՞ իմաստություն ձեռք բերել, թե՝ ոչ։ Ահա թե ինչպես է այդ միտքը շեշտել Սողոմոնը. «Եթէ իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն. եթէ ծաղր անող ես, միայն դու ես վնասը քաշելու» (Առակաց 9։12)։ Իմաստունը իմաստուն է սեփական օգտի համար, իսկ ծաղրողը միայն ինքն է մեղավոր գլխին եկած տառապանքի համար։ Իսկապես, մարդ ինչ ցանի, այն էլ՝ կհնձի։ Ուստի, «ականջ դնենք իմաստությանը» (Առակաց 2։2)։
«Յիմարութիւնը աղաղակող կնկայ պէս կ’լինի»
Հակադրության կարգով Սողոմոնը շարունակում է. «Յիմարութիւնը աղաղակող կնկայ պէս կ’լինի, անմիտ է եւ մի բան չ’գիտէ. Եւ նստում է իր տան մուտքումը քաղաքի բարձր տեղերի աթոռի վերայ. Աղաղակելով ճանապարհի անցուդարձողներին, որ ուղիղ գնում են իրանց ճանապարհները. Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի» (Առակաց 9։13–16ա)։
Հիմարությունը ներկայացված է որպես աղմկարար, անզուսպ, տգետ կին։ Սա ևս տուն է կառուցել։ Եվ հանձն է առել կանչելու բոլոր անփորձներին։ Ուստի, անցորդները կարող են ընտրել, թե ում հրավերն ընդունեն՝ իմաստությա՞ն, թե՞ հիմարության։
«Գողացուած ջուրերը քաղցր են»
Թե՛ իմաստությունը, և թե՛ հիմարությունը իրենց ունկնդիրներին ասում են՝ եկե՛ք։ Սակայն նրանց հրավերները նույնը չեն։ Իմաստությունը մարդկանց հրավիրում է խնջույքի՝ գինով, հացով ու մսով ծածկված սեղանի։ Մինչդեռ այն, ինչով հիմարությունն ուզում է գրավել իր ունկնդիրներին, թեթև վարքի տեր կնոջ մոտեցում է հիշեցնում։ «Պակասամիտին ասում է, Գողացուած ջուրերը քաղցր են լինում, եւ ծածուկ հացը՝ ախորժելի»,— ասում է նա (Առակաց 9։16բ, 17)։
Խառնած գինու փոխարեն՝ «հիմարությունը» գողացված ջրեր է առաջարկում (Առակաց 9։13)։ Աստվածաշնչում զովացնող ջրի հետ է համեմատվում տղամարդու ստացած սեռային բավականությունը՝ իր սիրելի կնոջից (Առակաց 5։15–17)։ Ուստի, «գողացված ջրեր» արտահայտությունը վերաբերում է ծածուկ սեռային հարաբերություններին։ Այդ ջրերը քաղցր են ներկայացվում՝ ավելի ցանկալի, քան գինին, քանի որ գողացված են, ու այդ բանը ծածուկ է մնացել։ Գաղտագողի ուտվող հացը ավելի համեղ է թվում, քան իմաստության հացն ու գինին, զուտ այն պատճառով, որ անազնիվ ճանապարհով է ձեռք բերված։ Արգելվածն ու ծածուկ տեղը կատարվող արարքը գրավիչ համարելը հիմարության նշան է։
Ի տարբերության իմաստության, որը կյանքի խոստում ունի իր հրավերի մեջ, հիմարությունը լռում է իր ճանապարհներով գնալու հետևանքների մասին։ Սակայն Սողոմոնը զգուշացնում է. «Նա չ’գիտէ որ այնտեղ մահացեալներ կան, դժոխքի անդուդներումն են նորա հրաւիրուածները» (Առակաց 9։18)։ «Տիկին Հիմարության դրած շինությունը ոչ թե տուն է, այլ՝ դամբարան,— գրում է մի գիտնական։— Եթե ներս մտնեք, այլևս դուրս չեք գա այնտեղից»։ Անբարո կյանք վարելը իմաստուն չէ. մարդս մահվան հետ է գործ բռնում։
Հիսուս Քրիստոսն ասել է. «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով։ Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթէոս 7։13, 14)։ Թող որ միշտ օգտվենք իմաստության սեղանից և լինենք այն անհատների շարքերում, ովքեր գտնվում են կյանքի ճանապարհի վրա։
[նկար 31–րդ էջի վրա]
Իմաստուն անձնավորությունը ողջունում է խրատը
[նկար 31–րդ էջի վրա]
Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում՝ արժե՞ իմաստություն ձեռք բերել, թե՝ ոչ