«Ուղիղների վրանը կ’ծաղկի»
ԵՐԲ Արմագեդոնը սկսվի և վերջ դնի Սատանայի չար համակարգին, «ամբարիշտների տունը կ’կործանուի»։ Իսկ ի՞նչ կարելի է ասել «ուղիղների վրան[ի]» մասին։ Աստծո նոր աշխարհում այն «կ’ծաղկի» (Առակաց 14։11)։
Սակայն չարն ու բարին կողք կողքի կապրեն այնքան ժամանակ, մինչև ‘անզգամները բնաջինջ լինեն երկրից, և նենգավորները խլվեն նրանից’ (Առակաց 2։21, 22)։ Կարո՞ղ են արդյոք ‘ուղիղները’ ծաղկել այսպիսի պայմաններում։ «Առակաց» գրքի 14–րդ գլխի 1–11 համարները ցույց են տալիս, որ եթե մեր խոսքերում ու գործերում իմաստությամբ առաջնորդվենք, ապա նույնիսկ հիմա կարող ենք որոշ չափով բարեկեցիկ և կայուն կյանքով ապրել։
Երբ իմաստությունը տուն է շինում
Խոսելով այն մասին, թե ինչպես է կինը նպաստում ընտանիքի բարօրությանը՝ հին Իսրայելի Սողոմոն թագավորն ասաց. «Կնիկների իմաստունը շինում է իր տունը, բայց յիմարը իր ձեռքովը քանդում է նորան» (Առակաց 14։1)։ Իմաստություն ունեցող կինն ինչպե՞ս է շինում իր տունը։ Այդպիսի կինը հարգում է գլխավորության վերաբերյալ Աստծո տված սկզբունքը (Ա Կորնթացիս 11։3)։ Նա վարակված չէ անկախության ոգով, որը տարածված է Սատանայի աշխարհում (Եփեսացիս 2։2)։ Նման կինը հնազանդ է իր ամուսնուն և գովասանքով է խոսում նրա մասին՝ խորացնելով մարդկանց հարգանքը դեպի իր կողակիցը։ Իմաստուն կինը ակտիվ մասնակցություն է ունենում երեխաներին հոգևոր կրթություն տալու հարցում։ Նաև նրանց սովորեցնում է տարբեր գործեր անել։ Նա ջանասիրաբար աշխատում է իր ընտանիքի օգտի համար և տունը դարձնում հաճելի ու հարմարավետ վայր։ Նա ողջամտորեն և խնայողաբար է վարում տնտեսությունը։ Իմաստուն կինը նպաստում է իր ընտանիքի բարօրությանն ու կայուն վիճակին։
Մինչդեռ ‘յիմար’ կինը չի հարգում Աստծո սահմանած գլխավորության սկզբունքը։ Նա առանց տատանվելու իր ամուսնու մասին վատ բաներ է ասում։ Քանի որ բնավորությամբ տնտեսող չէ, քամուն է տալիս տան անդամների՝ դժվարությամբ վաստակած գումարը, ինչպես նաև վատնում է իր ժամանակը։ Այդ պատճառով տունը մաքուր և կոկիկ չի լինում, իսկ երեխաները տուժում են թե՛ նյութական և թե՛ հոգևոր առումով։ Այո՛, հիմարը քանդում է իր տունը։
Սակայն ինչո՞վ է որոշվում անհատի իմաստուն կամ հիմար լինելը։ Առակաց 14։2–ում ասվում է. «Իր ուղղութեան մէջ վարուողը վախենում է Տէրիցը, բայց իր ճանապարհները ծռածը անարգում է նորան» (Առակաց 14։2)։ Ուղղամիտ անհատը վախենում է ճշմարիտ Աստծուց, իսկ աստվածավախությունը «իմաստութեան սկիզբ[ն]» է (Սաղմոս 111։10)։ Իմաստուն մարդը գիտի, որ պարտավոր է վախենալ ‘Աստծուց և նրա պատվիրանները պահել’ (Ժողովող 12։13)։ Իսկ հիմար անհատն այնպիսի ընթացք է բռնում, որը հակառակ է Աստծո արդարության չափանիշներին։ Նրա ճանապարհները ծուռ են։ Այդպիսի մարդն անարգում է Արարչին՝ իր սրտում ասելով. «Աստուած չ’կայ» (Սաղմոս 14։1)։
Երբ շրթունքների վրա իմաստություն կա
Ի՞նչ խոսելաձև ունի այն անհատը, որը վախենում է Եհովայից, և նա, ով անարգում է Նրան։ «Յիմարի բերանումը գոռոզութեան գաւազան կայ,— ասում է թագավորը,— բայց իմաստունների շրթունքները պահում են նորանց» (Առակաց 14։3)։ Քանի որ հիմար մարդը վերին իմաստություն չունի, նա ո՛չ խաղաղարար է, ո՛չ էլ խոհեմ։ Նա իր քայլերում առաջնորդվում է երկրավոր, անասնական և դիվական իմաստությամբ։ Այդպիսի անհատը վեճ բորբոքող և գոռոզություն արտահայտող բառեր է օգտագործում։ Նրա շրթունքների ամբարտավանությունը անախորժությունների մեջ է գցում թե՛ իրեն և թե՛ ուրիշներին (Յակոբոս 3։13–18)։
Իմաստուն մարդու շրթունքները պահպանում կամ պաշտպանում են նրան և նպաստում նրա երջանկությանը։ Ինչպե՞ս։ Գրություններն ասում են. «Շատախօս է լինում, որ սուրի պէս խոցոտում է. բայց իմաստունների լեզուն բժշկութիւն է» (Առակաց 12։18)։ Իմաստուն անհատը անխոհեմ կամ խայթող բառեր չի օգտագործում։ Նրա սիրտը մտածում է, թե ինչ պատասխանի (Առակաց 15։28)։ Նրա զգուշորեն ընտրված բառերը բժշկում են՝ քաջալերում են ընկճվածներին և թարմացնում ճնշված մարդկանց։ Իր խոսքերով նա չի զայրացնում մյուսներին, այլ ընդհակառակը՝ խաղաղ ու հանգիստ մթնոլորտ է ստեղծում։
Երբ մեր գործերում իմաստությամբ ենք առաջնորդվում
Այնուհետև Սողոմոնը ներկայացնում է մի հետաքրքիր միտք, որն ըստ երևույթին կապ ունի որևէ գործ ձեռնարկելիս դրա առավելություններն ու թերությունները հաշվի առնելու հետ։ Նա ասում է. «Արջառ չ’լինելիս մսուրը մաքուր է, բայց արդիւնքի առատութիւնը եզի ոյժովն է» (Առակաց 14։4)։
Մի աշխատության մեջ այս համարը պարզաբանվում է հետևյալ կերպ. «Եթե գոմը դատարկ է, ուրեմն այնտեղ եզ [անասուն] չկա, որին պետք է կերակրել։ Արդյունքում մարդն ազատ է կենդանիների տեղը մաքրելու և նրանց խնամելու հոգսից։ Հետևաբար նա ավելի քիչ ծախսեր ունի։ Սակայն այս «առավելության» թերի կողմը երևում է 4 բ հ[ամարից]. առանց եզի՝ առատ բերք չի լինի»։ Ուստի հողագործը պետք է իմաստությամբ ընտրություն կատարի։
Արդյո՞ք այս նույն սկզբունքը չի կարելի կիրառել, երբ մտածում ենք աշխատանքը փոխելու, բնակարան ընտրելու, ավտոմեքենա գնելու, տանը կենդանի պահելու և նման այլ բաների մասին։ Իմաստուն անհատը ծանր ու թեթև կանի տվյալ հարցի առավելություններն ու թերությունները և կխորհի, թե արդյոք դրա համար իսկապես արժե ջանք թափել և գումար ծախսել։
Երբ վկան իմաստուն է
Սողոմոնը շարունակում է. «Ճշմարտութեան [ճշմարիտ] վկան սուտ չի խօսիլ, բայց սուտեր կ’փչէ ստախօս վկան» (Առակաց 14։5)։ Ստախոս վկայի կեղծ ցուցմունքները, անշուշտ, մեծ վնասներ կարող են հասցնել։ Օրինակ՝ երկու անօրեն մարդկանց սուտ վկայության պատճառով հեզրայելացի Նաբովթը քարկոծվեց (Գ Թագաւորաց 21։7–13)։ Եվ արդյո՞ք կեղծ վկաները չէին, որ Հիսուսի դեմ դուրս եկան ու նրա մահվան պատճառը դարձան (Մատթէոս 26։59–61)։ Սուտ վկաները նաև ցուցմունք տվեցին Ստեփանոսի դեմ։ Նա առաջինն էր Հիսուսի աշակերտներից, որին սպանեցին հավատի համար (Գործք 6։10, 11)։
Հնարավոր է, որ կեղծ մարդը ներկայումս չդիմակազերծվի, սակայն եկեք տեսնենք, թե ինչպիսին է նրա ապագան։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովան ատում է «սուտեր փչող անիրաւ վկայ[ին]» (Առակաց 6։16–19)։ Այդպիսի մարդու բաժինը կլինի կրակով և ծծմբով վառվող լճում, որը երկրորդ մահն է. այնտեղ կլինեն նաև մարդասպանները, կռապաշտները և պոռնկություն գործողները (Յայտնութիւն 21։8)։
Ճշմարիտ վկան երդմնազանց չի լինում ցուցմունք տալիս։ Նրա վկայությունը ապականված չէ ստերով։ Սակայն սա չի նշանակում, թե նա պարտավոր է ամեն ինչ հայտնել այն մարդկանց, ովքեր գուցե ուզում են ինչ–որ ձևով վնասել Աստծո ժողովրդին։ Նահապետներ Աբրահամն ու Իսահակը փաստեր թաքցրին որոշ մարդկանցից, ովքեր Եհովային չէին երկրպագում (Ծննդոց 12։10–19; 20։1–18; 26։1–10)։ Երիքովցի Ռախաբը սխալ ուղղություն ցույց տվեց թագավորի մարդկանց (Յեսու 2։1–7)։ Հիսուս Քրիստոսը նույնպես ամեն բան չհայտնեց այն դեպքում, երբ այդպես վարվելը ավելորդ խնդիրներ կհարուցեր (Յովհաննէս 7։1–10)։ Նա ասել է. «Սուրբ բանը շներին մի տաք»։ Ինչո՞ւ։ Որպեսզի «կոխ չ’տան իրանց ոտքերովը եւ ետ դառնան ձեզ պատառեն» (Մատթէոս 7։6)։
Երբ «գիտութիւնը դիւրին է»
Արդյո՞ք բոլոր մարդիկ իմաստություն ունեն։ Առակաց 14։6–ն ասում է. «Իմաստութիւն է որոնում ծաղր անողը, եւ չ’կայ. բայց գիտութիւնը դիւրին է բանիմացի [«հասկացողություն ունեցողի», ՆԱ] համար»։ Ծաղր անողը գուցե ձգտում է իմաստության, սակայն ճշմարիտ իմաստությունը «փախչում» է նրանից։ Քանի որ այդպիսի անձնավորությունը գոռոզաբար ծաղրի է ենթարկում Աստծո ասածներն ու արածները, նա չունի այն, ինչ անհրաժեշտ է իմաստուն դառնալու համար՝ ճշգրիտ գիտելիքներ ճշմարիտ Աստծո վերաբերյալ։ Հպարտությունն ու ամբարտավանությունը չեն թողնում, որ նա սովորի Աստծո մասին և իմաստուն դառնա (Առակաց 11։2)։ Իսկ ինչո՞ւ է նա ընդհանրապես իմաստություն փնտրում։ Առակը լռում է այդ մասին, սակայն հնարավոր է, որ նա այդպես է վարվում ուրիշների աչքում իմաստուն երևալու նպատակով։
«Գիտութիւնը դիւրին է» հասկացողություն ունեցող մարդու համար։ «Հասկացողություն» բառը բնորոշվում է որպես «ըմբռնողություն, հասկանալու կարողություն», ինչպես նաև «ընդհանուր պատկերը կազմող մանրամասների միջև եղած կապը տեսնելու ընդունակություն»։ Դա երևույթի տարբեր կողմերն իրար հետ կապելու և հարցն ամբողջությամբ ու ոչ թե մաս–մաս տեսնելու ունակությունն է։ Համարում ասվում է, որ գիտություն ստանալը հեշտ է նրա համար, ով ունի այդ կարողությունը։
Օրինակ՝ հիշիր, թե ինչպես սկսեցիր սուրբգրային գիտելիքներ ստանալ։ Շատ հավանական է, որ սկզբում սովորեցիր Աստծո, նրա Որդու, ինչպես նաև նրա խոստումների մասին հիմնական ճշմարտությունները։ Որոշ ժամանակ քեզ համար դրանք մնացին որպես առանձին գիտելիքներ։ Սակայն ուսումնասիրության ընթացքում դրանք սկսեցին իրենց տեղն ընկնել, ու դու կարողացար պարզորոշ տեսնել, թե ինչ կապ գոյություն ունի մարդկանց ու երկրի նկատմամբ Եհովայի նպատակի և այդ գիտելիքների միջև։ Աստվածաշնչյան ճշմարտությունները քեզ համար դարձան տրամաբանական և կապակցված։ Դու սկսեցիր ավելի հեշտությամբ սովորել ու հիշել նոր մանրամասները, քանի որ տեսար, թե ինչպես են դրանք կապված ընդհանուր պատկերի հետ։
Իմաստուն թագավորը բացատրում է, թե որտեղ չպետք է իմաստություն փնտրել. «Յիմար մարդի առաջով գնա [«յիմար մարդէն հեռացիր», ԱԱ] եւ բնաւ չես իմանալ թէ գիտութեան շրթունքներ ունի» (Առակաց 14։7)։ Հիմար մարդը ճշմարիտ գիտելիքներ չունի։ Նրա շրթունքների վրա գիտություն չկա։ Մեզ խորհուրդ է տրվում հեռանալ նման անհատից, և խելացի կլինենք, եթե այդպես էլ վարվենք։ Անմիտների հետ ընկերակցող յուրաքանչյուր մարդ «չարիքի կը հանդիպի» (Առակաց 13։20, ԱԱ, ծան.)։
«Խորագէտի իմաստութիւնը իր ճանապարհը հասկանալն է. բայց յիմարների անմտութիւնը խարդախութիւն [‘մոլորություն’, ԷԹ] է» (Առակաց 14։8)։ Իմաստուն անհատը խորհում է իր քայլերի մասին։ Նա ծանր ու թեթև է անում բոլոր հնարավոր տարբերակները և խորհում, թե մոտավորապես ինչպիսին կլինի արդյունքը այս կամ այն տարբերակն ընտրելու դեպքում։ Նա իմաստուն ընթացք է բռնում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել հիմար անհատի մասին։ Վերջինս անխոհեմաբար է ընտրում իր ճանապարհը՝ համոզված լինելով, որ գիտի, թե ինչ է անում, և վստահ, որ կատարել է լավագույն ընտրությունը։ Նրա հիմարությունը իրեն մոլորեցնում է։
Երբ իմաստությունը ազդում է փոխհարաբերությունների վրա
Իմաստությամբ առաջնորդվող անհատը խաղաղ փոխհարաբերություններ ունի մյուսների հետ։ Թագավորն ասում է. «Յիմարները ծաղրում են յանցանքը, բայց ուղիղների մէջ հաճութիւն [«ներողամտութիւն», ԱԱ] կայ» (Առակաց 14։9)։ Խղճի խայթ, կամ՝ մեղավորություն զգալու գաղափարը հիմարի մեջ ծիծաղ է առաջ բերում։ Նա վատ փոխհարաբերություններ ունի թե՛ տան անդամների, թե՛ ուրիշների հետ, քանի որ «չափազանց հպարտ է ներելու կամ ներողություն խնդրելու համար» («The New English Bible»)։ Իսկ ուղղամիտ մարդը համբերությամբ է վերաբերվում մյուսների թերություններին։ Նա պատրաստ է ներում խնդրել և ուղղվել, եթե սխալվել է։ Նա ձգտում է խաղաղության։ Այդ պատճառով լավ և ամուր փոխհարաբերություններ ունի մարդկանց հետ (Եբրայեցիս 12։14)։
Այնուհետև Սողոմոնը նշում է, թե որ դեպքում են մարդու հնարավորությունները սահմանափակ. «Սիրտն է զգում իր հոգիի ցաւը, եւ նորա ուրախութեանը օտարը չի խառնուիլ» (Առակաց 14։10)։ Կարո՞ղ ենք արդյոք միշտ նկարագրել ուրիշներին մեր ամենախորունկ զգացումները՝ տխրության թե ուրախության, և ասել, թե կոնկրետ ինչ ենք զգում։ Եվ կարո՞ղ է արդյոք որևէ մեկը միշտ և ամբողջովին հասկանալ մյուս անհատի զգացումները։ Այս երկու հարցերն էլ մեկ պատասխան ունեն՝ ո՛չ։
Որպես օրինակ՝ քննարկենք այն դեպքը, երբ մարդու մեջ ինքնասպանություն գործելու մտքեր են առաջանում։ Հաճախ այդպիսի անհատը պարզորոշ կերպով չի կարողանում բացատրել իր զգացումները ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ։ Մյուս կողմից՝ մարդիկ միշտ չէ, որ նման նշաններ են նկատում դիմացինի մեջ։ Մենք չպետք է ինքներս մեզ մեղադրենք այն բանի համար, որ չենք նկատել այդ նշանները ու չենք կարողացել օգնել նրանց։ Այս համարը նաև սովորեցնում է, որ թեև մխիթարական է էմոցիոնալ աջակցության համար դիմել որևէ կարեկից ընկերոջ, սակայն մարդիկ չեն կարող լիարժեք մխիթարություն տալ։ Որոշ դժվարությունների դիմակայելու համար մենք պետք է ապավինենք միայն Եհովային։
«Ապրանք եւ հարստութիւն կ’լինի նորա տանը»
«Ամբարիշտների տունը կ’կործանուի,— ասում է Իսրայելի թագավորը,— բայց ուղիղների վրանը կ’ծաղկի» (Առակաց 14։11)։ Իրերի այս համակարգում ամբարիշտ մարդը գուցե մեծ հաջողությունների հասնի, ապրի հիանալի տան մեջ, բայց ի՞նչ օգուտ, եթե նա կործանվելու է (Սաղմոս 37։10)։ Դրան հակառակ՝ ուղղամիտ մարդը գուցե բավականին համեստ բնակարան ունենա, սակայն Սաղմոս 112։3–ում ասվում է, որ «ապրանք եւ հարստութիւն կ’լինի նորա տանը»։ Ինչպիսի՞։
Երբ մեր խոսքերում և գործերում իմաստությամբ ենք առաջնորդվում, ունենում ենք «հարըստութիւն եւ փառք», որոնք բնակվում են իմաստության հետ (Առակաց 8։18)։ Այդ հարստությունների թվում են՝ Աստծո և մարդկանց հետ ունեցած խաղաղ փոխհարաբերությունները, երջանկությունը, բարօրությունը և որոշ չափով կայուն կյանքը։ Այո՛, «ուղիղների վրանը» կարող է ծաղկել նույնիսկ այժմ։
[նկար 27–րդ էջի վրա]
Իմաստուն կինը շինում է իր տունը
[նկար 28–րդ էջի վրա]
«Իմաստունների լեզուն բժշկութիւն է»