Գործնական է մեր ժամանակների համար
«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (ՍԱՂՄՈՍ 119։105)։
ԻՆՉՈ՞Վ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ։ Գրական ստեղծագործությունները կարող են համարվել դասական, բայց դրանք դժվար թե կարողանան առաջնորդություն տալ կյանքի կարևոր հարցերում։ Իսկ ժամանակակից ուսումնական ձեռնարկները անընդհատ վերանայման կարիք են ունենում։ Աստվածաշունչը, սակայն, այդպիսին չէ։ Այն կարո՛ղ է մեզ ուսուցանել։ Հռոմեացիներ 15։4 համարում գրված է. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց»։
ՕՐԻՆԱԿ։ Աստվածաշունչը թեև բժշկական ուղեցույց չէ, սակայն պարունակում է գործնական խորհուրդներ թե՛ էմոցիոնալ և թե՛ ֆիզիկական առողջության վերաբերյալ։ Բերենք մի քանի օրինակ։ «Հանդարտ սիրտը կյանք է մարմնի համար» (Առակներ 14։30)։ «Մեկուսացող մարդը իր եսասիրական ցանկությունն է փնտրում։ Նա ամեն տեսակ իմաստության դեմ է դուրս գալիս» (Առակներ 18։1)։ «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։
ԻՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Հանդարտ պահվածքը, լավ ընկերները և առատաձեռնությունը կարող են բարելավել ձեր առողջությունը։ «Ամերիկյան բժշկական ընկերության հանդեսում» ասվում է. «Այն տղամարդիկ, ովքեր զայրույթի պոռթկումներ են ունենում, երկու անգամ ավելի շատ են հակված կաթված ստանալու, քան նրանք, ովքեր ինքնատիրապետում են դրսևորում» (The Journal of the American Medical Association)։ Ավստրալիայում անցկացված մի տասնամյա ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն տարեցները, ովքեր «շատ են շփվում ընկերների և վստահելի անձանց հետ», հավանաբար, ավելի երկար կապրեն։ Իսկ 2008թ.-ին Կանադայում և Միացյալ Նահանգներում մասնագետները եկան այն եզրակացության, որ «մարդը իրեն ավելի երջանիկ է զգում, երբ փողը ծախսում է ուրիշների վրա»։
Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Կա՞ 2000 տարի առաջ գրված որևէ այլ գիրք, որը բժշկական հարցերում ավելի վստահելի լինի։ Համաձայն չե՞ք, որ Աստվածաշունչը եզակի գիրք է։
[մեջբերում 8-րդ էջի վրա]
«Աստվածաշունչը ինձ շատ է դուր գալիս.... որովհետև այն պարունակում է բժշկական հիանալի խորհուրդներ» (ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ ՀՈՎԱՐԴ ՔԵԼԻ, ՋՈՆՍ ՀՈՊԿԻՆՍԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՑ)