Ուսուցանեք խորաթափանցությամբ և համոզելու ուժով
«Իմաստունի սիրտն իմաստուն է անում նորա բերանը [«խորաթափանցություն է տալիս նրան», ՆԱ], եւ նորա շրթունքների վերայ ուսում [«համոզելու ուժ», ՆԱ] է աւելացնում» (Առակաց 16։23)։
1. Ինչո՞ւ Աստծո Խոսքն ուսուցանելը ավելին է բովանդակում, քան պարզապես ինֆորմացիա հաղորդելը։
ՈՐՊԵՍ Աստծո Խոսքը ուսուցանողներ՝ մեր նպատակն է լուսավորել մեզ հետ ուսումնասիրողների ոչ միայն մտքերը, այլև նրանց սրտերը (Եփեսացիս 1։18)։ Հետևաբար, ուսուցանելն իր մեջ ավելին է բովանդակում, քան պարզապես ինֆորմացիա հաղորդելը։ Առակաց 16։23–ում (ՆԱ) ասվում է. «Իմաստունի սիրտը խորաթափանցություն է տալիս նրա բերանին, եւ նրա շրթունքներին համոզելու ուժ է ավելացնում»։
2. ա) Համոզել ասելով ի՞նչ ենք հասկանում։ բ) Ինչո՞ւ է հնարավոր, որ բոլոր քրիստոնյաները համոզիչ ուսուցանողներ լինեն։
2 Պողոս առաքյալն իր ուսուցողական գործի մեջ անկասկած օգտագործում էր այս սկզբունքը։ Կորնթոսում եղած ժամանակ նա «ամէն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում եւ համոզում հրեաներին ու հեթանոսներին» (Գործք 18։4)։ Մի հեղինակավոր աղբյուրի համաձայն՝ «համոզել» թարգմանված հունարեն բառը նշանակում է, «դիմելով դատողությանը կամ բարոյականությանը, միտքը փոխել տալ»։ Պողոսը համոզիչ փաստարկների միջոցով ի վիճակի էր դրդելու մարդկանց, որպեսզի փոխեին իրենց մտածելակերպը։ Համոզելու իր կարողությունն այնպիսին էր, որ նրա թշնամիները վախենում էին նրանից (Գործք 19։24—27)։ Սակայն Պողոսի ուսուցանելու ձևը մարդկային պերճախոսության դրսևորում չէր։ Նա հայտնեց կորնթացիներին. «Իմ խօսքը եւ քարոզութիւնը իմաստութեան ճարտար խօսքերով չէին, այլ Սուրբ Հոգու համոզիչ զօրութեամբ, որպեսզի ձեր հավատը չլինի մարդկանց իմաստութեամբ, այլ՝ Աստծու զօրութեամբ» (Ա Կորնթացիս 2։4, 5)։ Քանի որ բոլոր քրիստոնյաները կարող են Եհովայի սուրբ հոգու օգնությունը ստանալ, ուրեմն նրանք բոլորն էլ կարող են համոզիչ ուսուցանողներ դառնալ։ Բայց ինչպե՞ս։ Եկեք քննենք ուսուցանելու մի քանի արդյունավետ մեթոդներ։
Ուշադիր ունկնդիրներ լինել
3. Ուրիշներին ուսուցանելիս՝ խորաթափանցությունն ինչո՞ւ է անհրաժեշտ, և ինչպե՞ս կարող ենք հասնել Աստվածաշունչ ուսումնասիրողների սրտերին։
3 Ուսուցանելու մեթոդներից առաջինը վերաբերվում է ոչ թէ խոսելուն, այլ լսելուն։ Առակաց 16։23–ում արտահայտված մտքի համաձայն՝ համոզելու ուժ ունենալը կապված է խորաթափանց լինելու հետ։ Հիսուսն, անկասկած, խորաթափանցություն էր դրսևորում նրանց հանդեպ, ում սովորեցնում էր։ Յովհաննէս 2։25–ում կարդում ենք. «Ինքն արդէն գիտէր, թէ ինչ կար մարդու հոգու մեջ»։ Սակայն ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչ կա ուսումնասիրողի սրտում։ Իմանալու կերպերից մեկն է ուշադիր ունկնդիր լինելը։ Յակոբոս 1։19–ը հայտնում է. «Թող ամէն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանր՝ խօսելու մէջ»։ Ինչ խոսք, բոլորը չեն, որ կարող են հեշտությամբ արտահայտել իրենց մտքերը։ Աստվածաշունչ ուսումնասիրող անհատները որքան ավելի համոզված լինեն իրենց հանդեպ մեր ցուցաբերած սրտանց հետաքրքրության մեջ, այնքան ավելի հակված կլինեն արտահայտելու իրենց անկեղծ զգացումները։ Խորաթափանց հարցերը կարող են օգնել մեզ, որպեսզի հասնենք նրանց սրտերի «խորհրդին» և ‘դուրս հանենք’ այն (Առակաց 20։5, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։
4. Քրիստոնյա երեցներն ինչո՞ւ պետք է ուշադիր ունկնդիրներ լինեն։
4 Հատկապես անհրաժեշտ է, որպեսզի քրիստոնյա երեցները լինեն ուշադիր ունկնդիրներ։ Միայն այդ դեպքում նրանք կարող են իսկապես ‘իմանալ, թե ինչպե՛ս պետք է պատասխան տալ յուրաքանչյուրին’ (Կողոսացիս 4։6)։ Առակաց 18։13–ը նախազգուշացնում է. «Ով որ բանը չ’լսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ»։ Երկու եղբայրներ, լավ մղումներից դրդված, մի քրոջ հետ աշխարհային ձգտումների մասին զրույց ունեցան. պատճառն այն էր, որ նա ժողովի մի քանի հանդիպումներ բաց էր թողել։ Քույրը խորապես վիրավորվեց. ինչո՞ւ նրանք չհարցրեցին, թե որն էր իր բացակայության պատճառը։ Չէ՞ որ ինքը վիրահատվել էր ու դեռ ապաքինվում էր։ Ուրեմն, նախքան խորհուրդ տալը որքա՜ն կարևոր է լսելը։
5. Երեցներն ինչպե՞ս կարող են լուծել եղբայրների միջև ծագած վեճերը։
5 Հաճախ երեցները ուսուցանում են խրատներ տալու միջոցով։ Այս դեպքում նույնպես հարկավոր է ուշադիր ունկնդիր լինել։ Լսելը հատկապես անհրաժեշտ է, երբ հավատակիցների միջև վեճեր են ծագում։ Միայն լսելուց հետո է, որ երեցները կարող են ընդօրինակել ‘Հորը, որ դատում է առանց աչառության’ (Ա Պետրոս 1։17)։ Քանի որ այսպիսի իրավիճակներում զգացմունքները հաճախ լարվում են, ուստի երեցը տվյալ պարագայում պիտի մտաբերի Առակաց 18։17–ի խորհուրդը. «Արդար է երեւում դատն առաջ սկսողը, բայց ոսոխը գալիս է եւ քննում նորան»։ Շրջահայաց ուսուցանողը երկու կողմերին էլ լսում է։ Աղոթքով դիմելով Եհովային՝ նա օգնում է խաղաղ մթնոլորտ ստեղծելուն (Յակոբոս 3։18)։ Եթե զգացմունքները բորբոքված են, նա կարող է առաջարկել, որ յուրաքանչյուր եղբայր, մեկը մյուսի հետ վեճի բռնվելու փոխարեն, խնդիրն ուղղակիորեն իրեն ուղղի։ Համապատասխան հարցեր տալով՝ երեցը կկարողանա պարզաբանել խնդրի էությունը։ Շատ դեպքերում պարզվում է, որ թյուրիմացության պատճառը մտքերի վատ փոխանակությունն է, և ոչ թե չարամտությունը։ Իսկ եթե ոտնահարվել է Աստվածաշնչի որևէ սկզբունք, ապա սիրալիր ուսուցանողը երկու կողմերին լսելուց հետո կարող է խորաթափանցությամբ սովորեցնել։
Պարզության արժեքը
6. Պողոսն ու Հիսուսը ուսուցանելու գործում պարզությունը պահպանելու ի՞նչ օրինակներ թողեցին։
6 Ուսուցանելու գործում մյուս կարևոր հատկությունը նյութի պարզությունը պահպանելն է։ Ճիշտ է, մենք ցանկանում ենք, որ Աստվածաշունչ ուսումնասիրող անհատները կարողանան հասկանալ, թե ի՛նչ է ճշմարտության «լայնութիւնը, երկարութիւնը, բարձրութիւնը եւ խորութիւնը» (Եփեսացիս 3։18)։ Կան Աստվածաշնչի ուսմունքներ, որոնք գրավում են իրենց խորությամբ և իմաստությամբ (Հռովմայեցիս 11։33)։ Իսկ Պողոսը, հույներին քարոզելիս, կենտրոնանում էր ‘խաչված Հիսուս Քրիստոսի’ մասին պարզ իրողության վրա (Ա Կորնթացիս 2։1, 2)։ Հրապուրիչ ձևով քարոզում էր նաև Հիսուսը։ Լեռան իր քարոզի մեջ նա հասկանալի բառապաշար օգտագործեց, բայց, միևնույն ժամանակ, այդ քարոզը բովանդակում էր երբևէ արտահայտված ամենախորիմաստ մտքերից մի քանիսը (Մատթէոս 5—7 գլուխներ)։
7. Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս՝ ինչպե՞ս կարող ենք նյութի պարզությունը պահպանել։
7 Աստվածաշունչ ուսումնասիրողներին ուսուցանելիս՝ մենք էլ կարող ենք պահպանել ներկայացվող նյութի պարզությունը։ Իսկ ինչպե՞ս. միշտ ամենից ‘լավը [«կարևորն», ՆԱ] ընտրելով’ (Փիլիպպեցիս 1։10)։ Անհրաժեշտ է, որպեսզի բարդ թեմաներ բացատրելիս՝ փորձենք մտքերն արտահայտել մատչելի լեզվով։ Հրատարակության մեջ վկայակոչված Աստվածաշնչի ամեն մի համարը բացելու և քննարկելու փոխարեն՝ մենք պետք է կենտրոնանանք հիմնական մեջբերումների վրա։ Սա անելու համար պետք է լավ նախապատրաստվենք։ Հարկավոր է զգուշանալ ուսումնասիրողին մանրամասնություններով ծանրաբեռնելուց և խուսափել երկրորդական կարևորություն ունեցող հարցերով շեղվելուց։ Եթե նա թեմայից դուրս հարց է տալիս, կարող ենք նրբանկատորեն ասել, որ այդ հարցին կանդրադառնանք դասն ավարտելուց հետո։
Հարցերը ազդեցիկ օգտագործել
8. Իր խոսքի մեջ Հիսուսն ինչպե՞ս էր անկաշկանդ օգտագործում հարցերը։
8 Ուսուցանելու հաջորդ մեթոդը ազդեցիկ հարցեր տալն է։ Իր խոսքի մեջ Հիսուս Քրիստոսը անկաշկանդ դիմում էր հարցերի օգնությանը։ Օրինակ՝ նա դիմեց Պետրոսին. ««Քեզ ինչպէ՞ս է թւում, Սիմո՛ն. ազգերի թագաւորները հարկերը կամ տուրքը ումի՞ց են առնում, իրանց որդիների՞ց, թէ՞ օտարներից»։ Եւ երբ ասաց՝ օտարներից, Յիսուս նրան ասաց. «Ապա ուրեմն որդիներն ազատ են»» (Մատթէոս 17։24, 25)։ Տաճարի Տիրոջ միածին որդին լինելով՝ Հիսուսն իրականում պարտավոր չէր վճարելու տաճարի հարկը։ Նա ուղղակի այս փաստը հայտնեց հուշող հարցերի միջոցով։ Այս ձևով Հիսուսն օգնեց Պետրոսին, որպեսզի վերջինս իր արդեն ունեցած տեղեկությունների հիման վրա ճիշտ եզրակացության հանգեր։
9. Ինչպե՞ս կարելի է օգտագործել հարցերը՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս։
9 Մենք էլ մեր հերթին Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս՝ կարող ենք հուշող հարցերը ճիշտ ձևով օգտագործել։ Եթե ուսումնասիրողը սխալ պատասխան է տալիս, գուցե մտածում ենք, թե պիտի ուղղենք անհատին, բայց նա իրո՞ք կմտապահի այդ ճիշտ պատասխանը։ Հաճախ տեղին է հուշող հարցերով օգնել, որպեսզի ուսումնասիրողն ինքը ճիշտ եզրակացության հանգի։ Օրինակ՝ եթե նա դժվարանում է հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ օգտագործել Աստծո անունը, կարող ենք հարցնել նրան. «Ձեր անունն օգտագործելը կարևորություն ունի՞ ձեզ համար... Ինչո՞ւ... Ինչպե՞ս կզգայիք ձեզ, եթե ինչ–որ մեկը մերժեր գործածել ձեր անունը։ Խելամիտ չէ՞ ուրեմն, որ Աստված էլ պահանջի օգտագործել իր անձնական անունը»։
10. Երեցներն ինչպե՞ս կարող են օգտագործել հարցերը օգնելու համար զգացական վերքեր կրող անհատներին։
10 Հոտը հովվելիս՝ երեցները նույնպես կարող են դիմել հուշող հարցերի օգնությանը։ Ժողովում շատերն են զգացական առումով ճնշվել ու հարվածներ ստացել Սատանայի աշխարհի կողմից. նրանք կարծում են, թե անմաքուր են, և ոչ մեկը երբեք չի սիրի իրենց։ Երեցը կարող է հետևյալ հարցերի միջոցով ճիշտ դատելու հնարավորություն տալ նման անհատին. «Թեև դու քեզ անմաքուր ես համարում, սակայն ի՞նչ կարծիք ունի քո մասին Եհովան։ Եթե մեր երկնային Հայրը թույլ է տվել, որ իր Որդին մահանա և փրկանք հայթայթի մեզ համար, մի՞թե դա ցույց չի տալիս, որ Աստված սիրում է քեզ» (Յովհաննէս 3։16)։
11. Ի՞նչ նպատակով են օգտագործվում հռետորական հարցերը, և ելույթներով հանդես գալու ժամանակ դրանք ինչպե՞ս կարելի է օգտագործել։
11 Ուսուցանելու օգտակար մեթոդներից է նաև հռետորական հարցեր տալը։ Ունկնդիրներից բարձրաձայն պատասխան չի ակնկալվում, սակայն նման միջոցները օգնում են նրանց խորհրդածելու։ Հնում մարգարեները լրջորեն խորհրդածել տալու նպատակով հաճախ էին նման հարցեր ուղղում իրենց լսողներին (Երեմիա 18։14, 15)։ Հիսուսը ազատորեն հռետորական հարցեր էր օգտագործում (Մատթէոս 11։7—11)։ Նման հարցերը օգուտներ են բերում հատկապես ելույթներով հանդես գալու ժամանակ։ Ունկնդիրներին ուղղակի ասելու փոխարեն, որ Եհովային հաճեցնելու համար նրանք պետք է անձնվեր լինեն, ավելի օգտավետ կլիներ հարցնել նրանց. «Եթե մենք իսկապես անձնվեր լինենք ծառայության մեջ, արդյոք դրանով Եհովային հաճեցրած կլինե՞նք»։
12. Ինչո՞ւ է կարևոր անհատի տեսակետը հարցնելը։
12 Օգտակար է նաև հարցնել Աստվածաշունչ ուսումնասիրողի տեսակետը՝ հավատո՞ւմ է իր սովորած բաներին (Մատթէոս 16։13—16)։ Ուսումնասիրողը կարող է ճիշտ պատասխանել, որ պոռնկությունը սխալ արարք է։ Սակայն ինչո՞ւ լրացուցիչ հարցեր չտալ, ինչպես օրինակ. «Դուք ինքներդ ի՞նչ կարծիքի եք Աստծո բարոյական չափանիշների մասին։ Գտնո՞ւմ եք, թե դրանք բավականին կաշկանդում են մարդու ազատությունը։ Ձեզ համար Աստծո սկզբունքներին հետևելը կամ չհետևելն իրականում կարևորություն ունի՞»։
Սրտերին հասնող համեմատական օրինակներ
13, 14. ա) Ինչպե՞ս կարող ենք ինչ–որ բան պարզաբանել։ բ) Հաջող, համեմատական օրինակներն ինչո՞ւ են տպավորիչ։
13 Ունկնդիրների և Աստվածաշունչ ուսումնասիրողների սրտերին հասնելու հաջորդ մեթոդն է համեմատական օրինակներ բերելը։ «Օրինակ» թարգմանված հունարեն բառը բառացիորեն նշանակում է «կողք կողքի դնել»։ Համեմատական օրինակ բերելիս՝ դու ինչ–որ բան պարզաբանում ես՝ այն դնելով նման ինչ–որ բանի կողքին։ Օրինակ՝ Հիսուսը հարցրեց. «Ինչի՞ նմանեցնենք Աստծու արքայութիւնը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն»։ Ի պատասխան՝ նա հիշատակեց մանանեխի հասարակ հատիկը (Մարկոս 4։30—32)։
14 Աստծո մարգարեները տարբեր ազդեցիկ առակներով էին խոսում։ Երբ ասորեստանցիները, որոնք որպես Աստծո գործիք էին ծառայել իսրայելացիներին պատժելու համար, իրենց դաժանությամբ չափն անցան, Եսայիան նրանց հանդգնությունն արտահայտեց հետևյալ այլաբանական օրինակով. «Մի՞թէ կացինը կ’պարծենայ իրանով կտրողի դէմ, կամ սղոցը կ’գոռոզանա՞յ իրանով քաշողի դէմ» (Եսայիա 10։15)։ Ժողովրդին ուսուցանելիս՝ Հիսուսը նույնպես բազում այլաբանական օրինակներ էր օգտագործում։ Արձանագրությունը ցույց է տալիս, որ նա «առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խօսում» (Մարկոս 4։34)։ Հաջող համեմատական օրինակները տպավորություն են գործում, քանի որ դրանք անհատի միտքն ու սիրտը իրար են շաղկապում։ Այդ օրինակները հնարավորություն են տալիս ունկնդիրներին հոժարությամբ յուրացնելու նոր տեղեկությունը՝ համադրելով այն արդեն իրենց հայտնի ինչ–որ բանի հետ։
15, 16. Համեմատական օրինակներն ինչպե՞ս կարելի է ավելի պատշաճ դարձնել։ Բերեք օրինակներ։
15 Մարդկանց սրտերին հասնելու համար համեմատական օրինակներն ինչպիսի՞ն պիտի լինեն։ Նախ և առաջ, օրինակը պիտի խելամիտ ձևով համապատասխանի պարզաբանվող նյութին։ Եթե համեմատությունն այնքան էլ պատշաճ չէ, ապա օրինակը, լուսավորելու փոխարեն, կշեղի ունկնդիրների ուշադրությունը։ Լավ դիտավորություններ ունեցող մի եղբայր ելույթի ընթացքում Հիսուս Քրիստոսի նկատմամբ օծյալ մնացորդի հնազանդությունը փորձեց արտահայտել՝ նրան համեմատելով հլու–հնազանդ շան հետ։ Սակայն արդյոք տեղի՞ն էր նման նվաստացուցիչ համեմատությունը։ Աստվածաշունչը այս միտքն արտահայտում է շատ ավելի գրավիչ ու վսեմ պատկերով. Հիսուսի 144 000 օծյալ հետևորդներին նկարագրում է «ինչպէս մի զարդարուած հարս իր մարդի համար» (Յայտնութիւն 21։2, ԱԹ)։
16 Համեմատական օրինակներն ավելի տպավորիչ են դառնում, երբ դրանք առնչվում են մարդկանց կենցաղի հետ։ Մորթված գառնուկի մասին Նաթանի բերած օրինակը Դավիթ թագավորի սրտին կպավ. նա սիրում էր գառներին, քանի որ երիտասարդ ժամանակ հովիվ էր եղել (Ա Թագաւորաց 16։11—13; Բ Թագաւորաց 12։1—7)։ Եթե ցուլի օրինակ բերվեր, ապա համեմատությունը, ամենայն հավանականությամբ, այնքան տպավորիչ չէր լինի։ Նմանապես, գիտության կողմից հայտնաբերված երևույթների կամ ոչ այնքան հայտնի պատմական դեպքերի վրա հիմնված համեմատությունները մեր ունկնդիրների վրա մեծ տպավորություն չեն թողնի։ Հիսուսն իր օրինակները վերցնում էր առօրյա կյանքից։ Նա պատմում էր իր շրջապատում գտնվող այնպիսի բաների մասին, ինչպիսին էին կանթեղը, երկնքի թռչունները, դաշտի շուշանները (Մատթէոս 6։26, 28; Ղուկաս 7։32)։ Ուստի, Հիսուսին լսողները հեշտությամբ կարող էին հասկանալ նման օրինակները։
17. ա) Ի՞նչ բաները կարող են մեր օրինակներին իբրև նյութ ծառայել։ բ) Մեր հրատարակությունների մեջ բերված օրինակներն ինչպե՞ս կարող ենք հարմարեցնել ուսումնասիրողների հանգամանքներին։
17 Մեր ծառայության ընթացքում պարզ, սակայն տպավորիչ օրինակներ օգտագործելու բազում հնարավորություններ ունենք։ Եղե՛ք ուշադիր (Գործք 17։22, 23)։ Միգուցե օրինակ բերեք ձեր ունկնդրի երեխաներից, տնից, աշխատանքից կամ սիրած զբաղմունքից։ Կարող ենք օգտագործել նաև այն, ինչ որ գիտենք Աստվածաշունչ ուսումնասիրողի մասին, որպեսզի լրացնենք ուսումնասիրվող նյութի մեջ արդեն նշված օրինակները։ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքի 8–րդ գլխի 14–րդ պարբերության մեջ բերվում է մի տպավորիչ օրինակ հոգատար ծնողի մասին, որի հարևանը զրպարտում է նրան։ Լավ կլիներ մտածել, թե ինչպես օրինակները հարմարեցնել Աստվածաշունչ ուսումնասիրողի հանգամանքներին, եթե ինքն էլ ծնող է։
Գրությունները կարդալ արտահայտիչ ձևով
18. Ինչո՞ւ պետք է ջանք թափենք, որպեսզի սահուն կարդանք։
18 Պողոսը հորդորեց Տիմոթէոսին. «Հետամտի՛ր Աստծու խօսքը ընթերցել, յորդորել եւ ուսուցանել հաւատացեալներին» (Ա Տիմոթէոս 4։13)։ Քանի որ ուսուցանելու մեր գլխավոր աղբյուրն Աստվածաշունչն է, ապա օգտակար կլիներ այն սահուն կերպով կարդալ։ Ղևտացիների առանձնաշնորհումն էր կարդալ Մովսիսական օրենքը Աստծո ժողովրդին։ Մի՞թե նրանք կմկմալով կամ միապաղաղ ձևով էին Օրենքը կարդում։ Ո՛չ, Աստվածաշնչում՝ Նէեմիա 8։8–ում, գրված է. «Եւ կարդում էին Աստուծոյ օրէնքի գրքումը յստակ, եւ բացատրութիւն տալով հասկացնում էին կարդացածը»։
19. Գրությունների մեր ընթերցանությունն ի՞նչ մեթոդով կարելի է կատարելագործել։
19 Վարժ ելույթ ունեցող որոշ եղբայրներ կաղում են, երբ հերթը հասնում է կարդալուն։ Ինչպե՞ս կարող են նրանք առաջխաղացումներ ունենալ։ Այդ բանում հաջողության հասնելու համար պետք է իրենց վարժեցնեն. այո՛, բարձրաձայն կարդան և կրկնեն, մինչև որ կարողանան սահուն կարդալ։ Վարժություններ անելով սահուն կկարդացվի նույնիսկ այնպիսի անուն, ինչպիսին է Մահեր–շալալ հաշ–բազը։
20. Ինչպե՞ս կարող ենք ‘զգույշ լինել մեր ուսուցման նկատմամբ’։
20 Եհովայի ժողովուրդը լինելով՝ մենք որպես ուսուցիչներ ծառայելու ինչպիսի՜ առանձնաշնորհում ենք ստացել։ Եկե՛ք, ուրեմն, այդ պատասխանատվությունը լրջորեն ընդունենք։ Եկե՛ք ‘զգույշ լինենք մեր նկատմամբ և մեր ուսուցման նկատմամբ’ (Ա Տիմոթէոս 4։16)։ Մենք կարող ենք հրաշալի ուսուցիչներ դառնալ՝ ուշադիր ունկնդիրներ լինելով, նյութի պարզությունը պահպանելով, հուշող հարցեր տալով, համեմատական օրինակներ օգտագործելով և Գրությունները արտահայտիչ ձևով կարդալով։ Թող որ բոլորս էլ օգուտներ քաղենք Եհովայի՝ իր կազմակերպության միջոցով տրվող կրթությունից, քանի որ այսպես վարվելը կօգնի մեզ ունենալ «ուսումնավարժ լեզու» (Եսայիա 50։4)։ Մեր ծառայության համար նախատեսված բոլոր միջոցները, այդ թվում բրոշյուրները, ձայներիզներն ու տեսաերիզները լիարժեք օգտագործելով՝ կսովորենք ուսուցանել խորաթափանցությամբ ու համոզելու ուժով։
Հիշո՞ւմ եք
◻ Ուսուցանելու ընթացքում մեզ ինչպե՞ս կօգնի ուշադիր լսելը։
◻ Հասկանալի ձևով սովորեցնելու հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին և Հիսուսին։
◻ Մյուսներին ուսուցանելիս՝ ի՞նչ տիպի հարցեր կարելի է օգտագործել։
◻ Որո՞նք են ամենատպավորիչ համեմատական օրինակները։
◻ Ինչպե՞ս կարող ենք զարգացնել բարձրաձայն ընթերցելու մեր ընդունակությունը։
[նկար 16–րդ էջի վրա]
Լավ ուսուցիչը խորաթափանցություն ձեռք բերելու համար լսում է։
[նկարներ 18–րդ էջի վրա]
Հիսուսը համեմատական օրինակների նյութը վերցնում էր առօրյա կյանքից։