Հաղթանակ մարդկային թուլության դեմ
«Մարմնի խորհուրդը մահ է» (Հռովմայեցիս 8։6, ԱԹ)։
1. Ոմանց համար ի՞նչ է հանդիսանում մարդկային մարմինը, և ո՞ր հարցն է ուշադրության արժանի։
«ԳՈՀԱՆՈՒՄ եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ» (Սաղմոս 139։14)։ Այսպես էր երգում սաղմոսերգու Դավիթը, երբ խորհում էր Եհովայի ստեղծագործություններից մեկի՝ մարդկային մարմնի մասին։ Ի հակադրություն այսպիսի հիմնավոր գովաբանության՝ որոշ կրոնական վարդապետներ մարդու մարմինը համարում են մի ինչ–որ գաղտնարան կամ մեղքի գործիք։ Այն կոչվել է «տգիտության ծածկոց, արատավորության հիմք, այլասերվածության կապանք, մութ կացարան, կենդանի մահ, կենդանի դիակ, քայլող գերեզման»։ Ճիշտ է, Պողոս առաքյալն ասել է. «Ոչ մի բարի բան չի բնակւում.... իմ մարմնի մէջ» (Հռովմայեցիս 7։18)։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ մենք անհուսալիորեն ընկել ենք մեղավոր մարմնի ծուղակը։
2. ա) Ի՞նչ է նշանակում «մարմնի խորհուրդ» արտահայտությունը։ բ) Աստծուն հաճեցնելու ցանկության հետ մեկտեղ ի՞նչ պայքար է մղվում «մարմնի» ու «ոգու» միջև։
2 Գրությունները երբեմն «մարմին» բառը օգտագործում են՝ բնորոշելու մարդուն իր անկատար վիճակով՝ որպես ապստամբ Ադամի մեղավոր սերնդի (Եփեսացիս 2։3; Սաղմոս 51։5; Հռովմայեցիս 5։12)։ Մեր ադամական ծագումը հանգեցրեց «մարմնի տկարութեան» (Հռովմայեցիս 6։19, ԱԹ)։ Պողոսը նախազգուշացրեց. «Մարմնի խորհուրդը մահ է» (Հռովմայեցիս 8։6, ԱԹ)։ «Մարմնի խորհուրդ»՝ նշանակում է ընկած մարմնի ցանկություններով առաջնորդվել, ղեկավարվել (Ա Յովհաննէս 2։16)։ Ուստի, եթե ձգտում ենք Աստծուն հաճեցնել, ապա տեսնում ենք, որ մշտական պայքար է մղվում մեր հոգևորության և մեղավոր բնույթի միջև, որը անողոքաբար ճնշում է գործադրում մեզ վրա, որպեսզի կատարենք «մարմնի գործերը» (Գաղատացիս 5։17–23; Ա Պետրոս 2։11)։ Պողոս առաքյալը, նկարագրելով իր ներսում ընթացող այս ցավոտ բախումը, բացականչում է. «Ի՜նչ խղճալի մարդ եմ ես։ Ո՞վ կը փրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահուան է տանում» (Հռովմայեցիս 7։24)։ Արդյո՞ք Պողոսը փորձության անպաշտպան զոհ էր հանդիսանում։ Այս հարցին Աստվածաշունչը պատասխանում է հուժկու «ո՛չ»–ով։
Փորձության և մեղքի իսկությունը
3. Ինչպե՞ս են շատերը վերաբերվում մեղքին ու գայթակղությանը, սակայն ի՞նչ է Աստվածաշունչը զգուշացնում այդպիսի մտայնություն ունենալու մասին։
3 Այսօր շատերի համար մեղքն անընդունելի հասկացություն է։ Ոմանք «մեղքը» կատակով գործածում են որպես հնացած բառ՝ մարդկային թուլությունները նկարագրելու համար։ Նրանք չեն գիտակցում, որ «մենք բոլորս Քրիստոսի ատեանի առաջ պիտի ներկայանանք, որպէսզի իւրաքանչիւրն ստանայ, ինչ որ արել է.... իր մարմնով՝ թէ՛ բարի եւ թէ՛ չար» (Բ Կորնթացիս 5։10)։ Մյուսներն էլ հեգնանքով ասում են. «Ես կարող եմ դիմանալ ամեն ինչին, բացի գայթակղությունից»։ Ոմանք ապրում են այնպիսի հասարակության մեջ, որտեղ մեծ տեղ է տրվում իսկույնևեթ հաճույք ստանալուն՝ լինի դա սննդի, սեքսի, զվարճությունների կամ էլ հաջողության հասնելու հետ կապված։ Նրանք ոչ միայն ամեն ինչ են ցանկանում, այլև այդ ամենը ցանկանում են հենց նույն պահին (Ղուկաս 15։12)։ Նրանք վայրկենական հաճույքից այն կողմ չեն տեսնում «ճշմարիտ կեանքի» ապագա ուրախությունը (Ա Տիմոթէոս 6։19)։ Սակայն, Աստվածաշունչը սովորեցնում է երկար մտածել ու հեռատես լինել, խուսափել այն ամենից, ինչը որ կարող է մեզ հոգևորապես կամ այլ կերպ վնաս հասցնել։ Ներշնչված առակում ասվում է. «Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում՝ վնասվում» (Առակաց 27։12)։
4. Ի՞նչ խրատ տվեց Պողոսը Ա Կորնթացիս 10։12, 13 (ԱԹ) խոսքերում։
4 Կորնթոս քաղաքը հայտնի էր իր բարոյական այլասերվածությամբ, և այնտեղ ապրող քրիստոնյաներին գրելիս Պողոսը միանգամայն հիմնավոր կերպով նախազգուշացրեց փորձության մեջ ընկնելու ու մեղքի զորեղության մասին։ Նա գրեց. «Ով որ համարում է, թէ հաստատ կանգնած է, թող զգոյշ լինի, որ վայր չ’ընկնի։ Ձեզ ուրիշ փորձութիւն չի պատահել, բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս 10։12, 13, ԱԹ)։ Լինենք երիտասարդ թե տարեց, տղամարդ թե կին, բոլորս էլ բազմաթիվ փորձությունների մեջ ենք ընկնում դպրոցում, աշխատավայրում և այլուր։ Ուստի, եկեք քննենք Պողոսի խոսքերը և տեսնենք, թե դրանք ինչ նշանակություն ունեն մեզ համար։
Չափից դուրս ինքնավստահ չլինել
5. Ինչո՞ւ է վտանգավոր չափից դուրս ինքնավստահ լինել։
5 Պողոսն ասաց. «Ով որ համարում է, թէ հաստատ կանգնած է, թող զգոյշ լինի, որ վայր չ’ընկնի»։ Սեփական անձի բարոյական ամրության մասին չափից դուրս ինքնավստահ լինելը վտանգավոր է։ Դա խոսում է այն մասին, որ անհատը մինչև վերջ չի պատկերացնում մեղքի զորեղ լինելը, ինչպես նաև՝ դրա էությունը։ Եթե այնպիսի մարդիկ, ինչպիսիք էին Մովսեսը, Դավիթը, Սողոմոնը և Պետրոս առաքյալը, ընկան մեղքի մեջ, ապա կմտածեի՞նք արդյոք, որ ինքներս խոցելի չենք (Թուոց 20։2–13; Բ Թագաւորաց 11։1–27; Գ Թագաւորաց 11։1–6; Մատթէոս 26։69–75)։ «Իմաստունը վախենում է եւ հեռանում չարիցը, բայց յիմարը վրդովվում է եւ յանձնապաստան լինում»,— կարդում ենք Առակաց 14։16–ում։ Իսկ Հիսուսն ասաց. «Հոգին յօժար է, բայց մարմինը տկար» (Մատթէոս 26։41, ԱԹ)։ Քանի որ ոչ մի անկատար մարդ ապահովված չէ անմաքուր ցանկություններ ունենալուց, մենք կարիք ունենք լրջորեն նկատի առնելու Պողոսի նախազգուշացումը և դիմադրելու փորձությանը, հակառակ դեպքում, հնարավոր է, որ ձախողվենք (Երեմիա 17։9)։
6. Ե՞րբ և ինչպե՞ս պետք է նախապատրաստվենք փորձությանը։
6 Իմաստնության դրսևորում է հանդիսանում դժվարություններին պատրաստ լինելը, որոնք կարող են անսպասելիորեն առաջ գալ։ Ասա թագավորն ընդունում էր, որ խաղաղության շրջանը հարմար ժամանակ էր պաշտպանական շինություններ կառուցելու համար (Բ Մնացորդաց 14։2, 6, 7)։ Նա գիտեր, որ չափազանց ուշ կլիներ նախապատրաստական միջոցներ ձեռնարկել, երբ հակառակորդն արդեն հարձակման անցած լիներ։ Նմանապես, նախքան փորձություններ ծագելը, մենք համապատասխան որոշումներ լավագույնս կարող ենք կայացնել հանդարտ պայմաններում, սառը դատողությամբ։ (Սաղմոս 63։6)։ Դանիելն ու նրա աստվածավախ ընկերները Եհովայի օրենքին հավատարիմ մնալու իրենց որոշումը կայացրին նախքան այն պահը, երբ իրենց կստիպեին ուտել թագավորական ուտեստեղեններից։ Արդյունքում՝ նրանք չերկմտեցին կառչած մնալ իրենց համոզմունքներից ու չկերան անմաքուր կերակուրից (Դանիէլ 1։8)։ Եկե՛ք նախքան դժվարին կացություն ստեղծվելն արդեն վճռականությամբ լցվենք՝ բարոյապես անարատ մնալու, և հետո ուժ կունենանք՝ մեղքին դիմադրելու։
7. Ինչո՞ւ է մխիթարում մեզ այն բանի իմացությունը, որ շատերը հաջողությամբ դիմադրել են փորձությանը։
7 Որքա՜ն մխիթարական են Պողոսի խոսքերը. «Ձեզ ուրիշ փորձութիւն չի պատահել, բացի մարդկային փորձութիւնից» (Ա Կորնթացիս 10։13, ԱԹ)։ Պետրոս առաքյալը գրեց. «Դիմադրեցէ՛ք [Սատանային]՝ հաստատուն լինելով հաւատի մէջ. իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները» (Ա Պետրոս 5։9)։ Այո՛, շատերն են նման փորձությունների ենթարկվել և Աստծո օգնությամբ հաջողությամբ դիմադրել դրանց, այնպես որ մենք էլ կարող ենք։ Այսպես թե այնպես, քանի դեռ որպես ճշմարիտ քրիստոնյաներ ապրում ենք այս ապականված աշխարհում, կարելի է սպասել, որ ուշ թե շուտ բոլորս էլ փորձության կենթարկվենք։ Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մարդկային թուլության և մեղք գործելու գայթակղության դեմ մղվող պայքարում հաղթանակած դուրս կգանք։
Մենք կարող ենք դիմադրել փորձությանը
8. Ո՞րն է փորձությունից խուսափելու հիմնական միջոցը։
8 ‘Մեղքին ծառայելուց’ խուսափելու հիմնական միջոցն այն է, որ հնարավորության դեպքում հեռու մնանք գայթակղեցնող իրավիճակներից (Հռովմայեցիս 6։6)։ Առակաց 4։14, 15–ում հետևյալ հորդորն է տրվում. «Անզգամների ճանապարհը մի մտնիր. եւ մի ման գար չարերի ճանապարհումը։ Թող տուր նորան, նորա վերայ մի գնար, նորանից խոտորիր եւ անցիր»։ Հաճախ մենք նախապես արդեն գիտենք, թե ինչպիսի հանգամանքներ կարող են առաջնորդել մեղք գործելուն։ Ուստի, պարզ է, թե ինչ է մնում քրիստոնյային անել. ‘անցնել’՝ հեռու մնալով այն ամենից, այնպիսի վայրերից ու մարդկանցից, որոնք կարող են սխալ ցանկություններ և անմաքուր կրքեր բորբոքել։
9. Ի՞նչ են ասում Գրությունները գայթակղեցնող իրավիճակներից փախչելու մասին։
9 Փորձության դեմ հաղթանակ տանելու մեկ այլ կարևոր քայլ է հանդիսանում գայթակղեցնող իրավիճակներից փախչելը։ Պողոսը խորհուրդ տվեց. «Փախէ՛ք պոռնկութիւնից» (Ա Կորնթացիս 6։18)։ Նա նաև գրեց. «Փախէ՛ք կռապաշտութիւնից» (Ա Կորնթացիս 10։14)։ Առաքյալը նաև զգուշացրեց Տիմոթեոսին փախչել նյութական հարստությանը հետամուտ լինելուց, ինչպես նաև՝ «երիտասարդական ցանկութիւններից» (Բ Տիմոթէոս 2։22; Ա Տիմոթէոս 6։9–11)։
10. Ինչպիսի՞ երկու իրարից տարբեր օրինակներ կան, որոնք ցույց են տալիս գայթակղությունից փախչելու կարևորությունը։
10 Քննարկենք Իսրայելի Դավիթ թագավորի հետ կատարված դեպքը։ Իր պալատի տանիքից նայելիս՝ նա տեսավ մի լողացող գեղեցիկ կնոջ, և նրա սիրտը սխալ ցանկություններով լցվեց։ Դավիթը պետք է հեռանար տանիքից՝ այդպիսով խուսափելով փորձությունից։ Սակայն դրա փոխարեն՝ նա հարցուփորձ արեց այդ կնոջ՝ Բերսաբեի մասին, ու այդ ամենի հետևանքները կործանարար եղան (Բ Թագաւորաց 11։1–12։23)։ Դրան հակառակ՝ ինչպե՞ս վարվեց Հովսեփը, երբ իր տիրոջ անառակ կինը բռնադատում էր նրան պառկել իր հետ։ Աստվածաշնչում գրված է. «Նա օրէցօր Յովսէփին ասում էր, բայց նա չէր լսում նորան, որ նորա հետ պառկի կամ նորա հետ լինի»։ Թեպետև այդ ժամանակ Մովսիսական օրենքը դեռևս գոյություն չուներ, այնուամենայնիվ, Հովսեփը պատասխանեց նրան. «Ինչպէ՞ս գործեմ այս մեծ չարութիւնը, եւ Աստուծոյ դէմ մեղանչեմ»։ Բայց մի օր այդ կինը բռնեց նրա հագուստից՝ ասելով. «Պառկիր ինձ հետ»։ Արդյո՞ք Հովսեփը մնաց այնտեղ ու փորձեց բացատրություններ տալ։ Ո՛չ։ Նա «փախաւ դուրս գնաց»։ Հովսեփը թույլ չտվեց, որ գեթ մի փոքր հավանականություն մնար՝ սեռական անբարոյություն գործելու։ Նա փախա՛վ (Ծննդոց 39։7–16)։
11. Ի՞նչ կարելի է անել, եթե շարունակ փորձության մեջ ենք գտնվում։
11 Երբեմն փախչելը վախկոտություն է համարվում, սակայն այդպիսի իրավիճակներից ֆիզիկապես խուսափելը հաճախ իմաստուն քայլ է հանդիսանում։ Միգուցե աշխատավայրում շարունակ փորձության ենք ենթարկվում։ Թերևս հնարավոր չէ անընդհատ աշխատանքը փոխել, սակայն, հավանաբար, գայթակղիչ իրավիճակներից խուսափելու այլ միջոցներ կան։ Բոլոր այն բաներից, որոնց մասին գիտենք, որ անվայել են, հարկավոր է փախչել ու վճռականորեն տրամադրված լինել անելու միայն այն, ինչը որ պատշաճ է (Ամովս 5։15)։ Փախչել գայթակղությունից՝ նշանակում է նաև խուսափել Ինտերնետի պոռնկագրական էջերից և զվարճության կասկածելի վայրերից։ Դա կարող է նշանակել նաև հրաժարվել ինչ–որ ամսագրից կամ էլ, ասենք, փնտրել ընկերական նոր շրջապատ՝ այնպիսի անհատների, ովքեր սիրում են Աստծուն ու կարող են մեզ օգնել (Առակաց 13։20)։ Ինչ էլ որ փորձի մեզ հակել մեղք գործելուն, մենք իմաստություն կդրսևորենք, եթե վճռականորեն դրան թիկունք դարձնենք (Հռովմայեցիս 12։9)։
Ինչպես է օգնում աղոթքը
12. Ի՞նչ ենք խնդրում Աստծուց, երբ աղոթում ենք՝ «մի՛ տար մեզ փորձութեան»։
12 Պողոսը մեզ հուսադրում է հետևյալ հավաստիացմամբ. «Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս 10։13, ԱԹ)։ Եհովայի օժանդակության ձևերից մեկն այն է, որ նա պատասխանում է փորձությունը հաղթահարելու համար ասված մեր աղոթքներին։ Հիսուս Քրիստոսը սովորեցրեց հետևյալ կերպ աղոթել. «Մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից» (Մատթէոս 6։13)։ Ի պատասխան այսօրինակ սրտաբուխ աղոթքի՝ Եհովան մեզ չի թողնի միայնակ փորձությանը դեմ հանդիման. նա կազատի մեզ Սատանայից ու նրա նենգ հնարքներից (Եփեսացիս 6։11)։ Հարկավոր է աղոթել Աստծուն, որպեսզի օգնի մեզ ճանաչել փորձությունները և ուժ ունենալ դիմադրելու դրանց։ Եթե խնդրենք նրան, որ թույլ չտա մեզ անհաջողության մատնվել փորձության մեջ գտնվելիս, ապա նա կօգնի այնպես, որ չենք խաբվի Սատանայի՝ «չարի» կողմից։
13. Ի՞նչ է հարկավոր անել, երբ անընդհատ փորձության ենք ենթարկվում։
13 Ջերմեռանդորեն աղոթելը հատկապես կարևոր է, երբ փորձությունն անընդհատ անհանգստացնում է մեզ։ Որոշ փորձությունների հետևանքով հնարավոր է, որ մեր մեջ հզոր ներքին պայքար սկսվի մտքերի ու հայացքների առնչությամբ, ինչը պարզորոշ կերպով հիշեցնում է մեզ, թե իրականում որքան թույլ ենք (Սաղմոս 51։5)։ Օրինակ՝ ի՞նչ կարող ենք անել, եթե մեզ տանջում են մեր նախկին անբարո սովորությունների մասին հիշողությունները։ Ի՞նչ կարելի է անել, եթե մեր մեջ ցանկություն է առաջանում դրանց վերադառնալ։ Այդպիսի զգացումները պարզապես մի ճնշեք, այլ աղոթեք Եհովային դրա մասին, և եթե անհրաժեշտ է՝ ոչ մեկ անգամ (Սաղմոս 55։22)։ Իր Խոսքի և սուրբ ոգու զորությամբ նա կարող է օգնել մեզ՝ մաքրելու մեր միտքը անմաքուր հակումներից (Սաղմոս 19։8, 9)։
14. Ինչո՞ւ է աղոթելը կարևոր փորձությունը հաղթահարելու համար։
14 Տեսնելով իր առաքյալների նիրհելը Գեթսեմանիի պարտեզում՝ Հիսուսը հորդորեց նրանց. «Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. հոգին յօժար է, բայց մարմինը տկար» (Մատթէոս 26։41, ԱԹ)։ Փորձությունը հաղթահարելու եղանակներից մեկն այն է, որ զգոն լինենք փորձության տարբեր ձևերի ու դրա աննկատ դրսևորումների նկատմամբ։ Կենսական է նաև փորձության մասին անհապաղ աղոթելը, որը կօգնի հոգևորապես զինվել դրա դեմ։ Քանի որ փորձությունը մեր թույլ տեղին է հարվածում, ուրեմն, չենք կարող միայնակ պայքարել դրա դեմ։ Աղոթելը կարևոր է, քանի որ Աստծո տված զորությունը կարող է թիկունք կանգնել մեզ՝ Սատանայից պաշտպանվելու համար (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Հնարավոր է նաև, որ ժողովի երեցների հոգևոր աջակցության ու մեզ համար ասված նրանց աղոթքների կարիքն ունենանք (Յակոբոս 5։13–18)։
Ակտիվորեն դիմադրեք փորձությանը
15. Ինչպե՞ս կարելի է դիմադրել փորձությանը։
15 Բացի նրանից, որ հարկավոր է հնարավորության դեպքում խուսափել փորձությունից, մենք պետք է նաև ակտիվորեն դիմադրենք փորձությանը, մինչև որ այն անցնի կամ իրավիճակը փոփոխվի։ Երբ Հիսուսը փորձվեց Սատանայի կողմից, նա դիմադրեց այնքան ժամանակ, մինչև որ Բանսարկուն հեռացավ (Մատթէոս 4։1–11)։ Հակոբոս աշակերտը գրել է. «Դիմադրեցէ՛ք Սատանային, ու նա կը փախչի ձեզանից» (Յակոբոս 4։7)։ Դիմադրելը սկսվում է մեր միտքը Աստծո Խոսքով պատնեշելով ու հաստատապես որոշելով, որ կառչած ենք մնալու աստվածային չափանիշներից։ Լավ կլիներ միշտ հիշել ու խորհել այն հիմնական սուրբգրային համարների շուրջ, որոնք վերաբերում են հենց մեր թուլությանը։ Մեր կողմից խելամիտ քայլ կլիներ դիմել որևէ հասուն քրիստոնյայի՝ գուցե երեցի, որի հետ կխոսեինք մեր մտահոգությունների մասին ու որից օգնություն կխնդրեինք, երբ սխալն անելու գայթակղության առջև ենք կանգնում (Առակաց 22։17)։
16. Ինչպե՞ս կարող ենք բարոյապես մաքուր մնալ։
16 Գրությունները հորդորում են մեզ ‘հագնել նոր մարդը’ (Եփեսացիս 4։24)։ Դա նշանակում է թույլ տալ, որ Եհովան ձևավորի ու փոփոխությունների ենթարկի մեզ։ Իր գործակից Տիմոթեոսին ուղղված նամակում Պողոսը գրել է. «Գնա՛ արդարութեան, աստուածապաշտութեան, հաւատի, սիրոյ, համբերութեան եւ հեզութեան ետեւից։ Հաւատի բարի մա՛րտը մղիր եւ պի՛նդ կառչիր յաւիտենական կեանքից, որին կանչուեցիր» (Ա Տիմոթէոս 6։11, 12)։ Մենք կարող ենք ‘գնալ արդարության ետևից’՝ փութաջանորեն ուսումնասիրելով Աստծո Խոսքը, ձեռք բերելով խորը գիտելիքներ Աստծո ինչպիսի անձնավորություն լինելու մասին և նրա պահանջներին համապատասխան վարք դրսևորելով։ Հագեցած գրաֆիկ ունենալն այնպիսի քրիստոնեական գործունեությունների համար, ինչպիսիք են բարի լուրի քարոզչությունն ու հանդիպումներին հաճախելը, նույնպես կարևոր է։ Աստծուն ավելի մոտենալով ու նրա հոգևոր միջոցառումներից առավելագույն օգուտներ քաղելով՝ մենք հոգևորապես կաճենք ու բարոյապես մաքուր կմնանք (Յակոբոս 4։8)։
17. Որտեղի՞ց գիտենք, որ փորձության ժամանակ Աստված չի լքի մեզ։
17 Պողոսը հավաստիացնում է, որ չի լինի այնպիսի փորձություն, որը հաղթահարելու համար Աստծո կողմից մեզ տրված զորությունը չբավականացնի։ Եհովան ‘ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանանք համբերել’ (Ա Կորնթացիս 10։13)։ Իսկապես, եթե շարունակում ենք ապավինել Աստծուն, ապա նա թույլ չի տա, որ փորձությունն այնքան անհաղթահարելի դառնա, որ անարատություն պահելու համար մեզ անհրաժեշտ հոգևոր կորովը բավական չլինի։ Նա ցանկանում է, որ մենք հաջողության հասնենք իր տեսակետից սխալ քայլ կատարելու գայթակղությանը ակտիվորեն դիմադրելու մեջ։ Ավելին, կարող ենք հավատ ընծայել նրա խոստումին. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Եբրայեցիս 13։5)։
18. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ մարդկային թուլության դեմ հաղթանակ կտանենք։
18 Պողոսը գիտեր, թե մարդկային թուլության դեմ մղվող իր պայքարի արդյունքում ինչ էր լինելու։ Նա իրեն չէր համարում իր մարմնական ցանկությունների մի խղճալի ու անօգնական զոհ, այլ, ընդհակառակը, ասաց. «Ես ճիշտ այսպէ՛ս եմ վազում, ոչ թէ աննպատակ. այնպէս չեմ կռփահարում, իբրեւ թէ քամի ծեծէի, այլ ճնշելով ամրացնում եմ իմ մարմինը եւ հնազանդեցնում այն, որպէսզի գուցէ ես ինքս խոտելի չլինեմ այն բանում, որ քարոզեցի ուրիշներին» (Ա Կորնթացիս 9։26, 27)։ Մենք նույնպես կարող ենք հաջողությամբ պայքարել անկատար մարմնի դեմ։ Գրությունների, աստվածաշնչյան հրատարակությունների, քրիստոնեական հանդիպումների և հասուն քրիստոնյաների միջոցով մեր սիրառատ երկնային Հայրը շարունակ հիշեցումներ է տալիս, որոնք օգնում են մեզ ճիշտ ուղղությամբ քայլել։ Նրա օգնությամբ մենք կարո՛ղ ենք հաղթանակ տանել մարդկային թուլության դեմ։
Հիշո՞ւմ եք արդյոք
• Ի՞նչ է նշանակում «մարմնի խորհուրդ» արտահայտությունը։
• Ինչպե՞ս կարող ենք պատրաստ լինել փորձությանը։
• Ի՞նչ կարող ենք անել փորձությունը հաղթահարելու համար։
• Ի՞նչ դեր է խաղում աղոթքը փորձությունը հաղթահարելու մեջ։
• Ինչպե՞ս ենք իմանում, որ հնարավո՛ր է հաղթանակ տանել մարդկային թուլության դեմ։
[նկար 10–րդ էջի վրա]
Աստվածաշունչը չի սովորեցնում, որ մենք մեր մարմնական ցանկությունների անօգնական զոհերն ենք
[նկար 12–րդ էջի վրա]
Գայթակղությունից փախչելը մեղքից խուսափելու հիմնական միջոցներից մեկն է