Որպեսզի մրցանակը շահես, ինքնատիրապետում դրսևորի՛ր
«Ամեն ով որ մրցում է ամեն բանից [«ամէն ինչում», ԷԹ] ժուժկալ է լինում» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ 9։25)։
1. Եփեսացիս 4։22–24-ին համապատասխան՝ ինչպե՞ս են միլիոնավոր մարդիկ «այո» ասել Եհովային։
ԵԹԵ դու մկրտվել ու դարձել ես Եհովայի վկա, ապա դրանով բոլորին ցույց ես տվել, որ ուզում ես մասնակցել մի մրցության, որտեղ որպես մրցանակ շնորհվում է հավիտենական կյանք։ Դու «այո» ես ասել Եհովայի կամքը կատարելուն։ Նախքան Աստծուն նվիրվելը մեզանից շատերը բավական փոփոխություններ են մտցրել կյանքում, որպեսզի իրենց նվիրումը լինի իսկական, Աստծուն ընդունելի։ Մենք հետևեցինք Պողոս առաքյալի խորհրդին, որ նա տվեց քրիստոնյաներին. «Դուրս հանէք առաջի գնացքի պէս եղող հին մարդը որ խաբեբայութեան ցանկութիւնովն ապականուած է.... Նոր մարդին [հագեք]՝ որ Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է՝ ճշմարտութեան արդարութիւնովը եւ սրբութիւնովը» (Եփեսացիս 4։22–24)։ Այլ խոսքով՝ նախքան Աստծուն «այո» ասելը և նրան նվիրվելը մենք պետք է «ոչ» ասեինք մեր նախկին, անընդունելի կենսաձևին։
2, 3. Ինչպե՞ս է Ա Կորնթացիս 6։9–12-ը ցույց տալիս, որ հարկավոր է երկու ուղղությամբ փոփոխություններ անել՝ Աստծո հավանությունը ձեռք բերելու համար։
2 Հին անձնավորության որոշ գծեր, որ ապագա Եհովայի վկան պետք է իր վրայից ‘հանի’, բացահայտորեն դատապարտվում են Աստծո Խոսքում։ Պողոսը թվարկեց դրանցից մի քանիսը կորնթացիներին ուղղված նամակում՝ ասելով. «Ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, ոչ իգացողները, ոչ արուագէտները, ոչ գողերը, ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները [«չարախոսները», ՆԱ], եւ ոչ յափշտակողները Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ»։ Հետո նա, նշելով, որ առաջին դարի քրիստոնյաները անհրաժեշտ փոփոխություններ արեցին, ավելացրեց. «Մի քանիներդ այսպէսներ էիք»։ Ուշադրություն դարձրեք, որ նա ասում է՝ էիք, և ոչ՝ եք (Ա Կորնթացիս 6։9–11)։
3 Պողոսը նաև ասաց, որ թերևս լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն լինի, քանզի նա իր խոսքը շարունակեց. «Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամենն օգուտ չէ» (Ա Կորնթացիս 6։12)։ Այսպես՝ այսօր շատերը, ովքեր ուզում են Եհովայի վկա լինել, զգում են, որ կարիք ունեն «ոչ» ասելու նույնիսկ այն բաներին, որոնք թեև «օրինաւոր» են, բայց օգտակար չեն կամ տևական արժեք չունեն։ Դրանք, հնարավոր է, խլեն անհատի ժամանակը և գուցե շեղեն նրան ավելի կարևոր բաներից։
4. Ո՞ր հարցում են նվիրված քրիստոնյաները համաձայն Պողոսի հետ։
4 Անհատը Աստծուն նվիրվում է պատրաստակամորեն և ոչ թե դժկամությամբ, այնպես, որ կարծես թե դա կապված է վիթխարի զոհողությունների հետ։ Նվիրված քրիստոնյաները համաձայն են Պողոսի հետ, որը Քրիստոսի հետևորդ դառնալուց հետո ասաց. «[Քրիստոսի] համար ամէն ինչից զրկուեցի,– եւ այդ բոլորը աղբ եմ համարում,– որպէսզի շահեմ Քրիստոսին» (Փիլիպպեցիս 3։8, ԷԹ)։ Պողոսն ուրախությամբ «ոչ» ասաց փոքրարժեք բաներին, որպեսզի կարողանար շարունակել «այո» ասել Աստծուն։
5. Ո՞ր մրցավազքին Պողոսը հաջողությամբ մասնակցեց, և ինչպե՞ս մենք էլ կարող ենք նույնն անել։
5 Պողոսը ինքնատիրապետում ցուցաբերեց իր հոգևոր մրցավազքում և վերջում իրավամբ կարող էր ասել. «Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի. այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը, որ Տէրը կ’տայ ինձ այն օրումը՝ արդար դատաւորը. եւ ոչ միայն ինձ, այլ եւ ամենին, որ սիրեցին նորա յայտնութիւնը» (Բ Տիմոթէոս 4։7, 8)։ Կկարողանա՞նք մենք էլ մի օր նման խոսքեր ասելու։ Կկարողանանք, եթե հավատով ինքնատիրապետում դրսևորենք մեր քրիստոնեական մրցավազքում՝ առանց մեր տեմպը թուլացնելու, մինչև վերջ։
Ինքնատիրապետում՝ բարին գործելու համար
6. Ի՞նչ է ինքնատիրապետումը, և ո՞ր երկու ասպարեզներում պետք է այդ հատկությունը դրսևորենք։
6 Աստվածաշնչում «ժուժկալություն» թարգմանված եբրայերեն և հունարեն բառերը բառացի այն իմաստն ունեն, որ անհատն իշխանություն, տիրապետություն ունի ինքն իր նկատմամբ։ Դրանք հաճախ փոխանցում են այն միտքը, որ անհատը խուսափում է մի ինչ–որ վատ բան անելուց։ Սակայն ակներև է, որ որոշակի չափով ինքնատիրապետում է պահանջվում նաև այն դեպքում, երբ ուզում ենք բարի գործ անել։ Անկատար մարդն ի ծնե հակում ունի սխալ քայլեր անելու, ուստի մենք պետք է պայքար մղենք երկու ուղղությամբ (Ժողովող 7։29; 8։11)։ Խուսափելով վատն անելուց՝ միևնույն ժամանակ ինքներս մեզ պետք է ստիպենք բարին գործելու։ Իրողությունն այն է, որ մարմնի վրա իշխելը հանուն բարի գործերի լավագույն ձևերից մեկն է խուսափելու վատ բաներ անելուց։
7. ա) Դավիթի պես ինչի՞ մասին պետք է աղոթենք։ բ) Ինչի՞ մասին խորհրդածելը կօգնի մեզ է՛լ ավելի մեծ ինքնատիրապետում դրսևորելու։
7 Հստակ է, ուրեմն, որ ինքնատիրապետում դրսևորելը խիստ կարևոր է, եթե ուզում ենք շարունակել նվիրման համաձայն ապրել։ Մենք կարիք ունենք աղոթելու այնպես, ինչպես Դավիթը. «Սուրբ [«մաքուր», ԱԱ] սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը» (Սաղմոս 51։10)։ Կարող ենք խորհել այն մասին, թե ինչ օգուտներ կստանանք, եթե խուսափենք բարոյական տեսակետից սխալ քայլեր անելուց կամ այնպիսի բաներից, որոնք քայքայում են առողջությունը։ Խորհիր հնարավոր վնասի մասին՝ լուրջ առողջական խնդիրներ, հարաբերությունների վատացում, նույնիսկ վաղաժամ մահ։ Մյուս կողմից՝ խորհիր այն բազմաթիվ օգուտների մասին, որ բերում է աստվածահաճո ապրելակերպը։ Սակայն, իրատես լինելով, չպետք է մոռանանք, որ մեր սիրտը «խաբեբայ» է (Երեմիա 17։9, ԱԱ)։ Մենք պետք է վճռականորեն դիմադրենք նրան, որը փորձում է նվազեցնել Եհովայի չափանիշներին հետևելու կարևորությունը։
8. Մեր փորձառությունը ո՞ր իրողության մասին է սովորեցնում մեզ։ Բացատրեք։
8 Մեծամասնությունս անձնական փորձով գիտի, որ չկամեցող մարմինը հաճախ փորձում է հանգցնել կամեցող ոգու կրակը։ Վերցնենք, օրինակ, Թագավորության քարոզչության գործը։ Եհովան բերկրանք է ապրում՝ տեսնելով մարդկանց պատրաստակամությունը մասնակցելու այս փրկարար գործին (Սաղմոս 110։3; Մատթէոս 24։14)։ Մեծամասնությանս համար հեշտ չէ եղել սովորել հրապարակայնորեն քարոզելը։ Այն պահանջել է, և գուցե մինչև հիմա պահանջում է, որ իշխենք մեր մարմնի վրա, ‘ճնշենք’ այն ու ‘հնազանդեցնենք’ (ԷԹ), և ոչ թե թույլ տանք, որ մեզ թելադրի գործի դնել միայն նվազագույն ուժերը (Ա Կորնթացիս 9։16, 27; Ա Թեսաղոնիկեցիս 2։2)։
«Ամէն ինչո՞ւմ»
9, 10. Ի՞նչ է մտնում ‘ամեն ինչում ժուժկալություն’ դրսևորելու մեջ։
9 ‘Ամեն ինչում ժուժկալ լինելու’ սուրբգրային խորհրդից երևում է, որ մեզնից ավելին է պահանջվում, քան պարզապես զգացմունքների վրա իշխելը և անբարո վարք չդրսևորելը։ Գուցե այս հարցերի առնչությամբ մեզ հաջողվում է ինքնատիրապետում դրսևորել, և եթե իրոք այդպես է, ապա կարող ենք իսկապես ուրախ լինել։ Սակայն ի՞նչ կարելի է ասել կյանքի մյուս բնագավառների մասին, որտեղ ինքնատիրապետման կարիքը թերևս այնպես ակնհայտորեն չի զգացվում։ Ենթադրենք, ապրում ենք հարաբերականորեն հարուստ երկրում և բարձր կենսամակարդակ ունենք։ Մի՞թե խելացի չէր լինի սովորել «ոչ» ասել անհարկի ծախսումներ կատարելուն։ Ծնողները լավ կանեն, եթե սովորեցնեն երեխաներին չգնել ամեն տեսած բանը միայն այն պատճառով, որ այն մատչելի է, լավն է, կամ գրպանը հնարավորություն է տալիս։ Իհարկե, որպեսզի նրանք դրանում հաջողության հասնեն, իրենք պետք է լավ օրինակ ծառայեն (Ղուկաս 10։38–42)։
10 Սովորելով բավարարվել ունեցածով՝ մենք ավելի ուժեղ կամք կունենանք։ Դա նաև կարող է նպաստել, որ ավելի բարձր գնահատենք մեր ունեցածը և ավելի կարեկից լինենք նրանց հանդեպ, ովքեր պետք է բավարարվեն ունեցածով ոչ թե իրենց ուզելով, այլ կարիքից ելնելով։ Ճիշտ է, համեստ ապրելակերպը հակառակ է գնում այնպիսի տարածված մտայնություններին, ինչպիսիք են՝ «բարի եղիր քո հանդեպ» կամ «դու արժանի ես լավագույնին»։ Գովազդի աշխարհը քաջալերում է մարդուն չհապաղել սեփական ցանկությունները բավարարելու մեջ, այնինչ դա արվում է զուտ շահույթ ստանալու նպատակով։ Նման իրավիճակը կարող է խոչընդոտել մեր գործադրած ջանքերը ինքնատիրապետում ցուցաբերելու։ Եվրոպական հարուստ երկրներից մեկում լույս տեսնող մի հանդեսում վերջերս գրվեց. «Եթե անցանկալի իմպուլսները սանձելը ներքին պայքար է պահանջում նրանցից, ովքեր ապրում են ծայրահեղ աղքատության տանջալից պայմաններում, հապա որքա՜ն առավել՝ նրանցից, ովքեր ապրում են ներկայիս հարուստ հասարակության կաթ ու մեղր բղխող երկրում»։
11. Ինչո՞ւ օգտակար կլինի սովորել բավարարվել ունեցածով, բայց ի՞նչն է դժվարացնում դա։
11 Եթե դժվարանում ենք ցանկությունը տարբերել իրական կարիքից, ապա թերևս օգտակար կլինի որոշ քայլեր անել հավաստիանալու համար, որ թեթևամտորեն չենք վարվում։ Օրինակ՝ եթե ուզում ենք աջուձախ ծախսելու հակման դեմն առնել, գուցե ցանկանանք վճռել վարկով ապրանքներ չգնել, կամ եթե գնում պիտի կատարենք, ապա կարող ենք մեզ հետ վերցնել միայն սահմանափակ գումար։ Հիշենք Պողոսի խոսքերը. «Մեծ շահավաճառութիւն է.... աստուածպաշտութիւնը բաւականութեան հետ միասին»։ Նա հետևյալ կերպ դատեց. «Ոչինչ չենք բերել աշխարհքս եւ յայտնի է որ ոչինչ էլ չենք կարող դուրս տանիլ։ Բայց եթէ կերակուր եւ հագուստ ունինք, նորանցով բաւականանանք» (Ա Տիմոթէոս 6։6–8)։ Իսկ բավականանո՞ւմ ենք։ Պարզ կյանքով ապրել սովորելը, կյանք, որն ազատ է եսասիրական ցանկությունների ավելորդ բեռից, ինչպիսի ձևով էլ որ դրանք արտահայտված լինեն, պահանջում է կամքի ուժ և ինքնատիրապետում։ Բայցևայնպես արժե սովորել։
12, 13. ա) Ինչպե՞ս են քրիստոնեական հանդիպումներն առնչվում ինքնատիրապետում դրսևորելու հետ։ բ) Ուրիշ ի՞նչ բնագավառներում կարիք ունենք ինքնատիրապետում մշակելու։
12 Քրիստոնեական հանդիպումներ ու համաժողովներ հաճախելու առնչությամբ նույնպես որոշակի ինքնատիրապետում է պահանջվում։ Օրինակ՝ այդ հատկությունն անհրաժեշտ է թույլ չտալու համար, որ մեր միտքը շեղվի ծրագրից (Առակաց 1։5)։ Գուցե ինքնատիրապետում պահանջվի մեզնից, որպեսզի չխանգարենք մյուսներին՝ մեր կողքի նստածի ականջին փսփսալով. դրա փոխարեն կարող ենք մեր ամբողջ ուշադրությունը ուղղել դեպի բեմից խոսողը։ Ինքնատիրապետում կարող է պահանջվել նաև այն դեպքում, երբ հարկ է շտկումներ կատարել մեր գրաֆիկում, որպեսզի կարողանանք ժամանակին գալ այդ միջոցառումներին։ Բացի այդ, այս հատկության կարիքը թերևս զգացվի, որպեսզի ժամանակ հատկացնենք հանդիպումներին նախապատրաստվելուն, ու այնուհետև կկարողանանք մասնակցել դրանց։
13 Փոքր բաներում ինքնատիրապետում ցուցաբերելն է՛լ ավելի ընդունակ է մեզ դարձնում դա անելու ավելի մեծ բաներում (Ղուկաս 16։10)։ Այսպես՝ որքա՜ն լավ կլինի, եթե վարժվենք կանոնավորաբար կարդալու Աստծո Խոսքն ու սուրբգրային հրատարակությունները, ուսումնասիրելու դրանք և խորհրդածելու մեր սովորածի շուրջ։ Որքա՜ն խելացի կլինի, եթե վարժվենք «ոչ» ասելու անհամապատասխան աշխատանքին, մտերմությանը, մտայնությանը, անձնական սովորությանը կամ էլ այնպիսի գործերին, որոնք կարող են խլել Աստծո ծառայության համար նախատեսված թանկարժեք ժամանակը։ Եհովայի ծառայության մեջ զբաղված լինելն անշուշտ ամուր պաշտպանություն է ընդդեմ այն բաների, որոնք կարող են հեռացնել մեզ նրա համաշխարհային ժողովում տիրող հոգևոր դրախտից։
Հասունանանք ինքնատիրապետման միջոցով
14. ա) Ինչպե՞ս պետք է երեխաները սովորեն ցուցաբերել ինքնատիրապետում։ բ) Ի՞նչ օգուտներ կարող են երեխաները ստանալ, եթե իրենց կյանքի վաղ շրջանից սկսած սովորեն այդ հատկությունը դրսևորել։
14 Նորածին երեխային հատուկ չէ ինքնատիրապետում դրսևորելը։ Երեխաների վարքագծով զբաղվող փորձագետների հրատարակած մի գրքույկում բացատրվում է. «Ինքնատիրապետում դրսևորելը տեղի չի ունենում ինքնաբերաբար կամ հանկարծակի։ Առաջին քայլերն անող ու ավելի մեծ տարիքի երեխաները կարիք ունեն ծնողների առաջնորդությանն ու աջակցությանը՝ սկսելու ինքնատիրապետում դրսևորել սովորելու գործընթացը.... Ծնողների առաջնորդության ներքո երեխաները դպրոցական տարիների ամբողջ ընթացքում գնալով ավելի շատ են ինքնատիրապետում ցուցաբերում»։ Չորսամյա երեխաների վերաբերյալ կատարված մի հետազոտության արդյունքներով պարզվեց, որ այն երեխաները, որոնց որոշ չափով սովորեցրել են ինքնատիրապետում հանդես բերել, «ընդհանուր առմամբ դեռահասության տարիքում ավելի հավասարակշռված են եղել, ավելի մեծ հեղինակություն են վայելել, եղել են նախաձեռնող, հուսալի և իրենց ուժերի վրա վստահ»։ Նրանք, ովքեր չեն սովորել ինքնատիրապետում դրսևորել, «ավելի հակված են եղել լինելու միայնակ, իսկույն հուսահատվող և կամակոր անձնավորություններ։ Նրանք չեն դիմացել ստրեսներին և խուսափել են դժվարություններից»։ Ակնհայտ է, որ հավասարակշռված չափահաս դառնալու համար երեխան պետք է սովորի ինքնատիրապետում դրսևորել։
15. Ի՞նչ է մատնանշում ինքնատիրապետման պակասը, և սրան հակառակ ո՞ր նպատակի մասին է նշվում Աստվածաշնչում։
15 Նման ձևով եթե մենք ցանկանում ենք դառնալ հասուն քրիստոնյա, ապա պետք է սովորենք ինքնատիրապետում ցուցաբերել։ Դրա պակասը մատնանշում է այն, որ մենք հոգևոր տեսակետից դեռևս երեխաներ ենք։ Աստվածաշունչը հորդորում է մեզ ‘մտքով չափահաս լինել’ (Ա Կորնթացիս 14։20, ԱԱ)։ Մեր նպատակն է «հասն[ել] հաւատքին ու Աստուծոյ Որդին ճանչնալուն միաբանութեանը, կատարեալ մարդ ըլլալու [«չափահաս մարդու հասունությանը», ՆԱ], Քրիստոսի լման հասակին չափը ունենալու»։ Ինչո՞ւ։ Որպեսզի «այլ եւս երեխայ չ’լինենք երերուած ու տատանուած վարդապետութեան ամեն քամուցը մարդկանց խաբեբայութիւնովը որ մոլորեցնեն խաբեբայութեան խորամանկութիւնովը» (Եփեսացիս 4։13 ԱԱ, 14)։ Հստակ է, որ ինքնատիրապետում դրսևորել սովորելը խիստ կարևոր է մեր հոգևորի համար։
Ինքնատիրապետում զարգացնենք
16. Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ։
16 Ինքնատիրապետում զարգացնելու համար մենք կարիք ունենք Աստծո օգնությանը, և դա հնարավո՛ր է ստանալ։ Աստծո Խոսքը իդեալական հայելու պես ցույց է տալիս, թե որ հարցերում կարիք ունենք փոփոխություններ անելու, և տալիս է խորհուրդներ, թե ինչպես դա անել (Յակոբոս 1։22–25)։ Օգնություն կարող ենք ստանալ նաև սիրառատ ու պատրաստակամ եղբայրներից ու քույրերից։ Քրիստոնյա երեցները ըմբռնումով են մոտենում, երբ անհատական աջակցություն են ցույց տալիս։ Ինքը Եհովան առանց սահմանափակումների տալիս է իր սուրբ ոգին, եթե աղոթքով խնդրենք (Ղուկաս 11։13; Հռովմայեցիս 8։26)։ Ուստի եկեք ուրախությամբ օգտվենք այս հնարավորություններից։ 21–րդ էջի շրջանակում առաջարկված խորհուրդները օգտակար կարող են լինել։
17. Ի՞նչ քաջալերանք ենք ստանում Առակաց 24։16–ից։
17 Մենք ջանքեր ենք թափում Եհովային հաճելի լինելու համար և անչափ մխիթարվում ենք՝ իմանալով, որ նա գնահատում է դրանք։ Ուստի մենք պետք է մղվենք շարունակելու մեր պայքարը ավելի ու ավելի շատ ինքնատիրապետում ցուցաբերելու։ Անկախ այն բանից, թե քանի անգամ կսայթաքենք՝ մենք երբեք չպետք է թևաթափ լինենք։ «Եօթն անգամ վայր կ’ընկնէ արդարը եւ կ’կանգնէ» (Առակաց 24։16)։ Ամեն անգամ այդ պայքարում հաղթելով՝ մենք իրավամբ կարող ենք գոհ լինել ինքներս մեզանից։ Նաև կարող ենք վստահ լինել, որ Եհովան էլ է գոհ մեզանից։ Մի Վկա ասում է, որ նախքան իր կյանքը Եհովային նվիրելը նա ամեն անգամ, երբ իրեն հաջողվում էր մեկ շաբաթ չծխել, ինքն իրեն պարգևատրում էր՝ ինչ–որ օգտակար բան գնելով այն փողով, որը խնայել էր ինքնատիրապետում ցուցաբերելու շնորհիվ։
18. ա) Ինքնատիրապետում ձեռք բերելու պայքարի հետ ի՞նչն է առնչվում։ բ) Եհովան ինչո՞ւմ է մեզ հավաստիացնում։
18 Բայց ամենակարևորը, որ պետք է հիշենք, այն է, որ ինքնատիրապետումը առնչվում է մարդու մտքին ու հույզերին։ Դա երևում է Հիսուսի խոսքերից. «Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ» (Մատթէոս 5։28; Յակոբոս 1։14, 15)։ Այն մարդը, ով սովորել է իշխել իր մտքի ու զգացումների վրա, ավելի հեշտ կկարողանա իշխել իր ողջ մարմնի վրա։ Ուստի եկեք է՛լ ավելի մեծ վճռականությամբ լցվենք՝ խուսափելու համար ոչ միայն սխալ բաներ անելուց, այլ նաև դրանց մասին մտածելուց։ Հենց որ սխալ մտքեր ծագեն, իսկույն վանեք դրանք։ Մենք կարող ենք փախչել գայթակղությունից՝ մեր աղոթալից աչքերը հառելով Հիսուսի վրա (Ա Տիմոթէոս 6։11; Բ Տիմոթէոս 2։22; Եբրայեցիս 4։15, 16)։ Մեր ուժերից եկած հնարավոր ամեն բան անելով՝ մենք կհետևենք Սաղմոս 55։22–ի խորհրդին. «Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը»։
Հիշո՞ւմ եք
• Ո՞ր երկու ուղղությամբ պետք է ինքնատիրապետում դրսևորենք։
• Ի՞նչ է նշանակում ինքնատիրապետում դրսևորել ամեն ինչում։
• Ինքնատիրապետում զարգացնելու վերաբերյալ ո՞ր գործնական խորհուրդների վրա առանձնապես ուշադրություն դարձրեցիք մեր ուսումնասիրության ընթացքում։
• Ինչի՞ց է սկսվում ինքնատիրապետումը։
[շրջանակ/նկարներ 21–րդ էջի վրա]
Ինչպես ավելի շատ ինքնատիրապետում դրսևորել
• Դրսևորիր այն նույնիսկ փոքր բաներում
• Խորհիր ներկա ու ապագա օգուտների մասին
• Ինչ Աստված արգելում է, փոխարինիր նրանցով, ինչ նա քաջալերում է
• Անպատշաճ մտքերն անհապաղ վանիր
• Լցվիր հոգևորապես կերտիչ մտքերով
• Ընդունիր հասուն քրիստոնյաների օգնությունը
• Խուսափիր այն իրավիճակներից, որտեղ գայթակղություններ կարող են լինել
• Փորձության ժամին աղոթիր Աստծուն՝ նրանից օգնություն խնդրելով
[նկարներ 18–րդ և 19–րդ էջերի վրա]
Ինքնատիրապետումը մղում է մեզ բարին գործել