Ինչ արժե ընթերցել. Սողոմոնի իմաստուն խորհուրդը
«ՇԱՏ գրքեր շինելը ծայր չ’ունի. եւ շատ կարդալը կ’յոգնեցնէ մարմինը» (Ժողովող 12։12)։ Մոտ 3 000 տարի առաջ այս խոսքերը գրի առնելով՝ իմաստուն Սողոմոն թագավորը ոչ թե մարդկանց խրախուսում էր չկարդալ, այլ ուզում էր ասել, որ պետք է ընտրողական լինել այդ հարցում։ Այս հիշեցումը շատ տեղին է այսօր, քանի որ տարեկան միլիարդավոր տպագիր էջեր են լույս տեսնում։
Ակնհայտ է, որ ‘շատ գրքերը’, որոնց մասին նշեց Սողոմոնը, ո՛չ կերտում էին ընթերցողին, ո՛չ էլ թարմություն պատճառում։ Հետևաբար նա ուզում էր ասել, որ շատ կարդալը դրական ու երկարատև արդյունքներ չի բերում, այլ ‘հոգնեցնում է մարմինը’։
Մի՞թե Սողոմոնը ուզում էր ասել, որ չկան վստահելի առաջնորդություն պարունակող գրքեր, որոնք կարող են օգուտ բերել ընթերցողին։ Իհարկե ո՛չ։ Նա գրում է. «Իմաստունների խօսքերը խթանների պէս են, եւ ինչպէս խրուած բեւեռներ ժողովածուների տէրերի ձեռքով՝ տրուած են մէկ հովիւից» (Ժողովող 12։11)։ Իրոք որ, կան գրված խոսքեր, որոնք «խթանների պէս» կարող են մղել մարդուն լավ գործերի և առաջնորդել ուղիղ ճանապարհով։ Այդպիսի խոսքերը, ‘խրված բևեռների’՝ մեխերի նման, կարող են նաև ամրացնել մեր վճռականությունը և հաստատուն դարձնել մեզ։
Որտե՞ղ կարող ենք այդպիսի իմաստուն խոսքեր գտնել։ Ինչպես նշում է Սողոմոնը, դրանք բխում են մեկ Հովվից՝ Եհովայից, և եղածներից լավագույնն են (Սաղմոս 23։1)։ Ուստի չենք սխալվի, եթե կարդանք Աստվածաշունչը՝ գիրք, որը Աստծո ներշնչումով է գրվել։ Այդ գրքի ներշնչված խոսքերը կանոնավորաբար ընթերցելով՝ մարդը կարող է դառնալ բանիմաց և «ամեն բարի գործերի համար պատրաստուած» (Բ Տիմոթէոս 3։16, 17)։