Գլուխ չորրորդ
Մենք անզուգական ենք
Ամեն առավոտ՝ մինչ մեր առօրյայի սկսվելը, նայո՞ւմ ենք մեզ հայելու մեջ։ Գուցե խորհրդածելու համար բավականաչափ ժամանակ չենք ունենում։ Բայց փորձենք մի փոքր ժամանակ հատկացնել թեթևակի խորհելու այն մասին, թե ինչպիսի հրաշք է տեղի ունենում մեզ հայելու մեջ նայելու պահին։
Աչքերը հնարավորություն են տալիս տեսնելու՝ ընդ որում տեսնելու բոլոր գույները, թեև դա բոլորովին էլ էական երևույթ չէ կյանքի համար։ Մեր ականջներն այնպես են տեղադրված, որ ընդունում ենք ծավալաձայնային (ստերեոֆոնիկ) հնչյունները, և դա հնարավորություն է տալիս զատորոշելու, թե որտեղից է գալիս ձայնը, օրինակ՝ որտեղից է լսվում մեր հարազատի ձայնը։ Հավանաբար այս երևույթը սովորական բան եք համարում, սակայն ձայնաբանության (ակուստիկայի) մասնագետների համար նախատեսված մի գրքում ասվում է հետևյալը. «Զննելով մարդու լսողական համակարգն ամենայն մանրամասնությամբ՝ դժվար չէ եզրակացնել, որ դրա չափազանց բարդ ֆունկցիաներն ու կառուցվածքը նպատակասլաց աշխատանքի արդյունք են»։
Քիթը ևս հրաշալի կառուցվածք ունի։ Քթով օդ ենք շնչում, և դրանով պահպանվում է մեր կյանքը։ Քթի մեջ տեղավորված են միլիոնավոր զգայական ռեցեպտորներ, որոնք հնարավորություն են տալիս տարբերելու շուրջ 10 000 տեսակի հոտեր։ Կերակուր ուտելիս գործում է մեկ այլ զգայարան։ Լեզվի վրա գտնվող համի հազարավոր բշտիկները մեզ են հաղորդում ճաշակածի համը։ Լեզվի վրա գտնվող այլ ընդունիչների օգնությամբ կարելի է զգալ՝ արդյոք մաքուր են մեր ատամները, թե՝ ոչ։
Այսպիսով՝ ունենք հինգ զգայարան՝ տեսողական, լսողական, հոտառական, համի և շոշափելիքի։ Որոշ կենդանիների տեսողությունը հատկապես սրվում է գիշերը՝ մթության մեջ, մյուսներն ավելի ուժեղ հոտառություն կամ սուր լսողություն ունեն, սակայն այս զգայարանների համատեղ գործունեությունն է պատճառը, որ մարդն անգերազանցելի է։
Եկեք տեսնենք, թե ինչի՛ շնորհիվ կարող ենք օգտվել այս կարողություններից և ընդունակություններից։ Դրանք բոլորն էլ կախված են մեր գլխում գտնվող 1,4 կգ կշռող օրգանից՝ գլխուղեղից։ Կենդանիները նույնպես ուղեղ ունեն։ Այնուհանդերձ, մարդու գլխուղեղը զգալիորեն գերազանցում է կենդանու գլխուղեղին՝ մարդուն դարձնելով անժխտելիորեն բացառիկ։ Ինչպե՞ս. ի՞նչ կապ ունի այս բացառիկությունը իմաստալից ու հարատև կյանք ունենալու մեր ձգտումի հետ։
Մարդու հրաշք–ուղեղը
Տարիներ շարունակ մարդու ուղեղը համեմատվում էր համակարգչի հետ, սակայն վերջին հայտնագործությունները ցույց տվեցին, որ դա չափազանց թույլ համեմատություն է։ «Հնարավո՞ր է հասկանալ մոտավորապես կվադրիլիոն սինապսներով (կապերով) հիսուն միլիարդ նեյրոնից բաղկացած օրգանի ֆունկցիան՝ յուրաքանչյուր վայրկյանում տասը կվադրիլիոն փոխարկումներով, — հարց է տալիս դոկտոր Ռիչարդ Ռեստակը և ինքն էլ պատասխանում է այդ հարցին. «Ամենաառաջադեմ նյարդացանց–համակարգիչների արտադրողականությունը կազմում է սենյակային ճանճի մտային կարողության մեկ տասը հազարերորդական մասը»։ Առավել ևս անհնարին է համակարգիչը հավասարեցնել մարդկային ուղեղի հետ, որը զարմանալիորեն գերազանցում է առաջինին։
Մարդու ստեղծած ո՞ր համակարգիչը կարող է ինքն իրեն վերանորոգվել, արտագրել իր ծրագիրը կամ ժամանակի ընթացքում կատարելագործվել։ Եթե հարկավոր է կարգի բերել կոմպյուտերային համակարգը, ապա ծրագրավորողը պետք է նոր ծածկագրված հրահանգներ կազմի և մտցնի համակարգիչ։ Իսկ մեր ուղեղն այդ աշխատանքը կատարում է մեքենայորեն՝ ինչպես վաղ, այնպես էլ տարեց հասակում։ Բոլորովին էլ չափազանցություն չի լինի, եթե ասեք, որ ամենակատարյալ համակարգիչները, միևնույն է, մարդու գլխուղեղի հետ համեմատած, չափազանց պրիմիտիվ են։ Գիտնականներն այն կոչում են «հայտնի կառուցվածքներից ամենաբարդը և տիեզերքի ամենաբաղադրյալ օբյեկտը»։ Քննարկենք մի քանի հետազոտություններ, որոնք հիմք են հանդիսացել շատերի համար՝ եզրակացնելու, որ մարդկային ուղեղը հոգատար Ստեղծիչի աշխատանքի արդյունքն է։
Օգտագործե՛ք, այլապես կկորցնեք
Օգտակար հայտնագործությունների, ինչպես օրինակ՝ մեքենաների և ռեակտիվ ինքնաթիռների կիրառումը, հիմնականում կախված է մարդկանց կողմից պատրաստված և հաստատված կայուն մեխանիզմների կամ էլեկտրական համակարգերի սահմանափակ հնարավորություններից։ Իսկ գլխուղեղը, նույնիսկ ամենաչնչին մանրամասնությունում, չափազանց ճկուն կենսաբանական մեխանիզմ է կամ համակարգ։ Նա փոփոխվում է՝ կախված այն հանգամանքից, թե ինչպես է օգտագործվում։ Ինչպես երևում է, կյանքի ընթացքում ուղեղի զարգացման համար երկու հիմնական ազդակներ են պատասխանատու, առաջին՝ այն, թե ինչ ենք թույլատրում, որ մեր զգայարանների միջոցով մուտք գործի ուղեղ, և երկրորդ՝ թե ինչի մասին ենք մտածում։
Թեև ժառանգականության գործոնը, հավանաբար, ինչ–որ կերպով ազդում է գլխուղեղի աշխատանքի վրա, սակայն ներկայիս հետազոտությունները ցույց են տալիս, որ գլխուղեղի աշխատանքը բեղմնավորման ժամանակ գեների միջոցով չի ծրագրավորվում։ «Ոչ ոք գաղափար անգամ չուներ գլխուղեղի այսքան փոփոխական լինելու մասին»,— գրում է պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոնալդ Կոտյուլեկը։ Ավելի քան երեք հարյուր հետազոտողների հետ հարցազրույց անցկացնելով՝ վերջինս եզրակացրեց. «Գլխուղեղն անփոփոխ օրգան չէ, այն շարունակ փոփոխության ենթարկվող բջջահյուսվածք է, որի վրա խոր ազդեցություն է թողնում կյանքի փորձառությունը» («Inside the Brain»)։
Սակայն կյանքի փորձառությունն ուղեղը ձևավորելու միակ միջոցը չէ։ Նրա վրա ազդեցություն են թողնում մեր մտքերը։ Գիտնականները գտնում են, որ մտավոր ակտիվ կյանք վարող անհատների մոտ գլխուղեղի նյարդաբջիջների (նեյրոնների) միջև կապերի (սինապսների) քանակը քառասուն տոկոսով բարձր է մտավոր ծույլ մարդկանց գլխուղեղի կապերի քանակից։ Նյարդաբանները եզրակացնում են, որ պետք է օգտագործել այն, այլապես կկորցնենք։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեծահասակների մասին։ Ծերանալու հետ մեկտեղ՝ որոշակի քանակությամբ բջիջներ են մահանում գլխուղեղում, որի հետևանքով մարդու մոտ կարող է հիշողության կորուստ նկատվել։ Սակայն այդ փոփոխությունն այնքան էլ մեծ չէ, ինչպես ենթադրվում էր մի ժամանակ։ «Նեյշընըլ ջիոգրեֆիք»–ում մարդու գլխուղեղի վերաբերյալ ասվում է. «Եթե ծերերը մտավոր առումով ակտիվ կյանք են վարում.... նրանց գլխուղեղում շարունակվում են ստեղծվել նոր հանգույցներ և միաժամանակ պահպանվում են հները»։
Գլխուղեղի ճկունության վերաբերյալ ժամանակակից տվյալները համընկնում են Աստվածաշնչի մի խորհրդում ամփոփված մտքի հետ։ Իմաստության այս ժողովածուն հորդորում է իր ընթերցողներին ‘նորոգվել մտքի նորոգությամբ’ կամ ‘նոր մարդ դառնալ [ճշգրիտ] գիտության շնորհիվ’ (Հռովմայեցիս 12։2; Կողոսացիս 3։10)։ Եհովայի վկաները համոզված են, որ այդպիսի փոփոխություն է կատարվում, երբ մարդիկ ուսումնասիրում են Աստվածաշունչը և իրենց կյանքում կիրառում նրա խորհուրդները։ Բազմազան կրթություններ ստացած հասարակության տարբեր խավերի հազարավոր ներկայացուցիչներ այս քայլին են դիմել։ Այդ մարդիկ չեն կորցնում իրենց անհատականությունը, այլ դառնում են առավել կայտառ և հավասարակշռված անհատներ՝ դրսևորելով այն հատկութիւնը, որն առաջին դարի մի գրող կոչել էր «զգաստութիւն» (Գործք 26։24, 25)։ Նման բարեփոխումները հիմնականում կախված են գլխուղեղի կեղևի այն մասի ակտիվ օգտագործումից, որը գտնվում է գլխի ճակատամասում։
Ճակատային բիլթը
Գլխուղեղի կեղևում ուղեղի արտաքին շերտի նեյրոնների մեծամասնությունը ուղղակիորեն միացած չէ մկաններին և զգայական օրգաններին։ Որպես օրինակ՝ վերցնենք ճակատային բիլթը կազմող միլիարդավոր բջիջները (տե՛ս 56–րդ էջի նկարը)։ Գլխուղեղի սփռագրությունները ցույց են տվել, որ ճակատային բիլթը խիստ ակտիվանում է այն դեպքերում, երբ մտածում եք որևէ բառի մասին կամ փորձում եք որևէ բան հիշել։ Գլխուղեղի այդ մասն առանձնահատուկ դեր ունի մեր ինքնորոշման հարցում։
«Գլխուղեղի կեղևի նախաճակատային մասը.... հիմնականում կապված է մարդու մտքի ձևակերպման, ինտելեկտի, մոտիվների և բնավորության հետ։ Այն իրար է միացնում բոլոր դեպքերը, որոնք հարկավոր են վերացական գաղափարներ ստեղծելու, դատողություն անելու, վճռականություն ցուցաբերելու, ծրագրեր կազմելու, ուրիշների մասին հոգ տանելու և խղճի զգացում դրսևորելու համար.... Գլխուղեղի հենց այս շրջանի գործունեությունն է մարդ արարածին զատորոշում կենդանիներից» (Ի. Ն. Մերիեբ, «Human Anatomy and Physiology»)։ Այս տարբերության ապացույցը երևում է մաթեմատիկայի, փիլիսոփայության կամ իրավաբանության ասպարեզներում մարդու ունեցած հաջողություններից. այս բնագավառներում գործելիս գլխավորապես ներգրավվում է գլխուղեղի կեղևի նախաճակատային մասը։
Ինչո՞ւ է մարդկանց գլխուղեղի կեղևի նախաճակատային մասը, որը նպաստում է բարձր մտավոր ֆունկցիաներ կատարելուն, այդքան լայն ու ճկուն, մինչդեռ կենդանիների մոտ թերզարգացած է կամ էլ ընդհանրապես գոյություն չունի։ Տարբերությունն այնքան մեծ է, որ էվոլյուցիոնիստ–կենսաբանները խոսում են այն մասին, որ «մարդու գլխուղեղի չափսերի խորհրդավոր մեծացում» է տեղի ունեցել։ Կենսաբանության պրոֆեսոր Ռիչարդ Թոմփսոնը, նշելով գլխուղեղի կեղևի չափսերի արտակարգ մեծանալու հանգամանքը, ընդունում է. «Մինչև հիմա չունենք ոչ մի պարզ պատկերացում, թե ինչու է դա տեղի ունեցել»։ Չի՞ կարող արդյոք պատճառն այն լինել, որ մարդն ուղղակի ստեղծվել է մտավոր այդ բացառիկ կարողությամբ։
Հաղորդակցվելու բացառիկ կարողությունը
Մարդու մտածելակերպի յուրօրինակության մեջ իրենց կարևոր նշանակությունն ունեն նաև գլխուղեղի մնացած մասերը։ Նախաճակատային կեղևի ետևի մասից գլխուղեղը հատում–անցնում է մի նեղ շերտ՝ կեղևի մոտորային շարժողականը։ Միլիարդավոր նեյրոններ այն միացնում են մարմնի մկաններին։ Կեղևի այդ շրջանը ևս իր տարբեր առանձնահատկություններով զատորոշում է մեզ կապիկներից և մյուս կենդանիներից։ Կեղևի մոտորային շարժողականը «1) ապահովում է ձեռքերին ու մատներին տիրապետելու բացառիկ կարողությամբ, ինչը թույլ է տալիս ճարպկորեն կատարել ցանկացած աշխատանք և 2) խոսելիս ղեկավարում է բերանի, շուրթերի, լեզվի և դեմքի մկանների շարժումները» (Ա. Գայթոն, «Textbook of Medical Physiology»)։
Համառոտակի նկարագրենք, թե ինչպես է կեղևի մոտորային շարժողականը վերահսկում մարդու խոսքը։ Այս շրջանի մեծ մասը ղեկավարում է հաղորդակցման օրգանները։ Սրանով է բացատրվում մարդու հաղորդակցվելու հրաշալի կարողությունը։ Հաղորդակցման ժամանակ որոշակի դեր են խաղում ձեռքերը (մենք կարող ենք գրել, շարժուձևերով կամ ժեստերի լեզվով խոսել), սակայն հիմնական դերը պատկանում է բերանին։ Մարդկային խոսքը հրաշք է՝ լինեն դրանք մանկան առաջին թոթովանքները, թե՝ զառամյալ ծերունու խոսքերը։ Անհամար քանակությամբ հնչյուններ արտաբերելու համար իրար հետ սկսում են համագործակցել լեզվի, շրթունքների, ծնոտի, կոկորդի և կրծքավանդակի շուրջ հարյուր մկանները։ Ուշադրություն դարձրեք հետևյալ հակադրությանը. գլխուղեղի բջիջներից միայն մեկը կարող է ղեկավարել մարզիկի սրնքաձկան մկանի բոլոր երկու հազար նյարդաթելերը, իսկ ձայնային ապարատի ֆունկցիան վերահսկող յուրաքանչյուր նյարդաբջիջ ղեկավարում է միայն երկու կամ երեք մկանաթելի աշխատանք։ Մի՞թե սա չի խոսում այն մասին, որ մեր գլխուղեղն ապահովված է հաղորդակցման համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով։
Յուրաքանչյուր արտասանված խոսք ունի սեփական մկանային շարժումների սխեման։ Միևնույն արտահայտության նշանակությունը կարող է փոխվել՝ կախված այն բանից, թե ինչ հաճախականությամբ և ուժգնությամբ են շարժվում տարբեր մկանները։ «Սովորական արագությամբ խոսելիս,— բացատրում է խոսքի մասնագետ Ուիլյամ Պերկինզը,— վայրկյանում արտասանում ենք տասնչորս հնչյուն։ Դա երկու անգամ ավելի արագ է կատարվում, քան եթե առանձին–առանձին ղեկավարենք լեզվի, շրթունքների, ծնոտի կամ խոսքի ապարատի մնացած մասերի շարժումները։ Սակայն համատեղ գործունեության ժամանակ այս օրգաններն աշխատում են այնպես, ինչպես հմուտ մեքենագրողի կամ դաշնակահարի մատները և շարժվում են կատարյալ ներդաշնակությամբ»։
«Ինչպե՞ս եք» սովորական հարցը տալու համար անհրաժեշտ տեղեկությունը պահվում է գլխուղեղի ճակատային բլթի շրջանում, որը կոչվում է Բրոկայի կենտրոն, և որը համարվում է մարդու խոսքի կենտրոնը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր, նյարդաբան Ջոն Էքըլսը գրել է. «Բրոկայի խոսքի կենտրոնին համապատասխան... ոչ մի տարածք չի հայտնաբերվել կապիկների մոտ»։ Նույնիսկ եթե հետագայում կենդանիների մոտ նման տարածք հայտնաբերվի, գիտնականներին, միևնույն է, չի հաջողվի կապիկին մի քանի պարզ հնչյուններից բացի ավելին սովորեցնել։ Իսկ ձեր խոսքը հարուստ է բարդ արտահայտություններով։ Բացի այդ, արտահայտություններն իրար եք միացնում ձեր լեզվին հատուկ քերականական կանոնների համաձայն։ Ե՛վ խոսելիս, և՛ գրելիս օգնում է Բրոկայի տարածքը։
Իհարկե, հնարավոր չէ օգտվել լեզվի հրաշալի հատկություններից, եթե չգիտենք առնվազն մեկ լեզու և չենք հասկանում այդ լեզվի բառերի նշանակությունը։ Այստեղ արդեն գործի է անցնում գլխուղեղի մեկ այլ տարածք՝ Վերնիկեի կենտրոնը։ Միլիարդավոր նեյրոնների օգնությամբ այս տարածքում որոշվում է արտասանված կամ գրված բառերի իմաստը։ Վերնիկեի կենտրոնն օգնում է ընկալել արտահայտությունները և հասկանալ լսածը կամ կարդացածը։ Վերջինիս շնորհիվ կարելի է տեղեկություններ ստանալ ու իմաստալից արձագանք տալ։
Սահուն խոսքի համար ավելին է հարկավոր։ Բերենք օրինակ. «բարև» պարզ բառը կարող է բազում իմաստներ արտահայտել։ Ձայնի երանգը կարող է ուրախություն, հուզմունք, ձանձրույթ արտահայտել, ցույց տալ, որ շտապում եք, կամ բարկացած վիճակում եք, տխուր եք կամ էլ ինչ–որ բանից վախեցած. ընդամենը մեկ ողջույնով կարելի է արտահայտել նույնիսկ այս հուզական վիճակների աստիճանը։ Խոսքի հուզական երանգի համար «պատասխանատու» է գլխուղեղի մեկ այլ տարածք։ Այսպիսով՝ հաղորդակցվելու ընթացքում գործում են գլխուղեղի տարբեր մասերը։
Շիմպանզեին մի քանի ժեստեր են սովորեցնում, բայց նա այդ ժեստերից օգտվում է միայն հասարակ խնդրանքների դեպքում. օրինակ, երբ ուզում է հասկացնել, որ սոված է կամ երբ մի այլ անհրաժեշտ բանի կարիք է զգում։ Դեյվիդ Պրիմակը հասարակ ժեստեր սովորեցնելու համար շիմպանզեների հետ աշխատելուց հետո հետևյալ եզրակացությանը հանգեց. «Մարդկային խոսքը պատնեշ է էվոլյուցիայի տեսության ճանապարհին, քանի որ այն սպասվածից ավելի շատ հնարավորություններ ունի, որոնք ոչնչով հնարավոր չէ բացատրել»։
Կարելի է մտածել. ի՞նչն է պատճառը, որ մարդիկ ունեն մտքերով, զգացմունքներով կիսվելու, հարցեր ու պատասխաններ տալու հրաշալի ընդունակություններ։ Մի հանրագիտարանում նշվում է, որ «[մարդկային] խոսքը յուրահատուկ երևույթ է». ապա ընդունում է, որ «նրան [խոսքին] նախորդած հաղորդակցության ձևերի որոնումները կենդանական աշխարհում այնքան էլ չեն օգնում փակելու այն բացը, որը բաժանում է լեզուն և խոսքը կենդանիների հաղորդակցման միջոցներից» («The Encyclopedia of Language and Linguistics»)։ Պրոֆեսոր Լյուդվիգ Քյոլլերն այս տարբերությունն ամփոփում է հետևյալ խոսքերով. «Մարդկային խոսքն առեղծված է. այն Աստծո պարգևն է, պարզապես՝ հրաշք»։
Իսկ ի՜նչ ահռելի տարբերություն գոյություն ունի կապիկի՝ ժեստերով հաղորդակցվելու և երեխաների բարդ լեզվական ընդունակությունների միջև։ Ջոն Էքըլսը խոսում է մի երևույթի մասին, ինչին մեզանից շատերն են ուշադրություն դարձրել. դա այն ընդունակությունն է, որը «դրսևորվում է նույնիսկ երեք տարեկան երեխայի մոտ, երբ իր հարցերի տարափով ցանկանում է հասկանալ իրեն շրջապատող աշխարհը»։ Ապա նա ավելացնում է. «Կապիկները հարցեր չեն տալիս»։ Այո՛, հարցեր՝ այդ թվում նաև կյանքի իմաստի վերաբերյալ հարցեր, տալիս են միայն մարդիկ։
Հիշողություն և ոչ միայն դա
Նայելով հայելու մեջ՝ կարող ենք մտածել, թե ինչպիսին էինք տարիներ առաջ, երբ դեռ երիտասարդ էինք, կամ, գուցե, փորձենք պատկերացնել, թե ինչպիսին կլինի մեր արտաքին տեսքը տարիներ հետո, կամ էլ կարող ենք պարզապես նայել՝ տեսնելու համար, թե ինչպես է սազում մեր դեմքին կոսմետիկան։ Թեև այս մտքերը գալիս են գրեթե ենթագիտակցաբար, այնուհանդերձ առանձնահատուկ երևույթ է տեղի ունենում՝ մի բան, որը ոչ մի կենդանու մոտ ի հայտ չի գալիս։
Ի տարբերություն կենդանիների, որոնք ապրում են միայն ներկայով՝ մարդիկ կարող են խորհել անցյալի շուրջը և ապագայի վերաբերյալ ծրագրեր կազմել։ Այստեղ որոշիչ դեր է կատարում ինֆորմացիան հիշելու գլխուղեղի անսահմանափակ կարողությունը։ Ճիշտ է, կենդանիների մոտ նույնպես առկա է հիշողության որոշակի չափ, ինչը նրանց հնարավորություն է տալիս տան ճանապարհը գտնելու կամ կերակուր հայթայթելու։ Բայց մարդու հիշողությունը անհամեմատելի է կենդանիների հիշողության հետ։ Մի գիտնականի մոտավոր հաշվարկների համաձայն՝ մեր ուղեղն այնքան ինֆորմացիա է պարունակում, որով կլցվեին աշխարհի ամենամեծ գրադարաններում տեղավորված մոտ քսան միլիոն գրքերը»։ Այնուհանդերձ, որոշ նյարդաբաններ գտնում են, որ կյանքի միջին ժամանակահատվածում մարդն օգտագործում է ուղեղի հնարավոր կարողության միայն մեկ տոկոսի հարյուրերորդական մասը (0,0001)։ Հարց է ծագում. ինչո՞ւ է մեր ուղեղը նման կարողության տիրապետում, եթե կյանքի նորմալ ընթացքում գործի ենք դնում նրա ընդամենը մի չնչին մասը։
Մեր ուղեղը, բարձրակարգ համակարգիչների նման, պարզապես ինֆորմացիայի պահեստ չէ։ Կենսաբանության պրոֆեսորներ Ռոբերտ Օրնշտեյնը և Ռիչարդ Թոմփսոնը գրում են. «Մարդու ուղեղի կուտակել և վերհիշել սովորելու կարողությունը կենսաբանական աշխարհի ամենահրաշալի երեվույթն է։ Այն ամենը, ինչը մեզ մարդ է դարձնում՝ լեզուն, մտքերը, գիտելիքները, մշակույթը, այս արտակարգ կարողության դրսևորումներն են»։
Բացի այդ, տիրապետում ենք նաև գիտակցությանը։ Բերված փաստարկը, գուցե, պարզունակ թվա, սակայն այն իր մեջ բովանդակում է մի բան, ինչը բացառիկ է դարձնում մեզ՝ մարդ արարածներիս։ Խելքը նկարագրվել է որպես «խորհրդավոր սուբստանց, որին հատուկ են բանականությունը, որոշումներ կայացնելու ընդունակությունը, զգայական ընկալումը, իրազեկությունն ու ինքնագիտակցումը»։ Ինչպես առուները, վտակները և գետերը սնում են ծովը, այնպես էլ հիշողությունները, մտքերը, պատկերները, ձայներն ու զգացմունքները շարունակ հոսում են դեպի մեր ուղեղը կամ անցնում նրա միջով։ «Գիտակցությունը,— սահմանում է մի աղբյուր,— մարդու ուղեղով անցնող ինֆորմացիայի ընկալումն է»։
Ժամանակակից հետազոտություններով զբաղվողները մեծ հաջողությունների են հասել գլխուղեղի ֆիզիկական կառուցվածքը և նրա հիմքում ընկած որոշ էլեկտրաքիմիական պրոցեսներն ըմբռնելու հարցում։ Գիտնականները կարող են նաև բացատրել առաջնակարգ համակարգիչների սխեմատեխնիկան և գործունեությունը։ Սակայն գոյություն ունի մեծ տարբերություն գլխուղեղի և կոմպյուտերի միջև։ Շնորհիվ գլխուղեղի՝ մենք տիրապետում ենք գիտակցությանը և գիտակցում ենք մեր գոյությունը, մինչդեռ համակարգիչն օժտված չէ այս հատկություններով։ Ինչպե՞ս բացատրել նման տարբերությունը։
Այն հանգամանքը, թե ֆիզիկական պրոցեսներից մեր ուղեղում ինչպե՛ս և ինչո՛ւ է առաջանում գիտակցությունը, մնում է առեղծված։ «Չեմ պատկերացնում, թե գիտությունն ինչպես կարող է դա բացատրել»,— խոստովանում է մի նյարդակենսաբան։ Իսկ պրոֆեսոր Ջեյմս Թրեֆիլը հետևյալ դիտողությունն է անում. «Թե մարդ արարածի համար ի՛նչ է իրոք նշանակում գիտակցությանը տիրապետելը.... գիտության կարևոր հարցերից միակն է, որը նույնիսկ չգիտենք ինչպե՛ս ձևակերպել»։ Առաջին պատճառն այն է, որ գիտնականները փորձում են հասկանալ ուղեղի աշխատանքը հենց ուղեղի օգնությամբ։ Միայն գլխուղեղի ֆիզիոլոգիայի ուսումնասիրությունը դեռևս բավական չէ։ Գիտակցությունը «գոյության ամենադժվարըմբռնելի առեղծվածներից է,— նշում է դոկտոր Դեյվիդ Չամերզը,— և միայն գլխուղեղի ֆունկցիաներն ըմբռնելը [գիտնականներին] հարցի լուծում չի տա»։
Այնուհանդերձ, յուրաքանչյուրս էլ տիրապետում ենք գիտակցությանը։ Օրինակ՝ անցյալի մեր վառ հուշերը համակարգիչներում զետեղված ինֆորմացիայի նման զուտ ամբարված փաստեր չեն։ Մենք կարող ենք խորհել մեր փորձառությունների շուրջը, դասեր քաղել նրանցից, այնուհետև դրանց հիման վրա կերտել մեր ապագան։ Մենք ի վիճակի ենք մտովի պատկերացնելու ապագա իրադարձությունները և գնահատելու յուրաքանչյուրի հնարավոր հետևանքները։ Մեզ հատուկ են վերլուծելու, ստեղծելու, գնահատելու և սիրելու ունակությունները։ Կարող ենք հաճույք ստանալ անցյալի, ներկայի և ապագայի մասին զրուցելուց։ Մեր մեջ ունենք վարքի բարոյական արժեքներ, որոնցից կարող ենք օգտվել որոշումներ կայացնելիս՝ անկախ այն բանից, հրատապ են այդ որոշումները, թե ոչ։ Մեզ գրավում է արվեստի և բարոյականության գեղեցկությունը։ Կարող ենք մտքում ձևավորել մեր գաղափարներն ու կարծիքները, ապա նախապես կռահել, թե դրանք ինչպիսի արձագանք կարող են թողնել։
Այս փաստարկների շնորհիվ դրսևորվում է իրազեկությունը, որն առանձնացնում է մարդկանց Երկրի վրա գոյություն ունեցող կյանքի մնացած տեսակներից։ Երբ շունը, կատուն կամ ցանկացած թռչուն նայում են հայելու մեջ, այնպես են արձագանքում, կարծես իրենց տեսակի մի այլ ներկայացուցչի են տեսնում։ Սակայն մարդը, հայելու մեջ նայելիս, գիտակցում է, որ դա ինքն է՝ վերը նշված իր բոլոր առանձնահատկություններով հանդերձ։ Փորձեք մտածել հետևյալ հարցի մասին. «Ինչո՞ւ է որոշ կրիաների կյանքի տևողությունը հասնում հարյուր հիսուն տարվա, ինչո՞ւ են որոշ ծառատեսակներ ապրում ավելի քան հազար տարի, իսկ մարդու համար հետաքրքիր կամ ուշադրության արժանի իրադարձություն է, երբ որևէ մեկն ապրում է հարյուր տարի»։ Դոկտոր Ռիչարդ Ռեստակը հետևյալ եզրահանգմանն է եկել. «Միմիայն մարդկային ուղեղն է ընդունակ անդրադառնալու, զննելու սեփական ընթացքը և դրա շնորհիվ նորանոր բարձունքների հասնելու։ Անշուշտ, Երկրի մնացած բոլոր արարածներից միայն մարդն է առանձնանում սեփական ծրագրի մեջ փոփոխություններ մտցնելու և աշխարհում իր ունեցած դիրքը վերանայելու կարողությամբ»։
Մարդկային գիտակցությունը ոմանց ապշեցնում է։ Մի գրքում, նախընտրությունը տալով մարդու գիտակցության զուտ կենսաբանական կողմին, բացատրվում է. «Մնում ենք պարզապես շփոթված, երբ վերլուծության ենք ենթարկում, թե ինչպե՛ս կարող էին [էվոլյուցիոն] պրոցեսի շնորհիվ (վերջինս նման է մի խաղի, որի հաղթանակը կախված է հաջողությունից և որտեղ պարտվողների վրա անհաշիվ տուգանքներ են դրվում) զարգանալ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են սերը դեպի գեղեցիկն ու ճշմարիտը, կարեկցանքը, ազատության ոգին և, որ ամենից կարևորն է, մարդու ընկալման անսահմանությունը։ Ինչքան ավելի ենք խորհում մեր հոգևոր արժեքների շուրջը, այնքան ավելի է մեծանում մեր զարմանքը» («Life Ascending»)։ Որքա՜ն արդարացի են այս խոսքերը։ Իսկ այժմ մարդկային անզուգականության մասին ունեցած մեր զրույցը եզրափակենք գիտակցության վերաբերյալ մի քանի փաստեր բերելով, որոնք ցույց են տալիս, թե ինչո՛ւ են շատերը համոզված, որ գոյություն ունի բանական Կառուցող՝ հոգատար մի Ստեղծիչ։
Արվեստն ու գեղեցկությունը
«Ինչո՞ւ են մարդիկ ձգտում դեպի արվեստը»,— հարցնում է պրոֆեսոր Մայքլ Լեյթոնը մի գրքում («Symmetry, Causality, Mind»)։ Ինչպես բացատրում է նա, ոմանք կարող են ասել, որ մտավոր գործունեությունները, ինչպես օրինակ՝ մաթեմատիկայով զբաղվելը, բացահայտ օգուտներ են տալիս մարդուն, իսկ ո՞րն է արվեստի տված օգուտը։ Լեյթոնը պարզաբանում է իր միտքն՝ ասելով, որ ցուցահանդեսների կամ համերգների մասնակցելու համար մարդիկ երկար ճանապարհ են կտրում–անցնում. ի՞նչն է նրանց մղում այդ քայլին։ Մարդիկ գեղեցիկ նկարներ են փակցնում իրենց տան կամ աշխատասենյակների պատերին։ Վերցնենք մեկ այլ բնագավառ՝ երաժշտությունը։ Մարդկանց մեծամասնությունը տարբեր ժանրի երաժշտություն է սիրում լսել, լինի դա տանը, մեքենայի մեջ, թե որևէ այլ վայրում։ Ինչո՞ւ։ Իհարկե ոչ այն պատճառով, որ երաժշտությունն ինչ–որ ժամանակ նպաստել է բնական ընտրությանը։ Ըստ Լեյթոնի՝ «արվեստը, թերևս, մարդկային ցեղին հատուկ ամենաանբացատրելի երևույթն է»։
Սակայն բոլորս էլ գիտենք, որ արվեստն ու գեղեցկությունը վայելելը մեզ «մարդ» զգալու հնարավորություն է ընձեռում։ Կենդանին նույնպես կարող է բլրակի վրա նստած սևեռուն նայել շառագունած երկնքին, բայց արդյո՞ք նա զգում է գեղեցիկը։ Մենք նայում ենք լեռներից հոսող վտակին, որի ջրերը փայլփլում են արևի շողերի ներքո, զմայլվում արևադարձային անտառների անչափ բազմազան բուսականությամբ, հիացմունքով լի հայացք ենք նետում արմավենիներով ծածկված ծովափնյա վայրերին, սքանչանում ենք երկնքի սև–սաթե թավշի վրա շաղ եկած աստղերով։ Որքա՜ն հաճախ ենք ակնածանքի զգացումով պարուրվում։ Այդ գեղեցիկ տեսարանները ցնծությամբ են լցնում մեր սրտերը, ոգեշնչում մեզ։ Ինչո՞ւ...
Որտեղի՞ց մեզ այս բնածին փափագը մի բանի հանդեպ, որն, ըստ էության, կենսական դեր չի խաղում մեր գոյությունը պահպանելու հարցում։ Ի՞նչն է ձևավորում մեր գեղագիտական արժեքները։ Եթե մերժում ենք ընդունել Ստեղծիչի գոյությունը, որն էլ հենց արմատավորել է այս արժեքները մարդ արարածի մեջ, ապա վերոհիշյալ հարցերը մնում են առանց բավարարող պատասխանների։ Նույնը վերաբերում է բարոյական գեղեցկության զգացողությանը։
Բարոյական արժեքներ
Շատերը գտնում են, որ բարձրագույն գեղեցկությունը դա բարի գործերն են։ Աշխարհի տարբեր մասերում բարձր է գնահատվում հալածանքների ժամանակ սկզբունքներին հավատարիմ մնալը, ուրիշների տառապանքները թեթևացնելու համար անձնվիրություն ցուցաբերելը, վիրավորողին մեծահոգաբար ներելը։ Հենց այս գեղեցկությունն է նկարագրվում աստվածաշնչյան հին առակներից մեկում. «Մարդիս իմաստութիւնը նորան երկայնամիտ կ’անէ, եւ նորա փառքը [«գեղեցկությունը», ՆԱ] յանցանք ներելն է»։ Մեկ այլ առակ ասում է. «Մարդիս զուարճանքն իր ողորմածութիւնն է» (Առակաց 19։11, 22)։
Չնայած որոշ անհատներ ու նույնիսկ մարդկանց խմբեր արհամարհում կամ կոխոտում են բարոյական բարձր արժեքները, հայտնի է, որ մարդկանց մեծամասնությունը բոլորովին հակառակ մոտեցում է ցուցաբերում։ Որտեղի՞ց են առաջ եկել բարոյական այս արժեքները, որոնք գործում են աշխարհի բոլոր անկյուններում և գոյություն են ունեցել բոլոր ժամանակներում։ Եթե գոյություն չունի բարոյականության Սկզբնաղբյուր, չկա Ստեղծիչ, մի՞թե չարն ու բարին պարզապես առաջացել են մարդու, մարդկային հասարակության հետ մեկտեղ։ Օրինակ՝ սպանությունն ընդունված է համարել չար արարք։ Սակայն հարց է ծագում՝ չար, բայց ինչի՞ համեմատությամբ։ Ակներևաբար, մարդկային հասարակության մեջ բարոյականության վերաբերյալ ինչ–որ հիմնական հասկացություն գոյություն ունի, որն արտացոլվում է շատ երկրների օրենքներում։ Ո՞րն է սահմանված բարոյական այս չափանիշների աղբյուրը։ Չի՞ կարող արդյոք դա լինել բանականության տեր Ստեղծիչը, որը, անձամբ տիրապետելով բարոյական արժեքներին, մարդուն օժտել է խղճի զգացումով կամ բարոյական սկզբունքների հասկացողությամբ (համեմատեք Հռովմայեցիս 2։14, 15)։
Կարող եք խորհել ապագայի շուրջ և ծրագրեր կազմել
Մարդկային գիտակցության մեկ այլ երեսակն է ապագան հաշվի առնելու ընդունակությունը։ Որպես պատասխան այն հարցին, թե արդյոք մարդիկ ունե՞ն բնավորության առանձնահատուկ գծեր, որոնցով տարբերվում են կենդանիներից, պրոֆեսոր Ռիչարդ Դոկինսը նկատեց, որ մարդն, իսկապես, անզուգական առանձնահատկություններ ունի։ «Ստեղծագործական երևակայության հիման վրա նախապես պլանավորելու ընդունակության» մասին նշելուց հետո Դոկինսն ավելացրեց. «Էվոլյուցիայում շարունակ հաշվի էին առնվում կարճատև օգուտները. հետագա օգուտներն անտեսվում էին։ Երբեք ոչինչ չէր բարեշրջվում, եթե այն վնաս էր բերում տեսակի տվյալ պահին ունեցած օգուտին։ Իսկ հիմա, հավանական է, որ մարդկանցից գոնե մեկը կասի. «Եկ չմտածենք, թե ինչ եկամուտ կբերի այս անտառահատումը, այլ տեսնենք, թե այն ինչի՛ կբերի հետագայում»։ Կարծում եմ, որ կանխատեսելու նման ունակությունը նոր և անզուգական հատկություն է»։
Ուրիշ գիտնականներ հաստատում են, որ իմաստալից և երկարատև պլաններ կազմելու մարդու ընդունակությունն իրեն հավասարը չունի։ Նյարդաֆիզիոլոգ Ուիլյամ Կալվինը նկատում է. «Կենդանական աշխարհում ձմռան ամիսների համար հորմոններով պայմանավորված պատրաստություններ տեսնելուց և զուգավորվելուց բացի, զարմանալիորեն քիչ են օրինակները, երբ կենդանիները ապագան մի քանի րոպե առաջ պլանավորելուց ավելի շուտ են պլանավորում»։ Կենդանիները կարող են ձմռան պաշար հավաքել, սակայն նրանք վերլուծության չեն ենթարկում հանգամանքները և պլաններ չեն կազմում։ Ի տարբերություն նրանց՝ մարդիկ հաշվի են առնում ապագան՝ նույնիսկ հեռավոր ապագան։ Գիտնականներից ոմանք ենթադրություններ են անում այն մասին, թե ինչ կարող է պատահել Տիեզերքին միլիարդավոր տարիներ անց։ Երբևէ մտածե՞լ եք, թե կենդանիներից այս աստիճան տարբերվող մարդն ինչո՞ւ է ի վիճակի մտածելու ապագայի մասին և դրա շուրջը պլաններ կազմելու։
Աստվածաշնչում մարդկանց համար ասվում է. «[Ստեղծիչը] յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը»։ Արևմտահայերեն թարգմանության մեջ կարդում ենք. «Մարդուն մտքին մէջ յաւիտենականութիւնը ճանչնալու փափաքը դրաւ» (Ժողովող 3։11)։ Այս ընդունակությունն օգտագործում ենք ամեն օր, նույնիսկ այն ժամանակ, երբ նայում ենք հայելու մեջ և մտածում, թե ինչպիսին կլինենք տաս–քսան տարի հետո։ Ժողովող 3։11–ի խոսքերի ճշմարտացիությունը հաստատում ենք նաև այն ժամանակ, երբ մի ակնթարթ խորհում ենք ժամանակի և տարածության անսահմանության շուրջ։ Այս կարողությունն ունենալու փաստն ինքնին ներդաշնակ է վերը նշված խոսքերի հետ, թե Ստեղծիչը «մարդուն մտքին մէջ յաւիտենականութիւնը ճանչնալու փափաքը դրաւ»։
Ձգտում ենք դեպի Արարիչը
Այնուհանդերձ, շատերին չի բավարարում միայն գեղեցիկը վայելելը, դրացու հանդեպ բարիք գործելը և ապագայի մասին մտածելը։ «Որքան էլ որ տարօրինակ է,— գրում է պրոֆեսոր Ստեֆըն Էվենսը,— նույնիսկ կյանքի ամենաերջանիկ և անմոռանալի պահերին, երբ զգում ենք, որ սիրված ենք, հաճախ թվում է, թե ինչ–որ բան պակասում է։ Զգում ենք, որ ավելին ենք ուզում, սակայն ի՛նչ՝ ինքներս էլ չգիտենք»։ Ինչ խոսք, գիտակցությամբ օժտված մարդը, ի տարբերություն կենդանիների, առանձնահատուկ մի կարիք է զգում։
«Կրոնը խորապես արմատացած է մարդկային էության մեջ, և կրոնական հայացքները հատուկ են կյանքում ցանկացած դիրք և ցանկացած կրթություն ունեցող մարդկանց»։ Այս խոսքերով է ամփոփում պրոֆեսոր Ալիսթեր Հարդին մի աշխատության մեջ ներկայացրած իր հետազոտությունը («The Spiritual Nature of Man»)։ Տվյալ եզրակացությունը հաստատում է այն, ինչը սահմանվել է բազում այլ ուսումնասիրությունների ընթացքում. մարդը գիտակցում է Աստծո գոյությունը։ Թեև առանձին անհատներ կարող են աթեիստներ լինել, սակայն դա չի վերաբերվում մեկ ամբողջ ժողովրդի։ Մի գրքում ասվում է. «Մարդկության գոյության սկզբից ի վեր կյանքի իմաստն ըմբռնելու համար կրոնական որոնումները.... հատուկ են բոլոր մշակույթներին և բոլոր ժամանակներին» («Is God the Only Reality?»)։
Որտեղի՞ց, ուրեմն, Արարչի մասին այս բնածին տեղեկությունը։ Եթե մարդը նուկլեինաթթվի և սպիտակուցային մոլեկուլների զուտ պատահական միացության արդյունք է, ինչպե՞ս է այս մոլեկուլների մեջ զարգացել սերն արվեստի և գեղեցիկի նկատմամբ, ինչպե՞ս են հայտնվել կրոնասիրությունը, հավիտենականության մասին մտորումները...
Ջոն Էքըլսը եզրակացնում է, որ մարդու գոյությունը բացատրող էվոլյուցիայի տեսությունը «ամենակարևոր տեղում ձախողում է կրում»։ «Այն չի կարողանում բացատրել յուրաքանչյուրիս՝ որպես նմանը չունեցող, սեփական անձը գիտակցող անհատների գոյությունը»։ Որքան ավելին ենք իմանում մեր ուղեղի և մտքի կատարած աշխատանքի մասին, այնքան ավելի պարզ է դառնում, թե ինչո՛ւ են միլիոնավոր անհատներ եզրակացնում, որ բանական էակի՝ մարդու գոյությունը հոգատար Ստեղծիչի գոյության վառ ապացույցն է։
Հաջորդ գլխում կտեսնենք, թե ինչո՛ւ են կյանքի տարբեր բնագավառներում գործող մարդիկ գտնում, որ այս խելամիտ եզրակացությունը հիմք է հանդիսանում «ինչո՞ւ ենք այստեղ և ո՞ւր ենք գնում» կարևոր հարցերին բավարարող պատասխաններ գտնելու համար։
[51–րդ էջի վրայի շրջանակը]
Շախմատի աշխարհի չեմպիոնը համակարգչի դեմ
Երբ առաջադեմ համակարգիչ «Դիպ Բլյուն» պարտության մատնեց շախմատի աշխարհի չեմպիոնին, հարց առաջացավ. «Արդյոք ստիպված չե՞նք հավատալու, որ «Դիպ Բլյուն» օժտված է բանականությամբ»։
Հարցին արձագանքեց Յեյլի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Գելրընթըրը. «Ո՛չ, «Դիպ Բլյուն» ընդամենը մեքենա է։ Նրա ուղեղն այնքան է, որքան ծաղկամանինը.... Գլխավոր իմաստն այն է, որ մարդիկ են մեքենաներ ստեղծելու մեջ չեմպիոններ»։
Պրոֆեսոր Գելրընթըրը ընդգծեց հետևյալ կարևոր տարբերությունը. «Ուղեղը դա մի մեքենա է, որն ընդունակ է ձևակերպելու սեփական «ես»–ի գիտակցումը։ Ի տարբերություն համակարգչի՝ ուղեղի օգնությամբ կարող ենք բազում երևակայական պատկերներ կառուցել»։
Ապա նա եզրակացրեց. «Մարդու և համակարգչի միջև գոյություն ունեցող բացատը միշտ կլինի և երբեք չի անհայտանա։ Մեքենաները կշարունակեն հեշտացնել մարդու կյանքը, կնպաստեն առողջ ապրելակերպին, կհարստացնեն ու ավելի գրավիչ կդարձնեն այն։ Իսկ մարդկանց կշարունակեն մտահոգել միևնույն հարցերը՝ իրենց անձի մասին, միմյանց մասին, իսկ շատերին էլ կշարունակի հետաքրքրել Աստծո գոյության հարցը։ Այս առումով համակարգիչները ոչ մի փոփոխություն չեն բերել... Ու երբեք էլ չեն բերի»։
[53–րդ էջի վրայի շրջանակը]
Գերհամակարգիչը՝ ինչպես խխունջ
«Տեսնելու, խոսելու, շարժվելու կամ առողջ դատողությամբ առաջնորդվելու ընդունակության հարցում ժամանակակից համակարգիչները չի կարելի համեմատել նույնիսկ չորս տարեկան երեխայի հետ։ Պատճառներից մեկն, օրինակ, հաշվարկներ կատարելու դրանց ֆունկցիան է։ Գնահատումների համաձայն՝ նույնիսկ ամենահզոր գերհամակարգչի ինֆորմացիա մշակելու կարողությունը համազոր է խխունջի նյարդային համակարգին՝ ինչը, մեր գլխի գերհամակարգչի հետ համեմատած, վերջինիս հզորության ընդամենը մի աննշան մասն է կազմում» (Սթիվեն Փինքըր՝ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի նյարդաբանության ճանաչողական կենտրոնի տնօրեն)։
[55–րդ էջի վրայի շրջանակը]
Տարրական մասնիկների ֆիզիկայից դեպի ուղեղ
Պրոֆեսոր Փոլ Դեյվիսը հետևյալ կարծիքն արտահայտեց տեսական մաթեմատիկայի խնդիրները լուծելու ուղեղի կարողության մասին. «Մաթեմատիկան այստեղ–այնտեղ ցիրուցան եղած առարկա չէ,— ասաց նա,— այն ստեղծվում է մարդու ուղեղի օգնությամբ։ Սակայն, եթե հարցնենք, թե մաթեմատիկան որտեղ է ամենալայն կիրառությունը գտնում, կպարզվի, որ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են տարրական մասնիկների ֆիզիկան և աստղաֆիզիկան, այսինքն՝ ֆունդամենտալ գիտությունների ասպարեզում, որոնք չափազանց հեռու են առօրյա կյանքից»։ Ի՞նչ է դա նշանակում։ «Ես գտնում եմ, որ գիտակցությունը և մաթեմատիկայով զբաղվելու կարողությունը պատահականություն չեն, մանրուք չեն, էվոլյուցիայի կողմնակի, դատարկ արտադրանք չեն» («Are We Alone?»)։
[58–րդ էջի վրայի շրջանակը]
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի
Պատմության ընթացքում, երբ երկու ժողովուրդներ իրար էին հանդիպում, պարզվում էր, որ յուրաքանչյուրը խոսում էր որոշակի լեզվով։ Մի աշխատությունում տրվում է հետևյալ մեկնաբանությունը. «Երբեք չի հայտնաբերվել որևէ համր ցեղ, և չկա ոչ մի արձանագրություն այն մասին, թե որևէ տեղանք լեզվի «օրրան» է հանդիսացել, որտեղից խոսքը հասել է սեփական լեզուն մինչ այդ չունեցող ժողովուրդներին.... Բարդ լեզվի համապարփակությունը հայտնագործություն է և ակնածանքի զգացում է առաջացնում լեզվաբանների մեջ, նաև գլխավոր պատճառն է՝ ենթադրելու համար, թե լեզուն.... մարդուն հատուկ բնազդի գործունեության արդյունքն է» («The Language Instinct»)։
[59–րդ էջի վրայի շրջանակը]
Լեզուն և բանականությունը
Ինչո՞ւ է մարդն իր բանականությամբ գերազանցում կենդանիներին, օրինակ՝ կապիկին։ Պատճառը շարահյուսության մեր գործածությունն է՝ հնչյունների միացությունից բառեր ստեղծելը և բառերն իրար կապելով՝ նախադասություններ կազմելը։ Վերոհիշյալ Ուիլյամ Կալվինը հետևյալ բացատրությունն է տալիս. «Վայրի շիմպանզեները մոտավորապես երեսունվեց տարբեր հնչյուններ են արտաբերում, որոնցից ամեն մեկը տարբեր իմաստ է կրում։ Նրանք կարող են կրկնել միևնույն հնչյունը վերջինիս նշանակությունը շեշտելու նպատակով, սակայն իրենց «բառապաշարին» նոր բառ ավելացնելու համար չեն կարող անգամ երեք հնչյուն իրար կապել։
«Մենք՝ մարդիկս, նույնպես մոտ երեսունվեց հնչյուն ենք գործածում, որոնք կոչվում են հնչույթներ։ Սակայն միայն նրանց միացումներն են բովանդակալից. իմաստ չկրող հնչյուններն իրար միացնելով՝ ստանում ենք իմաստալից բառեր»։ Դոկտոր Կալվինը նշում է, որ «ոչ մեկին դեռևս չի հաջողվել բացատրել այդ «թռիչքը»՝ կենդանիների արտասանած մեկ իմաստային հնչյունից դեպի բառերը շարահյուսորեն իրար կապելու մարդու անկրկնելի ընդունակությունը»։
[60–րդ էջի վրայի շրջանակը]
Խզբզելուց ավելին անելու ենք ընդունակ
«Արդյո՞ք միայն մարդը՝ Homo sapiens–ն է լեզվով հաղորդակցվելու ընդունակ։ Պարզ է, պատասխանը կախված է այն բանից, թե ի՛նչ նկատի ունենք «լեզու» ասելով, քանի որ բարձրակարգ տեսակի կենդանիները հաղորդակցվում են ամենազանազան ազդանշաններով, ինչպես՝ ժեստերով, հոտերով, կանչերով, բացականչություններով, ծլվլոցներով և նույնիսկ մեղուների մոտ՝ պարերով։ Սակայն, ի տարբերություն մարդկանց, կենդանիները չունեն քերականական կառուցվածքով օժտված լեզու։ Բացի այդ, կենդանիները չեն կարող որևէ պատկեր արտահայտող նկար նկարել, ինչը խիստ աչքի ընկնող հանգամանք է։ Լավագույն դեպքում նրանք կարող են ընդամենը խզբզել» (պրոֆեսորներ Ռ. Ֆաութս և Դ. Ֆաութս)։
[62–րդ էջի վրայի շրջանակը]
Հարցեր տալու «տաղանդը»
Տիեզերքի ապագայի վերաբերյալ ֆիզիկոս Լոուրենս Կրաուսը գրեց. «Մենք համարձակվում ենք հարցեր տալ այն բաների մասին, որոնց, հավանաբար, երբեք չենք տեսնի. մենք հարցնում ենք պարզապես այն պատճառով, քանի որ կարող ենք այդ հարցերը տալ։ Մեր երեխաները կամ մեր երեխաների սերունդները մի օր կպատասխանեն դրանց։ Մենք երևակայությամբ ենք օժտված»։
[72–րդ էջի վրայի շրջանակը]
Սրատամ վագրից խույս տալու արդյո՞ւնքն է
Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) ներկայացուցիչ Ջոն Փոքինգհորնը նշում է.
«Ֆիզիկոս Փոլ Դիրաքը հայտնագործեց այն, ինչը կոչվում է քվանտային դաշտի տեսություն, և որը դարձել է ֆիզիկական աշխարհի մեր ըմբռնման հիմքը։ Չեմ հավատում, որ Դիրաքի՝ այս տեսությունը հայտնաբերելու ընդունակությունը, կամ հարաբերականության տեսության հայտնագործությունն անելու Էյնշտեյնի կարողությունը սերվել է մեր նախնիներից, որոնք ինչ–որ ժամանակ սրատամ վագրերի դեմ պայքար են մղել։ Այստեղ ավելի խորիմաստ բան է թաքնված, ավելի առեղծվածային բան է տեղի ունենում...
Երբ տեսնում ենք ֆիզիկական աշխարհի բանական կարգ ու կանոնը, նրա հստակ գեղեցկությունը, որը երևան է գալիս ֆիզիկայի ուսումնասիրության միջոցով, համոզվում ենք, որ այն ողողված է մտքի առկայության ապացույցներով։ Հավատ ունեցող անհատի կարծիքով այստեղ Արարչի միտքն է գործում» («Commonweal»)։
[Նկար 54–րդ էջի վրա]
«Մարդու գլխուղեղը գրեթե ամբողջովին կազմված է [գլխուղեղի] կեղևից։ Շիմպանզեի ուղեղը նույնպես կեղև ունի, սակայն համեմատաբար ավելի փոքր չափսերի։ Գլխուղեղի կեղևի շնորհիվ մենք մտածում ենք, հիշում կամ պատկերացնում։ Փաստորեն, մենք մարդ ենք շնորհիվ մեր գլխուղեղի կեղևի» (Էդուարդո Բոնչինելլի՝ Մոլեկուլային կենսաբանության հետազոտության ինստիտուտի տնօրեն, Միլան, Իտալիա)։
[Նկար 56–րդ էջի վրա]
Կեղևի շարժողական մաս
Ճակատային բիլթ
Նախաճակատային մաս
Բրոկայի կենտրոն
Վերնիկեի կենտրոն
[Նկար 57–րդ էջի վրա]
● Գլխուղեղի կեղևը գլխուղեղի մակերևութային մասն է, որը խիստ կապված է բանականության հետ։ Եթե մարդու գլխուղեղի կեղևը տափակեցվեր, այն կգրավեր տպագրական թղթերի չորս էջ, իսկ շիմպանզեինը՝ միայն մեկ էջ, առնետի գլխուղեղը կգրավեր մեկ փոստային նամականիշ («Scientific American»)։
[Նկար 61–րդ էջի վրա]
«Մարդու միտքն ուսումնասիրելու ժամանակ զարմանալիորեն բարդ երևույթների ենք հանդիպում»,— նշում է պրոֆեսոր Ավրամ Նոեմ Խոմսկին։ «Լեզուն,— շարունակում է նա,— դրանց միայն մեկ օրինակն է, սակայն միակը չէ։ Հապա մտածեք ուղեղի այն կարողության մասին, որը դրսևորվում է հաշվարկման համակարգերի վերացական հասկացություններն օգտագործելիս.... որոնցից [հավանորեն] օգտվում է միայն մարդը»։
[Նկար 63–րդ էջի վրա]
Հարցեր տալիս է միայն մարդը։
Որոշ հարցեր կյանքի իմաստին են վերաբերում։
[Նկար 64–րդ էջի վրա]
Ի տարբերություն կենդանիների՝ մարդիկ ինքնագիտակցություն ունեն և կարող են պատկերացնել ապագան
[Նկար 69–րդ էջի վրա]
Եթե Տիեզերքի գոյությունը և մեր կյանքն ընդամենը պատահականություն են, ապա մեր կյանքը չի կարող հարատև իմաստ ունենալ։ Բայց եթե այն Տիեզերքում ստեղծագործության արդյունք է, ապա պետք է ինչ–որ բավարարող իմաստ ունենա։
[Նկար 70–րդ էջի վրա]
Միայն մարդն է գնահատում գեղեցիկը, խորհում ապագայի մասին և ձգտում դեպի Արարիչը