Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Ժողովող» գրքից
«ԿՆԿԱՆԻՑ ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով»,— ասաց նահապետ Հոբը (Յոբ 14։1)։ Ուստի որքա՜ն կարևոր է, որ մեր կարճ կյանքը չվատնենք անարժեք գործերի ու ձգտումների վրա։ Ինչի՞ն պետք է տրամադրենք մեր ժամանակը, ջանքերը, միջոցները և ինչի՞ց խուսափենք։ Աստվածաշնչի «Ժողովող» գրքում արձանագրված իմաստուն խոսքերը մեզ հուսալի առաջնորդություն են տալիս այս առնչությամբ։ Գրքի պատգամը կարող է ‘քննել մեր սրտի մտքերն ու խորհուրդները’ և օգնել, որ իմաստալից կյանքով ապրենք (Եբրայեցիս 4։12)։
«Ժողովող» գիրքը գրել է հին Իսրայելի Սողոմոն թագավորը, որը հայտնի էր իր իմաստությամբ։ Գիրքը լեցուն է գործնական խորհուրդներով, որոնք օգնում են տեսնել, թե կյանքում ինչն է իրական արժեք ներկայացնում, իսկ ինչը՝ ոչ։ Քանի որ «Ժողովող» գրքում Սողոմոնը հիշատակում է իր կողմից ձեռնարկված որոշ շինարարական աշխատանքների մասին, նա պետք է որ գիրքը գրած լիներ այդ աշխատանքներն ավարտելուց հետո, սակայն ճշմարիտ երկրպագությունից շեղվելուց առաջ (Նէեմիա 13։26)։ Հետևաբար, այն գրվել է նախքան մ.թ.ա. 1000 թվականը՝ Սողոմոնի 40–ամյա իշխանության վերջին տարիներին։
Ի՞ՆՉԸ ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
«Ամէն բան ունայնութիւն է,— ասաց ժողովողն ու հարցրեց.— Ի՞նչ օգուտ կ’ունենայ մարդ արեւուն տակ քաշած բոլոր աշխատանքէն» (Ժողովող 1։2, 3, ԱԱ)։ «Ունայնութիւն», «ունայն» և «արեգակի տակին» արտահայտությունները «Ժողովող» գրքում հաճախակի են հանդիպում։ Եբրայերեն բառը, որ թարգմանվել է որպես «ունայնություն», բառացիորեն նշանակում է «շունչ» կամ «գոլորշի» և ակնարկում է էական նշանակություն չունեցող, փոփոխական ու անցողիկ մի բանի։ «Արեգակի տակին» արտահայտությունը նշանակում է «այս երկրի վրա» կամ «այս աշխարհում»։ Ուստի «ամէն բան», այսինքն՝ մարդկանց այն ձգտումները, որոնցով նրանք անտեսում են Աստծու կամքը, «ունայնութիւն» է։
«Զգոյշ եղիր ոտքիդ համար, երբոր գնաս Աստուծոյ տունը,— ասում է Սողոմոնը,— եւ մօտեցիր աւելի լսելու համար» (Ժողովող 5։1)։ Այո՛, ճշմարիտ երկրպագությունը՝ Եհովա Աստծուն երկրպագելը, ունայնություն չէ։ Ավելին, Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալը իմաստալից կյանքի բանալին է։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։4–10 — Բնական շրջապտույտների հետ կապված ինչո՞ւ է ասվում. «Ամեն ինչ հոգնեցնում է» (1։8, ՆԱ)։ Ժողովողը հիշատակում է միայն երեք հիմնական բաներ, որոնց շնորհիվ կյանքը հնարավոր է դառնում երկրի վրա՝ արեգակը, քամու ճանապարհը և ջրի շրջապտույտը։ Սակայն բնական շրջապտույտներն ավելի շատ են ու անչափ բարդ։ Անհատն իր ողջ կյանքը կարող է նվիրել այդ շրջապտույտների ուսումնասիրությանը, բայց այդպես էլ լիովին չհասկանալ դրանք։ Այդ ուսումնասիրությունները, իրոք, կարող են ‘հոգնեցնել’։ Բացի այդ, եթե մեր կարճ կյանքը համեմատենք անվերջ կրկնվող այդ շրջապտույտների հետ, թերևս վհատվենք։ Նույնիսկ նոր հայտնագործություններ անելու փորձերն են «հոգնեցնում»։ Ի վերջո, այդ հայտնագործությունները լոկ այն սկզբունքների կիրառման արդյունքն են, որոնք ճշմարիտ Աստված է հաստատել ու վաղուց գործադրել իր արարչության մեջ։
2։1, 2 — Ինչո՞ւ է ասվում, որ ծիծաղը ‘հիմարություն’ է։ Ծիծաղը կարող է օգնել, որ մի պահ մոռանանք մեր հոգսերը, և ուրախությունը կարող է օգնել, որ մեր խնդիրներին թեթև նայենք։ Սակայն ծիծաղը չի վերացնում մեր դժվարությունները և ինքնին չի կարող մեզ երջանկություն տալ։ Ուստի հենց այս իմաստով է ասվում, որ ծիծաղը ‘հիմարություն’ է։
3։11 — Ի՞նչը Աստված «իր ժամանակին վայելուչ ըրաւ» (ԱԱ)։ Եհովա Աստված ճիշտ ժամանակին շատ «վայելուչ», այսինքն՝ համապատասխան և օգտակար բաներ է արել։ Դրանցից են՝ Ադամի ու Եվայի արարումը, ծիածանի ուխտը, աբրահամական ուխտը, Դավթի հետ կապած ուխտը, Մեսիայի գալուստը և Հիսուս Քրիստոսի թագադրումը՝ որպես Աստծու Թագավորության Թագավորի։ Սակայն մոտ ապագայում Եհովան մեկ ուրիշ «վայելուչ» բան էլ է անելու։ Մենք կարող ենք վստահ լինել, որ արդար նոր աշխարհը անպայման կհաստատվի ճիշտ ժամանակին (Բ Պետրոս 3։13)։
3։15բ — Ի՞նչ իմաստով «Աստուած կ’որոնէ անցկացածը»։ «Անցկացածը» թարգմանված եբրայերեն բառը կարող է մատնանշել այն բաները, որ Աստված մտադիր է անել։ Թեև ծնունդն ու մահը, պատերազմն ու խաղաղությունը, որ միշտ եղել են, կարող են մարդկանց մեջ այնպիսի զգացում առաջացնել, որ իրենք անզոր են որևէ բան փոխելու, և որ պատմությունը միշտ էլ կրկնվելու է, սակայն Աստված կարո՛ղ է ‘որոնել’ և իրականացնել այն ամենը, ինչ կամենում է (Ժողովող 3։1–10, 15ա)։ «Անցկացածը» կարող է նաև վերաբերել արդարներին, որոնք հաճախ «հալածվել» (ԷԹ) են ամբարիշտների կողմից։ Այդ դեպքում Եհովան «կ’որոնէ» արդարներին, որպեսզի «զօրացնէ նորանց» (Բ Մնացորդաց 16։9)։
5։9, ծնթ.— Ինչպե՞ս է ‘երկրի օգուտը ամենի համար’։ Երկրի, կամ՝ երկրագնդի բոլոր բնակիչների կյանքը կախված է ‘երկրի օգուտից’՝ այն ամենից, ինչ տալիս է հողը։ Թագավորի կյանքը նույնպես կախված է դրանից։ Նրա ծառաները պետք է «ծառայութիւն» անեն՝ ջանասիրաբար մշակեն հողը, որպեսզի թագավորի ‘արտը’ (ԱԱ) արդյունք տա։
Դասեր մեզ համար
1։15. Անիմաստ է ժամանակ ու ջանքեր տրամադրել՝ փորձելով վերջ տալ կեղեքմանն ու անարդարությանը, որ տեսնում ենք այսօր։ Միայն Աստծու Թագավորությունը կարող է վերացնել չարությունը (Դանիէլ 2։44)։
2։4–11. Ճարտարապետությունը, այգեգործությունը և երաժշտությունը, ինչպես նաև շքեղ ապրելակերպը ‘քամու աշխատանք’ են. դա նույնն է, ինչ ընկնել քամու ետևից, քանզի դրանք ո՛չ կարող են կյանքին իրական իմաստ հաղորդել, ո՛չ էլ՝ մնայուն երջանկություն պարգևել։
2։12–16. Իմաստությունը առավելություն ունի հիմարության նկատմամբ, քանի որ օգնում է լուծել որոշ խնդիրներ։ Սակայն մարդկային իմաստությունը ոչինչ չի կարող անել մահվան դեմ։ Ու թեև իմաստության շնորհիվ անհատը կարող է համբավ ձեռք բերել, մարդիկ նրան շուտով մոռանում են։
2։24; 3։12, 13, 22. Ոչ մի սխալ բան չկա, երբ անհատը վայելում է իր աշխատանքի պտուղները։
2։26. Եհովան իր իմաստությունը, որն ուրախություն է բերում, տալիս է ‘իրեն հաճելի եղող’ մարդուն։ Անհնար է այդպիսի իմաստություն ստանալ՝ առանց Աստծու հետ մտերիմ փոխհարաբերությունների։
3։16, 17. Իրատես չենք լինի, եթե ամեն ինչում արդարություն ակնկալենք։ Աշխարհում տեղի ունեցող անարդարությունների մասին մտահոգվելու փոխարեն՝ մենք պետք է ապավինենք Եհովային՝ վստահ լինելով, որ նա արդարություն կհաստատի։
4։4. Հմտությամբ ու եռանդով արված աշխատանքը կարող է անհատին բավարարվածություն պատճառել։ Սակայն մյուսներին զուտ գերազանցելու ձգտումով արված աշխատանքը կարող է մրցակցության ոգի, ինչպես նաև չարակամություն ու նախանձ առաջ բերել։ Մեր քարոզչական ծառայությունը պետք է ճիշտ մղումներով անենք։
4։7–12. Մարդկային փոխհարաբերություններն ավելի կարևոր են, քան նյութական բաները։ Ուստի այդ փոխհարաբերությունները չպետք է զոհենք հարստություն դիզելու համար։
4։13. Միշտ չէ, որ դիրքի ու տարիքի շնորհիվ կարելի է հարգանք շահել։ Նրանք, ովքեր պատասխանատու դիրք ունեն, պետք է իմաստությամբ վարվեն։
4։15, 16. ‘Երեխան, այսինքն՝ այն երկրորդը’՝ թագավորի հաջորդը, սկզբում կարող է ունենալ ‘բոլոր ժողովրդի’ աջակցությունը, սակայն հետո ժողովուրդը ‘նրանով չի ուրախանում’։ Իրոք, անհատը սովորաբար կարճ ժամանակ է ժողովրդականություն վայելում։
5։2. Մեր աղոթքները պետք է լինեն մտածված ու ակնածալից և ոչ թե բազմաբառ։
5։3–7. Նյութականով կլանված լինելը կարող է մարդուն դրդել երազելու եսասիրական բաների մասին։ Դրա պատճառով նրա միտքը կարող է անհանգիստ, անընդհատ երազանքների մեջ լինել, և անհատը կարող է զրկվել գիշերվա քաղցր քնից։ ‘Շատ խոսքերի’ պատճառով նա կարող է ուրիշների առջև ‘հիմար’ երևալ, ինչպես նաև գուցե Աստծու առջև հապճեպ երդում տա։ Եհովայի հանդեպ վախը մեզ ետ է պահում նման բաներից։
6։1–9. Ի՞նչ օգուտ կա հարստություն, փառք, երկարակեցություն և նույնիսկ մեծ ընտանիք ունենալուց, եթե հանգամանքները մեզ թույլ չեն տալիս վայելել դրանք։ Բացի այդ, «լաւ է աչքով տեսնել»՝ կյանքին ռեալ նայել, քան թե ‘հոգով փափագել’ (ԱԱ), այսինքն՝ ձգտել բավարարել այն ցանկությունները, որոնց հնարավոր չէ գոհացում տալ։ Հետևաբար, լավագույն ապրելակերպն այն է, որ ‘բավականանանք՝ կերակուր և հագուստ ունենալով’, ուրախանանք այն բաներով, ինչ որ ճիշտ է, և ձգտենք մտերիմ փոխհարաբերություններ պահպանել Եհովայի հետ (Ա Տիմոթէոս 6։8)։
ԽՈՐՀՈՒՐԴ՝ ԻՄԱՍՏՈՒՆԻՆ
Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր բարի անունը՝ համբավը։ Ինչպե՞ս պետք է վերաբերվենք մարդկային ղեկավարներին և այն անարդարություններին, որոնց ականատես ենք լինում։ Ինչպե՞ս պետք է օգտագործենք մեր կյանքի տարիները՝ իմանալով, որ մահացածներն անգիտակից վիճակում են։ Ինչպե՞ս կարող են երիտասարդներն իմաստությամբ օգտագործել իրենց ժամանակն ու կորովը։ Ժողովողի ողջամիտ խորհուրդները՝ այս և ուրիշ հարցերի հետ կապված, արձանագրված են «Ժողովող» գրքի 7–12-րդ գլուխներում։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
7։19 — Ինչո՞ւ է ասվում, որ իմաստությունը ‘տասը իշխաններից’ ավելի ուժեղ է։ Տասը թիվը, երբ Աստվածաշնչում փոխաբերական իմաստով է օգտագործված, ունի լրիվության իմաստ։ Սողոմոնն ուզում էր ասել, որ իմաստության պաշտպանելու զորությունն ավելի մեծ է, քան քաղաքը պաշտպանող զինվորների ողջ բանակինը։
10։2 — Ի՞նչ է նշանակում այն, որ անհատի ‘սիրտը կարող է լինել իր աջ կամ ձախ կողմում’։ Քանի որ աջ կողմը հաճախ մատնանշում է բարեհաճություն, անհատի «սիրտն իր աջ կողմին է» արտահայտությունը նշանակում է, որ նրա սիրտը մղում է անել այն, ինչ բարի է։ Իսկ եթե անհատի սիրտը նրան վատ գործերի է մղում, կարելի է ասել, որ նրա սիրտն իր «ձախ կողմին» է։
10։15 — Ինչո՞ւ է ‘հիմարի աշխատանքն իրեն հոգնեցնում’։ Եթե անհատը լավ դատողություն չունի, ապա ինչքան էլ ջանասեր լինի, միևնույն է, որևէ արժեքավոր բան չի կարող ստեղծել։ Նա չի գոհանում իր աշխատանքից։ Իր անդադրում ջանքերը նրան միայն հոգնեցնում են։
11։7, 8 — Ո՞րն է հետևյալ խոսքերի իմաստը. «Քաղցր է լոյսը, եւ ախորժելի է աչքին տեսնել արեւը»։ Լույսն ու արևը ուրախություն են պատճառում ապրողներին։ Սողոմոնն ասում է, որ լավ է կենդանի լինել և ‘ուրախանալ’ դրանցով, քանի դեռ «խաւարի օրերը»՝ ծերությունը, չեն խլել մեր ուժն ու եռանդը։
11։10 — Ինչո՞ւ են «մանկութիւնը եւ երիտասարդութիւնը ունայն»։ Եթե երիտասարդներն իրենց եռանդուն տարիները ճիշտ ձևով չօգտագործեն, դրանք ունայն կլինեն, քանի որ գոլորշու պես արագորեն անցնում են։
Դասեր մեզ համար
7։6. Ծիծաղը՝ ոչ ճիշտ ժամանակին, կաթսայի տակ այրվող փշերի ճթճթոցի պես կարող է անօգուտ լինել և դուր չգալ դիմացինին։ Լավ կլինի խուսափել այդպիսի ծիծաղից։
7։21, 22. Մենք չպետք է չափազանց մտահոգվենք, թե ինչ են մյուսներն ասում մեր մասին։
8։2, 3; 10։4. Երբ մեզ քննադատում կամ ուղղում է գործատերը կամ այն անձնավորությունը, որին տրված է վերահսկելու իրավունք, իմաստուն կվարվենք, եթե չվրդովվենք։ Այդպես անելով՝ ավելի ճիշտ կվարվենք, քան եթե ‘շտապենք նրա երեսի առաջից գնալ’, այսինքն՝ հապճեպորեն աշխատանքից ազատվել։
8։8 ՆԱ; 9։5–10, 12. Մեր կյանքը կարող է անսպասելիորեն ընդհատվել, ինչպես որ անսպասելիորեն ձուկն է բռնվում ցանցի մեջ, կամ թռչունն է ծուղակն ընկնում։ Ավելին, ոչ ոք մահանալիս չի կարող պահել իր «ոգին»՝ կյանքի ուժը, որ այն չհեռանա, և ոչ ոք չի կարող ‘արձակվել’, կամ՝ զերծ մնալ այն պատերազմից, որ մահը մղում է մարդկության դեմ։ Ուստի մենք չպետք է անտեղի վատնենք մեր ժամանակը։ Եհովան ցանկանում է, որ մենք գնահատենք կյանքը և այն վայելենք ճիշտ ձևով։ Դա անելու համար պետք է Եհովային ծառայելը մեր կյանքում առաջին տեղը դնենք։
8։16, 17. Այն ամենը, ինչ Աստված արել է և թույլ է տվել, որ լինի, մարդը չի կարող ամբողջությամբ հասկանալ, անգամ եթե գիշեր ու ցերեկ ‘նրա աչքերը քուն չտեսնեն’։ Կատարված բոլոր վատ գործերի մասին մտահոգվելով՝ մենք ինքներս մեզ կզրկենք կյանքից ուրախություն ստանալուց։
9։16–18. Իմաստությունը հարկավոր է գնահատել նույնիսկ այն դեպքում, երբ մարդկանց մեծամասնությունը այն չի արժևորում։ Իմաստուն մարդու մեղմ խոսքերը գերադասելի են հիմար անհատի աղաղակներից։
10։1. Մենք պետք է ուշադիր լինենք այն հարցում, թե ինչ ենք խոսում և ինչ ենք անում։ Մեկ անխոհեմ քայլը, օրինակ՝ զայրույթի պոռթկումը, մեկ անգամ ոգելից խմիչքի չարաշահումը կամ սեռական անպարկեշտ արարքը բավական է, որ հարգանք վայելող անհատը կորցնի իր բարի անունը։
10։5–11. Բարձր դիրք ունեցող անընդունակ անհատին չպետք է նախանձել։ Նույնիսկ փոքր հանձնարարություններ կատարելիս նրա անիրազեկ լինելը կարող է վատ հետևանքների հանգեցնել։ Իսկ իմաստություն գործադրելու ունակություն զարգացնելը օգուտ է բերում։ Որքա՜ն կարևոր է Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործում հմուտ լինել։
11։1, 2. Մենք պետք է ի սրտե առատաձեռնություն դրսևորենք։ Առատաձեռնությունը փոխադարձ առատաձեռնություն է ծնում (Ղուկաս 6։38)։
11։3–6. Կյանքում շատ անորոշություններ կան, բայց մենք այդ պատճառով չպետք է անվճռական դառնանք։
11։9; 12։1–7. Երիտասարդները հաշվետու են Եհովային։ Հետևաբար, նախքան ծերությունը կխլի նրանց եռանդը, նրանք պետք է իրենց ժամանակը և ուժը ներդնեն Աստծու ծառայության մեջ։
«ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ԽՕՍՔԵՐԸ» ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԵՆ ՄԵԶ
Ինչպե՞ս պետք է վերաբերվենք այն ‘վայելուչ խոսքերին’, որոնք Ժողովողը ջանք արեց գտնել ու գրել։ Ի տարբերություն մարդկային իմաստությամբ գրված ‘շատ գրքերի’՝ «իմաստունների խօսքերը խթանների պէս են, եւ ինչպէս խրուած բեւեռներ ժողովածուների տէրերի ձեռքով՝ տրուած են մէկ հովիւից» (Ժողովող 12։10–12)։ Իմաստության խոսքերը, որ տրվում են «մէկ հովիւից»՝ Եհովայից, մեր կյանքը կայուն են դարձնում։
«Ժողովող» գրքի իմաստուն խորհուրդները կիրառելով՝ երջանիկ ու իմաստալից կյանք կվայելենք։ Մեզ հավաստիացում է տրվում, որ «բարիք կ’լինի Աստուածանից վախեցողներին», որոնք այդպես են վարվում։ Եկեք հաստատ վճռենք ‘Աստծուց վախենալ և նրա պատվիրանները պահել’ (Ժողովող 8։12; 12։13)։
[նկար 15-րդ էջի վրա]
Աստծու ձեռքի ամենավայելուչ գործերից մեկը իրականություն կդառնա ճիշտ ժամանակին
[նկար 16-րդ էջի վրա]
Ուտելը, խմելը և մեր ձեռքի գործերի բարի պտուղը վայելելը Աստծու պարգևներից են