Կլինե՞ք արդյոք նոր աշխարհում
«Մի աւելի լաւ բան չ’կայ քան թէ լաւութիւն անելը իր կեանքում։ Ու նաեւ որ ամեն մարդ ուտում խմում է եւ իր բոլոր աշխատանքը վայելում. դա Աստուծոյ պարգեւն է» (ԺՈՂՈՎՈՂ 3։12, 13)։
1. Ինչո՞ւ կարող ենք լավատեսորեն նայել ապագային։
ՇԱՏԵՐՆ Ամենակարող Աստծուն պատկերացնում են որպես խիստ ու դաժան մի անձնավորություն։ Մինչդեռ վերոհիշյալ մեջբերումը ճշմարտություն է և գտնվում է նրա Խոսքում։ Վերջինս ներդաշնակ է նրա անձնավորությանը հատուկ գծերից մեկին՝ այն, որ նա «երանելի» («երջանիկ», ՆԱ) Աստված է, որը մեր առաջին ծնողներին բնակեցրել էր երկրային դրախտում (Ա Տիմոթէոս 1։11; Ծննդոց 2։7—9)։ Մի հայացք նետելով Աստծո՝ իր ժողովրդին խոստացած ապագային՝ չպետք է զարմանանք՝ իմանալով այն պայմանների մասին, որոնք մեզ անսահման ուրախություն են պարգևելու։
2. Ինչի՞ եք անհամբերությամբ սպասում։
2 Նախորդ հոդվածում քննարկեցինք Աստվածաշնչում «նոր երկնքի եւ նոր երկրի» մասին կանխագուշակող չորս համարներից երեքը (Եսայիա 65։17)։ Այդ արժանահավատ մարգարեություններից մեկն արձանագրված է Յայտնութիւն 21։1–ում։ Այս գլխի հաջորդ համարներում խոսվում է այն ժամանակի մասին, երբ Ամենակալ Աստված արմատապես կփոխի երկրի պայմանները. կսրբի վշտի պատճառած արցունքները։ Մարդն այլևս չի մահանա ծերությունից, հիվանդությունից կամ դժբախտ պատահարից։ Ողբը, աղաղակն ու ցավը անցյալի գիրկը կանցնեն։ Ի՜նչ հրաշալի հեռանկար։ Բայց կարո՞ղ ենք վստահ լինել, որ այդ ամենը տեղի կունենա, և այսօր ի՞նչ ազդեցություն կարող է այդ հեռանկարն ունենալ մեզ վրա։
Վստահության պատճառներ
3. Ինչո՞ւ կարող ենք վստահել ապագայի վերաբերյալ Աստվածաշնչի տված խոստումներին։
3 Այժմ տեսնենք, թե ինչ է ասվում Յայտնութիւն 21։5–ում։ Այստեղ Աստված՝ երկնային գահի վրա նստած, հայտարարում է. «Ահա՛ւասիկ ամէն բան նոր եմ դարձնում»։ Աստծո այս խոստումը շատ ավելի լավն է անկախության ցանկացած դեկլարացիայից, մարդու իրավունքների մասին ցանկացած օրինագծից կամ էլ ապագայի նկատմամբ մարդու տածած հույսերից։ Այդ բառերի հուսալիության մեջ կարելի է չկասկածել, քանի որ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է, որ դրանք պատկանում են «անսուտ Աստծուն» (Տիտոս 1։2)։ Լիովին հասկանալի կլիներ, եթե մտածեիք, որ այդքանով կարելի է վերջակետ դնել, և որ ձեզ մնում է միայն ուրախանալ այդ չքնաղ հույսով ու ապավինել Աստծուն։ Սակայն, պետք չէ կանգ առնել. ապագայի մասին մենք դեռ ավելին պիտի իմանանք։
4, 5. Աստվածաշնչի արդեն քննարկված ո՞ր մարգարեություններն են ամրապնդում ապագայի հանդեպ մեր վստահությունը։
4 Փորձեք վերհիշել, թե նախորդ հոդվածում «նոր երկնքի եւ նոր երկրի» մասին Աստվածաշնչի խոստումների վերաբերյալ ինչ հաստատվեց։ Եսայիան կանխագուշակել էր նոր համակարգի մասին, և նրա մարգարեությունը կատարվեց, երբ հրեաները վերադարձան իրենց հայրենի երկիրն ու վերականգնեցին ճշմարիտ երկրպագությունը (Եզրաս 1։1—3; 2։1, 2; 3։12, 13)։ Բայց արդյո՞ք Եսայիայի մարգարեությունը միայն այդքանն էր մատնանշում։ Անշուշտ ո՛չ։ Նրա կանխագուշակությունները պետք է շատ ավելի մեծ կատարում ունենային հեռավոր ապագայում։ Ինչու ենք նման եզրակացությա՞ն հանգում։ Պատճառը Բ Պետրոս 3։13 և Յայտնութիւն 21։1—5 խոսքերում արձանագրված տեղեկությունն է։ Այդ համարներում խոսվում է համայն աշխարհի քրիստոնյաների համար պատրաստված «նոր երկնքի եւ նոր երկրի» մասին։
5 Մեկ անգամ ևս նշենք, որ «նոր երկինք եւ նոր երկիր» արտահայտությունն Աստվածաշնչում հանդիպում է չորս անգամ։ Դրանցից երեքն արդեն նկատի ենք առել և, ինչ խոսք, բավականին քաջալերիչ եզրակացությունների ենք հանգել։ Աստվածաշունչը բացահայտորեն կանխատեսում է, որ Աստված վերջ է դնելու ամբարիշտությանը և ընդհանրապես տառապանքի պատճառ հանդիսացող ամեն ինչին, և ապա մարդկությանը օրհնելու է խոստացված նոր համակարգում։
6. Ի՞նչ է ասվում «նոր երկնքի եւ նոր երկրի» մասին տեղեկություն պարունակող չորրորդ մարգարեությունում։
6 Այժմ եկեք քննարկենք վերջին համարը, որտեղ հանդիպում է վերոհիշյալ արտահայտությունը։ Դա արձանագրված է Եսայիա 66։22—24–ում։ «Ինչպէս որ այն նոր երկինքը եւ այն նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, իմ առաջին պիտի կանգնին, ասում է Տէրը, նոյնպէս էլ պիտի հաստատ կենայ ձեր սերունդը եւ ձեր անունը։ Եւ պիտի լինի, որ ամսից ամիս եւ շաբաթից շաբաթ պիտի գայ ամեն մարմին իմ առաջը երկրպագելու, ասում է Տէրը։ Եւ նորանք պիտի դուրս գան եւ տեսնեն ինձ դէմ ապստամբող մարդկանց դիերը, որովհետեւ նորանց որդը չի մեռնիլ, եւ նորանց կրակը չի հանգչիլ, եւ նորանք պիտի զզուանք լինեն ամեն մարմնի համար»։
7. Ինչո՞ւ կարելի է եզրակացնել, որ Եսայիա 66։22—24 համարները դեռ կատարվելու են ապագայում։
7 Այս մարգարեությունը ժամանակին իրականացավ հրեաների համար իրենց վերականգնված երկրում, սակայն այն նաև մեկ ուրիշ կատարում պետք է ունենար։ Կանխագուշակվածի վեհապանծ ու վերջնական կատարումը պետք է իրականանար ապագա «նոր երկնքի եւ նոր երկրի» մասին ակնարկող Պետրոսի երկրորդ նամակի և «Յայտնութիւն» գրքի գրվելուց երկար տարիներ հետո՝ իրերի նոր համակարգում։ Ահա թե այդ ժամանակ կյանքի ի՜նչ հրաշալի պայմաններ կարող ենք ակնկալել։
8, 9. ա) Ի՞նչ իմաստով է Եհովայի ժողովուրդը ‘հաստատ կանգնելու’։ բ) Ինչո՞վ են նշանակալից մարգարեության այն տողերը, որոնց համաձայն Եհովային ծառայողները երկրպագելու են նրան «ամսից ամիս եւ շաբաթից շաբաթ»։
8 Յայտնութիւն 21։4–ում կարդում ենք այն մասին, որ մահն այլևս չի լինելու։ Եսայիա 66–րդ գլխից մեզ արդեն ծանոթ հատվածը ներդաշնակ է այդ մտքի հետ։ 22–րդ խոսքից կարելի է եզրակացնել, որ Եհովան գիտի՝ «նոր երկինքն ու նոր երկիրը» չեն գոյատևելու ինչ–որ սահմանափակ ժամանակահատված։ Բացի այդ, Աստծո ժողովուրդը «պիտի հաստատ կենայ» նրա առջև։ Մեզ վստահության հիմք է տալիս այն ամենը, ինչ որ Եհովան արդեն արել է իր ընտրյալ ժողովրդի համար։ Ճշմարիտ քրիստոնյաները իրենց ճանապարհին դաժան հակառակությունների են հանդիպել, եղել են նույնիսկ այնպիսիները, ովքեր մոլեռանդորեն փորձել են վերացնել նրանց երկրի երեսից (Յովհաննէս 16։2; Գործք 8։1)։ Սակայն նույնիսկ Հռոմի կայսր Ներոնի ու Ադոլֆ Հիտլերի նման հզոր ոսոխները չկարողացան բնաջինջ անել Աստծուն անմնացորդ նվիրված անհատներին՝ նրանց, ովքեր կրում են իր անունը։ Մինչև օրս Եհովան պահպանում է իր ժողովրդին, և կարող ենք վստահ լինել, որ կպահպանի հավիտյան։
9 Նոր աշխարհում ճշմարիտ երկրպագուների հասարակությունը՝ «նոր երկիրը» կազմող և Աստծուն հավատարիմ անհատները, ոչ միայն որպես ամբողջություն, այլև անհատապես «հաստատ կկանգնեն», քանի որ յուրաքանչյուր ոք մաքուր երկրպագություն կմատուցի ամեն բաների Արարչին։ Եվ կերկրպագեն ոչ անկանոն կամ դեպքից դեպք։ Մովսեսի միջոցով Իսրայելին տրված Օրենքը յուրաքանչյուր ամիս (նորալուսնի օրը) և ամեն շաբաթ (շաբաթ օրերը) երկրպագություն էր պահանջում ժողովրդից (Ղեւտացոց 24։5—9; Թուոց 10։10; 28։9, 10; Բ Մնացորդաց 2։4)։ Ուստի, Եսայիա 66։23–ում խոսքն այն մասին է, որ մարդիկ Աստծուն կերկրպագեն կանոնավորաբար և շարունակաբար՝ շաբաթից շաբաթ, ամսից ամիս։ Անհետ կկորչեն թե՛ աթեիզմը, և թե՛ կրոնական կեղծավորությունը։ «Պիտի գայ ամեն մարմին [Եհովայի] առաջը երկրպագելու»։
10. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ ամբարիշտ մարդիկ չեն կարող խախտել նոր աշխարհի անդորրը։
10 Եսայիա 66։24–ը մեզ հավաստիացնում է, որ «նոր երկրի» խաղաղությունն ու արդարությունը երբեք վտանգի տակ չեն լինի։ Չար մարդիկ չեն կործանի այն։ Հիշենք Բ Պետրոս 3։7–ի խոսքերը՝ մեր առջևում է ‘դատաստանի և ամբարիշտ մարդկանց կործանման օրը’։ Կործանվելու են միայն ամբարիշտները։ Ի տարբերություն մարդկանց միջև մղվող պատերազմների, որոնցում խաղաղ բնակչությունից զոհվածների թիվը համարյա թե միշտ գերազանցում է զոհված զինվորականների թվին, ամբարիշտների կործանման ժամանակ անմեղ մարդկանցից ոչ ոք չի տուժելու։ Մեծն Դատավորը երաշխավորում է, որ այն օրը կկործանվեն միայն ամբարիշտները։
11. Համաձայն Եսայիայի՝ ի՞նչ ապագա է սպասվում Աստծուն և նրա երկրպագությանը հակառակվողներին։
11 Ողջ մնացած արդարները կտեսնեն Աստծո մարգարեական խոսքի ճշմարտացիությունը։ 24–րդ համարում նկարագրված Եհովայի «դէմ ապստամբող մարդկանց դիերը» վառ ապացույցը կլինեն այն բանի, որ Եհովան իր դատաստանն արդեն ի գործ է դրել։ Եսայիայի օգտագործած պատկերավոր լեզուն ոմանց թերևս ցնցի։ Սակայն մարգարեի խոսքերը համընկնում են մի պատմական փաստի հետ։ Հին Երուսաղեմի պարիսպների ետևում հսկայական աղբանոց կար, որտեղ ժամանակ առ ժամանակ նետում էին մահապատժի ենթարկված հանցագործների դիերը, որոնց արժանի չէին համարել պատվով հողին հանձնելու։a Կրակն ու որդերը արագորեն ոչնչացնում էին թե՛ աղբը, և թե՛ այդ դիերը։ Ակներևաբար, Եսայիան այդ ազդեցիկ օրինակով ուզեցել է ցույց տալ մեղավորների դեմ Եհովայի վերջնական դատաստանը։
Ինչ է նա խոստացել
12. Ի՞նչ հավելյալ տեղեկություններ է Եսայիան տալիս նոր կյանքի մասին։
12 Յայտնութիւն 21։4–ը հայտնում է այն երեվույթների մասին, որոնք գոյություն չեն ունենալու նոր համակարգում։ Ի՞նչ է, այնուամենայնիվ, լինելու այնտեղ։ Ինչպիսի՞ն է լինելու կյանքը։ Կարելի՞ է որևէ հավաստի ակնարկ լսել այդ մասին։ Անշուշտ։ Եսայիա 65–րդ գլխում տրվում է այն պայմանների մարգարեական նկարագրությունը, որոնք մենք կվայելենք, եթե Եհովան մեզ արժանի համարի ապրելու «նոր երկինքն ու նոր երկիրը» վերջնականապես ստեղծելիս։ Նոր երկրի վրա հավերժ բնակություն հաստատած անհատներն այլևս չեն ծերանա ու չեն մահանա։ Եսայիա 65։20 խոսքը մեզ հետևյալ հավաստիացումն է տալիս. «Այլեւս պիտի չ’լինի այնտեղից մի քանի օրական մանուկ, եւ մի ծեր, որ իր օրերը լրացրած չ’լինի. որովհետեւ երիտասարդը պիտի հարիւր տարեկան մեռնի, եւ հարիւր տարուան մեղաւորը պիտի անիծուի»։
13. Եսայիա 65։20–ում ո՞ր խոսքերն են մեզ հավաստիացնում, որ Աստծո ժողովուրդը ապահովության մեջ է լինելու։
13 Այս մարգարեության առաջին կատարումը իր ժամանակին Եսայիայի ժողովրդի համար այս էր նշանակելու. մանուկներն այդ երկրում ապահով էին ապրելու, թշնամիների կողմից հարձակում չէր լինելու, ինչպես մի ժամանակ արեցին բաբելոնացիները՝ մայրական կրծքից դեռ չկտրված երեխաներին հափշտակելով ու կյանքի ծաղկուն տարիքում երիտասարդներին կոտորելով (Բ Մնացորդաց 36։17, 20)։ Գալիք նոր աշխարհում մարդիկ իրենց լիակատար ապահով են զգալու և հնարավորություն են ունենալու իսկապե՛ս վայելելու կյանքը։ Բայց եթե որևէ մեկը փորձի ապստամբել Աստծո դեմ, նա հավիտյան կկորցնի իր կյանքը։ Աստված վերջ կդնի նրա գոյությանը։ Իսկ եթե ապստամբողը հարյուր տարեկա՞ն է. անվերջ ապրելու փոխարեն՝ նա կմեռնի «երիտասարդ» (Ա Տիմոթէոս 1։19, 20; Բ Տիմոթէոս 2։16—19)։
14, 15. Ի՞նչ վարձահատույց աշխատանք է մեզ սպասվում՝ ելնելով Եսայիա 65։21, 22 համարներից։
14 Փոխանակ կենտրոնանալու այն բանի վրա, թե ինչպես է գիտակցաբար մեղանչողը վերացվելու, Եսայիան նկարագրում է նոր աշխարհում սպասվող նոր կենսապայմանները։ Փորձեք ինքներդ դա պատկերացնել։ Բնականաբար, առաջին հերթին ձեր միտքը կգան ձեզ ամենահարազատ բաները։ Հենց այդ մասին է գրում Եսայիան 21–րդ և 22–րդ համարներում. «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն ու նորանց պտուղն ուտեն։ Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկիլ, որ ուրիշն ուտէ. որովհետեւ իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն, եւ իրանց ձեռքերի գործը պիտի մաշեցնեն իմ ընտրեալները»։
15 Եթե շինարարության ու այգեգործության բնագավառում փորձ չունեք, ապա, ելնելով Եսայիայի մարգարեությունից, ձեզ ուսուցում է սպասվում։ Իսկ արդյոք պատրաստ կլինե՞ք սովորելու այդ գործում հմուտ մարդկանցից, օրինակ՝ բարեհամբույր հարևաններից, որոնք ձեզ օգնության ձեռք կմեկնեն։ Եսայիան ոչինչ չի գրում այն մասին, թե ինչպիսին կլինեն ձեր տան պատուհանները. առանց ապակիների՞, ինչը թույլ կտա, որ վարագույրների միջով փչի արևադարձային մեղմ հովիկը, թե՞ ապակիներով, որոնց միջով կարող եք հետևել, թե ինչպես են իրար հաջորդում տարվա եղանակները։ Իսկ տանիքը ինչպե՞ս կկառուցեք. թե՞ք, որպեսզի անձրևն ու ձյունը թափվեն ցած, թե՞ տեղի կլիման թույլ կտա, որ այն տափակ լինի, ինչպես Մերձավոր Արևելքում է, և հնարավոր կլինի ամբողջ ընտանիքով հավաքվել տանիքի վրա, համեղ կերակուրներ ու սրտակից զրույցներ վայելել (Բ Օրինաց 22։8; Նէեմիա 8։16)։
16. Ինչո՞ւ կարելի է ակնկալել, որ կյանքը նոր աշխարհում հարատև բավարարվածություն կբերի։
16 Այս մանրամասնություններն իմանալն այնքան էլ էական չէ. կարևորն այն է, որ դուք ձեր տունը կունենաք՝ ձեր սեփականը, ոչ թե ինչպես հիմա է. ուժասպառ լինելով՝ մարդիկ տներ են կառուցում, իսկ այնտեղ ուրիշներն են բնակվում։ Եսայիա 65։21–ում նաև խոսվում է այն մասին, որ դուք տնկելու եք ու ինքներդ էլ վայելելու ձեր աշխատանքի արդյունքը։ Հասկանալի է, որ այստեղ ընդհանուր պատկերի նկարագրությունն է տրվում։ Ձեր գործադրած ջանքերը և արդյունքում ձեր աշխատանքի պտուղները խորը բավարարվածության զգացում առաջ կբերեն։ Եվ սա կշարունակվի «ծառի օրերի չափ»՝ երկա՜ր տարիներ։ Իսկապես որ՝ «ամեն բան նոր է» լինելու (Սաղմոս 92։12—14)։
17. Ո՞ր խոստումն է հատկապես քաջալերիչ հնչում ծնողների համար։
17 Եթե երեխաներ ունեք, ապա հետևյալ խոսքերի նկատմամբ, անշուշտ, անտարբեր չեք մնա. «Նորանք պիտի դարտակ տեղը չ’վաստակեն, եւ չ’ծնեն թշուառութեան համար. որովհետեւ նորանք Տիրոջ օրհնեալների սերունդը կ’լինեն, եւ նորանց զաւակունքն էլ նորանց հետ։ Եւ պիտի լինի, որ նորանք դեռ չ’կանչած՝ ես կ’պատասխանեմ եւ նորանք դեռ խօսելիս՝ ես կ’լսեմ» (Եսայիա 65։23, 24)։ Գուցե անձնական փորձի՞ց գիտեք, թե ինչ է նշանակում ‘թշվառության համար ծնել’։ Հարկ չկա թվարկելու երեխաների հետ կապված այն բոլոր խնդիրները, որոնք անհանգստություն են պատճառում ծնողներին և ուրիշ մարդկանց։ Բացի դրանից, յուրաքանչյուրս էլ գուցե ճանաչում ենք այնպիսի ծնողների, որոնք այնքան են տարված իրենց կարիերայով, գործերով կամ անձնական հաճույքներով, որ գրեթե ժամանակ չեն գտնում իրենց երեխաներին հատկացնելու։ Մինչդեռ Եհովան վստահեցնում է, որ կլսի մեզ և նույնիսկ հոգ կտանի մեր կարիքների մասին։
18. Որտեղի՞ց գիտենք, որ նոր աշխարհում կենդանիները մեզ մեծ ուրախություն են պատճառելու։
18 Ձեր վառ երևակայության մեջ նոր աշխարհի հրաշալի պայմաններին ավելացրեք նաև մեկը՝ որի մասին դարձյալ գրում է Աստծո մարգարեական խոսքը. «Գայլը եւ գառը միասին կ’արածեն, եւ առիւծը արջառի պէս խոտ կ’ուտէ. եւ օձի կերակուրը հող է լինելու։ Նորանք պիտի չ’վնասեն եւ չ’ապականեն իմ բոլոր սուրբ սարի վերայ, ասում է Տէրը» (Եսայիա 65։25)։ Նկարիչները բազում անգամներ փորձել են կտավին հանձնել այս պատկերը, սակայն դա չի կարելի պարզապես մարդու երևակայության արդյունք համարել. այն իրականություն է դառնալու։ Խաղաղություն է տիրելու ոչ միայն մարդկանց, այլև մարդկանց ու կենդանիների միջև։ Մասնագետ և ոչ պրոֆեսիոնալ կենսաբաններից շատերն են իրենց կյանքի լավագույն տարիները նվիրում կենդանական աշխարհի որոշ տարատեսակների կամ էլ ընդամենը մեկի ուսումնասիրությանը։ Իսկ հիմա եկեք մի պահ մտածենք, թե որքա՜ն նոր բաներ հնարավոր կլինի իմանալ, երբ կենդանիներն այլևս չեն վախենա մարդկանցից։ Հնարավոր կլինի մոտենալ թռչուններին և անտառներում կամ ջունգլիներում բնակվող մանր էակներին։ Կարող ենք ազատ ուսումնասիրել նրանց, սովորել նրանցից և ուրախանալ նրանցով (Յոբ 12։7—9)։ Բացի այդ, մարդկանցից և կենդանիներից ոչ մեկը ու ոչ մի բան իրենցից վտանգ չեն ներկայացնի ու չեն սպառնա ձեր կյանքին։ Եհովան ասում է, որ «նորանք պիտի չ’վնասեն եւ չ’ապականեն իմ բոլոր սուրբ սարի վերայ»։ Որքա՜ն մեծ է տարբերությունը այդ ամենի և այժմյան աշխարհի միջև։
19, 20. Աստծո ժողովուրդն ինչո՞վ է տարբերվում այսօրվա մարդկանց մեծամասնությունից։
19 Ինչպես արդեն ասվել էր ավելի վաղ, չնայած նոր հազարամյակի հետ կապված համընդհանուր անհանգստությանը, մարդիկ անկարող են ճշգրտորեն կանխատեսել, թե ինչ է ապագայում իրենց սպասվում։ Այս հանգամանքը շատերին է վհատության, շփոթվածության և հուսահատության զգացումով համակել։ Կանադայի համալսարաններից մեկում ղեկավար պաշտոն զբաղեցնող Պիտեր Էմբըրլին գրում է. «Շատ [չափահասներ] վաղ թե ուշ բախվում են գոյության մշտնջենավոր հարցին. ո՞վ եմ, ինչի՞ եմ ձգտում, ի՞նչ եմ տալու հաջորդ սերնդին։ Հասնելով միջին տարիքի՝ նրանք սկսում են կյանքի իմաստն ըմբռնելու և կյանքում հանգիստ գտնելու որոնումները»։
20 Կարելի է հասկանալ, թե ինչու են շատերն այդպես մտածում։ Նրանք փորձում են վայելել կյանքը՝ տրվելով սիրված զբաղմունքին կամ տարբեր հաճույքների։ Բայց քանի որ չգիտեն, թե ի՛նչ կբերի ապագան, ուստի այդ անհատների համար կյանքը կորցնում է իր իսկական արժեքն ու իմաստը, և նրանք դառնում են անվստահ։ Իսկ հիմա մեր այստեղ քննարկածը համեմատիր կյանքի հանդեպ ունեցած քո հայացքների հետ։ Երբ գա Եհովայի խոստացած «նոր երկինքն ու նոր երկիրը», այդ ժամանակ կնայենք մեր շուրջն ու սրտանց կասենք. «Այո՛, Աստված ամեն բան նորն է արել»։ Այո, մեզ սպասվող ուրախությունը անսահման է լինելու։
21. Ի՞նչ նմանություն եք գտնում Եսայիա 65։25 և 11։9 խոսքերում։
21 Սեփական անձը նոր աշխարհում պատկերացնելը ոչ մի դեպքում ինքնավստահության մասին չի խոսում։ Աստված մեզ կոչ է անում հիմա՛ արդեն իրեն երկրպագել ճշմարտությամբ և կառչած մնալ իր բարձր չափանիշներին, որպեսզի արժանի լինենք ապրելու այն ժամանակ, երբ ‘չեն վնասի և չեն ապականի իր բոլոր սուրբ սարի վրա’ (Եսայիա 65։25)։ Ի դեպ, գիտե՞ք արդյոք, որ նման խոսքեր Եսայիան մինչ այդ էլ է արձանագրել և այդ համարում նա հիշատակում է մի մանրամասնություն, առանց որի մեր ուրախությունը նոր աշխարհում անկարելի կլիներ։ Այդ մասին կարող ենք կարդալ Եսայիա 11։9–ում. «Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը»։
22. Ինչի՞ն պետք է ավելի վճռականորեն տրամադրվենք Աստվածաշնչի չորս մարգարեությունների քննարկումից հետո։
22 Տիրոջ՝ Եհովայի գիտությունը... Երբ Աստված ամեն բան նորն անի, երկրի բնակիչները իր և իր կամքի մասին ճշգրիտ գիտություն կստանան։ Իսկ դա կենդանական աշխարհն ուսումնասիրելուց շատ ավելին է պահանջում։ Գիտելիքների աղբյուրը նրա Խոսքն է։ Օրինակ՝ որքա՜ն նոր բան իմացանք «նոր երկնքի եւ նոր երկրի» մասին տեղեկություն պարունակող չորս մարգարեությունների քննարկումից (Եսայիա 65։17; 66։22; Բ Պետրոս 3։13; Յայտնութիւն 21։1)։ Ինչ խոսք, Աստվածաշունչը ամեն օր կարդալու հիմնավոր պատճառներ ունենք։ Արդյո՞ք Աստվածաշնչի ընթերցանությունը ձեր առօրյայի մեջ է մտնում։ Եթե ոչ՝ այդ դեպքում ինչպե՞ս անել, որպեսզի ամեն օր կարդաք, թե ինչ է Աստված կամենում մեզ ասել։ Այդպես վարվելով ոչ միայն նոր աշխարհին կսպասեք անհամբերությամբ, այլև սաղմոսերգուի նման ձեր ուրախությանը մի նոր զարկ կտաք (Սաղմոս 1։1, 2)։
[ծանոթագրություն]
a Տեսեք «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը՝ հատոր 1–ին, էջ 906։ Հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչի՞ց ելնելով կարող ենք եզրակացնել, որ Եսայիա 66։22—24–ում խոսվում է ապագայի մասին։
• Եսայիա 66։22—24 և 65։20—25 համարներում նկարագրված գործերից որո՞վ հատկապես կուզենայիք զբաղվել։
• Ապագայի հանդեպ վստահություն ունենալու ի՞նչ հիմնավոր պատճառներ ունենք։
[նկար 15–րդ էջի վրա]
Եսայիայի, Պետրոսի ու Հովհաննեսի մարգարեություններում խոսվում է «նոր երկնքի եւ նոր երկրի» տարբեր առանձնահատկությունների մասին։