Ծառայենք պահապանի հետ միասին
«Ով Տէր, ես միշտ ցերեկը կանգնած եմ դիտանոցի վերայ, եւ իմ պահապանութեան տեղը ես բոլոր գիշերը կանգնած եմ» (ԵՍԱՅԻԱ 21։8)։
1. Եհովան անձամբ իր ո՞ր խոստումների վկան է։
ԵՀՈՎԱՆ մեծ նպատակների տեր Աստված է։ Այն ապստամբ հրեշտակը, որ դարձավ Բանսարկու Սատանա, չի կարող խափանել Եհովայի մեծագույն նպատակը, որն է՝ իր անունը սրբացնել և փառահեղ Թագավորություն հաստատել, որը կիշխի դրախտ–երկրի վրա (Մատթէոս 6։9, 10)։ Այդ կառավարության ներքո մարդկությունն իսկապես մեծ օրհնություններ ունի վայելելու։ Աստված «պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից»։ Ուրախ ու միասնական մարդկությունը ընդմիշտ խաղաղություն ու բարեկեցություն կվայելի (Եսայիա 25։8; 65։17—25)։ Եհովան ինքը իր այս հրաշալի խոստումների վկան է։
2. Ովքե՞ր են մարդկանց միջից Եհովայի ընտրած վկաները։
2 Սակայն Արարիչն ունի նաև ուրիշ վկաներ՝ դրանք մարդիկ են։ Նախաքրիստոնեական ժամանակներից սկսած՝ «վկաների [մի մեծ] բազմութիւն», որոնցից առաջինը Աբելն էր, հաճախ անհաղթահարելի թվացող դժվարությունների ներքո անցել է համբերության ու տոկունության մի երկար մրցասպարեզ։ Նրանց գերազանց օրինակներն այսօր քաջալերության աղբյուր են հավատարիմ քրիստոնյաների համար։ Իսկ քաջարի վկայի մեծագույն օրինակը մեզ համար ծառայում է Քրիստոս Հիսուսը (Եբրայեցիս 11։1—12։2)։ Հիշենք նրա տված վերջին վկայությունը Պոնտացի Պիղատոսի առջև. «Ես դրա համար իսկ ծնուել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ,— հայտարարեց նա,— որպէսզի ճշմարտութեան համար վկայեմ» (Յովհաննէս 18։37)։ Մ.թ. 33–ից մինչ այսօր՝ 2000 թվականը, ժրաջան քրիստոնյաները, հետևելով Հիսուսի օրինակին, շարունակում են վկայության իրենց գործը՝ քաջաբար հռչակելով «Աստծու մեծագործութիւնները» (Գործք 2։11)։
Բաբելոնյան աղանդավորությունը
3. Ինչպե՞ս է Սատանան հակառակվում Եհովայի և նրա կամքի մասին տրվող վկայությանը։
3 Հազարամյակների ընթացքում Եհովայի գլխավոր ախոյանը՝ Բանսարկու Սատանան, չարակամորեն ջանացել է վարկաբեկել Աստծո վկաների տված վկայությունները։ Այս «ստի հայր» կոչված «մեծ վիշապը՝ առաջին օձը», մոլորեցնում է «ամբողջ աշխարհը»։ Նա, հատկապես այս վերջին օրերին, անողոք պայքար է մղում այն անհատների դեմ, «որոնք պահում [են] Աստծու պատուիրանները» (Յայտնութիւն 12։9, 17)։
4. Որտեղի՞ց է սկիզբ առել Մեծն Բաբելոնը։
4 Շուրջ 4 000 տարի առաջ՝ Նոյի օրերի ջրհեղեղից հետո, Սատանան որպես «Եհովայի առաջին [«դեմ», ՆԱ] մի զօրաւոր որսորդի» վեր կացրեց Նեբրովթին (Ծննդոց 10։9, 10)։ Նեբրովթի մեծ քաղաքը՝ Բաբելոնը (նույնն է՝ Բաբել), դարձավ դիվական կրոնի կենտրոնը։ Երբ Եհովան խառնեց Բաբելի աշտարակը կառուցողների լեզուն, ժողովուրդը ցրվեց ամբողջ երկրով մեկ՝ իր հետ տանելով նաև կեղծ կրոնը։ Բաբելոնն, այսպիսով, դարձավ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության սկզբնաղբյուրը, մի կրոնի, որը «Յայտնութիւն» գրքում կոչված է Մեծն Բաբելոն։ Այդ նույն գրքում կանխագուշակվում է նաև այս հնագույն կրոնական համակարգի կործանումը (Յայտնութիւն 17։5; 18։21)։
Վկաների ազգ
5. Ո՞ր ժողովրդին Եհովան կազմավորեց իր վկաները լինելու համար, սակայն ինչո՞ւ թույլ տվեց, որ նրանք գերի տարվեն։
5 Նեբրովթի ժամանակներից մոտավորապես հինգ հարյուր տարի հետո, երկրի վրա իր վկան լինելու համար, Եհովան ժողովեց հավատարիմ Աբրահամի հետնորդներին՝ կազմավորելով Իսրայել ազգը (Եսայիա 43։10, 12)։ Իսրայելացիներից շատերը հավատարմորեն ծառայեցին Եհովային, սակայն դարերի ընթացքում, հարևան ժողովուրդների կեղծ հավատալիքների քայքայիչ ազդեցության ներքո, Իսրայել ազգը՝ Եհովայի ուխտակից ժողովուրդը, հեռացավ նրանից՝ դիմելով կեղծ աստվածների։ Մ.թ.ա. 607–ին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի զորքերը կործանեցին Երուսաղեմն ու նրա տաճարը, իսկ հրեաների մեծամասնությանը գերի տարան Բաբելոն։
6. Ի՞նչ լուր ուներ Եհովայի պահապանը հայտնելու, և ե՞րբ նրա խոսքերն իրականացան։
6 Ինչպիսի՜ հաղթանակ էր դա կեղծ կրոնի համար։ Բայց Բաբելոնի իշխանությունը երկար չտևեց։ Այդ դեպքից մոտավորապես 200 տարի առաջ Եհովան հրամայել էր. «Գնա դէտին կանգնեցրու, որ տեսածը յայտնէ»։ Ի՞նչ լուր ուներ այդ պահապանը հայտնելու։ «Ընկա՜ւ, ընկաւ Բաբիլոնը, եւ նորա աստուածների բոլոր արձանները փշրեց գետնովը տալով» (Եսայիա 21։6, 9)։ Այդպես էլ եղավ. մ.թ.ա. 539–ին այդ մարգարեական հայտարարությունն իրականացավ։ Հզոր Բաբելոնն ընկավ, և Աստծո ուխտակից ժողովուրդը կարողացավ տուն վերադառնալ։
7. ա) Ի՞նչ դաս էին հրեաները ստացել Եհովայի տված խրատից։ բ) Գերության տարիներից հետո ի՞նչ ծուղակների մեջ ընկան հրեաները և ի՞նչ հետևանքներով։
7 Գերությունից վերադարձած հրեաները լավ դաս էին ստացել, որպեսզի լքեին կռապաշտությունն ու ոգեպաշտական կրոնը։ Բայց պատահեց այնպես, որ հետագայում նրանք այլ ծուղակների մեջ ընկան. ոմանք հրապուրվեցին հունական փիլիսոփայությամբ, ուրիշները մարդկային սովորույթները վեր դասեցին Աստծո Խոսքից, իսկ երրորդներին իր ճանկերի մեջ առավ ազգայնամոլությունը (Մարկոս 7։13; Գործք 5։37)։ Երբ Հիսուսը ծնվեց երկրի վրա, հրեաները դարձյալ երես էին թեքել մաքուր երկրպագությունից։ Թեև նրանցից ոմանք արձագանքեցին Հիսուսի հռչակած ավետիսին, սակայն ժողովուրդն, ընդհանուր առմամբ, մերժեց նրան, ուստիև՝ Աստծուն (Յովհաննէս 1։9—12; Գործք 2։36)։ Իսրայելն այլևս չէր համարվում Աստծո վկան, և մ.թ. 70–ին Երուսաղեմն ու տաճարը կրկին հողին հավասարվեցին, այս անգամ արդեն՝ հռոմեական բանակի ձեռքով (Մատթէոս 21։43)։
8. Ո՞վ դարձավ Եհովայի «վկան», և ինչո՞ւ էր այդ վկային ուղղված Պողոսի նախազգուշացումը տեղին։
8 Միևնույն ժամանակ ծնունդ առավ «Աստծու Իսրայէլը» և անմիջապես սկսեց վկայություն տալ մնացած ազգերին Աստծո մասին (Գաղատացիս 6։16)։ Շատ շուտով Սատանան քայլեր ձեռնարկեց ոչնչացնելու այս նոր հոգևոր ազգին։ Առաջին դարի վերջերին ժողովներում ոմանք սկսեցին ընկնել աղանդավորական ազդեցությունների տակ (Յայտնութիւն 2։6, 14, 20)։ Այդ պարագայում տեղին էին Պողոսի նախազգուշական խոսքերը. «Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը ձեզ գրաւի ճարտարամտութեամբ եւ սնոտի խաբեբայութեամբ. դրանք մարդկային աւանդութեան եւ բնութեան տարերային ուժերի վրայ են հիմնուած եւ ոչ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութեան վրայ» (Կողոսացիս 2։8)։
9. Պողոսի նախազգուշացման համաձայն՝ ո՞ր գաղափարները ծնունդ տվեցին քրիստոնեական աշխարհին։
9 Այդ ժամանակից ի վեր, աստիճանաբար, հունական փիլիսոփայությունը, բաբելոնյան սկզբնաղբյուր ունեցող կրոնական գաղափարները և ավելի ուշ՝ մարդկային «իմաստության» այնպիսի «պտուղները», ինչպիսիք են բարեշրջության տեսությունը և Աստվածաշնչի քննադատությունը (կամ բարձրագույն քննադատություն), աղավաղեցին իրենց քրիստոնյա կոչող շատ շատերի կրոնը։ Այդ ամենը տեղի ունեցավ ճիշտ այնպես, ինչպես որ կանխագուշակել էր Պողոսը. «Գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կը գան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին։ Ձեր միջից էլ դուրս կը գան մարդիկ, որ թիւր բաներ կը խօսեն՝ աշակերտներին իրենց ետեւից քարշ տալու համար» (Գործք 20։29, 30)։ Արդյունքում այդ հավատուրացությունը ծնունդ տվեց քրիստոնեական աշխարհին։
10. Ո՞ր իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ բոլորն էին հանդուրժում քրիստոնեական աշխարհի ապականված երկրպագությունը։
10 Ճշմարիտ երկրպագության կողմնակիցները պետք է ‘պայքարեին հավատի համար, այն հավատի, որ մի անգամ ընդմիշտ ավանդվել էր սրբերին’ (Յուդա 3)։ Արդյո՞ք մաքուր երկրպագության և Եհովա Աստծո այդ վկան իր դեմ տարվող հալածանքների պատճառով պետք է չքանար երկրի երեսից։ Ո՛չ։ Նախքան խռովարար Սատանայի ու նրա բոլոր գործերի վախճանի մոտենալը, պարզ դարձավ, որ ոչ բոլորն են հանդուրժում ուխտադրուժ քրիստոնեական աշխարհի կողմից Աստծուն մատուցվող երկրպագությունը։ 19–րդ դարի վերջերին ԱՄՆ–ի Պիտսբուրգ քաղաքում (Փենսիլվանիա նահանգ) Աստվածաշնչի մի խումբ անկեղծ ուսումնասիրողներ մեկտեղ հավաքվեցին՝ կազմելով Աստծո ներկայիս «վկա» դասակարգի միջուկը։ Նրանց ուշադրությունը գրավեց Աստվածաշնչի պարունակած տեղեկությունն այն մասին, որ ներկայիս համակարգի վախճանը մոտ է։ Համաձայն Աստվածաշնչի մարգարեության՝ իրերի այս համակարգի «վախճանը» սկսվել է 1914–ին և նշանավորվել Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով (Մատթէոս 24։3, 7)։ Գոյություն ունեն անհերքելի ապացույցներ, որ այդ թվականին Սատանան և դևերի իր հորդան դուրս են նետվել երկնքից։ 20–րդ դարի աղետները վկայում են երկրի վրա Սատանայի ակտիվ գործունեության, ինչպես նաև երկնային Թագավորությամբ Հիսուսի ներկայության նշանի փառահեղ կատարման մասին (Մատթէոս 24, 25, Մարկոս 13 և Ղուկաս 21 գլուխներ, Յայտնութիւն 12։10, 12)։
11. Ի՞նչ էր ջանում անել Սատանան, սակայն ինչո՞վ ավարտվեցին նրա ջանքերը։
11 1918 թ. հունիսին Սատանան խելահեղորեն փորձեր արեց վերացնելու ոչ միայն արդեն մի քանի երկրներում քարոզող Աստվածաշնչի ուսումնասիրողներին, այլև ոչնչացնելու նրանց իրավական մարմինը, որը հայտնի էր «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերություն» անունով։ Ընկերության պատասխանատու անձինք բանտարկվեցին սադրիչների կեղծ մեղադրանքներով, ինչպես որ Հիսուսն՝ առաջին դարում (Ղուկաս 23։2)։ Սակայն 1919–ին նրանք ազատ արձակվեցին՝ հնարավորություն ստանալով շարունակել իրենց ծառայությունը, իսկ ավելի ուշ՝ լիովին արդարացվեցին։
Լինել զգոն և ուշադիր
12. Ո՞վ է այսօր ներկայացնում Եհովայի նշանակած «պահապան» դասակարգը, և ի՞նչ դիրք է նա միշտ բռնել։
12 Այսպիսով, «վերջին ժամանակի» սկսվելուն պես Եհովան դարձյալ պահապան ուներ նշանակած, որը մարդկանց թույլ չէր տալիս անտարբեր լինել Իր նպատակների իրագործման հետ կապված իրադարձությունների հանդեպ (Դանիէլ 12։4; Բ Տիմոթէոս 3։1)։ «Պահապան» դասակարգը, այսինքն՝ օծյալ քրիստոնյաները կամ Աստծո Իսրայելը, մինչև օրս գործել է այն մարգարեական պահապանի նկարագրության համաձայն, որը տվել էր Եսայիան։ «Նա մեծ ուշադրութեամբ ուշադրութիւն արաւ,— գրում է նա,— եւ առիւծօրէն աղաղակեց. Ով Տէր, ես միշտ ցերեկը կանգնած եմ դիտանոցի վերայ, եւ իմ պահապանութեան տեղը ես բոլոր գիշերը կանգնած եմ» (Եսայիա 21։7, 8)։ Այս «պահապանը» պատասխանատվության մեծ զգացումով է կատարում իր հանձնարարությունը։
13. ա) Ի՞նչ լուր է հայտնում Եհովայի նշանակած «պահապանը»։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Մեծն Բաբելոնն ընկել է։
13 Իսկ ի՞նչ է տեսնում նա։ Եհովայի նշանակած «պահապանը»՝ նրա վկա դասակարգը, կրկին անգամ հայտարարում է. «Ընկա՜ւ, ընկաւ Բաբիլոնը, եւ նորա աստուածների բոլոր արձանները փշրեց [Եհովան] գետնովը տալով» (Եսայիա 21։9)։ Այս անգամ արդեն՝ Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած տարիներին, Մեծն Բաբելոնը՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունն է գլխիվայր ընկել իր իշխանության աթոռից (Երեմիա 50։1—3; Յայտնութիւն 14։8)։ Զարմանալու ոչինչ չկա. մեծ պատերազմը, ինչպես այն ժամանակ կոչում էին Առաջին համաշխարհայինը, սկսվեց քրիստոնեական աշխարհից, որտեղ հակամարտող կողմերի հոգևորականությունը ամեն մեկն իր հերթին կրակին յուղ էր ավելացնում՝ հորդորելով իրենց երիտասարդ սերնդին գնալ պատերազմի։ Ինչպիսի՜ խայտառակություն։ 1919–ին Մեծն Բաբելոնին չհաջողվեց խոչընդոտել Եհովայի վկաներին (այն ժամանակ հայտնի «Աստվածաշնչի ուսումնասիրողներ» անունով)՝ դուրս գալու իրենց հոգևոր մեռած վիճակից և ծավալելու համաշխարհային վկայության գործունեություն, որը շարունակվում է մինչև օրս (Մատթէոս 24։14)։ Դա Մեծն Բաբելոնի անկման ազդանշանն էր, ինչպես որ մ.թ.ա. վեցերորդ դարում Իսրայելի ազատագրումն էր հին Բաբելոնի անկման ազդանշանը։
14. Եհովայի նշանակած «պահապան» դասակարգը ո՞ր պարբերագիրն է հաջողությամբ օգտագործել, և ինչպե՞ս է Եհովան օրհնել նրան։
14 «Պահապան» դասակարգը իր հանձնարարությունը միշտ էլ կատարել է մեծ եռանդով և ճիշտն անելու անկեղծ ցանկությամբ։ 1879–ի հուլիսին Աստվածաշնչի ուսումնասիրողները սկսեցին սույն պարբերագրի հրատարակությունը՝ այն ժամանակ հայտնի «Սիոնի դիտարան՝ Քրիստոսի ներկայության մունետիկ» վերնագրով։ 1879–ից մինչև 1938–ի դեկտեմբերի 15–ի բոլոր համարները կազմի վրա կրում էին «Պահապան, ի՞նչ կայ գիշերիցը» խոսքերը (Եսայիա 21։11)։a «Դիտարանը» 120 տարի շարունակ հավատարմորեն հետևել է համաշխարհային իրադարձությունների զարգացմանը և կարևոր է համարել դրանց մարգարեական նշանակությունը (Բ Տիմոթէոս 3։1—5, 13)։ Աստծո նշանակած «պահապան» դասակարգը և նրա ընկերակից «այլ ոչխարները» այս պարբերագրի օգնությամբ մարդկությանը ժրաջանորեն ազդարարում են, որ մոտենում է Քրիստոսի Թագավորության միջոցով Եհովա Աստծո գերիշխանության արդարացումը (Յովհաննէս 10։16)։ Իսկ «օրհնե՞լ է, արդյոք, Եհովան այս վկաներին» հարցին պատասխանում են հետևյալ փաստերը. 1879 թ.–ին ընդամենը 6 000 տպաքանակով լույս տեսնող «Դիտարան» պարբերագիրն այսօր հրատարակվում է ավելի քան 22 000 000 օրինակով՝ 132 լեզուներով, որոնցից 121–ը լույս են տեսնում միաժամանակ։ Որքան տեղին է, որ աշխարհում ամենատարածված կրոնական գրականությունը այն մեկն է, որը ջատագովում է ճշմարիտ Աստծո՝ Եհովայի անունը։
Աստիճանական մաքրում
15. Ի՞նչ մաքրում տեղի ունեցավ դեռ 1914–ից առաջ։
15 Մինչև 1914 թ.–ին Քրիստոսի երկնային իշխանության սկսվելը՝ մոտ չորս տասնամյակի ընթացքում, Աստվածաշնչի ուսումնասիրողներն ազատվեցին քրիստոնեական աշխարհի բազմաթիվ ոչ աստվածաշնչյան ուսմունքներից, ինչպիսիք են՝ մանուկների մկրտությունը, հոգու անմահությունը, քավարանը, դժոխքի տանջանքները և երրորդությունը։ Սակայն բոլոր սխալ գաղափարներից ազատվելու համար ժամանակ էր պետք։ Օրինակ՝ 1920–ականներին Աստվածաշնչի ուսումնասիրողները խաչ ու թագ պատկերող զարդասեղ էին կրում, տոնում էին Սուրբ Ծնունդը և հեթանոսական ծագում ունեցող մյուս տոները։ Մաքուր երկրպագության համար հարկավոր էր վերացնել կռապաշտության բոլոր հետքերը։ Քրիստոնյայի հավատի ու ապրելակերպի միակ հիմքը պետք է լինի Աստծո Խոսքը՝ սուրբ Աստվածաշունչը (Եսայիա 8։19, 20; Հռովմայեցիս 15։4)։ Իսկ Աստծո Խոսքին որևէ բան ավելացնելը կամ նրանից ինչ–որ բան պակասեցնելը լուրջ մեղք է համարվում (Բ Օրինաց 4։2; Յայտնութիւն 22։18, 19)։
16, 17. ա) Տասնամյակներ շարունակ ո՞ր սխալ գաղափարներին էր կառչած մնացել «պահապան» դասակարգը։ բ) Ո՞րն է «Եգիպտոսի սեղանի» և «կոթողի» ճիշտ նշանակությունը։
16 Ահա մի օրինակ, որը ցույց է տալիս, թե որքան կարևոր է այս սկզբունքը։ 1886 թ.–ին Չ. Ռասելի հեղինակությամբ հրատարակվեց «Դարերի աստվածային ծրագիրը» գիրքը, որտեղ տրված էր մի սխեմա, ըստ որի մարդկության զարգացման դարաշրջանները կապվում էին Քեոփսի բուրգի հետ։ Ենթադրվում էր, որ Խուֆու (Քեոփս) փարավոնի հուշարձանը Եսայիա 19։19, 20 խոսքերում հիշատակված կոթողն էր։ Ահա թե ինչ է ասվում այդ համարում. «Այն օրը Տիրոջ համար մի սեղան է լինելու Եգիպտոսի երկրի մէջ. եւ նորա սահմանի կշտին մի կոթող՝ Տիրոջ համար։ Եւ նա նշան ու վկայութիւն է լինելու Զօրաց Տիրոջ համար Եգիպտոսի երկրումը»։ Ի՞նչ կապ կարող էր լինել այդ բուրգի և Աստվածաշնչի միջև։ Օրինակ՝ ասվում էր, որ Մեծ բուրգի միջանցքներից մեկի երկարությունը մատնացույց է անում Մատթէոս 24։21–ում նշված «մեծ նեղության» սկսվելու ժամանակը։ Արդյունքում՝ Աստվածաշնչի ուսումնասիրողներից ոմանք տարվեցին բուրգի տարբեր մասերի չափսերը վերցնելով՝ որպեսզի որոշեին իրենց երկինք գնալու ժամանակը։
17 Այդ, այսպես կոչված, «Քարե աստվածաշունչը» մեծարվեց այնքան ժամանակ, մինչև որ 1928 թ. նոյեմբերի 15–ի և դեկտեմբերի 1–ի «Դիտարանի» թողարկումների մեջ պարզաբանվեց, որ Աստվածաշնչում տրված վկայությունները հաստատելու համար Եհովան չունի հեթանոս փարավոնների կառուցած, աստղագուշակության դիվական նշաններով քարե հուշարձանների կարիքը։ Դրա փոխարեն, Եսայիայի մարգարեությունը կատարվում է հոգևոր առումով։ Ինչպես Յայտնութիւն 11։8–ում, այնպես էլ Եսայիայի գրքի այս համարում «Եգիպտոսը» ներկայացնում է Սատանայի աշխարհը։ «Տիրոջ համար մի սեղանը» մեզ հիշեցնում է երկրի վրա եղած ժամանակ օծյալ քրիստոնյաների մատուցած ընդունելի զոհերի մասին (Հռովմայեցիս 12։1; Եբրայեցիս 13։15, 16)։ Եգիպտոսի «սահմանի կշտին մի կոթողը» խորհրդանշում է օծյալ քրիստոնյաների ժողովը, որ «սիւն եւ հաստատութիւն [է] ճշմարտութեան» և որպես վկա կանգնած է «Եգիպտոսում»՝ այն աշխարհում, որը շուտով օծյալները պիտի լքեն (Ա Տիմոթէոս 3։15)։
18. ա) Ինչպե՞ս է Եհովան շարունակում շատ հարցերի պարզաբանումը Աստվածաշնչի անկեղծ ուսումնասիրողների համար։ բ) Քրիստոնյան ի՞նչ դիրք պիտի բռնի, եթե դժվարանում է հասկանալ Գրությունների որևիցե համարի նոր բացատրությունը։
18 Ժամանակն անցնում է, իսկ Եհովան շարունակում է ճշմարտության հետագա պարզեցումներով, ներառյալ իր մարգարեական խոսքի ավելի լայն ըմբռնումով մեզ ապահովել (Առակաց 4։18)։ Վերջին տարիների ընթացքում հնարավորություն ենք ստացել ավելի խորը հայացք նետելու այնպիսի հասկացողությունների վրա, ինչպիսիք են՝ սերունդը, որը չպետք է անցնի մինչև վախճանի հասնելը, այնուհետև ոչխարների և այծերի առակը, ավերածի պղծությունն ու նրա սուրբ տեղում կանգնելը, նոր ուխտը, Հիսուսի կերպարանափոխումը, «Եզեկիէլ» գրքում ներկայացված տաճարի տեսիլքը և այլն։ Թերևս երբեմն դժվար է լինում հասկանալ արդի բացատրությունները, սակայն ժամանակին պարզ է դառնում այդ բացատրությունների անհրաժեշտությունը։ Եթե լիովին չենք ըմբռնում գրության որևէ նոր բացատրություն, լավ կլինի խոնարհաբար կրկնել Միքիա մարգարեի խոսքերը. «Կ’յուսամ իմ փրկութեան Աստուծուն» (Միքիա 7։7)։
19. Այս վերջին օրերի ընթացքում օծյալ մնացորդը և «այլ ոչխարների» դասին պատկանող նրա ընկերակիցները ինչպե՞ս են «առյուծի» արիություն դրսևորել։
19 Հիշենք, որ պահապանը «առիւծօրեն աղաղակեց. Ով Տէր, ես միշտ ցերեկը կանգնած եմ դիտանոցի վերայ, եւ իմ պահապանութեան տեղը ես բոլոր գիշերը կանգնած եմ» (Եսայիա 21։8)։ Օծյալ մնացորդը առյուծի արիություն է դրսևորել՝ մերկացնելով կեղծ կրոնը և մարդկանց ցույց տալով ազատության ճանապարհը (Յայտնութիւն 18։2—5)։ Որպես «հաւատարիմ եւ իմաստուն ծառա» դասակարգի ներկայացուցիչներ՝ նրանք «իր ժամին կերակուր»՝ Աստվածաշնչեր, պարբերագրեր և այլ գրականություն են մատակարարում բազում լեզուներով (Մատթէոս 24։45)։ Բացի դրանից, նրանք առաջնորդություն են վերցրել հավաքելու «մեծ բազմութիւնը.... բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից» (Յայտնութիւն 7։9, 14, 15)։ Իսկ թե այս բոլոր տարիների ընթացքում ի՞նչ պտուղներ է բերել Եհովայի դեռևս երկրի վրա գտնվող օծյալ Վկաների արդեն սակավաթիվ խմբի և նրանց ընկերակիցների գործունեությունը, կտեսնենք հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություն]
a 1939 թ. հունվարի 1–ից այս խոսքերին փոխարինեցին ‘Կիմանան, որ ես եմ Եհովան’ խոսքերը (Եզեկիէլ 35։15)։
Հիշո՞ւմ եք
• Տարիների ընթացքում Եհովան ի՞նչ վկաներ է ունեցել։
• Որտեղի՞ց է առաջացել Մեծն Բաբելոնը։
• Ինչո՞ւ Եհովան թույլ տվեց, որ մ.թ.ա. 607–ին և ապա մ.թ. 70–ին Երուսաղեմը՝ իր վկա ժողովրդի մայրաքաղաքը, կործանվի։
• Ի՞նչ ոգի են դրսևորել «պահապան» դասակարգը և նրա ընկերակիցները։
[նկար 18–րդ էջի վրա]
«Ով Տէր, ես միշտ.... կանգնած եմ դիտանոցի վերայ....»։
[նկարներ 20–րդ էջի վրա]
Եհովայի նշանակած «պահապան» դասակարգը պատասխանատվության մեծ զգացումով է կատարում իր հանձնարարությունը։