ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Եսայիա 26։3. «Հաստատուն միտք ունեցող մարդուն դու կպահպանես հարատև խաղաղությամբ»
«Հաստատուն միտք ունեցող մարդուն դու կպահպանես հարատև խաղաղությամբ, քանի որ նա քեզ է ապավինում» (Եսայիա 26։3, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Հաստատ միտքը կատարեալ խաղաղութեան մէջ կը պահես, վասն զի քեզի կը յուսայ» (Եսայիա 26։3, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։
Եսայիա 26։3-ի նշանակությունը
Այս խոսքերով Եսայիա մարգարեն հավաստիացնում է, որ Աստված պաշտպանում է իրեն լիովին ապավինողներին։ Նա դա անում է՝ այդպիսի մարդկանց ապահովության ու խաղաղության զգացում տալով։
«Հաստատուն միտք ունեցող մարդուն դու կպահպանես.... քանի որ նա քեզ է ապավինում»։ Համարի այս մասում նկարագրվում են նրանք, ովքեր հստակ վճռել են ամեն ժամանակ լիովին վստահել Եհովաa Աստծուն։ Աստծուն վստահողները գիտակցում են, որ նրա աջակցության կարիքն ունեն։ Օրինակ՝ կարևոր որոշումներ կայացնելիս նրանք հույսը չեն դնում իրենց հասկացողության վրա։ Փոխարենը իրենց բոլոր գործերում հաշվի են առնում Աստծու մտածելակերպը (Առակներ 3։5, 6)։ Նրանք պարզում են, թե որն է տվյալ հարցի վերաբերյալ Աստծու տեսակետը՝ կարդալով նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, և խորհրդածելով իրենց ընթերցածի շուրջ (Սաղմոս 1։2; 119։15)։ Բարդ իրավիճակների բախվելիս նրանք անկեղծ ու սրտանց աղոթում են Եհովային՝ նրանից օգնություն խնդրելով (Սաղմոս 37։5; 55։22)։ Այդպես վարվելով՝ նրանք փաստում են Աստծու հանդեպ իրենց վստահությունը, ինչի շնորհիվ նրանից խաղաղություն են ստանում։
«Կպահպանես հարատև խաղաղությամբ»։ Եբրայերեն բնագիր տեքստում «խաղաղություն» բառը երկու անգամ է գործածվում միտքը շեշտելու նպատակով։ Ուստի այն կարող է թարգմանվել «հարատև խաղաղություն», «կատարյալ խաղաղություն» կամ «լիարժեք խաղաղություն»։ Այլ խոսքով՝ Եհովային լիովին ապավինողները վայելում են այնպիսի խաղաղություն՝ ներքին հանգստություն, որը կախված չէ իրենց հանգամանքներից (Սաղմոս 112։7; 119։165)։ Այդպիսի խաղաղությունը հնարավոր է ձեռք բերել, եթե անհատը Եհովայի հետ մտերիմ, անձնական փոխհարաբերություն ունի և ձգտում է անել այն, ինչը ճիշտ է նրա աչքում (Առակներ 3։32; Եսայիա 48։18)։
Այս «հարատև խաղաղությունը» չի ենթադրում, որ Աստված պաշտպանում է իր ծառաներին բոլոր խնդիրներից, որպեսզի ոչ մի անհանգստություն չունենան (1 Սամուել 1։6, 7; Հոբ 6։1, 2; Սաղմոս 31։9)։ Փոխարենը նա օգնում է նրանց դիմանալ դժվարությունների ներքո (Եսայիա 41։10, 13)։ Նա պատասխանում է նրանց աղոթքներին՝ մխիթարելով և տալով ուժ ու իմաստություն (Սաղմոս 94։19; Առակներ 2։6; Եսայիա 40։29)։ Արդյունքում նրանք հանդարտ են մնում, անգամ երբ ծանր հանգամանքներում են (Փիլիպպեցիներ 4։6, 7)։
Եսայիա 26։3-ի համատեքստը
Եսայիա մարգարեն ապրում էր մ. թ. ա. 8-րդ դարում։ Այդ ժամանակահատվածում, ինչպես նաև հաջորդող տարիներին Հուդայում շատերը հավատարմորեն չէին պաշտում Եհովա Աստծուն։ Դրա հետևանքով Եհովան թույլ տվեց, որ նրանց մայրաքաղաք Երուսաղեմը կործանվի մ. թ. ա. 607 թ.-ին։
Սակայն կործանումից ավելի քան հարյուր տարի առաջ Եսայիան գրել էր 26-րդ գլխում տեղ գտած այս մարգարեական գովերգը՝ նվիրված Եհովային (Եսայիա 26։1-6)։ Այդ երգում նկարագրվում էր մի ժամանակահատված, երբ Հուդայի քաղաքներից մեկը, հավանաբար Երուսաղեմը, կվերակառուցվի։
Երուսաղեմը վերակառուցվեց մ. թ. ա. 537 թ.-ին հաջորդող տարիներին։ Դրանից հետո Երուսաղեմ վերադարձած հավատարիմ հրեաները կարող էին իրենց ապահով զգալ ու ասել. «Մենք ամուր քաղաք ունենք» (Եսայիա 26։1)։ Սակայն քաղաքի պարիսպը չէր, որ այն ամուր էր դարձնում։ Քաղաքի անվտանգությունը կախված էր Եհովայի օրհնությունից ու պաշտպանությունից (Եսայիա 26։2)։
Նմանապես այսօր Եհովային լիովին ապավինող մարդիկ պաշտպանված են զգում, քանի որ նրան համարում են իրենց «Վեմը»՝ ապաստանը (Եսայիա 26։4)։
Դիտիր «Եսայիա» գրքի մասին այս կարճ տեսանյութը։
a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։