Թող Եհովայի անունը քո ապաստանը լինի
«Ես.... կթողնեմ խոնարհ ու հեզ ժողովրդին, և նրանց համար Եհովայի անունը ապաստան կլինի» (ՍՈՓ. 3։12)։
1, 2. Փոխաբերական ի՞նչ փոթորիկ է շուտով վրա հասնելու։
ԵՐԲԵՎԷ պատահե՞լ է, որ հեղեղից կամ կարկուտից պաշտպանվելու համար ապաստան գտնես կամրջի տակ։ Այն կարող է հարմար պատսպարան լինել հեղեղից ու կարկուտից, սակայն հազիվ թե պաշտպանի տոռնադոյից կամ փոթորկից։
2 Այժմ մոտենում է ուրիշ տեսակի փոթորիկ. փոթորիկ, որը սպառնում է ողջ մարդկությանը։ Փոխաբերական իմաստով՝ դա «փոթորկի.... օր» է։ «Եհովայի մեծ օրը» կազդի բոլոր մարդկանց վրա։ Սակայն մենք կարո՛ղ ենք ապաստան գտնել (կարդա՛ Սոփոնիա 1։14–18)։ Ինչպե՞ս կարող ենք պատսպարվել «Եհովայի ցասման օրը», որը շուտով սկսվելու է։
Փոթորկալից օրեր աստվածաշնչյան ժամանակներում
3. Ի՞նչ «որոտալի.... փոթորիկ» հասավ Իսրայելի տասցեղ թագավորության վրա։
3 Եհովայի օրը կսկսվի կեղծ կրոնի կործանումով։ Իմանալու համար, թե ինչպես կարող ենք ապաստան գտնել, պետք է քննենք Աստծու վաղեմի ժողովրդի պատմությունը։ Եսայիան, որն ապրում էր մ.թ.ա. ութերորդ դարում, Իսրայելի հավատուրաց տասցեղ թագավորությանն ուղղված Եհովայի դատաստանը նմանեցրեց «որոտալի.... փոթորկի», որը մարդիկ ի զորու չէին լինելու կանխել (կարդա՛ Եսայիա 28։1, 2)։ Այդ մարգարեությունը կատարվեց մ.թ.ա. 740թ.-ին, երբ Ասորեստանը ներխուժեց այն երկիր, որտեղ ապրում էին այս ցեղերը, որոնց մեջ աչքի էր ընկնում Եփրեմի ցեղը։
4. Ինչպե՞ս «Եհովայի մեծ օրը» հարվածեց Երուսաղեմին մ.թ.ա. 607թ.-ին։
4 Անհավատարիմ Իսրայելի դեմ դատաստանից հետո «Եհովայի մեծ օրը» եկավ Երուսաղեմի և Հուդայի թագավորության վրա։ Այն սկսվեց մ.թ.ա. 607թ.-ին։ Այդ օրը վրա հասավ, քանի որ Հուդայի ժողովուրդը նույնպես հավատուրաց էր դարձել։ Բաբելոնացիները Նաբուգոդոնոսորի գլխավորությամբ սպառնում էին Հուդային և նրա մայրաքաղաք Երուսաղեմին։ Հուդայի բնակիչները օգնության համար դիմել էին «ստի ապաստանին»՝ քաղաքական դաշինք կնքելով Եգիպտոսի հետ։ Այնուամենայնիվ, բաբելոնացիները կործանարար կարկուտի պես ոչնչացրին այդ «ապաստանը» (Ես. 28։14, 17)։
5. Ի՞նչ տեղի կունենա Աստծու ժողովրդի հետ որպես խմբի կեղծ կրոնի ոչնչացման ժամանակ։
5 Եհովայի մեծ օրը, որը եկավ Երուսաղեմի վրա, ցույց էր տալիս, թե ինչպես է մեր օրերում դատաստան ի գործ դրվելու հավատուրաց քրիստոնեության դեմ։ Այդ ժամանակ ոչնչանալու է «Մեծ Բաբելոնի»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության մնացած մասը։ Դրանից հետո կկործանվի այն, ինչ կմնա Սատանայի ամբարիշտ համակարգից։ Բայց Աստծու ժողովուրդը՝ որպես խումբ, կվերապրի, քանի որ Եհովան իր ապաստանն է (Հայտն. 7։14; 18։2, 8; 19։19–21)։
Հոգևոր և ֆիզիկական ապաստան
6. Ինչպե՞ս կարող է Եհովայի ժողովուրդը ապաստան գտնել։
6 Իսկ ինչպե՞ս կարող է Աստծու ժողովուրդը ապաստան գտնել նույնիսկ հիմա՝ այս վերջին օրերում։ Մենք հոգևոր ապաստան ենք գտնում՝ ակնածանքով «[Աստծու] անվան շուրջ խորհրդածելով» և նախանձախնդրորեն նրան ծառայելով (կարդա՛ Մաղաքիա 3։16–18)։ Սակայն նրա անվան մասին մտածելուց ավելին պետք է անենք։ Կարդում ենք. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հռոմ. 10։13)։ Փաստորեն, կապ գոյություն ունի Եհովայի անունը կանչելու և նրանից փրկություն ստանալու միջև։ Բազմաթիվ անկեղծ սիրտ ունեցող մարդիկ կարող են տեսնել տարբերությունը ճշմարիտ քրիստոնյաների՝ նրանց, ովքեր ակնածանքով Աստծու «անվան շուրջ են խորհրդածում» ու ծառայում են որպես իր Վկաներ, և այն մարդկանց միջև, ովքեր չեն ծառայում իրեն։
7, 8. Ինչպե՞ս առաջին դարի քրիստոնյաները ֆիզիկապես փրկվեցին, և ի՞նչ զուգահեռ կարող ենք անցկացնել մեր օրերի հետ։
7 Մեր փրկությունը, սակայն, չի սահմանափակվում հոգևոր ապաստան գտնելով։ Աստծու ժողովրդին խոստացված է, որ նրանք ֆիզիկապես էլ կփրկվեն։ Դա երևում է նրանից, թե ինչ տեղի ունեցավ 66թ.-ին այն բանից հետո, երբ հռոմեական բանակը Կեստիոս Գալլոսի գլխավորությամբ հարձակվեց Երուսաղեմի վրա։ Հիսուսը կանխագուշակել էր, որ այդ նեղության օրերը «կարճացվելու» էին (Մատթ. 24։15, 16, 21, 22)։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ հռոմեական ուժերը, որոնք շրջապատել էին քաղաքը, անսպասելիորեն հեռացան, ինչը հնարավորություն տվեց որոշ «մարմինների», այսինքն՝ ճշմարիտ քրիստոնյաներին «փրկվել»։ Նրանք կարողացան փախչել քաղաքից ու շրջակա տարածքներից։ Որոշները անցան Հորդանանը և ապաստան գտան գետի արևելյան կողմում գտնվող լեռներում։
8 Մենք կարող ենք զուգահեռ անցկացնել այդ օրերի քրիստոնյաների ու Աստծու ներկայիս ժողովրդի միջև։ Առաջին դարի քրիստոնյաները ապաստան էին փնտրում, նույնը կանեն Աստծու ներկայիս ծառաները։ Սակայն ճշմարիտ քրիստոնյաները չեն փախչի աշխարհագրական հատուկ մի վայր, քանի որ ցրված են ողջ աշխարհով։ Այնուամենայնիվ, երբ կործանվի հավատուրաց քրիստոնեությունը, որպես ժողովուրդ՝ «ընտրյալները» և իրենց հավատարիմ ընկերակիցները ֆիզիկապես կփրկվեն՝ ապաստան գտնելով Եհովայի մոտ ու նրա լեռնանման կազմակերպության մեջ։
9. Ովքե՞ր են փորձել մոռացության մատնել Եհովա անունը։ Բե՛ր օրինակ։
9 Քրիստոնեական աշխարհը արժանի է այդ գալիք կործանման, քանի որ հոգևոր տգիտության մեջ է պահում եկեղեցի հաճախողներին ու ցույց է տալիս, որ ատում է Աստծու անունը։ Միջնադարում Աստծու անունը բավականին հայտնի էր Եվրոպայում։ Այդ անունը, որը ներկայացված է եբրայերեն չորս տառերով, որոնք կոչվում են քառագիր և սովորաբար տառադարձվում են ՅՀՎՀ (կամ ՋՀՎՀ), կարելի էր հանդիպել մետաղադրամների, տների ճակատամասի վրա, բազմաթիվ գրքերում, Աստվածաշնչում և նույնիսկ որոշ կաթոլիկ ու բողոքական եկեղեցիներում։ Սակայն վերջին ժամանակներում Աստծու անունը Աստվածաշնչի թարգմանություններից և այլ տեղերից հանելու տենդենց է նկատվում։ Դա է մատնանշում, օրինակ, ժամերգության և հաղորդության կարգադրությունների կոնգրեգացիայի նամակը՝ թվագրված 2008թ. հունիսի 29-ով, որի թեման էր՝ «Աստծու անունը»։ Այն ուղղված էր կաթոլիկ եպիսկոպոսների համագումարներին։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին հրահանգ էր տալիս քառագրի տարբեր ձևերը փոխարինել «Տեր» բառով։ Վատիկանը կարգադրում էր չօգտագործել կամ չարտասանել Աստծու անձնանունը կաթոլիկ ծիսակատարությունների ժամանակ հնչող օրհներգերում և աղոթքներում։ Քրիստոնեական աշխարհի և մյուս կրոնների առաջնորդները միլիոնավոր հավատացյալներից նաև թաքցրել են ճշմարիտ Աստծու ինքնությունը։
Պաշտպանություն Աստծու անունը սրբացնողների համար
10. Ինչպե՞ս է Աստծու անունը պատվի արժանացվում այսօր։
10 Եհովայի վկաները պատվում ու փառաբանում են Աստծու անունը՝ այդպիսով խիստ տարբերվելով այլ կրոններից։ Նրանք սրբացնում են այն՝ արժանավայել կերպով օգտագործելով։ Եհովային հաճելի են նրանք, ովքեր վստահում են իրեն, և նա դառնում է այն, ինչ անհրաժեշտ է իր ժողովրդին օրհնելու և պաշտպանելու համար։ «Նա գիտի նրանց, ովքեր ապաստան են փնտրում իր մոտ» (Նաում 1։7; Գործ. 15։14)։
11, 12. Ովքե՞ր հավատարիմ մնացին Եհովային Հուդայում և ովքե՞ր են այդպես վարվում մեր ժամանակներում։
11 Չնայած այն բանին, որ վաղեմի ժամանակներում Հուդայի բնակիչների մեծամասնությունը հավատուրաց էր դարձել, կային ոմանք, որոնց «համար Եհովայի անունը ապաստան էր» (կարդա՛ Սոփոնիա 3։12, 13)։ Այո՛, երբ Աստված պատժեց անհավատարիմ Հուդային՝ թույլ տալով, որ բաբելոնացիները զավթեն երկիրը և ժողովրդին գերի տանեն, ոմանք, օրինակ՝ Երեմիան, Բարուքը և Աբդիմելեքը փրկվեցին։ Այս մարդիկ ապրել էին հավատուրաց ժողովրդի «մեջ», սակայն հավատարիմ էին մնացել։ Մյուսներն էլ պահեցին իրենց հավատարմությունը գերության ժամանակ։ Մ.թ.ա. 539թ.-ին մարերն ու պարսիկները Կյուրոսի գլխավորությամբ գրավեցին Բաբելոնը։ Կյուրոսը շուտով հրաման արձակեց, որի համաձայն՝ հրեաների մնացորդը կարող էր վերադառնալ հայրենիք։
12 Ճշմարիտ երկրպագության այդ վերականգնումը տեսնողների մասին Սոփոնիա մարգարեն կանխագուշակեց, որ Եհովան փրկելու է նրանց և ցնծալու է նրանցով (կարդա՛ Սոփոնիա 3։14–17)։ Դա այդպես է նաև մեր օրերում։ Այն բանից հետո, երբ Աստծու Թագավորությունը հաստատվեց երկնքում, Եհովան Մեծ Բաբելոնի հոգևոր գերությունից ազատեց օծյալների հավատարիմ մնացորդին և մինչ օրս ցնծում է նրանցով։
13. Ի՞նչ ազատագրում են այժմ ստանում բոլոր ազգերի մարդիկ։
13 Նրանք, ովքեր հույս ունեն հավիտյան ապրելու երկրի վրա, նույնպես դուրս են եկել Մեծ Բաբելոնից և հոգևորապես ազատագրված են կեղծ կրոնի ուսմունքներից (Հայտն. 18։4)։ Այսպիսով՝ Սոփոնիա 2։3 համարը մեր օրերում ավելի մեծ մասշտաբով է կատարվում։ Կարդում ենք. «Փնտրե՛ք Եհովային, ո՛վ երկրի բոլոր հեզեր»։ Բոլոր ազգերի հեզ մարդկանց համար, անկախ նրանից՝ երկնային հույս ունեն, թե երկրային, Եհովայի անունը այժմ ապաստան է։
Աստծու անունը թալիսման չէ
14, 15. ա) Ի՞նչ են ոմանք օգտագործել որպես թալիսման։ բ) Ի՞նչը չպետք է գործածվի որպես թալիսման։
14 Որոշ իսրայելացիների համար տաճարը թալիսման էր, որը պաշտպանելու էր թշնամիներից (Երեմ. 7։1–4)։ Իսկ ավելի վաղ ուխտի տապանակն էր նրանց համար թալիսման, որը պաշտպանելու էր պատերազմի ժամանակ (1 Սամ. 4։3, 10, 11)։ Կոստանդին Մեծը, հուսալով պաշտպանել իր զինվորներին կռվի դաշտում, նրանց վահանների վրա գրեց հունարեն խի (X) և ռո (P) տառերը, որոնք այդ լեզվում «Քրիստոս» տիտղոսի առաջին երկու տառերն են։ Ասում են, որ Երեսնամյա պատերազմում կռված Շվեդիայի Գուստավ II Ադոլֆ թագավորը կրել է այն զրահը, որը պատկերված է 7-րդ էջում։ Ուշադրություն դարձրու, որ օձիքից ներքև հստակ երևում է Իեհովա անունը։
15 Աստծու ժողովրդից ոմանք, ովքեր ենթարկվել են դևերի հարձակմանը, բարձրաձայն կանչել են Եհովայի անունը, և այն ապաստան է դարձել նրանց համար։ Բայցևայնպես, այն առարկան, որի վրա կա Աստծու անունը, չպետք է համարել կամ գործածել որպես թալիսման առօրյա կյանքում, կարծես թե այն պաշտպանելու կախարդական զորություն ունի։ Այդ իմաստով չէ, որ Եհովայի անունը ապաստան է մեզ համար։
Ապաստան գտնենք այսօր
16. Հոգևոր առումով ինչպե՞ս կարող ենք ապաստան գտնել այսօր։
16 Այսօր մեզ համար ապաստան է այն հոգևոր ապահովությունը, որը վայելում է Աստծու ժողովուրդը որպես մեկ ամբողջություն (Սաղ. 91։1)։ «Հավատարիմ և իմաստուն ծառայի», ինչպես նաև ժողովի երեցների միջոցով մեզ զգուշացում է տրվում աշխարհից եկող նորանոր վտանգների մասին, որոնք կարող են սպառնալ մեր ապահովությանը (Մատթ. 24։45–47; Ես. 32։1, 2)։ Մտածիր, թե որքան հաճախ է մեզ նախազգուշացվում նյութապաշտության մասին, և նկատի առ, թե ինչպես է դա պաշտպանում մեզ հոգևոր անկումից։ Իսկ ի՞նչ կարելի է ասել անհոգ վերաբերմունք զարգացնելու վտանգի մասին, որի պատճառով կարող ենք ծառայության մեջ ոչ ակտիվ դառնալ։ Աստծու Խոսքն ասում է. «Հիմարների անհոգությունը կկործանի իրենց։ Իսկ ով լսում է ինձ, ապահով կբնակվի, և փորձանքի հանդեպ սարսափը նրան չի անհանգստացնի» (Առակ. 1։32, 33)։ Եթե ձգտենք բարոյապես մաքուր մնալ, հոգևոր առումով նույնպես ապահով կլինենք։
17, 18. Ի՞նչն է այսօր օգնում միլիոնավոր անհատների Աստծու անունը դարձնելու իրենց ապաստանը։
17 Մտածիր նաև այն քաջալերանքի մասին, որ ստանում ենք հավատարիմ ծառա դասակարգից, այն է՝ հետևել ողջ բնակեցված երկրով Թագավորության բարի լուրի մասին քարոզելու Հիսուսի պատվերին (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Սոփոնիան նշեց մի փոփոխության մասին, որն օգնելու էր մարդկանց Աստծու անունը դարձնելու իրենց ապաստանը։ Նա ասաց. «Այդ ժամանակ ես ժողովուրդներին մաքուր լեզու կտամ, որպեսզի նրանք բոլորը կանչեն Եհովայի անունը և ուս ուսի ծառայեն նրան» (Սոփ. 3։9)։
18 Իսկ ի՞նչ է այդ մաքուր լեզուն։ Մաքուր լեզուն Եհովա Աստծու և նրա նպատակների մասին ճշմարտությունն է, որն արձանագրված է իր ներշնչյալ Խոսքում։ Ինչ-որ առումով դու օգտագործում ես այդ լեզուն, երբ ուրիշներին բացատրում ես, թե իրականում ինչ է Աստծու Թագավորությունը և թե ինչպես այն կսրբացնի նրա անունը, նաև երբ շեշտում ես, որ Աստծու գերիշխանությունը արդարացվելու է, և երբ ուրախությամբ պատմում ես այն հավիտենական օրհնությունների մասին, որոնք կվայելի հավատարիմ մարդկությունը։ Այն բանի շնորհիվ, որ այդքան շատ մարդիկ խոսում են այս փոխաբերական լեզվով, ավելի ու ավելի շատ անհատներ են «կանչում Եհովայի անունը» և «ուս ուսի ծառայում նրան»։ Այո՛, ամբողջ աշխարհում այժմ միլիոնավոր մարդկանց համար Աստծու անունը ապաստան է դառնում (Սաղ. 1։1, 3)։
19, 20. Աստվածաշնչյան ժամանակներում ի՞նչ եղավ, երբ մարդիկ հուսացին «ստի ապաստանին»։
19 Աշխարհում մարդիկ պայքարում են անհաղթահարելի թվացող դժվարությունների դեմ։ Հույս չունենալով, որ կկարողանան լուծել իրենց պրոբլեմները՝ շատերը փնտրում են անկատար մարդկանց աջակցությունը։ Ոմանք էլ ապավինում են քաղաքական կազմակերպություններին, ինչպես որ երբեմն վարվում էր հին Իսրայել ժողովուրդը, որը օգնության էր դիմում հարևան ազգերին՝ դաշինք կնքելով նրանց հետ։ Սակայն գիտենք, որ դա ոչ մի օգուտ չբերեց։ Այսօր էլ ո՛չ պետությունները և ո՛չ Միավորված ազգերի կազմակերպությունը չեն կարող լիարժեքորեն լուծել մարդկանց պրոբլեմները։ Ուստի ինչո՞ւ պետք է մարդը իր համար ապաստան դարձնի այս քաղաքական կազմակերպություններն ու դաշինքները։ Աստվածաշունչը մարգարեաբար դրանք «ստի ապաստան» է կոչում։ Ինչո՞ւ։ Քանի որ բոլոր նրանք, ովքեր իրենց հույսը դրանց վրա են դնում, խորապես կհիասթափվեն (կարդա՛ Եսայիա 28։ 15, 17)։
20 Շուտով Եհովայի օրվա փոխաբերական կարկուտը կհարվածի երկրին։ Ո՛չ մարդկանց ծրագրերը, ո՛չ ռմբապաստարանները, ո՛չ էլ հարստությունը ի զորու չեն լինի պաշտպանելու։ Եսայիա 28։17-ում նշվում է. «Կարկուտը կոչնչացնի ստի ապաստանը, և ջրերը կխորտակեն թաքստոցը»։
21. Ի՞նչ օգուտ կստանանք, եթե հետևենք 2011թ. տարվա խոսքին։
21 Թե՛ հիմա և թե՛ ապագայում Աստծու ժողովուրդը իսկական ապահովություն կգտնի իր Աստված Եհովայի մոտ։ Հետաքրքիր է, որ Սոփոնիայի անունը, որը նշանակում է «Յահը ծածկել է», ցույց է տալիս, թե ով է իրականում թաքստոցով ապահովողը։ Համապատասխանաբար 2011թ. տարվա խոսքը հետևյալ իմաստուն հորդորն է՝ թող Եհովայի անունը քո ապաստանը լինի (Սոփ. 3։12)։ Նույնիսկ այսօր մենք կարող ենք և պետք է Եհովայի անունը մեր ապաստանը դարձնենք՝ լիովին ապավինելով նրան (Սաղ. 9։10)։ Եկեք ամեն օր մեր մտքում վառ պահենք աստվածաշնչյան այս վստահեցումը. «Եհովայի անունը ամուր աշտարակ է։ Նրա մեջ է փախչում արդարը և պաշտպանություն ստանում» (Առակ. 18։10)։
Հիշո՞ւմ ես
• Ինչպե՞ս կարող ենք Եհովայի անունը ապաստան դարձնել մեզ համար։
• Ինչո՞ւ չպետք է ապավինենք «ստի ապաստանին»։
• Ի՞նչ ապաստան կունենանք ապագայում։
[մեջբերում 6-րդ էջի վրա]
2011թ. տարվա խոսքն է՝ Թող Եհովայի անունը քո ապաստանը լինի (Սոփոնիա 3։12)
[նկար 7-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Thüringer Landesmuseum Heidecksburg Rudolstadt, Waffensammlung “Schwarzburger Zeughaus”