«Մեր Աստծու խոսքը մնալու է հավիտյան»
«Կանաչ խոտը չորացել է, ծաղիկը թառամել է, բայց մեր Աստծու խոսքը մնալու է հավիտյան» (ԵՍ. 40։8)։
1, 2. ա) Ինչպիսի՞ն կլիներ կյանքը առանց Աստվածաշնչի։ բ) Հատկապես ո՞ր դեպքում կարող ենք օգուտ քաղել Աստծու Խոսքից։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ ինչպիսին կլիներ քո կյանքը առանց Աստվածաշնչի։ Չէիր ունենա վստահելի խորհուրդների աղբյուր։ Աստծուն, կյանքին և ապագային առնչվող հարցերի վերաբերյալ բավարար պատասխաններ չէիր ստանա։ Նաև չէիր իմանա, թե անցյալում Եհովան ինչեր է արել մարդկության համար։
2 Սակայն շնորհակալ ենք, որ մենք այսպիսի իրավիճակում չենք։ Եհովան մեզ տվել է իր Խոսքը՝ Աստվածաշունչը, և այնպես է արել, որ այն հավիտյան մնա։ Պետրոս առաքյալը իր նամակում մեջբերեց Եսայիա 40։8-ում գրված խոսքերը։ Ճիշտ է, այս համարը վերաբերում է մարդկությանն ուղղված Աստծու խոսքերին, սակայն լայն իմաստով այն կարող է կիրառվել Սուրբ Գրքի առնչությամբ (կարդա 1 Պետրոս 1։24, 25)։ Ինչ խոսք, մենք կարող ենք Աստվածաշնչից օգուտ քաղել հատկապես այն դեպքում, եթե այն առկա է մեզ հասկանալի լեզվով։ Նրանք, ովքեր սիրել են Աստծու Խոսքը, միշտ գիտակցել են այս փաստը։ Դարերի ընթացքում անկեղծ մարդիկ, չնայած բազում դժվարություններին, անխոնջ ջանքեր են թափել Սուրբ Գիրքը թարգմանելու և տարածելու համար։ Նրանց ցանկությունը ներդաշնակ է եղել Աստծու կամքին, այն է՝ «ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։3, 4)։
3. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում (տես հոդվածի սկզբի նկարը)։
3 Այս հոդվածում կտեսնենք, թե ինչպես է Աստծու Խոսքը պահպանվել՝ չնայած 1) լեզվում տեղի ունեցած փոփոխություններին, 2) քաղաքական զարգացումներին և 3) Աստվածաշնչի թարգմանության համար ստեղծված խոչընդոտներին։ Այս քննարկումը կխորացնի մեր գնահատանքը Աստծու Խոսքի համար, նաև կավելացնի մեր սերը Աստվածաշնչի Հեղինակի հանդեպ, ով այն տվել է մեզ մեր օգտի համար (Միք. 4։2; Հռոմ. 15։4)։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԵԶՎՈՒՄ
4. ա) Ինչպե՞ս է լեզուն ժամանակի ընթացքում փոխվում։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ Աստված կողմնակալ չէ որևէ լեզվական խմբի պատկանող մարդկանց հանդեպ, և դա իմանալով՝ ի՞նչ ես զգում։
4 Ժամանակի ընթացքում լեզուն ենթարկվում է փոփոխությունների։ Որոշ բառեր և արտահայտություններ կարող են բոլորովին այլ իմաստ ստանալ։ Միգուցե հիշես, թե ինչ փոփոխություններ են եղել քո լեզվում։ Փոփոխություններ են եղել նաև եբրայերենում և հունարենում, որոնցով գրվել է Աստվածաշնչի մեծ մասը։ Ժամանակակից եբրայերենն ու հունարենը շատ են տարբերվում այդ լեզուների հին ձևերից։ Փաստորեն, եթե որևէ մեկը ցանկանում է հասկանալ Աստծու Խոսքը, պետք է կարդա դրա թարգմանությունը, նույնիսկ նա, ով գիտի ժամանակակից եբրայերեն և հունարեն։ Շատերը մտածում են, որ պետք է հին եբրայերեն և հունարեն սովորեն, որպեսզի կարողանան Աստվածաշունչը կարդալ բնագրային լեզվով։ Սակայն դա գուցե այնքան էլ օգտակար չլինի։a Մենք շատ ուրախ ենք, որ այսօր Աստվածաշունչը ամբողջությամբ կամ մասամբ թարգմանվել է ավելի քան 3200 լեզվով։ Հստակ է, որ Եհովան ուզում է՝ «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» պատկանող մարդիկ հնարավորություն ունենան օգուտ քաղելու իր Խոսքից (կարդա Հայտնություն 14։6)։ Մի՞թե սա քեզ ավելի չի մոտեցնում մեր սիրառատ և անկողմնակալ Աստծուն (Գործ. 10։34)։
5. «Ջեյմս թագավորի թարգմանությունը» ինչո՞վ է հատկանշական։
5 Ինչ խոսք, փոփոխությունների են ենթարկվում նաև այն լեզուները, որոնցով թարգմանվել է Աստվածաշունչը։ Սկզբում, երբ Աստվածաշունչը թարգմանվում է որևէ լեզվով, այն հասկանալի է լինում, բայց ժամանակի ընթացքում լեզուն հնանում է և դժվարըմբռնելի դառնում։ Նկատի առնենք Աստվածաշնչի անգլերեն թարգմանություններից մեկը։ «Ջեյմս թագավորի թարգմանությունը» առաջին անգամ հրատարակվեց 1611 թ.-ին։ Այն դարձավ ամենահանրաճանաչ անգլերեն Աստվածաշնչերից մեկը և մեծ ազդեցություն թողեց անգլերեն լեզվի վրա։b Սակայն այս թարգմանության մեջ Աստծու անվանը քիչ ուշադրություն է դարձվում։ «Եհովա» անունը այնտեղ մի քանի համարներում է գրվել, իսկ մյուս համարներում, որտեղ Եբրայերեն Գրությունների բնագրում հանդիպում է Աստծու անունը, մեծատառերով գրվել է «ՏԵՐ» բառը։ Հետագա հրատարակություններում «ՏԵՐ» բառը մեծատառերով օգտագործվել է նաև Քրիստոնեական Հունարեն Գրությունների որոշ համարներում։ Դրանով «Ջեյմս թագավորի թարգմանության» հրատարակիչները ընդունել են, որ Աստծու անունը իր տեղն ունի Հունարեն Գրություններում։
6. Ինչո՞ւ ենք շնորհակալ «Նոր աշխարհ թարգմանության» համար։
6 Սակայն «Ջեյմս թագավորի թարգմանության» մեջ օգտագործված շատ բառեր դարերի ընթացքում հնացան։ Նույնը կարելի է ասել ուրիշ լեզուներով արված Աստվածաշնչի վաղ թարգմանությունների մասին։ Ուստի մենք անչափ շնորհակալ ենք, որ ունենք ժամանակակից լեզվով հրատարակված «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»։ Այս թարգմանությունը ամբողջությամբ կամ մասամբ առկա է ավելի քան 150 լեզուներով, ինչը նշանակում է, որ այն մատչելի է աշխարհի բնակչության մեծ մասի համար։ Դրանում օգտագործված պարզ ու հասկանալի արտահայտությունների շնորհիվ Աստծու Խոսքը հասնում է մեր սրտին (Սաղ. 119։97)։ «Նոր աշխարհ թարգմանությունը» յուրահատուկ է նրանով, որ նրա մեջ Աստծու անունը վերականգնվել է այն բոլոր տեղերում, որտեղ որ պետք է լիներ։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
7, 8. ա) Մ. թ. ա. երրորդ դարում ինչո՞ւ շատ հրեաներ չէին հասկանում Եբրայերեն Գրությունները։ բ) Ի՞նչ է հունարեն «Յոթանասնից»-ը։
7 Քաղաքական զարգացումները երբեմն ազդել են այն բանի վրա, թե տվյալ ժամանակաշրջանում որ լեզուն է տարբեր ազգերի համար ծառայել որպես հաղորդակցության միջոց։ Ինչպե՞ս է Աստված հոգ տարել, որ այդ փոփոխությունների պատճառով իր Խոսքը անհասկանալի չդառնա մարդկանց համար։ Նկատի առնենք անցյալից մի օրինակ, որը կօգնի գտնել այս հարցի պատասխանը։ Աստվածաշնչի առաջին 39 գրքերը գրել են իսրայելացիներ՝ հրեաներ։ Նրանք այն ժողովուրդն էին, որին վստահվել էին «Աստծու սրբազան պատգամները» (Հռոմ. 3։1, 2)։ Սակայն մ. թ. ա. երրորդ դարում շատ հրեաներ այլևս եբրայերեն չէին հասկանում։ Ինչո՞ւ։ Ալեքսանդր Մակեդոնացին, շատ տարածքներ նվաճելով, ընդարձակել էր Հունական կայսրության սահմանները (Դան. 8։5–7, 20, 21)։ Դրան զուգահեռ՝ հունարենը դարձել էր ընդհանուր լեզու բազմաթիվ հպատակ ազգերի, այդ թվում՝ հրեաների համար, որոնք սփռված էին տարբեր վայրերում։ Քանի որ շատ հրեաներ հիմնականում հունարեն էին խոսում, նրանց համար դժվար էր հասկանալ Եբրայերեն Գրությունները։ Ինչպե՞ս լուծվեց այս խնդիրը։
8 Մոտավորապես մ. թ. ա. երրորդ դարի կեսերին Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը եբրայերենից թարգմանվեցին հունարեն։ Եբրայերեն Գրությունների մնացած մասի թարգմանությունը ավարտվեց մ. թ. ա. երկրորդ դարում։ Աստվածաշնչյան այդ գրքերի ամբողջական թարգմանությունը հայտնի դարձավ որպես հունարեն «Յոթանասնից»։ Այն Եբրայերեն Գրությունների մեզ հայտնի առաջին գրավոր թարգմանությունն է։
9. ա) «Յոթանասնից»-ը և այլ վաղ թարգմանություններ ինչպե՞ս օգնեցին այն մարդկանց, ովքեր ուզում էին կարդալ Աստծու Խոսքը։ բ) Եբրայերեն Գրությունների ո՞ր հատվածն ես հատկապես սիրում։
9 «Յոթանասնից» թարգմանության շնորհիվ հունախոս հրեաները և այլ մարդիկ կարող էին հասկանալ Եբրայերեն Գրությունները։ Պատկերացրու, թե նրանք որքան էին ուրախանում, երբ Աստծու Խոսքը լսում կամ կարդում էին այն լեզվով, որը իրենց մայրենի լեզուն էր դարձել։ Ժամանակի ընթացքում Աստվածաշունչը թարգմանվեց նաև ասորերեն, գոթերեն և լատիներեն, որոնք որոշ ազգերի համար ծառայել են որպես ընդհանուր լեզու։ Շատ մարդիկ, կարդալով Սուրբ Գիրքը իրենց հասկանալի լեզվով, սկսեցին սիրել Աստծու Խոսքը։ Հավանաբար, նրանք էլ ունեին իրենց սիրած սուրբգրային հատվածները, ինչպես որ մենք՝ այսօր (կարդա Սաղմոս 119։162–165)։ Այսպիսով՝ տեսնում ենք, որ թեև ժամանակի ընթացքում ընդհանուր լեզուն փոխվեց, Աստծու Խոսքը պահպանվեց։
ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
10. Ջոն Ուիքլիֆի ժամանակներում ինչո՞ւ Աստվածաշունչը մատչելի չէր շատ մարդկանց։
10 Եղել են ժամանակներ, երբ շատ ազդեցիկ մարդիկ փորձել են ամեն բան անել, որ հասարակ ժողովուրդը չկարդա Աստվածաշունչը։ Չնայած դրան՝ անկեղծ մարդիկ շատ ջանքեր են թափել, որպեսզի Սուրբ Գիրքը մատչելի դարձնեն բոլորի համար։ Քննենք 14-րդ դարում ապրած մի աստվածաբանի՝ Ջոն Ուիքլիֆի օրինակը։ Նա խորապես համոզված էր, որ յուրաքանչյուր մարդ պետք է հնարավորություն ունենա օգուտ քաղելու Աստծու Խոսքից։ Սակայն այդ տարիներին Անգլիայում ապրող հասարակ մարդկանց համար Աստվածաշունչը մատչելի չէր։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն էր, որ շատերը ի վիճակի չէին Աստվածաշունչ ձեռք բերելու, քանի որ դրա օրինակները ձեռագիր էին և շատ թանկ արժեին։ Բացի այդ, մարդկանց մեծ մասը գրաճանաչ չէր։ Իհարկե, նրանք եկեղեցում կարող էին Աստվածաշնչից ընթերցվող հատվածներ լսել։ Սակայն դժվար թե հասկանային իրենց լսածը, քանի որ եկեղեցին օգտագործում էր լատիներեն «Վուլգատա» թարգմանությունը, իսկ լատիներենը միջին դարերում հասարակ ժողովրդի համար դարձել էր մեռած լեզու։ Ինչպե՞ս էին Աստվածաշնչի թանկարժեք գանձերը մատչելի դառնալու նրանց համար (Առակ. 2։1–5)։
11. Ի՞նչ ազդեցություն ունեցավ Ուիքլիֆի Աստվածաշունչը։
11 1382 թ.-ին տպագրվեց անգլերեն մի թարգմանություն, որը հետագայում հայտնի դարձավ որպես Ուիքլիֆի Աստվածաշունչ։ Այս թարգմանությունը Ուիքլիֆի հետևորդների շրջանում շատ արագ ճանաչում գտավ։ Շրջիկ քարոզիչները, որոնք հայտնի էին լոլարդներ անունով, ոտքով գնում էին Անգլիայի մի գյուղից մյուսը, քանի որ ուզում էին, որ Աստծու Խոսքը հասներ հասարակ մարդկանց մտքին ու սրտին։ Հաճախ նրանք Ուիքլիֆի Աստվածաշնչից հատվածներ էին կարդում մարդկանց համար, նաև ձեռագիր օրինակներ էին թողնում։ Այդ քարոզիչների ջանքերը շատ մեծ նշանակություն ունեցան, քանի որ դրանց շնորհիվ մարդկանց մեջ կրկին հետաքրքրություն առաջացավ Աստծու Խոսքի հանդեպ։
12. Հոգևորականությունն ինչպե՞ս արձագանքեց Ուիքլիֆի ու նրա հետևորդների գործունեությանը։
12 Ինչպե՞ս այս ամենին արձագանքեց հոգևորականությունը։ Նրանք ատելությամբ լցվեցին Ուիքլիֆի, նրա Աստվածաշնչի և հետևորդների հանդեպ։ Այդ կրոնական առաջնորդները սկսեցին հալածել լոլարդներին և ոչնչացրին Ուիքլիֆի Աստվածաշնչի՝ իրենց գտած բոլոր օրինակները։ Ու թեև Ուիքլիֆն արդեն մահացել էր, նրան հերետիկոս հայտարարեցին։ Քանի որ մեռած մարդուն հնարավոր չէր պատժել, հոգևորականները գերեզմանից հանեցին ու այրեցին նրա ոսկորները, իսկ մոխիրը Սվիֆտ գետը լցրին։ Սակայն եկեղեցին չէր կարող կանգնեցնել Աստծու Խոսքի տարածումը այն մարդկանց շրջանում, ովքեր ցանկանում էին կարդալ ու հասկանալ այն։ Հետագա դարերում շատերը Եվրոպայում և աշխարհի այլ մասերում սկսեցին թարգմանել ու տարածել Աստվածաշունչը, ինչը օգուտ բերեց հասարակ մարդկանց։
«ՆԱ, ՈՎ ՕԳՏԱԿԱՐ ԲԱՆԵՐ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ՔԵԶ»
13. Ինչո՞ւմ ենք համոզված, և դա ինչպե՞ս է զորացնում մեր հավատը։
13 Աստվածաշունչը գրվել է Աստծու ներշնչմամբ, սակայն դա չի նշանակում, որ Սուրբ Գրքի որևէ թարգմանություն նույնպես արվել է Աստծու ներշնչմամբ, այդ թվում՝ «Յոթանասնից»-ը, Ուիքլիֆի Աստվածաշունչը և «Ջեյմս թագավորի թարգմանությունը»։ Այդուհանդերձ, երբ ուսումնասիրում ենք այս և բազում ուրիշ թարգմանությունների պատմությունը, համոզվում ենք, որ Եհովայի խոստումը կատարվել է՝ նրա Խոսքը պահպանվել է։ Մի՞թե սա չի զորացնում քո հավատը այն բանի հանդեպ, որ Աստծու մյուս բոլոր խոստումներն էլ կկատարվեն (Հեսու 23։14)։
14. Ինչպե՞ս է խորանում մեր սերը Եհովայի հանդեպ, երբ քննում ենք Աստվածաշնչի պահպանման պատմությունը։
14 Երբ քննում ենք, թե ինչպես է դարերի ընթացքում պահպանվել Աստվածաշունչը, դա ոչ միայն զորացնում է մեր հավատը, այլև խորացնում է մեր սերը Եհովայի հանդեպ։c Ինչո՞ւ է նա մեզ տվել իր Խոսքը և այնպես արել, որ այն պահպանվի։ Որովհետև սիրում է մեզ և ուզում է օգտակար բաներ սովորեցնել (կարդա Եսայիա 48։17, 18)։ Ուստի տեղին կլինի, որ սիրենք նրան և պահենք նրա պատվիրանները (1 Հովհ. 4։19; 5։3)։
15. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
15 Քանի որ մենք գնահատում ենք Աստծու Խոսքը, ուզում ենք առավելագույնս օգուտ քաղել դրանից։ Ինչպե՞ս կարող ենք Աստվածաշնչի մեր ընթերցանությունը արդյունավետ դարձնել։ Ինչպե՞ս կարող ենք ծառայության ժամանակ մարդկանց ուշադրությունը հրավիրել Սուրբ Գրքի վրա։ Բեմից սովորեցնողները ի՞նչ կարող են անել, որ իրենց ասածը միշտ հիմնված լինի Աստծու Խոսքի վրա։ Այս հարցերի պատասխանները կստանանք հաջորդ հոդվածում։
a Տես «Անհրաժե՞շտ է արդյոք սովորել հին եբրայերեն և հունարեն» հոդվածը «Դիտարանի» 2009 թ. նոյեմբերի 1-ի համարում։
b «Ջեյմս թագավորի թարգմանության» մեջ օգտագործված մի շարք արտահայտություններ անգլերեն լեզվի մեջ մտան որպես դարձվածքներ։
c Տես «Եկեք և ինքներդ տեսեք» շրջանակը։