Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Եսայիա» գրքից (մաս 2)
ԵՍԱՅԻԱՆ հավատարմորեն կատարում է մարգարեի իր առաջադրանքը։ Իսրայելի տասցեղ թագավորության դեմ արած նրա ազդարարություններն արդեն կատարվել են։ Այժմ նա հայտնում է, թե ինչ է սպասում Երուսաղեմին։
Երուսաղեմ քաղաքը կործանվելու է, իսկ նրա բնակիչները գերի են տարվելու։ Սակայն ավերումը մշտատև չի լինելու։ Որոշ ժամանակ անց ճշմարիտ երկրպագությունը վերականգնվելու է։ Սա է Եսայիա 36։1–66։24 համարների հիմնական միտքը։a Քննելով այս գլուխները՝ մենք օգուտներ կքաղենք, քանի որ այստեղ գրված մարգարեություններից շատերը վերջնականապես կատարվում են մեր օրերում կամ կատարվելու են մոտ ապագայում։ «Եսայիա» գրքի այս հատվածում հետաքրքիր մարգարեություններ կան նաև Մեսիայի վերաբերյալ։
«ԱՀԱ ՕՐԵՐ Կ’ԳԱՆ»
Եզեկիա թագավորի իշխանության 14–րդ տարում (մ.թ.ա. 732) ասորեստանցիները ներխուժում են Հուդա։ Եհովան խոստանում է պաշտպանել Երուսաղեմը։ Քաղաքի զավթման սպառնալիքը վերանում է, երբ նրա հրեշտակը, առանց կողմնակի օգնության, սպանում է 185 000 ասորեստանցի զինվորների։
Եզեկիան հիվանդանում է։ Եհովան պատասխանում է նրա աղոթքին և բուժում՝ նրա կյանքին ավելացնելով 15 տարի։ Երբ Բաբելոնի թագավորը պատվիրակներ է ուղարկում՝ շնորհավորելու Եզեկիային, վերջինս անխոհեմաբար իր բոլոր գանձերը ցույց է տալիս նրանց։ Եսայիան Հուդայի թագավորին հաղորդում է Եհովայի խոսքերը՝ ասելով. «Ահա օրեր կ’գան որ ամեն ինչ որ կայ քո տանը եւ ինչ որ գանձեցին քո հայրերը մինչեւ այսօր, պիտի տարուին Բաբիլոն» (Եսայիա 39։5, 6)։ Այս մարգարեությունը կատարվում է շուրջ հարյուր տարի անց։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
38։8 — Ի՞նչ էին ‘աստիճանները’, որոնց վրա ընկած ստվերը ետ դարձվեց։ Քանի որ մ.թ.ա. ութերորդ դարում Եգիպտոսում և Բաբելոնում օգտագործվում էին արեգակնային ժամացույցներ, հնարավոր է՝ այդ աստիճանները վերաբերում էին այն արեգակնային ժամացույցի սանդղակին, որ ձեռք էր բերել Եզեկիայի հայրը՝ Աքազը։ Կամ պալատի ներսում կարող էր լինել սանդուղք, կողքին՝ սյուն, որը ստվեր էր գցում սանդուղքի աստիճանների վրա և կարող էր ծառայել որպես ժամը որոշելու միջոց։
Դասեր մեզ համար
36։2, 3, 22. Թեև Սեբնային ազատել էին պալատի վերակացուի պաշտոնից, այնուամենայնիվ նրան թույլատրվել էր մնալ արքունիքում և լինել իրեն փոխարինողի ատենադպիրը՝ գրագիրը (Եսայիա 22։15, 19)։ Եթե Եհովայի կազմակերպության մեջ ինչ–որ պատճառով մեզ հեռացնում են որևէ պատասխանատու նշանակումից, ապա չպե՞տք է արդյոք շարունակենք ծառայել Աստծուն այն նշանակման մեջ, որ նա թույլ է տալիս։
37։1, 14, 15; 38։1, 2. Ծանր պահերին խելացի կվարվենք, եթե աղոթենք Եհովային և լիովին ապավինենք նրան։
37։15–20; 38։2, 3. Երբ Երուսաղեմը ասորեստանցիների հարձակման վտանգի տակ էր, Եզեկիայի գլխավոր մտահոգությունն այն էր, որ եթե քաղաքը գրավվի, ապա Եհովայի անունը նախատինքի կենթարկվի։ Իմանալով իր հիվանդության մահացու լինելու մասին՝ Եզեկիան անհանգստացավ, բայց նրա անհանգստության պատճառը միայն իր առողջությունը չէր։ Եզեկիային ավելի շատ մտահոգում էր այն, թե ինչ կպատահի Դավթի թագավորական շառավղին, եթե ինքը մահանա անզավակ։ Բացի այդ, նա անհանգստանում էր, թե ով է առաջնորդելու ասորեստանցիների դեմ պայքարը։ Եզեկիայի պես՝ մենք Եհովայի անվան սրբացումը և նրա նպատակի իրականացումը համարում ենք շատ ավելի կարևոր, քան մեր անձի փրկությունը։
38։9–20. Եզեկիայի երգից սովորում ենք, որ կյանքում Եհովային փառաբանելուց ավելի կարևոր բան չկա։
«ՊԻՏԻ ՇԻՆՈՒԻՍ»
Եսայիան Երուսաղեմի կործանումն ու բաբելոնյան գերությունը կանխագուշակելուց անմիջապես հետո մարգարեանում է վերականգնման մասին (Եսայիա 40։1, 2)։ Եսայիա 44։28–ում (ԱԱ) Եհովան Երուսաղեմին ասում է. «Պիտի շինուիս»։ Բաբելոնական աստվածների կուռքերին տանելու են ինչպես «բեռներ» (Եսայիա 46։1)։ Բաբելոնը կործանվելու է։ Այս բոլորը իրականություն է դառնում երկու դար անց։
Եհովան իր ծառային ‘ազգերի լույս է շինելու’ (Եսայիա 49։6)։ Բաբելոնացիների «երկինքը», այսինքն՝ կառավարող խավը, «պիտի ծուխի պէս ցրիւ գայ», իսկ նրա հպատակները «պիտի մեռնեն» «մժեղի պէս» (ԱԱ, ծնթ.), սակայն ‘Սիոնի գերի աղջիկը բաց է անելու իր պարանոցի կապերը’ (Եսայիա 51։6; 52։2)։ Բոլոր նրանց, ովքեր գալիս են իր մոտ և լսում են իրեն, Եհովան ասում է. «Ձեզ հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ՝ Դաւիթի հաւատարիմ ողորմութիւնները» (Եսայիա 55։3)։ Աստծու արդար պահանջներով ապրելը ժողովրդին պարգևում է մեծ ‘ուրախություն Տիրոջով’ (Եսայիա 58։14, ԱԱ)։ Մինչդեռ նրանց անօրինությունները ‘բաժանում են նրանց իրենց Աստծուց’ (Եսայիա 59։2)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
40։27, 28 — Ինչո՞ւ էր Իսրայելն ասում. «Իմ ճանապարհը ծածկուած է Տէրիցը, եւ իմ Աստուածանից զանց է եղած իմ իրաւունքը»։ Բաբելոնում գտնվող հրեաներից ոմանք գուցե մտածում էին, թե Եհովայի աչքից «ծածկուած» է մնում, կամ նա չի տեսնում այն անարդարությունները, որ արվում էին իրենց հանդեպ։ Նրանց հիշեցվեց, որ Բաբելոնը անհասանելի չէ երկրի Արարչին, որը չի հոգնում և չի թուլանում։
43։18–21 — Ինչո՞ւ է գերությունից վերադարձողներին ասվում ‘չհիշել հին բաները’։ Այստեղ խոսքն այն մասին չէ, որ նրանք մոռանան Եհովայի՝ անցյալում կատարած փրկարար գործերը։ Պարզապես Եհովան ուզում է, որ նրանք փառաբանեն իրեն մի ‘նոր բանի’ հիման վրա, որը նրանք անձամբ էին զգալու, օրինակ, այն, որ նրանք ապահով հասնելու էին Երուսաղեմ, հավանաբար, ավելի կարճ՝ անապատային ճանապարհով։ «Մեծ բազմության» անդամները, որոնք դուրս են գալիս «մեծ նեղությունից», նույնպես կունենան Եհովային փառաբանելու նոր և անձնական պատճառներ (Յայտնութիւն 7։9 ԱԱ, 14)։
49։6 — Ինչպե՞ս է Մեսիան «ազգերի լոյս», եթե երկրի վրա նա ծառայեց միայն Իսրայելի որդիներին։ Եթե հաշվի առնենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ Հիսուսի մահից հետո, ապա կտեսնենք, որ Մեսիան իրոք «ազգերի լոյս» է։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եսայիա 49։6–ը վերաբերում է նաև նրա աշակերտներին (Գործք 13։46, 47)։ Այսօր օծյալ քրիստոնյաները, որոնց օգնում է երկրպագուների մեծ բազմությունը, ծառայում են որպես «ազգերի լոյս»՝ լուսավորելով մարդկանց «մինչեւ երկրի ծայրերը» (Մատթէոս 24։14; 28։19, 20)։
53։10 — Ի՞նչ իմաստով Եհովան «հաճեց զարկել» իր Որդուն։ Կարեկից Աստծու համար, անշուշտ, ցավալի էր տեսնել իր սիրելի Որդուն տանջվելիս։ Բայց նրան հաճելի էր տեսնել Հիսուսի պատրաստակամ հնազանդությունը և այն արդյունքը, որ եղավ վերջինիս չարչարանքի ու մահվան շնորհիվ (Առակաց 27։11; Եսայիա 63։9)։
53։11 — Ի՞նչ է այն ‘գիտությունը’, որի միջոցով Մեսիան «պիտի արդարացնէ.... շատերին»։ Դա այն գիտությունը, կամ՝ գիտելիքներն են, որոնք Հիսուսը ձեռք բերեց երկիր գալու, մարդ դառնալու և անարդարացիորեն մինչև մահ չարչարվելու միջոցով (Եբրայեցիս 4։15)։ Այդպիսով նա իրեն տվեց որպես քավիչ զոհաբերություն, որն անհրաժեշտ էր, որպեսզի օծյալ քրիստոնյաները և մեծ բազմությունը ‘արդարացվեին’, այսինքն՝ արդար լինեին Աստծու աչքում (Հռովմայեցիս 5։19; Յակոբոս 2։23, 25)։
56։6 — Ովքե՞ր են «օտարականների որդիքը», և ինչպե՞ս են նրանք ‘բռնում Եհովայի ուխտը’։ «Օտարականների որդիքը» Հիսուսի «ուրիշ ոչխարներն» են (Յովհաննէս 10։16)։ Այդ մարդիկ բռնում են նոր ուխտը նրանով, որ հնազանդվում են այդ ուխտի հետ կապված օրենքներին, լիովին թիկունք են կանգնում այդ ուխտի միջոցով ձեռնարկված միջոցառումներին, սնվում են այն նույն հոգևոր կերակրից, ինչ օծյալ քրիստոնյաները, և աջակցում են վերջիններիս Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործում։
Դասեր մեզ համար
40։10–14, 26, 28. Եհովան ուժեղ է և մեղմ, ամենակարող և ամենաիմաստուն, ու շատ ավելի հասկացող, քան մենք կարող ենք պատկերացնել։
40։17, 23; 41։29; 44։9; 59։4. Քաղաքական դաշինքները «ունայնութիւն» և ‘դատարկություն’ են։ Նրանց վրա հույս դնելն անիմաստ է։
42։18, 19; 43։8. Աստծու գրավոր Խոսքի առջև աչք փակելը ու «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով տրվող առաջնորդությանը ականջ չտալը նշանակում է հոգևորապես կույր և խուլ լինել (Մատթէոս 24։45)։
43։25. Եհովան ջնջում է մեր հանցանքները հանուն իրեն։ Մեղքի և մահվան կապանքներից մեր ազատագրումը և հավիտենական կյանք ձեռք բերելը երկրորդական է Եհովայի անվան սրբացման համեմատությամբ։
44։8. Մեր թիկունքին կանգնած է Եհովան, որը վեմի՝ ժայռի պես ամուր և հաստատուն է։ Մենք երբեք չպետք է վախենանք նրա Աստվածության մասին վկայություն տալուց (Բ Թագաւորաց 22։31, 32)։
44։18–20. Եթե անհատը կռապաշտ է, ապա դա նշանակում է, որ նրա սիրտն ապականված է։ Մեր սրտում Եհովայի տեղը ոչինչ չպետք է զբաղեցնի։
46։10, 11. Այն, որ Եհովան կարող է ‘հաստատել իր խորհուրդը’, այսինքն՝ իրականացնել իր նպատակը, անսխալաբար մատնացույց է անում նրա Աստվածությանը։
48։17, 18; 57։19–21. Եթե Եհովայից ենք սպասում փրկություն, եթե մտերմանում ենք նրա հետ և եթե ուշադրություն ենք դարձնում նրա պատվիրաններին, ապա մեր խաղաղությունը առատ կլինի հոսող գետի ջրերի պես, իսկ մեր արդար գործերը շատ կլինեն ծովի ալիքների պես։ Ովքեր ականջ չեն դնում Աստծու Խոսքին, նման են «ալէծուփ ծովի»։ Նրանք խաղաղություն չունեն։
52։5, 6. Բաբելոնացիները սխալ եզրակացության եկան՝ մտածելով, որ ճշմարիտ Աստվածը թույլ է։ Նրանք չէին հասկանում, որ Իսրայելը գերության մեջ էր այն պատճառով, որ զրկվել էր Եհովայի հաճությունից։ Երբ ինչ–որ մեկին դժբախտություն է պատահում, իմաստուն կլինի հապճեպ եզրակացություններ չանել դրա պատճառի վերաբերյալ։
52։7–9; 55։12, 13. Մենք առնվազն երեք պատճառ ունենք՝ ուրախությամբ մասնակցելու Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին։ Մեր ոտքերը «գեղեցիկ» են խոնարհ մարդկանց համար, որոնք հոգևորապես քաղցած են։ Մենք Եհովային տեսնում ենք «դէմ յանդիման», այսինքն՝ մտերիմ փոխհարաբերություն ունենք նրա հետ։ Բացի այդ, վայելում ենք հոգևոր բարգավաճում։
52։11, 12. Պետք է հոգևորապես և բարոյապես մաքուր լինենք, որպեսզի արժանի լինենք Եհովայի «սպասները» կրելու, այսինքն՝ սուրբ ծառայության մեջ բաժին ունենալու։
58։1–14. Նվիրվածության և արդարության կեղծ դրսևորումներն իզուր են։ Ճշմարիտ երկրպագուները պետք է միշտ անկեղծորեն դրսևորեն իրենց նվիրվածությունն ու եղբայրասիրությունը (Յովհաննէս 13։35; Բ Պետրոս 3։11)։
59։15բ–19. Եհովան դիտում է մարդկանց գործերը և միջամտում այն ժամանակ, երբ ճիշտ է համարում։
ՆԱ ‘ՓԱՌԱՎՈՐ ՊՍԱԿ Է ԼԻՆԵԼՈՒ’
Անցյալում և մեր ժամանակներում ճշմարիտ երկրպագության վերականգնման մասին Եսայիան ասում է. «Վեր կաց, լուսաւորուիր, որովհետեւ լոյսդ եկել է, եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վերայ» (Եսայիա 60։1)։ Սիոնը «փառաւոր պսակ [է լինելու] Տիրոջ ձեռքումը» (Եսայիա 62։3)։
Եսայիան աղոթում է Եհովային իր այն հայրենակիցների համար, ովքեր բաբելոնյան գերության մեջ կզղջան (Եսայիա 63։15–64։12)։ Ճշմարիտ ծառաներին համեմատելով կեղծ ծառաների հետ՝ մարգարեն հայտնում է, թե ինչպես է Եհովան օրհնելու իրեն ծառայողներին (Եսայիա 65։1–66։24)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
61։8, 9 — Ի՞նչ է ‘հավիտենական ուխտը’, և ո՞վ է «սերունդը»։ Դա նոր ուխտն է, որ Եհովան կնքել է օծյալ քրիստոնյաների հետ։ Իսկ «սերունդը» «ուրիշ ոչխարներն» են՝ այն միլիոնավոր մարդիկ, ովքեր արձագանքում են նրանց պատգամին (Յովհաննէս 10։16)։
63։5 — Աստծու բարկությունն ինչպե՞ս է նրա «ձեռքը բռնողը»։ Աստված լիովին տիրապետում է իր բարկության զգացումին։ Նրա բարկությունն արդարացի է։ Այն ‘բռնում է Աստծու ձեռքը’, կամ՝ «զորավիգ է լինում’ (ԷԹ) նրան՝ մղելով արդար դատաստաններ իրագործելու։
Դասեր մեզ համար
64։6բ, ԱԱ. Անկատար մարդիկ չեն կարող իրենք իրենց փրկել։ Նրանք չեն կարող քավել իրենց մեղքերը՝ կատարելով ‘արդար գործեր’, որովհետև դրանք ‘անմաքուր լաթից’ ավելին չեն (Հռովմայեցիս 3։23, 24)։
65։13, 14. Եհովան օրհնում է իր հավատարիմ ծառաներին՝ առատորեն բավարարելով նրանց հոգևոր կարիքները։
66։3–5. Եհովան ատում է կեղծավորությունը։
«Դուք պիտի ուրախանաք»
Որքա՜ն մխիթարական պետք է որ լինեին վերականգնման մասին մարգարեությունները բաբելոնյան գերության մեջ գտնվող հավատարիմ հրեաների համար։ «Դուք պիտի ուրախանաք,— ասում է Եհովան,— եւ բերկրուիք յաւիտեանս յաւիտենից նորանով, որ ես ստեղծելու եմ։ Որովհետեւ ահա ես ստեղծում եմ Երուսաղէմը բերկրանք [«ցնծութեան համար», ԱԱ] եւ նորա ժողովուրդը՝ ուրախութիւն [«ուրախութեան համար», ԱԱ] (Եսայիա 65։18)։
Մենք ևս ապրում ենք այնպիսի ժամանակում, երբ խավարը պարուրել է երկիրը, և թանձր մառախուղը՝ ազգերին (Եսայիա 60։2)։ Ներկայումս «չար ժամանակներ» են (Բ Տիմոթէոս 3։1)։ Ուստի «Եսայիա» գրքում փրկության մասին Եհովայի տված լուրը մեծ քաջալերանք է մեզ համար (Եբրայեցիս 4։12)։
[ծանոթագրություն]
a Եսայիա 1։1–35։10 համարների քննարկումը տե՛ս «Դիտարանի» 2006 թ. դեկտեմբերի 1–ում տպագրված «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Եսայիա» գրքից (մաս 1)» հոդվածում։
[նկար 8–րդ էջի վրա]
Գիտե՞ս, թե Եզեկիան գլխավորապես ինչու աղոթեց ասորեստանցիներից փրկվելու համար
[նկար 11–րդ էջի վրա]
«Ի՜նչ գեղեցիկ են սարերի վերայ աւետարանչի ոտքերը»