Եհովան «Փրկիչ» է մեզ համար
«[Եհովան] կ’օգնէ նորանց եւ կ’ազատէ նորանց» (ՍԱՂ. 37։40)։
1, 2. Եհովայի մասին ո՞ր բացարձակ ճշմարտությունն է մխիթարում և զորացնում մեզ։
ԱՐԵՎԻ առաջացրած ստվերները անշարժ չեն մնում։ Երկրագունդը պտտվում է, և դրանք անընդհատ շարժվում են և փոխվում։ Սակայն երկիրն ու արեգակը Ստեղծողը չի փոփոխվում (Մաղ. 3։6)։ «Նա,— ասում է Աստվածաշունչը,— չի փոխվում փոփոխվող ստվերի պես» (Հակ. 1։17)։ Եհովայի մասին այս բացարձակ ճշմարտությունը իսկապես մխիթարում և զորացնում մեզ, հատկապես երբ դժվար իրավիճակների ու փորձությունների մեջ ենք։ Ի՞նչ հիմքեր ունենք այդպես ասելու։
2 Ինչպես տեսանք նախորդ հոդվածում, Եհովան «Փրկիչ» է եղել աստվածաշնչյան ժամանակներում (Սաղ. 70։5)։ Նա չի փոխվում և միշտ հավատարիմ է իր խոսքին, ուստի նրա ծառաներն այսօր բոլոր հիմքերն ունեն վստահ լինելու, որ Եհովան «կ’օգնէ նորանց եւ կ’ազատէ» (Սաղ. 37։40)։ Ինչպե՞ս է Աստված ազատում իր ծառաներին մեր օրերում։ Ինչպե՞ս է նա փրկում մեզ անհատապես։
Ազատում է հակառակորդներից
3. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ հակառակորդները չեն կարող խափանել բարի լուրի քարոզչությունը։
3 Որքան էլ որ Սատանան հակառակություն հրահրի Եհովայի վկաների դեմ, միևնույն է, նրանք երկրպագելու են բացառապես Եհովային։ Միայն նա է արժանի երկրպագության։ Աստծու Խոսքը հավաստիացնում է մեզ. «Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի, եւ ամեն լեզու որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի, պիտի դատապարտուի» (Ես. 54։17)։ Հակառակորդները ջանացել են, բայց չեն կարողացել ստիպել Աստծու ժողովրդին դադարեցնել քարոզչական գործը։ Քննենք երկու օրինակ։
4, 5. 1918–ին Եհովայի ժողովուրդը ի՞նչ հակառակություն դիմագրավեց, և ի՞նչ եղավ հետո։
4 1918 թ.–ին հոգևորականությունը Աստծու ծառաներին լռեցնելու նպատակով հալածանքի ալիք բարձրացրեց նրանց դեմ։ Մայիսի 7–ին կառավարությունը Ջ. Ռադերֆորդին և գլխավոր վարչության այլ անդամների ձերբակալելու կարգադրագրեր ստորագրեց։ Եղբայր Ռադերֆորդը այդ ժամանակ ղեկավարում էր համաշխարհային քարոզչական գործը։ Նրանց անհիմն կերպով մեղադրեցին պետության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ։ Երկու ամիս տևած դատավարությունը ավարտվեց նրանով, որ եղբայրներին դատապարտեցին երկարաժամկետ ազատազրկման։ Արդյոք հակառակորդներին հաջողվե՞ց մեկընդմիշտ կանգնեցնել քարոզչական գործը։ Անշուշտ ո՛չ։
5 Հիշենք Եհովայի խոստումը՝ «բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի»։ 1919 թ. մարտի 26–ին դեպքերի ընթացքը կտրուկ փոխվեց. դատավճիռները կայացնելուց 9 ամիս անց եղբայր Ռադերֆորդին և նրա ընկերներին գրավի դիմաց ազատ արձակեցին։ Հաջորդ տարի՝ 1920 թ. մայիսի 5–ին, նրանց վրայից մեղադրանքները հանվեցին։ Լինելով ազատության մեջ՝ եղբայրները ամբողջ թափով մխրճվեցին Թագավորության գործի մեջ։ Ի՞նչ արդյունքով։ Այդ ժամանակից սկսած՝ աննախադեպ աճ է գրանցվել, և այս ամենի հետևում, անկասկած, կանգնած է եղել Եհովան՝ «Փրկիչը» (1 Կորնթ. 3։7)։
6, 7. ա) Ի՞նչ հակառակության բախվեցին Եհովայի վկաները նացիստական Գերմանիայում, և ինչո՞վ վերջացավ այն։ բ) Ինչի՞ մասին է փաստում Եհովայի վկաների ժամանակակից պատմությունը։
6 Քննենք երկրորդ օրինակը։ 1934 թ.–ին Հիտլերը երդվեց բնաջինջ անել Գերմանիայի Եհովայի վկաներին։ Դրանք դատարկ խոսքեր չէին։ Հետևեցին համատարած ձերբակալումներ և բանտարկություններ։ Հազարավոր Վկաներ հալածվեցին, իսկ հարյուրավորներ սպանվեցին համակենտրոնացման ճամբարներում։ Կարողացա՞վ Հիտլերը արմատախիլ անել Եհովայի վկաներին։ Կարողացա՞վ կանգնեցնել բարի լուրի քարոզչությունը Գերմանիայում։ Ամենևի՛ն։ Հալածանքի ժամանակ մեր եղբայրները քարոզչությունը շարունակեցին ընդհատակում։ Իսկ երբ նացիստական ռեժիմը փլուզվեց, նրանք սկսեցին քարոզել ազատորեն։ Այսօր Գերմանիայում կա Թագավորության ավելի քան 165 000 քարոզիչ։ «Փրկիչը» մեկ անգամ ևս պահեց իր խոստումը՝ «բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի»։
7 Եհովայի վկաների ժամանակակից պատմությունը փաստում է, որ Եհովան երբեք թույլ չի տա իր ժողովրդի բնաջնջումը որպես խմբի (Սաղ. 116։15)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրա առանձին ծառաների մասին։ Ինչպե՞ս է նա փրկում մեզ անհատապես։
Աստված պաշտպանո՞ւմ է ֆիզիկապես
8, 9. ա) Որտեղի՞ց գիտենք, որ մեր ֆիզիկական պաշտպանությունը երաշխավորված չէ։ բ) Ի՞նչ պետք է իրատեսորեն ընդունենք։
8 Մենք գիտենք, որ մեր ֆիզիկական պաշտպանությունը՝ որպես առանձին անհատների երաշխավորված չէ։ Մենք ընդօրինակում ենք երեք հավատարիմ եբրայեցիներին, որոնք հրաժարվեցին խոնարհվել Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած ոսկե արձանի առաջ։ Այդ աստվածավախ երիտասարդները չէին ակնկալում, որ Եհովան հրաշքով կպաշտպանի իրենց ֆիզիկական վնասից (կարդա՛ Դանիէլ 3։17, 18)։ Ինչևէ, Աստված ազատեց նրանց թեժ հնոցի բոցերից (Դան. 3։21–27)։ Բայցևայնպես, հրաշքի միջոցով փրկվելը անգամ աստվածաշնչային ժամանակներում հրաշքի միջոցով փրկվելը ավելի շուտ բացառություն էր, քան կանոն։ Իրողությունն այն է, որ Եհովայի բազմաթիվ հավատարիմ ծառաներ են մահացել հակառակորդների ձեռքով (Եբր. 11։35–37)։
9 Իսկ այսօ՞ր։ Լինելով «Փրկիչ»՝ Եհովան անշուշտ կարո՛ղ է առանձին անհատների ազատել վտանգավոր իրավիճակներից։ Բայց կարո՞ղ ենք լիովին համոզված ասել, որ այս կամ այն դեպքում Աստված միջամտել է կամ չի միջամտել։ Ո՛չ։ Այդուհանդերձ, այն անհատը, ով ազատվել է վտանգավոր իրավիճակից, գուցե զգա, որ Եհովան իրեն օգնել է։ Մեծ համարձակություն կլինի նրա զգացածը կասկածի ենթարկելը։ Միևնույն ժամանակ պետք է իրատեսորեն ընդունենք, որ շատ հավատարիմ քրիստոնյաներ մահացել են հալածանքի պատճառով, օրինակ՝ նացիզմի տարիներին։ Ոմանք էլ մահացել են ողբերգական հանգամանքներում (Ժող. 9։11)։ Գուցե մեր մեջ հարց առաջանա. «Արդյո՞ք Եհովան չի կարողացել «Փրկիչ» լինել այն հավատարիմների համար, ում կյանքի թելը կտրվել է»։ Ինչ խոսք, դա այդպես չէ։
10, 11. Ինչո՞ւ է մարդն անօգնական մահվան դեմ, բայց Եհովան ի՞նչ կարող է անել։
10 Մտածենք հետևյալի շուրջ. մարդը անօգնական է մահվան դեմ։ Ոչ մի մարդ չի կարող «իր անձը դժոխքի [«գերեզմանի», ՆԱ] ձեռքից փրկել» (Սաղ. 89։48)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Եհովայի մասին։ Մի քույր, ով անցել է նացիստական սարսափների միջով և համակենտրոնացման ճամբարներում կորցրել է հարազատներ, հիշում է, թե մի անգամ ինչ ասաց իր Վկա մայրը իրեն մխիթարելու համար. «Եթե մահը կարողանար մարդկանց անվերջ պահել իր կապանքներում, կստացվեր, որ նա Աստծուց ուժեղ է, չէ՞»։ Անկասկած, մահը չի կարող իր «ուժերը չափել» կյանքի ամենակարող Աղբյուրի հետ (Սաղ. 36։9)։ Բոլոր նրանք, ովքեր գերեզմանում են, Եհովայի հիշողության մեջ են, և նա կազատի յուրաքանչյուրին (Ղուկ. 20։37, 38; Հայտն. 20։11–14)։
11 Իսկ մինչ այդ ժամանակը կգա, Եհովան այսօր ակտիվորեն հետաքրքրված է իր հավատարիմ երկրպագուների կյանքով։ Այժմ քննենք, թե ինչ երեք կերպով է նա հանդես գալիս որպես «Փրկիչ» մեզ համար։
Պաշտպանում է հոգևոր առումով
12, 13. Հոգևոր պաշտպանությունը ինչո՞ւ է ամենակարևորը, և ինչպե՞ս է Եհովան հոգևորապես պաշտպանում։
12 Եհովան մեզ պաշտպանում է հոգևոր առումով։ Սա ամենակարևորն է։ Լինելով ճշմարիտ քրիստոնյաներ՝ հասկանում ենք, որ մեր ներկա կյանքից ավելի թանկ բան կա։ Մեզ համար ամենաթանկը Աստծու հետ մեր անձնական փոխհարաբերությունն է (Սաղ. 25։14; 63։3)։ Առանց դրա՝ մեր կյանքը առանձնապես իմաստ չէր ունենա, իսկ մեր ապագան անհույս կլիներ։
13 Բարեբախտաբար, Եհովան մեզ տալիս է այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որ իր հետ մեր մտերիմ փոխհարաբերությունները պահպանենք։ Մեզ օգնում են նրա Խոսքը, սուրբ ոգին և համաշխարհային ժողովը։ Ինչպե՞ս կարող ենք առավելագույնս օգտվել այս միջոցներից։ Կանոնավորաբար և ջանասիրությամբ ուսումնասիրելով Աստծու Խոսքը՝ մենք կամրացնենք մեր հավատը և ավելի պայծառ կդարձնենք մեր հույսը (Հռոմ. 15։4)։ Ջերմեռանդորեն խնդրելով նրա ոգին՝ օգնություն կստանանք, որպեսզի կարողանանք դիմադրել կասկածելի վարք դրսևորելու գայթակղությանը (Ղուկ. 11։13)։ Հետևելով այն առաջնորդությանը, որ տալիս է ծառա դասակարգը Աստվածաշնչի վրա հիմնված գրականության, ինչպես նաև ժողովների և համաժողովների միջոցով՝ մենք կսնվենք «ճիշտ ժամանակին տրված [հոգևոր] կերակրով» (Մատթ. 24։45)։ Այս ամենը մեզ պաշտպանում է հոգևորապես և օգնում է մոտ մնալու Աստծուն (Հակ. 4։8)։
14. Պատմիր մի դեպք, որն ընդգծում է, թե ինչպես է Եհովան պաշտպանում հոգևոր առումով։
14 Օրինակով քննենք, թե ինչպես է Եհովան պաշտպանում հոգևոր առումով։ Հիշենք նախորդ հոդվածի սկզբում նշված ծնողներին։ Մի քանի օր անց այն բանից հետո, երբ նրանք իմացան իրենց դստեր՝ Թերեզայի անհետացման մասին, նրանք սարսափելի լուր ստացան. Թերեզան սպանվել էրa։ Հայրը հիշում է. «Ես Եհովային աղոթել էի, որ պաշտպանի նրան։ Բայց երբ աղջկաս սպանված գտան, պետք է խոստովանեմ, որ սկզբում չէի հասկանում, թե ինչու Աստված չպատասխանեց իմ աղոթքներին։ Իհարկե, գիտեի, որ Եհովան չի երաշխավորում, որ հրաշքով անհատապես կպաշտպանի իր ծառաներին։ Ես շարունակեցի աղոթել հասկացողություն ստանալու համար։ Ինձ մխիթարում էր այն միտքը, որ Եհովան պաշտպանում է իր ժողովրդին հոգևոր առումով, այսինքն՝ նա տալիս է այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի մեր և իր փոխհարաբերությունները ամուր մնան։ Հոգևոր պաշտպանությունը ամենակարևորն է, որովհետև այն հնարավորություն է տալիս մեզ հավիտենական կյանքի հույս ունենալ։ Այս իմաստով՝ Եհովան իրոք պաշտպանեց Թերեզային. նա մինչև մահանալը հավատարմորեն ծառայում էր Եհովային։ Ինձ հանգստացնում է այն միտքը, որ նրա ապագան գտնվում է Աստծու սիրառատ ձեռքերում»։
Նեցուկ է լինում հիվանդության ժամանակ
15. Ինչպե՞ս կարող է Եհովան օգնել մեզ, երբ ունենք առողջական լուրջ խնդիր։
15 Եհովան կարող է նաև մեզ օգնել «տկարութեան անկողնում», ինչպես որ Դավթին օգնեց (Սաղ. 41։3)։ Չնայած Աստված մեր ժամանակներում հրաշքով բուժումներ չի անում, նա իսկապես նեցուկ է լինում մեզ։ Ինչպե՞ս։ Նրա Խոսքում գրված սկզբունքները կօգնեն մեզ իմաստուն որոշումներ կայացնելու բուժման և այլ հարցերի վերաբերյալ (Առակ. 2։6)։ Կարող ենք օգտակար տեղեկություններ և գործնական խորհուրդներ գտնել «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի այն հոդվածներում, որտեղ քննարկվում են մեր առողջական խնդրի հետ կապված թեմաներ։ Իր ոգու միջոցով Եհովան կարող է մեզ տալ «սովորականին գերազանցող զորությունը», որպեսզի հարմարվենք մեր իրավիճակին և, ինչ էլ որ պատահի, պահպանենք մեր անարատությունը (2 Կորնթ. 4։7)։ Ունենալով նման օգնություն՝ կկարողանանք չափից դուրս չմտահոգվել մեր առողջական խնդրով և չկորցնել հոգևոր հավասարակշռությունը։
16. Մի եղբայր ինչպե՞ս է դիմանում հիվանդությանը։
16 Քննենք այն երիտասարդ եղբոր օրինակը, որի մասին նշվեց նախորդ հոդվածի սկզբում։ 1998 թ.–ին նրա մոտ հայտնաբերվեց Շարկոյի հիվանդություն, որի պատճառով նա, ի վերջո, լիովին զրկվեց շարժվելու կարողությունիցb։ Ինչպե՞ս է եղբայրը դիմանում հիվանդությանը։ Նա բացատրում է. «Երբեմն սրտի ցավ եմ զգում և հուսահատվում եմ, երբ մտածում եմ, որ միայն մահը ինձ կազատի տառապանքից։ Նման պահերին աղոթում եմ Եհովային, որ ինձ տա երեք բան՝ խաղաղ սիրտ, համբերություն և տոկունություն։ Զգում եմ, որ Եհովան պատասխանում է իմ աղոթքներին։ Խաղաղ սիրտը հնարավորություն է տալիս կենտրոնանալու մխիթարական մտքերի վրա։ Օրինակ՝ մտածում եմ, թե ինչպիսին կլինի նոր աշխարհը, որտեղ դարձյալ կկարողանամ քայլել, ճաշակել համեղ ուտելիք և զրուցել ընտանիքիս հետ։ Համբերությունը օգնում է ինձ դիմանալու հիվանդության պատճառած դժվարություններին։ Իսկ տոկունության շնորհիվ կարողանում եմ հավատարիմ մնալ և չկորցնել հոգևոր հավասարակշռությունս։ Սաղմոսերգու Դավթի պես՝ կարող եմ համոզված ասել, որ Եհովան մխիթարում և ուժ է տալիս ինձ տկարության անկողնում» (Ես. 35։5, 6)։
Ապահովում է անհրաժեշտ միջոցներով
17. Ի՞նչ է Եհովան խոստացել մեզ, և ի՞նչ է այդ խոստումը նշանակում։
17 Եհովան խոստանում է հոգալ մեր նյութական կարիքները (կարդա՛ Մատթեոս 6։33, 34 և Եբրայեցիներ 13։5, 6)։ Սակայն դա չի նշանակում, որ այդ կարիքների բավարարումը պետք է թողնենք պատահականության հույսին, և ոչ էլ նշանակում է, որ կարող ենք չաշխատել (2 Թեսաղ. 3։10)։ Եհովայի այս խոստումը նշանակում է հետևյալը. եթե Աստծու Թագավորությունը մեր կյանքում առաջին տեղում ենք դնում և պատրաստ ենք աշխատանքով ապրուստի միջոցներ հայթայթելու, ապա կարող ենք վստահ լինել, որ նա կօգնի մեզ ձեռք բերելու անհրաժեշտ բաները (1 Թեսաղ. 4։11, 12; 1 Տիմոթ. 5։8)։ Եհովան կարող է դրանք մեզ տալ այնպիսի ձևով, որ մենք չենք սպասում, օրինակ՝ հավատակցի միջոցով, ով գուցե օգնի մեզ նյութապես կամ առաջարկի աշխատանք։
18. Պատմիր մի դեպք, որը ցույց է տալիս, որ Եհովան հոգում է մեր կարիքները նեղության ժամանակ։
18 Հիշենք նաև այն միայնակ մորը, որի մասին նշվեց նախորդ հոդվածի առաջին պարբերությունում։ Երբ այդ կինը և նրա աղջիկը փոխեցին իրենց բնակավայրը, նա չէր կարողանում աշխատանք գտնել։ Կինը պատմում է. «Ամեն օր առավոտյան գնում էի քարոզչական ծառայության, իսկ կեսօրից հետո աշխատանք էի փնտրում։ Հիշում եմ՝ մի օր մտա խանութ՝ կաթ գնելու։ Կանգ առա ու նայեցի բանջարեղենի կողմը, բայց բավականաչափ փող չունեի ինչ–որ բան գնելու համար։ Կյանքումս երբեք այդպես չէի ընկճվել։ Երբ տուն վերադարձա, տանս հետնամուտքում դրված էին ամեն տեսակի բանջարեղենով լի պարկեր։ Բանջարեղենն այնքան շատ էր, որ կարող էր երկուսիս բավարարել մի քանի ամիս։ Ես սկսեցի արտասվել ու շնորհակալություն հայտնել Եհովային»։ Մեր քույրը շուտով իմացավ, որ այդ պարկերը բերել էր ժողովի եղբայրներից մեկը, որը բանջարանոց ուներ։ Նա եղբորը գրեց. «Թեև ես շատ շնորհակալ եմ քեզ, բայց նաև շնորհակալ եմ Եհովային, որ քո բարության միջոցով ինձ հիշեցրեց իր սիրո մասին» (Առակ. 19։17)։
19. Մեծ նեղության ժամանակ Եհովայի ծառաները ինչո՞ւմ վստահ կլինեն, և ի՞նչ պետք է վճռենք այսօր։
19 Եվ այսպես՝ այն, ինչ Եհովան արել է աստվածաշնչյան ժամանակներում և անում է մեր օրերում, մեզ հիմք է տալիս ապավինելու նրան՝ մեր Օգնականին։ Շուտով, երբ մեծ նեղությունը գա Սատանայի աշխարհի վրա, մենք, ինչպես երբեք, Եհովայի օգնության կարիքը կզգանք և լիովին նրան կապավինենք։ Աստծու ծառաները կբարձրացնեն իրենց գլուխները և կցնծան՝ հասկանալով, որ իրենց ազատագրումը մոտեցել է (Ղուկ. 21։28)։ Իսկ մինչ այդ, ինչպիսի փորձության էլ որ բախվենք, եկեք վճռենք ապավինել Եհովային և լիովին վստահ լինել, որ մեր չփոփոխվող Աստվածը իսկապես «Փրկիչ» է։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Արթնացե՛ք», 2001, հուլիսի 22, էջ 19–23, անգլ., ռուս.։
b Տե՛ս «Հավատս օգնում է պայքարել ծանր հիվանդության դեմ» հոդվածը «Արթնացե՛ք»–ի 2006 թ. ապրիլ–հունիսի համարում (էջ 17–21, [2006, հունվար, էջ 25–29, ռուս.])։
Հիշո՞ւմ եք
• Ինչպե՞ս կարող է Եհովան «Փրկիչ» լինել այն անհատների համար, ում կյանքի թելը կտրվել է։
• Հոգևոր պաշտպանությունը ինչո՞ւ է ամենակարևորը։
• Ի՞նչ է նշանակում այն, որ Եհովան խոստացել է հոգալ մեր նյութական կարիքները։
[նկար 8–րդ էջի վրա]
Եղբայր Ռադերֆորդը և նրա ընկերները ձերբակալվեցին 1918–ին, բայց հետագայում ազատ արձակվեցին, իսկ մեղադրանքները նրանց վրայից հանվեցին
[նկար 10–րդ էջի վրա]
Եհովան մխիթարում և ուժ է տալիս մեզ «տկարութեան անկողնում»