Եհովան իր ժողովրդին զարդարում է լույսով
«Վեր կաց, լուսաւորուիր, որովհետեւ լոյսդ եկել է, եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վերայ» (ԵՍԱՅԻԱ 60։1)։
1, 2. ա) Ինչպիսի՞ն է մարդկության կացությունը։ բ) Ո՞վ է աշխարհում տիրող խավարի պատճառը։
«ԵՐԱՆԻ՜ թե Եսայիան կամ Սուրբ Պողոսը կենդանի լինեին»։ Այս խոսքերը պատկանում են Հարրի Տրումենին, որը ԱՄՆ–ի նախագահն էր 40–ական թվականներին։ Ինչո՞ւ նա այսպիսի հառաչագին խոսքեր արտաբերեց։ Տրումենը զգում էր, որ աշխարհին անհրաժեշտ են բարձր բարոյականության տեր ղեկավարներ։ Մարդկությունը նոր էր դուրս եկել 20–րդ դարի խավարագույն ժամանակաշրջանից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից։ Թեև պատերազմն ավարտվել էր, այնուամենայնիվ աշխարհում դեռևս խաղաղություն չկար. աշխարհը խավարի մեջ էր։ Այդ պատերազմից անցել է 57 տարի, բայց աշխարհը այդպես էլ խավարից դուրս չի եկել։ Եթե նախագահ Տրումենն այսօր կենդանի լիներ, անշուշտ նույն խոսքերը կասեր։
2 Հայտնի չէ՝ Տրումենը տեղյակ էր, թե՝ ոչ, որ մարդկությունը խավարի մեջ է, բայց Պողոսը խոսել է այդ մասին իր նամակներում՝ նախազգուշացնելով հավատակիցներին։ Օրինակ՝ նա գրեց. «Մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են» (Եփեսացիս 6։12, ԱԹ)։ Պողոսի այս խոսքերը ցույց են տալիս, որ նա ոչ միայն գիտեր, որ աշխարհը պարուրված է հոգևոր խավարով, այլ նաև, թե որտեղից է ծագում այդ խավարը. այն բխում է հզոր դիվային ուժերից՝ ‘աշխարհակալներից’։ Բայց եթե հզոր ոգեղեն արարածներն են դրա պատճառը, ապա ի՞նչ կարող են անել հասարակ մարդիկ, որպեսզի ցրեն աշխարհի խավարը։
3. Չնայած որ մարդկությունը խավարի մեջ է, ի՞նչ կանխագուշակեց Եսայիան հավատարիմ մարդկանց համար։
3 Եսայիան նույնպես խոսեց աշխարհին պարուրած խավարի մասին (Եսայիա 8։22; 59։9)։ Սակայն նա Աստծո ներշնչումով նաև կանխագուշակեց, որ նույնիսկ ներկայիս խավար ժամանակներում Աստված պայծառացնելու է իրեն սիրողների հայացքը։ Այո, թեև Պողոսն ու Եսայիան անձամբ մեզ հետ չեն, բայց մենք ունենք նրանց գրությունները, որ գրվել են Աստծո ներշնչումով, ու կարող ենք առաջնորդվել դրանցով։ Որպեսզի տեսնենք, թե ինչ օրհնություն է մեզ՝ Եհովային սիրողներիս համար այդ գրություններն ունենալը, եկեք քննարկենք Եսայիայի այն մարգարեական խոսքերը, որ գրված են նրա գրքի 60–րդ գլխում։
Մարգարեական «կինը» լուսավորում է
4, 5. ա) Ի՞նչ հրամայեց Եհովան կնոջը ու ի՞նչ խոստացավ նրան։ բ) Ի՞նչ հետաքրքիր տեղեկություններ կան Եսայիա 60–րդ գլխում։
4 Եսայիա 60–րդ գլխի առաջին խոսքերը հասցեագրված են խիստ անմխիթար վիճակում գտնվող մի կնոջ. նա բերանքսիվայր ընկած էր գետնին, և նրա շուրջը ամբողջությամբ խավար էր տիրում։ Հանկարծ մի լույս է ճառագում, և Եհովան ձայն է տալիս այդ կնոջը. «Վեր կաց, լուսաւորուիր, որովհետեւ լոյսդ եկել է, եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վերայ» (Եսայիա 60։1)։a Եկել է ժամանակը, որ այս կինը վեր կենա ու արտացոլի Աստծո լույսը, Նրա փառքը։ Ինչո՞ւ։ Հաջորդ համարում կարդում ենք պատասխանը. «Ահա խաւարը ծածկել է [«պիտի ծածկէ», Արևմտ. Աստ.] երկիրը, եւ մառախուղն՝ ազգերը. բայց քեզ վերայ ծագում է Տէրը, եւ նորա փառքը երեւում է քեզ վերայ» (Եսայիա 60։2)։ Կինը հնազանդվում է Եհովային, և նրան հավաստիացում է տրվում, որ իր արած գործը շատ արդյունավետ կլինի։ Եհովան ասում է. «Ման են գալիս [«Պիտի գան», Արևմտ. Աստ.] ազգերը դէպի քո լոյսը, եւ թագաւորները՝ դէպի քեզ վերայ ծագած պայծառութիւնը» (Եսայիա 60։3)։
5 Այս երեք հետաքրքրաշարժ համարները Եսայիա 60–րդ գլխի և՛ ներածական խոսքերն են, և՛ ամփոփումը։ Գլխում խոսվում է այդ կնոջը պատահող մարգարեական դեպքերի մասին և բացատրվում է, թե ինչպես մենք կարող ենք մնալ Եհովայի լույսի մեջ՝ չնայած այն բանին, որ մարդկությունը պարուրված է խավարով։ Բայց ի՞նչ են խորհրդանշում այս ներածական խոսքերը։
6. Ո՞վ է Եսայիա 60–րդ գլխում նկարագրված կինը, և ո՞վ է նրա երկրային ներկայացուցիչը։
6 Եսայիա 60։1–3 համարներում նկարագրված կինը Սիոնն է՝ Եհովայի՝ ոգեղեն էակներից բաղկացած երկնային կազմակերպությունը։ Այսօր երկրի վրա Սիոնին ներկայացնում են «Աստծու Իսրայէլի» մնացորդի անդամները, որոնք կազմում են սուրբ ոգով օծված քրիստոնյաների միջազգային ժողով և Քրիստոսի հետ երկնքում կառավարելու հույս են փայփայում (Գաղատացիս 6։16)։ Այդ հոգևոր ազգի անդամների թիվը 144 000 է, և Եսայիա 60–րդ գլխի մարգարեությունն իր ժամանակակից կատարումն է ունենում օծյալներից նրանց վրա, ովքեր այս ‘վերջին օրերում’ դեռևս երկրի վրա են (Բ Տիմոթէոս 3։1; Յայտնութիւն 14։1)։ Մարգարեության մեջ նաև բավական ուշադրություն է դարձվում օծյալ քրիստոնյաների ուղեկիցների՝ «այլ ոչխարների» «մեծ բազմության» վրա (Յայտնութիւն 7։9; Յովհաննէս 10։16)։
7. Ինչպիսի՞ն էր Սիոնի կացությունը 1918 թ.–ին, և ի՞նչ մարգարեություն էր տրվել այդ մասին։
7 Եղե՞լ է մի այնպիսի ժամանակ, որ «Աստծո Իսրայելը» ընկած լինի խավարում, ինչպես որ մարգարեության մեջ է ասվում կնոջ մասին։ Այո. դա պատահել է ավելի քան 80 տարի առաջ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օծյալ քրիստոնյաները մեծ ջանքեր էին թափում, որպեսզի վկայության գործը շարունակվեր։ Բայց 1918 թ.–ին՝ պատերազմի վերջին տարում, կազմակերպված քարոզչությունը գործնականում կանգ առավ։ Ջոզեֆ Ռադերֆորդը, որ ղեկավարում էր համաշխարհային քարոզչական գործը, և այլ ակնառու քրիստոնյաներ կեղծ մեղադրանքներով դատապարտվեցին երկարաժամկետ ազատազրկման։ «Յայտնութիւն» գրքում տրված է մի մարգարեություն, որտեղ օծյալ քրիստոնյաները նկարագրվում են որպես դիակներ՝ ընկած «մեծ քաղաքի հրապարակումը, որի անունն հոգեւորապէս Սոդոմ եւ Եգիպտոս է կոչվում» (Յայտնութիւն 11։8, ԱԹ)։ Դրանք իրոք խավար ժամանակներ էին Սիոնի համար, որին ներկայացնում էին իր՝ երկրի վրա ապրող օծյալ զավակները։
8. Ի՞նչ դրամատիկ իրադարձություն տեղի ունեցավ 1919 թ.–ին և ի՞նչ արդյունքով։
8 Բայց 1919 թ.–ին դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան։ Եհովան լույս սփռեց Սիոնի վրա։ Աստծո Իսրայելի կենդանի մնացած անդամները ոտքի ելան ու սկսեցին արտացոլել Աստծո լույսը՝ կրկին ազդարարելով բարի լուրը (Մատթէոս 5։14–16)։ Այս քրիստոնյաների շնորհիվ ուրիշներ էլ եկան դեպի Եհովայի լույսը։ Սկզբնական շրջանում նորեկները օծվում էին սուրբ ոգով և միանում Աստծո Իսրայելին։ Եսայիա 60։3–ում նրանք անվանվում են թագավորներ, քանի որ ժառանգակիցներ են լինելու Քրիստոսին Աստծո երկնային Թագավորության մեջ (Յայտնութիւն 20։6)։ Իսկ ավելի ուշ դեպի Եհովայի լույսը սկսեց գալ «այլ ոչխարների» մի մեծ բազմություն։ Սրանք են այն «ազգերը», որոնց մասին հիշատակվում է մարգարեության մեջ։
Կնոջ զավակները տուն են գալիս
9, 10. ա) Ի՞նչ ուշագրավ տեսարան բացվեց կնոջ առջև, և ի՞նչ էր այն պատկերում։ բ) Ինչո՞ւ էր Սիոնը ցնծում։
9 Եհովան սկսում է բացել Եսայիա 60։1–3 համարների իմաստը։ Նա կնոջը պատվիրում է. «Բարձրացրու աչքերդ շուրջանակի եւ տես»։ Կինը այդպես էլ վարվում է և... նրա սիրտը ցնծում է իր առջև բացված տեսարանից. նրա երեխաները տուն են գալիս։ Շարունակության մեջ ասվում է. «Բոլորը ժողովուած գալիս են դէպի քեզ. քո որդիքը հեռուանց են գալիս, եւ աղջկերքդ բազուկների մէջ են գրկուած» (Եսայիա 60։4)։ Թագավորության՝ 1919 թ.–ին սկսված քարոզչության գործը հազարավոր նորեկների մղեց ծառայելու Եհովային։ Նրանք դարձան Աստծո Իսրայելի օծյալ անդամներ՝ Սիոնի «որդիք» և «աղջկերք»։ Այսպիսով՝ Եհովան զարդարեց Սիոնը՝ 144 000–ի վերջին անդամներին բերելով դեպի լույսը։
10 Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ուրախություն էր զգում Սիոնն այն մտքից, որ իր երեխաներն իր հետ են լինելու։ Բայց Եհովան ուրախանալու մեկ ուրիշ պատճառ է տալիս նրան։ Կարդում ենք. «Այն ժամանակ կ’տեսնես եւ կ’զմայլես, եւ սիրտդ ուրախութիւնից կ’դողայ եւ կ’լայնանայ. որովհետեւ դէպի քեզ պիտի դիմէ ծովի առատութիւնը, եւ ազգերի հարստութիւնը պիտի գայ քեզ մօտ» (Եսայիա 60։5)։ Համաձայն այս մարգարեական խոսքերի՝ 1930–ականներից սկսած՝ մեծ թվով քրիստոնյաներ, որ երկրի վրա հավիտյան ապրելու հույս են փայփայում, միացել են Սիոնին։ Նրանք դուրս են եկել Աստծուց օտարացած մարդկության ‘ծովից’ և ներկայացնում են «ազգերի հարստութիւնը»։ Նրանք «բոլոր ազգերի ցանկալիք[ն]» են (Անգէ 2։7; Եսայիա 57։20)։ «Ցանկալիքը» կազմող մարդիկ Եհովային ծառայում են Նրա ուզած ձևով։ Նրանք երկրպագության մեջ միասնական են իրենց օծյալ եղբայրների հետ և նրանց հետ կազմում են մեկ «հօտ», որին հսկում է «մի հովիւ»։ Այդ միասնակությունն է՛լ ավելի է զարդարում Սիոնը (Յովհաննէս 10։16)։
Վաճառականներն ու հովիվները գալիս են դեպի Սիոն
11, 12. Նկարագրեք դեպի Սիոն շարժվող բազմությունները։
11 Հավաքվելու մասին այս մարգարեության կատարման արդյունքը Եհովային փառաբանողների թվի տպավորիչ աճն է։ Սրա մասին կանխագուշակվում է մարգարեության հետագա խոսքերում. «Ուղտերի երամակը պիտի ծածկէ քեզ՝ Մադիամի եւ Գեփայի կոզռակները, բոլորը Սաբայիցն են գալիս, ոսկի եւ կնդրուկ են բերելու, եւ Տիրոջ գովասանքներն են աւետելու» (Եսայիա 60։6)։ Մի պահ պատկերացրեք, որ մարգարեության մեջ նկարագրված կնոջ հետ կանգնած եք Սիոն սարի վրա, նայում եք դեպի արևելք և տեսնում եք այդ ամենը. վաճառականների բազմությունն ուղտերի քարավաններով ընթանում է դեպի Երուսաղեմ։ Ուղտերը հեղեղի պես ծածկում են երկիրը։ Առևտրականները թանկարժեք նվերներ են բերում՝ «ոսկի եւ կնդրուկ»։ Նրանք գալիս են դեպի Եհովայի լույսը, որպեսզի հրապարակավ փառաբանեն նրան, ‘Տիրոջ գովասանքները ավետեն’։
12 Միայն վաճառականները չեն ուղղություն բռնել դեպի Երուսաղեմ։ Հովիվները նույնպես գալիս են Սիոն։ Մարգարեությունն ասում է. «Կեդարի բոլոր հօտերը քեզ մօտ պիտի ժողովուին, Նաբէօթի խոյերը պիտի ծառայեն քեզ» (Եսայիա 60։7ա)։ Հովիվները խմբերով գալիս են դեպի սուրբ քաղաքը, որպեսզի իրենց հոտերից լավագույն կենդանիները զոհաբերեն Եհովային։ Նրանք ցանկանում են ծառայել Սիոնին։ Ինչպե՞ս է Եհովան ընդունում այս օտարականներին։ Աստված հենց ինքն էլ պատասխանում է այս հարցին. «Վեր պիտի ելնեն իմ սեղանի վերայ իբրեւ ընդունելի, եւ ես իմ փառաց տունը պիտի փառաւորեմ» (Եսայիա 60։7բ)։ Եհովան բարեհաճորեն է ընդունում օտարականների զոհաբերություններն ու ծառայությունը։ Նրանք իրենց ներկայությամբ փառավորում՝ զարդարում են նրա տաճարը։
13, 14. Ի՞նչ է երևում արևմուտքում։
13 Այժմ ձեր հայացքը ուղղեք դեպի արևմտյան հորիզոնը։ Ի՞նչ եք տեսնում. հեռու հեռվում սպիտակ ամպի պես մի բան է երևում՝ ծովի մակերեսին տարածված։ Եհովան տալիս է ձեր մտքում ծագած հարցը. «Ո՞վ են սորանք, որ թռչում են ամպի պէս, եւ աղաւնիների պէս՝ դէպի իրանց վանդակները» (Եսայիա 60։8)։ Ապա հենց ինքն էլ պատասխանում է. «Կղզիները սպասում են ինձ, եւ Թարսիսի նաւերը առաջինն են, որ քո որդկանցը բերեն հեռուից, եւ նորանց հետ նորանց արծաթն ու նորանց ոսկին, քո Տէր Աստուծոյ եւ քեզ զարդարող Իսրայէլի Սուրբի անունի համար» (Եսայիա 60։9)։
14 Կարո՞ղ եք պատկերացնել այս ամենը. սպիտակ ամպը մոտենում է, և այժմ այն նմանվում է մանր կետերի բազմության։ Ավելի մոտենալով՝ ամպը նմանվում է թռչունների երամի, որոնք սահում են ալիքների վրայով։ Իսկ երբ նրանք բավական մոտենում են, տեսնում եք, որ դրանք առագաստավոր նավեր են։ Նրանք այնքան շատ են, որ կարծես թե աղավնիների երամ լինեն։ Այս նավերը հեռու տեղերից են գալիս, և նրանք ընթանում են ամբողջ արագությամբ՝ աստվածասեր մարդկանց բերելով Երուսաղեմ՝ երկրպագելու Աստծուն։
Եհովայի կազմակերպությունը մեծանում է
15. ա) Ի՞նչ աճի մասին է կանխագուշակվում Եսայիա 60։4–9 համարներում։ բ) Իսկական քրիստոնյաները ի՞նչ ոգի են ցուցաբերում։
15 Որքա՜ն վառ մարգարեական պատկեր է տրված 4–9 համարներում ճշմարիտ երկրպագության համաշխարհային տարածման վերաբերյալ, որը սկսվել է 1919 թ.–ից։ Ինչո՞ւ է Եհովան օրհնել Սիոնին՝ նման աճ տալով։ Պատճառն այն է, որ այդ թվականից սկսած՝ Աստծո Իսրայելը, հնազանդվելով Եհովային, անդադար տարածում է նրա լույսը։ Բայց նկատեցի՞ք, որ համաձայն 7–րդ համարի՝ եկվորները ‘վեր են ելնում Աստծո սեղանի’ վրա։ Սեղանը այն տեղն է, որտեղ զոհաբերություններ են կատարվում, և մարգարեության այս հանգամանքը հիշեցնում է մեզ, որ Եհովային ծառայելու համար հարկավոր է զոհողությունների գնալ։ Պողոս առաքյալը գրեց. «Աղաչում եմ ձեզ.... որ պատրաստէք ձեր մարմինները որպէս զոհ կենդանի, սուրբ, աստուածահաճոյ. ա՛յդ է ձեր բանական պաշտամունքը» (Հռովմայեցիս 12։1)։ Իսկական քրիստոնյաները գործում են Պողոսի խոսքերի համաձայն և չեն բավարարվում շաբաթական մեկ անգամ կրոնական միջոցառումների մասնակցելով։ Նրանք ժամանակ, եռանդ և միջոցներ չեն խնայում հանուն ճշմարիտ երկրպագության։ Մի՞թե նման նվիրյալ երկրպագուներն իրենց ներկայությամբ չեն զարդարում Եհովայի տունը։ Իհարկե զարդարում են, և դա երևում է Եսայիայի մարգարեությունից։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան իր եռանդուն երկրպագուներին դիտում է որպես զարդերի։
16. Ովքե՞ր հին ժամանակներում օգնություն ցույց տվեցին վերականգնման գործում, և ովքե՞ր են նման օգնություն ցույց տալիս մեր օրերում։
16 Նորեկները ցանկանում են աշխատել։ Մարգարեության մեջ ասվում է. «Օտարների որդիքը պիտի շինեն քո պարիսպները, եւ նորանց թագաւորները քեզ պիտի ծառայեն» (Եսայիա 60։10)։ Այս խոսքերը առաջին անգամ իրականացան այն ժամանակ, երբ իսրայելացիները վերադարձան բաբելոնյան գերությունից։ Այլազգի թագավորներն ու նրանց հպատակներն իսկապես օգնություն ցույց տվեցին Երուսաղեմի և նրա տաճարի վերականգնման գործում (Եզրաս 3։7; Նէեմիա 3։26)։ Ըստ մարգարեության ժամանակակից կատարման՝ մեծ բազմությունը սատար է կանգնել օծյալ մնացորդին ճշմարիտ երկրպագության «վերաշինման» գործում։ Նրանք մասնակցել են քրիստոնեական ժողովներ «կառուցելուն» ու դրանով իսկ ամրացրել Եհովայի քաղաքանման կազմակերպության «պատերը»։ Մեծ բազմության անդամները նաև մասնակցում են Թագավորության սրահների, Համաժողովների սրահների ու Բեթելի տների շինարարությանը։ Ահա այսպես նրանք թիկունք են կանգնում իրենց օծյալ եղբայրներին Եհովայի ընդարձակվող կազմակերպության կարիքները հոգալու մեջ։
17. Ինչպե՞ս է Եհովան զարդարում իր ժողովրդին։
17 Ի՜նչ քաջալերական են Եսայիա 60։10–ի վերջին խոսքերը։ Եհովան ասում է. «Իմ բարկութիւնումը քեզ զարկեցի, բայց իմ հաճութիւնովը պիտի քեզ գթամ»։ Այո, 1918/1919 թթ.–ին Եհովան պատժեց իր ժողովրդին։ Բայց դա անցյալում էր։ Այժմ այն ժամանակներն են, երբ Եհովան գթում է իր օծյալ ծառաներին ու նրանց ուղեկիցներին։ Ճշմարիտ երկրպագության չտեսնված աճը դա է վկայում։ Սա մի օրհնություն է, որով Աստված ասես զարդարում է նրանց։
18, 19. ա) Ի՞նչ է ասում Եհովան իր կազմակերպության ընդլայնման մասին։ բ) Ինչի՞ մասին են Եսայիա 60–րդ գլխի մնացած համարները։
18 Ամեն տարի հարյուր հազարավոր «օտարների որդիք» են միանում Եհովայի կազմակերպությանը, և դեռ շատերը հնարավորություն կունենան մտնել այնտեղ։ Եհովան ասում է Սիոնին. «Քո դռները պիտի միշտ բաց լինեն, ցերեկը եւ գիշերը պիտի չ’կապուին. որ ազգերի զօրութիւնը քեզ մօտ բերեն, եւ նորանց թագաւորները հանդէսով կ’գան» (Եսայիա 60։11)։ Որոշ հակառակորդներ փորձում են փակել այդ «դռները», բայց մենք գիտենք, որ դա նրանց չի հաջողվի։ Եհովան ինքն է ասել, որ դրանք, այսպես թե այնպես, բաց են մնալու։ Ճշմարիտ երկրպագությունը շարունակելու է զորանալ։
19 Եհովան ուրիշ կերպերով էլ է օրհնում իր ժողովրդին՝ նրան զարդարելով այս վերջին օրերում։ Եսայիա 60–րդ գլխի մնացած մարգարեական համարները ցույց են տալիս, թե որոնք են դրանք։
[ծանոթագրություն]
a Եբրայերեն բնագրի այս համարում եզակի թվով երկրորդ դեմք արտահայտող բայերն ու դերանունները իգական սեռով են օգտագործված, ուստի կարելի է ասել, որ խոսքը կնոջ է ուղղված։
Կարո՞ղ եք բացատրել
• Ո՞վ է Աստծո «կինը», և ո՞վ է նրան ներկայացնում երկրի վրա։
• Ե՞րբ էին Սիոնի երեխաները բերանքսիվայր ընկած, և ե՞րբ ու ինչպե՞ս նրանք ‘վեր կացան’։
• Խորհրդանշական լեզվով ինչպե՞ս է Եհովան կանխագուշակել Թագավորության քարոզչության գործում ներկայիս աճի մասին։
• Ինչպե՞ս է Եհովան լուսավորել իր ժողովրդին։
[նկար 10–րդ էջի վրա]
Եհովան պատվիրեց «կնոջը» վեր կենալ
[նկար 12–րդ էջի վրա]
Հորիզոնի վրա նավերի խումբը նման է աղավնիների երամի