Եհովայի փառքը լուսավորում է իր ժողովրդին
«Եհովան պիտի լինի քո յաւիտենական լոյսը» (ԵՍԱՅԻԱ 60։20)։
1. Ինչպե՞ս է Եհովան օրհնում իր հավատարիմ ժողովրդին։
«ՏԷՐԸ հաւանում է իր ժողովրդին. խեղճերին [«խոնարհները», Արևմտ. Աստ.] փառաւորում է փրկութիւնով» (Սաղմոս 149։4)։ Սաղմոսերգուն այս խոսքերը վաղուց է ասել, և պատմությունը հաստատում է նրա ասածների ճշմարտացիությունը։ Եհովան խնամում, պաշտպանում և պտղաբեր է դարձնում իր ժողովրդին, երբ վերջինս հավատարիմ է մնում իրեն։ Հին ժամանակներում նա նրանց հաղթանակներ է շնորհել թշնամիների նկատմամբ։ Այսօր նա իր ժողովրդի անդամներին հոգևորապես ամուր է պահում և հավաստիացնում է, որ Հիսուսի քավիչ զոհաբերության հիման վրա փրկելու է նրանց (Հռովմայեցիս 5։9)։ Աստված այսպես է վարվում, քանի որ նրանք հաճելի են իրեն։
2. Թեև Աստծո ժողովուրդը հակառակության է հանդիպում, ինչո՞ւմ են նրանք վստահ։
2 Իհարկե, խավարով պատված աշխարհում նրանք, ովքեր ‘աստվածապաշտությամբ են ապրում’, հալածանք են կրելու հակառակորդներից (Բ Տիմոթէոս 3։12)։ Սակայն նրանց գործողությունները չեն վրիպում Եհովայի աչքից։ Նա Սիոնին ասում է. «Այն ազգը եւ այն թագաւորութիւնը որ քեզ չի ծառայիլ, պիտի փչանայ. եւ այնպիսի ազգերը պիտի բոլորովին քանդուին» (Եսայիա 60։12)։ Մեր օրերում հակառակորդները տարբեր ձևերով են հալածում Աստծո ժողովրդին։ Որոշ երկրներում նրանք փորձում են սահմանափակումներ կամ արգելքներ դնել Եհովայի երկրպագուների գործունեության վրա։ Այլ երկրներում մոլեռանդները նրանց նկատմամբ ֆիզիկական բռնություններ են գործադրում և այրում են նրանց ունեցվածքը։ Բայց չմոռանանք, որ Եհովան արդեն իսկ որոշել է, որ ցանկացած հակառակություն, ի վերջո, նպաստելու է իր կամքի իրականացմանը։ Հակառակորդների ջանքերը կձախողվեն։ Նրանք, ովքեր կռվում են Սիոնի դեմ, որին երկրի վրա ներկայացնում են իր զավակները, չեն կարող հաջողության հասնել։ Մի՞թե մեր մեծ Աստծո՝ Եհովայի տված այս հավաստիացումը մեզ չի սրտապնդում։
Սպասածից շատ օրհնություններ
3. Ինչի՞ հետ են համեմատվում Եհովայի երկրպագուների գեղեցկությունն ու պտղաբերությունը։
3 Անվիճելի է, որ իրերի այս համակարգի վերջին օրերում Եհովան իր ժողովրդին շատ ավելի է օրհնել, քան նրանք սպասում էին։ Նա գնալով ավելի ու ավելի է զարդարում իր երկրպագության վայրը և իր անունը կրողներին։ Համաձայն Եսայիայի մարգարեության՝ Եհովան ասում է Սիոնին. «Լիբանանի փառքը քեզ մօտ պիտի գայ, մայրը, սօսին եւ տօսախը մէկտեղ, իմ սրբարանի տեղը զարդարելու համար, եւ ես իմ ոտքերի տեղը պիտի փառաւորեմ» (Եսայիա 60։13)։ Սաղարթախիտ անտառներով ծածկված լեռները մի չքնաղ տեսարան են ներկայացնում։ Միանգամայն տեղին է, որ այս փարթամ ծառերը Եհովայի երկրպագուների գեղեցկության ու պտղաբերության խորհրդանիշներ համարվեն (Եսայիա 41։19; 55։13)։
4. Ի՞նչ է ‘սրբարանը’ և «[Եհովայի] ոտքերի տեղը», և ինչպե՞ս են սրանք գեղեցկացվել։
4 Ի՞նչ է ‘սրբարանը’ և «[Եհովայի] ոտքերի տեղը», որոնք հիշատակվում են Եսայիա 60։13–ում։ Այս բառերը խորհրդանշում են գավիթները՝ Եհովայի մեծ հոգևոր տաճարի, որը նախատեսված է Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն մոտենալու համար (Եբրայեցիս 8։1–5; 9։2–10, 23)։ Եհովայի նպատակն է փառաբանել իր հոգևոր տաճարը՝ բոլոր ազգերից հավաքելով մարդկանց, որոնք այդտեղ կերկրպագեն իրեն (Անգէ 2։7)։ Ինքը՝ Եսայիան, ավելի վաղ տեսել էր բազմություններ՝ բոլոր ազգերից հավաքված, որոնք հորդելով գնում են Եհովայի երկրպագության բարձր սարը (Եսայիա 2։1–4)։ Իսկ հարյուրամյակներ անց Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ «մի մեծ բազմութիւն,– որին թիւ չկար,– բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից»։ Նրանք կանգնած էին «Աստծու աթոռի առաջ եւ զօր ու գիշեր պաշտում [էին] նրան իր տաճարի մէջ» (Յայտնութիւն 7։9, 15)։ Այս մարգարեություններն իրականանում են մեր օրերում, և Եհովայի տունը հենց մեր աչքերի առաջ ավելի է գեղեցկանում։
5. Ի՞նչ դրական փոփոխություն տեղի ունեցավ Սիոնի զավակների կյանքում։
5 Սիոնի բարգավաճմանը նպաստող ի՜նչ մեծ փոփոխություն։ Եհովան ասում է. «Նորա փոխանակ որ եղել էիր թողուած, ատուած, եւ անտես ձգուած, ես քեզ շինել եմ [«պիտի ընեմ», Արևմտ. Աստ.] յաւիտենական փառք, ուրախութիւն՝ ազգից ազգ» (Եսայիա 60։15)։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում ‘Աստծո Իսրայելն’ իսկապես ամայացման մեջ էր (Գաղատացիս 6։16)։ Սիոնն իրոք «թողուած» էր, որովհետև նրա՝ երկրի վրա ապրող զավակները հստակորեն չէին ըմբռնում, թե ինչ է Աստված պահանջում իրենցից։ Հետո՝ 1919 թ.–ին, Եհովան վերակենդանացրեց իր օծյալ ծառաներին, և այդ ժամանակվանից սկսած՝ նա օրհնում է նրանց հրաշալի հոգևոր բարգավաճմամբ։ Իսկ մի՞թե ուրախալի չէ այս համարում գրված խոստումը. Եհովան Սիոնին փառավորելու է։ Այո՛, Սիոնի երեխաները և հենց ինքը՝ Եհովան, հպարտանալու են Սիոնով։ Նա «ուրախութիւն» է լինելու՝ անվերջ ցնծության աղբյուր։ Եվ դա կարճատև չի լինի։ Սիոնը, որին ներկայացնում են իր երկրային որդիները, «ազգից ազգ» վայելելու է Աստծո հաճությունը, որը երբեք չի դադարի։
6. Ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաներն օգտագործում ազգերի ռեսուրսները։
6 Այժմ ուշադրություն դարձրեք Աստծո մեկ ուրիշ խոստման։ Դիմելով Սիոնին՝ Եհովան ասում է. «Պիտի ազգերի կաթը ծծես, եւ թագաւորների ստինքն ես ծծելու, եւ իմանալու ես, որ ես Տէրս եմ քո Փրկիչը, եւ քեզ Ազատողը՝ Յակոբի Հզօրս» (Եսայիա 60։16)։ Ինչպե՞ս է Սիոնը սնվում ‘ազգերի կաթից’ ու ծծում «թագաւորների ստինքը»։ Օծյալ քրիստոնյաները և նրանց ուղեկիցները՝ «այլ ոչխարները», օգտագործում են ազգերի ռեսուրսները հանուն մաքուր երկրպագության (Յովհաննէս 10։16)։ Կամավոր նվիրատվությունների շնորհիվ նրանք կարողանում են առաջ տանել քարոզչության և ուսուցման աշխարհածավալ գործը։ Ժամանակակից տեխնիկայի խելամիտ գործածությունը նրանց հնարավորություն է տալիս Աստվածաշնչեր և սուրբգրային օժանդակ գրականություն հրատարակել հարյուրավոր լեզուներով։ Ամբողջ պատմության մեջ Աստվածաշնչի ճշմարտությունը տարածված չի եղել այնպես, ինչպես մեր օրերում։ Ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ իմանում են, որ Եհովան, որն իր օծյալ ծառաներին ազատել է հոգևոր գերությունից, իսկապես Փրկիչ է։
Կազմակերպչական բարելավումներ
7. Ի՞նչ ուշագրավ առաջխաղացում են ապրում Սիոնի զավակները։
7 Եհովան զարդարում է իր ժողովրդին նաև մեկ ուրիշ ձևով։ Նա կազմակերպչական բարենպաստ փոփոխություններ է կատարում։ Եսայիա 60։17–ում կարդում ենք. «Պղնձի տեղ ոսկի պիտի բերեմ, եւ երկաթի տեղ պիտի արծաթ բերեմ, եւ փայտերի տեղ՝ պղինձ, եւ քարերի տեղ՝ երկաթ, եւ քո վերակացուներդ պիտի շինեմ խաղաղութիւնը, եւ քո ոստիկաններդ [«իշխաններդ», Արևմտ. Աստ.]՝ արդարութիւնը»։ Պղնձի փոխարինումը ոսկով բարելավում է նշանակում. նույնը կարելի է ասել այստեղ նշված մյուս նյութերի առնչությամբ։ Ուստիև Աստծո Իսրայելը այս վերջին օրերում կազմակերպչական առումով մշտական բարելավումների է ենթարկվում։ Քննարկենք մի քանի օրինակներ։
8–10. Նկարագրեք, թե ինչ կազմակերպչական բարելավումներ են կատարվել՝ սկսած 1919 թ.–ից։
8 Մինչև 1919 թ. ժողովները առաջնորդվում էին երեցների ու սարկավագների կողմից, որոնք բոլորն էլ ժողովրդավարական եղանակով ընտրվում էին ժողովի անդամների կողմից։ Բայց այդ տարվանից սկսած՝ «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» ամեն մի ժողովում նշանակեց մեկ ծառայողական ղեկավար, որը ղեկավարելու էր քարոզչական գործունեությունը (Մատթէոս 24։45–47)։ Սակայն շատ ժողովներում այս փոփոխությունը էական արդյունքների չբերեց, քանի որ ընտրական կարգով առաջնորդություն վերցրած որոշ երեցներ լիարժեք ձևով չէին աջակցում ավետարանչական գործին։ Ուստի 1932 թ.–ին ժողովներին հրահանգ տրվեց դադարեցնել երեցների ու սարկավագների ընտրությունը։ Նրանց փոխարեն հարկավոր էր ընտրել մի քանի եղբայրների, որոնք համագործակցելու էին ծառայողական ղեկավարի հետ ծառայողական կոմիտեում։ Այս ամենը նման էր ‘փայտը’ ‘պղնձով’ փոխարինելուն։ Դա մե՛ծ առաջընթաց էր։
9 1938 թ.–ին բոլոր ժողովները պատրաստակամորեն ընդունեցին մի նոր բարելավում, որը շատ ավելի էր համապատասխանում Գրություններին։ Ժողովի ղեկավարումը վստահվեց համայնքի (այսինքն՝ ժողովի) ծառայողին և այլ ծառայողների, որոնք բոլորն էլ նշանակված էին հավատարիմ և իմաստուն ծառայի կողմից։ Այլևս ո՛չ մի ընտրություն։ Այսպիսով՝ ժողովի նշանակումները սկսվեցին կատարվել աստվածապետական եղանակով։ Դա նման էր «քարերի տեղ՝ երկաթ» և «պղնձի տեղ ոսկի» բերելուն։
10 Այդ ժամանակվանից սկսած՝ շարունակ բարելավումներ են կատարվում։ Օրինակ՝ 1972 թ.–ին հավատարիմ և իմաստուն ծառան տեսավ, որ եթե ժողովներում ղեկավարությունն իրականացվի աստվածապետական կարգով նշանակված երեցների մարմնի կողմից, որտեղ նրանք իրար հետ կհամագործակցեն ու նրանցից ոչ մեկը մյուսների նկատմամբ իշխանություն չի ունենա, ապա դա շատ ավելի մոտ կլինի առաջին դարի քրիստոնեական ժողովների ղեկավարման օրինակին։ Իսկ մոտ երկու տարի առաջ մեկ ուրիշ բարելավում կատարվեց։ Փոփոխություններ կատարվեցին Ընկերության իրավաբանական անձ հանդիսացող մի քանի կորպորացիաների տնօրինության առնչությամբ, ինչը Կառավարիչ մարմնին հնարավորություն տվեց, իրավաբանական հարցերով զբաղվելու փոխարեն, ավելի լիարժեքորեն հոգալ Աստծո ժողովրդի հոգևոր կարիքները։
11. Ո՞վ է Եհովայի ժողովրդի մեջ կազմակերպչական փոփոխությունների հեղինակը, և ո՞րն է դրանց արդյունքը։
11 Ո՞վ է այս բոլոր դրական փոփոխությունների հեղինակը։ Ոչ այլ ոք, եթե ոչ Եհովա Աստված։ Նա էր, որ ասաց. «Ոսկի պիտի բերեմ»։ Եվ նա էր, որ ասաց. «Քո վերակացուներդ պիտի շինեմ խաղաղութիւնը, եւ քո ոստիկաններդ [«իշխաններդ», Արևմտ. Աստ.]՝ արդարութիւնը»։ Այո, Եհովան ղեկավարում է իր ժողովրդին։ Նա զարդարում է նրան նաև կազմակերպչական բարելավումների միջոցով, որոնց մասին կանխագուշակվել էր։ Դրանք բազմաթիվ օրհնություններ են բերել Եհովայի վկաներին։ Եսայիա 60։18–ում կարդում ենք. «Այլ եւս լսելի չի լինիլ քո երկրումը բռնութիւն, եւ աւերում ու կոտորած՝ քո սահմաններումը. եւ դու Փրկութիւնը կոչելու ես քո պարիսպները եւ քո դռները Օրհնաբանութիւնը»։ Որքա՜ն գեղեցիկ են այս խոսքերը։ Բայց ինչպե՞ս են դրանք իրականություն դարձել։
12. Ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաները խաղաղություն վայելում։
12 Ճշմարիտ քրիստոնյաները Եհովայից են ակնկալում ուսուցում և առաջնորդություն, և դրա արդյունքը ճիշտ այն է, ինչ որ Եսայիան էր կանխագուշակել. «Քո բոլոր որդիքը Տէրից ուսուած պիտի լինեն, եւ շատ պիտի լինի քո որդկանց խաղաղութիւնը» (Եսայիա 54։13)։ Նաև Եհովայի ժողովրդի մեջ գործում է նրա սուրբ ոգին, որի բաղկացուցիչ մասերից է խաղաղությունը (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ)։ Սուրբ ոգու շնորհիվ Եհովայի ժողովուրդը խաղաղարար է, և այս դաժան աշխարհում նա նման է ապահով ապաստանի։ Ճշմարիտ քրիստոնյաների խաղաղասիրությունը, որ հիմնված է միմյանց հանդեպ ունեցած սիրո վրա, ցույց է տալիս, թե ինչպիսին է լինելու կյանքը նոր աշխարհում (Յովհաննէս 15։17; Կողոսացիս 3։14)։ Վստահաբար, ամեն մեկս սրտանց ուզում է վայելել այդ խաղաղությունը և նպաստել դրան։ Այդ խաղաղությունը փառք ու պատիվ է բերում մեր Աստծուն և մեր հոգևոր դրախտի գլխավոր տարրերից է (Եսայիա 11։9)։
Եհովայի լույսը շարունակելու է շողալ
13. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովայի լույսը երբեք չի դադարի իր ժողովրդի վրա շողալուց։
13 Շարունակելո՞ւ է Եհովան լուսավորել իր ժողովրդին։ Անշո՛ւշտ։ Եսայիա 60։19, 20–ում կարդում ենք. «Այլ եւս արեւը չի լինելու քո լոյսը ցերեկը, եւ լուսինը քեզ լոյս չի տալու լուսաւորելու համար. այլ Եհովան կ’լինի քեզ համար յաւիտենական լոյսը, եւ քո Աստուածը՝ քո փառքը։ Քո արեւն այլ եւս պիտի մար չ’մտնէ, եւ քո լուսինը չ’նուաղի, այլ Եհովան պիտի լինի քո յաւիտենական լոյսը, եւ պիտի վերջանան քո սուգի օրերը»։ 1919 թ.–ին հոգևոր աքսորի բերած ‘սուգը’ վերջացավ, և Եհովայի լույսը սկսեց շողալ իր ժողովրդի վրա։ Ահա ավելի քան 80 տարի է, որ նրանք վայելում են Եհովայի հաճությունը, քանի որ նա շարունակում է լույս տալ նրանց ու միշտ էլ կտա։ Իր երկրպագուների համար Աստված պիտի «մար չ’մտնէ» արևի նման և ոչ էլ «նուաղի» լուսնի պես։ Նա լուսավորելու է նրանց ամբողջ հավիտենության ընթացքում։ Ի՜նչ չքնաղ հավաստիացում մեզ համար, որ ապրում ենք այս խավար աշխարհի վերջին օրերում։
14, 15. ա) Ինչպե՞ս է Աստծո ժողովրդի ամեն մի անդամ արդար համարվում։ բ) Եսայիա 60։21 համարի ո՞ր կարևոր իրականացմանն են սպասում այլ ոչխարները։
14 Այժմ լսեցեք մեկ ուրիշ խոստում, որ Եհովան տալիս է Սիոնի երկրային ներկայացուցչի՝ Աստծո Իսրայելի առնչությամբ։ Եսայիա 60։21 համարն ասում է. «Եւ քո ժողովրդի բոլորն էլ արդար պիտի լինեն, յաւիտեան պիտի ժառանգեն երկիրը, իբրեւ իմ տնկած ընձիւղը՝ իմ ձեռքերի գործը՝ փառաւորուելու [«իմ փառքիս», Արևմտ. Աստ.] համար»։ Օծյալ քրիստոնյաները 1919 թ.–ին, երբ կրկին գործի անցան, մի ոչ սովորական խումբ էին իրենցից ներկայացնում։ Մեղքի մեջ թաղված աշխարհում գտնվելով հանդերձ՝ նրանք ‘արդարացան’՝ արդարներ հայտարարվեցին Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությանը անսասան հավատ ընծայելու հիման վրա (Հռովմայեցիս 3։24; 5։1)։ Հետո, բաբելոնյան գերությունից ազատված իսրայելացիների նման, նրանք ձեռք բերեցին հոգևոր իմաստով մի «երկիր», կամ այլ խոսքով՝ գործունեության ոլորտ, որտեղ կարող էին վայելել հոգևոր դրախտը (Եսայիա 66։8)։ Այդ երկրի դրախտային գեղեցկությունը երբեք չի խամրի, քանի որ, ի տարբերություն հին Իսրայելի, Աստծո Իսրայելը՝ որպես ազգ, չի դավաճանի նրան։ Նրանք իրենց հավատով, տոկունությամբ և եռանդով միշտ պատիվ կբերեն Աստծո անվանը։
15 Այդ հոգևոր ազգի բոլոր անդամները նոր ուխտի մեջ են մտել։ Բոլորի սրտերում գրված է Եհովայի օրենքը, և Եհովան Հիսուսի քավիչ զոհաբերության հիման վրա ներել է նրանց մեղքերը (Երեմիա 31։31–34)։ Նրանք՝ որպես «որդիներ», արդարներ են հայտարարվել Աստծո կողմից, և Աստված նրանց հետ վարվում է ինչպես կատարյալ մարդկանց հետ (Հռովմայեցիս 8։15, 16, 29, 30)։ Նրանց ուղեկիցների՝ այլ ոչխարների մեղքերը նույնպես ներվել են Հիսուսի զոհաբերության հիման վրա, և նրանք Աբրահամի պես՝ որպես Աստծո բարեկամներ, արդարներ են հայտարարվել իրենց հավատի շնորհիվ։ Նրանք «իրենց զգեստները լուացին ու սպիտակեցրին Գառան արիւնով»։ Այլ ոչխարներին մի սքանչելի օրհնություն էլ է սպասում։ Վերապրելով «մեծ նեղությունը» կամ հարություն առնելով՝ նրանք կտեսնեն Եսայիա 60։21–ի բառացի կատարումը։ Այն ժամանակ ողջ մոլորակը դրախտ կդառնա (Յայտնութիւն 7։14; Հռովմայեցիս 4։1–3)։ «Խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։11,29)։
Աճը շարունակվում է
16. Ի՞նչ ուշագրավ խոստում է Եհովան տվել, և ինչպե՞ս է այն իրականացել։
16 Եսայիա 60–րդ գլխի վերջին համարում կարդում ենք Եհովայի վերջին խոստումը, որ նա տալիս է այս գլխում։ Նա Սիոնին ասում է. «Ամենափոքրը [«քիչուորը», Արևմտ. Աստ.] հազար պիտի դառնայ, եւ ամենապզտիկը՝ զօրաւոր ազգ. ես Տէրս իր ժամանակին շուտով կ’անեմ» (Եսայիա 60։22)։ Եհովան ինչպես ասել էր, այնպես էլ արել է, և դա տեսնում ենք մեր օրերում։ 1919 թ.–ին, երբ վերականգնվեց օծյալ քրիստոնյաների գործունեությունը, նրանք սակավաթիվ էին։ Սակայն նրանց թիվը մեծացավ, երբ ուրիշ հոգևոր իսրայելացիներ միացան իրենց։ Այդ ժամանակվանից սկսած՝ գնալով ավելի շատ այլ ոչխարներ են միանում նրանց։ Աստծո ժողովրդի խաղաղությունն ու նրանց ‘երկրում’ տիրող հոգևոր դրախտը այնքան շատ ազնվասիրտ մարդկանց են գրավել, որ «ամենապզտիկը» իսկապես «զօրաւոր ազգ» է դարձել։ Ներկայումս այդ ազգը՝ Աստծո Իսրայելը և ավելի քան վեց միլիոն «օտարների որդիք», շատ ավելի բազմաքանակ է, քան աշխարհի բազում պետություններ (Եսայիա 60։10)։ Նրա բոլոր անդամները արտացոլում են Եհովայից եկող լույսը, և դա նրանց գեղեցկացնում է նրա աչքում։
17. Ի՞նչ տպավորություն եք ստացել Եսայիա 60–րդ գլխի քննարկումից։
17 Այո՛, մեր հավատը զորանում է, երբ քննարկում ենք Եսայիա 60–րդ գլխի ուշագրավ մտքերը։ Մենք մխիթարություն ենք ստանում՝ տեսնելով, որ դեռ շատ վաղուց Եհովան նախապես գիտեր, որ իր ժողովուրդը հոգևորապես գերվելու է, իսկ հետո՝ ազատ արձակվելու։ Մենք ուղղակի ապշում ենք, թե ինչպես է նա հնագույն ժամանակներից կանխատեսել, որ մեր օրերում իր երկրպագուների թիվը խիստ մեծանալու է։ Հապա որքա՜ն ենք մխիթարվում՝ հիշելով, որ Եհովան մեզ չի թողնի։ Որքա՜ն սեր կա այն հավաստիացման մեջ, թե ‘քաղաքի’ դռները միշտ հյուրընկալորեն բաց են մնալու նրանց առջև, ովքեր ցանկանում են հավիտենական կյանք ունենալ (Գործք 13։48)։ Եհովան շարունակելու է լուսավորել իր ժողովրդին։ Սիոնով շարունակելու են հպարտանալ, քանզի նրա զավակները իրենց լույսը ավելի ու ավելի պայծառ կերպով են շողացնում (Մատթէոս 5։16)։ Անտարակույս, մենք ներկայումս ավելի քան երբևէ վճռականորեն ենք տրամադրված՝ մոտ մնալու Աստծո Իսրայելին ու բարձր գնահատելու Եհովայի լույսն արտացոլելու պատիվը։
Կարո՞ղ եք բացատրել
• Հակառակության առնչությամբ ինչո՞ւմ ենք համոզված։
• Ինչպե՞ս են Սիոնի զավակները ‘ազգերի կաթը ծծել’։
• Ինչպե՞ս է Եհովան «փայտերի տեղ՝ պղինձ» բերել։
• Ի՞նչ երկու հանգամանքներ են շեշտվում Եսայիա 60։17, 21 համարներում։
• Ինչպե՞ս է «ամենապզտիկը» դարձել «զօրաւոր ազգ»։
[շրջանակ/նկարներ 18–րդ էջի վրա]
ԵՍԱՅԻԱՅԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ. լույս ողջ մարդկության համար
Այս հոդվածներում քննարկված նյութը ելույթի տեսքով ներկայացվել է 2001/2002 թթ.–ին անցկացված «Աստծո Խոսքի ուսուցիչները» մարզային համաժողովներում։ Շատ վայրերում ելույթի վերջում հռետորը ունկնդիրներին ներկայացրեց նոր լույս տեսած «Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» գիրքը (հատոր 2, ռուս.)։ Նախանցյալ համաժողովին հայտարարվեց համանուն գրքի 1–ին հատորի լույսընծայման մասին։ Այս հրատարակությունների լույսընծայումը մեզ այժմ հնարավորություն է տվել քննարկելու Աստվածաշնչի «Եսայիայի մարգարեությունը» գրքի գրեթե բոլոր համարները, որոնց վերաբերյալ ժամանակի ոգուն համապատասխան բացատրություններ են տրվում։ Այս հատորները հիանալի ձևով կօգնեն մեզ խորացնելու Եսայիայի մարգարեական գրքի մեր ըմբռնումը, էլ ավելի կամրացնեն մեր հավատը ու մեր սրտերը երախտագիտությամբ կլցնեն սուրբգրային այս գրքի հանդեպ։
[նկարներ 15–րդ էջի վրա]
Դաժան հակառակության պայմաններում Եհովան ‘իր ժողովրդին փառավորում է փրկությամբ’
[նկարներ 16–րդ էջի վրա]
Աստծո ժողովուրդն օգտագործում է ազգերի ռեսուրսները հանուն մաքուր երկրպագության
[նկար 17–րդ էջի վրա]
Եհովան օրհնել է իր ժողովրդին՝ նրանում կազմակերպչական բարելավումներ կատարելով ու նրան խաղաղություն տալով